Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

ՀԿԱԾ-ը ոչ թե պատժող մարմին է, այլ՝ արդարությունը վերականգնող. կառույցը նշում է 25-ամյակը

ՀԿԱԾ-ը ոչ թե պատժող մարմին է, այլ՝ արդարությունը վերականգնող. կառույցը նշում է 25-ամյակը

Բոլոր ջանքերը ներդրվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամբողջական բարեփոխմանը, հարկադիր կատարողի պաշտոնի գրավչության և Ծառայության հասարակական ընկալման վերաիմաստավորմանը։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով շնորհավորեց հարկադիր կատարողներին՝ նշելով, որ աշխատակիցների կատարած աշխատանքն անգնահատելի է: Նախարարը բարձր գնահատեց Ծառայության 2022 թվականի ցուցանիշները, ընդգծելով, որ կատարված աշխատանքը արդարացրել և նույնիսկ գերազանցել է սպասելիքները: «Օրն իսկապես շատ կարևոր է, քանի որ 25 տարի առաջ այս օրը ձևավորվեց մի կառույց, մի համակարգ, առանց որի մեր երկրում արդարության և արդարադատության հասնելը անհնարին է։ Ունեմ համոզմունք և այդ համոզմունքը ամրապնդվել է այս ծանր օրերին, երբ մեր երկիրը ամեն օր կռիվ է տալիս իր տնտեսական բարեկեցության և ձեզ հասկանալի ու տեսանելի այլ արհավիրքների դեմ, որ չի կարելի ունենալ ուժեղ պետություն, եթե չունես երկրում արդարադատություն և կայացած դատարան, իսկ կայացած դատարան ունենալու համար պետք է լինի մի կառույց, որը կկարողանա կյանքի կոչել դատարանի կայացրած որոշումները, վերականգնելով մարդկանց իրավունքները և ապահովելով այն սպասումների  իրականացումը, որ մեր քաղաքացիներն ունեն այս կառույցից»,- ընդգծեց Մինասյանը։ Նախարարը նաև առանձնացրեց Ծառայության այն ձեռքբերումները և խոստումները, որոնք կարողացել են մի քանի տարիների ընթացքում կյանքի կոչել։ «Մենք ձեզ տվել էինք երկու շատ կարևոր խոստում և կարող եմ հպարտությամբ արձանագրել՝ այդ խոստումներն իրականություն են։ Առաջինը խոստումը այն է, որ օրակարգից ամբողջությամբ և անվերադարձ հանվել է չարաբաստիկ մասնավորեցման գաղափարը։ Երկրորդ խոստումը, որը կարողացանք ապահովել, դա արդյունքահեն աշխատավարձի համակարգի ներդրումն էր։ Եվ անցած տարի կարողացանք, աշխատելով մեր ֆինանսական համակարգի հետ, բերել զգալի գումար, իսկ այս տարի կարողացանք ավելի քան 1 միլիոն դոլար ուղղել հենց այս գաղափարին։ Երբ ներդրվեց արդյունքահեն աշխատավարձի համակարգը, միայն 2022 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին կարողացանք շուրջ 25 միլիարդ դրամ մուտք անել բյուջե, իսկ կատարողական ծախսը մոտ 1,5 միլիարդ դրամ էր, որը 2021 թվականի համեմատ ավելի է 48 տոկոսով։ Դա նշանակում է 48 տոկոս ավելի շատ հավատացող մարդիկ, 48 տոկոս վերականգնված խախտված մարդու իրավունք և 48 տոկոս ավելի սպասելիք մեր դատական համակարգից, ինչի համար ձեզ շնորհակալ եմ»,- շեշտեց Մինասյանը։ Գրիգոր Մինասյանը վերահաստատեց, որ բոլոր ջանքերը ներդրվելու են ոլորտի ամբողջական բարեփոխմանը, հարկադիր կատարողի պաշտոնի գրավչության և Ծառայության հասարակական ընկալման վերաիմաստավորմանը: «Թվայնացում, աշխավարձի բարձրացում, գույքային բարելավում, նոր մեքենաներ, նոր սրահ, բայց ամենակարևորը, որ մենք բոլորովս պետք է հասնենք նրան, որ կարողանանք հանրային ընկալումը փոխել, որ այս ծառայությունը ոչ թե պատժող է, մարդկանց դատափետող է, այլ բոլոր խախտված իրավունքների վերականգնողն է և արդարադատությունը հետ բերողն է»,- եզրափակեց Մինասյանը։ Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը ևս շնորհավորեց իր աշխատակիցներին և նշեց, որ հիմնական նպատակն ու առաքելությունը վերջնական արդարադատության իրականացման ապահովումն է, քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումը։ «Հարկադիր կատարման ծառայության քառորդդարյա պատմությունը վկայություն է այն, որ մեզանում Հարկադիր կատարման ծառայությունն այլևս իրողություն է։ Այն գործող մեխանիզմ է, որի հիմնական նպատակն ու առաքելությունն է վերջանական արդարադատության ապահովումը, քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումը։ Այս ճանապարհին Հարկադիր կատարման ծառայությունը ունեցել է շատ դժվարություններ։ 25 տարի առաջ ձևավորվելով Արդարադատության նախարարության կազմում որպես պետական ծառայության նոր տեսակ, Հարկադիր կատարման ծառայությունը աստիճանաբար իր կարևոր ու ուրույն տեղն է զբաղեցնում պետական մարմինների համակարգում։ Այսօր էլ նշանակալի է կառույցի դերակատարումը Հայաստանի Հանրապետության անունից կայացվող դատական ակտերի և հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի կատարման ոլորտում օրինականության ապահովման, իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի երաշխավորման գործում»,- ասաց Մնացականյանը։ Միջոցառման ընթացքում նախարար Գրիգոր Մինասյանն ու գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը շրջայց կատարեցին ՀԿԱԾ նոր վերանորոգված սպասարկման սրահում: Միջոցառմանը նաև ցուցադրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25-ամյա տարեգրության ֆիլմը, հարկադիր կատարողներին շնորհվել են շնորհակալագրեր, տրվել են հուշանվերներ և արտահերթ կոչումներ:
14:56 - 05 մայիսի, 2023
Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խումբը նիստ է գումարել

Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խումբը նիստ է գումարել

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 4-րդ հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալը ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը։ Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում խոսվել է գործարարության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկությունները։ Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիրքորոշումները։ Աշխատանքային խմբի կողմից ուրվագծվել են քննարկված հարցերի շուրջ իրականացվելիք հետագա աշխատանքները։
18:42 - 03 մայիսի, 2023
Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և հյուպատոսական ծառայության ղեկավար, խորհրդական Ռաշիդ Աթաևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արդարադատության համակարգերի միջև առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները, ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների միջև փոխգործակցությունը և կադրերի պատրաստմանն ուղղված համատեղ քայլերը: Միաժամանակ, քննարկվել են նաև իրավական փոխօգնությանն ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցեր: Նախարար Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել հայ-ռուսական արդյունավետ աշխատանքը միջազգային իրավական համագործակցության և իրավական փոխօգնության ոլորտներում:Անդրադարձ է կատարվել նաև մայիս ամսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք իրավական 11-րդ ֆորումի՝ հայաստանյան պատվիրակությանն առնչվող հարցերին: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ:
17:23 - 28 ապրիլի, 2023
Կստեղծվեն ողջամիտ ժամկետում դատական գործերը քննելու լրացուցիչ գործիքներ

Կստեղծվեն ողջամիտ ժամկետում դատական գործերը քննելու լրացուցիչ գործիքներ

Արդարադատության նախարարության, գործադիր, դատական իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի, հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր քննարկել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի փաթեթը մշակվել է Արդրադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից: Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» վերնագրված ռազմավարական նպատակից, որի շրջանակներում կարևորվել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման արդյունքում գույքագրված խնդիրների հիման վրա փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակումը: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն լրացուցիչ նախադրյալներ քաղաքացիական դատավարությունում մրցակցության, դատավարական խնայողության և գործի՝ ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաև գործերի քննության արդյունավետության բարձրացման համար:   Քննարկումը կազմակերպվել է Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։
10:58 - 20 ապրիլի, 2023
Պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր. Արդարադատության նախարարություն

Պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր. Արդարադատության նախարարություն

Օրենսդրության համաձայն բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպա-իրավական տեսակից, պետք է յուրաքանչյուր տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Իրավաբանական անձանց կրկին զգուշացնում ենք, որ սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձինք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։
11:15 - 05 ապրիլի, 2023
Առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձերը կբարձրանան

Առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձերը կբարձրանան

ՀՀ արդարադատության նախարարության նախագծով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության՝ քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության բոլոր դատարանների՝ 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով, հավասարվելով՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին: Այս մասին նշվում է նախարարության հաղորդագրությունում:«ՀՀ արդարադատության նախարարությունը՝ առաջնորդվելով Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ, ելնելով դատավորի անկախությունը երաշխավորելու և առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակներից, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից, մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության՝ քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության բոլոր դատարանների՝ 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով, հավասարվելով՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին: Վերջին տարիներին առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարաններում, գործերի քանակի շարունակական աճը հանգեցրել է նշված դատարանների դատավորների գերծանրաբեռնվածության, ինչի համատեքստում առաջացել է տվյալ դատավորների աշխատավարձերի վերանայման անհրաժեշտություն։ Ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարանների դատավորները, այնպես էլ հակակոռուպցիոն դատարանների բոլոր դատավորներն ունեն նույն գործառութային կարգավիճակը՝ հանդիսանալով առաջին ատյանի դատարանի դատավորներ, լիազորությունների նույն բնույթը և բովանդակային ծավալը, կատարում են նույն պարտականությունները, հավասարապես պատասխանատվություն են կրում պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար, աշխատում են նույն ծանրաբեռնվածությամբ, բոլորը հավասարապես պարտավոր են պահպանել դատավորի վարքագծի և էթիկայի կանոնները և ըստ այդմ, նրանց համար նախատեսված նյութական և սոցիալական երաշխիքները պետք է լինեն հավասար։ Հարկ է արձանագրել, որ դատավորների իրավական կարգավիճակը բնորոշող հատկանիշների համակարգում, ի թիվս այլնի, առանցքային կարևորություն ունեն նյութական և սոցիալական անկախության երաշխիքները, ուստի դատավորի նյութական և սոցիալական անկախության նախադրյալների ապահովումն ունի առանձնահատուկ կարևորություն», - ասվում է հաղորդագրությունում:
19:35 - 03 ապրիլի, 2023
Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման և համապատասխան դատական գործերի քննության վերաբերյալ հարցեր։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, կողմերը կարևորել են արդարադատության ոլորտի ընթացիկ բոլոր բարեփոխումներում փախստականներին և ապաստան հայցողներին առնչվող դրույթների պատշաճ ներառումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորների մասնագիտացման, հանրային պաշտպանների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը։ Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունն առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության: Այս համատեքստում կարևորվել են նախանշված համագործակցության ուղղությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու առաջնահերթությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել համատեղ կլոր սեղան-քննարկում՝ փախստականների և ապաստանի հայցողների հարցերում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ: 
15:35 - 03 ապրիլի, 2023
Արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա ինքնաշխատ եղանակով հարուցվել են առաջին կատարողական վարույթները

Արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա ինքնաշխատ եղանակով հարուցվել են առաջին կատարողական վարույթները

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մշակել և շահագործման է հանձնել արբիտրաժային վճիռներն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացնելու փաստաթղթաշրջանառության հարթակը։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։  Այն հնարավորություն է տալիս գործող արբիտրաժային դատարանների վճիռներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարկադիր կատարման։ Արդյունքում կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու, արգելանքներ կիրառելու և բռնագանձում տարածելու գործողություններն այսուհետ չեն իրականացվի դատարանների կողմից տրվող կատարողական թերթերի հիման վրա, այլ կիրականացվեն արբիտրաժային դատարանների կողմից էլեկտրոնային տարբերակով ուղարկված վճիռների հիման վրա ինքնաշխատ եղանակով՝ հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելուց հետո: Վերոնշյալ վճիռներն այսուհետ չեն մուտքագրվի Ծառայության ընդհանուր բաժին, կվերանա դրանց հաշվառման անհրաժեշտությունը, քանի որ ի սկզբանե դրանք համակարգում հասանելի են դառնում էլեկտրոնային եղանակով։ Արդեն իսկ ստացվել են արբիտրաժային դատարանների վճիռները, որոնց հիման վրա հարուցվել են կատարողական վարույթներ։ Հարթակի գործարկմամբ բարձրացվել է նաև վճիռների կատարման արդունավետությունը, զգալիորեն կրճատվել է արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա հարուցվող կատարողական վարույթների կատարմանը հատկացվող ժամանակը։ Այս հարթակի գործարկումը միտված է նաև թեթևացնելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործեր քննող դատարանների ծանրաբեռվածությունը:  
11:59 - 03 ապրիլի, 2023
ԱՆ-ում քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագիծը

ԱՆ-ում քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման երկրորդ փուլը:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, քննարկմանը ներկա են գտնվել պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի՝ իրավահավասարության, խտրականության արգելքի, առողջության պահպանման իրավունքի, կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, նվազագույն կենսապայմանների իրավունքի, երեխայի իրավունքների դեռևս մշակման ենթակա գլուխները։ Հանրային քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիրքորոշումներն իրավահավասարության ապահովման մասին առանձին և համապարփակ օրենսդրության մշակման անհրաժեշտության, անձանց առողջական վիճակի, բժշկական օգնության և սպասարկման, երեխաների աշխատանքի վերաբերյալ միջոցառումների ներառման նպատակահարմարության, ռազմավարության ոլորտային վերապատրաստումների կարևորության, բնապահպանությանն առնչվող մի շարք միջոցառումների վերաբերյալ։ Քննարկման արդյունքում ներկայացված կարծիքների և առաջարկությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի և կներկայացվի վարչապետի աշխատակազմ։ Միջոցառումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության միջոցով:
17:01 - 31 մարտի, 2023
6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ սույն թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է միջհիմնարկային շախմատային մրցաշար տարբեր քրեակատարողական հիմնարկների լավագույն դատապարտյալների միջև: Մրցաշարի նպատակն էր ձևավորել Հայաստանի շախմատի դատապարտյալների հավաքականը՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենան աշնանը: Խաղի ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և այլք: Մինչ խաղի մեկնարկը՝ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին՝ ընդգծելով շախմատի դերն ու նշանակությունն անհատի ձևավորման, կայացման ու հավասարակշռված դառնալու գործընթացում: Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի կողմից շնորհակալագրեր է հանձնել Սերգեյ Ատոմյանին, Ամբակում Գրիգորյանին և Ծառայության կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներին՝ 2022 թվականի՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման գործում աջակցության և մեծ ներդրման համար, իսկ առաջնությանը մասնակցած դատապարտյալներին տվել է հավաստագրեր: Միջհիմնարկային մրցաշարի արդյունքում լավագույնս հանդես են եկել դատապարտյալներ Հ․ Աբաջյանը՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկից, Ա․ Գորոյանը, Գ․ Դավեյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից և Ռ․ Սարգսյանը, Կ․ Բերբերյանը, Մ․ Սարգսյանը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից: Նշված 6 դատապարտյալները կներկայացնեն Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը:
15:08 - 31 մարտի, 2023
ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել

 |factor.am|

ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ  կարգապահական վարույթ չի հարուցվել։ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Արդարադատության նախարարությունը հնարավորություն չի ունեցել Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա կատարել անհրաժեշտ ուսումնասիրություն և  բավարար հիմքերի առկայության պայմաններում հարուցել կարգապահական վարույթ։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին որոշել էր դադարեցնել  դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները, որը 4 գործով դատական ակտեր էր ուշացրել։ ԲԴԽ-ի այս որոշումից հետո փաստաբան  Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվերակած դատավոր Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտերն ուշ տրամադրելու վերաբերյալ տվյալներ՝ հրավիրելով Արդարադատության նախարարության ուշադրությունը։ «Ասում են ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության  ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։ Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Ն.Հովսեփյանի կողմ քվեարկելը մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։ Բայց պարզվում է՝ դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Համենայնդեպս այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եվ ուրեմն ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։  Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանի ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։  ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ, մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»,-գրել է Լուսինե Սահակյանը։ Փաստաբան Արսեն Բաբայանը ևս Դատական-տեղեկատվական համակարգից գործեր էր մեջբերել, որոնցով Նաիրա Հովսեփյանը ուշացրել է դատական ակտերի տրամադրումը։ «Արդեն տեղյակ եք, որ ԲԴԽ-ի կողմից երեկ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին: ԲԴԽ-ն տույժի այդպիսի անհամարժեք տեսակ կիրառեց այն հիմնավորմամբ, որ Աննա Փիլոսյանը 5000-ից ավել գործ քննելու ընթացքում ընդամենը 4 հատ գործով 1 տարուց ավելի ուշացրել է դատական ակտի հրապարակումը: Այդ որոշմանը, պարզվում է, կողմ է քվեարկել նաև դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը: Իսկ այժմ մի փոքրիկ տեղեկանք այն մասին, թե այդ նույն Նաիրա Հովսեփյանի մոտ հենց այդ նույն խախտման վիճակն ինչիպիսին է․ Այսպես` ԵԴ/7402/02/19 գործով դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 19.06.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարուց ավել, դեռևս չի տրամադրել դատական ակտը: ԵԴ/7515/02/19 գործով – տառացի նույն վիճակն է, ԵԴ/7275/02/19 – տառացի նույն վիճակն է, ԵԴ/7319/02/19 – դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 21.07.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարի անց, դեռևս չի տրամադրել դատական ակտը: ԵԴ/7483/02/19 գործով – նույն վիճակն է, ԵԴ/9029/02/19 գործով ավելի վատ վիճակ է Ներկայացրեցի ընդամենը 6 գործեր (դրանք մի քանի տասնյակն են), որոնցով ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն Աննա Փիլոսյանին Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ տրված տույժով ազատել են դատավորի պաշտոնից, իսկ Նաիրա Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել: Արդարադատության նախարարին առաջարկում եմ ընթացք տալ և համապատասխան միջնորդություն ներկայացնել ԲԴԽ-ի»,- գրել էր Արսեն Բաբայանը։ Նշենք, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ է։ Շարունակությունը՝ factor.am-ում
14:41 - 28 մարտի, 2023
Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը

Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մարտի 9-ի N 115-Ա հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը, որը կազմված է 3 անդամից՝ 1) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան.  2) արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան. 3) վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:
10:49 - 14 մարտի, 2023
Քննարկվել են բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով կիրառելի գործիքները

Քննարկվել են բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով կիրառելի գործիքները

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի հատուկ խորհրդական Ռեյդեն Լլանոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն սկզբունքներն ու գործիքները, որոնք կարող են կիրառվել կառավարությունների կողմից բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով: Արա Մկրտչյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները և ընթացիկ աշխատանքները: Նախարարի տեղակալը նշել է, որ իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նաև կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, որի համատեքստում արդեն իսկ լավարկվում են մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր։ Արա Մկրտչյանը կարևորել է թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, որոնց հիմնանպատակը պետական ծառայությունների մատուցման՝ քաղաքացու համար առավել հարմար եղանակի ապահովումն է: Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն, անդրադառնալով բյուրոկրատիայի կրճատման այլ եղանակներին, մատնանշել է պետական ծառայությունների մատուցման Քաղաքացիական կենտրոնների ներդրման, արդարադատության ոլորտի տարբեր մարմիններում սպասարկման հատուկ գրասենյակների բացման, թեժ գծի ծառայությունների և այլ քաղաքացիակենտրոն միջոցների ներդրման պրակտիկան: Ռեյդեն Լլանոն շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և ընդգծել երկուստեք համագործակցության արդյունավետությունը: Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը՝ վարչարարության բարելավման, բյուրոկրատական գործընթացների կրճատման և հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման ուղղություններով: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ ուղղված հետագա համագործակցության ուղղություններին:
10:23 - 14 մարտի, 2023