Բելգիա

Սահմանադրական միապետություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։ Տարածքը 30 528 կմ² է, բնակչությունը 11 150 516 մարդ։

Բելգիան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն կունենա |1lurer.am|

Բելգիան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն կունենա |1lurer.am|

1lurer.am: Բելգիայի արտգործնախարար Հաջի Լահբիբի առաջարկով Բելգիան որոշում է կայացրել դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Քիշնևում և Երևանում։ Այս մասին նշված է Բելգիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Ասվում է, որ Ուկրաինայում պատերազմը ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանին և Բրյուսելի դիվանագիտական ցանցը հարմարեցնել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին: «Բելգիան լիովին աջակցում է եվրոպական ջանքերին, որոնք կարող են նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության միջոցով, որում Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ: Մեր երկիրը նույնպես մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում կայունությանն ու բարիդրացիական հարաբերություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:37 - 13 մայիսի, 2023
Բելգիացի և ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը

Բելգիացի և ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը

Բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։ «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, անհապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակետը, դադարեցնել թշնամական քաղաքականությունը Արցախի բնիկ հայ բնակչության դեմ և հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորագրած անձինք հիմնականում Ֆլամանդական և Վալոնական խորհրդարաններում Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ են, որոնց հետ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը ունի երկար և շարունակական դինամիկ հարաբերություններ: «Բարձր եմ գնահատում նմանատիպ նախաձեռնությունները քաղաքական և հասարակական անձանց կողմից, ովքեր Բելգիայում և Ֆրանսիայում հարգանք են վայելում քաղաքական և հասարակական շրջանակներում: Սա քաղաքացիական գործիք է, որը ստիպում է Եվրոպական երկրներում և ԵՄ գործադիր իշխանությանը այս հարցը օրակարգում պահել և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:Մենք էլ մեր հերթին կշարունակենք մեր ամենօրյա ակտիվ աշխատանքը քաղաքական և հասարակական տարբեր շրջանակների հետ, որպեսզի Արցախի խնդրի վերաբերյալ ընդունվեն հայանպաստ և բարենպաստ որոշումներ և գործողություններ»,- արձագանքելով նախաձեռնությանը՝ նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:  
14:17 - 05 մայիսի, 2023
Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է. ՊՆ

Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է. ՊՆ

Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:  
21:47 - 11 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանը Բահրեյնում հանդիպել է Բելգիայի, Հունգարիայի և Եգիպտոսի խորհրդարանների ղեկավարների հետ

Ալեն Սիմոնյանը Բահրեյնում հանդիպել է Բելգիայի, Հունգարիայի և Եգիպտոսի խորհրդարանների ղեկավարների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:  Գործընկերային հանդիպումների եւ պաշտոնական ճաշկերույթի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանների ղեկավարներին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի կողմից վարվող հակահայ քարոզչության եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը: Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակմանն առնչվող եւ չլուծված հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լազլո Կովերը հետաքրքրվել է Լաչինի՝ որպես կյանքի միջանցքի ճգնաժամի հետեւանքներից, քննարկվել են նաեւ տարբեր միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնման արդյունքները: ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Եգիպտոսի խորհրդարանի ղեկավարի հետ:
16:52 - 13 մարտի, 2023
Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև են ընդունել
 |armenpress.am|

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև են ընդունել |armenpress.am|

armenpress.am: Բելգիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանին հորդորելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում կատարված գրառումից: «Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը», - նշված է գրառման մեջ: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 9 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 10 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 58 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։  Արցախը շրջափակման մեջ է։
10:30 - 01 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։  ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։ Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը, գործարար շփումների ակտիվացումը։
09:54 - 24 հունվարի, 2023
Բելգիայում կոռուպցիայի գործով ձերբակավել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը |hetq.am|

Բելգիայում կոռուպցիայի գործով ձերբակավել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը |hetq.am|

hetq.am: Բելգիայում ձերբակալվել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ և հունական սոցիալիստների ներկայացուցիչ Էվա Կելին։ Այդ մասին հայտնում է AFP-ն։ Բելգիական Le Soir թերթը նշում է, որ Կելին կասկածվում է կոռուպցիոն գործարքի մեջ։ Քրեական գործը կարող է կապ ունենալ ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որն ընթանում է Կատարում։ Ինչպես հայտնել է Բելգիայի դաշնային դատախազությունը, դաշնային դատական ոստիկանությունը Բրյուսելի մի քանի մունիցիպալիտետների 14 տարբեր հասցեներում իրականացրել է 16 խուզարկություն՝ «քրեական կազմակերպության ենթադրյալ գործողությունների, կոռուպցիայի և փողերի լվացման հետաքննության շրջանակներում»։ Առգրավվել է 600 000 եվրո կանխիկ գումար, ինչպես նաև՝ համակարգիչներ և բջջային հեռախոսներ։ Խուզարկության ընթացքում ձերբակալվել է ևս չորս մարդ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի իտալացի նախկին պատգամավորներից մեկը, որն անդամակցում էր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին (S&D)։ Վերջինիս անունը չի նշվում։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
14:33 - 10 դեկտեմբերի, 2022
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Դաշնային օմբուդսմաններին

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Դաշնային օմբուդսմաններին

Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի ֆրանսախոս և հոլանդախոս Դաշնային օմբուդսմաններին: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։  Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները: Բելգիայի հոլանդախոս օմբուդսման Դեյվիդ Բաելը ներկայացրել է Բելգիայի օմբուդսմենական հաստատության գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել հաստատության կողմից քաղաքացիական ծառայողների բարեվարքության ստուգման մեթոդաբանությանն ու գործիքակազմին, անցկացվող հետաքննությունների գործընթացին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկու հաստատությունների միջև:
09:47 - 11 նոյեմբերի, 2022
Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողություններ. Արտակ Բեգլարյանը՝ Բելգիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը

Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողություններ. Արտակ Բեգլարյանը՝ Բելգիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը

Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը հանդիպել են Բելգիայի Թագավորության Սենատի անդամ, Խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իրագործված ադրբեջանական ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի հետևողական ու համակարգային կիրառման հետևանքով մարդու իրավունքների համատարած խախտումների, ենթակառուցվածքների աշխատանքը խոչընդոտելու միջոցով Արցախում բնականոն կյանքը խաթարելու ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Պաշտպանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր անհատներն ու կառույցները ստեղծված իրավիճակում պետք է առաջնահերթորեն հանդես գան Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի ճանաչման օրակարգով։ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն և դրա հետևանքով ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ շեշտադրելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողությունների անհրաժեշտությունը։ ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ողջունել է բելգիացի խորհրդարանականների հետ ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ Բելգիայի օրենսդիրները կօգտագործեն իրենց հնարավորություններն ու լծակները Արցախի մասին միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու և Արցախի անկախության ճանաչման գործընթացին աջակցելու համար։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան-Բելգիա» բարեկամական խմբի անդամները։
15:02 - 26 սեպտեմբերի, 2022
Իրականացվում են պատերազմական հանցագործություններ. հայ խորհրդարանականները՝ Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Իրականացվում են պատերազմական հանցագործություններ. հայ խորհրդարանականները՝ Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Երախտապարտ ենք ձեր հայանպաստ գործունեության համար: Մենք գնահատում ենք ձեր այցը հենց այս ժամանակաշրջանում. Հայաստանը բավականին ծանր օրեր է ապրում: 44-օրյա պատերազմից հետո ձեզանից շատերը հայանպաստ գործունեություն են ծավալել. հավատարիմ մնալով մարդու իրավունքների համամարդկային արժեքներին՝ հանդես եք եկել հայտարարություններով, ընդունել բանաձևեր: Այս մասին ասել է Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Հանդիպումը տեղի է ունեցել այսօր. մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Սեյրան Օհանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արծվիկ Մինասյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Թադևոս Ավետիսյանը: Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը խորհրդարանի ամենամեծ բարեկամական խմբերից է, որն ունի 24 անդամ. ներգրավված են խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները: Մարկ Դեմեսմեկերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և նման ձևաչափով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Նա նշել է, որ Բելգիայի հայ համայնքը մեծ աջակցություն է ցուցաբերում հայ-բելգիական համագործակցության հարցերում: «Մենք փորձում ենք բոլոր հարթակներում բարձրացնել և պաշտպանել ձեր ներկայացրած հարցերը: Հումանիտար օգնության խնդիրները մեզ համար առանցքային նշանակություն ունեն: Մենք եղել ենք Արցախում, բավականին լավ տեղեկացված ենք և տիրապետում ենք իրավիճակին»,- ասել է Մարկ Դեմեսմեկերը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը՝ Հայաստանի համար նման բարդ ռազմաքաղաքական իրավիճակում: Նա ներկայացրել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները՝ նշելով, որ օգտագործվել են արգելված սպառազինություններ. մարդկանց նկատմամբ խոշտանգումներն ու ստորացումները զուգորդվել են պատմամշակութային արժեքները ոչնչացնելով: Սեյրան Օհանյանը կարևորել է ոչ միայն այդ գործողությունների դատապարտումը, այլև համապատասխան պատժամիջոցների կիրառումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ պատվիրակությունը լավագույնս պատկերացնում է այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի և Արցախի շուրջ: Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ հարևան երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, բռնապետական ռեժիմ է, և Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները ոչ միայն պայմանավորված են Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումներով, այլև այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ժողովրդավարության աճող տեմպերը մեծապես անհանգստացնում են բռնապետական ռեժիմներին: «Արձանագրում ենք, որ սա հարձակում է ոչ միայն ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքների վրա, այլև՝ համամարդկային արժեքների՝ ժողովրդավարության վրա: Այս համատեքստում, ակնկալում ենք ԵՄ երկրների աջակցությունը՝ նաև ժողովրդավարության պաշտպանության առումով»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով. «Մենք տեսնում ենք մի շարք երկրների կողմից հասցեական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ և դատապարտող հայտարարություններ, որոնցում հստակ նշվում է, որ ագրեսոր կողմն Ադրբեջանն է, և հստակ արձանագրվում է, որ ադրբեջանական զորքերն այս պահին գտնվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում: Մենք ակնկալում ենք, որ հասցեկան արձանագրություններից, հայտարարություններից, դատապարտումներից զատ նաև գործնական քայլեր կլինեն, և միջազգային ճնշման արդյունքում մենք կկարողանանք վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և դուրս բերել ագրեսորին օկուպացված տարածքներից»: Ամփոփելով՝ Արթուր Հովհաննիսյանը կարևորել է հայ-բելգիական հարաբերությունները՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամներն իրենց խոսքում նշել են, որ հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև՝ ընդգծելով, որ շարունակվում է ցեղասպան քաղաքականությունը և իրականացվում են միջազգային պատերազմական հանցագործություններ: Կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի: Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրող մի շարք այլ հարցեր:
17:55 - 22 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է պատվիրակության ղեկավարին ջերմ ողջույններ փոխանցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյին եւ Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզին: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Բելգիայի հետ բարձր մակարդակի շփումները: Այս համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի ձեւաչափերով համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը համագործակցության լավագույն օրինակ է համարել Դեմեսմեկերի կողմից այս տարվա հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին հայկական կողմի ներկայացրած բանաձեւի նախագծում առաջարկած լրացումներին միանալը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգությանը եւ Արցախի հայ բնակչության իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր: «Մենք ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա վստահություն է հայտնել, որ ինչպես 2020 թ. պատերազմի դեպքում, այնպես էլ հիմա, բելգիացի գործընկերները ձայն կբարձրացնեն՝ դատապարտելու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան: 
12:13 - 22 սեպտեմբերի, 2022
Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում սկսվում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի հրթիռային զորքերի վարժանքները |armenpress.am|

Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում սկսվում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի հրթիռային զորքերի վարժանքները |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանում եւ Բալթիկայի երեք երկրներում սկսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հրթիռային միացյալ զորքերի Ramstein Legacy 2022 (RALY 22) զորավարժությունների առաջին փուլը: Մայիսի 30-ին այդ մասին տեղեկացրել է Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունը: Հաղորդվում է, որ վարժանքները տեղի կունենան մայիսի 30-ից մինչեւ հունիսի 12-ը չորս երկրների եւ Բալթիկ ծովի տարածաշրջանի օդային տարածության օգտագործմամբ: Զորավարժությունների ընթացքում կկատարվեն իրական թռիչքներ: Զինավարժանքները պլանավորվում է անցակացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ: «Զորավարժություններին մասնակցում են դաշնակիցների ռազմա-օդային ուժերը եւ ցամաքային հրթիռային ստորաբաժանումները, որոնք ղեկավարում եւ կառավարում են ՆԱՏՕ-ի կառույցները»,- տեղեկացրել է Լեհաստանի հրամանատարությունը: Վարժանքներին կմասնակցեն զինծառայողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Իսպանիայից: «Զինավարժանքները, որոնք կանցկացվեն Եվրոպայի տարբեր երկրներում, պլանավորվել են՝ ելնելով զանազան եւ իրական իրավիճակային պայմաններից»,- ընդգծված է հաղորդագրության մեջ: Այս տարի զորավարժությունների նպատակն է «ստորաբաժանումների փոխգործակցության եւ պատրատականության ամրապնդումը, ինչն արդյունքում կուժեղացնի դաշնային երկրների տարածքների, ուժերի եւ բնակչության պաշտպանությունը սպառնալիքներից, հրթիռային կամ օդային գրոհներից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:48 - 30 մայիսի, 2022
Եռակողմ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստությունները. ՀՀ վարչապետի աշխատակազմ

Եռակողմ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստությունները. ՀՀ վարչապետի աշխատակազմ

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
08:44 - 23 մայիսի, 2022