Կորոնավիրուս

Ընդհանուր առմամբ, հավաքների, խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր. ՀՀ ՄԻՊ

Ընդհանուր առմամբ, հավաքների, խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ իր ուղերձում պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումների, ներառյալ արտակարգ իրավիճակի ռեժիմի, ինչպես նաև 2020թ. պատերազմի, հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետևանքով առաջացած իրավունքներին և ազատություններին ուղղված եզակի մարտահրավերներին: Քրիստիննե Գրիգորյանը ընդգծել է, որ չնայած հետպատերազմյան տրավմատիկ մթնոլորտը քաղաքական և ոչ քաղաքական հավաքների համար ստեղծել է հատուկ միջավայր՝ հանրային խոսույթում ատելության խոսքի և բևեռացման ցայտուն գերակայությամբ՝ ընդհանուր առմամբ, հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր։ Ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տարվող աշխատանքները՝ պաշտպանը նշել է, որ աշխատակազմը շարունակում է իրականացնել բոլոր ցույցերի և հավաքների մշտադիտարկում, արագ արձագանքման խմբերը մասնավոր հարցազրույցներ են անցկացնում բերման ենթարկվածների հետ, իրականացվում է զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկում, ինչպես նաև շուրջօրյա՝ 24/7 թեժ գիծը տրամադրում է խորհրդատվություն և աջակցություն։ Աշխատակազմը արձանագրում է խախտումները, բացահայտում իրավապահների վարքագծի բացերը, պահանջում տրամադրել պարզաբանումներ և ներկայացնում է առաջարկություններ։ Եզրափակելով ելույթը՝ պաշտպանն անդրադարձել է արդի մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ամբոխի կառավարման համար նախատեսված դասընթացների բացակայությունը, ոստիկանության համար անբավարար ուղղորդումը և ոչ հստակ ստանդարտ օպերատիվ ընթացակարգերը, այդ թվում՝ ուժի համաչափ կիրառման և երկխոսության վերաբերյալ, կին ոստիկանների գրեթե բացակայությունը, հասարակության անդամների կողմից կիրառվող ատելության հռետորաբանությունը, ինչպես նաև  հավաքների կազմակերպիչների մոտ ժողովրդավարական խաղի կանոնների ընկալման բացերը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:16 - 20 հունիսի, 2022
Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել
 |civilnet.am|

Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ կապված․ այդ մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Քրեական գործ հարուցվել է՝ հաշվի առնելով ֆինանսների նախարարության համապատասխան ստուգումներն ու Հաշվեքննիչ պալատի վերջին հաշվեքննությունը։ Անցյալ ամիս Հաշվեքննիչ պալատը հանդես էր եկել կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի աղմկոտ հաշվեքննությամբ։ Դրանով պարզվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։ Ինչպես ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին դատախազությունից, վարչապետի հանձնարարականի համաձայն, դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստացել ու ուսումնասիրել է առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի բուժման գործընթացի վերաբերյալ իրականացրած ստուգման, հաշվեքննության ակտերը։ Դրա արդյունքում դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեին հանձնարարել է նյութեր նախապատրաստել։ Մայիսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Հունիսի 10-ին Ազգային ժողովում քննարկում էր կայացել պատգամավորների և Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների միջև։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզաբանումներ էին պահանջում Հաշվեքննիչ պալատի նախագահից Ատոմ Ջանջուղազյանից՝ առողջապահության նախարարության կողմից համավարակի ժամանակ տեղի ունեցած խախտումների բարձրաձայնման համար։  
16:17 - 14 հունիսի, 2022
Գերմանիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը
 |hetq.am|

Գերմանիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը |hetq.am|

hetq.am: Գերմանիայում կորոնավիրուսի օմիկրոն տարբերակի շարունակվող ալիքի ֆոնին կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի պաշտոնական թիվը։ Deutsche Welle-ի փոխանցմամբ, որը հղում է անում Ռոբերտ Կոխի ինստիտուտի հրապարակած տվյալներին, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 105 840 նոր դեպք, ինչը 104 030-ով ավելին է, քան մեկ շաբաթ առաջ։ Հունիսի 7-ին, եռօրյա հանգստյան օրերից հետո առաջին աշխատանքային օրը, այս ցուցանիշը 1750 էր։ RKI-ը նշում է, որ տոնական օրերի և դրանից հետո առկա տվյալները կարող են էականորեն տարբերվել իրական իրավիճակից, քանի որ այդ օրերին քիչ թվով թեստեր են արվել և ուշացել է որոշ տեղերից տեղեկատվության ժամանակին փոխանցումը։ Բացի այդ, փորձագետները վստահ են, որ վարակվածների իրական թիվը գերազանցում է պաշտոնական թիվը, քանի որ COVID-19-ով վարակված բազմաթիվ անձինք չեն հանձնում ՊՇՌ-թեստ, այդ իսկ պատճառով չեն հայտնվում վիճակագրության մեջ։ Այսպիսով, Գերմանիայում վարակման յոթօրյա ցուցանիշը 100 000 բնակչի թվաքանակով հասել է մինչև 447,3 դեպքի։ Նախօրեին այն կազմել էր 331,8, մեկ շաբաթ առաջ՝ 199,9 դեպք, իսկ մեկ ամիս առաջ՝ 477,0։ Այդ երկրում կորոնավիրուսից մահացության թիվը հասել է 139 914-ի։ Լուսանկարը՝ John Macdougall/Pool via REUTERS/File Photo
16:01 - 14 հունիսի, 2022
Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր սահմանափակումները

Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր սահմանափակումները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ չեղարկվում են Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր կորոնավիրուսային սահմանափակումները։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը հրապարակվել է այսօր ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։ Փոփոխություններ են արվել ՌԴ կառավարության 2022 թ-ի մայիսի 20-ի հրամանագրում, որում նշված է «օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվել են տրանսպարտային հաղորդակցության ՌԴ սահմանած ժամանակավոր սահմանափակումները»։ Այժմ այդ ցանկում ներառվել է Հայաստանն ու Ղրղզստանը։ Տրանսպորտային սահմանափակումները չեղարկվում են՝ այդ ցանկում պետության ներառման պահից սկսած։ Ժամանակավոր միջոցները կիրառվել էին ՌԴ նախագահի 2021 թ-ի 15-ի հրամանագրով և վերաբերում էին Ռուսաստանում օտարերկրացիների իրավական դրության կարգավորմանը՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին։ Հրամանագրով, մասնավորապես, կասեցվել էր ՌԴ-ում օտարերկրացիների համար ժամանակավոր կացության թույլտվության և կացության իրավունքի գործողության ժամկետների ընթացքը։ Այժմ հաստատվել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվում են տրանսպորտային սահմանափակումները, հետևաբար՝ այս պետությունների քաղաքացիների համար 90 օրից կվերականգնվի ՌԴ-ում գտնվելու ժամկետների ընթացքը։Նորա Վանյան
17:35 - 07 հունիսի, 2022
Բորիս Ջոնսոնը հաղթել է անվստահության քվե հայտնելու քվեարկությունում. նա շարունակում է մնալ վարչապետ |tert.am|

Բորիս Ջոնսոնը հաղթել է անվստահության քվե հայտնելու քվեարկությունում. նա շարունակում է մնալ վարչապետ |tert.am|

tert.am: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու վերաբերյալ Պահպանողական խմբակցության անդամների գաղտնի քվեարկությունն ավարտվել է վարչապետի օգտին, գրում է BBC-ն։ Պաշտոնը պահպանելու համար Ջոնսոնին անհրաժեշտ էր հավաքել իր կուսակցության ներկայացուցիչների առնվազն կեսի և ևս մեկ ձայն, այսինքն՝ առնվազն 180 ձայն։ Վարչապետին աջակցել է 211 պատգամավոր։ Դեմ էին 148-ը։ Հիշեցնենք, որ Ջոնսոնի հրաժարականի մասին խոսվում էր 2022 թվականի սկզբից։ Պատճառը 2020 թվականի մայիսին լոքդաունի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում երեկույթների մասին լրատվամիջոցների հրապարակումներն են։ Բորիս Ջոնսոնը հրապարակավ ներողություն է խնդրել, սակայն հրաժարվել է հեռանալ պաշտոնից։
10:01 - 07 հունիսի, 2022
Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել․ ինչո՞վ է դա պայմանավորված․ Reuters

Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել․ ինչո՞վ է դա պայմանավորված․ Reuters

Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել մայիսին։ Եվրոգոտու 19 երկրներում գնաճը ապրիլին 7,4% տոկոս է եղել, իսկ մայիսին հասել է 8,1%-ի՝ գերազանցելով 7,7% կանխատեսումները, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Սա նշանակում է, որ դա արդեն կապված չէ պարզապես էներգակիրների գների աճի հետ։ «Գնաճի խնդիրը եվրոգոտում վատթարանում է։ Գների մասին այսօրվա տվյալները կրկին ավելացնում են Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) վրա ճնշումը, որպեսզի այն դադարեցնի իր չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականությունը», - ասում է «Կոմերցբանկի» տնտեսագետ Քրիստոֆ Վայլը: Եվրոգոտու երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է, քանի որ այս տվյալներն ուժեղացրել են այն ակնկալիքները, որ Եվրոպական կենտրոնական բանկը կարող է արագացնել իր քաղաքականության խստացումը։ Վերջին մեկ տարում գների կտրուկ աճ է գրանցվել ողջ Եվրոպայի տարածքում, սկզբից՝ համավարակից հետո մատակարարման շղթաների հետ կապված խնդիրների, հետո արդեն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով։ Գների արագ աճի այս ժամանակաշրջանն, ըստ էության, փոխարինելու է գալիս գնաճի գերցածր ցուցանիշները, որոնք գրանցվում էին նախորդ տասնամյակում։ Թեև գնաճն այս պահին քառակի գերազանցում է ԵԿԲ համար ցանկալի 2%-ը, բանկը պետք է ավելի շատ մտահոգվի բազային գների արագ աճով, քանի որ դա ցույց է տալիս, որ այն, ինչ կարճատև աճ էր թվում, այժմ սկսում է կայուն բնույթ կրել։ Հույս ունենալով զսպել արժեզրկումը, ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդն ու գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնն արդեն նախանշել են 25 բազիսային կետով ավանդային տոկոսադրույքի բարձրացումը․ այժմ այն կազմում է մինուս 0.5%։ Սակայն որոշ տնտեսագետներ կասկածում են, որ դա բավարար կլինի, հատկապես, որ բազային արժեզրկումը նվազման միտումներ չի գրանցում: Բանն այն է, որ, հենց էներգակիրների բարձր գները սկսում են անդրադառնալ տնտեսության վրա, արժեզրկումը սկսում է կայուն բնույթ կրել՝ ի վերջո ամրապնդվելով «գին-աշխատավարձ» պարույրի միջոցով։ Ահա թե ինչու են Ավստրիայի, Նիդերլանդների և Լատվիայի կենտրոնական բանկերն ասում, որ հուլիսին 50 բազիսաին կետով տոկոսադրույքի բարձրացումը պետք է բանակցությունների սեղանին լինի։ ԵԿԲ հաջորդ նիստը կայանալու է հունիսի 9-ին»: Նորա Վանյան
17:45 - 01 հունիսի, 2022