Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Բաղրամյան պողոտան |aravot.am|
15:00 - 19 հուլիսի, 2023

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Բաղրամյան պողոտան |aravot.am|

aravot.am: Տեղեկացրել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր իրենց բողոքի ցույցը շարունակում են նախագահի նստավայրի մոտ։ Մինչ այդ նրանք կառավարության շենքի մոտ էին, հանդիպում էին պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։ Հանդիպման մերժումից հետո նրանք ցույցը շարունակում են Բաղրամյան 26-ում, հանդիպում են պահանջում նախագահի հետ։ Մի քանի ժամ նախագահականի մոտ հանդիպման սպասելուց հետո նրանք փակեցին Բաղրամյան պողոտան:

«Իրենց ստի պատճառով որոշեցինք փակել փողոցը։ Ասում էին՝ հեսա կգան, հեսա կընդունեն, ու այդ հեսան երկու ժամ է, չի վերջանում։ Ինչ է, էսպե՞ս են հարց լուծում, էսքան ոստիկան են բերել, լցրել․․․Ցույցը շարունակելու ենք այնքան, մինչեւ մեկը բժժի էս արեւի տակ, ընկնի։ Ինչքան կարողանանք, այնքան փակ ենք պահելու փողոցը։ Հիմա իմ երեխան ավելի վատ վիճակում է, ո՞վ է մտածում նրա մասին»,-ասաց ծնողներից մեկը։ Ծնողները վրդովված են պաշտոնյաների անտարբերությունից, ասում են՝ բոլորն արհամարհում են իրենց։

Այս պահին պողոտան փակ է, ավտոմեքենաները շրջանցում են Բաղրամյան-Պռոշյան հատվածը։

Ավելի ուշ ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան․ նախագահականից նրանց խոստացան 1 շաբաթվա ընթացքում հանդիպում կազմակերպել։ Ծնողների խոսքով՝ եթե հանդիպումը չկայանա, ավելի շատ ճանապարհներ են փակելու։

Հիշեցնենք, ըստ հարուցված քրգործի, Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, 5-ը՝ գերեվարվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել