ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել

 |factor.am|
14:41 - 28 մարտի, 2023

ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ  կարգապահական վարույթ չի հարուցվել։ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Արդարադատության նախարարությունը հնարավորություն չի ունեցել Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա կատարել անհրաժեշտ ուսումնասիրություն և  բավարար հիմքերի առկայության պայմաններում հարուցել կարգապահական վարույթ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին որոշել էր դադարեցնել  դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները, որը 4 գործով դատական ակտեր էր ուշացրել։ ԲԴԽ-ի այս որոշումից հետո փաստաբան  Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվերակած դատավոր Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտերն ուշ տրամադրելու վերաբերյալ տվյալներ՝ հրավիրելով Արդարադատության նախարարության ուշադրությունը։

«Ասում են ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության  ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։ Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Ն.Հովսեփյանի կողմ քվեարկելը մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։ Բայց պարզվում է՝ դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։

Համենայնդեպս այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եվ ուրեմն ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։  Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանի ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։  ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ, մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»,-գրել է Լուսինե Սահակյանը։

Փաստաբան Արսեն Բաբայանը ևս Դատական-տեղեկատվական համակարգից գործեր էր մեջբերել, որոնցով Նաիրա Հովսեփյանը ուշացրել է դատական ակտերի տրամադրումը։ «Արդեն տեղյակ եք, որ ԲԴԽ-ի կողմից երեկ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին:

ԲԴԽ-ն տույժի այդպիսի անհամարժեք տեսակ կիրառեց այն հիմնավորմամբ, որ Աննա Փիլոսյանը 5000-ից ավել գործ քննելու ընթացքում ընդամենը 4 հատ գործով 1 տարուց ավելի ուշացրել է դատական ակտի հրապարակումը: Այդ որոշմանը, պարզվում է, կողմ է քվեարկել նաև դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը: Իսկ այժմ մի փոքրիկ տեղեկանք այն մասին, թե այդ նույն Նաիրա Հովսեփյանի մոտ հենց այդ նույն խախտման վիճակն ինչիպիսին է․ Այսպես` ԵԴ/7402/02/19 գործով դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 19.06.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարուց ավել, դեռևս չի տրամադրել դատական ակտը: ԵԴ/7515/02/19 գործով – տառացի նույն վիճակն է, ԵԴ/7275/02/19 – տառացի նույն վիճակն է, ԵԴ/7319/02/19 – դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 21.07.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարի անց, դեռևս չի տրամադրել դատական ակտը: ԵԴ/7483/02/19 գործով – նույն վիճակն է, ԵԴ/9029/02/19 գործով ավելի վատ վիճակ է Ներկայացրեցի ընդամենը 6 գործեր (դրանք մի քանի տասնյակն են), որոնցով ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն Աննա Փիլոսյանին Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ տրված տույժով ազատել են դատավորի պաշտոնից, իսկ Նաիրա Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել: Արդարադատության նախարարին առաջարկում եմ ընթացք տալ և համապատասխան միջնորդություն ներկայացնել ԲԴԽ-ի»,- գրել էր Արսեն Բաբայանը։

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ է։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել