Գավառ

Գավառ, քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է։

Գավառի նախկին ղեկավարն օտարել է  առանձնապես խոշոր չափերով գույք՝ համայնքին պատճառելով շուրջ 27 մլն ՀՀ դրամի վնաս

Գավառի նախկին ղեկավարն օտարել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ համայնքին պատճառելով շուրջ 27 մլն ՀՀ դրամի վնաս

Ավարտվել է Գավառ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ համայնքի նախկին ղեկավարը ավագանու 8 անդամների և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ի, Բ.Բ.-ի և ընկերության փորձագետ Դ.Հ.-ի օժանդակությամբ համայնքին պատկանող 29 մլն 350 հզր ՀՀ դրամ արժողության բազմաբնակարան շենքը 2007 թվականի նոյեմբերի 22-ին շուկայականից էական ցածր գնով՝ 1 մլն 644 հզր 500 ՀՀ դրամով վաճառել է Բ.Բ.-ին, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 27 մլն 705 հզր 500 ՀՀ դրամի գույքային վնաս:  Մասնավորապես՝ Գավառի նախկին ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող, իրեն վստահված կիսակառույց բազմաբնակարան շենքը հափշտակելու դիտավորությամբ ընկերության հետ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի գնման պայմանագիր, որի արդյունքում կազմված եզրակացությամբ հիշյալ շենքը գնահատվել է շուկայականից էական ցածր՝ 1 մլն 406 հզր ՀՀ դրամ այն դեպքում, երբ  արդեն իսկ ավագանու մեկ այլ որոշմամբ կանխորոշված է եղել գույքի օտարումը:  Այնուհետև, ավագանու 8 անդամները որոշում են կայացրել համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց բազմաբնակարան շենքը աճուրդով օտարելու մասին՝ հիմք ընդունելով հիշյալ շենքը գնահատելու և համայնքի հաշվեկշռում գրանցելու նպատակով ընկերության կողմից տրված կեղծ տվյալներ պարունակող գնահատման եզրակացությունը: Հայտարարված աճուրդին մասնակցել են Գավառ համայնքի նախկին ղեկավարի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ն և վերջինիս մորեղբոր որդի Բ.Բ.-ն, ով էլ փաստացի ձևական աճուրդում ճանաչվել է հաղթող՝ անշարժ գույքի համար առաջարկելով 1 մլն 644 հզր 500 ՀՀ դրամ: Արդյունքում, 2007 թվականի նոյեմբերի 2-ին Գավառ համայնքի նախկին ղեկավարը որոշում է կայացրել բազմաբնակարան շենքը Բ.Բ.-ին օտարելու և օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագիր կնքելու մասին, որից հետո նշված գույքի նկատմամբ գրանցվել է Բ.Բ.-ի սեփականության իրավունքը: Գավառ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը), ավագանու 8 անդամի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետերով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), ընկերության փորձագետի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), իսկ գնորդի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը):  Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:52 - 03 մարտի, 2025
Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները

Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները

Գավառի համայնքապետարանը և համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը  2020-2024 թվականներին շուրջ 135 միլիոն դրամի գնում են կատարել Գավառի համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից։ Գնումներ են կատարվել նաև համայնքապետարանի այլ աշխատակիցների ընտանիքներին պատկանող ընկերություններից։    2024 թվականին Գավառի համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերությունից գնել է շուրջ 1.5 մլն դրամի սեղմված բնական գազ։ Մեկ այլ պայմանագրով ընկերությունը համայնքապետարանին մատուցել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Գնման ընթացակարգին մասնակցել է միայն «Գավառտրանսը»։ 2024 թվականին մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար ընկերությունը համայնքապետարանից ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 9 մլն դրամ։ Գուրգեն Մարտիրոսյանը Արա Զոլյանի հետ «Գավառտրանս» ընկերությունը համահիմնադրել է 2003 թվականին։ Մարտիրոսյանը 2005 թվականին առաջին անգամ ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնը ստանձնելուց երեք տարի անց նա դուրս է եկել ընկերությունից՝ իր 50% բաժնեմասը փոխանցելով հորը՝ Երվանդ Մարտիրոսյանին։ Այժմ ընկերության բաժնեմասերի մեծ մասի սեփականատերերն են Մարտիրոսյանի հարազատներն ու նրա հետ քաղաքական հարաբերություններ ունեցող մեկ անձ. հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը (10% բաժնեմաս), անչափահաս որդին՝ Նարեկ Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), որդին՝  Յուրի Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), քույրը՝ Նարինե Մարտիրոսյանը (10% բաժնեմաս) և վերջինիս որդին՝ Գևորգ Հասասյանը (10% բաժնեմաս)։ Իսկ ամենամեծ՝ 31% բաժնեմասը պատկանում է Գավառ համայնքի կառավարող «Գուրգեն Մարտիրոսյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Հրայր Գուլաբյանին, որը նաև ընկերության տնօրենն է։ Եվս 19% բաժնեմաս ունի ընկերության համահիմնադիր Արա Զոլյանը։ Այսպիսով՝ ընկերության բաժնեմասերի կեսը պատկանում է Մարտիրոսյանների ընտանիքին։ Համայնքի ղեկավարին փոխկապակցված ընկերությունը գնումների մրցույթներում հաղթել է նաև նախորդ տարիներին  Գավառի համայնքապետարանի՝ մեր հարցմանն ի պատասխան տրամադրած տվյալների համաձայն՝ համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերության հետ 2020-2024 թթ․ ընթացքում կնքել է ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայությունների մատուցման 5  և սեղմված բնական գազի  ձեռքբերման 3 պայմանագիր։ Եվս 15 պայմանագիր համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է Գավառ համայնքին պատկանող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը՝ սեղմված բնական գազ և աղբարկղեր մատակարարելու համար։ Այս պայմանագրերի շրջանակում կատարված գնումների ընդհանուր գինը կազմում է 135 մլն դրամ։ Թեև այս գնումների մրցույթներից որևէ մեկը «Մեկ անձից» գնման ընթացակարգով չի անցկացվել, կարևոր է նշել, որ 23 մրցույթներից 17-ում միակ մասնակիցը եղել է «Գավառտրանս» ընկերությունը։ Համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շահերի բախում չի տեսնում Մեր հարցմանն ի պատասխան՝ Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ այս իրավիճակում շահերի բախում չկա, քանի որ իր մասնավոր շահը չի ազդել պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։   «Պայմանագրերը կնքվել են գնահատող հանձնաժողովի որոշումների հիման վրա, այլ ոչ թե իմ պաշտոնեական պարտականությունների ոչ անաչառ կամ ոչ օբյեկտիվ կատարմամբ, իսկ պայմանագրի արդյունքն ընդունել է պատասխանատու ստորաբաժանումը՝ փաստացի մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայությունների համար»,- նշել է համայնքապետը: Մարտիրոսյանը խնդրահարույց չի համարում նաև այն, որ համայնքային գնումներում ընդհանուր շուրջ 135 մլն դրամի պայմանագիր կնքած ընկերությունում բաժնեմաս ունի Գավառ համայնքի ավագանու անդամ Հրայր Գուլաբյանը։ Մարտիրոսյանի խոսքով ավագանու անդամին չի արգելվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ այդ թվում մասնակցելով գնման գործընթացներին։  «Գավառտրանս» ընկերությունից կատարված գնումներից 20-ն իրականացվել է «Գնանշման հարցում» ընթացակարգով։ Թեպետ գնանշման բոլոր 20 հարցումներին էլ դիմող միակ մասնակիցը եղել է «Գավառտրանսը», Մարտիրոսյանը պնդում է, թե գնանշման հարցումը և բաց մրցույթը ձևականորեն չեն տարբերվում իրարից՝ բացառությամբ գնման առարկայի գնի և հայտերի բացման ժամկետների։ Նա կարծում է, որ գնման այս ձևը չի պարունակում որևէ կոռուպցիոն ռիսկ և ոչ թափանցիկություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Այս պարագայում Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը պետք է համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը չի արել։ Ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Մասնավոր շահը ենթադրում է որևէ արտոնություն պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց, կազմակերպություններին, որոնց հետ կան գործնական, անձնական, քաղաքական հարաբերություններ։  Պատասխանելով մեր հարցին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվե՞լ է արդյոք գրավոր հայտարարություն շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ, Մարտիրոսյանը նշել է․ «Քանի որ իմ լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելը գնման ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից ընդունած որոշման հիման վրա է եղել, արդեն իսկ կնքվելիք պայմանագրի հաստատումը չեմ համարել շահերի բախման իրավիճակի առաջացում»։ Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է 300 000 դրամ տուգանք։ «Ինֆոքոմի» մեկ այլ համանման հրապարակման հիման վրա, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջերս վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին։   Մարտիրոսյանի չի հայտարարագրել հոր և որդիների մասնակցությունն ընկերություններում  Եկամուտներից, ծախսերից ու գույքից բացի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի նաև իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Մարտիրոսյանի հայտարարագրում, սակայն, արտացոլված չէ հոր և որդիների մասնակցությունը «Գավառտրանս» ընկերությունում։ Ընդ որում՝ համայնքապետի հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը, մասնաբաժիններ ունի այլ ընկերություններում ևս։ Երվանդ Մարտիրոսյանը 2010 թ․ հիմնադրել է «Երյունա» ՍՊԸ-ն, որն արդյունահանում է գեղազարդային և շինարարական քարեր։ Երվան Մարտիրոսյանը 2019-ին էլ  հիմնադրել է «Կարանտին» ընկերությունը։ Այս ընկերություններում Երվանդ Մարտիրոսյանի մասնակցությունը ևս Գուրգեն Մարտիրոսյանը չի հայտարարագրել։   Գավառի համայնքապետարանը գնումներ է կատարել նաև համայնքային այլ պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից Գավառի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ընդհանուր 218 մլն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների իրականացման 7 պայմանագիր է կնքել «Ֆավորիտ-Մ» ընկերության հետ։ «Ֆավորիտ-Մ» ընկերությունը 2017 թ․ հիմնադրել է համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Մուրադ Մովսիսյանը։ Ընկերության սեփականատերն այժմ Մովսիսյանի հայրն է՝ Սամվել Մովսիսյանը։ Իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության գրանցման հասցեն համընկնում է Մուրադ Մովսիսյանի գրանցման հասցեի հետ։  Մուրադ Մովսիսյանը մեր զրույցում ասաց, որ բոլոր գնումներն իրականացվել են էլեկտրոնային եղանակով, և ինքը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող։ Հարցին՝ գնահատող հանձնաժողովի անդամների վրա չէ՞ր կարող ազդել արդյոք այն հանգամանքը, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած ընկերություններից մեկը պատկանում է իրենց վերադասի հորը, Մուրադյանը պատասխանեց՝ որևէ ուղղորդում չի արել հօգուտ հոր ընկերության որոշումներ կայացնելու նպատակով։  «Ես նման իրավունք չունեմ և ինձ թույլ էլ չեմ տա։ Մասնակցող ընկերությունները մասնակցել են նաև մինչև 2022 թվականը, և ի վերջո, եթե որևէ անօրեն գործողություն նկատեին, կբողոքարկեին․ օրենքը դրա հնարավորությունը տալիս է։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Մուրադյանը։  Կառավարող խմբացկությունից ավագանու անդամ Ալիկ Մարտիրոսյանի եղբոր՝ Ավետիք Մարտիրոսյանի ընկերությունը՝ «Արմավ-700»-ը, 2022 թ․ համայնքի հետ կնքել է 3 մլն դրամի պայմանագիր՝ մատուցելով շների ստերիլիզացման ծառայություններ։ Այսպիսով, 2020-2024 թվականներին Գավառ համայնքը ավելի քան 350 միլիոն դրամի գնում է կատարել համայնքային պաշտոնյաների ընտանիքների անդամների ընկերություններից։ Ավելին՝ համայնքապետը չի հայտարարագրել իր ընտանիքի անդամների մասնակցությունը գնումներին մասնակցած առևտրային կազմակերպությունում։ Լիլիթ Գրիգորյան 
19:38 - 07 փետրվարի, 2025
Բացահայտվել են Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից ևս 12 անձից առերևույթ կաշառք վերցնելու դեպքեր․ բազմադրվագ քրեական հերթական վարույթն է ուղարկվել դատարան

Բացահայտվել են Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից ևս 12 անձից առերևույթ կաշառք վերցնելու դեպքեր․ բազմադրվագ քրեական հերթական վարույթն է ուղարկվել դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից քաղաքացիներից կաշառք ստանալու հերթական դեպքերի առթիվ քննված բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պաշտոնյայի կողմից շուրջ 4 տասնյակ այլ քաղաքացիներից կաշառք ստանալու վերաբերյալ առանձնացված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան: Վարույթն իրականացնող մարմնի կողմից շարունակվել են ապացուցողական և վարութային գործողությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ նշված պաշտոնյայի կողմից ևս 12 քաղաքացուց կաշառքի դիմաց հակաօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ: Քննությամբ պարզվել է, որ Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը, պաշտոնավարման ընթացքում, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորման և վարման ապահովման համար և իրավասու լինելով նշանակել, վերահաշվարկել կենսաթոշակները և նպաստները, 2016-2019թթ. ընթացքում իրեն դիմած անձանց, կամ վերջիններիս բարեկամների աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու, այդ կերպ  կեղծ տեղեկություններ մտցնելու, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը խախտելու, այդ անձանց ամսական կենսաթոշակը հասանելիից ավելի չափով վերաձևակերպելու դիմաց թվով 12 քաղաքացուց պահանջել և ստացել է տարբեր չափերի՝  70․000-ից մինչև 240․000 ՀՀ դրամ կաշառք: Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Գեղարքունիքի մարզի 68-ամյա բնակիչը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նշված պետին վերջինիս աշխատասենյակում անձամբ առաջարկել է կաշառք՝ իր մատնանշած անձի օգտին վերջինիս 12 ամսվա կուտակված կենսաթոշակը օրենքով սահմանված չափից ավել վերականգնելու և միանվագ  ստանալու համար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), իսկ Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակչին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին): Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:10 - 22 օգոստոսի, 2024
Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է. Քյարամյան
 |armenpress.am|

Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է. Քյարամյան |armenpress.am|

armenpress.am: Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են:  «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Այս վարույթը, կարելի է ասել, ամբողջությամբ բացահայտվել է: Մենք ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ»,-ասել է Քյարամյանը: Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Եվ կատարողը, և պատվիրատուն, և հրապարակողը բացահայտված են: Այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Թեև գործն այս պահին բացահայտվել է, սակայն Քյարամյանը չբացառեց, որ լինեն այլ անձինք ևս, քննությունը շարունակվում է: Ամիսներ առաջ սոցիալական ցանցերում տարածվել էր հանրային բուռն քննարկման առարկա դարձած տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մայրը բռնության ենթարկում անչափահաս դստերը՝ դրան մասնակից դարձնելով իր մյուս անչափահաս երեխաներին ևս: Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ մոր նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր էր ճանաչել:
14:21 - 05 հունվարի, 2024
Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ․ Փրկարար ծառայություն

Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ․ Փրկարար ծառայություն

Օգոստոսի 25-ին, ժամը 21։57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդում է Փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Kia» (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Ա․-ն (ծնված 2010 թ․), Տ․ Ա․-ն (ծնված 2011 թ․),Վ․ Ա․-ն (ծնված 2008 թ․) տեղափոխվել, իսկ Մ․ Դ․-ն (ծնված 1991թ․), Շ․ Ս․-ն (ծնված 2001թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Դ․-ն (ծնված 2023թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
10:45 - 26 օգոստոսի, 2023
2018-2022թթ.-ին Գավառի պետական համալսարանի 15 աշխատակիցներ, բացակայելով ՀՀ-ից, ստացել են ամբողջական աշխատավարձ. ՊՎԾ

2018-2022թթ.-ին Գավառի պետական համալսարանի 15 աշխատակիցներ, բացակայելով ՀՀ-ից, ստացել են ամբողջական աշխատավարձ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Գավառի  պետական համալսարան»  հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված գնման, աշխատավարձերի հաշվարկման և վճարման գործընթացները, Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունը և արդյունավետությունը, ինչպես նաև ուսման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը, որոնց արդյունքում արձանագրվել են ընդհանուր 11,8 մլն․ ՀՀ դրամի ֆինանսական խախտումներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցների կողմից հնարավոր կեղծիքներ կատարելու մի շարք դեպքեր: Մասնավորապես՝ ուսումնասիրությունն ընդգրկող ժամանակահատվածում Ծառայության կողմից փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման Ռեկտորի կողմից իրեն հատկացվել են  լրավճարներ: Բացի այդ, թվով 33 ուսանողների՝ փաստացի ՀՀ-ից բացակայելու, դասընթացներին և քննաշրջաններին չմասնակցելու պայմաններում, Հիմնադրամի համապատասխան դասախոսների և աշխատակիցների կողմից հաճախելիության և առաջադիմության մատյաններում այդ մասին համապատասխան նշումներ չեն կատարվել, այլ կազմվել և հաստատվել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր: Նույն ժամանակահատվածում Հիմնադրամի թվով 15 աշխատակիցներ, փաստացի բացակայելով ՀՀ տարածքից և (կամ) չներկայանալով աշխատանքի, ստացել են իրենց ամսական աշխատավարձի գումարներն ամբողջությամբ: Հիմնադրամի թվով 9 աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման համար հիմք հանդիսացող ժամաքանակները սահմանելիս Հիմնադրամի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջները, որի արդյունքում նշված աշխատակիցները ստացել են հավելյալ աշխատավարձ: Հիմնադրամի թվով 3 տրանսպորտային միջոցների վառելիքը ծախսագրվել է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի N 1001-Ն որոշմամբ սահմանված ծախսի նորմատիվների շեղումներով, ինչպես նաև ավտոմեքենաների վառելիքի ծախսի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերում, մասնավորապես ուղեթերթիկներում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ օրենսդրական կարգավորումների խախտմամբ, կամայական եղանակով, շուկայականից էական ցածր գներով վարձակալության են հանձնվել անհատույց օգտագործման իրավունքով Հիմնադրամին պատկանող թվով 2 հասարակական նշանակության տարածքներ, իսկ Հիմնադրամի հանրակացարանի շահագործումն իրականացվել է ոչ արդյունավետ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: Հարկ է նշել, որ  Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից   ևս մեկ ուսումնասիրություն իրականացվում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքները կհրապարակվեն ամփոփվելուց հետո: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
17:52 - 01 դեկտեմբերի, 2022
Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում բացվեց «Ռուսական կենտրոն» |armenpress.am|

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում բացվեց «Ռուսական կենտրոն» |armenpress.am|

armenpress.am:  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի մշակույթի տանը հանդիսավորությամբ բացվեց  «Ռուսական կենտրոն»։ Կրթամշակութային կենտրոնը բացվում է Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ,  Գեղարքունիքի մարզպետարանի օժանդակությամբ եւ Վարդաձոր գյուղի բնակիչ, գործարար Անդրանիկ Բաղդասարյանի բարերարությամբ։ Նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ եւ կգործեն  տարբեր խմբակներ։ Կենտրոնը կահավորված եւ հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս՝ կազմակերպել ինտերակտիվ դասեր եւ քննարկումներ։    Կրթամշակութային  կենտրոնի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,  Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Մարտունի համայնքի ղեկավար  Հովհաննես Հովեյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում  գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ։ Կենտրոնի բացման ժապավենը կտրեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,  Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը եւ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։ Բացման խոսքով հանդես եկավ Վահրամ Կարապետյանը, նշելով, որ Վարդաձորում բացված «Ռուսական կենտրոնը» թվով վեցերորդն է Հայաստանում։ Դրանցից չորս գործում են քաղաքային, երկուսը՝ գյուղական բնակավայրերում։   «Այս կենտրոնը մեծապես նպաստելու է հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ու խորացմանը, հայկական եւ ռուսական լեզվամշակութային կապերի մերձեցմանն ու զարգացմանը, եւ մենք Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունու համայնքապետարանի  հետ անելու ենք հնարավորը, որպեսզի ապահովենք կենտրոնի անխափան ու մշտական գործունեությունը»,-նշեց Վահրամ Կարապետյանը։ «Նմանատիպ ծրագրերի իրականացումը  չափազանց կարեւոր է հայ-ռուսական քաղաքական, տնտեսական եւ մշակութային դարավոր կապերի ամրապնդման եւ հետագա զարգացման տեսանկյունից։ Առավել եւս, որ Գեղարքունիքի մարզը Ռուսաստանի Դաշնությունում ունի բավականին մեծ ու ծավալված համայնք, եւ մեր բարեկամական շփումները լինելու են մշտական ու պահանջված։ Սա առաջին կենտրոնն է մեր մարզում, ու համոզված եմ, որ շուտով նման նոր կենտրոններ կբացվեն նաեւ այլ բնակավայրերում, քանի որ մեր համագործակցությունը Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրինության հետ արդեն տեսանելի արդյունք է տվել»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։    Այնուհետ միջոցառման մասնակիցներին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կուպորկինի  շնորհավորանքի խոսքը փոխանցեց Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Մարիա Կորոդինան։ Շնորհավորանքի խոսքեր հնչեցրին ու կենտրոնի գործունեությունը կարեւորեցին նաեւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչ Յուրի Դեդովը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդաձոր գյուղի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։ Հանդիսության ավարտին Վարդաձորի միջնակարգ դպրոցի աշակերտները ասմունքեցին ռուս դասական գրողների ստեղծագործություններից։ Վարդաձորի «Ռուսական կենտրոնը» դպրոցական տարիքի երեխաների առջեւ իր դռները կբացի 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։
17:51 - 07 հուլիսի, 2022
Գավառի 19/5 ընտրատեղամասում քաղաքացին չի կարողանում քվեարկել. մարզպետարանն ու անձնագրայինը տարբեր բաներ են ասում |hetq.am|

Գավառի 19/5 ընտրատեղամասում քաղաքացին չի կարողանում քվեարկել. մարզպետարանն ու անձնագրայինը տարբեր բաներ են ասում |hetq.am|

Գլխավոր նկարը՝ hetq.am-ի hetq.am:  Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Վիկտորյա Կարապետյանը վաղ առավոտյան ընտրատեղամաս է այցելել՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, սակայն արդեն ավելի քան 1.5 ժամ է (ընտրատեղամաս է եկել ժամը 9:00-ի սահմաններում), ինչ քաղաքացին չի կարողանում ընտրել։ Ստիպված եղավ երկու անգամ ընտրատեղամասից Գավառի անձնագրային բաժանմունք գնալ-գալ։ Քաղաքացու անձնագիրը նոր է, տրվել է նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, ընտրողների էլեկտրոնային համակարգում նրա անունը չի ամրագրվել, կտրոն տրամադրող սարքն էլ չի «ճանաչում» Վիկտորյային։ Մարզպետարանում այլ բան են ասում, անձնագրային բաժանմունքում՝ այլ։ «Ինձ տեղեկանք են տրամադրել ու անձնագիրս, որ կարող եմ մասնակցել, հիմա էլ ասում են գնա 9-րդ ձև բեր։ Բայց անձնագրայինից էլ ասում են, որ անձնագիրը հենց 9-րդ ձև է։ Հիմա չեմ կարողանում քվեարկել»,- ասում է Վիկտորյա Կարապետյանը։ Հանձնաժողովի նախագահը այս հարցով զանգել է Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը հորդորել է քաղաքացուն գնալ անձնագրային բաժանմունք և ստանալ «9-րդ ձև» կոչվող փաստաթուղթը։ Սակայն, Գավառի անձնագրերի և հրավերների բաժնի պետ Սերգեյ Լազյանը քաղաքացուն հրաժարվել է տալ թուղթը՝ նշելով, որ իրավունք չունի այն տալ, քանի որ քաղաքացուն արդեն իսկ տրվել է անձնագիր։ Ըստ Գավառի 19/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անժելան Բադոյանի՝ իրենց տվել են նաև համարակալված կտրոններ, և եթե սարքը կտրոնը չի տպում, իրենք այդ համարակալված կտրոնը պետք է օգտագործեն, թույլ տան, որ քաղաքացին քվեարկի։ Սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից առայժմ չեն թույլատրում այդ եղանակով քաղաքացուն թույլ տալ ընտրել։ Քաղաքացին դեռ սպասում է ընտրատեղամասում։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
11:19 - 05 դեկտեմբերի, 2021
Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում Գավառի ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում Գավառի ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գավառի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2021թ. մարտի 18-ին, ժամը 09:20-ին՝ Գավառի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կեսարյան վիրահատության ժամանակ նորածին երեխա է մահացել, երեխայի հարազատները վիճաբանել են և կոտրել հիվանդանոցի դուռը: «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի բնակչուհին 2021թ. մարտի 18-ին, ժամը 7-ի սահմաներում դիմել է վերոհիշյալ բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կեսարյան վիրահատում և կինը ունեցել է հավանական մահացած պտուղ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
18:28 - 19 մարտի, 2021
Փաշինյանը շրջել է Գավառում, ծանոթացել քաղաքացիների խնդիրներին |armenpress.am|

Փաշինյանը շրջել է Գավառում, ծանոթացել քաղաքացիների խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Գավառ քաղաքում: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեսանյութ հրապարակել: Վարչապետը քաղաքացիների հետ զրույցում նշեց, որ պատերազմից հետո երկրի առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել: «Ամենացավոտ խնդիրը գերիների, անհետ կորածների խնդիրն է, պետք է օր առաջ լուծենք: Ցավոք իրադարձություններ կան, որ խանգարում են այդ խնդրի լուծմանը, բայց պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը: Քաղաքացիներից ոմանք վարչապետի հետ հանդիպման ընթացքում խնդրեցին քայլեր ձեռնարկել նաև տարածվող ապատեղեկատվությունները վերցնելու ուղղությամբ: «Արդեն պետք է սովորած լինեք՝ սուտը ճշտից տարբերել, ամեն ասածի պետք չէ հավատալ: Նոյեմբերից սկսած ինչքան տեղեկություններ են տրվել, հիմա կարող եք գոնե վերլուծելով սուտը ճշտից տարբերել»,- ասաց Փաշինյանը:
16:34 - 09 մարտի, 2021
Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում

Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը վարչապետ Փաշինյանը նշել է.«Մեր մարզային հերթական խորհրդակցությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում, և այսօրվա մեր օրակարգում սոցիալ-տնտեսական, անվտանգային հարցեր են: Գեղարքունիքի մարզը նաև սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվ մարզերից է, և մենք այսօր նորակառույց դպրոց այցով սկսեցինք մեր աշխատանքային օրը: Պետք է նաև այս տրամադրությունը փոխանցենք՝ Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների կողմից, այլև պետք է քաջալերենք նաև մասնավորին՝ այդ կառուցման, ներդրման գործընթացին մասնակցելու: Իհարկե, դրա համար շատ կարևոր է մեր երկրի սոցիալ-հոգեբանական վիճակը, անվտանգային միջավայրը: Գեղարքունիքի մարզի շուրջ նույնպես անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունեցել: Մենք այսօր դրա հետ կապված հարցր նույնպես կքննարկենք՝ թե ինչպես ենք այս նոր իրավիճակում ապահովելու մեր անվտանգությունը, ինչպես ենք այս նոր միջավայրում մարդկանց, մեր քաղաքացիների ունեցած մտավախությունները փարատելու, նրանց բարձրացրած հարցերին պատասխանելու»: Անցնելով օրակարգային հարցերին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել է, որ հաջող և որակի խիստ պահպանմամբ իրականացվում են պետություն-համայնք մասնակցությամբ սուբվենցիոն ծրագրերը: Մարզպետն ընդգծել է, որ 2019 թվականին որակի հետ կապված առաջացած խնդիրները նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ վերացվել են, և շինարարական կազմակերպությունները գիտեն` անորակ շինարարությունը չի ընդունվելու: Ըստ մարզպետի, իրականացվող սուբվենցիոն ծրագրերը ներառում են բոլոր ոլորտները` ենթակառուցվածքներ, մանկապարտեզներ, ջրագծեր, ճանապարհներ և այլն: Գնել Սանոսյանի խոսքով` 2018 թվականին մարզում իրականացվել են 3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, 2019-ին` 5,5 մլրդ դրամի, 2020-ին` 6 մլրդ դրամի: Ընթացիկ տարվա համար ներկայացվել է 8,5 մլրդ դրամի ծրագրերի հայտ: Միաժամանակ, մարզպետը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ նախորդ տարի մարզում, այլ ծրագրերի հետ միասին, իրականացվել են 20 մլրդ դրամի աշխատանքներ: Գեղարքունիքում նախորդ տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերակառուցվել է 37 կմ ճանապարհ, իսկ այլ հատկացումների արդյունքում վերակառուցված ճանապարհների ծավալը հասել է 120 կմ-ի: Հաջող իրականացվում են նաև դպրոցների վերակառուցման աշխատանքներ. այդ ծրագրերի թիվը հասնում է 5-ի: Գնել Սանոսյանը նշել է, որ մարզում առաջնահերթություն է տրվում զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներին: Գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերն արդյունավետ իրականացվում են, նախորդ տարի համայնքները համալրվել են 60-ից ավելի տեխնիկական միջոցներով: Աճ է նկատվում անասնապահության ոլորտում. միայն Արծվանիստ համայնքում իրականացվում է 15 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր` ֆերմերային խոշոր տնտեսություն հիմնելու նպատակով: Մարզն ունի 181 հազար հա արոտավայր, որից չի օգտագործվում 124 հազար հա-ն: Պատասխանատուների խոսքով՝ հիմնական խնդիրն արոտավայրերի անհասանելիությունն է: Վարչապետը կարևորել է բարձրարժեք գյուղատնտեսությունը խթանող ծրագրերի իրականացումը, ենթակառուցվածքների զարգացումը` արոտավայրերի ճանապարհները հասանելի դարձնելու, խմոցիների ապահովման համար: Զեկուցվել է, որ մարզում 98 հա կաթիլային ոռոգմամբ այգիներ են հիմնվել, ինտենսիվ այգիների ծավալը գնալով ավելանում է: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որի շրջանակում այս տարի մարզում նախատեսվում է արոտավայրերում կառուցել 2 կմ ջրագիծ, 4 խմոցի, բարելավել ճանապարհները: Զեկուցվել է նաև, որ Գեղարքունիքում առկա 81 հազար հա վարելահողերից օգտագործվում է կեսը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության զարգացման, արդյունավետության բարձրացման թիրախային ծրագրերը, որոնք կնպաստեն վարելահողերի օգտագործման ծավալների ավելացմանը: Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին` Գնել Սանոսյանը նշել է, որ ընթացիկ տարում մեկնարկելու է Մեծ Մասրիկի ենթակայանի կառուցման շինարարությունը, նոր ծրագրերի միջոցով խթանվում է նաև արևային էներգետիկայի զարգացումը: Մարզպետը տեղեկացրել է, որ պատերազմից հետո Գեղարքունիքի մարզում դեռևս շարունակում են մնալ 1700 արցախցիներ. մարզպետարանը վերջիններիս կարիքները պահում է ուշադրության կենտրոնում, ապահովում է կենցաղային անհրաժեշտ պայմաններով, երեխաները հաճախում են մարզի ուսումնական հաստատություններ: Անդրադառնալով անվտանգային միջավայրին` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ բանակային կորպուսն անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացնում է, իսկ առաջիկա կարևորագույն խնդիրն է առաջնագծի ենթակառուցվածքների բարելավումն ու ինժեներական աշխատանքների իրականացումը: Զեկուցվել է, որ առաջնագծում իրավիճակը հանգիստ է և գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո: Զեկույցներով հանդես են եկել նաև Դատախազության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Խորհրդակցությունից հետո վարչապետը հանդիպել է Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին։
13:29 - 09 մարտի, 2021