ԲՈԿ-ը գիտական աստիճանից  կզրկեր  նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե  ժամանակ ունենար, իսկ ԿԳՄՍՆ ունեցել է և այդ քայլը չի կատարել․ Սմբատ Գոգյան
17:01 - 17 օգոստոսի, 2020

ԲՈԿ-ը գիտական աստիճանից կզրկեր նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե ժամանակ ունենար, իսկ ԿԳՄՍՆ ունեցել է և այդ քայլը չի կատարել․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պատասխանում է կառույցին առնչող մի շարք հարցերի։ Մասնավորապես ԿԳՄՍ նախարարության կողմից տարածված հայտարարությանը, որով ասվում է, որ  ՀՊՏՀ  նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվում է։ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում  մասնավորապես ասաց․ 


«Այսօր կեսօրին հրապարակվեց հայտարարություն, որ ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է վարչական բողքները և վերականգնել է Դիանա Գալոյանի դոկտորի գիտական աստիճանը։ Ես կարիք եմ զգում, որ լուսաբանեմ ձեզ։ Մինչ այս պահը երբեք ուղիղ եթեր չեմ արել, փորձել եմ կատարել իմ գործը և միայն երբեմն ֆեյսբուքյան գրառումների միջոցով եմ որոշ բաներ մեկնաբանել, բայց այժմ կարծում եմ, որ կարիք կա մեկնաբանության։

Շատ մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին այսօր և վերջին մի քանի շաբաթներին, թե ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Ռուբեն Հայրապետյանին՝ դոկտորի գիտական աստիճանից, և ասեմ, որ վարչական վարույթը բավարարող 28 և 34 էջանոց փաստաթղթերի մեջ այդ մասին նույնպես գրված է։ Այսինքն մեկնաբանվում է, որ Սմբատ Գոգյանը  ռեկտորի մի նախկին թեկնածուին արդարացնում է, մյուսին՝ մեղադրում։ Դրանք հերքելու համար, պազապես մի բան կարող եմ ասել, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը նայող հանձնաժողովի համանախագահն եմ եղել, և ասել ենք, որ կան արտագրություններ։

Մնացածի վերաբերյալ հիմա մի փոքր ավելի մանրամասն, ավելի իրավական մեկնաբանություններ կտամ։ Երբ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը պարզեց, որ Ռուբեն Հայրաետյանի ատենախոսության հետ կապված կան խնդիրներ, դա 2019 թվականի օգոստոսի 23-ն էր, կարծես թե։ Դրանից հետո նախարարությունում այսպես ասած՝ խոսակցություններ էին գնում, որ ԲՈԿ-ը պետք է զրկի Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից, և իրվաբանական վարչությունը ոչ մի հստակ բան չէր ասում։ Ստիպված գրություն պատրաստեցինք, ուղարկեցինք պարոն Արայիկ Հարությունյանին, որն էլ այն ուղարկեց  Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։ Գրությունն ուղարկեցինք դեկտեմբերի 9-ին և  դեկտեմբերի 26-ին պարոն Բադասյանից ստացանք պատասխան, որ ԲՈՀ-ը եղել է վարչական մարմին, նրա բոլոր հրամանները վարչական ակտեր են և ԿԳՄՍՆ-ն, որպես Կրթության և Գիտության նախարարության իրավահաջորդ իրավունք ունի ԲՈՀ-ի և ԲՈԿ-ի բոլոր հրամանները չեղյալ համարել։

Դա նշանակում էր,որ ԿԳՄՍՆ-ն պարտավոր էր վարչական վարույթ հարուցել, ուսումնասիրել գործը և որոշում կայացներ՝ Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից զրկելու  վերաբերյալ, սակայն դա տեղի չունեցավ։ Հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարի կողմից մեկ այլ հարցում ուղարկվեց պարոն Բադասյանին, թե արդյո՞ք ԲՈԿ-ը կարող է չեղյալ համարել իր ակտերը, դրա պատասխանը եկավ փետրվարի 10-ին, որ սկզբունքորեն այո՛, ԲՈԿ-ը նույնպես կարող է չեղյալ համարել ԲՈԿ-ի կայացրած ակտերը։ Արդարադատության  նախարարության կողմից տրված այս պատասխանը ինձ է ուղարկվել փետրվարի 19-ին, իսկ ուղեկցող նամակում պարոն Հարությունյանը ինձ է գրել բառացիորեն հետևյալը՝ 
«Ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում՝ «Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին օրենքով», սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը»։

Սա ստանալուց հետո, բնականաբար, ուսումնասիրել ենք «Վարչարարության մասին օրենքը», իսկ այնտեղ գրված է, որ խախտումը բացահայտելու դեպքում, որը վարչական որոշումը չեղյալ համարելու հիմք է տալիս՝ վարչական մարմինը պարտավոր է վեց ամսվա ընթացքում հարցուել վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում։ Կրկնեմ ևս մեկ անգամ, որ այս գրությունը մենք ստացել ենք փետրվարի 19-ի ն և իմացել ենք, որ ԲՈԿ-ը  իրավունք ունի զրկել գիտական աստիճանից։ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության փաստերը հրապարակվել էին օգոստոսի 23-ին, եթե դրան գումարենք 6 ամիս, ստանում ենք փետրվարի 23-ը։ Այսինքն դրա համար ունեցել ենք 4 օր, որոնցից երկուսը եղել են ոչ աշխատանքային։

Բնականաբար այդ երկու օրում հնարավոր չէր լինի հարուցել վարչական վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում։ Այդ պատճառով ԲՈԿ-ը դա չկարողացավ անել, իսկ դեկտեմեբրի 26-ից ԿԳՄՍՆ-ն գիտեր, որ որպես ԲՈԿ-ի վերադաս մարմին կարող էր և պարտավոր էր նույնիսկ նախաձեռնել այդ քայլերը, բայց դա չի կատարել։ Ինչո՞ւ, որովհետև իմ կարծիքով այդտեղ կային մարդիկ, ովքեր հասկանում էին, որ այս շղթայաձև պրոցեսը կարող է ջարդվել շատ այլ մարդկանց վրա և միգուցե որոշ մանրամասներ նրանք չեն էլ  հայտնել նախարարին և երկրորդ գրությունն են ուղարկել պարոն Բադասյանին, և փորձել էին ցայտնոտային  իրավիճակում դնել  ԲՈԿ-ին, որպեսզի  մենք կատարեինք սխալ որոշում, սակայն մենք դա չարեցինք։

Այդ գրությունը ստանալուց հետո ԲՈԿ-ը փետրվարի 26-ին նամակ է ուղարկել նախարարին, խնդրելով՝ կազմակերպել նախարարի, աշխատակազմի ղեկավարի, իմ, գիտության կոմիտեի նախագահի, համապատասխան ոլորտը կարգավորող փոխնախարարի և իրավաբանական վարչության պետի հետ, որպեսզի կարողանայինք ուսումնասիրել բոլոր մանրամասները, որոնք թույլ կտային բոլոր վարչական վարույթներն իրականացնել հավուր պատշաճի և գրագետ կերպով։ Տեղյակ եմ պահում ձեզ, որ փետրվարի 26-ի մեր նամակը մակագրվել է Գրիշա Թամրազյանին և առ այսօր ո՛չ մերժվել էայդ հանդիպման իրականացումը, ո՛չ էլ այն տեղի է ունեցել։

Այսինքն, եթե այդ գրությանն ընթացք տրվեր, ապա մարտ- ապրիլ ամիսներին կարելի էր ամեն ինչը կազմակերպել և սկսել գիտական աստիճաններից զրկելու պրոցեսը, բայց, քանի որ ԿԳՄՍՆ համապատասխան աշխատողները, այդ թվում իրավաբանական վարչությունը, փոխնախարարը չեն ձեռնարկել, հետևաբար այդ պրոցեսը չի գնացել։ Երբ Ռուբեն Հայրապետյանին աստիճանից զրկելու ժամկետը տեսականորեն լրացել էր փետրվարի 23-ին, դրանից հետո միայն դատական կարգով, միայն դատարանների միջոցով կարող էր  այդ գործընթացը տեղի ունենալ, ԲՈԿ-ը կենտրոնացավ  հաջորդ ակտիվ դեպքին՝ դա Դիանա Գալոյանի դեպքն էր, ուրիշ այլ դեպքեր, երբ եղել են 2018-2019 թվականներին, դրանց ժամկետն անցել է և անցել է այն պատճառով, որ այդ ժամանակ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունը չի կարողացել հստակ պատասխան տալ այդ հարցին և գիտական աստիճանից զրկելու հնարավորության մասին միակ պատասխանը ստացվել է 2019 թվականի դեկտեմբերին, երբ հարցում ենք ուղարկել պարոն Բադասյանին։ Սա այն է ինչ կարող ենք ասել այն հարցի հետ կապված, այսինքն այն հիմքը,  թե Դիանա Գալոյանի դոկտորի գիտական աստիճանը վերականգնվել է մասնավորապես այն պատճառով, որ ԲՈԿ-ը խտրական է վերաբերվել իր անձի հանդեպ, ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ ԲՈԿ-ը կզրկեր Ռուբեն Հայրապետյանին նույնպես, եթե ունենար այդ ժամանակը, սակայն ԲՈԿ-ն այդ ժամանակը չի ունեցել, իսկ ԿԳՄՍՆ-ն ունեցել է և այդ քայլը չի կատարել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել