Նիկոլ Փաշինյանն իր խնդրահարույց հայտարարություններով թուլացնում է Հայաստանի դիրքերը |civilnet.am|
12:39 - 25 դեկտեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանն իր խնդրահարույց հայտարարություններով թուլացնում է Հայաստանի դիրքերը |civilnet.am|

Հեղինակ՝ Տիգրան Գրիգորյան

civilnet.am: Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանեց հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների նախօրոք ուղարկած հարցերին: Այս ասուլիսի ընթացքում ևս Ղարաբաղյան հակամարտության թեման առանցքայիններից էր: Փաշինյանը այս համատեքստում հերթական անգամ կատարեց մի շարք պնդումներ, որոնք խիստ խնդրահարույց են և մեծ հաշվով ամբողջովին համապատասխանում են ադրբեջանական քարոզչամեքենայի վերջին տասնամյակներին մշակած թեզերին:

Փաշինյանն ու նրա թիմակիցները հետպատերազմյան փուլում 44-օրյա պատերազմում հայկական կողմի աղետալի պարտության մեջ պատասխանատվության սեփական բաժինը նվազեցնելու համար փորձում են հանրության շրջանում տարածել այն թեզը, թե Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ի սկզբանե ամեն ինչ կանխորոշված էր, և հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժը ի զորու չէր ոչինչ փոխել հօգուտ հայկական կողմի: Այս գործընթացում իշխող թիմը պարբերաբար օգտագործում է բանակցային փաստաթղթերի տարբեր կետերի շուրջ ադրբեջանական հայտնի շահարկումներն ու մեկնաբանությունները:

Այսպես, դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, մեկնաբանելով ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտնի բանակցային դրույթը, նշեց․

«Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք։ Չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն»:

Սա ակնհայտ մանիպուլյացիա էր ՀՀ վարչապետի կողմից, քանի որ թե՛ մադրիդյան, թե՛ կազանյան փաստաթղթերում սևով սպիտակի վրա գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է ԼՂ բնակչության պլեբիսցիտի (ազատ կամարտահայտության) միջոցով: Իսկ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»:

Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ասուլիսի ընթացքում այս շատ հստակ ձևակերպումները, որոնք նունիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է այլ կերպ ընկալել, որակեց որպես հայկական մեկնաբանություն և նշեց, թե հայկական այս մեկնաբանությամբ հանրաքվեն տեղի չէր ունենա երբեք:

Ընդհանրապես, ասուլիսի այդ հատվածում Փաշինյանի հնչեցրած մտքերը կրկին ի ցույց դրեցին մի պարզ իրողություն, որը մինչ այդ էլ էր ակնհայտ՝ ՀՀ ներկայիս իշխող թիմի կազմում չկան գործիչներ, որոնք ի վիճակի են ընկալել բանակցային փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումներն ու բանակցային գործընթացի հետ առնչություն ունեցող կարևոր հանգամանքները:

Առանցքային հարցերի շուրջ բազային գիտելիքների բացակայության ու սեփական նեղ խմբակային շահի պաշտպանության համար բոլոր հարցերում մանիպուլյացիաներ անելու պատրաստակամության արդյունքում Փաշինյանը պարբերաբար կատարում է պնդումներ, որոնք աստիճանաբար թուլացնում կամ նույնիսկ անէացնում են ՀՀ տարբեր դիրքորոշումներ Արցախյան հիմնահարցում:

ՀՀ վարչապետի մոտ անտեղյակության ու մանիպուլյացիաների նկատմամբ հակվածության այս հետաքրքիր սիմբիոզը ասուլիսի ընթացքում առանձնապես ցցուն էր, երբ նա պատասխանում էր ՍիվիլՆեթի հարցին: Հարցը հետևյալն էր․ «1992-ից ից ի վեր միջնորդների առաջարկած կարգավորման բոլոր պլանները ընդունել են նախկին ԼՂԻՄ-ի՝ որպես քաղաքական միավորի սահմանները։ 2020-ի պատերազմում այդ սահմանները էապես խախտվել են։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունը ունի՞ պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները։ Եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն, Հայաստանը արդյոք բարձրացնելո՞ւ է Շուշիի և հատկապես Հադրութի դեօկուպացիայի հարցը»։

Նախկին ԼՂԻՄ-ի սահմանների վերաբերյալ այս շատ ընկալելի հարցին Փաշինյանն իր պատասխանը հնչեցրեց Լեռնային Ղարաբաղի հայկական լինելու կամ չլինելու շուրջ տեսական, անբովանդակ ու բավականին երկարատև մտատանջանքների տեսքով: Նա մասնավորապես նշեց, որ ԼՂԻՄ-ը բանակցային գործընթացում երբեք չի դիտարկվել որպես զուտ ու միայն հայկական միավորում, որովհետև ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային օրակարգի մեջ: Շարունակելով միտքը՝ նա կատարեց բոլորի համար ակնհայտ ու հայտնի փաստի «բացահայտում»՝ նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը ևս մասնակցելու էր ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեին: Այս հանրածանոթ փաստի արձանագրումից հետո պարադոքսալ եզրահանգում արեց՝ «եթե ԼՂ ադրբեջանական բնակչությունը հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի, ուրեմն այն ունի նաև Լեռնային Ղարաբաղից ինքնորոշվելու իրավունք»: Սա Փաշինյանի մտավոր աճպարարության հերթական վառ օրինակն է, որ որևէ աղերս չունի իրականության հետ: Վերջին երեսուն տարվա ընթացքում որևէ բանակցային փաստաթղթում նման դրույթ չի եղել:

Ասուլիսի ընթացքում այս համատեքստում Փաշինյանի մեկ այլ «բացահայտումը» այն էր, որ բանակցային փաստաթղթերով նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնար Լեռնային Ղարաբաղ: ՀՀ վարչապետի այս միտքը բացատրում է նրա կողմից նախկինում արված մի շարք հայտարարություններ ու ընդունված որոշումներ: Փաշինյանը, փաստորեն, տարբերություն չի տեսնում որևէ բնակավայր ադրբեջանական բնակչության վերադարձի ու այդ բնակավայրի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատվելու միջև: Դա է պատճառը, որ Փաշինյանը հայտարարում էր՝ մինչ պատերազմը բանակցային փաստաթղթերով նախատեսվում էր Շուշիի հանձնումը Ադրբեջանին: Դա է նաև պատճառը, որ 2020-ի հոկտեմբերի 20-ին նա հրաժարվեց ստորագրել զինադադարի վերաբերյալ հայտարարությունը:

Փաշինյանի պնդումը 2016-ին ներկայացված կարգավորման պլանի մասին

Փաշինյանն իր ասուլիսի՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հատվածում մեկ այլ պնդում կատարեց, որը ևս արժանի է ուշադրության: Նշեց, որ 2016-ին բանակցային սեղանին դրվել է առաջարկությունների երեք փաթեթ, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին նախադասություն ներառված չի եղել: Փոխարենը, ըստ Փաշինյանի, այդ փաստաթղթով ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ էլ որոշում պիտի կայացվեր այդ ժամանակավոր կարգավիճակի իրավական և գործնական կիրառման նրբությունների վերաբերյալ: Նա եզրահանգում է, որ ՄԱԿ-ի Անվտանգութան խորհուրդը ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցով կանխատեսելի լուծում կկայացներ, քանի որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 1993-ին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերից երկուսում Լեռնային Ղարաբաղը նշված է որպես Ադրբեջանի մաս:

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել