Արմեն Փամբուխչյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 26-ին՝ Երևանում: 2001 - 2006 թթ․ սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագետի որակավորում։ 2002-2004 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2018 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ ապա՝ հոկտեմբեր ամսից՝ առաջին տեղակալ։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

2020 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԱԻՆ փոխնախարար։

2022 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

Լվովյան փողոցում մարտի 5-ին նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն

Լվովյան փողոցում մարտի 5-ին նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը մարտի 4-ին հանդիպել է Լվովյան փողոցի բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները: Քաղաքապետի տեղակալն այս հանդիպման հետ կապված մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ: Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն: Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»,- գրել է Փամբուխչյանը: Օրեր առաջ Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն:
17:37 - 04 մարտի, 2024
Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականության անօրինական շինությունները. Փամբուխչյան

Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականության անօրինական շինությունները. Փամբուխչյան

Կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն: Այդ մասին ասված է Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի Ֆեյսբուքի էջում։ «Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել: Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները: Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը: Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով՝ պատրաստակամ ենք աջակցել գործընթացին»,- նշված է գրառման մեջ:
13:34 - 29 փետրվարի, 2024
Երևանի քաղաքապետարանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կգործակցեն մի շարք բնագավառներում

Երևանի քաղաքապետարանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կգործակցեն մի շարք բնագավառներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղու խնդիրների ու երկկողմ գործակցության վերաբերյալ:  Կարևորելով կառույցի դերը երկաթուղային ցանցի զարգացման տեսակետից՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ընկերությանը Երևանի տարածքում նախաձեռնված ծրագրերն իրականացնելու գործում:  Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ իրենց ծրագրերն առաջնահերթորեն միտված են քաղաքացիների համար անվտանգ ու հարմարավետ ուղևորափոխադրում ապահովելուն: 2023 թ. ընդհանուր առմամբ ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից:
17:56 - 08 փետրվարի, 2024
Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր

Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի հետ: Անդրադառնալով ֆրանսիական տարբեր քաղաքների հետ հաստատված ապակենտրոնացված համագործակցությանը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործընկեր քաղաքների ունեցած փորձն ու այն կիրառելու հնարավորությունը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նկատել է, որ  նման փոխայցելությունները լավ հնարավորություն են՝ խորացնելու երկկողմ հարաբերություններն ու ավելի հստակ պատկերացում կազմելու փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:  Շնորհակալություն հայտնելով ֆրանսիական քաղաքների հետ գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում ու Երևանում իրականացվող բարեփոխումների օրակարգին:  
19:01 - 04 դեկտեմբերի, 2023
Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նոր ղեկավարներին

Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ ու աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանին, Ալբերտ Հովասափյանին և Ռոմիկ Մխիթարյանին: Շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու առթիվ՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ քաղաքի կառավարման պատասխանատվությունն ստանձնած երկու կուսակցությունները, համատեղելով ջանքերը, անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչվեն նախաձեռնած ծրագրերն ու բնակիչներին տված բոլոր խոստումները: Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է կյանքի կոչվող նախագծերի պարագայում համագործակցված աշխատանքն ու հետևողականությունը:
16:59 - 03 նոյեմբերի, 2023
Փամբուխչյանը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ․ «Ազգային առաջընթացը» «Հանրային ձայն»-ին կոչ արեց չապահովել քվեարկության քվորում

Փամբուխչյանը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ․ «Ազգային առաջընթացը» «Հանրային ձայն»-ին կոչ արեց չապահովել քվեարկության քվորում

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Օրակարգում է նաև Երևանի փոխքաղաքապետների ընտրությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ օրակարգի՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է ՔՊ վարչության անդամ, ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։ Թեկնածուներից առաջինը ելույթ ունեցավ Արմեն Փամբուխչյանը։ Այնուհետև «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը կոչ արեց «Հանրային ձայն» խմբակցությանը չգրանցվել քվեարկությանը և թույլ չտալ, որ Երևանում իշխանություն ձևավորվի։ Այս ելույթից հետ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը դուրս եկավ նիստերի դահլիճից, ինչը վրդովվեցրեց «Հանրային ձայն» խմբակցության անդամներին։ Ի պատասխան՝ ելույթ ունեցավ Նանա Սարգսյանը՝ նշելով, որ «այս ներկայացումը իրենց ժամանակն է խլում», և որ իրենք կսպասեն «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների «լայվերին»։ Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն։ Մինչ այդ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ ձեռնպահ են քվեարկելու բոլոր թեկնածուներին, քանի որ ծանոթ չեն նրանց ու նրանց գործունեությանը։ Քվեարկությամբ Արմեն Փամբուխչյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։ Նշենք, որ եթե «Հանրային ձայն»-ը չգրանցվի քվեարկության համար, փոխքաղաքապետ ընտրելու համար քվորում չի լինի։ Նիստը այս պահին շարունակվում է։
10:44 - 26 հոկտեմբերի, 2023
Բացառում ենք ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը․ ՔՊ նախընտրական շտաբ

Բացառում ենք ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը․ ՔՊ նախընտրական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը գրում է․ «Սիրելի երևանցիներ, ուզում ենք անդրադառնալ վերջին օրերին համացանցում որոշ ուժերի կողմից տարածվող 2 թեզի 1. «ՔՊ նախընտրական շտաբում եղել են ցուցակներ»։ Այո, եղել են։ Դրանք ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրողների ցուցակներն են, որոնք տպված են police. am կայքից և հասանելի են բոլորին։ Այդ ցուցակները հրապարակվում են հենց նրա համար, որ ընտրողները և քաղաքական ուժերը ստուգեն ու ուսումնասիրեն դրանք, ինչը և անում են մեր ենթաշթաբները։ Ու երբ ընտրություններից 7 օր առաջ հրապարակվեն ընտրողների վերջնական ցուցակները, դրանք ևս ստուգվելու և ուսումնասիրվելու են մեր թիմի կողմից։ 2. «Մանկապարտեզներից մարդ են բերել հանրահավաքին»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք բացառում ենք ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը։ Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ ՈՒ մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի։ Եթե հանդիպեք նման դեպքի անկախ նրանից թե ում կողմից է և ում օգտին հորդորում ենք դիմել իրավապահ մարմիններին, եթե ունեք կաշկանդվածություն, կարող եք դիմել մեր նախընտրական շտաբ և մենք ինքներս կդիմենք իրավապահներին։ Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե կարող է մեզ նման պիտակ կպցնել։ Բայց սրան զուգահեռ, ուզում ենք նաև նշել, որ միայն վերջին տարում մենք հիմնանորոգել ենք 24 մանկապարտեզ, խոստացել ենք հիմնանորոգել Երևանի առանց բացառության բոլոր մանկապարտեզները։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսել ենք այն մասին, որ պատրաստվում ենք շոշափելիորեն բարձրացնել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը ու այս ամենի մասին մոռանալ ևս չի կարելի։ Այնուամենայնիվ ևս մեկ անգամ շեշտում ենք՝ ցանկացած ապօրինի գործողության մասին մեզ հայտնի դարձած տեղեկատվությունը մենք անմիջապես փոխանցելու ենք իրավապահ մարմիններին, ինչը հորդորում ենք անել նաև մյուս քաղաքական ուժերին»։ Նշենք, որ վարչական ռեսուրսի չարաշահման մասին հայտնել էր քաղաքացի Արթուր Չախոյանը։
21:41 - 09 սեպտեմբերի, 2023
«Բացարձակ զրպարտություն է»․ ՔՊ-ից մեկնաբանում են «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը

«Բացարձակ զրպարտություն է»․ ՔՊ-ից մեկնաբանում են «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը

Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը անդրադարձել է «Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտարկմանը, ըստ որի՝ «հավաքագրում են աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար»։ «Սիրելի՛ քաղաքացիներ, այսօր առավոտից տարածվող «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը բացարձակ զրպարտություն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր գործունեության ընթացքում միշտ մերժել և շարունակում է մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին, երթերին ներգրավելու արատավոր երևույթը։ Այսօր առավոտյան հոդվածը լույս տեսնելուց անմիջապես հետո Կուսակցության նախընտրական շտաբը կապ է հաստատել առանց բացառության բոլոր ենթաշտաբների պետերի հետ։ Կարող ենք փաստել, որ կուսակցության ո՛չ կենտրոնական շտաբը, ո՛չ ենթաշտաբները որևէ առնչություն չունեն հոդվածում նկարագրվող պրոցեսների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացնում է բացառապես օրենքով սահմանված կարգով, օգտվելով միայն վճարովի գովազդային և այլ այնպիսի ծառայություններից, որոնք արգելված չեն օրենքով և չեն հակասում մեր արժեքներին։ Որպես օրինակ՝ գովազդային գործակալությունների հետ սահմանված կարգով համագործակցում ենք՝ պաստառներ փակցնելու, թռուցիկներ տարածելու, լեդ էկրանների վրա գովազդային հոլովակներ տեղադրելու և նման այլ հարցերով։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անհապաղ ստուգել հրապարակված հոդվածում առկա տեղեկատվության իսկությունը և դրանում քրեաիրավական գնահատականի արժանի արարքի առկայությունը։ Աներկբայորեն պետք է պարզել այս գործողությունը կատարողի կամ այս պատմությունը բեմադրողի ինքնությունը։ Հարկ ենք համարում շեշտել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակն է, որ քարոզարշավի առաջին օրվանից ցայսօր ամեն օր հրապարակել է իր քարոզարշավի անցկացման օրը, ժամը և վայրը՝ ամբողջ պրոցեսը մաքսիմալ թափանցիկ դարձնելով լրատվամիջոցների համար։ Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն արդեն երկրորդ անգամ է նախընտրական փուլում զրպարտական բնույթի նյութ տեղադրում և թիրախավորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նախորդ անգամ առաքելության անդամները որպես վարչական լիազորությունների չարաշահում էին ներկայացրել մեր՝ արձակուրդում գտնվող ավագանու թեկնածուներից մեկի՝ քարոզչական բնույթի ֆեյսբուքյան հետնանկարի տեղադրումը։ Բոլոր հետաքրքրված լրագրողներին, ՀԿ և դիտորդական առաքելությունների անդամներին և, իհարկե, քաղաքացիներին հրավիրում ենք օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրում իրականացվող մեր քարոզարշավներին՝ սեփական աչքերով տեսնելու թե՛ մեր քարոզարշավը, թե՛ մեր թիմակիցների մոտիվացիան, որը ի տարբերություն շատերի փողը չէ»։
17:46 - 04 սեպտեմբերի, 2023
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանորդ Իռակլի Կվանչախաձեն և ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը: Ողջյունելով հյուրերին՝ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Գ. Շարվաշիձեին դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻՆ ղեկավարն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-վրացական, նաև Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ համագործակցությանը՝ բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում և որպես պիլոտային նախագիծ իրականացնել Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և փոխանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։ Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։
13:05 - 06 մարտի, 2023
Տարվա ընթացքում փրկարարները նվիրումով և անձնվիրաբար են կատարել իրենց առջև դրված խնդիրները. ԱԻ նախարար

Տարվա ընթացքում փրկարարները նվիրումով և անձնվիրաբար են կատարել իրենց առջև դրված խնդիրները. ԱԻ նախարար

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուկչյանը շնորհավորել է գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը: Տեսաուղերձում մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ,Փրկարար ծառայողներ, վետերաններ Ամփոփելով անցնող տարին՝ 2022 թվականը, ցանկանում եմ նշել, որ տարին բարդ էր բոլորիս համար․ պետության առջև ծառացած անվտանգային խնդիրներն անմասն չեն թողել ոչ ոքի, և այդ մարտահրավերները հաղթահարելու, պետությունն ավելի ամրապնդելու առաքելությունը յուրաքանչյուրինս է։Տարվա ընթացքում հաղթահարել ենք մի շարք փորձություններ, արտակարգ իրավիճակներ, և բոլոր դեպքերում մեր փրկարարները ուժերի գերլարումով, մեծագույն նվիրումով և անձնվեր մոտեցմամբ են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Չնայած դժվարություններին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունեցել է մի շարք ձեռքբերումներ․ շենքային և գույքային բարելավում, տեխնիկական հագեցվածություն, մասնագիտական վերապատրաստումներ, միջազգային սերտ համագործակցություն և փորձի փոխանակում։Լիահույս եմ, որ արդեն իսկ դրված ամուր հիմքերի վրա եկող տարում կկարողանանք կառուցել ավելի հզոր քաղպաշտպանական համակարգ, աղետների և ռիսկերի կանխարգելմանը, նվազեցմանն ուղղված գործուն մեխանիզմներ։ Վստահ եմ, որ մշակվող հետագա ռազմավարության շրջանակներում նախատեսվող փոփոխությունները և բարեփոխումները կնպաստեն արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների և ենթակա կառույցների զարգացմանն ու առաջընթացին։Սիրելի՛ քաղաքացիներ, գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ, որ մեր պետությունը 2023 թվականին զերծ մնա արտակարգ իրավիճակներից, սահմանին տիրի խաղաղություն, իսկ մեր ընտանիքներում հաջողությունները լինեն անպակաս»։
14:57 - 31 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքը բացելու համար Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել. Փամբուխչյան
 |news.am|

Լաչինի միջանցքը բացելու համար Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել. Փամբուխչյան |news.am|

news.am: Լաչինի միջանցքում Արցախի ներքին գործերի նախարարության հերթապահող անցակետեր կան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: «Ներկա պահին, ցավոք սրտի, միջանցքը շարունակում է ամբողջությամբ փակ մնալ», - նշեց նա՝ հավելելով, որ քաղաքացիները, որոնք ճանապարհի փակ լինելու հետևանքով մնացել են Գորիսում, նրանց պատշաճ կերպով ցուցաբերվում է օգնություն։ Հարցին, թե Ադրբեջանի կողմից ի՞նչ պահանջ է դրվել Հայաստանի իշխանությանը միջանցքը բացելու համար, Փամբուխչյանը պատասխանեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել. «Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել ու հետևողականորեն գնալու ենք նրան, որ Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքն, եւ մեր 120 հազար մեր հայրենակիցները դուրս գան շրջափակումից», - ընդգծեց ԱԻ նախարարը։
13:25 - 22 դեկտեմբերի, 2022
Արմեն Փամբուխչյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է բնակչության պաշտպանության ոլորտում փրկարար ծառայության կարողությունների հզորացումը

Արմեն Փամբուխչյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է բնակչության պաշտպանության ոլորտում փրկարար ծառայության կարողությունների հզորացումը

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և միջազգային համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։   Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վիկտորինին հանդիպման համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին։ Մասնավորապես քննարկվել է «Բնակչության պաշտպանության ոլորտում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագիրը»։     Գերատեսչության ղեկավարը կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագիրը, ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ նորարարական գիտատեխնիկական և հետազոտական ծրագրերի աջակցության «Հորիզոն 2020» ծրագիրը։     Դեսպան Վիկտորինը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ ԵՄ-ն մշտապես պատրաստ է զարգացնելու համագործակցությունը։   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։
17:40 - 18 նոյեմբերի, 2022
Պարգևատրվել են «Սուրմալուի» ողբերգության հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները

Պարգևատրվել են «Սուրմալուի» ողբերգության հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի, տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը:   ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով նրանց հանձնվել են շնորհակալագրեր և պատվոգրեր:   Արարողությունն անցկացվել է արտակարգ իրավիճակների նախարարությունում, պարգևները հանձնել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:   Պարգևատրվել են մի շարք քաղաքացիներ, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների, Հայկական կարմիր խաչի ընկերության, «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության, շինարարական կազմակերպությունների, ձեռնարկությունների ներկայացուցիչները, Արաբկիր, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները՝ Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը և Արտակ Հովակիմյանը:  
12:54 - 04 նոյեմբերի, 2022
Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության քաղաքականության հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է ինչպես առկա համագործակցության խորացման, այնպես էլ նոր առաջարկների քննարկման համար: Ի պատասխան՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ դեսպանությունը նոր է սկսել իր առաքելությունը Հայաստանում և այժմ իր առջև ունի դրված խնդիր տարբեր ոլորտներում ակտիվացնելու  հայ-նիդերլանդական համագործակցությունը, իսկ իր այցի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակների բնագավառում հնարավոր ուղղությունների նախանշումն է: Դեսպանը հատուկ մեջբերել է իր երկրի առաջնահերթությունները համարվող երեք հիմնական ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և լավ կառավարման մեխանիզմներ: Նա նշել է, որ գենդերային հավասարության խնդիրը խիստ շեշտադրված է նիդերլանդական կառավարության քաղաքականության մեջ: Ի պատասխան՝ նախարար Փամբուխչյանը հայտնել է, որ դեսպանի մեջբերած առաջնահերթությունները ամուր հիմքերի վրա դրված են թե´ ՀՀ կառավարության, թե´ ԱԻ նախարարության գործունեության հիմքում, և որ նախարարության կադրային քաղաքականությունը հիմնվում է հենց այս սկզբունքի վրա: Կանայք նախարարության և´ սպայական կազմում, և´ քաղաքացիական ծառայության համակարգում  հավասար մրցութային հիմունքներով մասնակցում և զբաղեցնում են բարձր պաշտոններ, ինչպես նաև ստանում բարձր սպայական կոչումներ: Նախարարը շեշտել է, որ թեև Նիդերլանդները ամենահաճախը աղետներից առնչվում են հեղեղումների հետ, սակայն մեծ է նաև անտառային հրդեհների վտանգը, և որ Հայաստանը  պատրաստ է կիսվելու անտառային հրդեհների դեմ պայքարի իր ունեցած հարուստ փորձով: Նա դեսպանին ներկայացրել է վերջին տարիներին անտառային հրդեհների դեմ պայքարի հայկական փորձառությունը՝ ի դեմս Խոսրովի արգելոցում տեղի ունեցած խոշոր և շարունակաբար ավելի փոքր ծավալներով կրկնվող միջադեպերի: Հայտնել է, որ այս առումով ԱԻՆ-ը շարունակաբար կատարելագործում է իր կարողություններն ու հմտությունները և պատրաստ է Նիդերլանդների ոլորտի պատասխանատուների հետ համագործակցության ակտիվացման և փորձի փոխանակման համար: Արմեն Փամբուխչյանը հայտնել է նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում կամավորական ջոկատների ստեղծման ուղղությամբ, ինչը ենթադրում է դժվար հասանելիություն ունեցող տեղամասերում առաջին արձագանքողների թվի ավելացում և կարողությունների կատարելագործում: Դեսպանը ողջունել է կամավորական ջոկատների զարգացման գաղափարը և նշել, որ տեղյակ է տարվող աշխատանքներից և կամավորների գործունեությանն անձամբ ծանոթացել է Խոսրովի արգելոցում: Դեսպան Սխեմերսն անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային, հայտնել է, որ ի թիվս այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների՝ այցելել է Ջերմուկ, Վարդենիս և Սոթք, տեղում ծանոթացել իրավիճակին: Դեսպանը հատուկ շեշտեց, որ թիրախային հատվածներում բնակչության անվնաս դուրսբերման և պաշտպանության գործում խիստ հատկանշական է ԱԻՆ անձնակազմի ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածությունը: Դեսպանն անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ստեղծման թեմային՝ հայտնել է, որ բարեփոխումների մշակման գործում Նիդերլանդներն իր մասնակցությունն է ունեցել խորհրդատվության առումով: Դեսպանը հայտնել է, որ պատրաստ է հանդես գալու որպես կոնտակտային անձ նոր ստեղծվող նախարարության և Նիդերլանդների ՆԳՆ միջև նախատեսվող համագործակցության ձևավորման գործում, ինչպես նաև հանձն առավ քննարկված թեմաների շուրջ համագործակցային կապերի ստեղծման համար՝ թե անտառային հրդեհների, և թե սեյսմոլոգիայի ոլորտներում:     
18:21 - 12 հոկտեմբերի, 2022
Շարունակվում են Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր․ ԱԻՆ

Շարունակվում են Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր․ ԱԻՆ

Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։    Գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանի առաջին կանգառը մարզային փրկարարական վարչությունն էր: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել փրկարար ծառայության մարզային կառույցի ղեկավարության և աշխատակիցների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:   Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Վարդենիս խոշորացված համայնք։ ԱԻ ղեկավարը հանդիպում է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ: Կողմերը քննարկել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր:   Նախարար Ա. Փամբուխչյանը վերահաստատել և վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նախորդ շաբաթ այցելել էր նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզեր:
16:49 - 19 սեպտեմբերի, 2022