Բարձրագույն որակավորման կոմիտեն ներկայացրել է իր դիրքորոշումը ՀՀ քաղաքացի Դիանա Գալոյանի կողմից ներկայացված երկու բողոքների հիման վրա հարուցված բողոքարկման վարույթների առնչությամբ, որոնք վերաբերում են ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 103Ա և 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամաններին:
1. Բողոքաբերի (Դիանա Գալոյանի) ատենախոսության վերաբերյալ
1.1. Բողոքաբերի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների բազմաթիվ և մեծածավալ փոխառություններ: Ո´չ 09.07.2020թ.-ի թիվ 103Ա, ո´չ 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանների վերաբերյալ բերված բողոքներում, ո´չ հանրային հայտարարություններում Բողոքաբերը երբեք չի ժխտել այս փաստերի առկայությունը, չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն: Սա կարևորագույն արձանագրում է:
1.2. Բողոքաբերի բոլոր փաստարկներն ուղղված են եղել ընթացակարգային հարցերին` առանց գրագողության բուն փաստերին անդրադառնալու: Այնուամենայնիվ, ընթացակարգային խախտումների վերաբերյալ Բողոքաբերի փաստարկները նույնպես անհիմն են:
2. ԲՈԿ-ի` կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու վերաբերյալ
2.1. Բողոքաբերը պնդում է, որ ԲՈԿ-ը հանդիսանում է կոլեգիալ գործադիր մարմին, ուստի ԲՈԿ-ի նախագահն իրավունք չուներ միանձնյա վարչական վարույթ հարուցել և վարչական ակտ կայացնել: Որպես այս մտքի հիմնավորում Բողոքաբերը հղում է կատարում ՀՀ կրթության և գիտության նախարարի 12.06.2018թ.-ի թիվ 593-Լ որոշմամբ հաստատված ԲՈԿ-ի կանոնադրության 6-րդ կետին, ըստ որի` «ԲՈԿ-ը կազմված է ղեկավարից, ղեկավարի տեղակալից, ղեկավարի օգնականից, կառուցվածքային ստորաբաժանումներից»:
2.2. Այս կարծիքն անհիմն է: Որևէ իրավական ակտով, այդ թվում` ԲՈԿ-ի կանոնադրությամբ, սահմանված չէ որևէ կետ, որով կնախատեսվի, որ ԲՈԿ-ը վարչական վարույթներ պետք է իրականացնի և վարչական ակտեր կայացնի կոլեգիալ կազմով:
2.3. Կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու հանգամանքը պետք է բխի որևէ հստակ իրավական ակտից, որտեղ կներկայացվի տվյալ մարմնի վարչական վարույթի առանձնահատկությունը: Օրինակ` Բողոքաբերի կողմից հիշատակված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 16.08.2019թ.-ի թիվ 102-Լ հրամանով հաստատված կանոնադրության 13-րդ կետով հստակ սահմանվում են հենց հանձնաժողովի լիազորությունները, իսկ 20-րդ կետով` նախագահի լիազորությունները:
2.4. ԲՈԿ-ի կանոնադրության մեջ խոսվում է միայն նախագահի լիազորությունների մասին, և որևէ կարգավորում առկա չէ կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու վերաբերյալ: Ավելին, կանոնադրության 17-րդ կետի 1-ին և 2-րդ կետերը հստակ սահմանում են` «17. ԲՈԿ-ի նախագահը` 1) պատասխանատու է ԲՈԿ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար. 2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորման իրավունքով լիազորագրեր»: Այսինքն, ԲՈԿ-ի կանոնադրությունը հենց նախագահին է տալիս իրավունք հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:
2.5. Նույնը նախատեսված է նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի` «Բարձրագույն որակավորման կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը»:
2.6. Եթե շարժվենք Բողոքաբերի տրամաբանությամբ, որն իհարկե անհիմն է, ապա պետք է փաստել, որ ԿԳՄՍ նախարարությունը նույնպես կոլեգիալ վարչական մարմին է, քանի որ վերջինիս կանոնադրության 6-րդ կետը նույնպես նշում է, որ «Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար), նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալների, նախարարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակները»:
3. ԲՈԿ-ի վարչական ակտը վերանայելու լիազորության վերաբերյալ
3.1. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 65-րդ հոդվածի` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ: Վարչական ակտն անվիճարկելի է դառնում, և վարչական մարմինը զրկվում է սույն հոդվածով նախատեսված իրավունքից, եթե վարչական ակտի ընդունման օրվանից անցել է 10 տարի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
3.2. Նույն օրենքի 67-րդ հոդվածի համաձայն` «Վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը»:
3.3. Այս երկու հոդվածներում օգտագործվում է երկու տարբեր հասկացություն` «վարչական մարմին» և «վերադաս վարչական մարմին»: Ուստի, ակնհայտ է, որ դրանք կարգավորում են երկու տարբեր իրավիճակ` 65-րդ հոդվածը վերաբերում է վարչական ակտն ընդունած վարչական մարմին, իսկ 67-րդը` վերադաս վարչական մարմնին:
3.4. Հնարավոր է դեպք, երբ վարչական մարմինն ընդհանրապես չունենա վերադաս վարչական մարմին: Այդ դեպքում, եթե շարժվենք Բողոքաբերի տրամաբանությամբ, վարչական մարմնի ընդունած վարչական ակտն ընդհանրապես վերանայել հնարավոր չէր լինի:
3.5. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` «Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը»:
3.6. Տվյալ դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով, ինչպես նաև ԲՈԿ-ի կանոնադրությամբ վերջինիս առջև դրված խնդիրներից բխող անհրաժեշտությունը։
4. Գիտական աստիճան շնորհելու ԲՈԿ-ի լիազորության վերաբերյալ
4.1. Բողոքաբերը պնդում է, որ գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը, իսկ ԲՈԿ-ը հանձնում է վկայագիր:
4.2. Ըստ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի` «Բարձրագույն որակավորման կոմիտեն՝ հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը»:
4.3. Այսինքն, գիտական աստիճան շնորհելիս ԲՈԿ-ը հիմնվում է նաև որակավորման գործի ուսումնասիրության վրա:
4.4. Ըստ ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի թիվ 327 որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 31-րդ կետի` «ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ»:
4.5. Նշված նորմերի համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ գիտական աստիճան շնորհում է ԲՈԿ-ը, իսկ գրագողության դեպքերի հայտնաբերման դեպքում գիտական աստիճան շնորհելու մասին միջնորդությունը մերժվում է:
5. Վարչական ակտի գոյությանը Բողոքաբերի վստահելու իրավունք ունենալու վերաբերյալ
5.1. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության` «Ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի»:
5.2. Ըստ նույն հոդվածի 4-րդ մասի «գ» կետի` «Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա` նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա»:
5.3. Գիտական աշխատանք կատարելը ստեղծագործ գործունեություն է: Անհնար է արտատպել որևէ տեքստ, հղում չտալ հեղինակին, և չիմանալ, որ դա առանց աղբյուրի նշմամբ է: Գիտնականը պարտավոր է հետևել և իմանալ գիտական բարեվարքության կանոնները: Առավել ևս, որ Բողոքաբերը, ինչպես նշվեց, երբևէ չի հերքել ԲՈԿ-ի կողմից հայտնաբերված գրագողության դեպքերը:
5.4. Բացի դրանից, անձը կարող է հղում կատարել վստահելու իրավունքին միայն այն դեպքում, երբ վարչական ակտով որևէ անձի վնաս չի կարող պատճառվել: Տվյալ դեպքում, գիտական աստիճանը տալիս է անձին որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունք: Այսինքն, ունենալով գիտական աստիճան, անձը կարող է զբաղեցնել այնպիսի պաշտոն, որի իրավունքը նա չէր ունենա առանց գիտական աստիճանի: Ուստի, վստահելու իրավունքը սույն գործով կիրառելի չէ, քանի որ գիտական աստիճան շնորհելու մասին վարչական ակտի գործողության մեջ գտնվելը կարող է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության և այն սուբյեկտների շահերին, որոնցում սահմանված կարգի խախտմամբ գիտական աստիճան ստացած անձը պաշտոն է զբաղեցնում, այդ թվում նաև գիտական աստիճան ունենալու փաստի ուժով։
6. Բողոքաբերի` վարույթի մասին ծանուցված լինելու վերաբերյալ
6.1. Սույն գործով վարչական լսումներ նշանակված էին 16.07.2020թ.-ին: ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ Բողոքաբերը իրազեկված է եղել վարչական վարույթի և լսումների վերաբերյալ: Մասնավորապես, հենց վարչական բողոքում վերջինս նշել է վարչական վարույթի օրը և ժամը:
6.2. Վերջինս նաև նշել է, որ տեղեկացել է վարչական վարույթի մասին 14.07.2020թ.-ին, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք:
6.3. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ»:
6.4. Վարչական լսումներ անցկացնելիս վարչական մարմինը պետք է հնարավորություն տա հասցեատիրոջը ներկայացնելու ապացույցներ, դիրքորոշումներ վարչական վարույթի վերաբերյալ:
6.5. Բողոքաբերն ինքն է նշել, որ իմացել է վարչական լսումների կոնկրետ օրվա և ժամի մասին, ուստի ակնհայտ է, որ վերջինս ծանուցված եղել է: Դրա հետ մեկտեղ, Բողոքաբերը վարչական լսումներից մեկ օր առաջ` 15.07.2020թ.-ին, ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել 10 էջանոց վարչական բողոք, ինչը նաև հստակ փաստում է, որ վերջինս քաջածանոթ էր գործին: Բողոքաբերը նաև չէր միջնորդել հետաձգել վարչական վարույթը:
6․6․ Լսումների մասին անձին ծանուցելը և վերջինիս լսելն ինքնանպատակ չէ։ Այն նպատակ է հետապնդում անձին հնարավորություն տալ արտահայտելու իր դիրքորոշումը վարչական վարույթի փաստական հանգամանքների վերաբերյալ։ Տվյալ դեպքում, ինչպես արդեն նշվեց, Բողոքաբերը ոչ միայն ծանուցված է եղել լսման օրվա և ժամի մասին, այլ նաև լիարժեք տիրապետել է վարույթի փաստական հանգամանքներին, քանի որ լսումներից մեկ օր առաջ` 15.07.2020թ.-ին, ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել մեծածավալ վարչական բողոք։ Այսինքն՝ Բողոքաբերը, լիարժեք տիրապետելով վարույթի փաստական հանգամանքներին և ծանուցված լինելով լսման մասին, որպես իր իրավունքների պաշտպանության եղանակ ընտրել է ոչ թե լսմանը ներկայանալը և իր դիրքորոշումը հայտնելը, այլ ԿԳՄՍ նախարարություն բողոք ներկայացնելը։ Նման պայմաններում Բողոքաբերը չի կարող վկայակոչել լսման մասին ծանուցված չլինելը՝ որպես ընդունված վարչական ակտի ոչ իրավաչափության հիմք։
6.7. Հետևաբար, ԲՈԿ-ը պարտավոր էր հետևել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-ր մասին և բավարարվեր մեկ լսումով:
7. Վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ
7.1. Բողոքաբերը 15.07.2020թ.-ին ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել վարչական բողոք ընդդեմ ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 103Ա հրամանի, որով հարուցվել էր վարչական վարույթ: Ըստ Բողոքաբերի դա կասեցնում է վարչական վարույթը:
7.2. Վարչական վարույթը կասեցնելու բոլոր հիմքերը տրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում, որտեղ այդպիսի կարգավորում նախատեսված չէ:
7.3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը նշում է` «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»: Խոսքը միայն վարչական ակտի բողոքարկման մասին է։ Ընդ որում, այդ դեպքում կասեցվում է միայն վարչական ակտի կատարումը:
7.4. Վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր յուրահատկությամբ, ինչպիսին է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը, ուստի օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումն այս դեպքում կիրառելի չէ (տե՛ս թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 25.05.2016թ.-ի որոշումը):
7․5․ Բողոքաբերը օրենքի կամայական մեկնաբանությամբ նշում է, թե «․․․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ գլխում կիրառվող «վարչական ակտ» եզրույթը, ըստ այդ գլխում ներառված օրենքի 69-րդ հոդվածի, կիրառելի է նաև գործողության նկատմամբ․․․»։ Այս պնդումը չունի որևէ իրավական հիմք։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածը սահմանում է հետևյալը․ «Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):»։ Սա ընդամենը նշանակում է, որ եթե օրենքի այդ գլխում օգտագործվում է «ակտ» հասկացությունը, ապա պետք է դրա տակ հասկանալ վարչական ակտը, գործողությունը և անգործությունը։ Մինչդեռ, սա որևէ կերպ չի կարող նշանակել, որ եթե այդ գլխում օգտագործվում է «վարչական ակտ» հասկացությունը, ապա դրա տակ պետք է հասկանալ նաև գործողությունն ու անգործությունը։ Օրինակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ հոդվածում օգտագործվում է «ակտ» հասկացությունը, որի դեպքում այս հոդվածի կարգավորումները կիրառելի են թե՛ վարչական ակտերի, թե՛ գործողությունների և թե՛ անգործության նկատմամբ։ Դրան հակառակ, Բողոքաբերի վկայակոչած 74-րդ հոդվածում օգտագործվում է միայն «վարչական ակտ» հասկացությունը, հետևաբար, այդ հոդվածով նախատեսված կասեցումը կիրառելի է միայն վարչական ակտերի նկատմամբ, որպիսին, ինչպես արդեն նշվեց, թիվ 103Ա հրամանը չի հանդիսանում։ Այս դիրքորոշման օգտին է խոսում նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի նույն գլխի 71-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ հստակ տարանջատված են «վարչական ակտ», «վարչական մարմնի գործողություն» և «վարչական մարմնի անգործություն» հասկացությունները։
7.6. Հատկանշական է, որ 15.07.2020թ.-ի վարչական բողոքում հենց Բողոքաբերն է միջնորդել ԿԳՄՍ նախարարին կասեցնելու վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ ԲՈԿ-ի հրամանի կատարումը: Եթե, ըստ Բողոքաբերի, իր բողոքն ինքնաբերաբար կասեցնում էր վարչական վարույթը, ապա ինչու՞ էր ինքն այդպիսի միջնորդությամբ դիմել նախարարին:
8. ԲՈԿ-ի նախագահի բացարկի վերաբերյալ
8.1. ԲՈԿ-ի նախագահի բացարկի որևէ հիմք առկա չէ: Սակայն, եթե Բողոքաբերը գտնում է, որ այդպիսի հիմքեր առկա են, պարտավոր էր դրանց մասին հայտնել վարչական վարույթի ընթացքում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բացարկը կարող է հայտնվել մինչև վարչական վարույթն ավարտվելը` վարույթի այն փուլում, երբ բացարկ հայտնողին հայտնի է դառնում սույն հոդվածով սահմանված որևէ հիմքի առկայությունը»:
8.2. Սակայն, վարչական վարույթի ընթացքում Բողոքաբերը չի ներկայացրել բացարկի որևէ միջնորդություն: Դա այն դեպքում, երբ վերջինս, ինչպես նշվեց, 15.07.2020թ.-ին 10 էջանոց բողոք է ներկայացրել ԿԳՄՍ-ին:
8.3. Եթե Բողոքաբերին հայտնի են եղել որոշակի հանգամանքներ, որոնք, ըստ իրեն, բացարկի հիմք էին հանդիսանում, վերջինս պարտավոր էր ներկայացնել համապատասխան միջնորդություն: Վարչական վարույթից հետո բացարկի հիմքերի մասին Բողոքաբերը կարող է հղում կատարել միայն այն դեպքում, երբ հիմնավորում է, որ այդ բացարկի հիմքն իրեն հայտնի չէր: Տվյալ դեպքում, հենց 15.07.2020թ.-ի բողոքում Բողոքաբերը նշում է փաստեր, որոնք, ըստ իրեն, բացարկի հիմք են հանդիսանում:
9. Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ
9.1. Ըստ Բողոքաբերի` 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.12.2019թ.-ի թիվ 50-Լ հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 05.02.2020թ.-ի եզրակացությունը:
9.2. Դա սխալ մեկնաբանություն է: ԲՈԿ-ը չի հիմնվել մասնագիտական հանձնաժողովի եզրակացության վրա, անցկացրել է ինքնուրույն հետազոտություն: Դա փաստվում է նրանով, որ 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանում առկա են մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից տարբերվող հիմքեր:
9.3. Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ զուտ արձանագրվել են որոշակի փաստեր, որոնք հիմք են հանդիսացել վարչական վարույթ հարուցելու համար: Անկախ այդ հանձնաժողովի եզրակացության հետագա գնահատականից (առավել ևս, որ եզրակացությունը չի բողոքարկվել), այն պետք է դիտարկել որպես վարչական վարույթ հարուցելու հիմք, սակայն ոչ երբեք վարչական ակտ կայացնելու հիմք:
9.4. Վարչական ակտը կայացվել է ԲՈԿ-ի կողմից իրականացված հետազոտության հիման վրա, որը փաստել է, որ Բողոքաբերի ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ: Այդ փաստն օբյեկտիվ գոյություն ունի անկախ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության վիճարկման հանգամանքից:
9․5․ Բողոքաբերի վկայակոչած՝ թիվ ՎԴ/10584/05/19 վարչական գործով կայացված դատական ակտը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, կարող է բողոքարկվել և բեկանվել, ուստի կարիք չենք տեսնում անդրադառնալու դրան։ Ընդ որում, կրկին ընդգծենք, որ Բողոքաբերի վերաբերյալ եզրակացությունը չի բողոքարկվել։
10. Հայեցողականության և կամայականության արգելման վերաբերյալ
10.1. Բողոքաբերը պնդում է, որ ԲՈԿ-ը խախտել է կամայականության արգելքի և հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքները, քանի որ այլ ատենախոսությունների դեպքում համանման գործընթաց չի նախաձեռնել:
10.2. Նախ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք»: Տվյալ դեպքում, Բողոքաբերը որևէ կերպ չի հիմնավորել իր կողմից վկայակոչված գործերի և իր գործի տարբերակիչ հիմքերի բացակայությունը։
10.3. Բողոքաբերին գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ վարչական ակտն անվավեր ճանաչելիս ԲՈԿ-ը չուներ հայեցողություն: Վերջինս պարտավոր է անվավեր ճանաչել վարչական ակտը, եթե բացահայտում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 11-րդ կետի խախտումներ, այն է` առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ:
10.4. Սա ինքնին արդեն բավարար է, որպեսզի Բողոքաբերի այս դատողությունը մերժվի: Եթե նույնիսկ ենթադրենք, որ ԲՈԿ-ը պարտավոր էր այդ երկու դեպքում էլ որոշում կայացնել նշված երկու անձանց գիտական աստիճանի շնորհումը վերացնելու մասին, Բողոքաբերը չի կարող դա վկայակոչել ի պաշտպանություն իրեն: Անձը չի կարող պահանջել իր հանդեպ կիրառել այն սխալ վարքագիծը, որը վարչական մարմինը կիրառել է այլ անձի նկատմամբ: Անձը կարող է պահանջել իր նկատմամբ կիրառել հայեցողական իրավաչափ լուծումներից որևէ մեկը: Իսկ, տվյալ դեպքում ԲՈԿ-ը, ինչպես նշվեց, հայեցողական լիազորություն չուներ:
10.5. Ինչ վերաբերում է այդ գործերին, ապա պետք է նշել, որ ԲՈԿ-ն իրականացրել է բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ էին համապատասխան վարչական վարույթ սկսելու համար, այդ թվում` ԿԳՄՍ նախարարության միջոցով դիմել էր արդարադատության նախարարությանը, ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգադրությունը և այդ գործերով եզրակացությունները ստանալուց հետո դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը` խնդրելով իրականացնել քննարկումներ, սակայն ԿԳՄՍ-ի անգործության պատճառով համապատասխան վարչական վարույթներ նախաձեռնելու համար վեցամսյա ժամկետը լրացել էր:
10.6. Դրանից հետո միայն ԲՈԿ-ը որոշել է ինքնուրույն իրականացնել շնորհված գիտական աստիճանների առնչությամբ վարչական վարույթները: Այս դեպքը Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, և վերադաս վարչական մարմինը պետք է դա հաշվի առնի: Այժմ, Հայաստանի համար գերակա շահ է շտկել գիտական աստիճանաշնորհման ոլորտը:
10.7. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` «Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում»:
10.8. Նույնիսկ, եթե ենթադրենք, որ առկա է հայեցողական լիազորություն, ԲՈԿ-ը գտնում է, որ Հայաստանի գերակա շահն է նախկինում տրված գիտական աստիճանների տրման գործընթացների վերանայումը, և վերջինս մտադիր է վերջ դնել նախկինում առկա մոտեցմանը, որ ԲՈԿ-ը չի կարող վերանայել արդեն իսկ տրված գիտական աստիճանները:
11. Սույն վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի՝ ԿԳՄՍ նախարարի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության վերաբերյալ
11․1․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս` կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե`
ա) առկա է սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը.
բ) մինչև գործի քննարկման ավարտը, տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ, մինչև ապացույցների հետազոտումը, կանխավ գնահատական է տվել դրանցից որևէ մեկին.
գ) տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը երբևէ գործել է ի շահ վարույթի մասնակիցներից որևէ մեկի.
դ) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ:
11․2․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը (եթե վարչական վարույթն իրականացնում է կոլեգիալ մարմինը, ապա կոլեգիալ մարմնի անդամը)պարտավոր է անհապաղ ինքնաբացարկ հայտնել:
11.3․ Ստորև ներկայացնում ենք այն հանգամանքները, որոնց առկայությունն առնվազն կասկած է հարուցում սույն գործի առնչությամբ ԿԳՄՍ նախարարի անաչառության նկատմամբ։ Այսպես.
Նախարարի կողմից 27․07․2020թ․ Կոմիտեի նախագահին է ուղղվել գրություն, որում տեղ են գտել հետևյալ դատողությունները․
«Միաժամանակ, 19.02.2020թ. դրությամբ ԲՈԿ-ը ունեցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29.08.2019թ. N 575-Ա/2 հրամանով ստեղծված Գ. Գալստյանի և 15.08.2019թ. N 449-Ա հրամանով ստեղծված Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունների վերաբերյալ բողոքն ուսումնասիրած հանձնաժողովների եզրակացությունները և չի ընդունել վերջիններիս նկատմամբ նման բնույթի վարչական վարույթի հարուցման որոշումներ՝ խախտելով վարչարարության` հայեցողական լիազորությունների սահմանափակման և կամայականության արգելքի սկզբունքները:»
«․․․Դուք պարտավոր էիք կասեցնել բողոքարկվող գործողությունը, մինչև վերադասության կարգով բողոքի քննարկման արդյունքում վերադաս վարչական մարմնի կողմից որոշում կայացնելը, սակայն Դուք 17.07.2020թ. N 107-Ա հրամանով, անտեսելով օրենքի պահանջը, անվավեր եք ճանաչել ՀՀ ԿԳՆ ԲՈՀ 17.02.2015թ. N 5Ա-Վ2 հրամանը։»
11.4․ Փաստորեն, նախարարը մինչև սույն բողոքարկման վարույթի ավարտը գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին։ Ընդ որում, ոչ միայն գնահատական է տվել, այլ նաև Կոմիտեի նախագահին ուղղակիորեն մեղադրել է վարչարարության մի շարք սկզբունքների խախտման և օրենքի պահանջն անտեսելու մեջ։ Հատկանշական է նաև, որ նախարարի այդ դիրքորոշումը բողոքաբերի կողմից ներկայացված բողոքում տեղ գտած մտքերի ուղղակի կրկնությունն է։ Նշենք նաև, որ մինչև սույն վարույթի ավարտը նախարարի կողմից գործի փաստական հանգամանքներին տրված գնահատականը կատարվել է հրապարակայնորեն, քանի որ նախարարի 27․07․2020թ․ գրությունը հասանելի է եղել ԿԳՄՍ նախարարության մի շարք աշխատակիցների՝ մասնավորաբար.
1. Արսեն Բաղդասարյանին,
2. Նաիրի Հարությունյանին,
3. Գյուլնարա Հովհաննիսյանին,
4. Սոնա Սարգսյանին։
11.5․ Բացի այդ, սույն վարույթը չի կարող համապատասխանել անաչառության՝ օրենքով ներկայացվող պահանջին, նաև հետևյալ պատճառաբանությամբ․
Նախարարի թե՛ 20․07․2020թ․, թե՛ 23․07․2020թ․ հրամաններով հանձնարարվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանին իրականացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական վարույթի փուլերին ներկայացվող անհրաժեշտ գործողությունները: Լուսինե Գրիգորյանը ևս, մինչև սույն գործի քննարկման ավարտը, հրապարակայնորեն արտահայտվել է գործի փաստական հանգամանքների մասին։ Օրինակ՝ Լուսինե Գրիգորյանը hraparak.am կայքին 20․07․2020թ․ հայտնել է հետևյալը.
«Հուլիսի 15-ին Դիանա Գալոյանը բողոքարկել էր ԲՈԿ-ի նախագահի հրամանը, որով նա ձեռնարկել էր Դիանա Գալոյանին գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցել։ Գալոյանը ներկայացրել է վարչական բողոք, և այդ կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն վարույթը կասեցվել է, հետևաբար ԲՈԿ-ը չէր կարող այդ մասով որոշում կայացնել, քանի դեռ նախարարությունում վարչական բողոք կա»։
Hraparak.am-ի հարցին, թե այսինքն՝ ԲՈԿ-ի որոշումը առոչի՞նչ է, Լուսինե Գրիգորյանը պատասխանել է․
«Այս պահին այո, այն առումով, որ կասեցված վարչական վարույթ է եղել, բայց ԲՈԿ-ը ակտ է հրապարակել։ Միաժամանակ նաև հաշվի առնելով, որ գիտական աստիճանները շնորհում են մասնագիտական խորհուրդները, հետևաբար մասնագիտական խորհուրդները, եթե օրենսդրությամբ նախատեսված կա, կարող են մարդուն զրկել գիտական աստիճանից։ ԲՈԿ-ը միայն վկայագրերով հաստատում, կամ չի հաստատում մասնագիտական խորհուրդների շնորհած գիտական աստիճանները»։»
11․6․ Այսպիսով, ոչ միայն սույն վարչական վարույթն իրականացնող անձի գործողություններն են խնդրահարույց վարչական վարույթի անաչառության ապահովման տեսանկյունից, այլ նաև սույն վարչական վարույթի փուլերին ներկայացվող անհրաժեշտ գործողություններն են կատարվել ոչ անաչառ անձի կողմից, ինչը ևս կասկածի տակ է դնում ողջ վարույթի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը։
11․7․ Վերը նշվածից ակնհայտ է, որ․
comment.count (0)