Ինչ գույք եւ փաստաթղթեր են Արցախի պաշտոնյաները բերել Հայաստան. մաս 2
13:11 - 20 հոկտեմբերի, 2023

Ինչ գույք եւ փաստաթղթեր են Արցախի պաշտոնյաները բերել Հայաստան. մաս 2

Արցախի պետական պաշտոնյաները բռնի տեղահանության ընթացքում իրենց հետ հասցրել են Հայաստան բերել ծառայողական մեքենաներ, քրեական գործերի նյութեր, կնիքներ եւ պետական փաստաթղթեր պարունակող համակարգիչներ։

Արցախի Քննչական կոմիտեի քննիչները կարողացել են Հայաստան տեղափոխել իրենց վարույթներում գտնվող որոշ քրեական գործեր՝ Հայաստանում իրենց աշխատանքը շարունակելու համար։ Այս մասին «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց ՔԿ աշխատակազմի ղեկավար Գեւորգ Ղարիբյանը՝ նշելով, որ կարողացել են դուրս բերել նաեւ որոշ կնիքներ եւ համակարգիչներ։ 

Քննիչները այժմ մեծապես աշխատում են տեղահանության օրերին Ստեփանակերտի վառելիքի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի քննության ուղղությամբ։ Նրանք իրականացնում են զոհերի մարմինների ճանաչման գործողություններ եւ այլ փորձաքննություններ։

Հնարավոր է եղել Հայաստան տեղափոխել նաեւ Քննչական կոմիտեի հաշվեկշռում եղած 9 ծառայողական մեքենաները։ Այդ մեքենաները, ըստ աշխատակազմի ղեկավարի, այս պահին օգտագործում են քննիչները՝ պայթյունին առնչվող քրեական վարույթի շրջանակում իրականացվող աշխատանքներում։ Նրանք, ի դեպ, աշխատում են որպես Արցախի ՔԿ աշխատակիցներ, այսինքն՝ չեն տեղավորվել Հայաստանի քննչական մարմիններում։

Արցախի դատախազության աշխատակիցները նույնպես շարունակում են օգտագործել իրենց ծառայողական մեքենաները Հայաստանում։ Արցախի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեց, որ դատախազության հաշվեկշռում եղել է 10 մեքենա, այստեղ է բերվել 9-ը, քանի որ մեկն անսարք է եղել։ Այդ մեքենաներից 5-6-ը, ըստ դատախազի, NIVA մակնիշի են։ Դատախազության աշխատակիցները, մեր զրուցակցի խոսքով, այլ գույք չեն տեղափոխել՝ բացի սեփական համակարգիչներից․ «Ով ինչ կարողացել է, դա է վերցրել։ Ով կարողացել է, իր համակարգիչն է վերցրել։ Ինչ հարկավոր է եղել ոչնչացնել, ոչնչացվել է։ Իսկ ծառայողական մեքենաները գտնվում են աշխատակիցների մոտ, մինչեւ կառավարությունը որոշում կայացնի, դրանով առաջնորդվենք»,- նշեց Գաբրիելյանը։ 

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռում, օրինակ, 2 մեքենա է եղել։ Սակայն, ինչպես մեզ հաղորդեց նախարարության աշխատակազմի ղեկավար Իրինա Սառաջյանը, դրանք բավականին հին են եղել եւ Հայաստան չեն տեղափոխվել։ Իսկ նախարարն իր անձնական մեքենան է շահագործել։ Որեւէ այլ գույք նախարարությունից Հայաստան  չի տեղափոխվել։ Ըստ Սառաջյանի՝ նախարարությունը ադրբեջանական վերջին հարձակումից հետո համակարգում էր գյուղական բնակավայրերից դեպի Ստեփանակերտ քաղաքացիների տարհանումը, ապա՝ դեպի Հայաստան տեղափոխումը, եւ այդ ծանրաբեռնված պահին այլ գույքի տեղափոխմամբ պարզապես հնարավոր չի եղել զբաղվել։

Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում հաղորդեց, որ իրենց նախարարության հաշվեկշռում 4 ծառայողական մեքենա է եղել, 4-ն էլ տեղափոխվել են Հայաստան։ Այլ գույք չի տեղափոխվել, իսկ գյուղատնտեսական տեխնիկա, ըստ նախարարի, իրենց հաշվեկշռում չի էլ եղել։ Մեքենաներն օգտագործում են նախարարության աշխատակիցները, իսկ Հայրիյանն անձամբ ծառայողական մեքենա չի ունեցել։

Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք Արցախի այլ նախարարությունների շարժական գույքի վերաբերյալ տեղեկություններ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հաշվեկշռում, օրինակ, եղել է 5 մեքենա, որոնցից 4-ն են Հայաստան բերվել։ Ավելի ուշ պարզեցինք, որ նախարարության հաշվեկշռում եղած մեկ մեքենա անհատույց օգտագործման է տրամադրվել ռուս խաղաղապահներին։ Արցախի պաշտոնյաները պետական գույքը ռուս խաղաղապահների օգտագործմանը հանձնելու իրավական հիմքը չեն մատնանշում, սակայն ասում են, որ տարբեր գերատեսչություններից ռուս խաղաղապահներին պետական գույք, դիզվառելիք եւ ծառայություններ անհատույց տրամադրելու պրակտիկա եղել է։ Ռուս խաղաղապահների օգտագործմանը տրամադրված՝ ԿԳՄՍՆ-ին պատկանող մեքենայի պահպանման եւ վառելիքի ծախսերը հոգացել է պետական «Ստեփսերվիս» ՓԲԸ-ն։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ որեւէ տեղեկություն չունի Արցախի ծառայողական մեքենաների, ինչպես նաեւ գերատեսչությունների հաշվեկշիռներում ներառված այլ գույքի մասին։ Մինչդեռ Արցախի տարբեր նախարարությունների աշխատակիցներ մեզ հայտնել են, որ Հայաստան բերված ծառայողական մեքենաների վերաբերյալ տվյալները տրամադրել են Կոմիտեին եւ սպասում են դրանց օգտագործման վերաբերյալ կառավարության որոշմանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել