ԱԺ-ն քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը
12:22 - 09 դեկտեմբերի, 2022

ԱԺ-ն քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

Ազգային ժողովն այսօր կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել։ 
Նիստի սկզբում Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ 

Փոխնախարարն ընդգծեց այս հարցը և արտահերթ նիստի օրակարգի երկրորդ հարցը՝ ՀՀ-ին եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցերը միմյանց հետ փոխկապակցված են։

Հովհաննիսյանը նշեց՝ երկու համաձայնագրերն էլ վերաբերում են հարկաբյուջետային քաղաքականության և ֆինանսական շուկաների զարգացման ոլորտներին։ 

Նրա խոսքով՝ Ասիական զարգացման բանկի միջև կնքվելիք համաձայնագիրը ներգարվելու է 100 միլիոն դոլարի վարկ․ «Նշյալ բյուջետային աջակցության միջոցները ուղղվելու են 2022 թ․-ի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը և այս մասով վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից։ Այս համաձայնագիրը կապված է բազմաթիվ բարեփոխումների հետ, որը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և նպաստել են դրանց իրագործմանը»։ 

Փոխնախարարը առանձնացրեց մի քանի բարեփոխումներ,  որոնք կարևոր են թե ֆիսկալ կայունության, թե հարկաբյուջետային պլանավորման տեսանկյունից․ «Առաջինը, հարկաբյուջետային պլանավորման թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումն է, երկրորդը՝ պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության, հարմարվողականության բարձրացումը ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը»։ 

Նախագծի քննարկման ընթացքում  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը անրադարձավ նշյալ համաձայնագրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի եզրակացություններին՝ դրանք համարելով թերի․ «Կներկայացնեմ Սահմանադրական դատարանի որոշումները, որտեղ նույն ժամին կայացած նիստի արդյունքում մի տեղ Սահմանադրական դատարանը հանդես է գալիս 9 անդամով, մի տեղ՝ 8 անդամով։ Սա փաստում է, որ այս փաստաթղթերը առնվազն չեն համապատասխանում իրականությանը, հույս ունեմ՝ ՍԴ-ն կարձագանքի իմ ելույթին, առերևույթ սա պաշտոնական կեղծիքի մասին է խոսում։ Կուզենայի նաև դատարանի որոշման որակական կողմին անդրադառնալ, որովետև ներկայացվում է միջազգային պայմանագիր, որտեղ մի հատված 111 էջից բաղկացած պարտավորությունների շարան է, որը պետք է ՍԴ-ն նորմալ վերլուծության ենթարկեր և ասեր, օրինակ, ՀՀ-ն երբ ստանձնում է այս պարտավորությունները և ՀՀ ԱԺ-ն պարտավորված պետք է լինի այս ամենը ընդունելու, որքանո՞վ է համապատասխանում մեր սահմանադրական կարգավորումներին։ Արդյոք կարո՞ղ է կառավարությունը նման համաձայնագիր ստորագրել, որով ԱԺ-ին ի սկզբանե պարտավորության տակ դնի, հետո էլ բերվի նախագիծ և այդ նախագծի շրջանակում ասվի՝ ԱԺ, դու արդեն վավերացրել ես, հետևաբար պարտավոր ես սա ընդունել» ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել