ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

Պատերազմ և խաղաղություն․ հաղթանակի հակադիր նարատիվները Հայաստանում և Ադրբեջանում | Հանրագիտ

Պատերազմ և խաղաղություն․ հաղթանակի հակադիր նարատիվները Հայաստանում և Ադրբեջանում | Հանրագիտ

Հայաստանը հաղթանակ տարավ Արցախյան առաջին պատերազմում, Ադրբեջանը՝ Երկրորդ՝ 44-օրյա պատերազմում։ Երկու երկրների առաջնորդներն էլ իրենց ելույթներում սկսեցին զարգացնել հաղթանակի նարատիվը։  Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանի՝ Small Wars & Insurgencies հանդեսում վերջերս հրապարակված հոդվածը ցույց է տալիս, որ երկու երկրներում հաղթանակի նարատիվները ոչ միայն նման չեն, այլև կտրուկ տարբերվում են. եթե Հայաստանի ղեկավարները 1994-ից հետո հաղթանակին նվիրում էին փոքրածավալ ելույթներ՝ խոսելով խաղաղ և փոխզիջման վրա հիմնված կարգավորման մասին, ապա Ադրբեջանի ղեկավարությունը 44-օրյա պատերազմից հետո հաղթանակին նվիրում է երկարաշունչ ելույթներ՝ անձնավորելով ու սիմվոլիզացնելով հաղթանակը, ապամարդկայնացնելով Հայաստան պետությունն ու հայ ժողովրդին։    Ադրբեջանն ավելի մեծ տեղ է տալիս հաղթանակի նարատիվի ձևավորմանը Էրիկ Դավթյանն այս հետազոտության ընթացքում ուսումնասիրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 60 հայտարարություններ, ուղերձներ և ելույթներ՝ նվիրված հաղթանակին։ Հայաստանի դեպքում ուսումնասիրվել է Արցախյան առաջին պատերազմի ավարտից մինչև 2020-ի 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածը, Ադրբեջանի դեպքում՝ 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակաշրջանը։ Հեղինակը հոդվածում նշում է, որ հայկական ղեկավարության՝ հաղթանակի նարատիվը եղել է հակիրճ և պարզ․ Հաղթանակի ու խաղաղության (մայիսի 9), Բանակի օրվան (հունվարի 28) նվիրված ելույթները և ուղերձները կազմված են միջինում 288 բառից, մինչդեռ ադրբեջանական ղեկավարության ուղերձները ծավալով գերազանցում են մոտ 10 անգամ։ Էրիկ Դավթյանը Էրիկ Դավթյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ Հայաստանի ղեկավարությունը երբեք այնքան մեծ ուշադրություն չի դարձրել հաղթանակի նարատիվը ձևակերպելուն, մատուցելուն, որքան Ադրբեջանը։ Եվ չնայած գիտնականն այս հետազոտությամբ  դրա պատճառները գտնելու խնդիր չէր դրել, ենթադրում է՝ պատճառն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը հաղթանակի իրողությունն ինքնին հասկանալի է համարել։  «Այսինքն, եթե մենք հաղթել ենք Առաջին պատերազմում, մարդիկ այս կամ այն կերպով արդեն կհասկանան հաղթանակի խորհուրդը, կարևորությունը, իմաստը։ Ելույթները սեղմ ու ընդհանրական էին` սահմանափակվելով հաղթանակի կապակցությամբ հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքներով և խաղաղության, բարեկեցության ու բարգավաճման մաղթանքներով»,- ասում է նա։   Հաղթանակի անձնավորումը Հոդվածում նշվում է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմին հաջորդող ելույթներում զարգացնում է հաղթանակի անձնավորված նարատիվ՝ փորձելով ընդգծել իր՝ որպես նախագահի անձնական դերը, որը «մոտ 20 տարի երկիրն առաջնորդել է դեպի հաղթանակ»։ Ալիևը նաև հղում է անում իր՝ պատերազմին նախորդած շրջանի հայտարարություններին՝ ցույց տալով, թե ինքը դեռ մինչև պատերազմն էր հավատում հաղթանակին և Արցախի նկատմամբ վերահսկողություն սահմանելու հեռանկարին։  Հաղթանակի՝ Ալիևի անձով պայմանավորելն, ըստ հոդվածի հեղինակի, արտահայտվում է նաև նրանում, որ 2020-ից հետո ադրբեջանական իշխանությունները սկսել են Իլհամ Ալիևին կոչել «Հաղթական գերագույն գլխավոր հրամանատար»: Իսկ այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը պատերազմում հաղթանակն ու իր իշխանությունը ցուցադրելու համար բարձրացրեց բռունցքը՝ որպես ուժի նշան, այդ ժեստը դարձավ ադրբեջանական ռազմական գործողության պաշտոնական անվանումը՝ «Երկաթյա բռունցք», ինչպես նաև հաղթանակի խորհրդանիշ: Հաղթանակի նարատիվի անձնավորումը չի սահմանափակվում միայն Իլհամ Ալիևով։ Վերջինս հաղթանակը պայմանավորում է նաև իր հորով՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևով։  «Իլհամ Ալիևը շարունակաբար պնդում է, թե հենց իր հայրն է հիմքեր դրել ապագա հաղթանակի համար՝ երկիրը տանելով զարգացման ուղով և բարեփոխելով բանակը: Այս մոտեցումը ցուցադրելու համար Հեյդար Ալիևի անունը խորհրդանշորեն կապվեց  44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղում ադրբեջանական կառավարության սկսած կառուցապատման ծրագրերի հետ: Օրինակ՝ Շուշիում երկրորդ (2023 թ.) և երրորդ (2024 թ.) բնակելի համալիրների կառուցմանը նվիրված արարողությունը կայացավ Հեյդար Ալիևի ծննդյան օրը»,- ասվում է հոդվածում։ Անդրադառնալով հաղթանակի հայկական նարատիվին՝ հեղինակը գրում է՝ անձնավորման երևույթը Հայաստանի ղեկավարներից ոչ մեկի ելույթներում չի նկատվում։  «Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը 1980-ական թթ. վերջի Ղարաբաղյան շարժման առանցքային դեմքն էր և հետագայում՝ Հայաստանի նախագահ, իսկ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը էական դեր են ունեցել Ղարաբաղյան առաջին պատերազմի մարտական գործողություններում, նրանցից ոչ մեկը չի փորձել անձնավորել հաղթանակը»,- ասվում է հոդվածում: Էրիկ Դավթյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ հաղթանակն իր անձի հետ պայմանավորող Իլհամ Ալիևն, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի երկրորդ ու երրորդ ղեկավարների, ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չի ունեցել։ Իսկ այն, որ Ադրբեջանում հաղթանակն անձնավորվում է, գիտնականը բնական է համարում․ պատճառն, ասում է, Ադրբեջանում անձի պաշտամունքի կերտումն է, որը հետևանք է ավտորիտար ռեժիմի։ Մինչդեռ, գիտնականի խոսքով, Հայաստանում, որևէ ղեկավարի կողմից անձի պաշտամունքի կերտման փորձ չի արվել։ Նա հիշում է, որ Ալիևի ելույթներն ուսումնասիրելիս հաճախ էր նկատում այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «Ե՛Ս հրաման տվեցի անել այսինչ բանը», «Ե՛Ս նամակներ էի ստանում ժողովրդից, որ կանգ չառնեմ», Ե՛Ս որոշեցի մինչև վերջ գնալ»։   Ո՞վ է թշնամին Հոդվածից պարզ է դառնում, որ էական տարբերություն է նկատվում նաև այն հարցում, թե ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նկարագրում թշնամուն։ Իլհամ Ալիևը հայտարարում է, թե 2020 թ․ պատերազմը պարզապես Հայաստանի և Ադրբեջանի միջև չէր, և «Ադրբեջանը կռվել է մի քանի թշնամիների դեմ»: Այդ «թշնամիների» թվում են հայկական սփյուռքը, «Հայաստանի միջազգային  հովանավորները, որոնք աջակցել են Երևանին և ճնշում գործադրել Բաքվի վրա»։  Էրիկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշում է՝ այն նարատիվը, թե Հայաստանն, իբր, «փաստացի անկախ չէ և խամաճիկ է այլ երկրների ձեռքում», Ադրբեջանը վաղուց է զարգացրել։ Իսկ «այլ երկրներ» ասելով, չնայած ոչ ուղիղ ձևակերպումներին, Ադրբեջանը սկզբում ակնարկում էր Ռուսաստանին, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Ֆրանսիային։   Իլհամ Ալիևը որպես թշնամի է որակում նաև Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններին՝ մեղադրելով նրանց հաղթանակին ընդդիմանալու և Հայաստանին աջակցելու համար: Էրիկ Դավթյանն ասում է՝ Հայաստանի ղեկավարների ելույթներում ինքը չի նկատել պնդումներ այն մասին, թե Հայաստանի ներսում կան քաղաքական ուժեր, որոնք խոչընդոտել են մեր զինված ուժերի հաղթարշավին։  «Հայաստանի դեպքում եղել են, իհարկե, քաղաքական ուժեր, որոնք տարբերվող մոտեցում են ունեցել հակամարտության վերաբերյալ, բայց հաղթանակի նարատիվի մակարդակում չեմ նկատել, որ որևէ ղեկավար քննադատի կամ ինչ-որ կերպ հիշատակի ընդդիմադիր որևէ ուժի»,- ասում է գիտնականը։ Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանի նարատիվը պարունակում է խիստ վիրավորական և հայատյաց լեզու՝ ներկայացնելով 2020-ի պատերազմի ավարտը որպես Հայաստանի «կապիտուլյացիայի ակտ», պահ, երբ Ադրբեջանը «կոտրեց թշնամու մեջքը և ջախջախեց նրա գլուխը՝ ստիպելով ծնկի իջնել»: Հոդվածում հղում է արվում գիտությունների դոկտոր Նաիրա Սահակյանի մի հետազոտության, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Արդբեջանն ապամարդկայնացնում Հայաստանը՝ որպես պետություն և ազգ։ էրիկ Դավթյանի՝ հաղթանակին նվիրված ելույթների վերլուծությունը վերահաստատում է ապամարդկայնացման խոսույթը։ Ի հավելումն՝ հեղինակը նշում է, որ հաղթանակի նարատիվի համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը թիրախավորում է ոչ միայն հայ ազգին, այլև հայկական ղեկավարությանն ու բանակին:  Հոդվածի հեղինակը մեջբերում է Իլհամ Ալիևի հայտարարություները, համաձայն որոնց՝ Ադրբեջանը «ոչնչացրել է» Հայաստանը, որը «հավերժ կապրի պարտված ազգի և պետության կնիքով», «գլուխը կախ»: Ադրբեջանի ղեկավարը Հայաստանն անվանում է «ատելի», «գարշելի», «արհամարհելի թշնամի», որն «արժանի չէ մարդկային վերաբերմունքի»: Իլհամ Ալիևը թիրախավորում է նաև Հայաստանի նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ համեմատելով նրանց նապաստակների հետ, որոնք 2020-ի պատերազմի ժամանակ «փախել են Ղարաբաղից»։ Իսկ ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանի մասին խոսելով՝ նշում է, թե վերջինս «թաքնվել է մկան պես» և 2020 թ․ եռակողմ հայտարարությունը «ստորագրել է արցունքն աչքերին»: Հայկական զինված ուժերն Ադրբեջանի նախագահը կոչում է «10 հազար դասալիքների բանակ», որը «դողում է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների մասին լսելիս»: Էրիկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշում է՝ հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարության ու բանակի ապամարդկայնացումը կոնկրետ նպատակն ունի։   «Նպատակն Ադրբեջանի ժողովրդին համոզելն է, որ հայ ժողովրդի դեմ պատերազմելը արդար գործ է, ու հայ ժողովրդի դեմ պայքարելու ցանկացած գործիք կամ միջոց արդարացված է։ Նրանց մոտ ստացվեց ստեղծել այդ «զզվելի», «ատելի» հայի կերպարը, որն «ամեն վատի մարմնավորումն է», ու որին ոչնչացնելը, սպանելը բխում է Ադրբեջանի, ադրբեջանցիների շահերից։ Երբ որ դա կարողանում ես համոզել, պատերազմ սանձազերծելը ներքաղաքական որևէ խնդիր չի առաջացնում»,- ասում է գիտնականը։  Այս համատեքստում կարևոր է հիշեցնել, թե ինչպես 44-օրյա պատերազմին հաջորդեցին Վայոց ձորի և Սյունիքի հատվածում Հայաստանի ինքիշխան տարածքի օկուպացիան, Արցախի շրջափակումն ու հայաթափությունը։ Իսկ այժմ Ադրբեջանում պետական մակարդակով խոսվում է, այպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, հայտարարվում է, թե «ադրբեջանցիները պիտի վերադառնան իրենց պատմական հայրենիք»։ Հարցին, թե արդյո՞ք հայերի ապամարդկայնացման խոսույթն Ադրբեջանն այժմ փորձում է օգտագործել վերը նշված նպատակին հասնելու համար, Էրիկ Դավթյանը դրական է պատասխանում։ «Սրանք նախապատրաստական փուլեր են։ Դու սկզբում գեներացնում ես ատելություն մի ամբողջ ժողովրդի նկատմամբ, համոզում ես քո սեփական բնակչությանը, որ նրանք չունեն պետություն ունենալու իրավունք, բարբարոս են, քոչվոր են, հանցագործ են․․․ Դրանից հետո հիմնավորում ես նաև, որ այն տարածքը, որտեղ ապրում է հայ ժողովուրդը՝ Հայաստանի Հանրապետությունը, «Արևմտյան Ադրբեջան է»։ Մենք տեսնում ենք, որ սրանք ոչ թե ինչ-որ էպիզոդիկ բաներ են, այլ համակարգված քաղաքականություն․ օրինակ՝ ՀՀ բոլոր տեղանունների ադրբեջանական համարժեքները ստեղծել, տարածել քարտեզներ, որտեղ Սյունիքը նշված է որպես Ադրբեջան։ Նաև հայտարարությունների մակարդակում ենք տեսնում․ Ալիևն, օրինակ, ասում է՝ մենք տանկերով հետ չենք գնա, խաղաղ ճանապարհով կգնանք, բայց մենք անպայման հետ կգնանք, դա պատմական ադրբեջանական հող է»,- ասում է գիտնականը։ Էրիկ Դավթյանը շեշտում է՝ նման հայտարարություններին զուգահեռ պաշտոնական մակարդակով պահանջներ են դրվում, թե «երբ ադրբեջանցիները վերադառնան ՀՀ-ում ապրելու, պետք է այնտեղ նաև ինքնավարության իրավունք ունենան»։ Գիտնականը նշում է՝  եթե պատկերացնենք մի անհավանական սցենար, երբ ինչ-որ ադրբեջանցիներ կարող են գալ ու բնակվել Հայաստանում, մի օր էլ ադրբեջանական կողմից կարող է հայտարարվել, օրինակ, թե այդ ադրբեջանցիների իրավունքները ոտնահարվում են, ինչն էլ կարող է օգտագործվել որպես ռազմական գործողություններ սկսելու հիմնավորում։  Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարության՝ հաղթանակի նարատիվում կա հայատյացության հստակ դրսևորում, ինչը, փաստորեն, օգտագործվում է որպես գործիք՝ արդարացնելու Հայաստանի ու հայության դեմ ագրեսիան։ Հոդվածում այնուհետև անդրադարձ է կատարվում նրան, թե ինչպես էին Հայաստանի տարբեր ղեկավարներ Արցախյան առաջին պատերազմից հետո տալիս թշնամու ձևակերպումը։ Պարզ է դառնում, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայակական կողմը չէր թիրախավորում Ադրբեջանը՝ որպես երկիր, չէր գործածում Ադրբեջանի նախագահներին ապամարդկայնացնող, դիվականացնող կամ վիրավորող բառապաշար: Հայաստանի ղեկավարները հաղթանակին նվիրված ելույթներում անգամ խուսափում էին օգտագործել «թշնամի» բառը՝ փոխարենն Ադրբեջանն անվանելով «հակառակորդ»։ Նրանք ադրբեջանցիներին որակում էին որպես ազգ, որին հայերը հարգում են, և ավելի շատ փորձում էին բացատրել հակամարտության բնույթը։ Արցախ, մայիսի 9, 2017 (լուսանկարը՝ ՀՀ նախագահի կայքից) Հետաքրքիր է, որ երկու երկրների ղեկավարներն էլ իրենց ելույթներում խոսում են ուժերի անհամաչափության մասին։ Եվ եթե Ադրբեջանը նժարը թեքում է դեպի իր կողմը՝ Հայաստանին վերաբերվելով որպես ստորադաս պետության, ապա Հայաստանը խոսում էր նյութական ուժի՝ հօգուտ Ադրբեջանի անհամաչափության մասին։  Հայկական ղեկավարությունը բազմիցս էր նշում, որ 1990-ականների սկզբին Հայաստանը մղել է պարտադրված պատերազմ, և այն իր բնույթով ազատության համար պայքար է եղել: Ուստի, Ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցած զինվորները կոչվում էին «ազատամարտիկներ», իսկ հետպատերազմյան շրջանում Հայաստանի սահմանները պաշտպանողները՝ ազատության «առաջնային երաշխավորներ»։ Հայաստանի բոլոր չորս առաջնորդները հայտարարում էին նաև, որ Արցախյան առաջին պատերազմում Հայաստանի հաղթանակը և շփման գծի հետագա պահպանությունը նպատակ ունեին ոչ միայն պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այլ նաև երաշխավորելու հայ բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Պատերազմը նրանք բնութագրում էին որպես գոյամարտ, իսկ հաղթանակը դիտարկում էին ոչ միայն որպես Լեռնային Ղարաբաղի տարածքի ազատագրում, այլ նաև ցեղասպանության կանխարգելում: Հայաստանի՝ մի քանի դար շարունակ պետականություն չունենալու փաստն, ըստ հայ ղեկավարների, Հայոց ցեղասպանությունը կանխել չկարողանալու պատճառ է եղել։ Հեղինակը մեջբերում է Սերժ Սարգսյանի ելույթներից մի հատված, որտեղ վերջինս նշում էր, թե պետականության կորստի և հետևաբար՝ բանակի բացակայության հետևանքով են տեղի ունեցել ոչ միայն 1915-ի ցեղասպանությունը, այլ նաև Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը։ Հայաստանի առաջնորդները, հետևաբար, հայտարարում էին, որ այս հաղթանակի շնորհիվ Հայաստանը այլևս երբեք նոր ցեղասպանության չի ենթարկվի: Հոդվածի հեղինակը Հայկական ղեկավարության՝ հաղթանակի նարատիվում ևս մի կետ է նկատում․ նրանք Արցախյան հակամարտությունը նկարագրում էին որպես պայքար՝ հանուն համընդհանուր արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, հանդուրժողականության։   Հաղթանակը՝ ամրագրված օրացույցի վրա և սիմվոլներով Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է հաղթանակն ամրագրել օրացույցի վրա և սիմվոլների միջոցով։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 27-ը, հռչակվեց որպես «Հիշատակի օր», նոյեմբերի 8-ը՝ Շուշին գրավելու օրը՝ «Հաղթանակի օր», իսկ Արցախի քաղաքների գրավման օրերը՝ «Քաղաքային օրեր»: Հոդվածի հեղինակը նկատում է, որ Հայաստանի դեպքում, օրինակ, մայիսի 9-ը կոչվում է «Հաղթանակի և խաղաղության օր», այսինքն՝ «հաղթանակ» բառի կողքին ավելանում է նաև «խաղաղությունը»։ Ադրբեջանի տարբեր շրջաններում 44-օրյա պատերազմից կանգնեցվեցին «Երկաթյա բռունցք» հուշարձաններ՝ որպես Ալիևի՝ ի նշան հաղթանակի բարձրացրած բռունցքի վիզուալ սիմով։ Բացի այդ՝ 2021-ին Բաքվում բացվեց Ռազմավարի պուրակը, որտեղ ցուցադրված է գրավված հայկական զինտեխնիկան։ «Երկաթյա բռունցք» հուշարձաններից մեկն Արդբեջանում Ավելին՝ Ադրբեջանը հաղթանակը «սիմվոլիզացնելու» համար օգտագործում է ենթակառուցվածքային ծրագրերը․ Արցախի հարավային դաշտավայրերը Շուշիի հետ կապող ճանապարհն, օրինակ, կոչվեց «Հաղթանակի ճանապարհ»։ Սիմվոլիզացումն ունի նաև մշակութային տարրեր․ Շուշիին շնորհվեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ: Հոդված հեղինակն այնուհետև գրում է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական ղեկավարության ելույթներում և ուղերձներում չկային  ո՛չ հաղթանակն օրացուցույցի վրա ամրագրելու, ո՛չ այն սիմվոլներով ներկայացնելու տարրեր։   Հաղթանակը և հակամարտության կարգավորման հեռանկարները․ փոխզիջո՞ւմ, թե՞ ռազմական լուծում Ինչպես և կարելի էր կռահել, հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները ևս խիստ տարբերվում են երկու երկրների առաջնորդների՝ հաղթանակի նարատիվներում։ Հոդվածի հեղինակը գրում է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, թե հակամարտությունն ավարտվել է, «Ղարաբաղն անգամ գոյություն չունի որպես տարածքային միավոր»:  «Բաքվի վարքագիծը մինչև 44-օրյա պատերազմն էլ էր ագրեսիվ ու պատերազմաշունչ, սակայն պատերազմից հետո դա էլ ավելի սաստկացավ»,- ասվում է հոդվածում։  Ադրբեջանի նախագահը մերժում է Հայաստանի հետ որևէ փոխզիջումային լուծում՝ պնդելով, թե «իրենց պայմանների ընդունումը Հայաստանի համար միակ հնարավորությունն է հարմարավետ ապրելու 29 հազար քառ․ կիլոմետր տարածքում»: Իլհամ Ալիևը սպառնում է ռազմական ուժ կիրառել՝ անելով այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են «Հայաստանը պետք է լիովին հասկանա, որ մենք կարող ենք լուծել ցանկացած ռազմական խնդիր, և ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել», «Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը»։ Բացի այդ՝  նա պնդում է, թե 2020 թ․ պատերազմից հետո Ադրբեջանը դարձել է տարածաշրջանի գերիշխող պետություն, ուստի «Հայաստանի դիմադրությունն անիմաստ է»: Հետաքրքիր է, որ Ադրբեջանը նաև հետպատերազմական իրողություններն է օգտագործում հաղթանակի նարատիվը զարգացնելու համար: Նա, օրինակ, հայտարարում է, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը տեղի են ունենում ադրբեջանական պայմաններով, «ինչպես որ պետք է լիներ», և «այսուհետ այդպես կլինի»: Էրիկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշում է՝ Հայաստանի ղեկավարների ելույթներում նման երևույթ չի նկատել։ Ըստ գիտնականի՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից հետպատերազմական զարգացումները հաղթանակի նարատիվի համատեքստում օտագործելը նպատակ ունի ցույց տալու, թե  44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը դարձել է շատ ավելի հզոր պետություն, տարածաշրջանում օրակարգ թելադրող, և հաղթանակը նրան տվել է իրավունք՝ Հայաստանի հետ խոսելու օրակարգ թելադրողի դիրքերից։ Ի հակադրություն՝ Հայաստանի ղեկավարներն Արցախյան առաջին պատերազմից հետո իրենց ելույթներում խոսում էին խաղաղության պահպանման կարևորության մասին՝ այն նկարագրելով որպես «մեծագույն հաղթանակ», «մեծագույն արժեք»: Եթե Ադրբեջանի ղեկավարությունն այժմ խոսում է տարածաշրջանում դոմինանտ լինելու մասին, Հայաստանի ղեկավարներն այն ժամանակ խոսում էին Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և տարածաշրջանային հավասարակշռություն երաշխավորելու մասին։ Ավելին՝ Հայաստանի ղեկավարները հաղթանակից հետո անգամ խոսում էին բանակցված խաղաղության հասնելու, փոխադարձ վստահության կառուցման և հայ ու ադրբեջանցի հասարակությունների՝ խաղաղության և հաշտեցման նախապատրաստման կարևորության մասին։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, կարծում էր, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շահերը պետք է հաշվի առնվեն:   Նարատիվների տարբերություններ․ պատմական և տնտեսական հիմքեր Հոդվածի հեղինակն այնուհետև հարց է բարձրացնում, թե որն է պատճառը, որ իրար շատ հարցերում նման երկու պետություններ հաղթանակ տանելուց հետո ունեցան նարատիվների նման տարբերություններ։ Հայաստանի դեպքում նա առանձնացնում է երկու պատճառ։ Առաջինը պատմական է․ պայմանավորված հայոց ցեղասպանության փաստով և Ադրբեջանի՝ 1980-ականներից սկսված ագրեսիվ վարքով՝ հայկական նարատիվում նկատվում է գոյաբանական հարցերի նկատմամբ զգայունություն։ Նարատիվի տարբերության երկրորդ պատճառն, ըստ հեղինակի, այն է, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկություն ուներ կանխելու շփման գծում հնարավոր սրացումը և բաց էր Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության գաղափարի առջև: Սակայն արդյո՞ք միայն պատմական իրողություններով ու խաղաղության գաղափարի առջև բաց լինելով կարելի է պայմանավորել հայկական նարատիվի առանձնահատկությունները, և արդյո՞ք տնտեսական գործոնը ևս կարևոր չէ։ Պատասխանելով այս հարցին՝ Էրիկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշում է՝ տնտեսական ու ռազմական անհամաչափությունն, իհարկե, դեր խաղացել է։  «Նույնիսկ Արցախյան առաջին պատերազմում պարտությունից հետո Ադրբեջանն ասում էր, որ ռազմական ու տնտեսական ուժի առումով ասիմետրիա կա՝ հօգուտ իրենց, որովհետև նավթ ունեն, բնակչությունը մի քանի անգամ ավելի շատ է և այլն։ Հայաստանում էլ են միշտ ընդունել դա․ երբեք չի հերքվել, որ ասիմետրիա կա՝ ի վնաս մեզ»,- ասում է նա։ Գիտնականը շեշտում է ևս մի հանգամանք. Հայաստանի ղեկավարները միշտ հույս են ունեցել, որ հնարավոր է փոխզիջումային լուծման գնալ Ադրբեջանի հետ, թեկուզ միջնորդների օգնությամբ կամ ճնշմամբ: «Մտածել են՝ եթե մենք ինչ-որ բան զիջենք, դրա դիմաց Ադրբեջանն ի վերջո կհամաձայնի հակամարտությունը լուծել։ Ու անընդհատ խոսել են խաղաղության մասին, փոխզիջման կարևորության մասին, փորձել են ագրեսիվ ու պատերազմաշունչ հռետորաբանությունից խուսափել, որ առիթ չտան Ադրբեջանին գնալու որևէ պրովոկացիայի»,- ասում է նա։ Էրիկ Դավթյանը նշում է՝ հաշվի առնելով, որ տնտեսական ու ռազմական անհամաչափությունը գնալով խորացել է՝ պայմանավորված հատկապես Ադրբեջանի նավթային գործարքներով, Հայաստանի ղեկավարները հասկացել են, որ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան գնալ որևէ կոմպրոմիսային լուծման։ Այս համատեքստում հարց է առաջանում, թե արդյո՞ք ոչ կոշտ հռետորաբանությանը և փոխզիջմանը պատրաստ լինելուն զուգահեռ բավարար աշխատանք է տարվել տնտեսական ու ռազմական անհամաչափությունը վերացնելու ուղղությամբ։ Էրիկ Դավթյանը կարծում է, որ Հայաստանում ավելի շատ եղել է համակերպվածություն եղած վիճակի հետ։  «Չի տարվել այնպիսի քաղաքականություն, որ հնարավոր լինի այդ ասիմետրիան որևէ ձև շտկել, այսինքն՝ գույքագրել այն ինտելեկտուալ, նյութական ռեսուրսները, որ ունենք, և փորձել որևէ ռազմավարություն ու դրան համապատասխան քաղաքականություն մշակել։ ․․․․ Կա՛մ հույսը դրվել է արտաքին միջամտության վրա, կա՛մ, եթե չլինի արտաքին միջամտություն, ամեն կերպ Ադրբեջանին համոզել, որ գնան փոխզիջումային լուծման։ Պարզապես այնպես ստացվեց, որ Ադրբեջանն այդ փոխզիջմանն էլ համաձայն չէր։ Երևի թե նրանք էլ հասկացան, որ ինչ-որ մի պահի կկարողանան ուժով ստանալ այն, ինչը բանակցություններով չէին կարող»,- ասում է գիտնականը։ Հետաքրքիր է, որ երբ գիտությունների դոկտոր Նաիրա Սահակյանն ուսումնասիրել էր Իլհամ Ալևի հոր՝ Հեյդար Ալիևի հռետորաբանությունը, նկատել էր, թե ինչպես է վերջինիս՝ Արցախյան հակամարտությանը վերաբերող խոսույթում, Ադրբեջանի տնտեսական զարգացմանը զուգահեռ, սկսում ձևավորվել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նարատիվը։ Այսպիսով, Էրիկ Դավթյանի հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են երկու պետություններ պատերազմում հաղթելուց հետո զարգացնել հաղթանակի՝ իրարից կտրուկ տարբերվող նարատիվներ՝ պայմանավորված պատմական համատեքստով, հակամարտության կարգավորման վերաբերյալ պատկերացումներով և այլ գործոններով։   Գլխավոր լուսանկարը՝  ազատագրված Շուշիում, 1992, աղբյուրը՝ aniarc.am Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Հայ որբերի «Տուն» ամսագիրը՝ ազգային ինքնությունը վերագտնելու և ցեղասպանական տրավմաները հաղթահարելու միջոց | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
19:46 - 12 ապրիլի, 2025
Գենոմի խմբագրում և գենետիկական հիվանդությունների բուժում․ Հայաստանում կանցկացվի CRISPR-2025 համաժողովը

Գենոմի խմբագրում և գենետիկական հիվանդությունների բուժում․ Հայաստանում կանցկացվի CRISPR-2025 համաժողովը

Գենոմի խմբագրման ոլորտի գիտական նվաճումներ, մարտահրավերներ, բժշկական կիրառության էթիկական հարցեր. այս և այլ թեմաների շուրջ CRISPR-2025 միջազգային համաժողովն այս տարվա հոկտեմբերի 5-10-ը կհամախմբի հայ և օտարազգի գիտնականների, բժիշկների, ինչպես նաև տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների։ CRISPR համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2018-ին, ապա՝ 2023-ին Նովոսիբիրսկում (Ռուսաստան)։ Այս տարի այն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում։ Կազմակերպիչներն են Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի Բջջաբանության և գենետիկայի ինստիտուտը  և Սուրգուտի պետական ​​համալսարանը։   CRISPR-Cas տեխնոլոգիաներն ու դրանց բժշկական կիրառությունը Համաժողովի կազմակերպիչներից կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զաքյանը, որը ղեկավարում է Նովոսիբիրսկի Բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի Զարգացման էպիգենետիկայի լաբորատորիան, նշում է՝ վերջին 25 տարիներին մոլեկուլային կենսաբանության ոլորտում տեղի են ունեցել հեղափոխական իրադարձություններ, որոնց թվում՝ CRISPR-Cas տեխնոլոգիաների զարգացումը։ CRISPR-Cas տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գիտնականներին գենոմի խմբագրում իրականացնել՝ փոխել օրգանիզմի ԴՆԹ-ն¹ և գենոմի որոշ հատվածներում գենետիկական նյութ ավելացնել, հեռացնել կամ փոփոխել։  Գենոմի խմբագրման տեխնոլոգիաներից առավել հայտնի է CRISPR-Cas9-ը, որը վերցված է բակտերիաների իմունային պաշտպանական համակարգից։ Երբ բակտերիաները վարակվում են որևէ վիրուսով, դրանք վերցնում են վիրուսի ԴՆԹ-ի փոքր հատվածներ և դրանք ներմուծում իրենց ԴՆԹ-ի մեջ՝ որոշակի օրինաչափությամբ ստեղծելով հատվածներ, որոնք հայտնի են որպես CRISPR (clustered regularly interspaced short palindromic repeats՝ կանոնավոր դասավորված կարճ պալինդրոմային կրկնություններ)։ Այս կրկնող հատվածներն օգնում են բակտերիաներին «հիշել» վիրուսը։ Հենց վիրուսը նորից է փորձում վարակել բակտերիաներին, վերջիններս ճանաչում են այն և Cas9 սպիտակուցի օգնությամբ դրա ԴՆԹ-ի որոշակի հատված «կտրում» են՝ փոփոխելով այնպես, որ վիրուսն անվնաս դառնա։  CRISPR/Cas9 տեխնոլոգիան բացահայտել են գիտնականներ Էմանուել Շարպենտիեն և Ջենիֆեր Դուդնան բակտերիաներից մեկի իմունային համակարգն ուսումնասիրելիս։ Այս տեխնոլոգիայի բացահայտման համար նրանք արժանացել են Նոբելյան մրցանակի։ Պրոֆեսոր Զաքյանը նշում է՝ նեյրոդեգեներատիվ և սրտանոթային բազմաթիվ հիվանդությունների դեմ հայտնի դեղերը ոչ թե մոլեկուլային մակարդակում անմիջապես ազդում են հիվանդության պատճառ հանդիսացող թիրախների վրա՝ բուժելով դրանք, այլ վերացնում կամ մեղմում են ախտանիշները։ CRISPR-Cas տեխնոլոգիաները պրոֆեսորը համեմատում է վիրաբուժական դանակների հետ․ ինչպես վիրաբույժն է վիրահատական դանակով հեռացնում, օրինակ, կույր աղիքի բորբոքված ելուստը՝ բուժելով հիվանդին, այնպես էլ այս «մոլեկուլային մկրատն» է օգնում հեռացնել կամ փոխարինել հիվանդությունների պատճառ հանդիսացող գեները։ Հենց գենոմի խմբագրման տեխնոլոգիաների զարգացմանը, բժշկական կիրառությանն ու  գենետիկական հիվանդությունների բուժմանն է նվիրված CRISPR համաժողովը, որն անցկացվելու է արդեն երրորդ անգամ։ Պրոֆեսոր Զաքյանը նշում է՝ կարևոր է այս հարթակն օգտագործել ոչ միայն կարծիքների, գիտական արդյունքների փոխանակման ու քննարկումների, այլ նաև ուսանողներին ներգրավելու, ոլորտին ծանոթացնելու, նրանց հարցերին պատասխանելու համար։  «Հույս ունեմ՝ մենք կկարողանանք ներգրավել շատ երիտասարդների՝ Երևանի պետական բժշկական համալսարանից, տարբեր բուհերի կենսաբանական ֆակուլտետներից։ Պատկերացրեք, որ մի սեղանի շուրջ կլինեն և՛ ակադեմիկոսներ, և՛ ճանաչված գիտնականներ, և՛ լաբորանտներ, և՛ ուսանողներ»,- ասում է նա։ Գիտությունների ազգային ակադեմիայի Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կենսաբանության ֆակուլտետի՝ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտություննեի դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը, որը համաժողովի կազմակերպիչներից մեկն է, նշում է՝ իր համար ևս ամենակարևորն այն է, որ կարողանան ներգրավել տաղանդավոր երիտասարդների, որոնք կծանոթանան մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի նվաճումներին ու կիրառության հեռանկարներին։    Գենետիկական հիվանդություններին վերաբերող հետազոտությունները Հայաստանում  Խոսելով Հայաստանում գենետիկական հիվանդությունների և դրանց բուժման ուղղությամբ հետազոտությունների և դրանց հեռանկարներից՝ Հայ-ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագիտություն ինստիտուտի տնօրեն, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, համաժողովի համակազմակերպիչ Արսեն Առաքելյանը նշում է՝ իրենց ինստիտուտներում այս ոլորտի հիմնական ուղղությունը գենոմային տեղեկությունների վերծանումն է։  Արսեն Առաքելյանի խոսքով ՄԿԻ-ում կենսաինֆորմատիկական գործիքների կիրառմամբ բացահայտում են գեների տարբերակներ,² որոնք նպաստում այս կամ այն հիվանդության առաջացմանը։ Այս պահին ՄԿԻ-ն Հայաստանի ողջ պոպուլյացիայի մակարդակով հավաքագրում է ԴՆԹ շղթայում գեներ կոդավորող բոլոր հատվածների մասին ինֆորմացիա՝ հասկանալու համար, թե տարբեր գեների տարբերակներն ինչպես են բաշխված մեր երկրի բնակչության շրջանում։ Գիտնականը նշում է՝ ՄԿԻ-ում գենետիկական հիվանդությունների հետազոտությանը միտված մյուս կարևոր ուղղությունը միջերկրածովյան ընտանեկան տենդի (այսպես կոչված՝ «երևանյան հիվանդություն») ուղղությամբ հետազոտություններն են։ Ինստիտուտն արդեն հասցրել է նորագույն տեխնոլոգիայի հիման վրա այս հիվանդության գենետիկական ախտորոշիչ թեստ մշակել և այն արտոնագրել։ Անցած տարի էլ ՄԿԻ-ն չինացի գիտնականների հետ համագործակցություն է սկսել, որի շրջանակում, բացի  միջերկրածովյան ընտանեկան տենդի ախտորոշումից և բուժումից, նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ուղղությամբ հետազոտական ծրագրեր է իրականացնում։ Գենետիկական հիվանդությունների բուժման ուղղությամբ հետազոտությունների շրջանակում ՄԿԻ-ին համագործակցում է նաև պրոֆեսոր Սուրեն Զաքյանի ղեկավարած լաբորատորիայի հետ՝ իրականացնելով նրանց հետազոտություններին վերաբերող կենսաբանական տվյալների կենսաինֆորմատիկական վերլուծությունը։  Միաժամանակ, Հայ-ռուսական համալսարանի հետ ինստիտուտն իրականացնում է  գենոմային խմբագրման կիրառությունների հիման վրա հիվանդությունների մոդելների ստեղծում։ Այս հետազոտություններն իրականացվում են բջիջների մակարդակում։ Երբ գիտնականները կասկածում են, որ որևէ գենի այս կամ այն տարբերակը կարող է ինչ-որ հիվանդության պատճառ դառնալ, բջիջների այդ գենում փոփոխություն են կատարում՝ ստանալով գենի նշված տարբերակը, ապա հետևում, թե ինչպես է  փոխվում բջջի ֆունկցիոնալ վիճակը, և արդյո՞ք փոփոխությունները բնորոշ են տվյալ հիվանդությանը։ Այս հետազոտություններն օգնում են մոդելավորել հիվանդությունները` բացահայտելով դրանց առաջացմանը պոտենցիալ նպաստող գեների տարբերակներ։ ԵՊՀ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը նշում է՝ Ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայում իրենք ևս իրականացնում են գենետիկական հիվանդություններին վերաբերող հետազոտություններ, որոնց շրջանակում բջջային մակարդակում գենոմի խմբագրման մեթոդներ են կիրառում։ Այս հետազոտությունների շրջանակում համագործակցում են ՄԿԻ-ի հետ։ Հայ-ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի և կենսաինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, Գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման կենտրոնի ղեկավար և ՄԿԻ ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռոքսանա Զախարյանը պատմում է՝ 2021-ին Հայ-ռուսական համալսարանում ստեղծվեց նորարարական կենտրոն։ Կենտրոնի ստեղծման նպատակն էր համալսարանում ունենալ գիտաուսումնական կառույց, որը ուսանողներին հնարավորություն կտա, գենոմի խմբագրման տեխնոլոգիաների մասին տեսական գիտելիքներից բացի, ձեռք բերել նաև գործնական գիտելիքներ և հմտություններ։  Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում ձեռք են բերվել անհրաժեշտ սարքեր ու նյութեր, որոնց միջոցով ուսանողները կարողանում են բջիջների վրա գենոմի խմբագրման տեխնոլոգիաներ կիրառել։ Ռոքսանա Զախարյանը նշում է՝ բացի կրթական բաղադրիչից՝ Հայ-ռուսական համալսարանում այդ ուղղությամբ նաև հետազոտություններ են իրականացնում ու գիտական հոդվածներ տպագրում։ Վերջերս էլ համալսարանի ասպիրանտներն ու ուսանողներն իրենց նոր հետազոտությունների համար երիտասարդական դրամաշնորհ են ստացել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։ Ռոքսանա Զախարյանը կարևորում է այն փաստը, որ գենետիկական հիվանդություններին ու գենոմի խմբագրմանն առնչվող հետազոտությունների մասով համագործակցում են բժիշկների ու կլինիկաների հետ։  Գիտնականները նշում են՝ Հայաստանում գենետիկական հիվանդությունների բուժման ուղղությամբ կլինիկական հետազոտությունների մասին խոսել դեռ վաղ է․ մեր երկրում դեռևս իրականացվում են բջիջների վրա փորձեր կամ գենետիկական տվյալների կենսաինֆորմատիկական վերլուծություններ։ Արսեն Առաքելյանի խոսքով ոչ մոտ ապագայում, սակայն ի վերջո գենոմի խմբագրումը՝ որպես թերապևտիկ միջամտություն, լայն տարածում է գտնելու։ Այդ պատճառով էլ կարևոր է հետազոտական, ինչպես նաև կրթական ծրագրերի իրականացմամբ Հայաստանում այնպիսի մասնագետների պատրաստումը, որոնք ապագայում կկարողանան գենոմի խմբագրման ուղղությամբ հետազոտություններ իրականացնել։   *** CRISPR-2025 համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 5-10-ը։ Համաժողովի մասնակից գիտնականները հանդես կգան զեկույցներով, կլինեն պանելային քննարկումներ։ Մասնակիցները նաև հնարավորություն կունենան թեզիսներ ներկայացնելու, որոնց հիման վրա կանցկացվի երիտասարդ գիտնականների մրցույթ։ Ամենաշատ միավորներ հավաքած թեզիսի հեղինակին հնարավորություն կտրվի ելույթ ունենալու և ներկայացնելու իր աշխատանքը։   ¹ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) մեծ մոլեկուլ է, որում կոդավորված է օրգանիզմի բոլոր գեների մասին ինֆորմացիան։  ⇑  ²Երբ գենի որոշակի հատված այս կամ այն պատճառով փոփոխվում է կամ մուտացիայի է ենթարկվում, առաջանում է այդ գենի նոր տարբերակ։ Միևնույն գենը կարող է ունենալ մի քանի տարբերակներ։ Գեների որոշ տարբերկաներ կարող են այս կամ այն հիվանդության առաջացման պատճառ դառնալ։  ⇑    Գլխավոր լուսանկարում՝ Գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման կենտրոնը   Աննա Սահակյան
18:48 - 10 ապրիլի, 2025
Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով

Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով

2021-ին քիմիկոս Մարինա Աղայանը, որ 2000-ականներին մեկնել էր արտասահման՝ գիտական գործունեություն ծավալելու, ապա թողել էր գիտությունն ու բիզնեսով էր զբաղվում, վերադարձավ Հայաստան՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնադրելով գիտական նոր թիմ։ Մարինա Աղայանի՝ Հայաստան վերադարձով մեր երկրում երիտասարդ գիտնականների թիվն ավելացավ ևս մեկով։  2023-ին Հայաստանում եղել է 4312 գիտնական։ Այս գիտնականների շուրջ 31%-ը մինչև 35 տարեկան է, 27%-ը՝  35-49, 17%-ը՝ 50-64, 25%-ը՝ 65 տարեկան և բարձր։* Գիտնականների տարիքային բաշխվածությունը, սակայն, միշտ չէ, որ այս տեսքն է ունեցել։ 2016 թվականին, օրինակ, 35 տարեկանից ցածր գիտնականներն ընդամենը 25% են կազմել, մինչդեռ 65 և ավելի տարեկան գիտնականները՝ 29%: Հետագա տարիներին այս համամասնությունն աստիճանաբար փոխվել է, իսկ էական փոփոխություն արձանագրվել է 2022 թվականին։ Կառավարությունն այս փոփոխությունը պայմանավորում է գիտության ֆինանսավորման աճով, երիտասարդներին գիտական գործունեության մեջ ներգրավելուն և ասպիրանտներին աջակցելուն միտված ծրագրերի ներդրմամբ։ Գործադիրը, սակայն, դեռ գոհ չէ աճի տեմպից։ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթույթան և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահն ասում է՝ գիտություն եկած մեկ երիտասարդ գիտնականը համարժեք չէ գիտությունից հեռացած 50 տարեկանից բարձր մեկ գիտնականի։ Կառավարությունը ցանկանում է իրականացնել «արդյունավետ սերնդափոխություն»՝ ստեղծելով երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու ինստիտուցիոնալ համակարգ։  Կառավարությունը սերնդափոխության և գիտության ու կրթության մեջ առկա այլ խնդիրները լուծելու նպատակով նախատեսում է խոշորացնել պետական բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և դրանց միավորմամբ ստեղծել 6 մեծ համալսարաններ, որտեղ գիտական կազմակերպությունները կգործեն որպես համալսարանների մաս կազմող և ինքնուրույնության որոշակի մակարդակ ունեցող ստորաբաժանումներ։ Բարձրագույն կրթության և գիտության՝ միավորման միջոցով ինտեգրումն, ըստ կառավարության, կլուծի գիտության արդյունավետ սերնդափոխության խնդիրը։  Բուհերից ու գիտական կազմակերպություններից «Ինֆոքոմի» հավաքագրած տվյալները ցույց են տալիս, որ 2024-ին երիտասարդ և միջին տարիքի (մինչև 50 տարեկան) գիտնականների համամասնությամբ առաջատար են բուհերը, նրանցից մի փոքր հետ են մնում գիտական անկախ կառույցները, ապա Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներն են, իսկ ամենավերջում՝ գերատեսչական գիտական կառույցները։   Ինչպիսին է պատկերը բուհերում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ), Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) առաջատարներն են երիտասարդ և միջին տարիքի գիտնականների համամասնությամբ։ Նրանց հաջորդում են Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։¹ Վերջին տարիներին երիտասարդ՝ մինչև 35 տարեկան գիտնականների թվի կտրուկ աճ է գրանցել Երևանի պետական համալսարանը, նվազում՝ Շիրակի պետական համալսարանը։ Բոլոր բուհերի տվյալները կարող եք տեսնել՝ թերթելով նկարները։*   Ինչպիսին է պատկերը Գիտությունների ազգային ակադեմիայում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) 5 գիտական կառույցներ նույնքան երիտասարդ են, որքան ամենաերիտասարդ բուհերը։ Մասնավորապես, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Էկոկենտրոն) երիտասարդ և միջին տարիքի գիտնականները միասին 2024-ին կազմել են մոտ 87%, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնում՝ 80%, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում (ՔՖԻ)՝ մոտ 74,6%, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում (ՄԿԻ)՝ 71,4%, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (ԻԱՊԻ)՝ 65,2%։ ԳԱԱ 31 գիտական կազմակերպություններից² 17-ում մինչև 50 տարեկան գիտնականների համամասնությունը 50%-ից բարձր է, սակայն մնացած 14 կազմակերպություններում իրավիճակը կտրուկ տարբեր է վերոնշյալից․ մինչև 50 տարեկան գիտնականների ներգրավվածությունը ցածր է 50%-ից։ ԳԱԱ բոլոր 33 կառույցներում վերջին տարիներին որոշակիորեն աճել է երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը։ Կտրուկ աճ է գրանցել Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը՝ 2024 թվականին գրեթե կրկնապատկելով մինչև 35 տարեկան գիտնականների թիվը։ Առանձին ինստիտուտներում գիտնականների՝ ըստ տարիների տարիքային բաշխվածությունը կարող եք ուսումնասիրել՝ թերթելով նկարները։   Ինչպիսին է պատկերը գիտական անկախ կառույցներում Մեր ուսումնասիրած գիտական անկախ կառույցներից միայն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ) է հետ մնում բուհերից։ Առաջատարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն (ՀՑԹԻ) է, որտեղ երիտասարդ և միջին տարիքի գիտնականները 2024-ին կազմել են մոտ 94%, հաջորդում է Մատենադարանը՝ մոտ 66,7%-ով, ապա ԱԱԳԼ-ն է՝ մոտ 52%-ով։  Ստորև կարող եք տեսնել նաև, թե այս կառույցներում ինչպես է փոփոխվել տարբեր տարիքային խմբերում ներգրավված գիտնականների թիվը  2016-2024 թվականներին։ Կարևոր է նշել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտն ու Մատենադարանը այն եզակի կառույցներից են, որոնք խոշորացումից ու միավորումից հետո գործելու են առանձին։   Ինչպիսին է պատկերը գերատեսչական կառույցներում Բացի ԳԱԱ ինստիտուտներից ու անկախ կառույցներից՝ Հայաստանում գործում են նաև գերատեսչական կառույցներ։ Մենք հավաքագրել ենք Առողջապահության և Էկոնոմիայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գիտական հաստատությունների տվյալները։  Ստորև կարող եք տեսնել, թե գերատեսչական կառույցներում ինչպես է փոփոխվել տարիքային տարբեր խմբերում ներգրավված գիտնականների թիվը  2016-2024 թվականներին։   *** Այսպիսով, ԳԱԱ կազմում և դրանից դուրս կան գիտական կազմակերպություններ, որոնք այս պահի դրությամբ, չգործելով որևէ համալսարանի կազմում, ավելի երիտասարդ են, քան բուհերից շատերը։  Մենք զրուցել ենք այդ գիտական կազմակերպություններից մի քանիսի տնօրենների հետ՝ խնդրելով ներկայացնել, թե նրանք երիտասարդներին ներգրավելու և գիտության մեջ պահելու ինչ քաղաքականություն են վարում։   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) մեկն է ԳԱԱ ամենաերիտասարդ ինստիտուտներից։ Ստորև ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ այս կառույցում երիտասարդացումը նոր երևույթ չէ․ դեռ 2016-ին ինտիտուտում մինչև 50 տարեկան գիտնականները կազմում էին 57,3%, և այդ թիվը գնալով աճել է՝ 2024-ին հասնելով 71,4%-ի։ ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանն ինստիտուտում աշխատում է 1998-ից։ Նա հիշում է, որ դեռ նախկին տնօրենի՝ Աննա Բոյաջյանի օրոք էր երիտասարդներին ներգրավելը ինստիտուտի կարևոր առաջնահերթություններից մեկը, և երբ 2015-ին ինքը ստանձնեց տնօրենի պաշտոնը, «բավական լավ բազա կար»։ Ինչպե՞ս էր ստացվում երիտասարդներին գրավել ու պահել գիտության մեջ 2000-ականներին, երբ գիտության ֆինանսավորումն այսօրվա համեմատ շատ քիչ էր։ Պատասխանելով այս հարցին՝ Արսեն Առաքելյանը մի քանի քայլ է առանձնացնում՝ ՄԿԻ-ն դեռ 2000-ականներից ուներ հետաքրքիր ու ժամանակակից հետազոտական ուղղություններ, երիտասարդներն առաջին իսկ օրվանից ընդգրկվում էին հետազոտական աշխատանքներում, նրանց հնարավորություն էր տրվում լաբորատորիայում աշխատելու և սխալվելու, երբ հետազոտական որևէ ծրագիր էր իրականացվում, չէր ստեղծվում այնպիսի իրավիճակ, որ միայն լաբորատորիայի ղեկավարը կամ ավագ գիտաշխատողները վարձատրվեին․ վարձատրվում էին բոլորը, Հայաստանում ֆինանսական սուղ պայամանների պարագայում ՄԿԻ-ն դիմում էր միջազգային ֆոնդերի և ֆինանսավորում ներգրավում, երիտասարդ գիտաշխատողներին որոշ ժամանակով ուղարկում էին արտասահմանում հետազոտություններ իրականացնելու։ Արսեն Առաքելյանի խոսքով այս ամենի շնորհիվ երիտասարդները զգում էին, որ իրենք թիմի մաս են։ Խոսելով այն մասին, որ Հայաստանում շատ հաճախ խնդիր կա նաև միջին տարիքի գիտնականների, որոնք պետք է ղեկավարեն երիտասարդներին, Արսեն Առաքելյանն առանձնացնում է երկու պատճառ։ Նախ՝ շատերը, որոնք հիմա պիտի միջին տարիքային խմբում լինեին, ժամանակին հեռացել են Հայաստանից կամ առհասարակ թողել են գիտությունը, բացի այդ՝ հաճախ է եղել, որ լաբորատորիաների վարիչները բավարար ջանք չեն գործադրել նոր պոտեցնիալ ղեկավարներ կրթելու և պատրաստելու ուղղությամբ: Նա նշում է, որ ՄԿԻ-ում այդ խնդիրը չկա․ իհարկե, ունեցել են լաբորատորիաներ, որոնք փակվել են, սակայն հիմնական ուղղությունների դեպքում ղեկավարումը հնարավոր է եղել փոխանցել ավելի երիտասարդ գիտնականի, որը շարունակել ու զարգացրել է այդ ուղղությունը՝ ըստ անհրաժեշտության ձևափոխելով և արդիականացնելով։ Իսկ երիտասարդ գիտնականների՝ ղեկավարելու կարողությունները զարգացնելու համար ՄԿԻ-ն հնարավորություն է ստեղծում երիտասարդական գիտական խմբերի ձևավորման համար։ Արսեն Առաքելյանի խոսքով, եթե լինում են այնպիսի երիտասարդ գիտնականներ, որոնք ցանկանում են գործել որպես առանձին գիտական միավոր, նրանց այդ հնարավորությունը տրվում է։ ՄԿԻ տնօրենը նշում է՝ արդեն ունեցել են նախադեպեր, երբ նման խմբերի հիման վրա նոր լաբորատորիաներ են ստեղծվել ինստիտուտում։ Խոսելով այն մասին, թե ինչպիսին է կապը բուհերի և ուսանողների հետ, Արսեն Առաքելյանն ասում է՝ չնայած նախկինում այդ կապը ոչ ֆորմալ էր, երիտասարդների ներհոսք տեղի էր ունենում, քանի որ «Հայաստանը փոքր է, և անձնական կապերն աշխատում են»։  Այժմ այդ կապը ֆորմալացված է․ ՄԿԻ-ին Հայ-ռուսական համալսարանում բազային ամբիոն ունի։ Արսեն Առաքելյանը բազային ամբիոնները համագործակցության լավ տարբերակ է համարում, ասում է՝ թղթաբանությունը շատ է, բայց արդյունքը երևում է այն ուսանողների տեսքով, որոնք հետո գալիս են գիտություն, կամ եթե անգամ այլ ոլորտ են ընտրում, ունենում են գիտելիքի բավարար մակարդակ այդ ոլորտում կայանալու համար։ Հարցին, թե արդյո՞ք բուհերի հետ միավորումը և ուսանողներին ուղիղ հասանելիությոնը կնպաստի արդյունավետ սերնդափոխությանը, ՄԿԻ տնօրենը պատասխանում է՝ սերնդափոխության խնդիրները կարելի է լուծել շատ տարբեր եղանակներով։ «Մեր բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ չափելի նախնական տվյալներ չունենք․ տրամաբանության տեսակետից հնչում է շատ լավ, բայց խնդիրը միայն ուղղակի հասանելիությունը չէ։ ․․․․ Միավորումն ամենակարևոր բանը չէ սերնդափոխության հարցում․ ավելի շատ մտածելակերպի փոփոխություն է պետք։ Անգամ եթե մեր ինստիտուտը միավորվի ինչ-որ մի բուհի հետ, եթե մեր լաբորատորիայի ղեկավարը չփոխի իր մոտեցումը նոր կադրերի վերաբերյալ, համալսարանի ներսում լինի, թե դրսում, լաբորատորիան չի զարգանա։ Իսկ եթե ուզի, երբևիցե չի խանգարի այն փաստը, որ ինչ-որ համալսարան գտնվում է 10 կմ հեռավորության վրա»,- ասում է Արսեն Առաքելյանը ՄԿԻ տնօրենը նշում է՝ սերնդափոխության մասին խոսակցություններն, արդեն տարիներ է, ինչ կան, և այդ տարիների ընթացքում կարելի էր պիլոտային ծրագիր իրականացնել, որը միտված կլիներ բարձրագույն կրթության և գիտության մերձեցմանը․ «Օրինակ, լիներ բազային ամբիոնների, համատեղ հետազոտական ծրագրերի մրցույթ կամ համատեղ մշակվող կրթական ծրագրերի նախաձեռնություն։ Դժվար բան չէ»։   Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ԳԱԱ մեկ այլ կառույցի՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին (ՔՖԻ), միայն վերջին տարիներին է հաջողվել երիտասարդ գիտնականների թվի զգալի աճ ապահովել։ Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես է ՔՖԻ-ում փոխվել տարիքային խմբերի համամասնությունը 2016-ից մինչև հիմա։ ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանը վերջին տարիների երիտասարդացումը պայմանավորում է նախ այն հանգամանքով, որ ինտիտուտում փակվել են անարդյունավետ գործող լաբորատորիաները, ստեղծվել են 5 նոր լաբորատորիաներ ու գիտական նոր խմբեր, երիտասարդ կադրեր են ընդունվել աշխատանքի։ ՔՖԻ-ն առաջիկայում նոր երիտասարդ թիմեր էլ է ստեղծելու։ ՔՖԻ տնօրենը երիտասարդացման հարցում կարևորում է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ)՝ վերջին տարիների քաղաքականությունը։ Խոսքը, մասնավորապես, հետազոտական դրամաշնորհային ծրագրերում երիտասարդ կադրերի պարտադիր ներգրավման և որոշ ծրագրերի դեպքում՝ այդ երիտասարդներին բազային աշխատակիցներ դարձնելու պահանջի, ինչպես նաև երիտասարդներին արտասահմանյան գիտական կենտրոններում վերապատրաստման ուղարկելու ծրագրի մասին է։ «ԲԿԳԿ թե՛ պահանջները, թե՛ վարած քաղաքականությունը խիստ համահունչ են եղել մեր ուզածին, և դա ինչ-որ պահի սիներգիկ էֆեկտ է տվել, որ կտրուկ է եղել աճը»,- ասում է ՔՖԻ տնօրենը։ Հաշվի առնելով, որ երիտասարդներն անփորձ են ու կարող են գիտական կարիերան չշարունակել՝ Սեյրան Մինասյանը կարևորում է ոչ միայն երիտասարդների ներգրավումը, այլ նաև ինստիտուտում տարիքային խմբերի այնպիսի համամասնության ապահովումը, որ համակարգը հավասարակշռված և ինքնավերարտադրվող լինի։ Սա ենթադրում է, որ ինտիտուտում պիտի լինեն նաև բավարար քանակի ավագ, առաջատար, գլխավոր գիտաշխատողներ, այսինքն՝ փորձառու գիտնականներ, որոնք կղեկավարեն երիտասարդ կադրերին։ ՔՖԻ տնօրենը նշում է՝ խոսքը հիմնականում 40-60 տարեկան գիտնականների մասին է․ ժամանակին միայն իրենց ինստիտուտից 20 գիտնական է հեռացել, որոնք հիմա տարիքային այս խմբում պիտի լինեին։ Ավելի փորձառու գիտնականների ներգրավելու ուղղությամբ քայլերից խոսելով՝ Սեյրան Մինասյանը նշում է․ «Դուք չունեք այն կախարդական փայտիկը, որով հարվածեք սեղանին, և միանգամից ութ 45 տարեկան լիդեր հայտնվի ինստիտուտում․ դա անհնար բան է։ Այսինքն` մի մասը բնական ճանապարհով պետք է ձևավորվեն»։ ՔՖԻ տնօրենի խոսքով այդ տարիքի գիտնականներ ներգրավելու այլ ճանապարհներ էլ կան։ ՔՖԻ-ում, օրինակ, վեջին տարիներին երկու լաբորատորիա է ստեղծվել, որոնց ղեկավարները 40 տարեկան տարիքային խմբում են, նախկինում հետազոտություններ էին իրականացնում արտասահմանում և ինչ-ինչ պատճառներով վերադարձել են Հայաստան։ ԲԿԳԿ արտերկրի գիտնականների` Հայաստանի գիտական համակարգին ինտեգրման ծրագրով ինստիտուտ եկած գիտնականներից մեկը ևս տարիքյաին այդ խմբում է։  Սեյրան Մինասյանը կարևորում է, որ 65 տարեկան և բարձր տարիքային խմբի սփյուռքահայ գիտնականների ներուժը ևս օգտագործվի, նրանց ղեկավարությամբ էլ երիտասարդ թիմեր ձևավորվեն Հայաստանում։ Վերջերս, օրինակ, ՔՖԻ-ում նոր լաբորատորիա է ստեղծվել, որի ղեկավարումը ստանձնել է սփյուռքահայ գիտնական Գագիկ Գուրզադյանը։ Վերջինս նախկինում հետազոտություններ է իրականացրել Դալիանի տեխնոլոգիական համալսարանում և այժմ տեղափոխվել է Հայաստան։ Սեյրան Մինասյանի խոսքով կարևոր է ուշադրության կենտրոնում պահել արտասահմանում գիտական կարիերան ավարտող կամ թոշակի անցնող հայազգի գիտնականներին ու նրանց հրավիրել Հայաստան՝ երիտասարդ թիմեր ձևավորելու։ ՔՖԻ տնօրենը նշում է՝ որոշ ժամանակ կպահանջվի, մինչև իրենց ինստիտուտում կձևավորվի տարիքային խմբերի ցանկալի համամասնություն։ Խոսելով բուհերի հետ կապի մասին՝ Սեյրան Մինասյանն ասում է՝ իրենց խմբերի ու լաբորատորիաների վարիչների առնվազն 30%–ը դասավանդում է։ Մյուս կողմից նա նշում է մի կարևոր խնդիր․ որքան էլ դասավանդեն ու համալսարանների հետ կապ ունենան, քիմիա մանսագիտությամբ դիմորդների թիվը շատ փոքր է՝ ի տարբերություն ֆիզիկայի, որտեղ վերջին տարում դիմորդների թիվն ավելացել է։  Հարցին, թե արդյո՞ք բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը կնպաստի սերնդափոխությանը, ՔՖԻ տնօրենը պատասխանում է՝ կախված է միավորման մեխանիզմներից։ «Կարելի է և՛ միավորված աշխատել, և՛ առանձին․ ամեն ինչ կախված է մեխանիզմից։ Եթե գործողությունները բալանսավորված լինեն, այն մակարդակի հարաբերություններ, ինքնուրույնության աստիճան լինեն, որ ոչ թե մեկը մյուսի հաշվին լինի, այլ հակառակը, մեխանիզմն այնպես դրված լինի, որ դրդի իրար հետ աշխատելու, այդ դեպքում կարելի է մեծ բանի հասնել»,- ասում է նա։   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայաստանի՝ հետազոտություններ իրականացնող այն եզակի կառույցներից է, որոնցում երիտասարդ և միջին տարիքի գիտնականները միշտ գերակշիռ մեծամասնություն են կազմել։ Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես է փոխվել տարիքային տարբեր խմբերի համամասնությունը թանգարան-ինտսիտուտում 2016-2024 թթ․ ընթացքում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հիշում է՝ այստեղ աշխատանքի ընդունվեց 2013-ին, և արդեն այդ ժամանակ անձնակազմը երիտասարդ էր։ Թագարան-ինստիտուտի տնօրենը սա պայմանավորում է երկու հանգամանքով՝ ցեղասպանագիտությունը Հայաստանի համար բավականին երիտասարդ գիտակարգ է,  Հայաստանի համար այս ուղղությունը շատ կարևոր է, և երիտասարդներին ներգրավելը միշտ ավելի հեշտ է եղել։ Նա նշում է, որ անգամ այն ժամանակներում, երբ գիտության ֆինանսավորումը ցածր էր, մարդիկ մնում էին ոլորտում, քանի որ դա իրենց առաքելությունն էին համարում։  Էդիտա Գզոյանի խոսքով հիմա կադրեր ներգրավելն անհամեմատ հեշտ է դարձել՝ հաշվի առնելով, որ ԲԿԳԿ բոլոր ծրագրերում հստակ պահանջ կա երիտասարդ գիտաշխատողներ ներգրավելու։ Նա նշում է՝ 2025-ին արդեն հասցրել են 5 երիտասարդի ընդունել աշխատանքի, նաև թեմատիկ նոր ուղղություններ են ուզում ավելացնել, որոնց համար մասնագետներ կպահանջվեն։ Տնօրենի խոսքով դեպի թանգարան-ինտսիտուտ երիտասարդների հոսքն ապահովվում է ասպիրանտուրայի ու բուհերում դասավանդման միջոցով։ Այս տարի ԵՊՀ-ում վերաբացվելու է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը, և թանգարան-ինտիտուտի գիտնականները ԵՊՀ-ից ծրագրում դասավանդելու հրավեր են ստացել։ Էդիտա Գզոյանը նշում է՝ եթե ԵՊՀ-ից այդ առաջարկը չլիներ, ինքն էր համագործակցության քայլ անելու։ Այժմ թանգարան-ինտիտուտը նախատեսում է կապեր հաստատել նաև այլ բուհերի հետ՝ համագործակցելու և՛ դասավանդման, և՛ ուսանողների համար այցեր կազմակերպելու ձևաչափերով։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում խնդիր է մեծահասակ գիտնականների պակասը։ էդիտա Գզոյանը նշում է՝ ժամանակ է պետք, մինչև միջին տարիքի գիտնականները կտեղափոխվեն ավելի բարձր տարիքային խմբեր, և ինստիտուտում կլինեն բոլոր սերունդների գիտնականներ։   Գիտնականների թիվն աճում է, բայց ոչ սպասվածի պես Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է գիտնականների ընդհանուր թվի աճ։ Այս մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը։ Ստորև ներկայացված են ԲԿԳԿ ֆինանսավորման ծրագրերում (և՛ բազային, և՛ դրամաշնորհային) ներգրավված բոլոր գիտնականների տվյալները: Ինչպես երևում է,  գիտնականների թվի աճ նկատվել է և՛ 2022-ին, և՛ 2023-ին, և՛ 2024-ին (պատկերն ինտերակտիվ է)։ 2024-ի դեկտեմբերին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշել էր, որ վերջին տարիներին հնարավոր է դարձել ավելացնել գիտնականների առավել արդյունավետ և պրոդուկտիվ՝ 35-39 տարեկանների հատվածը՝ հնարավորինս կանխելով ուղեղների արտահոսքը գիտությունից։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարիքային այս խմբում իրոք աճ կա․ ստորև ներկայացված է ԲԿԳԿ ֆինանսավորման ծրագրերում ներգրավված 35-39 տարեկան գիտնականների թիվը։ «Դեպի գիտության տարբեր ճյուղեր երիտասարդների զգալի ներհոսք ապահովել» ներկայիս կառավարող ուժը խոստանում էր դեռ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ։ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական ծրագրում նշվում էր, որ տեղի կունենա գիտնականների աշխատավարձերի բարձրացում, կիրականացվեն երիտասարդ գիտնականներին թիրախավորող և սփյուռքահայ գիտնականների ինտեգրմանն ու վերադարձին ուղղված ծրագրեր։   Արդյունքում ակնկալվում էր, որ մինչև 2026-ը արտերկրի գիտական կենտրոններում կվերապատրաստվի 400 գիտնական, իրականացվելիք ծրագրերի շահառու կդառնա 400 ասպիրանտ, 200 հետդոկտորական հետազոտող, Հայաստան վերադարձած կլինի 60 գիտնական, և կստեղծվի 60 հեռավար ղեկավարվող լաբորատորիա։ Ընտրություննեից հետո կառավարության հնգամյա ծրագրում ևս վերահաստատվում էր, որ նախատեսվում է մինչև 2026 թ․ Հայաստան վերադարձնել 60 գիտնականի և 60 հեռավար ղեկավարվող գիտական խումբ ստեղծել։ Խոսելով գիտնականների թվի աճի և այս տարիների ընթացքում իրականացված ծրագրերի մասին՝ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է՝ ավելացել են հետազոտական դրամաշնորհային մրցույթները, այդ մրցույթներում առնվազն երկու երիտասարդ ունենալու պահանջ կա, դրամաշնորհներում երիտասարդների միջին աշխատավարձն էլ կրկնապատկվել է՝ 70 հազար դրամից դառնալով 150 հազար դրամ։ Բացի այդ՝ բարձրացել են գիտնականների բազային աշխատավարձերը։ «Մեծ խթաններ կան երիտասարդներին դրամաշնորհային ծրագրեր բերելու։ Բացի դրանից՝ բարձր տարիքի [գիտնականների] արտահոսքն է բերում նրան, որ ինստիտուտները և բուհերը փորձում են նոր կադրեր բերել, իսկ նոր կադրերը հիմնականում երիտասարդ են․ տարիքով մեծ նոր կադրեր այդքան չկան»,- ասում է նա։  ԲԿԳԿ  նախագահը, սակայն, նշում է, որ գիտնականների թվի աճից դեռևս գոհ չեն, քանի որ գիտություն մուտք գործած մեկ երիտասարդ գիտնականը համարժեք չէ գիտությունից հեռացած 50 տարեկանից բարձր մեկ գիտնականի՝ հաշվի առնելով, որ երիտասարդները կարող են լքել գիտությունը, այլ կարիերա ընտրել, բացի այդ՝ ղեկավարելու փորձառություն չունեն։  Կառավարությունը նախընտրական և հնգամյա ծրագրերում նշված թվերից հետ է մնում․ մինչև 2026 ասպիրանտների աջակցության ծրագրի 400 խոստացված շահառուի փոխարեն այս պահի դրությամբ նրանց թիվը դեռևս 139 է, Հայաստանի գիտնականների հետդոկտորական ծրագիր չի իրականացվել, իրականացվել է միայն մասնագիտական վերապատրաստման ծրագիր, և եթե կառավարությունը խոսում էր 400 գիտնականի մասին, 2024-ի տարեվերջի դրությամբ վերապատրաստման ծրագրի շահառու դարձած գիտնականների թիվը 47 է, իսկ Հայաստան գիտնականների վերադարձին միտված՝ ինտեգրման ծրագրի շահառու է դարձել 14 գիտնական, որոնցից ոչ բոլորն են վերադարձել, մինչդեռ կառավարությունը խոստանում է մինչև 2026 թվականը Հայաստան վերադարձնել 60 գիտնականի։ Վերջին ծրագի՝ սպասվածի պես չընթանալը ԲԿԳԿ նախագահը պայմանավորում է նրանով, որ ծրագրի մասնակիցներից ի սկզբանե պահանջվում է ֆունդամենտալ որոշումներ կայացնել, ինչի համար քիչ ժամանակ է տրվում։ «Մարդը պետք է որոշի, որ իր այնտեղի ապրուստը թողնում է, գալիս է Հայաստան։ ․․․․ Ի սկզբանե շատ-շատ բան է պահանջվում այդ մարդուց, և գալիս է, առերեսվում է մեր իրականության հետ, ու շատ ժամանակ նաև չի հաջողվում»,- ասում է նա։ Սարգիս Հայոցյանը խոսքով այս ծրագրի թիրախը հիմնականում այն մարդիկ են, որոնք Հայաստանից մեկնել են արտասահման ասպիրանտական կրթություն ստանալու, գուցե արդեն մեկ հետդոկտորական աշխատանք են իրականացրել և այժմ պիտի որոշեն՝ վերադառնալ Հայաստա՞ն, թե՞ գիտական կարիերան շարունակել արտասահմանում։ Ինտեգրման ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կառավարությունը նախատեսում է այն բաժանել երկու մասի․ նախ մասնակիցներին մի տարով հրավիրել Հայաստան և հնարավորություն տալ իրենց հետազոտությունների համար թիմ հավաքելու։ Նախատեսվում է թիմ հավաքելու դեպքում միայն նրանց առաջարկել Հայաստան վերադառնալու որոշում կայացնել։ Իսկ հարցին, թե ինչու է կառավարությունը հետ մնում նախընտրական ծրագրի խոստումներից, և արդյո՞ք այս բոլոր ռիսկեր հաշվի չեն առնվել, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ թվերի հետևից աշխատում են չվազել․ «Մենք, ըստ էության, խնդիր չունենք թիվ ապահովելու․ այդ պարագայում որակի առումով ենք տուժելու, իսկ դա գիտության մեջ նշանակում է սխալ խթաններ ներարկել հասարակության մեջ»։ Հարցին, թե ինչու էր այդ դեպքում կառավարությունը հավակնոտ թվեր գրում նախընտրական ծրագրում, ԲԿԳԿ նախագահը պատասխանում է՝ ծրագիրը նաև ուղերձ է, թե ինչ է ուզում կառավարությունը․ «Կարող էինք գրել 10 գիտնական, անեինք, ուրախ լինեինք, ու ոչինչ չփոխվեր։ Կարող էինք նաև 600 գրել ու չանել։ Կարող էինք նշաձողն իջեցնել, [Սփյուռքից] չկայացած գիտնականների բերել, 60 թիվը նկարել, ասել՝ 60 ասել ենք, 60 էլ արել ենք։ ․․․․ Կարևորը, որ մենք ունենք մեխանիզմ, որը փորձարկված է ու անընդհատ բարելավում է իր առաջարկը»։ Իսկ ի՞նչ է անում կառավարությունը գիտություն մուտք գործած երիտասարդներին պահելու ուղղությամբ։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ նախ ղեկավարման պոտեցնիալ ունեցողների համար երիտասարդ գիտաշխատողների հետազոտություների աջակցության մրցույթ են անցկացնում։ Բացի դրանից՝ իրականացնում են հեռավար լաբորատորիաների ստեղծման ծրագիրը, որի շրջանակում արտասահմանցի գիտնականները Հայաստանում երիտասարդ թիմով լաբորատորիա են ստեղծում ու հեռավար ղեկավարում այն։ Սարգիս Հայոցյանը նշում է, որ մինչ այս պահը մոտ 45 հեռավար լաբորատորիա է ստեղծվել (կառավարության ծրագրով մինչև 2026 թ․ նախատեսվում է ունենալ 60-ը), և ի զարմանս իրենց՝ հետաքրքրություն կա ոչ միայն սյփուռքահայ, այլև օտարազգի գիտնականներից․ ձախողված օրինակներ կան, բայց այս ծրագրից մեծամասամբ գոհ են։   «Այս պարագայում և՛ մրցունակ միջազգային թեմա է, և՛ երիտասարդ խումբը փորձառու ղեկավարի առաջնորդությամբ է աշխատում»,- ասում է նա։   Ասպիրանտուրայում սովորողների ու գիտական աստիճան ստացողների թիվը նվազում է Գիտական կառույցների՝ երիտասարդ գիտնականներով համալրման հիմնական ուղիներից մեկը ասպիրանտների ներգրավումն է։ Մինչև 2022 թվականը, սակայն, ասպիրանտների թիվը կայուն նվազել է՝ 2016 թվականի 1202-ի փոխարեն 2022-ին հասնելով 737-ի։  Ազգային ժողովի կողմից 2022-ի ավարտին վավերացրած «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ասպիրանտների թվի կտրուկ աճ։ Արդեն 2023 թվականին նկատվում է աննշան աճ․ 2022-ի համեմատ ասպիրանտների ընդհանուր թիվն աճում է 8-ով։ Ընդ որում՝ եթե գիտական կազմակերպությունների ասպիրանտների թիվը նվազում է, ապա բուհերինն աճում է։ Ստորև ներկայացված է, թե բուհերում և գիտական կազմակերպություններում ինչպես է փոխվել ասպիրանտների թիվը 2016-2023 թթ․ ընթացքում։ Եթե ուզում եք տեսնել միայն գիտական կազմակերպությունների ասպիրանտների թիվը, սեղմեք «Բուհերի ասպիրանտներ» կատեգորիայի վրա՝ փակելով այն, և հակառակը։   Վերջին տարիներին միայն ասպիրանտների թիվը չէ, որ նվազում է․ կառավարության կողմից բուհերին ու գիտական կազմակերպություններին հատկացվող ասպիրանտական տեղերը ևս 2020-2023 թթ․ նախորդ տարիների համեմատ քիչ էին։ Արդեն 2024-2025 ուսումնական տարում հատկացված ասպիրանտական տեղերը կտրուկ՝ 45%-անոց աճ են գրանցել։ Ասպիրանտական տեղերը կառավարությունը հատկացնում է բուհերի ու գիտական կազմակերպությունների հայտերի հիման վրա։ Ամեն կառույց կառավարությանը հայտ է ներկայացնում, թե քանի ասպիրանտի կարիք ունի տվյալ տարի, կառավարությունն էլ հայտերը հաստատում է՝ հաշվի առնելով մի քանի գործոններ, ինչպիսիք են առաջարկվող ասպիրանտական հետազոտության թեման, ղեկավարներին, գերատեսչությունների պահանջները և այլն։ ԲԿԳԿ նախագահի խոսքով պահանջված մասնագիտություններով դիմորդների ու մինչև ասպիրանտուրա հասնողներ թիվը մեծ չէ, բացի այդ՝ իրենք տեղեր հատկացնելիս կարևորում են, որ ասպիրանտական հետազոտությունների թեմաները մրցունակ լինեն։  ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը և ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանն, օրինակ, նշում են, որ ավելի մեծ թվով ասպիրանտների ղեկավարելու հնարավորություն և ցանկություն ունեն, քան իրենց տեղեր են տրվում։  Դիտարկմանը, թե ոչ բոլոր կառույցներն են գոհ իրենց հատկացված ասպիրանտական տեղերից, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ պոտենցիալ ղեկավարներին ու մրցունակ թեմաներին ծանոթանալու նպատակով այս տարի ԲԿԳԿ-ն, բուհերից ու գիտական կազմակերպություններից հայտեր ստանալուն զուգահեռ, հայտերը հավաքագրելու է նաև անմիջապես ղեկավարներից։ Կոմիտեն նոր համակարգ է գործարկել, որտեղ ասպիրանտներ ղեկավարելու ցանկություն ունեցող գիտնականները կարող են մուտքագրել իրենց թեմաները։ Այս տարի ԲԿԳԿ-ն բուհերին ու գիտական կազմակերպություններին խնդրելու է ասպիրանտական տեղերի հայտերը ներկայացնելիս առաջնորդվել հենց այն թեմաներով, որոնք նոր համակարգի միջոցով ներկայացրել են այդ կառույցների պոտենցիալ ղեկավարները։ Սա, ԲԿԳԿ նախագահի խոսքով, հնարավորություն է տալու ավելի լավ ծանոթանալու մրցունակ թեմաներին և ղեկավարելու պոտենցիալ ունեցող գիտնականներին։ «Տեսականորեն հնարավոր է սցենար, որ որևէ կառույց 10 շատ լավ հայտով դիմի, հետո այդ 10 տեղը հատկացնի վատ հայտերին։ Դրա համար [ասպիրանտական տեղերը հատկացնելուց հետո] հսկելու ենք, և եթե շեղում եղավ, հաջորդ տարի անդրադառնալու է նրանց հատկացված տեղերի վերաբերյալ կայացրած որոշման վրա»,- ասում է նա։ ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանը հայտերի ընդունման սկզբունքի նման փոփոխությունը դրական է գնահատում և հույս ունի, որ հայտերը ներկայացնելուց հետո իրենց այս տարի ասպիրանտական ավելի շատ տեղեր կհատկացվեն։ Սարգիս Հայոցյանը հիշում է, որ վերջերս ԲԿԳԿ-ն վերլուծություն էր իրականացրել, որը ցույց էր տվել՝ գիտությամբ զբաղվողների ու ասպիրանտների ղեկավարների վերածածկը Հայաստանում ընդամենը 10-20% է։ Մինչդեռ, ԲԿԳԿ նախագահի խոսքով, կարևոր է, որ ասպիրանտներին ղեկավարեն հենց այն մարդիկ, որոնք ակտիվ գիտական գործունեություն են ծավալում։ Սարգիս Հայոցյանն ասում է՝ հաշվի առնելով, որ ԲԿԳԿ-ն հետազոտական 400 թեմա է ֆինանսավորում, դա ասպիրանտական տեղերի պոտենցիալն է, այսինքն՝ ամեն մի թեմայով ասպիրանտական մեկ տեղ։ ԲԿԳԿ նախագահը չի բացառում, որ այս նոր սկզբունքով հայտերը հավաքագրելու հետևանքով գուցե ասպիրանտական տեղերի թիվը կրկին նվազի․ նա նշում է՝ այնպես չէ, որ ասպիրանտներին ղեկավարելու ցանկություն ունեցող գիտնականները շատ են։ Մյուս կողմից՝ հնարավոր է համարում, որ ղեկավարելու պոտենցիալ ունեցող երիտասարդ գիտնականներ կան, որոնք այդ հնավորությունը չեն ունեցել և հիմա կունենան, եթե հայտեր ներկայացնեն։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից հետո ասպիրանտական տեղերի հատկացման նոր կարգ է ընդունվելու, բացի այդ՝ օրենքը հնարավորություն է տալու, որ ասպիրանտներն արտասահմանից համաղեկավար ունենան։ Ասպիրանտների՝ գիտական կարիերա սկսելու և գիտության մեջ մնալու կարևոր նախապայմաններից է գիտական աստիճանի ստացումը։ Կարևոր է, իհարկե, շեշտել, որ որոշ դեպքերում մարդիկ նախընտրում են ասպիրանտուրա չդիմել, դառնալ հայցորդներ, թեկնածուական թեզի ուղղությամբ աշխատել և միանգամից գնալ պաշտպանության՝ ստանալով գիտական աստիճան։  Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին նկատվում էր նաև գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացած անձանց թվի անկում, և միայն 2024-ին է էական աճ գրանցվել։ ԲԿԳԿ նախագահը նշում է, որ աստիճանաշնորհման նոր կարգով դրվելու է միջազգային տպագրության պահանջ։ Նա չի բացառում, որ այս պահանջի ներդրման հետևանքով կարող է թեկնածուի գիտական աստիճան ստացողների թիվը կրկին նվազել, չի բացառում նաև, որ թիվը կարող է նույնը մնալ, սակայն որակական փոփոխություն տեղի ունենա, հնարավոր է՝ նույնիսկ աճ գրանցվի։   Միավորումը՝ միակ և ամենաարդյունավետ լուծո՞ւմ Վերը նշված խնդիրները լուծելու և գիտության արդյունավետ սերնդափոխության նպատակով կառավարությունը նախատեսում է միավորել բուհերն ու գիտական կազմակերպությունները։ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է՝ երիտասարդներին ներգրավելու առումով հաջողած գիտական կազմակերպությունները «բացառություններ են, որոնք գալիս են ապացուցելու օրինաչափությունները», և այդ «բացառիկ օրինակները» պայմանավորում է անհատական գործոններով։ Կառավարությունը, նրա խոսքով, խնդրին ցանկանում է ինստիտուցիոնալ լուծում տալ։  «Գիտությունը մեռնում է։ Կան որոշ բացառիկ ինստիտուտներ, որտեղ, այո՛, երիտասարդները շատ են կամ միայն երիտասարդներ են։ Բայց կա 35 հետազոտական ինստիտուտ։ Գիտական ինստիտուտներում 65 տարեկանից բարձր [գիտնականների թվի] մասին կանխատեսումը մտահոգիչ է․ 2028 թվականին մենք այդ սերնդում շատ ուժեղ անկում ենք ունենալու»,- ասում է ԲԿԳԿ նախագահը։ Ինչպե՞ս է կառավարությունը պնդում, որ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը սերնդափոխության ամենաարդյունավետ գործիքն է, եթե բուհերի գիտական թիմերը, ամենամոտը լինելով ուսանողներին, միշտ չէ, որ կարողանում են երիտասարդացում ապահովել։ Այս հարցին ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ պետք է նայել պաշտոնական տվյալները՝ բուհերում իրական պատկերը տեսնելու համար։  ԲԿԳԿ պաշտոնական տվյալները՝ բուհերում 2023 թ․ բազային ֆինասնավորման ծրագրերում ներգրավված գինականների մասին (2024-ի տվյալներն ամփոփված չեն), ցույց են տալիս, որ առաջատարը Հայ-ռուսական համալսարանն (ՀՌՀ)* ու Մանկավարժական համալսարանն (ՀՊՄՀ) են, որտեղ մինչև 49 տարեկան գիտնականները 2023-ին կազմել են համապատասխանաբար 77% և մոտ 71%,  իսկ ամենավերջին տեղում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է (ՀԱԱՀ)՝ մոտ 39%-ով։  Կրկին ԲԿԳԿ տվյալներից, սակայն, պարզ է դառնում, որ մի շարք գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման ծրագրերում ներգրավված մինչև 49 տարեկան գիտնականների համամասնությունն ավելին է, քան բուհերի մեծ մասում։ ԲԿԳԿ 2023-ի բազային ծրագրերում ներառված չէ ԻԿՐԱՆԵՏ  կենտրոնը, փոխարենը ներկայացված է ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների կենտրոնը, որը մեր հավաքագրած տվյալներում ներկայացված չէ։ Շարունակելով բուհերի գիտական թիմերում երիտասարդներին ներգրավելու թեման՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ բուհերը նոր են սկսել կառավարել իրենց գիտությունը, բուհերում կան գիտական լավ ստորաբաժանումներ, բայց այնտեղ էլ կրթությունն ու գիտությունն առանձնացած են։ «Այնպես չէ, որ ինչ-որ մեկից հիացած ենք, ինչ-որ մեկից դժգոհ ենք, այդ տպավորությունն էլ կա, ցավոք սրտի։ Բուհերում էլ մենք ունենք գիտությունն ու կրթությունն իրար մոտեցնելու խնդիր»,- ասում է նա։ ԲԿԳԿ նախագահն ապա շեշտում է, որ գիտական կազմակերպությունները չեն ներառվելու ներկայումս գործող բուհերի կազմում․ և՛ բուհերը, և՛ գիտական կազմակերպությունները խոշորանալու են, երկուսի միավորմամբ ձևավորվելու են խոշոր համալսարաններ, որոնք կառավարման բարեփոխված համակարգ են ունենալու։  «Ես երբեք չեմ պնդում, որ բուհերում գիտությունը շատ ավելի լավ է կառավարվում, քան ինստիտուտներում։ Պնդումը հետևյալն է․ բուհն ունի ուսանողների անընդհատ աղբյուր, որից, շատ լավ կլինի, որ գիտական ինստիտուտը ունենա որոշակի ինստիտուցիոնալ երակ սնվելու։ Այսօր ինստիտուտները երիտասարդացման հարցերը լուծում են ոչ ինստիտուցիոնալ ձևերով․ որոշ մարդիկ կան, որոնք դասավանդում են բուհերում կամ մագիստրոսական ծրագիր են անցկացնում, այսինքն՝ էլի «դիպչելով» բուհական համակարգին են բերում երիտասարդներին։ Այսօրվա բարեփոխման իմաստն այն է, որ դա լինի ինստիտուցիոնալ»,- ասում է նա։ Իսկ այդ ինստիտուցիոնալ համագործակցությունն, ըստ ԲԿԳԿ նախագահի, ունենալու է հետևյալ տեսքը․ նախ, ոչ բոլոր գիտնականներն են ունենալու դասավանդելու պարտավորություն․ դասավանդելու են նրանք, ովքեր ցանկանալու են, իսկ գիտական ինստիտուտներն իրենց լաբորատոր աշխատանքներսւմ ուսանողներին ներգրավելու պարտավորություն են ունենալու։ Ուսանողներն էլ կրթության պրոցեսում գիտությունից կտրված չլինելու հնարավորություն են ունենալու։  Հարցին՝ ուսումնասիրե՞լ են հաջողած գիտական ինստիտուտների փորձը՝ այդ փորձի հնարավոր ներդրման նպատակով, Սարգիս Հայոցյանը  պատասխանում է՝ իրենք «անգիր գիտեն բոլոր ինստիտուտները, և Կոմիտեի անձնակազմն էլ այդ ինստիտուտներից է գալիս»։  Իսկ ի՞նչ տվյալների ու փաստերի հիման վրա է կառավարությունը պնդում, որ սերնդափոխության ամենաարդյունավետ տարբերակը ոչ թե բարեփոխված գիտական կազմակերպություններ ու բուհեր ունենալն է, որոնք կգործեն առանձին ու կհամագործակցեն, այլ միավորումը։ Այս հարցին ի պատասասխան՝ ԲԿԳԿ նախագահը նշում է՝ Հայաստանում գիտությունը ծերանում ու մահանում է, և միայն ֆինանսավորումն ավելացնելը կամ երիտասարդներին ներգրավելը խթանելը բավարար չէ։ Սարգիս Հայոցյանի խոսքով պետք է ինստիտուցիոնալ խողովակ լինի, լաբորատորիաները պարտավորություն ունենան առնվազն մեկ ուսանողի իրենց հետազոտություններում ներգրավելու, որ կարողանան ընտրել այդ ուսանողներից լավագույններին։ Միևնույն ժամանակ, նա կարևորում է, որ կրթության մեջ հետազոտական բաղադրիչ լինի, և անգամ գիտական կարիերա չսկսելու դեպքում ուսանողները մրցունակ մասնագետներ դառնան։ Սարգիս Հայոցյանի խոսքով, բացի սերնդափոխությունից, կառավարությունը փորձում է միավորմամբ լուծել ծախսարդյունավետության խնդիրը։ Նրա խոսքով գիտական ինստիտուտները շատ են, և ամեն մեկն ունի առանձին վարչական անձնակազմ։  «Բուհերում ծախսարդյունավետությունը գիտության առումով շատ ավելի բարձր է, որովհետև բուհերը չեն կրկնօրինակում առնվազն վարչական անձնակազմն ամեն 20 հոգու համար»,- ասում է ԲԿԳԿ նախագահը։ Հարցին, թե ինչն է խանգարում խոշորացնել գիտական կազմակերպությունները և ունենալ մի քանի ուժեղ գիտական կազմակերպություն, նա պատասխանում է՝ բարեփոխումը պիտի ունենա առավելագույն արդյունավետություն։  «Կարող ես, այո՛, խտացնել բոլորին, ստանալ մի պետական ոչ առևտրային կազմակերպություն, վերադառնալ, դիցուք, այդ ինստիտուտի 1950 թ․ կարգավիճակին, երբ բոլոր աշխատակցիները երիտասարդ էին, էնտուզիաստիկ էին, հետո ծերանան էլի 50 տարով, ունենաս նույն խնդիրը։ Խնդիրը պետք է լուծես նաև պատմական հեռանկարի չափման մեջ։ Եթե օրենքով ստեղծում ես մի իրավիճակ, որտեղ գիտություն անելը հնարավոր է ու ավելի ձեռնտու է, բերում ես, դնում ես «հենց իր մատակարարման աղբյուրի կողքին», նա առաջնային ու ինստիտուցիոնալ հասանելիություն ունի այդ ուսանողներին, միակ մարտահրավերն է այդ լուսավոր ուսանողներին համոզել, որ գիտությամբ զբաղվելը լավ բան է։ Այնինչ, երբ բաժանված ես, ունես հեռավորությունը հաղթահարելու խնդիր, պատնեշ է այդ ամեն ինչի արանքում դրած, որտեղ գիտնականը պետք է ինքնուրույն այդ քայլերն քայլի, հասնի բուհ»,- ասում է Սարգիս Հայոցյանը։ ԲԿԳԿ նախագահը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ կառավարությունը փորձեց նաև գնալ գիտական կազմակերպությունների խոշորացման ճանապարհով, սակայն «համակարգից դիմադրություն եղավ, ու չստացվեց»։  «Համակարգն ինքնուրույն առողջանալու կարողություն չունի․ վաղուց անդառնալիության կետը անցած է»,- ասում է նա՝ նշելով, որ չմիավորելը կնշանակի ժամանակավոր բժշկել ինստիտուտներն ու վաղ թե ուշ կրկին կանգնել ծերացման խնդրի առաջ։ Հիշեցնենք, սակայն, որ 2021-ին առնվազն ԳԱԱ նախագահությունը կողմ էր ինստիտուտների օպտիմալացմանը։ Հարցին, թե ինչու այսպիսի մեծ ու հավակնոտ փոփոխություններից առաջ կառավարությունը նախ պիլոտային ծրագիր չիրականացրեց, որի ժամանակ ի հայտ կգային ռիսկերը, կհիմնավորվեր, որ միավորումն իսկապես արդյունավետ լուծում է, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ հատվածական լուծումը չէր ունենա այն արդյունքը, ինչ ամբողջ համակարգի փոփոխությունը։ ԲԿԳԿ նախագահը շեշտում է, որ պիլոտ իրականացնելու ու մեծածավալ բարեփոխումները հետաձգելու ժամանակ չկա։ Նա նշում է՝ ինստիտուտների տարիքային խմբերի վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն են իրականացրել 2018, 2023 թվականների համար, ապա կանխատեսել՝ ինչպիսին կլինի պատկերը 2028-ին, և 65-ից բարձր տարիքային խմբի համար կանխատեսումը մտահոգիչ է։  «2028 թվականին անկում է լինլու 65 տարեկանից բարձրների մոտ»,- ասում է Սարգիս Հայոցյանը։  Դիտարկմանը, թե միավորմամբ այդ տարիքային խմբի անկման խնդիրը չի լուծվի, ԲԿԳԿ նախագահը պատասխանում է՝ տասը տարի հետո սկսելը կնշանակեր տասը տարով ուշացնել բարեփոխումը։  «Այս իրավիճակը բերում է այդ հետևանքներին, հետևաբար, երբ դու այդ իրավիճակի 10%-ում ես բարեփոխում անում, մնացածը շարունակելու է նույն տրամաբանությամբ, որովհետև ոչինչ չի արգելում նրանց գնալ այդ ուղղությամբ։ Երբ դու անում ես էպիզոդիկ, չես կարող ունենալ մասնակցայնության այն էֆեկտը, ինչը որ կունենայիր բոլորով անելու դեպքում։ Եթե բոլորով լծվենք այս գործին, հաջողությունը շատ ավելի բարձր է, քան եթե մենք մի փոքրիկ օազիս փորձեինք ստեղծել։ Չանելու ռիսկերը շատ ավելի մեծ են, քան անելու ռիսկերը»,- ասում է նա։ Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նույն՝ «Ինչո՞ւ պիլոտային ծրագիր չեք իրականացնում» հարցին պատասխանել էր մի փոքր այլ կերպ։ Նախարարն անցած տարի մեզ հետ զրույցում պնդում էր, որ 2012-ին գերատեսչական երկու կենտրոններ Ագրարային համալսարանին միացնելը պիլոտային ծրագիր է եղել։ Այս միավորումը, սակայն, իրականացվել է 12 տարի առաջ և դուրս է ներկայումս կառավարության ձեռնարկած բարեփոխումների համատեքստից։ Սարգիս Հայոցյանի խոսքով միավորման մյուս նպատակն էլ տպագրությունների աճի պոտենցիալն է։ Նա նշում է, որ տպագրությունների աճը բուհերում «շատ ավելի դրամատիկ է», քան գիտական ինստիտուտներում։ «Բուհերում արդյունավետությունը շատ ավելի բարձր է, քան գիտական կազմակերպություններում, որովհետև շատ ավելի ճկուն են ու շատ ավելի մեծ հասանելիություն ունեն ուսանողներին։ ․․․․ Ես չեմ պնդում, որ այսօր մեր բուհերում գիտությունը կազմակերպվում է չքնաղ եղանակով, և հետևաբար՝ պետք է բոլոր ինստիտուտները գնան ու սովորեն բուհերից։ Բայց բուհերն այսօր, ծախսելով շատ ավելի քիչ վարչական ռեսուրս գիտության վրա, ստանում են շատ ավելի մեծ գիտական արդյունք, քան գիտական ինստիտուտները»,- ասում է նա։   *** Այսպիսով, չնայած վերջին տարիների որոշ դրական տեղաշարժերին, Հայաստանի գիտական համայնքի մարտահրավերներից է շարունակում մնալ արդյունավետ սերնդափոխության իրականացումը։ Որպես խնդրի լուծման ճանապարհ կառավարությունն առաջ է բերել պետական բուհերի և գիտական կազմակերպությունների՝ համալսարանական կլաստերներում միավորելու նախագիծը՝ պնդելով, որ այս ինտեգրումը կնպաստի առավել արդյունավետ սերնդափոխությանը՝ ապահովելով ուսանողների ուղիղ հոսք դեպի գիտություն։ Չնայած դրան՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և մի շարք այլ գիտական կազմակերպությունների փորձը ցույց է տալիս, որ երիտասարդ հետազոտողների ներգրավման ռազմավարություն ունենալու դեպքում կարելի է արդյունավետ սերնդափոխություն իրականացնել նաև բուհերից առանձին գործելու պարագայում։  Գործադիրի համոզմամբ, սակայն, այս հաջողված օրինակները բացառություններ են, այլ ոչ թե օրինաչափություն, և միակ արդյունավետ ճանապարհը միավորումն է։ Սա այն դեպքում, որ այս ճանապարհի արդյունավետությունը հիմնավորող որևէ պիլոտային ծրագիր չի իրականացվել, իսկ վերոնշյալ գիտական ինստիտուտներում այսօր էլ սերնդափոխությունն առավել արդյունավետ է իրականացվում, քան շատ բուհերում։   *Տվյալների հավաքագրման մեթոդաբանությանը ծանոթանալու, հնարավոր շեղումները հասկանալու համար անցիր այս հղումով։  ⇑   ⇑   ⇑  ¹Կառավարությունը նախատեսում է ստեղծել 6 համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ՝ Դասական, Բժշկական, Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական։ ԵՊՀ-ն և ՀՊՏՀ-ն մաս են կազմելու Դասական համալսարանի, ԵՊԲՀ-ն՝ Բժշկական, ՀԱՊՀ-ն և ՃՇՀԱՀ-ը՝ Տեխնոլոգիական, ՀՊՄՀ-ն՝ Կրթական, իսկ ՇՊՀ-ի և ՀՌՀ-ի՝ որևէ համալսարանում ներառվելու մասին տեղեկություններ չկան։ Այս պահին տեղեկություններ կան միայն Դասական, Բժշկական, Տեխնոլոգիական և Արվեստների համալսարաններում գիտական կազմակերպություններ ներառելու մասին։ Կրթականն, ըստ առկա տվյալների, ներառելու է միայն համալսարաններ, իսկ Սպայական համալսարանի կազմի մասին ոչ մի տեղեկություն դեռևս չկա։ Մանրամասները կարդա այստեղ։  ⇑  ²Գիտությունների ազգային ակադեմիան ունի 33 կառույց, որոնցից ամենաերիտասարդները առանձնացնելիս չենք ներառել երկուսը՝ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Առաջինը կրթական գործունեություն ծավալող կառույց է, որը 2024-ի դրությամբ չունի բազային ֆինանսավորում, և միայն մի քանի երիտասարդ գիտնականներ ներգրավված են դրամաշնորհային ծրագրերում, երկրորդը փորձաքննություններ իրականացնող կառույց է։  ⇑    Հեղինակ՝ Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Սուսինա Խաչատրյանի
20:44 - 08 ապրիլի, 2025
ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում ուրախություն է հայտնել հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման առնչությամբ

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում ուրախություն է հայտնել հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման առնչությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի պետական համալսարան: Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում, շրջայցի ընթացքում քննարկվել են համալսարանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու համագործակցության նոր հնարավորությունները, որոնք նպատակ ունեն բարելավելու կրթական միջավայրը և լավարկելու բարձրագույն կրթության որակը ՀՀ-ում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Կենսաբանության, Քիմիայի ֆակուլտետների, Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտների լաբորատորիաներում նախարարը ծանոթացել է ձեռքբերված նոր սարքավորումներին և դրանց կիրառմամբ իրականացվող հետազոտական և ուսումնական աշխատանքներին: Անդրադառնալով ԵՊՀ շրջայցի նպատակներին և արդյունքներին՝ նախարարը նշել է, որ բուհերում պարբերաբար իրականացվում են տարբեր ծրագրեր, և շրջայցի նպատակն արդյունքներին ծանոթանալն է:  «Վերջին տարիներին  Կառավարության կողմից էապես ավելացվել է գիտության ֆինանսավորումը, որը դրսևորվում է թե՛ գիտական սարքավորումների տրամադրման ծրագրերով, թե՛ տարբեր թեմատիկ հետազոտությունների և այլ դրամաշնորհային ծրագրերի իրականացման հնարավորություններով: Շրջայցի ընթացքում տեսանք համատեղ ջանքերի արդյունքը. բացվել են նոր լաբորատորիաներ, ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդ որում՝ սարքավորումների մի զգալի մասը եզակի են  իրենց բնույթով, բավական թանկարժեք են և հնարավորություն են տալիս իրականացնել ամենաարդիական հետազոտությունները:  Դրամաշնորհային ծրագրերն էլ հնարավորություն են տալիս արդիական կարևոր թեմաներ ուսումնասիրել՝ օգտագործելով նոր սարքավորումներն ու ենթակառուցվածքները: Հատկապես ուրախ եմ, որ իրականացվող հետազոտական աշխատանքներում երիտասարդներ են ներգրավված, որոնք ուսումնառությունն ավարտելուց հետո զբաղվում են գիտությամբ: Մեր կարևոր նպատակներից է բուհերում զարգացնել գիտությունը, և Երևանի պետական համալսարանի օրինակով մենք տեսնում ենք, որ ընթանում ենք այդ ուղով»,- ասել է նախարարը:   Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել բնագիտական լաբորատորիաների տարածքների բարեկարգման, սարքավորումների նորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների առնչությամբ, որոնք իրականացվել են պետական և միջազգային տարբեր դրամաշնորհների շրջանակում: «Համալսարանը՝ որպես կրթական և գիտական կենտրոն, շարունակում է ամրապնդել իր տեղը և նշանակությունը ՀՀ գիտական հետազոտությունների ոլորտում։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի քաղաքականությունը մեր համալսարաններին խրախուսելն է, որպեսզի դրանք դառնան հետազոտական համալսարաններ։ Գիտության հետ կապը պետք է լինի այն տրամաբանությամբ, որ դա կրթական գործընթացի անբաժանելի մասն է։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ում հենց այդ տրամաբանությամբ է կազմակերպվում աշխատանքը: Մենք տեսանք տարածքներ, որոնք ամբողջությամբ վերափոխվել են և դարձել հետազոտական կրթական միջավայրեր»,- ասել է նախարարը՝ կարևորով  լաբորատորիաներում անվտանգության ստանդարտների ապահովումը: Նրա խոսքով՝  լաբորատորիաների պարագայում շատ կարևոր է  նաև կատարվող աշխատանքի որակը, որը հնարավորություն կընձեռի նման հետազոտությունների արդյունքներին օգտագործել ինչպես  գիտական աշխատանքների, այնպես էլ մասնավորի հետ համագործակցության համար: Որպես օրինակ՝ նախարարը նշել է Ֆարմացիայի ինստիտուտում դեղերի փորձաքննության իրականացումը, որը ԵՊՀ-ին կարող է համապատասխան պատվերներ ապահովել՝ նպաստելով հանրային զարգացման տանող գիտություն- կրթություն-հանրություն շղթայի լիարժեք կապին: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով համալսարանի գրանցած ձեռքբերումները, նշել է. «ԿԳՄՍ նախարարի հետ ԵՊՀ լաբորատորիաներում կատարած բովանդակալից շրջայցն առիթ էր ցույց տալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի շնորհիվ ձեռք բերված սարքերը, ծանոթացնելու արվող հետազոտություններում դրանց կիրառությանը։ Մեր աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել. 2024 թվականին ԵՊՀ-ն ավելի քան 600 հոդված է հրապարակել միջազգային գրախոսվող ամսագրերում»։  Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր են հանձնել միջազգային հավատարմագրում ստացած կրթական ծրագրերի ղեկավարներին: ԵՊՀ կրթական ծրագրերի հավատարմագրումն իրականացվել է գերմանական ASIIN գործակալության հետ համատեղ. Մասնավորապես, հավատարմագրվել են Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրական), «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական), «Ֆարմացիա» (բակալավրական), «Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը:  ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ այժմ իրականացվում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթաց։  Անդրադառնալով կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրմանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ միջազգային հավատարմագրումը ԿԳՄՍ  նախարարության կողմից կարևորվող հիմնական ուղենիշներից է:   
20:04 - 29 հունվարի, 2025
Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներ

Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հոկտեմբերի 30-ին այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպում ունեցել ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ քննարկելու գործակցության ընդլայնման նոր ուղիները: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացել է նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող գիտական նախագծերին ու արտադրանքին, ժամանակակից լուծումներով վերանորոգված ու կահավորված լսարաններին և աշխատասենյակներին, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին և նախանշվող ծրագրերին: Համալսարանի գիտաշխատողները նախարարին ներկայացրել են ԵՊՀ ֆինանսավորմամբ իրականացվող գիտական նախագծերը, ձեռք բերված սարքավորումները և մի շարք գործակցությունների արդյունքում իրականացված ծրագրերը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ու արտերկրից ստացած դրամաշնորհներով կատարված աշխատանքները: Նախարար Հայրապետյանը կարևորել է ԵՊՀ լաբորատորիաներում հիմնարար հետազոտությունների արդյունքում ստացված փորձանմուշները տնտեսության մեջ ավելի կիրառական դարձնելու հարցը, ընդգծել, որ նախարարության ռազմավարություններից է կիրառական ուղղությունների քաղաքականության մշակումը։ Այս համատեքստում քննարկվել են գործակցությունը խորացնելու հնարավորությունները: Այնուհետև կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները: Համալսարանականներն հայտնել են իրենց մտահոգություններն ու առաջարկները։ Նախարարը լսել է համալսարանականների՝ հետազոտություններն արտադրանքի վերածելու, այն ներքին և միջազգային շուկաներում ներկայացնելու և գործակցելու առաջարկները, պատասխանել նրանց հարցերին: Նախարարն անդրադարձել է նաև ոլորտի զարգացման համար նախարարության կողմից նախաձեռնվող մի շարք քայլերի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանող օրենսդրության մշակմանը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նմանատիպ հանդիպումների ձևաչափը շարունակական դարձնելու:
12:50 - 01 նոյեմբերի, 2024
Ի՞նչ է նշանակում լինել գիտնական․ Գիտության փառատոնն այս օրերին նվիրված է մասնագիտական կողմնորոշմանը

Ի՞նչ է նշանակում լինել գիտնական․ Գիտության փառատոնն այս օրերին նվիրված է մասնագիտական կողմնորոշմանը

Ազատության հրապարակն արևոտ է ու մարդաշատ․ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած Համազգային գիտության շաբաթը և Գիտության փառատոնը շարունակվում են։    Ապագա գիտնականները Եթե նախորդ օրերին եղել եք Ազատության հրապարակում ու ծանոթացել գիտական կազմակերպությունների տաղավարներին, ապա այսօր այնտեղ կգտնեք նաև համալսարանների տաղավարները։ «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականներ». Գիտության փառատոնի թեմատիկ այս բաժինը նպատակ ունի օգնելու պատանիներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ազատության հրապարակում շրջելիս ծանոթանում եմ 8-րդ դասարանցի Ալեքի հետ, որը տեսախցիկը ձեռքին հետևում է տաղավարների եռուզեռին։ Նրան առաջարկում եմ միասին քայլել ու զրուցել։ Ալեքը պատմում է, որ տարված է օրգանական քիմիայով։ Ասում է` սկզբում փորձում էր միայնակ գլուխ հանել քիմիայից, բայց մի օր որոշեց նամակ գրել Մանկավարժական համալսարանին ու դիմել դասախողների օգնությանը։ Ի զարմանս նրա՝ պատասխան ստացավ ու սկսեց հաճախել համալսարան՝ ուսանողների հետ լսելու քիմիային վերաբերող դասախոսությունները։ Ապա Ալեքը ծանոթացավ Երևանի պետական համալսարանի դասախոսներից Համբարձում Խաչատրյանի հետ ու սկսեց հյուրընկալվել նաև այս համալսարանում, հետևել լաբորատոր փորձերին։  Ալեքը Ես ու Ալեքը մոտենում ենք տաղավարներից մեկին։ Ալեքն ասում է՝ Գիտության փառատոնին եկել է հատկապես նրա համար, որ հետևի, թե ինչպես են երիտասարդ քիմիկոսները դպրոցականներին մատչելի պատմում քիմիայի մասին։ Նա նաև ծանոթանում է գիտական այլ ուղղությունների, որ դրանց մասին պատմի դասընկերներին։ Ալեքին հրաժեշտ եմ տալիս ու շարժվում առաջ։ Նկատում եմ Երևանի պետական համալսարանի տաղավարը, որտեղ ուսանողները երեխաներին ոգևորված բացատրում են՝ ինչ է լույսը, ինչպես են առաջանում գույները։ Երևանի պետական համալսարանի տաղավարը Քիչ այն կողմ Երևանի թիվ 78 դպրոցի աշակերտներն են։ 8-րդ դասարանցի Հայկն ինձ պատմում է, որ հասցրել է գիտնականների հետ համեմատել մարդու և տարբեր կենդանիների ուղեղները, Ամերիկյան համալսարանի տաղավարում մասնակցել է ծխախոտի ազդեցության մասին վեբինարի ու մրցանակ շահել։ Թիվ 78 դպրոցի աշակերտները Նրա դասընկեր Ալենին էլ տպավորել են մանրադիտկով դիտարկումներն ու քիմիական փորձերը։ Ալենին հարցնում եմ, թե որոնք են նրա սիրելի առարկաները, պատասխանում է` մաթեմատիկան ու կենսաբանությունը։ Նրան պատմում եմ, որ ժամանակակից գիտության մեջ շատ ուղղություններ կան, որոնք միավորում են մաթեմատիկան ու կենսաբանությունը, և որոնց ծանոթանալու հնարավորություն կունենա Գիտության փառատոնի ընթացքում։ Ապա խորհուրդ եմ տալիս բայց չթողնել կենսաինֆորմատիկայի մասին բանախոսությունը։ Դպրոցականներին հրաժեշտ եմ տալիս ու շտապում մեծ տաղավար, որտեղ քիչ հետո YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը պատմելու է այն մասին, թե ինչ է նշանակում լինել գիտնական։   Գիտության գույներն աշխարհում ու Հայաստանում Հրանտ Խաչատրյանն իր պատմությունը բաժանում է երկու մասի․ ի՞նչ է նշանակում լինել գիտնական գլոբալ առումով և Հայաստանում։ «Լինել գիտնական նշանակում է, որ քո կյանքի և գործունեության ահագին մասը գրեթե ամբողջությամբ նվիրված է կարևոր ու չլուծված խնդիրներ լուծելուն»,- ասում է նա։  Հրանտն ուշադրություն է հրավիրում կարևոր և չլուծված բառերի վրա։ Ասում է՝ աշխարհում շատ խնդիրներ կան, և գիտնականները պետք է դրանցից առանձնացնեն նրանք, որոնք իսկապես կարևոր են, և որոնց գիտական այլ թիմեր արդեն լուծումներ չեն տվել։ Հրանտ Խաչատրյանը մեծ տաղավարում Կարևոր խնդիրներն էլ, իհարկե, ժամանակի ընթացքում փոխվում են։ Գիտնականը հիշում է, որ տարիներ առաջ իր ոլորտում` արհեստական բանականության մեջ, համարվում էր, որ եթե ստեղծվի այնպիսի մոդել, որը կկարողանա շախմատ խաղալ, ապա շատ խնդիրներ կսկսեն արհեստական բանականությամբ լուծվել։ Շախմատ խաղացող մոդելներ ստեղծվեցին, դրանք սկսեցին հաղթել աշխարհի գրոսմայստերներին, բայց դա ոլորտում հեղափոխություն չբերեց ու շատ խնդիրներ չլուծեց։  Հրանտի խոսքով փոխարենը վերջին տարիներին արհեստական բանականությունը զարգացավ տեքստային նյութերի հիման վրա. արհեստական բանականության գործիքներով տեքստերի մշակումը բերեց նրան, որ ստեղծվեց, օրինակ, ChatGPT-ն։ «Հիմա հարց է առաջացել, թե տեխնոլոգիան, որն այսքան լավ կարողացավ հասկանալ տեքստերը, այն ալգորիթմները, որոնք բերեցին այդ տեսակ հեղափոխությանը տեքստում, ուրիշ ի՞նչ ոլորտներում կարող են նման հեղափոխություն բերել»- ասում է նա։ Նման ոլորտներից մեկն, ըստ գիտնականի, կարող է լինել կենսաբանությունը։ Շատ կենսաբաններ, իհարկե, թերահավատ են այն հարցում, որ արհեստական բանականությամբ հնարավոր կլինի մշակել կենսաբանական տվյալներն ու խնդիրներ լուծել,  ինչպես ժամանակին լեզվական մոդելների հանդեպ թերահավատություն ունեին լեզվաբանները։ Բացի կարևոր ու չլուծված խնդիրներ գտնելուց՝ Հրանտը գիտնականների գործունեության մեջ առանձնացնում է հոդվածների տպագրության ու գրախոսության գործընթացը։ Դա, նրա խոսքով, օգնում է գիտնականներին սեփական աշխատանքին քննադատաբար մոտենալ, մանրամասն ստուգել հոդվածները տպագրության ուղարկելուց առաջ, քանի որ դրանք գրախոսելու են ոլորտի այլ գիտնականներ։ «Սա գիտնական լինելու իմ ամենասիրած կտորներից է․ օգնում է ինքդ քեզ կողքից նայել ու քո արածներին կողքից գնահատական տալ»,- ասում է նա։ Գիտնականի կյանքում մյուս կարևոր կետն, ըստ Հրանտի, մարդիկ են ու միջավայրը։ «Դու շրջապատված ես մարդկանցով, որոնք զբաղված են կարևոր խնդիրներով, չլուծված խնդիրներով, և դա հետաքրքիր միջավայր է»,- ասում է նա ու հավելում, որ գիտնականները հրաշալի զրուցակիցներ են, հատկապես եթե հասցրել են մեծ փորձ կուտակել։ Բայց գիտությունը միայն պայծառ գույների մասին չէ։ Հրանտը նշում է, որ ամբողջ աշխարհում գիտնականի կյանքի անբաժան մասն է բյուրոկրատիան․ գիտությամբ զբաղվելու համար ֆինանսավորում է անհրաժեշտ, հետևաբար՝ գիտնականները ֆինանսավորողներին պետք է հիմնավորեն իրենց հետազոտությունների կարևորությունը։ Գիտնականի խոսքով հատկապես Եվրոպայում ֆինանսավորում հայթայթելու ճանապարհին այնքան բյուրոկրատական հարցեր կան, որ շատ մարդիկ թողնում են գիտությունը՝ գնալով  մասնավոր հատված։  Իսկ ի՞նչ գույներ է ավելանում այս ամենին, երբ գիտությամբ զբաղվում ես Հայաստանում։ Այս թեման Հրանտը սկսում է հենց ֆինանսավորումից։ Պարզվում է՝ այս առումով Հայաստանում բյուրոկրատիան քիչ է. գիտնականների ու գիտական թիմերի թիվն այնքան փոքր է, որ լավ գաղափարներն առանց ֆինանսավորման չեն մնում։  Մյուս կողմից շատ են փաստաթղթային հարցերը. գիտություն իրականացնող կառույցներում աջակցող վարչական անձնակազմ չկա, ու հաճախ գիտնականներն իրենք են փաստաթղթային հարցերով զբաղվում։ Հաջորդիվ Հրանտը խոսում է գիտության կարևորության մասին Հայաստանի համատեքստում․ «Հայաստանում կա շատ գիտութուն, որն այնքան էլ կարևոր չէ։ Դա ինչպե՞ս է եղել։ Հայաստանում գիտությունն ինստիտուցիոնալ մակարդակով ձևավորվել է Խորհրդային Միության ժամանակ։ Խորհրդային շրջանում այդ ամեն ինչը սուպեր արդյունավետ էր ինչ-որ առումներով, բայց այդ արդյունավետությունն ամեն երկրի կոնտեքստում չէր երևում, ամբողջ Միության տարածքով էր։ ԽՍՀՄ-ն ուներ խնդիր ուսումնասիրելու, օրինակ, միջուկային ռումբ, ու մարդիկ հասկանում էին, որ դրա համար ինչ-որ մեկը պիտի լաբորատորիայում փորձ անի, ինչ-որ մեկը պիտի գրատախտակին մի քիչ մաթեմատիկայով զբաղվի։ Ինչ-որ մեխանիզմներ էին մտածում, որ այդ բոլորն արվի, ու այս ամեն ինչը ցրում էին Միության տարածքով»։ Հենց այդպես էլ մարդիկ, ըստ գիտնականի, տարբեր երկրներում միմյանցից առանձին գիտական խնդիրներ էին լուծում` շատ հաճախ չիմանալով, թե դա ինչ նպակի է ծառայելու։ «Հայաստանում, օրինակ, մաթեմատիկայի որևէ ուղղություն է զարգանում, ուժեղ մասնագետներ են հայտնվում։ Հետո ԽՍՀՄ-ը քանդվում է, աշխարհը փոխվում է, այլ բաներով են զբաղվում, մերոնք շարունակում են սա ուսումնասիրել։ ․․․․ Հայաստանի գիտությունը մինչև այսօր սպասարկում է Խորհրդային Միության շահերը»,- ասում է նա, ապա հավելում, որ սա ամենևին չի նշանակում, թե դրանք որակյալ հետազոտություններ չեն։ Խնդիրն այն է, որ պարզ չէ, թե դրանք ում են պետք։ Հրանտի խոսքով Հայաստանում գիտություն ֆինանսավորող կառույցը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, այդ հարցին չի անդրադառնում․ եթե գիտնականները լավ թեմա են առաջարկում, նրանց ֆինանսավորվում տրամադրվում է։ Հրանտը նշում է, որ բացի գլոբալ կարևորությունից՝ գիտնականը նաև պետք է հասկանա, թե իր այս կամ այն թեման ինչքանով է կարևոր Հայաստանի համար։ Այն, ինչ կարևոր է Հայաստանի համար, հաճախ կարող է կարևոր չլինել աշխարհի համար։ Սա է պատճառը, որ եթե որևէ գիտնական իր գործունեությունը նվիրի, օրինակ, բացառապես Սևանա լճի խնդիրների ուսումնասիրությանը, ապա նրա կապն աշխարհի գիտնականների հետ կկտրվի։ Այդ պատճառով գիտնականը խորհուրդ է տալիս Հայաստանի համար կարևոր թեմաներին զուգահեռ զբաղվել նաև գիտական այնպիսի խնդիրներով, որոնք աշխարհին են հետաքրքիր։ Հայաստանի խնդիրների լուծման ուղղված գիտական հետազոտությունների համատեքստում Հրանտը ևս մի կարևոր հարցի մասին է խոսում։  Նա նշում է, որ Միացյալ Նահագներում, օրինակ, Պենտագոնն ունի հետազոտական բաժին, որը ֆինանսավորում է Միացյալ Նահանգներին հետաքրքիր գիտական խնդիրների լուծմանն ուղղված հետազոտություններ։ Իսկ Հայաստանում այդպես չէ։ Հրանտի փոքր երազանքներից մեկն է, որ Հայաստանում էլ մի օր լինեն մասնագետներ, կառույցներ, որոնք կկարողանան հասկանալ, թե մեր երկիրն ինչ խնդիրներ ունի, որոնք հնարավոր է լուծել գիտությամբ, ու հետո այդ խնդիրները փոխանցել գիտնականներին` ակնկալելով լուծումներ։ Մարդկանց ու միջավայրի առումով էլ գիտությունը Հայաստանում իր առանձնահատկություններն ունի։ Հրանտի խոսքով մեր երկրում կան շատ լավ ուսանողներ, որոնք ցանկանում են հետաքրքիր խնդիրներով զբաղվել։ Հետևաբար` այն գիտնականները, որոնք ուզում են թիմ հավաքել և այս կամ այն ուղղությամբ հետազոտություններ իրականացնել, երիտասարդ կադրեր կգտնեն։ Սակայն խնդիր է միջին տարիքի գիտնականների պակասը․ եթե, օրինակ, սփյուռքահայ որևէ գիտնական ուզենա Հայաստանում պրոֆեսիոնալ  թիմ հավաքել, դժվար կլինի, քանի որ մեր երկրում քիչ են միջին տարիքի փորձառու գիտնականները, որոնք կղեկավարեն երիտասարդներին։ Գիտնականի կյանքի առանձնահատկությունները Հրանտ Խաչատրյանի տեսանկյունից բացահայտելուց հետո հանդիպում եմ Անիին։ Անիի հետ ծանոթացել եմ մի քանի շաբաթ առաջ, նա «Փոքրումեծ հարցեր» շարքի մասնակից դպրոցականներից է։ Այս շարքի շրջանակում Անին հանդիպել էր Հրանտ Խաչատրյանին ու նրան հարցեր ուղղել արհեստական բանականությունից։ Հրանտն էլ նրան հրավիրել էր մասնակցելու Գիտության փառատոնին։ Իսկ այսօր Անին Ազատության հրապարակում է ու ինձ ոգևորված պատմում է, թե ինչ տաղավարներ է այցելել։ Անիին հրաժեշտ տալուց հետո վերադառնում եմ մեծ տաղավար՝  լսելու Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանին։   Գիտությունը՝ կողմնակի հետևանք Պրոֆեսոր Դերլուգյանի հետ ճանապարհորդում ենք 17-րդ դար ու հետևում, թե ինչպես է առաջացել պրոֆեսիոնալ գիտությունն, ու ինչպես են Եվրոպայում պետությունները հասկացել, որ արժե ֆինանսավորել այն։ «Գիտությունն ի հայտ է եկել մոտ 300 տարի առաջ»,- ասում է պրոֆեսոր Դերլուգյանը։ Նրա խոսքով գիտելիքը սկսել է գոյություն ունենալ մարդկային ցեղի հետ․ մարդիկ լեզվի օգնությամբ միմյանց գիտելիք էին փոխանցում, թե ինչպես գործիքներ պատրաստել, որ սունկը կարելի է ուտել, իսկ որն է թունավոր և այլն։ Կար նաև կրոնական հավատալիքներին վերաբերող գիտելիք, բայց քանի որ այն հիմնված էր հավատի վրա, չէր պահանջում ապացույց։  Իսկ 17-րդ դարում` մոտ 300 տարի առաջ, Եվրոպայում սկսեց ձևավորվել գիտությունն այն իմաստով, որով մենք այն հասկանում ենք հիմա։  Այսինքն` եթե որևէ մեկը որևէ պնդում էր անում, այն պիտի ապացուցելի ու վերարտադրելի լիներ։ Գեորգի Դերլուգյանը մեծ տաղավարում Իսկ ինչպես սկսեցին կարևորել գիտությունը։ Սա հասկանաու համար պրոֆեսոր Դերլուգյանը հիշեցնում է Գալիլեո Գալիլեի պատմությունը։ «Ինչո՞ւ Գալիլեին զրկեցին իր աստղադիտակից: Դե, կարելի է ասել, որ կաթոլիկ եկեղեցին գիտության հալածող էր․․․ Իրականում նրանք, ինչպես ցանկացած իշխանություն, ճիշտ էին իրենց տեսանկյունից»-, ասում է պրոֆեսորը։ Այնուհետև նա բացատրում է, թե ինչ էին մտածում կաթոլիկ հոգևորականները, երբ արգելում էին Գալիլեին աստղերին նայել կամ պնդել, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը․ «Ուրեմն, ուզում եք ասել, որ այսօր այս սարքի շնորհիվ ավելի լավ եք տեսնում, քան Պտղոմեոսը 2000 տարի առա՞ջ։ 2000 տարի է՝ մենք սովորում ենք Պտղոմեոսի դասագրքերից, և Դուք հիմա ուզում եք ասել, որ  Պտղոմեոսից լա՞վն եք։ Իսկ վաղը ինչ-որ մեկը կասի, որ Աստվածաշնչից ավելի լավն է: Ուզում եք ասել, որ մեր Արևը աստղ է, և այդպիսի աստղերը շա՞տ են։ Սա նշանակում է, որ Հռոմի Պապը մեկը չէ, բայց կարող են լինել շատ Պապեր»․․․ Ապա պրոֆեսոր Դերլուգյանը պատմում է, թե ինչ եղավ աստղադիտակի հետ. այն ինչ-որ կերպ հասավ Շվեդիայի թագավորին, որն էլ ասաց` եթե գիտնականները սրանով աստղերն են դիտարկում, ապա ես այն կբաժանեմ իմ զինվորականներին։ Օպտիկական տեսողության սարքն, այսպես, սկսեց կիրառություն գտնել կաթոլիկների ու բողոքականների միջև ընթացող պատերազմում։ Պրոֆեսորը սա համեմատում է նրա հետ, թե ինչպես են ծնվում ստարտափները. մի բան է գիտնականի գյուտը, մեկ այլ բան է այդ գյուտը կիրառության մեջ տեսնելը։ «Սա առաջին գիտական բանակն է,- ասում է պրոֆեսոր Դերլուգյանն ու ապա մեզ տեղափոխում 19-րդ դարի Ֆրանսիա՝ Նապոլեոնի կառավարման տարիներ։- Նապոլեոնը վերցնում է իշխանությունը Ֆրանսիայում. Իսկ ի՞նչ է նա ստեղծում․․․ Ֆրանսիայի ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունները»։ Պրոֆեսորի խոսքով ֆրանսիական բանակի հաջողության գաղտնիքներից մեկն այն էր, որ նրանց փամփուշտներն ավելի լավն էին, քան թշնամիները։ Այլ կերպ ասած՝ Ֆրանսիայում գիտելիքը ծառայում էր բանակի կարիքներին։ Պրոֆեսոր Դերլուգյանն ասում է՝ պարտություն կրելուց հետո էր, որ գերմանացիները սկսեցին գիտական համալսարաններ ստեղծել։ Եվրոպայում, իհարկե, մինչ այդ էլ համալսարաններ կային, բայց այնտեղ գիտական լաբորատորիաներ սկսեցին ի հայտ գալ շատ ավելի ուշ՝ 20-րդ դարում։ «Աշխարհում հայտնվեց առաջին գիտական ​​համալսարանը։ Այն հիմնադրեց գերմանացի գիտնական Վիլհելմ ֆոն Հումբոլդտը։ Բացի այդ՝ պրուսական կառավարությունը պայման դրեց, որ բարձր պաշտոն զբաղեցնողները, լեյտենանտից բարձր կոչում ունեցող զինվորականներն ունենան համալսարանի դիպլոմ։ Իսկ համալսարանում կարող էին դասավանդել միայն այն դասախոսները, որոնք կա՛մ գիտարշավների էին գնում, կա՛մ լաբորատորիաներում աշխատում»- պատմում է պրոֆեսոր Դերլուգյանը։ Ամփոփելով պատմական ակնարկը՝ պրոֆեսորը նշում է՝ Եվրոպայում ի սկզբանե ոչ ոք չի ֆինանսավորել գիտությունը. գիությունն առաջացել է որպես ռազմական գործողությունների կողմնակի հետևանք։ 19-րդ դարի վերջին էլ պետությունների համար պարզ է դարձել, որ գիտության մեջ արժե գումարներ ներդնել, քանի որ դա կարող է օգտակար լինել։  Պրոֆեսորի բանախոսությամբ ամփոփվում է Գիտության փառատոնի երրորդ օրը։ Իսկ այսօր՝ փառատոնի չորրորդ օրը, շարունակվում է «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականներ» թեմատիկ բաժինը։   Աննա Սահակյան
17:35 - 04 հոկտեմբերի, 2024
Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով. Պապիկյան

Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով. Պապիկյան

Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը: «ԵՊՀ աշխատողների հիմնական աշխատավարձի բարձրացումը բուհի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված միջոցառումներից է՝ նպաստելու աշխատողների կենսամակարդակի բարձրացմանն ու բարելավելու աշխատանքային միջավայրը: Տեղեկացնեմ, որ 2022 թվականից ի վեր ԵՊՀ-ում արդեն իսկ 3 անգամ 10 տոկոսով բարձրացել են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, 2 անգամ էլ տասը տոկոսով՝ բոլոր աշխատակիցների հիմնական աշխատավարձերը։ Բացի դրանից՝ ուսումնաօժանդակ համակազմի աշխատավարձը վերապատրաստման և ատեստավորման արդյունքում աճել է մինչև 50 տոկոսով՝ նպաստելով ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հաղորդակցության ամրապնդմանն ու միջավայրի լավարկմանը։ Հատկանշական է նաև, որ ԵՊՀ-ում հաստատված կարգի համաձայն՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն առաջիկայում հնարավորություն կունենան կամավոր անցնելու ատեստավորում, որի արդյունքում նրանց աշխատավարձը կարող է բարձրանալ 20-40 տոկոսով։ Այս փոփոխությունները բազում ծրագրերի մի մասն են, որոնք ուղղված են աշխատանքի որակի բարելավմանն ու ԵՊՀ զարգացմանը»։      
21:24 - 02 հոկտեմբերի, 2024
Աշխատաշուկայի պահանջներից բխող կրթություն․ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը

Աշխատաշուկայի պահանջներից բխող կրթություն․ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը

Բակալավրիատի երրորդ կուրսից Վահրամ Թադևոսյանն աշխատում է PicsArt ընկերության մեքենայական ուսուցման թիմում։ Բակալավրիատում «Համակարգչային գիտություններ» մասնագիտությունը սովորելուց հետո նա հասկացավ, որ տեսական գիտելիքների պակաս ունի։  «Ե՛վ տվյալագիտության, և՛ մեքենայական ուսուցման մեջ, կարծում եմ, տեսականը շատ կարևոր դեր ունի, որովհետև կարող ես օգտագործել այն մեթոդները, որոնք տեսական հիմք ունեն՝ առանց իմանալու տեսականը, բայց երբ դրանք հասկանում ես, պատկերացնում ես, արդեն հնարավորություն ունես դու ստեղծելու այդ մեթոդներից ինչ-որ մեկը»,- ասում է Վահրամը։ Վահրամ Թադևոսյանը Սովորելու և աշխատելու ընթացքում ոլորտի մասնագետներն ու գործընկերները նրան պատմել էին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի մասին։ 2022-ին Վահրամը որոշեց դիմել ծրագրին և սկսեց սովորել այնտեղ։ Այժմ նա ծրագրի շրջանավարտներից մեկն է։   Փոքր գաղափարներից՝ մեծ գաղափար «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը ստեղծվեց 2018-ին։ Մագիստրոսական ծրագրի համահիմնադիրն ու ղեկավարը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Կարեն Քեռյանը, հիշում է՝ ծրագիրը հինգ տարի առաջ իրականություն դարձավ, երբ մի քանի փոքր գաղափարներ միացան ու դարձան մեկ մեծ գաղափար։ Նա պատմում է, որ մի կողմից ինքն ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոսներից Միքայել Պողոսյանը կիրառական ուղղվածությամբ մագիստրոսական ծրագիր սկսելու մտքեր ունեին, մյուս կողմից էլ PMI Science-ի տվյալագիտության թիմի ղեկավար Նարեկ Մելքոյանը տվյալագիտության, մեքենայական ուսուցման ուղությամբ մագիստրոսական ծրագիր ստեղծելու գաղափար ուներ։ Գաղափարի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերեցին նաև PMI Science-ն ու «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» (ISTC) հիմնադրամը, և բոլորով սկսեցին գաղափարը կյանքի կոչել։ Ի վերջո, 2018-ին ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում բացվեց «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը։ Վահրամ Թադևոսյանն ու Կարեն Քեռյանը Կարեն Քեռյանը հիշում է, որ ծրագիրը սկսելուց առաջ Միքայել Պողոսյանը նախ հանդիպումներ ունեցավ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ հասկանալու աշխատաշուկայի պահանջները և դրա հիման վրա կազմելու դասացուցակը։ Նա նշում է՝ իրենց նպատակն էր ստանալ ոչ թե այնպիսի ծրագիր, որը կկենտրոնանա նեղ ուղղությունների վրա և մասնագետներ կպատրաստի մեկ կամ մի քանի ընկերությունների համար, այլ այնպիսի ծրագիր, որը կտա գիտելիքների հնարավորինս լայն շրջանակ՝ հնարավորություն ստեղծելով, որ շրջանավարտները կարողանան մեքենայական ուսուցման և տվյալագիտության ուղղությամբ կարիերա սկսել տեխնոլոգիական տարբեր ընկերություններում։ «Բավականին հետաքրքիր դասեր կային ծրագրի ընթացքում՝ օրինակ, ժամանակային շարքերի (time series), ընդհանուր խոր ուսուցման (deep learning) վերաբերյալ։ Այդ գիտելիքները ես այս պահին շատ չեմ օգտագործում աշխատանքի բերումով, բայց չի բացառվում, որ հետագայում պետք կգան։ Երբ այդ ամեն ինչին նայում եմ մեկ այլ ուսանողի աչքերով, հաստատ շատ բան է տալիս ծրագիրը գրեթե բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասում է Վահրամը, որի աշխատանքն այժմ կապված է համակարգչային տեսողության (computer vision) հետ: Մագիստրոսական ծրագրի ստեղծման առաջին տարում գործնական աշխատանքներ իրականացնելու համար ուսանողներն օգտվում էին ISTC հիմնադրամի համակարգիչներից։ Երկրորդ տարում ծրագրի գործընկեր դարձան Webb Fontaine ու Krisp ընկերությունները, որոնց օգնությամբ ծրագիրը զինվեց գրաֆիկական պրոցեսոր ունեցող (GPU) համակարգիչներով։   Տեսական հիմք և գործնական գիտելիքներ՝ ոլորտի մասնագետներից Կարեն Քեռյանը նշում է՝ ծրագրի առաջին կիսամյակում ուսանողների համար մաթեմատիկայի ու ծրագրավորման հիմքերն են դրվում, երկրորդ կիսամյակում՝ մեքենայական ուսուցման, երրորդում արդեն նեղ մասնագիտական առարկաներ են դասավանդվում, իսկ չորրորդ կիսամյակում ուսանողները գրում են մագիստրոսական թեզերը։  «Վերջում՝ մագիստրոսական թեզը կազմելիս, մարդիկ ունենում են և՛ տեսական հիմք, և՛ պրակտիկ գիտելիքներ ու կարողանում են շատ լուրջ ու հետաքրքիր թեզեր գրել»,- ասում է Վահրամը։ Կարեն Քեռյանը, Միքայել Պողոսյանն ու ԵՊՀ այլ մասնագետներ դասավանդում են տեսական առարկաները, իսկ գործնական առարկաները դասավանդում են Krisp-ի, Service Titan-ի, PicsArt-ի և տեխնոլոգիական տարբեր ընկերությունների մասնագետներ։ Վազգեն Միքայելյանը, որ Krisp-ում ղեկավարում է մեքենայական ուսուցման թիմերից մեկը, արդեն մի քանի տարի խոր ուսուցում (deep learning) է դասավանդում ծրագրի ուսանողներին։ Նա նշում է՝ իր ուսանողներին դասերի ընթացքում տալիս է այնպիսի հարցեր, որոնք նրանց կտային գործատուներն աշխատանքի ընդունվելիս։ Վազգենի խոսքով մագիստրոսական ծրագրի տարբերությունը կրթական այլ ծրագրերից ու դասընթացներից այն է, որ այստեղ ոչ թե սահմանափակ ժամանակում սկսնակ (junior) մասնագետներ են պատրաստում, այլ հիմնարար գիտելիքներ են տալիս, որ ուսանողները կարողանան աշխատանքի անցնել ավելր բարձր մակարդակներով (mid-level): Վահրամը կարևորում է այն փաստը, որ ծրագրում դասավանդում են հենց ոլորտում աշխատող մասնագետները, և ուսանողները հնարավորություն են ստանում նրանց փորձից սովորելու և նրանց հետ կապեր հաստատելու։ «Կարելի է միայն ակադեմիական հիմքը դնել, բայց դա հերիք չի լինելու ինդուստրիա մուտք գործելու համար։ Իսկ այդքան մարդու հետ ծանոթանալու, միաժամանակ նրանց փորձը լսելու գործընթացը, հասկանալու, թե ինչ հնարավոր խնդիրների կարող են առերեսվել․․․ Այդ ամեն ինչը շատ է օգնում ուսանողներին»,- ասում է նա։ Վազգեն Միքայելյանը նշում է՝ խոր ուսուցում առարկան ունի և՛ տեսական, և՛ գործնական հատվածներ, իսկ առարկայի ավարտին ուսանողներն արդեն կարողանում են ինքնուրույն մեքենայական ուսուցման մոդելներ ստանալ ու անգամ ավելի բարդ հանձնարարություններ կատարել։ Նա հիշում է, որ Krisp-ի խնդիրներից մեկը հանձնարարվել էր ուսանողներին, որոնք էլ նախնական աշխատանքներն արեցին ու փոխանցեցին ընկերության մասնագետներին։ Խնդիրը վերաբերում էր խոսքից լեզվի ճանաչմանը, այսինքն՝ պետք էր ստանալ մոդել, որը ձայնագրության հիման վրա կարողանում է հասկանալ, թե այն ինչ լեզվով է։ Ուսանողներն իրականացրին նախնական աշխատաքները, իսկ Krisp-ի մասնագետները զարգացրին ու ավարտին հասցրին մոդելը։   Շարժման ուղղության կառավարումը՝ անիմացվող նկարներում Մագիստրոսական ծրագրի ուսանողները գրում են ամենատարբեր թեմաներով թեզեր, որոնք համալրում են նրանց պորտֆոլիոները և օգնում աշխատանքի ընդունվելիս, երբեմն էլ դառնում գիտական հոդվածներ կամ ուղարկվում գիտական կոնֆերանսների։  Վահրամը, որն աշխատում է PicsArt-ի մեքենայական ուսուցման թիմում, որոշեց իր մագիստրոսական թեզի համար ընտրել այնպիսի թեմա, որն իր հետազոտական հետաքրքրությունների շրջանակում է։ Վահրամը պատմում է իր թեզի մասին Նա նշում է, որ համակարգչային տեսողության (computer vision) մեջ արդեն բավականին զարգացած է նկարների անիմացիայի խնդիրը, այսինքն՝ կան մեքենայական ուսուցման մոդելներ, որոնք կարողանում են նկարների հիման վրա տեսանյութեր ստանալ։ Վահրամի խոսքով, սակայն, դեռևս քիչ աշխատանքներ կան անիմացվող նկարներում շարժումների կառավարման ուղղությամբ։  Նա նշում է՝ խնդիրն առաջանում է հիմնականում այն պատճառով, որ ստացվող տեսանյութում շարժումը մի տեսակի չէ, այն կարող է վերաբերել տեսախցիկի, որևէ օբյեկտի (օրինակ՝ մարդու) կամ դրա ինչ-որ հատվածի շարժմանը։ Այդ պատճառով էլ դժվար է ստանալ մեքենայական ուսուցման այնպիսի մոդել, որն օգտարերերին հնարավորություն կտա նկարներ անիմացնելիս որոշելու, թե իրենց ուզած օբյեկտներն ինչ ուղղությամբ են շարժում։ Խնդիրը լուծելու համար Վահրամը վերցրեց մեքենայական ուսուցման այնպիսի մոդել, որն արդեն իսկ վարժեցված էր մեծաքանակ տվյալների վրա և կարողանում էր նկարներից տեսանյութեր ստանալ։ Մնում էր անել հաջորդ քայլը՝ մոդելին սովորեցնել կառավարել օբյեկտների ու սուբյեկտների շարժման ուղղությունը։ Դրա համար նրան անհրաժեշտ էր նկարներից կամ տեսանյութերից ստանալ այնպիսի ինֆորմացիա, որը կոնկրետ շարժում է բնութագրում։ Իսկ այդպիսի ինֆորմացիայի հրաշալի աղբյուր կարող էին լինել տեսանյութերը, որտեղ երևում էին մարդկանց շարժումներ։ Վահրամն ասում է, որ երբ կա այնպիսի տեսանյութ, որտեղ մարդը շարժում է, օրինակ, ձեռքը, ապա հնարավոր է մոտարկել ձեռքի շարժման հետագիծը, այսինքն՝ ծրագրին ցույց տալ, թե ձեռքն ինչ ուղղությամբ է շարժվել, որտեղից որտեղ է գնացել։ Նմանատիպ մեծաքանակ տվյալներ սովորելով՝ մոդելն արդեն կկարողանար ոչ միայն մարդկանց, այլև տարբեր այլ օբյեկտների ու սուբյեկտների շարժումները կառավարելու հնարավորություն տալ։ Հենց մարդկանց շարժում պարունակող տեսանյութերի հիման վրա էլ Վահրամը կարողացավ ստանալ նմանատիպ մոդել ու գրեց իր մագիստրոսական թեզը, որը նաև ուղարկեց միջազգային կոնֆերանսներից մեկին։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է Վահրամի մոդելը լուսանկարից ստացված տեսանյութում հնարավորություն տալիս որոշելու կոնկրետ օբյեկտի (տվյալ դեպքում՝ սև գնդի) շարժման ուղղությունը   Տարբեր գիտելիք ու փորձ ունեցող մարդիկ՝ նույն լսարանում Կարեն Քեռյանի խոսքով իրենց մագիստրոսական ծրագրի ամենամեծ մարտահրավերներից մեկն այն է, որ ծրագրին տարիքային տարբեր խմբերի, ինչպես նաև կրթական և աշխատանքային ամենատարբեր փորձ ունեցող մարդիկ են դիմում։ Մարդիկ կան, որոնք Վահրամի նման արդեն աշխատում են PicsArt-ում, Krisp-ում կամ տեխնոլոգիական այլ ընկերություններում և փորձ ունեն, մարդիկ էլ կան, որ ոլորտում առաջին քայլերն են անում։ Վազգենն ասում է՝ անգամ մասնակից են ունեցել, որն առաջին մասնագիտությամբ փիլիսոփա է։ «Ամենաբարդը դա է, որ նույն լսարանում ծայրահեղ տարբեր գիտելիքներ ունեցող մարդիկ են»,- նշում է նա։ Ընդունելությունը տեղի է ունենում քննությունների հիման վրա․ ընդունվում են նրանք, ովքեր հաջողությամբ հանձնում են քննությունը՝ անկախ ֆակուլտետից, կրթությունից ու փորձից։ Վազգենը նշում է, որ եթե անգամ մարդիկ փորձ չունեն կամ ոլորտից չեն և հետաքրքրված են, կարող են դիմել․ եթե քննությունը հաջողությամբ հաձնեն, ուրեմն պոտենցիալ ունեն ծրագրում սովորելու։ Տարբեր գիտելիքներ ունեցող մարդկանց հետ աշխատելու համար կրթական ծրագիրն այնպես է մտածված, որ և՛ սկսնակները ստանան իրենց հարցերի պատասխանները, և՛ արդեն փորձ ունեցողները նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ունենան։ Վազգենն, օրինակ, դասերն անցկացնում է հետևյալ տրամաբանությամբ․ սկսում է շատ հիմնական թեմաներից՝ շեշտելով, որ նրանք, ովքեր գիտեն հնչած հարցերի պատասխանները, չպատասխանեն, հետո նաև այնպիսի հարցեր է տալիս, որոնց շուրջ հավասար մտածում են և՛ փորձ ունեցող, և՛ չունեցող ուսանողները։ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրն առաջին տարում ուներ 17 դիմորդ, որոնցից 12-ն ընդունվեցին։ Հինգ տարիների ընթացքում դիմորդների թիվն ավելացել է։ Անցած տարի, օրինակ, 50 դիմորդից ընդունվել է մոտ 30-ը։ Այս տարի էլ արդեն անցկացվել է քննությունների առաջին փուլը։ Եթե առաջին տարում ծրագրի համար կրթաթոշակներ էին հատկացնում գործընկեր տեխնոլոգիական ընկերությունները, ապա երկրորդ տարուց սկսած՝ կառավարությունը սահմանել է ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ տեղեր։ Ծրագրի ուսանողները, բացի հիմնական դասերից, ոլորտի մասնագետներին լսելու այլ հնարավորություններ էլ են ունենում․ ուսանողների համար արդեն սեմինարներ են անցկացրել ոլորտի տարբեր ընկերություններ, ինչպիսիք են NVIDIA-ն, Yandex-ը։ Կարեն Քեռյանն ասում է՝ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական են լինելու։ Մագիստրոսական ծրագրում դասավանդողների և մագիստրոսական թեզերի ղեկավարների թվում էլ արդեն կան մարդիկ, որոնք  նախորդ տարիների շրջանավարտներից են։   Գլխավոր լուսանկարում՝ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի՝ 2024 թ․ շրջանավարտները (նկարը՝ Կարեն Քեռյանի արխիվից) Աննա Սահակյան
21:25 - 21 հուլիսի, 2024
«Փոփոխությունը հիմնավորված չէ». ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու վերաբերյալ

«Փոփոխությունը հիմնավորված չէ». ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու վերաբերյալ

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ. «Որոշումը միաձայն ընդունվել է Հայոց պատմության ամբիոնի 2024 թ. հունվարի 24-ին կայացած նիստում, որին մասնակցում էին ամբիոնի 18 անդամներից 14-ը և Պատմության ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիելյանը։ Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները, առանց գիտական ու կրթական հանրության շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո, հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանառու-թյան մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրեպ է, և որի հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համակարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար: ԿԳՄՍՆ-ն որդեգրել է մի գործելակերպ, որն ի սկզբանե կազմակերպական առումով բացասական տպավորություն է թողնում: Ինչ-որ անանուն պատմաբանների դիմումի հիման վրա (որևէ փաստ չկա, որ այդ պատմաբաններն իրականում կան) անմիջապես ի հայտ է գալիս փոփոխությունների նախագիծ և դրվում քննարկման: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ առաջարկին պետք է հաջորդեր դրա հեղինակների կողմից իրենց առաջարկի հիմնավորումների հրապարակումը: Դրան պիտի հաջորդեր համապատասխան մասնագիտական կառույցների կարծիքների ճշտումը, և դրական կարծիքների դեպքում նոր միայն կազմվեր պատշաճ հիմնավորված փաստաթուղթ, որը կարող էր ներկայացվել հանրային քննարկման: Այսինքն՝ հարցին պետք է ցուցաբերվեր պետական-ինստիտուցիոնալ մոտեցում, ինչը չի կատարվել: Դա խոսում է գիտակրթական հաստատությունների նկատմամբ անթաքույց անվստահության մասին և թողնում է դավադրական գործողությունների տպավորություն, ինչը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության և, ընդհանրապես, հայության շահերից: Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն հարցադրումը և երկրորդն առաջինին հակադրելը ամբիոնի կարծիքով արհեստական է և բացատրվում է նախագիծը նախաձեռնողների՝ որոշ իրողությունների չիմացությամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով: Դրա հետ կապված՝ մի քանի պարզաբանումներ. ա) Հանրակրթական առարկայի` ներկայում կիրառվող «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տարբերակն է։ 1990-ական թթ. սկզբներին նորանկախ Հայաստանի պատմաբանները (ակադեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխուդարյան և այլք) տևական քննարկումներից հետո որոշեցին հրաժարվել խորհրդային տարիներին կիրառված «Հայ ժողովրդի պատմություն» անվանումից և վերադարձ կատարել Ոսկեդարի շրջանից մինչև ուշ միջնադար ու նոր (վաղ արդի) ժամանակաշրջան կիրառված պատմագրական ավանդույթին։ բ) «Հայոց պատմություն» առարկայի անվան մեջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրառությանը (տե’ս Ավետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29; Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետևաբար՝ «Հայոց պատմություն»-ը բովանդակային առումով ավելի տարողունակ եզրույթ է՝ միաժամանակ նշանակում է և՛ Հայաստանի՝ որպես պետության, և՛ հայերի պատմություն։ Քերթողահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց հայոց պետականությունների պատմությունն է: Սկսած 5-րդ դարից այս անվանումն ավանդաբար կիրառվում է՝ և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ արևմտահայերենում, և՛ արևելահայերենում։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կիրառմամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պետականության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև։ գ) Օտար լեզուներով հնարավոր չէ մեկ բառով արտահայտել «Հայոց պատմություն» եզրույթի վերոնշյալ երկու իմաստները: Ուստի այն այլ լեզուներով թարգմանելիս օգտագործվել է «Հայաստանի պատմություն» համազոր ձևը (History of Armenia, История Армении, Histoire d’Arménie և այլն)։ Հենց այդ տրամաբանությամբ են առաջնորդվել 18-րդ դարի վերջին Միքայել Չամչյանը, 19-20-րդ դարերի բոլոր հայագետները (թե՛ հայ, թե՛ օտար), ովքեր պահպանել են պատմագրության ավանդույթը` կիրառելով «Պատմութիւն Հայոց» տարողունակ ձևակերպումը հայերենում և համապատասխան լեզվամտածողությամբ թե՛ «Հայաստանի պատմություն» (լատիներեն (1736), ռուսերեն (1809, 1858, 1990), ֆրանսերեն (1841, 1869) և այլն), թե՛ «Հայերի պատմություն» (անգլերեն, 1978) տարբերակներն այլ լեզուներում։ դ) ԿԳՄՍ-ի կողմից հրապարակված փաստաթղթում թվարկված երկրների օրինակով առաջարկվող փոփոխության հիմնավորումը համոզիչ չէ: Օտար լեզուներում տվյալ երկրի պատմությունը ժողովրդի պատմությունից չի տարբերակվում կա՛մ փաստացի համընկնելու, կա՛մ քաղաքական ինչ-ինչ պատճառներով։ Ֆրանսիայում պաշտոնապես ֆրանսիացի է համարվում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին, հետևաբար՝ տարբերակելու կարիք չկա։ Սաուդյան Արաբիան լոկ 20-րդ դարում ստեղծված երիտասարդ պետություն է, որը պետականության ավանդույթներ չունի: Բացի այդ, այն արաբական 22 պետություններից լոկ մեկն է: Հետևաբար՝ նրա պատմությունն արաբների պատմություն անվանվել չի կարող: Հնդկաստանը, Վրաստանն ու Ղազախստանը բազմազգ երկրներ են, որտեղ «Երկրի պատմություն» անվանաձևով պետականակերտ ժողովուրդները յուրացնում են նաև այդ տարածքներում ապրող այլ ժողովուրդների պատմությունը։ Բացի դրանից՝ և՛ վրացիները, և՛ ղազախները բաժանվում են ենթաէթնիկ հանրությունների (վրացիները՝ մենգրելների ու սվանների, ղազախները՝ ավագ, միջին և կրտսեր ժուզերի (ցեղախմբերի))։ Հետևաբար՝ վերը նշված դեպքերում լուծվում են այնպիսի քաղաքական խնդիրներ, որոնք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ ոչ մի ընդհանրություն չունեն։ Ի դեպ, նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ բերված օրինակները հիշյալ երկրների դպրոցներում դասավանդվող առարկաներին չեն վերաբերվում, այլ սոսկ առանձին գրքերի անվանումներ են։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել այդ երկրների դպրոցներում ուսուցանվող տվյալ երկրի պատմության առարկայի անվանումները։ ե) Ի տարբերություն վերը բերված օրինակների՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ պատմության դասավանդման համատեքստում ընդհանրություններ ունեն, օրինակ, հույները։ Հունաստանի Հանրապետության դպրոցներում «Հունաստանի պատմություն» անունով առանձին առարկա չկա, ամբողջ պատմությունը դասավանդվում է մեկ առար-կայի շրջանակներում, որտեղ նյութի մեծ մասն ուղղակի Հունաստանի և հույների մասին է (հստակ պատկերացում կազմելու համար առաջարկվում են հետևյալ հղումները Միևնույն ժամանակ հունական գրականության և գիտության մեջ օգտագործվում են ինչպես Ιστορίατου Ελληνικού Έθνους (Հույն ժողովրդի պատմություն), այնպես էլ Ιστορία της Ελλάδας (Հունաստանի պատմություն) եզրույթները, բայց ավելի տարածված է «Ελληνική ιστορία» եզրույթը, որը բովանդակային առումով համարժեք է «Հայոց պատմություն» բառակապակցությանը, քանի որ Ελληνική բառը կարող է թարգմանվել միաժամանակ և՛ «հունական», և՛ «Հունաստան» տարբերակներով: Առաջարկվող փոփոխությունն անընդունելի է նաև հետևյալ պատճառներով. ա) Նախ, պարզ չէ, թե տարածքային առումով իրենից ինչ է ներկայացնելու առաջարկվող Հայաստան եզրույթը՝ պատմական Հայքն իր լայնածավալ տարածքո՞վ, պաշտոնապես 29800 քառակուսի կմ տարածքո՞վ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, թե՞ որևէ այլ բան: Մեր երկրի համար ներկայումս ստեղծված խիստ աննպաստ պայմաններում, երբ վտանգված են նրա սահմանները և առկա են թշնամու տարածքային անթաքույց հավակնությունները, նման հարցադրումը սոսկ հռետորական չէ և որոշակիություն է պահանջում: բ) «Հայոց պատմություն» եզրույթը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելը էապես սահմանափակելու է դասավանդվող առարկայի բովանդակային շրջանակները: Հայաստանն անգամ պատմական Հայքի սահմաններով դիտարկելու դեպքում դրանցից դուրս են մնալու կամ խիստ թերի են ներկայացվելու Հայոց պատմության այնպիսի առանցքային թեմաներ, որպիսիք են հայոց ծագումնաբանության, Կիլիկիայի հայկական պետության, հայկական գաղթավայրերի ու Սփյուռքի, 18-րդ դարի երկրորդ կեսի, 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի, ուշ միջնադարի ու նոր շրջանի հայ մշակույթի հիմնահարցերը և այլն: Մասնավորապես՝ առարկայի ծրագրային շրջանակից դուրս են մնալու հայ գրատպության, Հայաստանից դուրս ծնված ու գործած մշակույթի ականավոր գործիչների, հայ խոջայական, նոր շրջանում՝ բանկային և արդյունաբերական կապիտալի, բարեգործական տարբեր կազմակերպությունների վերաբերյալ բնավ ոչ երկրորդական հարցերը, որոնք մեր պետության և ժողովրդի համար լուրջ այցեքարտեր են արտաքին աշխարհին ներկայանալու համար: Որոշ պաշտոնատար անձանց կողմից հնչող պնդումները, թե վերոնշյալ խնդիրները ներառվելու են նոր անվանումով առարկայի ծրագրերում, համոզիչ չեն և որևէ երաշխիքով ապահովագրված չեն: Ամփոփելով վերոշարադրյալը, ամբիոնն արձանագրում է, որ առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է: Փոխարենը՝ նրա ընդունումը էական վնաս է հասցնելու ինչպես դպրոցում և կրթական համակարգի բոլոր օղակներում առարկայի դասավանդմանը, այնպես էլ ընդհանրապես ազգային պատմության ընկալմանը հասարակության կողմից։
12:03 - 17 հուլիսի, 2024
ԵՊՀ բակում Բագրատ Սրբազանին հանդիպեց ԵՊՀ պրոռեկտորը՝ հերքելով դեկանների հետ տեղի ունեցած ժողովի մասին տեղեկությունը

ԵՊՀ բակում Բագրատ Սրբազանին հանդիպեց ԵՊՀ պրոռեկտորը՝ հերքելով դեկանների հետ տեղի ունեցած ժողովի մասին տեղեկությունը

Առավոտյան Բագրատ Գալստանյանը երթով հասավ ԵՊՀ։ Բակում քայլերթ իրականացնող քաղաքացիներին հայկական պարերով դիմավորեցին դասադուլ անող ուսանողները։ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում կրկնեց երեկ իրենց հասած տեղեկությունը, ըստ որի՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրյանը ժողով է արել դեկանների մասնակցությամբ ու ասել, որ բացակա դնեն բոլոր ուսանողներին, որոնք դասադուլ են իրականացնում։ Պրոռեկտորը բակում էր, նա մոտեցավ Բագրատ Սրբազանին, նրանք սեղմեցին միմյանց ձեռքերը։ Էլինա Ասրյանն ասաց, որ այդ տեղեկությունը սուտ է․ «Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է, և այստեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է»։ Սրբազանը ներողություն խնդրեց, եթե այդ տեղեկությունը տարածելով նեղացրել են որևէ մեկին՝ նշելով, որ իրենք ճիշտ քայլ են արել, որ ունեցել են նման տեղեկություն և եկել են ճշտելու։
10:47 - 14 մայիսի, 2024
Դառը, սև սուրճ ու գիտություն․ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս

Դառը, սև սուրճ ու գիտություն․ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս

Ես խմում եմ օրական երեքից չորս բաժակ սև սուրճ (երբեմն նույնիսկ չափն անցնում եմ՝ այս թիվը հասցնելով հինգի)։ «Ինֆոքոմի» գործընկերներս ինձնից հետ չեն մնում․ նրանք նույնպես սուրճի սիրահար են։  Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի վերջին տվյալները փաստում են, որ սուրճը Հայաստանում ամենաշատ օգտագործվող երեք մթերքներից մեկն է։ Երևանում, օրինակ, սև սուրճ է օգտագործում բնակչության մոտ 71%-ը։  Այսօր «Ինֆոքոմում» սուրճ խմելու «արարողությունը» մի փոքր անսովոր է․ տարօրինակ պատրաստակամությամբ գործընկերներիս համար սուրճ եմ պատրաստում ու զգուշացնում նրանց, որ խմելուց հետո բաժակները չլվանան (չնայած նրանք երբեք էլ չեն շտապում բաժակները լվանալու հարցում)։ Հետո վերցնում եմ բաժակներն ու սուրճի նստվածքը տեղափոխում մի տարայի մեջ, որն էլ տեղադրում եմ սառցախցիկում «գիտական նպատակներով»։  Իմ սիրելի կավե բաժակից սուրճի նստվածքը տեղափոխում եմ տարայի մեջ Վերջերս Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտնականներն ինձ պատմեցին, որ իրենք, ի թիվս այլ հետազոտությունների, ուսումնասիրում են, թե ինչպես մանրէների օգնությամբ կենսագազ ստանալ՝ օգտագործելով սուրճի թափոնը։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ ես մի ամբողջ օր կհավաքեմ մեր խմբագրության սուրճի նստվածքն ու կտանեմ լաբորատորիա։ Դեռ կհասցնենք մանրամասն խոսել մանրէների, կենսագազի ու այլ հետաքրքիր հասկացությունների մասին։ Մինչ այդ առաջարկում եմ ինձ հետ ուղևորվել Երևանի պետական համալսարան ու հայտնվել Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս, որտեղ գիտնականնեը սպասում են հավաքածս սուրճի թափոնին։   Շախմատից կենսաբանություն Կենսաբանների ընտանիքում մեծացած Կարեն Թռչունյանը դպրոցական տարիքում մտածում էր, որ կա՛մ շախմատիստ է դառնալու, կա՛մ օդաչու։ Նա ակտիվ զբաղվում էր շախմատով և առաջին կարգ ուներ։ 9-րդ դասարանում, սակայն, ծնողներից ոգեշնչված, որոշեց ընտրել կենսաբանի մասնագիտությունը։   Կարեն Թռչունյանը Այդ որոշումից տարիներ են անցել․ Կարեն Թռչունյանն այժմ գիտությունների դոկտոր է և ղեկավարում է Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան։ Կենսաբանությունն ընտրելու համար չի փոշմանել, իսկ շախմատ հիմա էլ շարունակում է խաղալ․ ասում է, որ շախմատն իր աշխատանքի մեջ շատ է օգնում ճիշտ մտածելու և քայլերի ճիշտ հերթականություն ընտրելու հարցում: Գիտությամբ Կարեն Թռչունյանը սկսեց հետաքրքրվել բակալավրիատի հենց առաջին կուրսում։ Այդ ժամանակ նա մանրէաբանությանն առնչվող մի գիտական հոդված կարդաց, որի արդյունքները նրան շատ հետաքրքրեցին։ Նա որոշեց կրկնել հոդվածի հեղինակների գիտափորձն ու մի փոքր այլ արդյունք ստացավ։ Առաջին միտքն այն էր, որ ինչ-որ բան սխալ է արել։ Մի տարի շարունակ փորձեր անցկացնելուց հետո համոզվեց, որ նոր ու հետաքրքիր արդյունքներ է ստացել։ 2009-ին այդ արդյունքների հիման վրա հրապարակվեց  նրա գիտական առաջին հոդվածը։ Հենց այդպես էլ սկսվեց Կարեն Թռչունյանի գիտական ուղին։ Կարեն Թռչունյանը՝ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում 2015-ին Երևանի պետական համալսարանում ստեղծվեց Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ բացվեց Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան։ Կարեն Թռչունյանը 2020-ին ստանձնեց լաբորատորիայի ղեկավարումը։     Աշխարհ, որը մենք չենք տեսնում  «Մանր» և «է»․ բառի արմատներն էլ հուշում են, որ մանրէները չափազանց փոքր էակներ են։ Բակտերիաներ, խմորասնկեր, ջրիմուռներ, վիրուսներ՝ այն բոլոր օրգանիզմները, որոնք հնարավոր չէ անզեն աչքով տեսնել, համարվում են մանրէներ (hաճախ անվանում են նաև միկրոբ կամ միկրոօրգանիզմ)։ Մանրէներն, ինչպես մարդը կամ կենդանի այլ օրգանիզմներ, աճելու և գոյատևելու համար պետք է սնվեն։ Որոշ մանրէներ ապրում են մարդու օրգանիզմում, օգնում մարսողության գործընթացին ու օրգանիզմից ստանում իրենց անհրաժեշտ սննդանյութերը, մյուսները սնունդ են ստանում՝ քայքայելով բույսերի, կենդանիների մնացորդները։ Կախված մանրէի տեսակից՝ սնունդ ստանալու ձևերը տարբեր են լինում։  Լաբորատորիայում մանրէները պահվում են այսպիսի կլոր ամաններում Որոշ տեսակի մանրէների համար սննդի աղբյուր կարող են դառնալ թափոնները, որոնք պարունակում են բուսական օրգանիզմների մնացորդներ (օրինակ՝  կարտոֆիլի կեղևը)։ Մանրէները քայքայում են բուսական թափոնների մեջ առկա բարդ նյութերը, վերցնում իրենց անհրաժեշտ սննդանյութերը, իսկ այս ընթացքում քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում, որոնց արդյունքում անջատվում են տարբեր կողմնակի նյութեր, օրինակ՝ կենսաջրածին (ջրածին, որն առաջանում է կենսաբանական գործընթացների արդյունքում)։ Սա կարելի է համեմատել մեր օրգանիզմի նյութափոխանակության հետ․ երբ մենք սնունդ ենք ընդունում, սնունդը քայքայվում է, օրգանիզմը վերցնում է մեզ անհրաժեշտ նյութերն ու յուրացնում, իսկ սննդի քայքայման և յուրացման ընթացքում տեղի ունեցած քիմիական ռեակցիաների արդյունքում որպես կողմնակի արտադրանք առաջանում է ածխաթթու գազ։ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հետազոտական թեմաների շրջանակը շատ լայն է․ այստեղ իրականացվում են մանրէների ու բույսերի վերաբերյալ թե՛ հիմնարար, թե՛ կիրառական հետազոտություններ։  Աղիներից անջատած կաթնաթթվային բակտերիան (կապույտ գույնով ներկված)՝ մանրադիտակի տակ Կարեն Թռչունյանը հիշում է, որ մանրէներին վերաբերող հետազոտություններն իրենց լաբորատորիայում սկզբում միայն հիմնարար էին։ Նրանք վերցնում էին բակտերիայի որևէ տեսակ, օրինակ՝ աղիքային ցուպիկ (գիտական անվանումը Էշերիխիա կոլի՝ Թեոդոր Էշերիխի անունով, որը 1885 թ․ հայտնաբերել է այս բակտերիան)։ Հետո այդ բակտերիայից հեռացնում էին տարբեր գեներ ու փորձեր իրականացնում, որ հասկանան, թե նրա կոնկրետ որ սպիտակուցներն են պատասխանատու այս կամ այն գործընթացի համար։ Գիտական գրականության ուսումնասիրությունից և տարբեր կոնֆերանսների մասնակցելուց հետո Կարեն Թռչունյանին սկսեց հետաքրքրել արդյունավետ ճանապարհով կենսաջրածին ստանալու գիտական խնդիրը։ Մինչ այդ նրանց հիմնարար հետազոտությունների շրջանակում իրականացվում էին մանրէների մասնակցությամբ փորձեր, որոնց ընթացքում ջրածինն անջատվում էր պարզապես որպես կողմնակի արտադրանք։ Բայց նրանք չէին իրականացրել կիրառական հետազոտություններ, որոնք նպատակ կունենային պարզելու, թե ինչպես արդյունավետ կերպով մանրէների միջոցով կենսաջրածին ստանալ։ Էշերիխիա կոլին կամ աղիքային ցուպիկը՝ մանրադիտակի տակ Իսկ ինչո՞ւ է գիտական այս խնդիրը հետաքրքիր ու կարևոր։ Կարեն Թռչունյանն ասում է՝ աշխարհի բնակչության թիվն աճում է, էներգետիկ ռեսուրսների նկատմամբ պահանջարկը՝ մեծանում, իսկ հանածո վառելիքները՝ նավթը, գազը, ավելի արագ են սպառվում, քան վերականգնվում։ Այդ պատճառով մարդիկ տարիներ շարունակ ստեղծել են էներգիայի այլընտրանքային աղբյուրներ՝ ատոմակայաններ, հողմակայաններ, արևային կայաններ և այլն։ Էներգիայի այլընտրանքային աղբյուրներից մեկն էլ կենսավառելիքն է (սպիրտ կամ կենսագազ), որն անջատվում է կենսաբանական գործընթացների արդյունքում։   Ըստ Կարեն Թռչունյանի՝ առաջին սերնդի կենսավառելիքն անջատվում է այն հումքից, որը կարելի է օգտագործել սնունդ ստանալու համար։ Օրինակ՝ ցորենից, շաքարեղեգից կամ եգիպտացորենից սպիրտ (էթանոլ) է անջատվում։ Երկրորդ սերնդի կենսավառելիքը մեծ ծավալներով չի արտադրվում և դեռևս գտնվում է լաբորատոր փորձարկումների փուլում։ Այդպիսին է, օրինակ, կենսաջրածինը որը կարելի է ստանալ տարբեր օրգանական թափոններից։  Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում որոշեցին ուսումնասիրել հենց երկրորդ սերնդի կենսավառելիքի ստացման գործընթացը։ Այդպես միանգամից երկու հարց է լուծվում․ առաջին՝ թափոնները կիրառություն են գտնում ու չեն աղտոտում շրջակա միջավայրը, երկրորդ՝ ստացվում է էներգիայի այընտրանքային աղբյուր։ Թափոնների միջոցով կենսագազ հնարավոր է ստանալ նաև «տնային պայմաններում»։ Կարեն Թռչունյանին խնդրում եմ բացատրել, թե ինչ պիտի անեն, օրինակ, մեր գյուղի՝ Լեռնարոտի բնակիչները, եթե որոշեն սննդի մնացորդները չթափել ու մանրէների օգնությամբ դրանցից կենսագազ ստանալ։  Սառնարանը, որտեղ պահվում են մանրէները Պատասխանը պարզ է․ անհրաժեշտ է վերցնել մեծ տարաներ, դրանց մեջ լցնել բանջարեղենի կամ այլ օրգանական մնացորդներ, ավելացնել, օրինակ, գոմաղբ, որի մեջ ապրում են տարբեր մանրէներ, ապա տաքացնել։ Մանրէները կսկսեն քայքայել սննդի մնացորդներն ու վերցնել իրենց անհրաժեշտ նյութերը, իսկ նրանց կենսագործունեության արդյունքում կանջատվի կենսագազ, որն արդեն կարելի է հավաքել ու օգտագործել տարբեր նպատակներով, օրինակ՝ տունը ջեռուցելու համար։  Բայց որպեսզի կենսագազը սկսի մասսայաբար արտադրվել ու որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր լայն կիրառություն գտնել, պետք է դրա ստացման գործընթացի արդյունավետ եղանակ լինի, այսինքն՝ նվազագույն ծախսով հնարավորինս մեծ ծավալի կենսագազ արտադրվի։ Աշխարհի ու Հայաստանի գիտնականների խնդիրն է գտնել մանրէ-թափոն այնպիսի համադրություններ, որոնց պայմաններում կենսագազի արտադրությունն առավել շահավետ կլինի։    Սուրճը միայն խմելու համար չէ Մի քանի տարի առաջ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում սկսեցին կենսաջրածին ստանալու համար օգտագործել սուրճի թափոնները։ Այս գաղափարի «մեղավորները» լաբի երկու երիտասարդ հետազոտողներն են՝ Լիանա Վանյանն ու Հռիփսիմե Պետրոսյանը։ Լիանան Լիանան ու Հռիփսիմեն կենսաբանության ֆակուլտետ են ընդունվել ու սովորել միասին։ Բակալավրիատի երկրորդ կուրսում նրանք հասկացան, որ միայն դասախոսություններ լսելն իրենց համար բավարար չէ։ Նրանք գնացին Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա ու սկսեցին այնտեղ ծանոթանալ ամենատարրական աշխատանքներին՝ կշեռքից օգտվել, լուծույթ պատրաստել։ Լաբորատոր աշխատանքի նրբությունները հասկանալուց հետո Լիանան ու Հռիփսիմեն Կարեն Թռչունյանին խնդրեցին իրենց ներգրավել հետազոտական աշխատանքներում։ Այդպես նրանք սկսեցին գիտական հետազոտություններին մասնակցել և բակալավրիատի վերջում տպագրեցին իրենց գիտական առաջին հոդվածը։ Այժմ երկուսն էլ ասպիրանտուրայում են սովորում ու գրում են իրենց թեկնածուական աշխատանքները, զուգահեռ ներգրավված են նաև լաբորատորիայի հետազոտական տարբեր նախագծերում։ Հռիփսիմեն Մի քանի տարի առաջ, երբ դեռ երրորդ կուրսի ուսանողներ էին, Լիանան ու Հռիփսիմեն փոխանակման ծրագրերից մեկով մեկնեցին Գերմանիայում սովորելու։ Այնտեղ նկատեցին, որ լաբորատորիաներից մեկում հավաքում էին սուրճի նստվածքը, որից մտադիր էին նանոմասնիկներ ստանալ։ Նրանք մտածեցին, թե ինչու չօգտագործել սուրճի նստվածքն իրենց հետազոտություններում․ չէ՞ որ այն բուսական թափոն է, իսկ իրենք արդեն օգոտագործում էին բուսական այլ թափոններ կենսաջրածին ստանալու համար։ Հայաստան վերադառնալուն պես նրանք այս գաղափարի մասին պատմեցին Կարեն Թռչունյանին, որն էլ առաջարկեց փորձել իրականացնել այն։ Առանց գիտական գրականությունն ուսումնասիրելու Լիանան ու Հռիփսիմեն մեծ թերահավատությամբ մշակեցին սուրճի նստվածքը, ապա աղիքային ցուպիկ ավելացրին։ Արդյունքը զարմացրեց նրանց․ աղիքային ցուպիկն իսկապես որոշակի քանակությամբ կենսաջրածին արտադրեց։ Դա նշանակում էր, որ կարելի էր փորձերը շարունակել։  Սուրճի մշակված թափոնով լի անոթները Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբում գրեթե ամենուր են Լիանան ու Հռիփսիմեն նախ գիտական գրականություն ուսումնասիրեցին ու պարզեցին, որ սուրճի թափոնները գիտության մեջ օգտագործվում են կենսաջրածին ստանալու համար։ Նրանք ծանոթացան հետազոտությունների, որոնց հեղինակները վերցրել էին ոչ թե կոնկրետ այս կամ այն մանրէն, այլ այնպիսի միջավայրեր (օրինակ՝ տիղմ, գոմաղբ), որտեղ կան տարբեր տեսակի մանրէներ (գիտական լեզվով ասած՝ մարնէների կոնսորցիումներ), և դրանց միջոցով սուրճի նստվածքից կենսաջրածին ստացել։ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում որոշեցին հետազոտել կոնկրետ մեկ տեսակի մանրէ՝ իրենց մյուս հետազոտությունների ժամանակ կիրառվող աղիքային ցուպիկը։ Նրանց փորձերի արդյունքում պարզվեց, որ աղիքային ցուպիկի շտամերից մեկով հնարավոր է սուրճի նստվածքի քայքայումից կամ խմորումից մեծ քանակությամբ կենսաջրածին ստանալ։ Ձախ կողմում՝ սուրճի չորացված նստվածքը, աջում՝ արծաթե կեղևը Գիտական գրականության ուսումնասիրությունից պարզվեց, որ լավ արդյունքներ ցույց տալու հավանականություն ունի նաև սուրճի մեկ այլ թափոն՝ այսպես կոչված, արծաթե կեղևը (silver skin)։ Սա սուրճի հատիկների արտաքին շերտն է, որն առանձնանում է հատիկներից սուրճը բովելիս։ Լաբորատորիայում աղիքային ցուպիկի ու արծաթե կեղևի «մասնակցությամբ» ևս փորձեր իրականացրին ու կրկին լավ արդյունքներ ստացան։   Պարարտ հող՝ սուրճի ու մանրէների օգնությամբ Այս պահին Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում սուրճի նստվածքն օգոտագործում են ևս մի հետազոտության մեջ։ Բանն այն է, որ  սուրճի նստվածքը հարուստ է մետաղներով, ազոտով և այլ նյութերով ու կարող է որպես պարարտանյութ ծառայել։  Լաբորատորիայում որոշեցին այս ուղղությամբ հետազոտություններ սկսել՝ կրկին համատեղելով սուրճի թափոններն ու մանրէները։ Գուցե հարց առաջանա, թե ինչ կապ ունեն մանրէները։ Պարզվում է, որ մանրէներն իրենցով համարվում են կենսապարարտանյութեր. դրանք իրենց կենսագործունեությամբ հարստացնում են հողն այնպիսի նյութերով, որոնք բույսերի աճն են ապահովում։  Լաբորատորիայում եկան այն մտքին, որ սուրճի նստվածք-մանրէ համադրությունը կարող է կրկնակի օգտակար լինել բույսերի համար․ առաջինը՝ սուրճի նստվածքն արդեն պարարտանյութ է ու կարող է հարստացնել հողը, երկրորդը՝ այն բարենպաստ միջավայր է մանրէների համար, որ դրանք աճեն ու իրենց կենսագործունեությամբ պարարտացնեն հողը։  Սուրճի նստվածքով ու մանրէներով «պարարտացած» բույսերը լաբորատորիայում (նկարը՝ լաբորատորիայի արխիվից) Գիտնականները մանրէով հարստացված սուրճի նստվածքը կիրառեցին Հայաստանում աճող մի քանի բույսերի՝ լոլիկի, վարունգի, պղպեղի վրա։ Առաջին փուլում հետազոտություններն իրականացրին լաբորատորիայում․ դիտարկեցին, թե սուրճի նստվածքն ու մանրէն ինչ ազդեցություն ունեն արմատների ձևավորման, ցողունի ու տերևների աճի վրա, համեմատեցին սովորական պայմաններում աճած արմատների ու ցողունների հետ։  Ջերմոցային աշխատանքները (նկարը՝ լաբորատորիայի արխիվից) Առաջին փուլի արդյունքները բավականին գոհացնող էին, և նրանք անցան հաջորդ՝ ջերմոցային փուլին։ Ջերմոցում վարունգի, լոլիկի ու պղպեղի սերմեր ցանեցին, հողը պարարտացրին իրենց նստվածք-մանրէ պարարտանյութով ու սկսեցին հետևել բույսերի աճին։ Գարնանը սկսվելու է ջերմոցային փորձարկումների երկրորդ փուլը, իսկ վերջնական փուլում արդեն կուսումնասիրվի ստացված բերքը։ Եթե արդյունքները գոհացնող լինեն, կնշանակի, որ այս համադրությունն իսկապես կարող է լավ կենսապարարտանյութ դառնալ ու փոխարինել քիմիականին։   «Գիտելիքն ուժ է, իսկ հաղթանակն այն տարածելն է» Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա այցիս ընթացքում նկատում եմ, թե որքան շատ ուսանողներ են գալիս այստեղ՝ պարզապես փորձերին հետևելու, սովորելու կամ լաբորատոր աշխատանքներ իրականացնելու համար։ Իսկ լաբորատորիայի երիտասարդ թիմն օգնում է ուսանողներին։ «Միշտ պետք է լինի երիտասարդների հոսք․ եթե երիտասարդների հոսքի մեխանիզմը չկա որևէ լաբորատորիայում, նշանակում է այդ լաբորատորիան դատապարտված է»,- ասում է Կարեն Թռչունյանը։  Նա կարևորում է նաև կուտակված գիտելիքը հաջորդ սերունդներին փոխանցելը, քանի որ այդկերպ գիտելիքը չի կորչում։  Լաբորատորիայի հերթական սեմինարը «Գիտելիքն ուժ է, իսկ հաղթանակն այն տարածելն է»․ սա Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կարգախոսն է։  Հավատարիմ մնալով իրենց կարգախոսին՝ լաբորատորիայում ամեն ուրբաթ սեմինար են անցկացնում, որի ժամանակ պատմում են իրենց հետազոտական ուղղություններին վերաբերող այս կամ այն թեմայի մասին։  Անահիտը Հերթական սեմինարին մասնակցում եմ նաև ես։ Այս անգամ Անահիտ Շիրվանյանը պատմում է Սախարոմիցեզ սերևիզիե (Saccharomyces cerevisiae) անունով խմորասնկի մասին, որի անունը ճիշտ արտասանել ինձ մոտ ստացվեց բազմաթիվ փորձերից հետո միայն։ Անահիտի սիրելի Սախարոմիցեզ սերևիզիեն Շատ հետարքիր է լսել, թե որքան հիացմունքով է Անահիտը խոսում այս խմորասնկի և սթրեսային պայամաններում գոյատևելու նրա հատկության մասին։    Գիտությունից նորարարություն Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի թիմը մի քանի տարի առաջ սկսեց աշխատանքներ տանել նաև հետազոտությունների կիրառական արդյունքներն առևտրայնացնելու ուղղությամբ։ Երևանի պետական համալսարանում 2018-ին բացվեց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը։ Կենտրոնի թիմը կազմված է Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հետազոտողներից, բայց այն սպասարկում է նաև Հայաստանում գործող այլ լաբորատորիաների։  Կենտրոնը գործում է երեք ուղղությամբ՝ հետազոտություններ, կրթություն, նորարարություն։ 2018-ից Երևանի պետական համալսարանում ներդրվել է կենտրոնի մշակած «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը։   Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ թիմը Այս պահին Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն աշխատում է թիմի նորարարական գաղափարները կյանքի կոչելու ուղղությամբ։ Թիմը երկու ստարտափ գաղափար ունի։ Առաջինը կոչվում է MyCoFe (mycrobes՝  մանրէներ, coffee՝ սուրճ, fertiliser՝ պարարտանյութ)։ MyCoFe-ն դեռ ձևավորման փուլում գտնվող ստարտափ է, որի նպատակն է արտադրել կենսապարարտանյութեր։ Երբ գիտնականները մանրէ-սուրճի նստվածք համադրությամբ կենսապարարտանյութերի վերաբերյալ հետազոտություններն ավարտեն ու ցանկալի արդյունքներ ստանան, կսկսեն արտադրել ու վաճառել պարարտանյութը։  Սարքը, որտեղ հավաքում և չափում են արտադրված կենսաջրածինը Մյուս գաղափարը վերաբերում է սուրճի և բուսական այլ թափոնների միջոցով կենսաջրածնի արտադրությանը։ Երբ այս տեխնոլոգիան վերջնական մշակված լինի, գիտնականները կպատենտավորեն այն ու կառաջարկեն արտադրող մեծ կազմակերպություններին։ Սուրճ, գինի, գարեջուր արտադրողներն, օրինակ, այս տեխնոլոգիայով հնարավորություն կունենան իրենց բուսական թափոններից մանրէներով կենսագազ ստանալու և այն՝ որպես էներգիայի ալլընտրանքային աղբյուր, իրենց արտադրական գործընթացում օգտագործելու։ Այսինքն, արտադրական թափոնները կկիրառվեն հենց արտադրական գործընթացում։   ♦♦♦ Քանի դեռ գտնվում ենք Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս, առաջարկում եմ հետևել Անահիտ Շիրվանյանին, որը մեզ կպատմի, թե ինչ է մանրէանկարչությունը, և ինչպես մանրէներով ագարի (ագարը կարմիր ջրիմուռներից ստացվող ժելատինային նյութ է) վրա պատկերներ նկարել։ Անահիտի առաջարկով ես էլ մանրէներով լաբորատորիայում փորձեցի գրել ագարի վրա: 24 ժամ անց նա ուղարկեց արդյունքը։   «Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։       Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարներն ու տեսանյութերը՝ Ռոման Աբովյանի
23:38 - 05 մարտի, 2024
Փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է․ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոն

Փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է․ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոն

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր  դիրքորոշումն է հայտնել «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Որոշումը միաձայն ընդունվել է Հայոց պատմության ամբիոնի 2024 թ. հունվարի 24-ին կայացած նիստում, որին մասնակցում էին ամբիոնի 18 անդամներից 14-ը և Պատմության ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիելյանը։ Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները, առանց գիտական ու կրթական հանրության շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո, հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանառության մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրեպ է, և որի հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համակարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար: ԿԳՄՍ-ն որդեգրել է մի գործելակերպ, որն ի սկզբանե կազմակերպական առումով բացասական տպավորություն է թողնում: Ինչ-որ անանուն պատմաբանների դիմումի հիման վրա (որևէ փաստ չկա, որ այդ պատմաբաններն իրականում կան) անմիջապես ի հայտ է գալիս փոփոխությունների նախագիծ և դրվում քննարկման: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ առաջարկին պետք է հաջորդեր դրա հեղինակների կողմից իրենց առաջարկի հիմնավորումների հրապարակումը: Դրան պիտի հաջորդեր համապատասխան մասնագիտական կառույցների կարծիքների ճշտումը, և դրական կարծիքների դեպքում նոր միայն կազմվեր պատշաճ հիմնավորված փաստաթուղթ, որը կարող էր ներկայացվել հանրային քննարկման: Այսինքն՝ հարցին պետք է ցուցաբերվեր պետական-ինստիտուցիոնալ մոտեցում, ինչը չի կատարվել: Դա խոսում է գիտակրթական հաստատությունների նկատմամբ անթաքույց անվստահության մասին և թողնում է դավադրական գործողությունների տպավորություն, ինչը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության և, ընդհանրապես, հայության շահերից: Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն հարցադրումը և երկրորդն առաջինին հակադրելը ամբիոնի կարծիքով արհեստական է և բացատրվում է նախագիծը նախաձեռնողների՝ որոշ իրողությունների չիմացությամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով: Դրա հետ կապված՝ մի քանի պարզաբանումներ. ա) Հանրակրթական առարկայի` ներկայումս կիրառվող «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տարբերակն է։ 1990-ական թթ. սկզբներին նորանկախ Հայաստանի պատմաբանները (ակադեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխուդարյան և այլք) տևական քննարկումներից հետո որոշեցին հրաժարվել խորհրդային տարիներին կիրառված «Հայ ժողովրդի պատմություն» անվանումից և վերադարձ կատարել Ոսկեդարի շրջանից մինչև ուշ միջնադար ու նոր (վաղ արդի) ժամանակաշրջան կիրառված պատմագրական ավանդույթին։ բ) «Հայոց պատմություն» առարկայի անվան մեջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրառությանը (տե'ս Ավետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29; Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետևաբար՝ «Հայոց պատմություն»-ը բովանդակային առումով ավելի տարողունակ եզրույթ է՝ միաժամանակ նշանակում է և՛ Հայաստանի՝ որպես պետության, և՛ հայերի պատմություն։ Քերթողահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց հայոց պետականությունների պատմությունն է: Սկսած 5-րդ դարից այս անվանումն ավանդաբար կիրառվում է՝ և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ արևմտահայերենում, և՛ արևելահայերենում։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կիրառմամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պետականության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև։ գ) Օտար լեզուներով հնարավոր չէ մեկ բառով արտահայտել «Հայոց պատմություն» եզրույթի վերոնշյալ երկու իմաստները: Ուստի այն այլ լեզուներով թարգմանելիս օգտագործվել է «Հայաստանի պատմություն» համազոր ձևը (History of Armenia, История Армении, Histoire d'Arménie և այլն)։ Հենց այդ տրամաբանությամբ են առաջնորդվել 18-րդ դարի վերջին Միքայել Չամչյանը, 19-20-րդ դարերի բոլոր հայագետները (թե՛ հայ, թե՛ օտար), ովքեր պահպանել են պատմագրության ավանդույթը` կիրառելով «Պատմութիւն Հայոց» տարողունակ ձևակերպումը հայերենում և համապատասխան լեզվամտածողությամբ թե՛ «Հայաստանի պատմություն» (լատիներեն (1736), ռուսերեն (1809, 1858, 1990), ֆրանսերեն (1841, 1869) և այլն), թե՛ «Հայերի պատմություն» (անգլերեն, 1978) տարբերակներն այլ լեզուներում։ դ) ԿԳՄՍ-ի կողմից հրապարակված փաստաթղթում թվարկված երկրների օրինակով առաջարկվող փոփոխության հիմնավորումը համոզիչ չէ: Օտար լեզուներում տվյալ երկրի պատմությունը ժողովրդի պատմությունից չի տարբերակվում կա՛մ փաստացի համընկնելու, կա՛մ քաղաքական ինչ-ինչ պատճառներով։ Ֆրանսիայում պաշտոնապես ֆրանսիացի է համարվում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին, հետևաբար՝ տարբերակելու կարիք չկա։ Սաուդյան Արաբիան լոկ 20-րդ դարում ստեղծված երիտասարդ պետություն է, որը պետականության ավանդույթներ չունի: Բացի այդ, այն արաբական 22 պետություններից լոկ մեկն է: Հետևաբար՝ նրա պատմությունն արաբների պատմություն անվանվել չի կարող: Հնդկաստանը, Վրաստանն ու Ղազախստանը բազմազգ երկրներ են, որտեղ «Երկրի պատմություն» անվանաձևով պետականակերտ ժողովուրդները յուրացնում են նաև այդ տարածքներում ապրող այլ ժողովուրդների պատմությունը։ Բացի դրանից՝ և՛ վրացիները, և՛ ղազախները բաժանվում են ենթաէթնիկ հանրությունների (վրացիները՝ մենգրելների ու սվանների, ղազախները՝ ավագ, միջին և կրտսեր ժուզերի (ցեղախմբերի))։ Հետևաբար՝ վերը նշված դեպքերում լուծվում են այնպիսի քաղաքական խնդիրներ, որոնք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ ոչ մի ընդհանրություն չունեն։ Ի դեպ, նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ բերված օրինակները հիշյալ երկրների դպրոցներում դասավանդվող առարկաներին չեն վերաբերվում, այլ սոսկ առանձին գրքերի անվանումներ են։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել այդ երկրների դպրոցներում ուսուցանվող տվյալ երկրի պատմության առարկայի անվանումները։ ե) Ի տարբերություն վերը բերված օրինակների՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ պատմության դասավանդման համատեքստում ընդհանրություններ ունեն, օրինակ, հույները։ Հունաստանի Հանրապետության դպրոցներում «Հունաստանի պատմություն» անունով առանձին առարկա չկա, ամբողջ պատմությունը դասավանդվում է մեկ առարկայի շրջանակներում, որտեղ նյութի մեծ մասն ուղղակի Հունաստանի և հույների մասին է (հստակ պատկերացում կազմելու համար առաջարկվում են հետևյալ հղումները Միևնույն ժամանակ հունական գրականության և գիտության մեջ օգտագործվում են ինչպես Ιστορίατου Ελληνικού Έθνους (Հույն ժողովրդի պատմություն), այնպես էլ Ιστορία της Ελλάδας (Հունաստանի պատմություն) եզրույթները, բայց ավելի տարածված է «Ελληνική ιστορία» եզրույթը, որը բովանդակային առումով համարժեք է «Հայոց պատմություն» բառակապակցությանը, քանի որ Ελληνική բառը կարող է թարգմանվել միաժամանակ և՛ «հունական», և՛ «Հունաստան» տարբերակներով: Առաջարկվող փոփոխությունն անընդունելի է նաև հետևյալ պատճառներով. ա) Նախ, պարզ չէ, թե տարածքային առումով իրենից ինչ է ներկայացնելու առաջարկվող Հայաստան եզրույթը՝ պատմական Հայքն իր լայնածավալ տարածքո՞վ, պաշտոնապես 29800 քառակուսի կմ տարածքո՞վ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, թե՞ որևէ այլ բան: Մեր երկրի համար ներկայումս ստեղծված խիստ աննպաստ պայմաններում, երբ վտանգված են նրա սահմանները և առկա են թշնամու տարածքային անթաքույց հավակնությունները, նման հարցադրումը սոսկ հռետորական չէ և որոշակիություն է պահանջում: բ) «Հայոց պատմություն» եզրույթը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելը էապես սահմանափակելու է դասավանդվող առարկայի բովանդակային շրջանակները: Հայաստանն անգամ պատմական Հայքի սահմաններով դիտարկելու դեպքում դրանցից դուրս են մնալու կամ խիստ թերի են ներկայացվելու Հայոց պատմության այնպիսի առանցքային թեմաներ, որպիսիք են հայոց ծագումնաբանության, Կիլիկիայի հայկական պետության, հայկական գաղթավայրերի ու Սփյուռքի, 18-րդ դարի երկրորդ կեսի, 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի, ուշ միջնադարի ու նոր շրջանի հայ մշակույթի հիմնահարցերը և այլն: Մասնավորապես՝ առարկայի ծրագրային շրջանակից դուրս են մնալու հայ գրատպության, Հայաստանից դուրս ծնված ու գործած մշակույթի ականավոր գործիչների, հայ խոջայական, նոր շրջանում՝ բանկային և արդյունաբերական կապիտալի, բարեգործական տարբեր կազմակերպությունների վերաբերյալ բնավ ոչ երկրորդական հարցերը, որոնք մեր պետության և ժողովրդի համար լուրջ այցեքարտեր են արտաքին աշխարհին ներկայանալու համար: Որոշ պաշտոնատար անձանց կողմից հնչող պնդումները, թե վերոնշյալ խնդիրները ներառվելու են նոր անվանումով առարկայի ծրագրերում, համոզիչ չեն և որևէ երաշխիքով ապահովագրված չեն:           Ամփոփելով վերոշարադրյալը, ամբիոնն արձանագրում է, որ առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է: Փոխարենը՝ նրա ընդունումը էական վնաս է հասցնելու ինչպես դպրոցում և կրթական համակարգի բոլոր օղակներում առարկայի դասավանդմանը, այնպես էլ ընդհանրապես ազգային պատմության ընկալմանը հասարակության կողմից։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ.՝    Է. Գ. Մինասյան
19:09 - 31 հունվարի, 2024
ԵՊՀ-ի եւ «Լիդիան Արմենիայի» միջեւ կնքվել է մտադրությունների հուշագիր

ԵՊՀ-ի եւ «Լիդիան Արմենիայի» միջեւ կնքվել է մտադրությունների հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։ Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կազմելու են աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրեր, կատարելու են փորձարարական, գիտական, հետազոտական ու կրթական աշխատանքներ, կազմակերպելու են կառուցվածքային առանձին ստորաբաժանումների համատեղ քննարկումներ, խորհրդատվություններ, վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ և այլ միջոցառումներ։ Բացի դրանից՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու ֆակուլտետում գործող Կայուն զարգացման կենտրոնի փորձագետների ու ընկերության մասնագետների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում մշակվելու են տեխնոլոգիական մեթոդներ, կազմակերպվելու են դրանց ստացման լաբորատոր և արտադրական եղանակների փորձարկումներ։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների շրջանում հանքարդյունաբերության գործունեության վերաբերյալ գործնական գիտելիքների ձեռքբերման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համատեղ մշակվելու են դասընթացներ և դաշտային պրակտիկ աշխատանքներ։ Բացի դրանից՝ ուսանողները հնարավորություն են ստանալու իրենց  ուսումնական ու արտադրական պրակտիկաները կազմակերպելու, ինչպես նաև փորձնակություն (ինթերնշիփեր, մենթորշիփեր) անցնելու ընկերությունում։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փաստեց՝ ոլորտները, որոնց զարգացման նպատակով հաստատվել է համագործակցություն, կարևոր են մեր երկրի համար, ուստի որակյալ կրթության տրամադրումն ու արհեստավարժ կադրերի պատրաստումը, հիմնախնդիրների վերհանումն ու դրանց լուծումը պետք է առաջնահերթություն լինեն․ «Իսկ որակյալ և ներկայիս պահանջներին ու չափանիշներին համապատասխան կրթություն տրամադրելու երաշխիքներից մեկը հենց աշխատաշուկայի հետ արդյունավետ կապն է»։ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ պատրաստ են ներդնելու իրենց ռեսուրսները և աջակցելու ֆակուլտետի զարգացմանը, երկրաբանության և հանքարդյունաբերության հետ կապված հետազոտական նախագծերի իրագործմանը և այլ ծրագրերի կատարմանը։ Նա ասաց նաև, որ ընկերությունը պլանավորում է կրթաթոշակներ սահմանել ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողների, ինչպես նաև Ամուլսարի շրջակա համայնքների այն դիմորդների համար, որոնք կնախընտրեն երկրաբանություն մասնագիտությունը: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, խոսելով ֆակուլտետի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, կարևորեց գիտական ներուժի արդյունավետ կիրառման, դասախոսների վերապատրաստման ու դիմորդների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ համագործակցությունը կնպաստի դրանց իրագործմանը։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին հուշագրով սահմանված առաջիկա անելիքներն ու համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։
17:30 - 12 հունվարի, 2024
8 բուհից 7-ը հրաժարվում է «Ակադեմիական քաղաքի» վերաբերյալ հանրային մեկնաբանությունից

8 բուհից 7-ը հրաժարվում է «Ակադեմիական քաղաքի» վերաբերյալ հանրային մեկնաբանությունից

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ հայեցակարգի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հոկտեմբերին որոշեց հարցազրույցների շարք սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս ծրագրի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Այս ընթացքում մենք արդեն հարցազրույցներ ենք հրապարակել Գիտությունների ազգային ակադեմիայի` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենի, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ։ Զուգահեռ հարցազրույցի հրավեր ենք ուղարկել նաև 8 բուհերի, սակայն դրանցից 7-ի ռեկտորները կամ գիտության գծով պրոռեկտորները հրաժարվել են հարցազրույց տալ։ Հարցազրույցի հրավերն ընդունել է միայն Տնտեսգիտական համալսարանը։ Քանի որ բարձրագույն կրթության համակարգում «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը խոշոր փոփոխություններ է ենթադրում, պետական բուհերի դիրքորոշումն այդ փոփոխությունների վերաբերյալ կարևոր է։ Այդ է պատճառը, որ հարցազրույցի հրավերը մերժած բուհերին խնդրել ենք մեկնաբանել, թե որն է հրաժարվելու պատճառը։ Ստորև ներկայացնում ենք նրանց մեկնաբանությունները։   Հայաստանի ազգային ագրարային համալսարան (21․11․2023) Ագրարային համալսարանի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանն «Ինֆոքոմի» լրագրողի հետ հեռախոսազրույցում նշեց, որ  Ագրարային համալսարանը ողջունում է բուհերն ուժեղացնելու նախաձեռնությունը, բայց ծրագիրը սաղմնային փուլում է, այդ պատճառով իրենք մեկնաբանություն չեն կարող տալ։ Իսկ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի վերաբերյալ առաջարկներն արդեն ներկայացրել են Կառավարություն։   Երևանի պետական համալսարան (22.11.2023) Երևանի պետական համալսարանի ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը նշեց, որ Երևանի պետական համալսարանը դեռ չի կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ համալսարանում ներքին քննարկումները դեռևս շարունակվում են։   Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (22․11․2023) Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը պաշտոնական գրություն ուղարկեց, որում նշվում էր․ ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի, ինչպես նաև ՀՀ կառավարությանը համալսարանի կողմից հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ հարցազրույցի տրամադրումը մերժվել է, քանի որ դրանք քննարկման ու մշակման փուլում են»։   Հայկական պետական մանկավարժական համալսարան (23․11․2023) Մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Դիանա Մարկոսյանը գրություն ուղարկեց, որում նշվում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հանրային քննարկումները դեռ ընթացքի մեջ են, և կառավարության համապատասխան որոշումը տեղադրված է e-draft հարթակում` ազատ քննարկման համար, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն այն ուսումնասիրում է, հետևում գործընթացներին՝ ձևավորելու համար հիմնավորված դիրքորոշում։ Հընթացս ՀՊՄՀ-ում ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով՝ ռեկտորի  գլխավորությամբ, համապատասխան մասնագետների և դեկանների ներգրավմամբ, որոնք համակարգում են գործընթացը։ Քանի որ ուսումնական տարվա սկիզբը ծանրաբեռնված էր՝ պայմանավորված Արցախից ներգաղթած մեր հայրենակիցների ուսումնառության իրավունքներն ապահովելու խնդրով, նաև այժմ բուհն անցնում է հավատարմագրման հերթական փուլը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի քննարկումը նախատեսել ենք բուհի գիտական խորհրդի առաջիկա նիստերում»։ Նշենք, որ Կառավարությունն «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգն ընդունել է հոկտեմբերի 19-ին։ Այսինքն՝  Մանկավարժական համալսարանի՝ գրավոր պատասխանը մեզ ուղարկելու պահին հայեցակարգի նախագիծը տեղադրված չէր միայն e-draft հարթակում, այլ հաստատված էր Կառավարության կողմից։   Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (24․11․2023) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը գրություն ուղարկեց, որտեղ նշվում է․ «Տեղեկացնում ենք, որ այս օրերին խիստ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չենք կարող  հարցազրույցը կազմակերպել։ ԵԹԿՊԻ-ում այս պահին ընթանում են ծավալուն աշխատանքներ` կրթական ծրագրերի բարելավումների, ինչպես նաև ուսանողական նախագծերի ներկայացման նոր կարգի մշակման և նախապատրաստման ուղղությամբ»։   Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ընդհանուր բաժնի աշխատակցի հետ մի քանի հեռախոսազանգ ունեցանք․ բուհը, սակայն, ո՛չ նշեց՝ ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում հարցազրույցի հրավերը, ո՛չ էլ որևէ գրավոր կամ բանավոր մեկնաբանություն տրամադրեց։   Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարան (26.12.2023) Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի խոսնակը խնդրեց պաշտոնական մեկնաբանության համար դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Ռաֆայել Թովմասյանին։ Վերջինս մեզ հետ զրույցում խոստացավ հստակեցնել՝ արդյո՞ք Պոլիտեխնիկական համալսարանն ընդունում է հարցազրույցի հրավերը, թե՞ ոչ։ Սակայն մեր հետագա զանգերն անպատասխան մնացին։   Աննա Սահակյան
16:49 - 27 դեկտեմբերի, 2023
Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սոցիոլոգիայի տեսություններն ասում են, որ սահմանը պարզապես քարտեզի վրայով անցնող գիծ չէ. այն կենդանի սուբյեկտ է, որը ձևավորում են այնտեղ ապրող անհատները․․․ Իսկ ինչպե՞ս են հենց սահմանին ապրող մարդիկ ընկալում սահմանամերձությունն, ու ի՞նչ կարելի է իմանալ սահմանի ֆենոմենի մասին՝ ուսումնասիրելով մարդկանց կենսափորձը։ Այս թեման երկու տարի առաջ հետաքրքրեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետազոտողներին։   Սահմանամերձությունը  Ծնունդով Գորիսից Մարիամ Միրզոյանը 2021-ին սովորում էր Սոցիոլոգիայի ֆակուլտետում և մի ծրագրի շրջանակում քանակական հարցումներ էր իրականացնում Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Բնակիչների հետ շփումների ժամանակ նա հասկացավ, թե որքան հետաքրքիր կլիներ հետազոտել սահմանին ապրող մարդկանց կենսափորձը։ Մարիամին տպավորել էր հատկապես Տավուշի Չինարի գյուղը, որտեղ, ինչպես ինքն է ասում, բնակիչների առօրյա կյանքի մեջ մտած էր սահմանամերձությունը։ Մարիամը Երևան վերադառնալուն պես Մարիամն այդ մասին պատմեց ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանին։ Այդպես Հարությունն ու Մարիամը որոշեցին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կենսափորձի միջոցով բացատրել սահմանամերձության գաղափարը։ Նրանք դիմեցին «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ին*, հետազոտության համար ֆինանսավորում ստացան ու սկսեցին աշխատանքները։ Առաջին բանը, որ արեցին, տեսության ուսումնասիրությունն էր։ Այս փուլում հասկացան, որ սահմանամերձության՝ որպես սոցիոլոգիական երևույթի ուսումնասիրությունները շատ քիչ են։ Բացի այդ՝ միջազգային իրականության մեջ սահմանը մի փոքր այլ կերպ է ընկալվում։ «Մեր իրականության մեջ կա սահման, սահմանից այն կողմ՝ թշնամի, և թե՛ ֆիզիկական տարածության, թե՛ սոցիալական առումով այդ սահմանը գծված է։ Պատերազմի գործոնը կա նաև։ Իսկ արտասահմանում այդպիսի սահմանամերձություն չկա․ այնտեղ էթնիկ սահմանների մասին է խոսքը»,- ասում է Մարիամը։ Հայաստանում սահմանամերձության ֆենոմենը նկարագրելու համար հետազոտողներն ընտրեցին երկու մարզ՝ Տավուշը և Սյունիքը։ Տավուշը սահմանամերձ էր դարձել դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո, իսկ Սյունիքը սահմանամերձ դարձավ 2020-ի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։ Հարությունի և Մարիամի հիպոթեզն այն էր, որ բնակիչների՝ սահմանամերձության մասին ընկալումները տարբեր էին լինելու այս երկու մարզերի բնակավայրերում։ Հարությունը Այս տարի՝ ամռանը, Հարությունն ու Մարիամը եղան Տավուշում և Սյունիքում, ամեն մարզում հինգ գյուղ այցելեցին և բնակիչների հետ նարատիվ խորին հարցազրույցներ անցկացրին։ Մարիամն ասում է, որ նարատիվ խորին հարցազրույցները կենսափորձ ուսումնասիրելու հիմնական մեթոդն են։ Հարությունն էլ հիշում է, որ սոցիոլոգիական հետազոտություններում հայտնի այս մեթոդն արդեն հաջողությամբ կիրառել էին մեկ այլ հետազոտության ժամանակ, որը վերաբերում էր Խորհրդային բնակտարածության ձևավորմանը։ «Այնքան հետաքրքիր, մեծ բազաների հիման վրա չափումներ կան, թե ինչպես էին Խորհրդային շրջանում բնակարան տրամադրում։ Եվ այնտեղ անարդարության, միտումնավորվածության բացահայտումներ կան։ Մենք ընդամենը կենսագրական պատումներով, երբ մարդիկ պատմում էին՝ ինչպես էին բնակարան ստանում, նույն եզրահանգումներին ենք եկել, նույն եզրակացությունն ենք արել որակական հետազոտությամբ, ոչ թե մեծ բազաներ գեներացնելով և վիճակագրական հաշվարկներով»։ Այս մեթոդի հիմքում ընկած է ոչ թե հետազոտությանը մասնակցող մարդկանց քանակը, այլ նրանց հետ անցկացված հարցազրույցների բովանդակությունը։ Հետազոտողները մարդկանց այնպիսի հարցեր են տալիս, որոնց միջոցով պատում է ձևավորվում։ «Եթե սկզբից մինչև վերջ որևէ հարցազրույց լսեք կամ կարդաք, կնկատեք, որ այն, ինչ-որ մի կարևոր երևույթ հիմքում դնելով, մարդու կյանքի պատմությունն է։ Մեր դեպքում այդ կարևոր երևույթը սահմանամերձությունն էր, և մի քանի ժամանակաշրջաններ կային՝ գյուղը սահմանամերձությունից առաջ, պատերազմական շրջանում, սահմանամերձեցման շրջանում և դրանից հետո»,- ասում է Մարիամը։   Անցյալը ոչ թե անցյալում, այլ ներկայում Ամեն գյուղում Հարությունն ու Մարիամը նարատիվ խորին հարցազրույց անցկացրին երկու բնակչի հետ։ Հարցազրույցների մասնակիցները պիտի ծնված լինեին մինչև 1970 թվականը, այսինքն՝ 1988-ի Արցախյան շարժման ժամանակ առնվազն 18 տարեկան եղած լինեին և գիտակից փորձառություն ունենային։ Մարիամը պատմում է՝ մտավախություններ ունեին, որ բնակիչները չեն ցանկանա խոսել, բայց իր՝ Գորիսից լինելն ու Սյունիքի բարբառն իմանալը շատ էր օգնում գործին։ Դե քանի որ Սյունիքի ու Տավուշի բարբառները նման են, նրան սիրով ընդունեցին նաև Տավուշում։ «Տավուշի Չինարի գյուղում՝ հարցազրույցներից մեկի ժամանակ, մեկն ինձ հարցրեց՝ դու որտեղի՞ց ես, ասացի՝ Գորիսից եմ, ասաց՝ վա՜յ, դու մեր «земляк»-ն ե՞ս, բա ինչի՞ մեր բարբառով չես խոսում։ Տեսե՛ք, «մեր բարբառով» ասաց»,- պատմում է Մարիամը։ Հարությունն ասում է, որ բարդ է ճշգրիտ վերականգնել այն, ինչ տեղի է ունեցել տարիներ առաջ, օրինակ՝ 1988-ին․ «Ուղղակի հիշողությունը անցյալն է այսօր․ անցյալն անցյալում չէ։ Շատ բարդ է անցյալն անցյալում դուրս բերել»։ Հետազոտողների համար կարևոր էր, որ բնակիչներն անցյալի իրողությունները պատմեին ոչ թե այնպես, ինչպես դրանք հիշում էին ներկայում, այլ տեղափոխվեին անցյալ ու խոսեին հենց անցյալի համատեքստում։ Այս նպատակով բնակիչների հետ հարցազրույցների մի հատվածն անցնում էր քայլելով․ նրանք Հարությունի ու Մարիամի հետ շրջում էին իրենց գյուղում և ցույց տալիս, թե իրենց պատմած որ դեպքը որտեղ է տեղի ունեցել՝ զուգահեռ վերապրելով անցյալում կատարվածը։ Դա օգնում էր անցյալի ավելի շատ շերտեր բացահայտել։ Բնակիչների հետ հարցազրույցների ժամանակ ընդգծվում էր «մենք»-ի ու «նրանք»-ի գաղափարը։  Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում Երևի կմտածեք, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները «նրանք» են համարում միայն սահմանից այն կողմ եղող թշնամուն, իրենց բառերով՝ թուրքին։ Բայց Հարությունն ու Մարիամը պատմում են, որ ինչ-որ հարցերում բնակիչները «նրանք» են համարում նաև Հայաստանի ոչ սահմանամերձ հատվածում ապրողներին։ «Քանի որ ես էլ Գորիսեցի էի, սյունեցիների համար «մենք» էի»,- հիշում է Մարիամը։ Հարությունն ասում է՝ սահմանամերձ բնակավայրերի դեպքում խոսքը ոչ այնքան Հայաստանի սահմանի մասին է, որքան հենց բնակիչների սահմանի մասին․ «Նրանց սահմանը չի վերջանում Ադրբեջանում․ այստեղից էլ կա սահման։ Այդ «նրանք»-ը նաև մենք ենք (ծիծաղում է), որովհետև սահմանի բնակիչն ասում է՝ մենք Հայաստանի դարպասն ենք, մենք Հայաստանի անվտանգության երաշխավորն ենք, մենք առաջին գիծն ենք, մենք չլինենք՝ մի մակարդակ ավելի է մոտենալու քեզ վտանգը»։   «Դոստն» ու «քիրվան» դառնում են թշնամի Հարցազրույցների փուլն ավարտելուց ու դրանք բնակիչների լեզվից սոցիոլոգիայի լեզու թարգմանելուց հետո Հարությունի ու Մարիամի հիպոթեզն ապացուցվեց․ Տավուշում և Սյունիքում ընկալումների տարբերություն կար։ Պատճառն, անշուշտ, պատմական է․ սահմանամերձեցումը երկու մարզերում տարբեր ընթացք է ունեցել։ Մի կողմից Տավուշն է, որի բնակիչները մինչև 1988-ի Արցախյան շարժումն ադրբեջանցիների հետ ապրում էին կողք կողքի, որոշ ադրբեջանցիների նաև իրենց «դոստն» էին համարում (թուրքերեն՝ dost՝ մտերիմ ընկեր): Տավուշի մարզի Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան) «Տավուշը շատ ինտեգրված, շատ ակտիվ տարածաշրջան էր Խորհրդային շրջանում։ Նույնիսկ հայկական և ադրբեջանական գյուղերի բաշխվածությունը եթե նայենք (մինչև հիմա անկլավային ամենաբարդ խնդիրն այդտեղ է), այնքան ներկառուցված են իրար մեջ․ մի տեղ շուկան էր, մի տեղ՝ հիվանդանոցը, ու դա և՛ հայի, և՛ ադրբեջանցու համար էր, այսինքն՝ ռեգիոնալ ինտեգրացիա կար»,- ասում է Հարությունը։ Հետո սկսվեց պատերազմը, «դոստը» դարձավ թշնամի, հայերը սկսեցին Ադրբեջանից դուրս գալ, ադրբեջանցիները՝ Հայաստանից։ «Դու «դոստի» հետ ապրել ես կողք կողքի, ընկերություն ես արել, պատերազմի ժամանակ հասկացել ես, որ նա թուրք է, բայց կապն այնքան ուժեղ է, որ դու նրան վատ չես ուզել, նա էլ քեզ, ու երբեմն իրար օգնել եք»,- նշում է Հարությունը։ Եվ Տավուշում բնակիչները սկսեցին անմիջականորեն մասնակցել սահմանների ձևավորմանն ու սահմանամերձեցմանը՝ կռվելով, առաջ գնալով, հետ քաշվելով։ Հենց բնակիչներն այստեղ գծեցին իրենց ու թշնամու միջև սահմանը։ Մյուս կողմից Սյունիքն է, որտեղ դեպքերն այլ ընթացք ստացան։ Տավուշի «դոստը» Սյունիքում «քիրվա» էր կոչվում (թուրքերեն՝ kirve՝ քավոր, հայերենում օգտագործվում էր մտերիմ իմաստով): Ինչպես Տավուշում էին որոշ ենթակառուցվածքներ ընդհանուր, այնպես էլ Սյունիքում․ ադրբեջանցիներն, օրինակ, Գորիսի շուկայից էին օգտվում, սյունեցիները՝ Կուբաթլուով անցնող գնացքից։  Արցախյան առաջին պատերազմը սկսվեց, և «քիրվան» դարձավ թշնամի։ Բայց ի տարբերություն Տավուշի, որտեղ բնակիչներն իրենք էին սահմանը գծում, Սյունիքում մարդիկ գիտակցում էին, որ թշնամին կա, բայց իրադարձությունների բերումով այդ թշնամին նրանց մոտիկ չէր։ «Կար Արցախ, և ինչ-որ մի տեղ՝ 100 կիլոմետր այն կողմ, կանգնած էր ադրբեջանցին»,- ասում է Հարությունը։  Սյունիքի Դավիթ Բեկը (լուսանկարը Մարիամին են ուղարկել գյուղի բնակիչները)Մինչև «քիրվայի»՝ թշնամի դառնալը, հայերի ու ադրբեջանցիների միջև, իհարկե, կային ոչ ֆորմալ սահմաններ։ Մարիամն, օրինակ, հիշում է իր զրուցակիցներից մեկի պատմածները Սյունիքի Էվազլար ճանապարհահատվածի մասին, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ «Էվազլարի հատվածն իրենցը չէ, մերն է։ Քանի որ մեզ պետք է եղել, որ ճանապարհի ամբողջ հատվածը մերը լինի, մեր ապուպապերն իրենց հետ ինչ-որ կտորներով փոխել են, այսինքն՝ եթե մի ճանապարհը մենք ենք վերցրել, որ մեր ճանապարհն ամբողջական դառնա, մի փոքր հատված այսինչ տեղից իրենց ենք տվել»,- բնակիչներից մեկի խոսքերն է վերապատմում Մարիամը։ Հարությունի խոսքով սյունեցիներն 90-ականների պատերազմից հետո ապրում էին՝ գիտակցելով, որ իրենց կողքով անցնում է Ադրբեջան պետության վարչական սահմանը, բայց նրանք ժամանակի հետ մոռանում էին՝ ինչ է նշանակում այլ էթնոսի հետ տարածք կիսել։ «Թշնամի-բարեկամ-քիրվա-թշնամի․․․ Կորել է, գնացել է, արթնացել եմ՝ էլ չկա, վակուում է։ Ու սրա մեջ սյունեցին կորցրել է համակեցության փորձառությունը։ Իսկ տավուշցին անընդհատ մեխանիզմ է զարգացրել՝ ինչպես ապրի դրա հետ, դա դարձել է իր առօրյան։ Սյունեցու համար սա ինչ-որ կտրուկ փոփոխություն է, որովհետև այն, ինչ 30 տարի առաջ կար, կարծես չի էլ եղել, մեկ էլ հանկարծ՝ դիրք, ադրբեջանցի, վտանգ, կրակ, ռիսկ»- ասում է Հարությունը։ Սյունիքում հետաքրքրական է հատկապես Խորհրդային ուշ շրջանում ձևավորված բնակավայրերի օրինակը։ «Նրանք չեն էլ հասցրել կրել այդ սահմանայնությունը որպես բնակավայր։ Ու հիմա նրանց համար կրկնակի շոկ է։ Եթե Սյունիքի հին բնակավայրերն ունեն հիշողություն, ապա նոր բնակավայրերը չունեն ո՛չ հիշողություն, ո՛չ կուտակած փորձառություն»,- նշում է Հարությունը։   Այն, ինչ Սյունիքում լուծում է, Տավուշում կարգի տապալում է Հարությունն ու Մարիամն ասում են՝ հարցազրույցների ժամանակ բնակիչներին մի պրովոկատիվ հարց էին տալիս․ «Եթե հանդիպեիք Սյունիքի (Տավուշի) սահմանամերձ բնակավայրում ապրող բնակչի, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան»։ Պատասխանները տարբեր էին։ Տավուշում, օրինակ, կային այսպիսի պատասխաններ․ «Մենք ինչպե՞ս էինք ապրում էսքան տարի․ ոչինչ, կհարմարվեն»։ Սյունիքում էլ ասում էին, որ մինչև վերջին դեպքերը երբևիցե չեն մտածել, որ այնտեղ՝ Տավուշում, մարդիկ ամեն օր ապրում են սահմանին։ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում Հետաքրքիր է այն, որ Սյունիքում իրենց խնդիրների լուծումը բնակիչները կապում են ուրիշների հետ, ասում են՝ թող գան, սահմանագծեն, սահմանազատեն։ «Սյունիքում կա բնակչի օտարվածություն գործընթացից, որովհետև նա գնացել նստել է, սպասում է՝ սահմանազատեն ու սահմանագծեն։ Որովհետև չեղավ կոնսենսուս, եղան կտրուկ որոշումներ, ու մարդը հայտնվեց քաղաքական, պատերազմական ելքի, հատկապես՝ պարտության փաստի առաջ։ ․․․․ Բայց եթե սահմանագծումը Սյունիքի համար լուծում է, Տավուշի համար կարգի խափանում է, որովհետև ասում են՝ մենք գծել ենք արդեն, սովոր ենք: Գծել նորից, անկլավը տալ, մյուսը վերցնել նշանակում է մեզ նորից մտցնել փուլ, որի մեջ մենք պետք է սահման հասկանանք»,- ասում է Հարությունը։   Սահմանի կենդանի քարտեզները Հետազոտողների այցելած բնակավայրերից շատերի համար սահման է հենց ճանապարհը, որը նրանց կապում է Հայաստանի մնացած հատվածին, բայց թշնամու նշանառության տակ է։ «Նրանք խոսում էին ռիսկերի և վախերի մասին, որի համատեքստում, եթե, օրինակ, ճանապարհը փակվի, ռազմական գործողություններ սկսվեն, շրջափակման մեջ են հայտնվելու։ Նույն ճանապարհն է՝ և՛ որպես փրկություն, և՛ որպես վտանգ»,- ասում է Մարիամը։ Նարատիվ խորին հարցազրույցների ընթացքում Մարիամը հասկացավ, որ  կարելի է բնակիչներից պարզել, թե իրենց բնակավայրերում նրանք ինչն են անվտանգ համարում, ինչը՝ վտանգավոր։ Այս նպատակով Հարությունն ու Մարիամն ընտրեցին մտային քարտեզների մեթոդը։ Սա Ոսկեպարի քարտեզն է, բայց այս քարտեզում այն Ոսկեպարն է, որը տեսնում ենք բոլորս։ Իսկ ինչպիսի՞ն է Ոսկեպարի քարտեզը այն բնակչի աչքերով, որի համար սահմանամերձությունը սովորական երևույթ է դարձել։ Կամ ինչպիսի՞ն են Բերդավանի քարտեզը՝ բերդավանցու և Կոռնիձորի քարտեզը՝ կոռնիձորցու աչքերով։ Սա հասկանալու համար հետազոտողները հարցազրույցների ընթացքում բնակիչներին խնդրեցին գծել իրենց բնակավայրի քարտեզը՝ կապույտով նշելով ակտիվ հատվածները, կանաչով՝ անվտանգ, կարմիրով՝ վտանգավոր, շագանակագույնով՝ լքված, չօգտագործվող։ Ոսկեպարի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ եկեղեցին էլ է վտանգավոր գոտում Կաղնուտի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ Դավիթ Բեկ տանող ճանապարհը վտանգավոր գոտում է Տեսության ուսումնասիրության և նարատիվ խորին հարցազրույցների հիման վրա Հարությունն ու Մարիամն արդեն հոդված են գրել և ուղարկել միջազգային գիտական ամսագրերից մեկին։ Հոդվածն այժմ գրախոսման փուլում է, սպասում են տպագրմանը։ Բնակիչների գծած մտային քարտեզները դեռ վերլուծում են։ Հարությունը համաձայն է, որ իրենց հետազոտության համատեքստում հետաքրքիր կլիներ ուսումնասիրել նաև հակառակ կողմի պատկերացումները․ չէ՞ որ սահմանն ունի երկու կողմ։ Իհարկե, հասկանալի պատճառներով սա անհնար է։ Ադրբեջան գնալ ու այնտեղի բնակիչների հետ խոսել չեն կարող, իսկ Ադրբեջանում դժվար թե սոցիոլոգիական հետազոտություն իրականացվի այդ թեմայով։ «Այնտեղ շատ սահմանափակ է, հետազոտական համայնքը շատ ճնշված է»,- նշում է Հարությունը։ Խոսելով իրենց հետազոտության նշանակությունից՝ Հարությունն ասում է, որ Հայաստանում 90-ականներից հետո տարածքային կառավարման հարցն ընկալվել է որպես վարչական, ադմինիստրատիվ, քաղաքական, տնտեսական գործընթաց։  «Միշտ վերևից իջնող, մակրոմակարդակում դիտարկվող գործընթացներ են ընթանում։ Աշխարհում էլ, երբ խոսվում է սահմանային հետազոտությունների մասին, շատ հաճախ մակրոանալիզներ կարող եք տեսնել՝ վերևից, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, ենթակառուցվածքային և տարբեր առումներով։ Իսկ ո՞վ է ապրում այն տեղում, որի մասին խոսում ես․ մարդու կենսափորձը, փորձառությունը լավ չեն հասկացվում»,- ասում է նա։ Իրենց հետազոտությամբ Հարությունն ու Մարիամը փորձել են հարցը հասկանալ հենց միկրոմակարդակում՝ հիմքում ունենալով բնակիչների կենսափորձը։  «Քաղաքականություն մշակելու համար այտեղից կարելի է շատ խորհուրդներ քաղել, շատ հարցեր դուրս բերել՝ հասկանալու համար՝ ինչի հետ գործ ունեն, ինչպես վարվեն։ Վաղը Հայաստանի վարչապետը գուցե ռեգիոնալ լուրջ լուծում պարունակող «Խաղաղության խաչմերուկ» է հայտարարում, բայց այդ խաչմերուկի սահմաններին կանգնած մարդիկ ովքե՞ր են, ի՞նչ են զգում, ինչպե՞ս են տեսնում, ինչպե՞ս են վերապրում այս ամբողջը։ Այս հարցերը հաճախ դուրս են մնում»,- նշում է նա։ Հարությունն ասում է՝ իրենց այս ուսումնասիրությունը հետազոտական նոր հարցեր է բացում․ «Շեշտադրել ենք հետաքրքիր թեմաներ, որոնց շուրջ կարելի է մտորել ու դարձնել նոր թեմաներ»։   Գլխավոր լուսանկարում՝ Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան) Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի   *«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը», որի աջակցությամբ Հարությունն ու Մարիամն իրականացրել են հետազոտությունը, տեղեկացնում է՝ պարտադիր չէ, որ հրապարակման մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն իր տեսակետները։  
19:28 - 13 դեկտեմբերի, 2023