Քննարկվել են բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով կիրառելի գործիքները
10:23 - 14 մարտի, 2023

Քննարկվել են բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով կիրառելի գործիքները

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի հատուկ խորհրդական Ռեյդեն Լլանոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն սկզբունքներն ու գործիքները, որոնք կարող են կիրառվել կառավարությունների կողմից բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով:

Արա Մկրտչյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները և ընթացիկ աշխատանքները: Նախարարի տեղակալը նշել է, որ իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նաև կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, որի համատեքստում արդեն իսկ լավարկվում են մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր։

Արա Մկրտչյանը կարևորել է թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, որոնց հիմնանպատակը պետական ծառայությունների մատուցման՝ քաղաքացու համար առավել հարմար եղանակի ապահովումն է:

Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն, անդրադառնալով բյուրոկրատիայի կրճատման այլ եղանակներին, մատնանշել է պետական ծառայությունների մատուցման Քաղաքացիական կենտրոնների ներդրման, արդարադատության ոլորտի տարբեր մարմիններում սպասարկման հատուկ գրասենյակների բացման, թեժ գծի ծառայությունների և այլ քաղաքացիակենտրոն միջոցների ներդրման պրակտիկան:

Ռեյդեն Լլանոն շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և ընդգծել երկուստեք համագործակցության արդյունավետությունը: Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը՝ վարչարարության բարելավման, բյուրոկրատական գործընթացների կրճատման և հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման ուղղություններով:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ ուղղված հետագա համագործակցության ուղղություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել