ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների մեծածավալ փոխառություններ․ Գալոյանը չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն․ ԲՈԿ հայտարարությունը

Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների մեծածավալ փոխառություններ․ Գալոյանը չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն․ ԲՈԿ հայտարարությունը

Բարձրագույն որակավորման կոմիտեն ներկայացրել է իր դիրքորոշումը ՀՀ քաղաքացի Դիանա Գալոյանի կողմից ներկայացված երկու բողոքների հիման վրա հարուցված բողոքարկման վարույթների առնչությամբ, որոնք վերաբերում են ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 103Ա և 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամաններին:   1. Բողոքաբերի (Դիանա Գալոյանի) ատենախոսության վերաբերյալ 1.1. Բողոքաբերի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների բազմաթիվ և մեծածավալ փոխառություններ: Ո´չ 09.07.2020թ.-ի թիվ 103Ա, ո´չ 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանների վերաբերյալ բերված բողոքներում, ո´չ հանրային հայտարարություններում Բողոքաբերը երբեք չի ժխտել այս փաստերի առկայությունը, չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն: Սա կարևորագույն արձանագրում է: 1.2. Բողոքաբերի բոլոր փաստարկներն ուղղված են եղել ընթացակարգային հարցերին` առանց գրագողության բուն փաստերին անդրադառնալու: Այնուամենայնիվ, ընթացակարգային խախտումների վերաբերյալ Բողոքաբերի փաստարկները նույնպես անհիմն են: 2. ԲՈԿ-ի` կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու վերաբերյալ 2.1. Բողոքաբերը պնդում է, որ ԲՈԿ-ը հանդիսանում է կոլեգիալ գործադիր մարմին, ուստի ԲՈԿ-ի նախագահն իրավունք չուներ միանձնյա վարչական վարույթ հարուցել և վարչական ակտ կայացնել: Որպես այս մտքի հիմնավորում Բողոքաբերը հղում է կատարում ՀՀ կրթության և գիտության նախարարի 12.06.2018թ.-ի թիվ 593-Լ որոշմամբ հաստատված ԲՈԿ-ի կանոնադրության 6-րդ կետին, ըստ որի` «ԲՈԿ-ը կազմված է ղեկավարից, ղեկավարի տեղակալից, ղեկավարի օգնականից, կառուցվածքային ստորաբաժանումներից»: 2.2. Այս կարծիքն անհիմն է: Որևէ իրավական ակտով, այդ թվում` ԲՈԿ-ի կանոնադրությամբ, սահմանված չէ որևէ կետ, որով կնախատեսվի, որ ԲՈԿ-ը վարչական վարույթներ պետք է իրականացնի և վարչական ակտեր կայացնի կոլեգիալ կազմով: 2.3. Կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու հանգամանքը պետք է բխի որևէ հստակ իրավական ակտից, որտեղ կներկայացվի տվյալ մարմնի վարչական վարույթի առանձնահատկությունը: Օրինակ` Բողոքաբերի կողմից հիշատակված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 16.08.2019թ.-ի թիվ 102-Լ հրամանով հաստատված կանոնադրության 13-րդ կետով հստակ սահմանվում են հենց հանձնաժողովի լիազորությունները, իսկ 20-րդ կետով` նախագահի լիազորությունները: 2.4. ԲՈԿ-ի կանոնադրության մեջ խոսվում է միայն նախագահի լիազորությունների մասին, և որևէ կարգավորում առկա չէ կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու վերաբերյալ: Ավելին, կանոնադրության 17-րդ կետի 1-ին և 2-րդ կետերը հստակ սահմանում են` «17. ԲՈԿ-ի նախագահը`  1) պատասխանատու է ԲՈԿ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար. 2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորման իրավունքով լիազորագրեր»: Այսինքն, ԲՈԿ-ի կանոնադրությունը հենց նախագահին է տալիս իրավունք հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից: 2.5. Նույնը նախատեսված է նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի` «Բարձրագույն որակավորման կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը»: 2.6. Եթե շարժվենք Բողոքաբերի տրամաբանությամբ, որն իհարկե անհիմն է, ապա պետք է փաստել, որ ԿԳՄՍ նախարարությունը նույնպես կոլեգիալ վարչական մարմին է, քանի որ վերջինիս կանոնադրության 6-րդ կետը նույնպես նշում է, որ «Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար), նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալների, նախարարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակները»: 3.  ԲՈԿ-ի վարչական ակտը վերանայելու լիազորության վերաբերյալ 3.1. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 65-րդ հոդվածի` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ: Վարչական ակտն անվիճարկելի է դառնում, և վարչական մարմինը զրկվում է սույն հոդվածով նախատեսված իրավունքից, եթե վարչական ակտի ընդունման օրվանից անցել է 10 տարի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: 3.2. Նույն օրենքի 67-րդ հոդվածի համաձայն` «Վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը»: 3.3. Այս երկու հոդվածներում օգտագործվում է երկու տարբեր հասկացություն` «վարչական մարմին» և «վերադաս վարչական մարմին»: Ուստի, ակնհայտ է, որ դրանք կարգավորում են երկու տարբեր իրավիճակ` 65-րդ հոդվածը վերաբերում է վարչական ակտն ընդունած վարչական մարմին, իսկ 67-րդը` վերադաս վարչական մարմնին: 3.4. Հնարավոր է դեպք, երբ վարչական մարմինն ընդհանրապես չունենա վերադաս վարչական մարմին: Այդ դեպքում, եթե շարժվենք Բողոքաբերի տրամաբանությամբ, վարչական մարմնի ընդունած վարչական ակտն ընդհանրապես վերանայել հնարավոր չէր լինի: 3.5. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` «Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը»: 3.6. Տվյալ դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով, ինչպես նաև ԲՈԿ-ի կանոնադրությամբ վերջինիս առջև դրված խնդիրներից բխող անհրաժեշտությունը։ 4. Գիտական աստիճան շնորհելու ԲՈԿ-ի լիազորության վերաբերյալ 4.1. Բողոքաբերը պնդում է, որ գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը, իսկ ԲՈԿ-ը հանձնում է վկայագիր: 4.2.  Ըստ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի` «Բարձրագույն որակավորման կոմիտեն՝ հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը»: 4.3.  Այսինքն, գիտական աստիճան շնորհելիս ԲՈԿ-ը հիմնվում է նաև որակավորման գործի ուսումնասիրության վրա: 4.4. Ըստ ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի թիվ 327 որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 31-րդ կետի` «ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ»: 4.5. Նշված նորմերի համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ գիտական աստիճան շնորհում է ԲՈԿ-ը, իսկ գրագողության դեպքերի հայտնաբերման դեպքում գիտական աստիճան շնորհելու մասին միջնորդությունը մերժվում է: 5.  Վարչական ակտի գոյությանը Բողոքաբերի վստահելու իրավունք ունենալու վերաբերյալ 5.1.  Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության` «Ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի»: 5.2.  Ըստ նույն հոդվածի 4-րդ մասի «գ» կետի` «Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա` նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա»: 5.3. Գիտական աշխատանք կատարելը ստեղծագործ գործունեություն է: Անհնար է արտատպել որևէ տեքստ, հղում չտալ հեղինակին, և չիմանալ, որ դա առանց աղբյուրի նշմամբ է: Գիտնականը պարտավոր է հետևել և իմանալ գիտական բարեվարքության  կանոնները: Առավել ևս, որ Բողոքաբերը, ինչպես նշվեց, երբևէ չի հերքել ԲՈԿ-ի կողմից հայտնաբերված գրագողության դեպքերը: 5.4. Բացի դրանից, անձը կարող է հղում կատարել վստահելու իրավունքին միայն այն դեպքում, երբ վարչական ակտով որևէ անձի վնաս չի կարող պատճառվել: Տվյալ դեպքում, գիտական աստիճանը տալիս է անձին որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունք: Այսինքն, ունենալով գիտական աստիճան, անձը կարող է զբաղեցնել այնպիսի պաշտոն, որի իրավունքը նա չէր ունենա առանց գիտական աստիճանի: Ուստի, վստահելու իրավունքը սույն գործով կիրառելի չէ, քանի որ գիտական աստիճան շնորհելու մասին վարչական ակտի գործողության մեջ գտնվելը կարող է  վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության և այն սուբյեկտների շահերին, որոնցում սահմանված կարգի խախտմամբ գիտական աստիճան ստացած անձը պաշտոն է զբաղեցնում, այդ թվում նաև գիտական աստիճան ունենալու փաստի ուժով։ 6.  Բողոքաբերի` վարույթի մասին ծանուցված լինելու վերաբերյալ 6.1.  Սույն գործով վարչական լսումներ նշանակված էին 16.07.2020թ.-ին: ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ Բողոքաբերը իրազեկված է եղել վարչական վարույթի և լսումների վերաբերյալ: Մասնավորապես, հենց վարչական բողոքում վերջինս նշել է վարչական վարույթի օրը և ժամը: 6.2. Վերջինս նաև նշել է, որ տեղեկացել է վարչական վարույթի մասին 14.07.2020թ.-ին, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք: 6.3. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ»: 6.4.  Վարչական լսումներ անցկացնելիս վարչական մարմինը պետք է հնարավորություն տա հասցեատիրոջը ներկայացնելու ապացույցներ, դիրքորոշումներ վարչական վարույթի վերաբերյալ: 6.5. Բողոքաբերն ինքն է նշել, որ իմացել է վարչական լսումների կոնկրետ օրվա և ժամի մասին, ուստի ակնհայտ է, որ վերջինս ծանուցված եղել է: Դրա հետ մեկտեղ, Բողոքաբերը վարչական լսումներից մեկ օր առաջ` 15.07.2020թ.-ին, ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել 10 էջանոց վարչական բողոք, ինչը նաև հստակ փաստում է, որ վերջինս քաջածանոթ էր գործին: Բողոքաբերը նաև չէր միջնորդել հետաձգել վարչական վարույթը: 6․6․ Լսումների մասին անձին ծանուցելը և վերջինիս լսելն ինքնանպատակ չէ։ Այն նպատակ է հետապնդում անձին հնարավորություն տալ արտահայտելու իր դիրքորոշումը վարչական վարույթի փաստական հանգամանքների վերաբերյալ։ Տվյալ դեպքում, ինչպես արդեն նշվեց, Բողոքաբերը ոչ միայն ծանուցված է եղել լսման օրվա և ժամի մասին, այլ նաև լիարժեք տիրապետել է վարույթի փաստական հանգամանքներին, քանի որ լսումներից մեկ օր առաջ` 15.07.2020թ.-ին, ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել մեծածավալ վարչական բողոք։ Այսինքն՝ Բողոքաբերը, լիարժեք տիրապետելով վարույթի փաստական հանգամանքներին և ծանուցված լինելով լսման մասին, որպես իր իրավունքների պաշտպանության եղանակ ընտրել է ոչ թե լսմանը ներկայանալը և իր դիրքորոշումը հայտնելը, այլ ԿԳՄՍ նախարարություն բողոք ներկայացնելը։ Նման պայմաններում Բողոքաբերը չի կարող վկայակոչել լսման մասին ծանուցված չլինելը՝ որպես ընդունված վարչական ակտի ոչ իրավաչափության հիմք։ 6.7. Հետևաբար, ԲՈԿ-ը պարտավոր էր հետևել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-ր մասին և բավարարվեր մեկ լսումով: 7. Վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ 7.1. Բողոքաբերը 15.07.2020թ.-ին ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել վարչական բողոք ընդդեմ ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 103Ա հրամանի, որով հարուցվել էր վարչական վարույթ: Ըստ Բողոքաբերի դա կասեցնում է վարչական վարույթը: 7.2.   Վարչական վարույթը կասեցնելու բոլոր հիմքերը տրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում, որտեղ այդպիսի կարգավորում նախատեսված չէ: 7.3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը նշում է` «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»: Խոսքը միայն վարչական ակտի բողոքարկման մասին է։ Ընդ որում, այդ դեպքում կասեցվում է միայն վարչական ակտի կատարումը: 7.4. Վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր յուրահատկությամբ, ինչպիսին է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը, ուստի օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումն այս դեպքում կիրառելի չէ (տե՛ս թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 25.05.2016թ.-ի որոշումը): 7․5․ Բողոքաբերը օրենքի կամայական մեկնաբանությամբ նշում է, թե «․․․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ գլխում կիրառվող «վարչական ակտ» եզրույթը, ըստ այդ գլխում ներառված օրենքի 69-րդ հոդվածի, կիրառելի է նաև գործողության նկատմամբ․․․»։ Այս պնդումը չունի որևէ իրավական հիմք։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածը սահմանում է հետևյալը․ «Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):»։ Սա ընդամենը նշանակում է, որ եթե օրենքի այդ գլխում օգտագործվում է «ակտ» հասկացությունը, ապա պետք է դրա տակ հասկանալ վարչական ակտը, գործողությունը և անգործությունը։ Մինչդեռ, սա որևէ կերպ չի կարող նշանակել, որ եթե այդ գլխում օգտագործվում է «վարչական ակտ» հասկացությունը, ապա դրա տակ պետք է հասկանալ նաև գործողությունն ու անգործությունը։ Օրինակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ հոդվածում օգտագործվում է «ակտ» հասկացությունը, որի դեպքում այս հոդվածի կարգավորումները կիրառելի են թե՛ վարչական ակտերի, թե՛ գործողությունների և թե՛ անգործության նկատմամբ։ Դրան հակառակ, Բողոքաբերի վկայակոչած 74-րդ հոդվածում օգտագործվում է միայն «վարչական ակտ» հասկացությունը, հետևաբար, այդ հոդվածով նախատեսված կասեցումը կիրառելի է միայն վարչական ակտերի նկատմամբ, որպիսին, ինչպես արդեն նշվեց, թիվ 103Ա հրամանը չի հանդիսանում։ Այս դիրքորոշման օգտին է խոսում նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի նույն գլխի 71-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ հստակ տարանջատված են «վարչական ակտ», «վարչական մարմնի գործողություն» և «վարչական մարմնի անգործություն» հասկացությունները։ 7.6.  Հատկանշական է, որ 15.07.2020թ.-ի վարչական բողոքում հենց Բողոքաբերն է միջնորդել ԿԳՄՍ նախարարին կասեցնելու վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ ԲՈԿ-ի հրամանի կատարումը: Եթե, ըստ Բողոքաբերի, իր բողոքն ինքնաբերաբար կասեցնում էր վարչական վարույթը, ապա ինչու՞ էր ինքն այդպիսի միջնորդությամբ դիմել նախարարին: 8. ԲՈԿ-ի նախագահի բացարկի վերաբերյալ 8.1. ԲՈԿ-ի նախագահի բացարկի որևէ հիմք առկա չէ: Սակայն, եթե Բողոքաբերը գտնում է, որ այդպիսի հիմքեր առկա են, պարտավոր էր դրանց մասին հայտնել վարչական վարույթի ընթացքում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բացարկը կարող է հայտնվել մինչև վարչական վարույթն ավարտվելը` վարույթի այն փուլում, երբ բացարկ հայտնողին հայտնի է դառնում սույն հոդվածով սահմանված որևէ հիմքի առկայությունը»: 8.2.  Սակայն, վարչական վարույթի ընթացքում Բողոքաբերը չի ներկայացրել բացարկի որևէ միջնորդություն: Դա այն դեպքում, երբ վերջինս, ինչպես նշվեց, 15.07.2020թ.-ին 10 էջանոց բողոք է ներկայացրել ԿԳՄՍ-ին: 8.3. Եթե Բողոքաբերին հայտնի են եղել որոշակի հանգամանքներ, որոնք, ըստ իրեն, բացարկի հիմք էին հանդիսանում, վերջինս պարտավոր էր ներկայացնել համապատասխան միջնորդություն: Վարչական վարույթից հետո բացարկի հիմքերի մասին Բողոքաբերը կարող է հղում կատարել միայն այն դեպքում, երբ հիմնավորում է, որ այդ բացարկի հիմքն իրեն հայտնի չէր: Տվյալ դեպքում, հենց 15.07.2020թ.-ի բողոքում Բողոքաբերը նշում է փաստեր, որոնք, ըստ իրեն, բացարկի հիմք են հանդիսանում: 9. Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ 9.1. Ըստ Բողոքաբերի` 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.12.2019թ.-ի թիվ 50-Լ հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 05.02.2020թ.-ի եզրակացությունը: 9.2. Դա սխալ մեկնաբանություն է: ԲՈԿ-ը չի հիմնվել մասնագիտական հանձնաժողովի եզրակացության վրա, անցկացրել է ինքնուրույն հետազոտություն: Դա փաստվում է նրանով, որ 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանում առկա են մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից տարբերվող հիմքեր: 9.3.  Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ զուտ արձանագրվել են որոշակի փաստեր, որոնք հիմք են հանդիսացել վարչական վարույթ հարուցելու համար: Անկախ այդ հանձնաժողովի եզրակացության հետագա գնահատականից (առավել ևս, որ եզրակացությունը չի բողոքարկվել), այն պետք է դիտարկել որպես վարչական վարույթ հարուցելու հիմք, սակայն ոչ երբեք վարչական ակտ կայացնելու հիմք: 9.4.      Վարչական ակտը կայացվել է ԲՈԿ-ի կողմից իրականացված հետազոտության հիման վրա, որը փաստել է, որ Բողոքաբերի ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ: Այդ փաստն օբյեկտիվ գոյություն ունի անկախ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության վիճարկման հանգամանքից: 9․5․ Բողոքաբերի վկայակոչած՝ թիվ ՎԴ/10584/05/19 վարչական գործով կայացված դատական ակտը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, կարող է բողոքարկվել և բեկանվել, ուստի կարիք չենք տեսնում անդրադառնալու դրան։ Ընդ որում, կրկին ընդգծենք, որ Բողոքաբերի վերաբերյալ եզրակացությունը չի բողոքարկվել։ 10.     Հայեցողականության և կամայականության արգելման վերաբերյալ 10.1.  Բողոքաբերը պնդում է, որ ԲՈԿ-ը խախտել է կամայականության արգելքի և հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքները, քանի որ այլ ատենախոսությունների դեպքում համանման գործընթաց չի նախաձեռնել: 10.2.   Նախ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք»: Տվյալ դեպքում, Բողոքաբերը որևէ կերպ չի հիմնավորել իր կողմից վկայակոչված գործերի և իր գործի տարբերակիչ հիմքերի բացակայությունը։ 10.3. Բողոքաբերին գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ վարչական ակտն անվավեր ճանաչելիս ԲՈԿ-ը չուներ հայեցողություն: Վերջինս պարտավոր է անվավեր ճանաչել վարչական ակտը, եթե բացահայտում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 11-րդ կետի խախտումներ, այն է` առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ: 10.4.   Սա ինքնին արդեն բավարար է, որպեսզի Բողոքաբերի այս դատողությունը մերժվի: Եթե նույնիսկ ենթադրենք, որ ԲՈԿ-ը պարտավոր էր այդ երկու դեպքում էլ որոշում կայացնել նշված երկու անձանց գիտական աստիճանի շնորհումը վերացնելու մասին, Բողոքաբերը չի կարող դա վկայակոչել ի պաշտպանություն իրեն: Անձը չի կարող պահանջել իր հանդեպ կիրառել այն սխալ վարքագիծը, որը վարչական մարմինը կիրառել է այլ անձի նկատմամբ: Անձը կարող է պահանջել իր նկատմամբ կիրառել հայեցողական իրավաչափ լուծումներից որևէ մեկը: Իսկ, տվյալ դեպքում ԲՈԿ-ը, ինչպես նշվեց, հայեցողական լիազորություն չուներ: 10.5.   Ինչ վերաբերում է այդ գործերին, ապա պետք է նշել,  որ ԲՈԿ-ն իրականացրել է բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ էին համապատասխան վարչական վարույթ սկսելու համար, այդ թվում` ԿԳՄՍ նախարարության միջոցով դիմել էր արդարադատության նախարարությանը, ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգադրությունը և այդ գործերով եզրակացությունները ստանալուց հետո դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը` խնդրելով իրականացնել քննարկումներ, սակայն ԿԳՄՍ-ի անգործության պատճառով համապատասխան վարչական վարույթներ նախաձեռնելու համար վեցամսյա ժամկետը լրացել էր: 10.6. Դրանից հետո միայն ԲՈԿ-ը որոշել է ինքնուրույն իրականացնել շնորհված գիտական աստիճանների առնչությամբ վարչական վարույթները: Այս դեպքը Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, և վերադաս վարչական մարմինը պետք է դա հաշվի առնի: Այժմ, Հայաստանի համար գերակա շահ է շտկել գիտական աստիճանաշնորհման ոլորտը: 10.7. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` «Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում»: 10.8.  Նույնիսկ, եթե ենթադրենք, որ առկա է հայեցողական լիազորություն, ԲՈԿ-ը գտնում է, որ Հայաստանի գերակա շահն է նախկինում տրված գիտական աստիճանների տրման գործընթացների վերանայումը, և վերջինս մտադիր է վերջ դնել նախկինում առկա մոտեցմանը, որ ԲՈԿ-ը չի կարող վերանայել արդեն իսկ տրված գիտական աստիճանները: 11.  Սույն վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի՝ ԿԳՄՍ նախարարի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության վերաբերյալ 11․1․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս` կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե` ա) առկա է սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը. բ) մինչև գործի քննարկման ավարտը, տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ, մինչև ապացույցների հետազոտումը, կանխավ գնահատական է տվել դրանցից որևէ մեկին. գ) տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը երբևէ գործել է ի շահ վարույթի մասնակիցներից որևէ մեկի. դ) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ: 11․2․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը (եթե վարչական վարույթն իրականացնում է կոլեգիալ մարմինը, ապա կոլեգիալ մարմնի անդամը)պարտավոր է անհապաղ ինքնաբացարկ հայտնել: 11.3․ Ստորև ներկայացնում ենք այն հանգամանքները, որոնց առկայությունն առնվազն կասկած է հարուցում սույն գործի առնչությամբ ԿԳՄՍ նախարարի անաչառության նկատմամբ։ Այսպես. Նախարարի կողմից 27․07․2020թ․ Կոմիտեի նախագահին է ուղղվել գրություն, որում տեղ են գտել հետևյալ դատողությունները․ «Միաժամանակ, 19.02.2020թ. դրությամբ ԲՈԿ-ը ունեցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29.08.2019թ. N 575-Ա/2 հրամանով ստեղծված Գ. Գալստյանի և 15.08.2019թ. N 449-Ա հրամանով ստեղծված Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունների վերաբերյալ բողոքն ուսումնասիրած հանձնաժողովների եզրակացությունները և չի ընդունել վերջիններիս նկատմամբ նման բնույթի վարչական վարույթի հարուցման որոշումներ՝ խախտելով վարչարարության` հայեցողական լիազորությունների սահմանափակման և կամայականության արգելքի սկզբունքները:» «․․․Դուք պարտավոր էիք կասեցնել բողոքարկվող գործողությունը, մինչև վերադասության կարգով բողոքի քննարկման արդյունքում վերադաս վարչական մարմնի կողմից որոշում կայացնելը, սակայն Դուք 17.07.2020թ. N 107-Ա հրամանով, անտեսելով օրենքի պահանջը, անվավեր եք ճանաչել ՀՀ ԿԳՆ ԲՈՀ 17.02.2015թ. N 5Ա-Վ2 հրամանը։» 11.4․ Փաստորեն, նախարարը մինչև սույն բողոքարկման վարույթի ավարտը գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին։ Ընդ որում, ոչ միայն գնահատական է տվել, այլ նաև Կոմիտեի նախագահին ուղղակիորեն մեղադրել է վարչարարության մի շարք սկզբունքների խախտման և օրենքի պահանջն անտեսելու մեջ։ Հատկանշական է նաև, որ նախարարի այդ դիրքորոշումը բողոքաբերի կողմից ներկայացված բողոքում տեղ գտած մտքերի ուղղակի կրկնությունն է։ Նշենք նաև, որ մինչև սույն վարույթի ավարտը նախարարի կողմից գործի փաստական հանգամանքներին տրված գնահատականը կատարվել է հրապարակայնորեն, քանի որ նախարարի 27․07․2020թ․ գրությունը հասանելի է եղել ԿԳՄՍ նախարարության մի շարք աշխատակիցների՝ մասնավորաբար. 1.         Արսեն Բաղդասարյանին, 2.         Նաիրի Հարությունյանին, 3.         Գյուլնարա Հովհաննիսյանին, 4.         Սոնա Սարգսյանին։ 11.5․ Բացի այդ, սույն վարույթը չի կարող համապատասխանել անաչառության՝ օրենքով ներկայացվող պահանջին, նաև հետևյալ պատճառաբանությամբ․ Նախարարի թե՛ 20․07․2020թ․, թե՛ 23․07․2020թ․ հրամաններով հանձնարարվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանին իրականացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական վարույթի փուլերին ներկայացվող անհրաժեշտ գործողությունները: Լուսինե Գրիգորյանը ևս, մինչև սույն գործի քննարկման ավարտը, հրապարակայնորեն արտահայտվել է գործի փաստական հանգամանքների մասին։ Օրինակ՝ Լուսինե Գրիգորյանը hraparak.am կայքին 20․07․2020թ․ հայտնել է հետևյալը. «Հուլիսի 15-ին Դիանա Գալոյանը բողոքարկել էր ԲՈԿ-ի նախագահի հրամանը, որով նա ձեռնարկել էր Դիանա Գալոյանին գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցել։ Գալոյանը ներկայացրել է վարչական բողոք, և այդ կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն վարույթը կասեցվել է, հետևաբար ԲՈԿ-ը չէր կարող այդ մասով որոշում կայացնել, քանի դեռ նախարարությունում վարչական բողոք կա»։ Hraparak.am-ի հարցին, թե այսինքն՝ ԲՈԿ-ի որոշումը առոչի՞նչ է, Լուսինե Գրիգորյանը պատասխանել է․ «Այս պահին այո, այն առումով, որ կասեցված վարչական վարույթ է եղել, բայց ԲՈԿ-ը ակտ է հրապարակել։ Միաժամանակ նաև հաշվի առնելով, որ գիտական աստիճանները շնորհում են մասնագիտական խորհուրդները, հետևաբար մասնագիտական խորհուրդները, եթե օրենսդրությամբ նախատեսված կա, կարող են մարդուն զրկել գիտական աստիճանից։ ԲՈԿ-ը միայն վկայագրերով հաստատում, կամ չի հաստատում մասնագիտական խորհուրդների շնորհած գիտական աստիճանները»։» 11․6․ Այսպիսով, ոչ միայն սույն վարչական վարույթն իրականացնող անձի գործողություններն են խնդրահարույց վարչական վարույթի անաչառության ապահովման տեսանկյունից, այլ նաև սույն վարչական վարույթի փուլերին ներկայացվող անհրաժեշտ գործողություններն են կատարվել ոչ անաչառ անձի կողմից, ինչը ևս կասկածի տակ է դնում ողջ վարույթի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը։ 11․7․ Վերը նշվածից ակնհայտ է, որ․ Նախարարի կողմից չի կարող ապահովվել սույն վարչական վարույթի անաչառությունը, Առկա է նախարարի կողմից ինքնաբացարկ հայտնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետով սահմանված հիմքը։
17:58 - 03 օգոստոսի, 2020
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: Այս մասին հայտնում են ֆակուլտետից: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները՝ Հայ բանասիրության ֆակուլտետը իր խոր մտահոգությունն է հայտնում այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ, ինչպես նաև իր անվստահությունը՝ աշխատանքային խմբին և անվերապահ մերժում ծրագրերը հիմնավոր պատճառներով: «Ֆեյսբուքյան տիրույթներում հեղինակային խումբը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես տեղեկացրին, որ կատարվում են փոփոխություններ հրապարակ նետված սևագրության մեջ (խմբի անդամների բնորոշումն է), և շուտով հանրության դատին կներկայացվեն նոր՝ փոփոխված և լրամշակված չափորոշիչ ու ծրագիր: Սակայն, ինչպես և սպասելի էր 9-ամսյա ժամկետում միայն սևագրություն կազմելու հմտություն ունեցող խմբից, հրամցվեց երկրորդ՝ լրամշակված սևագրությունը՝ միայն մասնակիորեն փոփոխված «Գրականության» ծրագրով: Արդեն իսկ բացահայտ է, որ հեղինակային խումբը հարկադիր համառությամբ կա՛մ ցանկություն չունի, կա՛մ ի զորու չէ ընդառաջ գնալու հանրության զգալի մեծամասնության պահանջին: Ավելին՝ առանց բազմակողմ մասնագիտական քննարկումների, օտար չափորոշիչների ապաշնորհ թարգմանությամբ ստացված ծրագրի տեղայնացումից ծնված անտեղի ոգևորությամբ ակնհայտորեն փորձ է արվում հայագիտության մեջ անուրանալի վաստակ ունեցող գիտնական մտավորականներին «դասդասելու» հնի և նորի կեղծ սահմանաբաժաններում: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, ձեռնպահ մնալով հարցի այդօրինակ քննարկումներից, ներկայացնում է ծրագրերը մերժելու մի շարք հիմնավոր պատճառներ: Ա) Գրականության նախագիծը ամբողջությամբ մերժելի է հետևյալ պատճառներով. 1. Ավելի քան մեկ դար՝ սկսած Հայաստանի առաջին հանրապետության շրջանից (1918-1920) մինչև օրս, Հայաստանի հանրակրթական դպրոցում եղել է «Հայ գրականություն»։ Միջին դասարաններում աշակերտներին դասավանդվել է «Գրականություն» առարկա, որն իբրև բնագրեր ներառել է նաև համաշխարհային գրականության նմուշներ։ Իսկ բարձր դասարաններում (նախկինում՝ 9-10-րդ, վերջին շրջանում՝ 10-12-րդ) դասավանդվող առարկան կոչվել է «Հայ գրականություն», որն ընդգրկել է միայն հայ դասական գրականության կարևոր հեղինակներին և նրանց ընտիր գործերը։ Ներկա նախագծով նախատեսված է առարկայի անվանումից հանել «հայ» բառը և համապատասխանաբար անցնել նաև համաշխարհային գրականության երկեր։ Դրանով կրճատվում են հայ գրականությանը հատկացվող ծավալն ու ժամաքանակը, նվազում է ուսուցման խորության աստիճանը, և հայ գրականությունը տարրալուծվում է ոչ լիարժեք համաշխարհային գրականության մեջ. եվրոպական ու ամերիկյան մի քանի գրողների երկերի ներառումը ծրագիր, առանց Արևելքի և ռուս գրականության, չի կարող ներկայացվել իբրև համաշխարհային գրականություն: Այս ծրագրով ու չափորոշիչներով փաստորեն վերանում է «Հայ գրականություն» առարկան՝ իբրև դպրոցական կրթության նպատակային բաղադրիչ, որով նվազեցվում, աղճատվում է կրթության ազգային բովանդակությունը, ինչը հակասում է պատերազմող երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը և ընդհանուր ռազմավարությանը: Մինչդեռ հայ դպրոցն իրավունք չունի առանց ազգային նկարագրի «աշխարհաքաղաքացիներ» դաստիարակելու, ինչն առաջարկվում է հրամցվող ծրագրով ու չափորոշիչներով: 2. Առանց պատճառաբանության և հիմնավորման արմատապես փոխվել է հանրակրթական դպրոցում գրականության դասավանդման մեթոդաբանությունը. ժամանակագրական մեթոդը փոխարինվել է գրականության սեռաժանրային ուսուցմամբ, որն անընդունելի է: 3. 7-12-րդ դասարաններում ամբողջ հինգ տարի աշակերտները նույն գործն են անելու, հայ և արտասահմանյան գրականությունը վերլուծելու են բանաստեղծության, դրամատուրգիայի և արձակ երկերի համադրությամբ կամ հակադրությամբ, լեզվի, ոճի, պատկերի, բառապաշարի և տեքստային այլ հատկանիշների բացահայտմամբ: Այսինքն՝ չնչին տարբերությամբ, ըստ գրական երկի տված հնարավորության, դուրս չեն գալու նույն շրջանակներից: 4. Այս փոփոխությունն արդեն իսկ հնարավորություն չի տալիս ծրագրերում ներառելու հայ հին ու միջնադարյան գրականությունը, որը չի ենթարկվում վերոնշյալ սեռաժանրային բաժանմանը: Ուստի այն հայտարարությունը, թե այդ հարցն արդեն շտկվել է, անհնար է սույն համակարգի պայմաններում: 5. Ժամանակագրական մեթոդը թույլ է տալիս պահպանելու ազգային հիշողությունը, որն արտահայտվում է և՛ պատմության, և՛ գրականության մեջ, մինչդեռ առաջարկվող համակարգը խառնում է ժամանակներն ու ազգությունները: Կամա թե ակամա դա վերացնում է նաև հնագույն քաղաքակրթություն ունեցող ազգերի և նորերի տարբերությունը՝ չեզոքացնելով հների ներդրումը համաշխարհային մշակույթի պատմության մեջ: 5-րդ դարի մեր պատմագրության բարձր արժեքը մեծապես պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է հենց 5-րդ և ոչ թե 15-րդ դարում, երբ ժամանակակից ազգերից ու պետություններից շատերը դեռևս չկային: 6. Արմատապես սխալ է ոմանց այն հայտարարությունը, թե այդպիսով իբր դպրոցն ուզում են դարձնել բանասիրության ֆակուլտետ: Դպրոցական և բուհական ծրագրերն ունեն ուսուցման խորության բոլորովին տարբեր աստիճաններ: Մի՞թե պարզ չէ, որ բուհական ծրագիրը ենթադրում է 5-րդ դ. մատենագրության և միջնադարի տաղերգության ավելի խոր՝ մասնագիտական յուրացում՝ նախապես միասնաբար դրսևորված պատմագրության և գեղարվեստական պատկերավորման յուրահատկությունների տարբերակումով: 7. Ամենակարևորը. նոր չափորոշիչները հնարավորություն չեն տալիս որևէ գրողի մասին ամբողջական պատկերացում ստեղծելու: Օրինակ՝ Թումանյանի «Փարվանան» և «Թմկաբերդի առումը» նախատեսված է անցնել 8-րդ դասարանում, «Սասունցի Դավիթ» պոեմը՝ 9-րդում, 10-րդում՝ «Անուշը», 11-րդում՝ քառյակները: Այդպես նաև մյուս գրողները: Որևէ գրող չի ներկայանում իր ամբողջական դիմանկարով: 8. Այս շիլաշփոթն ունի մեկ հիմնավորում՝ դաստիարակել ինքնուրույն մտածող, ինքն իրեն ճանաչող, վերլուծող, տրամաբանող, ընդհանուր առմամբ սոցիալապես ակտիվ անհատ: Դա, անշուշտ, լավ է, բայց ինչո՞ւ այս եղանակով: 9. Չափորոշիչները կազմված են անորոշ ու ճապաղ՝ դասարանից դասարան կրկնվող սահմանումներով։ Նկատվում են գրականագիտական տերմինների անպատեհ կիրառություններ («տեքստը տեքստում», «միջտեքստայնություն», «նարատոր» և այլն), որոնք ծրագիրը մոտեցնում են գրականագիտության բուհական դասընթացներին։ 10. Շատ թերի, խառնիխուռն ու անորակ են հայ և համաշխարհային գրականությունից վերցված ցանկերը։ Բացակայում են դրանց ընտրության սկզբունքները։ Ակնհայտ է, որ երկերն ընտրված են ոչ թե մասնագիտական բազմակողմ գնահատման արդյունքում, այլ ընդամենը հանձնառու խմբի նախասիրությամբ, պահի տպավորությամբ և ՀՀ քաղաքացու փոխարեն աշխարհաքաղաքացի կերտելու անիմաստ նպատակադրումով: 11. Դրական է ժամանակակից գրողների և գրականության՝ ծրագրերում ներառելու խնդիրը: Դրական է աշակերտներին կենդանի գրականության հետ կապելու, ժամանակի գրողներին ճանաչելու իմաստով: Բայց սա թերևս ամենաբարդ խնդիրն է երկու իմաստով: Նախ՝ նոր գրողներին ծրագրերում ներառելու համար պետք է կրճատել դասականներին, ինչը վաղ թե ուշ անհրաժեշտություն է դառնալու: Բայց պետք է նոր եկողները արժանի լինեն հների տեղը կամ առնվազն նրանց կողքին տեղ գրավելու: Ապա՝ նոր գրողներին ներառելու համար պետք է հաշվի առնել գրողների միության, գրականագետների կարծիքը և, անշուշտ, նրանց ստեղծած գրական արժեքը: Նոր անուններին կարելի է ծանոթանալ միջին դպրոցում, գրական խմբակներում, արտադասարանական ընթերցանության միջոցով: 12. Ծրագրում չնչին չափով է ներկայացված հայ դասական գրականության կարևորագույն մի հատվածը՝ սփյուռքահայ գրականությունը, որը ծանր հարված է մեր ժողովրդի և հայրենիք-սփյուռք միասնության գաղափարին։ 13. Ուսուցչին տրվում է անկառավարելի ազատություն. նա իր ցանկությամբ կարող է ընտրել և մատուցել հայ և արտասահմանյան գրողների երկերը։ Իսկ եթե ուսուցիչն ու աշակերտը իրենց ճաշակով ընտրեն միայն արտասահմանյան գրողների՞ն, և հայ գրողներն ու նրանց լավագույն երկերը դո՞ւրս մնան: Այս դեպքում ինչպե՞ս են կազմակերպվելու գիտելիքի ստուգումները ավարտական դասարաններում, ազատ տրված գիտելիքի ո՞ր շրջանակն է լինելու պարտադիր ստուգելի: 14. Հանձնախմբի անդամները, իբրև իրենց «բարեփոխումների» հիմնական փաստարկ, բերում են այն հիմնավորումը, որ նոր չափորոշիչներով երեխան ոչ թե պետք է կարդա հանրահայտ վերլուծությունները, սովորի և հետո կրկնի դրանք, այլ կարողանա կատարել ինքնուրույն վերլուծություններ: Շատ հետաքրքիր է՝ ինչու պետք է ինքնուրույն վերլուծության հմտությունը կիրառվի հենց գրականության վրա. ի՞նչ է, գրականությունը այդքան հեշտ կամ սուբյեկտիվ ոլո՞րտ է: Այդ դեպքում չէր լինի գիտություն գրականության մասին՝ գրականագիտություն: Դա նույնն է, որ հայոց պատմության դրվագները թույլ տանք ինքնուրույն վերլուծել ու մեկնաբանել կամայականորեն: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Ճիշտ հակառակը, գրականության ուսուցումը պետք է դնել գիտական լուրջ հիմքերի վրա, աշակերտին ուղղորդել, բացատրել այս կամ այն գրողի կատարած դերը մեր ազգային գրականության և գեղարվեստական մտածողության զարգացման մեջ: Ինչպե՞ս պետք է երեխան իմանա, թե ինչպիսի կարևոր դեր է կատարել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» մեր նոր գրականության ձևավորման և զարգացման գործում, ինչպե՞ս է ազդել հետագա շրջանի հայ գրողների ամենատարբեր սերունդների վրա, եթե դասագիրքը նրան չուղղորդի: Ինչու չէ, նաև անուրանալի ճշմարտություններ պետք է հաղորդել, որոնք աշակերտը նախ պիտի սովորի, հետո ինքնուրույն մեկնաբանի: 15. Դեռևս Աստվածաշնչից եկող միտք է, որ օգտագործում է նաև Հրանտ Մաթևոսյանը, թե նախ՝ պարտվում են մշակույթները, հետո՝ միայն պետությունները: Առաջարկվող նախագիծ-ծրագիրը պարտության տանող ծրագիր է: Այն, ինչ կարող է թույլ տալ հզոր պետությունը, ասենք ԱՄՆ-ն, որի կրթական ծրագրերի ազդեցությունն առկա է այս ծրագրում, չի կարող թույլ տալ փոքրաքանակ (ոչ փոքր, թող սխալ չհասկացվի) ժողովուրդը, որի համար մշակույթը և առաջին հերթին կրթությունն ունեն ռազմավարական, ազգապահպան նշանակություն: Ըստ այսմ՝ հայ դասականների զգալի մասին ծրագրերից դուրս մղելը, հայ գրականության «հայ» բառի վերացումը մեծապես վնասում են ազգի շահերին: Բ) Հայոց լեզվի նախագիծը խոտելի է հետևյալ պատճառներով. 1. Անհիմն է նախագծի արդիականության հիմնավորումը (բառագործածության անճշտությունները չենք քննարկում): «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակրթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Լեզուն բացարձակ արժեք է և անկախ մասնագիտությունների հարգի կամ վերացող լինելուց` գոյություն է ունենալու: 2. Նախագծում գիտությամբ կամ անգիտությամբ աղճատվել է լեզվի դերը: Լեզուն ոչ միայն մտածողության միջոց է, այլև ու նախ և առաջ ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչ, ազգային-հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք. նախագծում ոչ մի կերպ արտահայտված չէ այս գաղափարը, մինչդեռ հենց դա պետք է դրված լիներ չափորոշիչների հիմքում. ՀՀ հանրակրթական դպրոցում հայոց լեզուն պետք է ուսուցանվի այս ելակետով և այս հիմունքով։ 3. Եռաչափ կրթական համակարգի ներդրում ասվածը կասկածելի «նորույթ» է: Ավելացվել է հասկացություն հասկացակարգը: Նախկին գիտելիք-հմտություն ձևաչափից անցում է կատարվում հասկացություն-գիտելիք-հմտություն/ կարողություն ձևաչափին: Իսկ մի՞թե ցանկացած գիտելիքի մատուցում, ճանաչում, յուրացում չի սկսվում հասկացությունների մեկնաբանությունից: 4. Հայոց լեզվի և հայ գրականության ուսումնառության հայեցակարգերը նույն չափանիշներով և նույն հիմնավորումներով ներկայացնելը անընդունելի է. Հայոց լեզուն և Հայ գրականությունը տարբեր առարկաներ են (և ուսումնասիրվում են տարբեր գիտակարգերում), հետևաբար որոշակիորեն տարբեր են նաև դրանց ուսուցման նպատակներն ու մեթոդները։ Հայոց լեզուն պետք է նկարագրվի և ներկայացվի որպես առանձին առարկա։ Մինչդեռ ակնհայտ է, որ հայոց լեզվի և գրականության նախագծերը կազմվել են գրեթե նույն սկզբունքներով և որոշ ընդհանրություններ ունեն անգամ բնագիտական առարկաների նախագծերի հետ: Հասկանալի է, որ կիրառվել են միջազգային կրթական ծրագրերին հարմարեցնելու ինչ-ինչ գործիքներ, սակայն դրանք գործածվել են սխալ և անպատեհ: Ընդհանրություններով հանդերձ՝ սրանք էապես տարբեր առարկաներ են, և չափորոշիչներն էլ պետք է շատ հստակ տարբերվեն ոչ միայն բովանդակությամբ, այլև վերջնարդյունքների և նպատակների սահմանումներով: Խոտելի է նախագծի ելակետային միտքը, թե «հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է»։ 5. Նշվում է, որ աշակերտը ուսուցչի հետ միասնաբար պետք է կազմի դասի պլանավորումը՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով: Խիստ վիճելի պահանջ է: 12-17 տարեկան երեխաների հետաքրքրության շրջանակը, արժեքային համակարգի ընկալումներն ու պատկերացումները դժվար թե համընկնեն ծրագրային պահանջներին. այդ տարիքում և դեռևս նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին աշակերտը հաստատապես չի կարող ըստ ամենայնի ճանաչել և արժևորել, օրինակ, քերականության կամ ոճաբանության կարևորությունը: Սա հանրակրթական ծրագիր է, և ուղղորդողները նախ և առաջ չափորոշիչներն են, դասագիրքը, ուսուցիչը: 6. Աղքատիկ է ծրագրի լեզվական-բովանդակային մասը. նախագիծը չի ենթադրում հայոց լեզվի վերաբերյալ բավարար գիտելիքների մատուցում։ Վերջնական նպատակը՝ գրավոր և բանավոր հաղորդակցմանը ըստ ամենայնի տիրապետելը, եթե համարենք «ազնիվ», միևնույնն է, և՛ գրագետ հաղորդակցվելու, և՛ ազդեցիկ խոսք կառուցելու, և՛ ստեղծագործական միտքը զարգացնելու համար սովորողին նախ և առաջ պետք է մատուցել լեզվական անհրաժեշտ բավարար գիտելիքներ։ Հետո միայն ստացած գիտելիքները պետք է վերածել կարողության ու հմտության։ Ծրագիրը այս խնդիրը լուծում է մասամբ։ 7. Պակասում են կամ թերի են ներկայացված մի շարք թեմաներ. • Լեզվի հնչյունական համակարգը նեղ իմաստով միայն ուղղագրությունը և ուղղախոսությունը չէ։ Նախորդ տարիներին (մինչև 7-րդ դասարան) ուսուցանվող նյութը բավարար չէ։ Հնչյուն, շեշտ, վանկ, տառադարձություն, հնչյունափոխություն թեմաները հանգամանորեն պետք է ներկայացված լինեն նաև միջին դպրոցում, ապա առավել խորությամբ՝ ավագ դպրոցում։ Հնչյունափոխական իրողությունների ուսուցումը անչափ կարևոր է գրագետ, բարեհունչ և գեղեցիկ խոսք կառուցելու, ճիշտ խոսելու համար։ • Տարտամ ու անորոշ նկարագրություն ունի լեզվի կարևոր բաժիններից մեկը՝ բառագիտությունը։ Նախագծում տեղ է գտել արտառոց մի ձևակերպում, ըստ որի՝ լեզվի երեք մակարդակներից մեկը ոչ թե բառագիտությունն է, այլ բառակազմությունը («Լեզվական համակարգ՝ հայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգեր»)։ Եվ, ըստ այդմ, 5-6 տարիների ուսումնառության ծրագրում բառագիտությունը (իմաստաբանություն, բառակազմություն, բառապաշար, դարձվածաբանություն, բառարանագրություն) ներկայացված է ցաքուցրիվ ու հատվածական։ • Ծրագիրը չի նախատեսում բայի սեռի ուսուցում. մինչդեռ նյութը չափազանց կարևոր է՝ բայական համակարգը և բայի գործառական հնարավորությունները հասկանալու, շարահյուսական կառույցներում կողմնորոշվելու և ճիշտ ու արտահայտիչ, նպատակային խոսք կազմելու համար։ • Քիչ ժամաքանակ է հատկացված անկանոն և պակասավոր բայերի ուսուցմանը, ընդամենը՝ 6 ժամ։ Մինչդեռ սա բայական համակարգի առանցքային թեմաներից է (նախորդ ծրագրից հանիրավի վտարված էր). դրա իմացությամբ նույնիսկ կարելի է չափել մարդու գրագիտությունը։ Թեմայի մասին նախ պետք է ընդհանուր գիտելիք տրվի միջին դպրոցում, ապա թեման առավել մանրամասն պետք է ուսուցանվի ավագ դպրոցում։ • Պահպանված չէ թեմաների ուսուցման համամասնությունը, հաշվի չեն առնվել թեմայի կարևորությունն ու բարդությունը, օրինակ՝ կապին և շաղկապին տրվում է ընդամենը 4-5-ական ժամ, մակբային՝ 8 ժամ, անկանոն և պակասավոր բայերին՝ 6 ժամ (7-րդ դ.), պատկերավորման և արտահայտչական միջոցներին՝ 4 ժամ (11-րդ դ.)։ Մինչդեռ անհարկի ուռճացված է որոշ թեմաներին տրվող ժամաքանակը. հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ գոյականներ՝ 10 ժամ (7-րդ դ.), մեջբերվող ուղղակի խոսք՝ 28 ժամ (9-րդ դ.), ուղղագրություն՝ 18 ժամ (10-րդ դ.) և այլն։ • Ձախողված է ոճագիտության մատուցումը (ըստ նախագծի՝ «ՈՃԵՐ»): Ծրագրի այս հատվածը կազմված է առանձնահատուկ անիմացությամբ: Անընդունելի է գործառական ոճերը միմյանցից հեռացնելու ծրագրային «որոշումը»: Դրանք, տարբերություններով հանդերձ, ունեն զգալի ընդհանրություններ, հետևաբար պետք է ուսուցանվեն հաջորդական միասնությամբ։ 8. Այն ճշմարտությունը, որ մեզանում ավագ դպրոցը ժամավաճառության օջախ է (և որ օր առաջ պիտի հրաժարվել դրանից), հաստատվում է նաև այս նախագծով. երեք տարի շարունակ՝ 10-11-12-րդ դասարաններում, նույն կամ գրեթե նույն բովանդակությամբ և սաստիկ համառությամբ կրկնվում է հայոց լեզվի բովանդակային նյութը։ Ըստ որում, շեշտադրվում են միայն որոշակի թեմաներ՝ ուղղագրություն, ուղղախոսություն, «ոճեր»՝ այն էլ խիստ պարզունակ պահանջներով՝ ճանաչել և տարբերակել գործառական ոճերը, Ճանաչել բառերի ձևաիմաստային տեսակները, դարձվածքները, իմանալ և տարբերակել խոսքի մասերը ըստ խոսքիմասային առանձնահատկությունների, խոսքի մասերը դասակարգել ըստ օրինաչափությունների՞՞ և նման բաներ։ Եվ այդ բոլորը՝ առանց համակարգության, առանց զարգացման միտումների։ 9. Հատուկ պետք է ընդգծել և շեշտադրել գործնական աշխատանքների կարևորությունը և դերը։ Ծրագիրը «կենտրոնացել է» տեքստ ու փաստաթուղթ կազմելու և էսսե (գրական՞՞ տեքստ) գրելու գործի վրա, բայց դա բնավ էլ ստեղծագործական միտքը մշակելու ուղիղ ճանապարհը չէ, մանավանդ երբ չեն բացատրվում շարադրանք կազմելու հնարներն ու ձևերը: Սա նաև նյութը սերտողաբար յուրացնել տալու թաքնված ճանապարհ է, քանի որ, ըստ հեղինակային խմբի պարզաբանումների, որոշակի դասարաններում աշակերտը ուսուցչի օգնությամբ կկազմի «գրական տեքստեր» ընտրված հեղինակների երկերի վերաբերյալ: Իսկ ավարտական դասարանում գիտելիքի ստուգումը ենթադրում է արդեն մշակված և պատրաստի «գրական տեքստերի» անգիր շարադրանք: 10. Միջառարկայական կապերի մատուցումը՝ հաճախ ուղղակիորեն պատճենված արևմտյան նմանատիպ փաստաթղթերից, ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Դա առավել հստակ երևում է նաև վերջնարդյունքների, երբեմն գործնական առաջադրանքների ձևակերպումներում: Հատկապես վերջիններում ակնհայտ են նաև մասնագիտական լուրջ թերացումներ և բացթողումներ: 11. Գիտելիքների ստուգման այն ձևը, որը հրամցվում է 12-րդ դասարանում, սկզբունքորեն անընդունելի է. շարադրանքի միջոցով ստուգումը հանգեցնելու է կամայականությունների և սուբյեկտիվ գործելաոճի: 12. Այս փաստաթուղթը, մեղմ ասած, գրագետ շարադրանքի տիպար օրինակ չէ (9 ամիսը քիչ ժամանակ չէր փաստարկված և գրագետ շարադրանք ունենալու համար). նրանում առկա են բազմաթիվ սխալ ձևակերպումներ, անճիշտ դատողություններ, սխալ բառագործածություններ, տերմինների շփոթ, վրիպակներ։ Բավարարվենք մեկ-երկու օրինակով. «Չափորոշչային պահանջները ձևավորվում են՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները….» (պահանջնե՞րն են ինչ-որ բան հաշվի առնում); «Տեխնիկայի՞՞ և գիտության սրընթաց զարգացումը….»; «….ուսումնասիրվում է հայոց լեզվի քերականությունը՝՞՞ ձևաբանություն և շարահյուսություն բաժիններով՝ շեշտադրելով՞՞….» (քերականությո՞ւնն է ինչ-որ բան շեշտադրում); «….Հայոց լեզվի ուսումնառության՞՞ համար սահմանվել են հետևյալ հիմնական՞՞ և ենթահասկացությունները՞՞»; «լեզվաքերականություն՞՞» և այլն, և այլն: Ցավալի է, որ ԿԳՄՍ նախարարությունը հանրությանը ներկայանում է այսօրինակ փաստաթղթով»։
14:00 - 02 օգոստոսի, 2020
Որևէ դասագիրք դրված չէ քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո. Ժաննա Անդրեասյան

Որևէ դասագիրք դրված չէ քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարրական մանիպուլյացիայի կանոնները. վերցնում ենք գործող Գրականության դասագիրքը 9-րդ դասարանի համար (հեղինակ՝ Դավիթ Գասպարյան), ընդգծում ենք, որ դասագրքի անվանումից բացակայում է Հայ բառը, ինչն արդեն շտապում ենք նշել, որ վկայում է, թե դասագրքի հեղինակը գործել է ազգի դեմ, այնուհետև բացում ենք դասագրքի 125-126 էջերը և կարդում. Միջնադարում չզարգացավ թատրոնը, որովհետև հայ եկեղեցին թատրոնը համարում էր յուրովի սատանայություն և դեմ էր դրա գոյությանը։ Հայ առաքելական եկեղեցին մերժեց թատրոնը։ Թատրոնը համարվել է սատանայության վայր և օտարվել։ Այդ ոգով է գրված Վասն անօրեն թատերաց դիվականաց ճառը, որ ստեղծել են հոգևոր հայրերը։ Դյութերի և գուշակների կախարդանքից խուսափելու հետ մեկտեղ նրանք խորհուրդ էին տալիս հեռու մնալ թատրոնից։ Թատրոնը համարում էին կործանարար խեղկատակություն, աշխարհիկ անիմաստ զվարճանք։ Այստեղից էլ թատերգությունների իսպառ բացակայությունը հայ միջնադարում։ Հակառակ հայոց եկեղեցու վճռական արգելքներին՝ կաթոլիկ եկեղեցին թատրոնը թույլատրեց։ Սրանից հավելյալ եզրակացնում ենք, որ հեղինակը գործել է նաև ընդդեմ հայ եկեղեցու, դեռ ավելին՝ գովերգում է օտար կաթոլիկ եկեղեցին՝ ի հակադրություն մեր ազգային եկեղեցու և սկսում ենք դատափետել՝ տարածելով նյութեր հետևյալ վերնագրերով՝ ԳՐՈՀ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆԻ ԴԵՄ։ ԴՊՐՈՑԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է։ Աղմուկն ապահովված է։ Սակայն մենք այսպես չենք վարվում, մեզ պետք չեն էժանագին միավորներ, պետք է իրական փոփոխություն, ուստի կարդում ենք, տարբերում ենք չափորոշիչը դասագրքից և երբ մեզ ուղարկում են սարսափահար տեղեկություններ, թե նոր դասագրքերը կործանում են մեր կրթական համակարգը, խորը շունչ ենք քաշում, հիշում ենք, որ որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո, որ քննարկման դրված են առարկայական չափորոշիչների նախագծերը, որոնք հարկավոր է կարդալ, եթե կարևորում ենք, ուզում ենք սեփական կարծիք ու դիրքորոշում ձևավորել, կարդում ենք, վերլուծում, փաստարկված քննադատում, առաջարկներ ենք ուղարկում, մի խոսքով՝ նպաստում ենք հանրակրթության բովանդակության փոփոխություններին։ Որովհետև մանիպուլյացիան չի անցնելու»։
13:13 - 02 օգոստոսի, 2020
Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը․ ԿԳՄՍՆ

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը․ ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։ E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։ Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում՝ http://e-school.am/lessons։ Ստորև ներկայացնում ենք առաջին շաբաթվա /օգոստոսի 3-8-ը/ դասացուցակը. Երկրորդ դասարանԵս և շրջակա աշխարհը - օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ինՄայրենի – օգոստոսի 5-ին՝ ժամը 16։00-ինՄաթեմատիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 17։00-ին Երրորդ դասարանԵս և շրջակա աշխարհը - օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ինՄայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 16։00-ինՄաթեմատիկա – օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ին Չորրորդ դասարանԵս և շրջակա աշխարհը - օգոստոսի 7-ին՝ ժամը 13։00-ինՄայրենի – օգոստոսի 8-ին՝ ժամը 16։00-ինՄաթեմատիկա - օգոստոսի 8-ին՝ ժամը 17։00-ին Հինգերորդ դասարանՄաթեմատիկա - օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին   Բնագիտություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ինՄայրենի - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին   Վեցերորդ դասարանՄաթեմատիկա - օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ինԲնագիտություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ինԱշխարհագրություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին Յոթերորդ դասարանՔիմիա - օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ինՖիզիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ինԿենսաբանություն - օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ինԱշխարհագրություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-ին Ութերորդ դասարանԿենսաբանություն - օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ինՖիզիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ինՔիմիա - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ինՀայոց լեզու - օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ինՀայ գրականություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 13։00-ինԱշխարհագրություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ինՀամաշխարհային պատմություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին։ Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ամառային դասընթացների առաջին շաբաթվա դասացուցակը և սովորողների մասնակցության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։Մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց ենթակայությամբ գործող դպրոցներում ապահովել հեռավար դասերը լրացնելու գործընթացը։ Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին։
11:30 - 02 օգոստոսի, 2020
Աշակերտների 15-20%-ը չի մասնակցել հեռավար դասընթացներին. ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է ճշտել տվյալները |hetq.am|

Աշակերտների 15-20%-ը չի մասնակցել հեռավար դասընթացներին. ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է ճշտել տվյալները |hetq.am|

hetq.am: Աշակերտների 15-20%-ը չի մասնակցել հեռավար ուսուցմանը։ Նախարարությունը շարունակում է նրանց վերաբերյալ տեղեկատվության հստակեցումը։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Նախարարությունում մուտքագրվել է շուրջ 500 բողոք՝ հեռահաղորդակցության միջոց կամ ինտերնետ չունենալու պատճառով հեռավար ուսուցմանը չմասնակցելու վերաբերյալ։ Հայաստանում կորոնավիրուսի ի հայտ գալուց եւ տարածվելուց հետո փակվեցին ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ դպրոցները։ Մարտի 18-ին աշխատանքը սկսեցին իրականացնել օնլայն։ ԿԳՄՍ նախարարության այս որոշումը քննարկվեց մասնագիտական լսարանի, աշխակերտների ծնողների կողմից, որոնք պնդում էին՝ ոչ բոլոր երեխաներն են ապահովված տեխնիկական հնարավորություններով։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթներում մի քանի անգամ հայտարարեց, որ այն երեխաները, որոնք դուրս են մնացել հեռավար կրթությունից, կունենան հնարավորություն եւ կլրացնեն բացթողածը։ Մի շարք կազմակերպություններ նախարարության հետ միասին անցկացրեցին նաեւ տեխնիկայի հավաքագրում, դրանք ուղարկվեցին տարբեր մարզեր։ Ըստ ԿԳՄՍՆ-ի «Հետքին» տրամադրած տվյալների՝ հավաքագրվել է 3500 տեխնիկական միջոց, որոնք ուղարկվել են տարբեր դպրոցներ։ Դպրոցական արձակուրդի ավարտին մեկ ամիս է մնում, սակայն նախարարությունը դեռեւս հստակ չի ներկայացրել, թե ինչպես կշարունակվի նոր ուսումնական գործընթացը, արդյոք կբացվեն դպրոցները, թե՞ ուսուցումը կշարունակվի հեռավար։ Այնուամենայնիվ, հեռավար ուսուցումը շարունակելու համար դեռեւս ոչ բոլոր աշակերտներն են ապահովված տեխնիկական հնարավորություններով, որի պատճառով էլ չեն կարողանա մասնակցել ուսումնական գործընթացին։ Նախարարությունը շարունակում է  իրականացնել ռիսկերի գնահատում եւ հայտնաբերում, նոր ուսումնական տարում թե' առկա, թե' հեռավար ուսուցում իրականացնելու պարագայում։ Աշխատանքներն իրականացվում են ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ համատեղ։ Շարունակությունը՝ hetq.am կայքում։
17:35 - 01 օգոստոսի, 2020
Բուհեր չընդունված դիմորդները երկու հայց են ներկայացրել Վարչական դատարան |armenpress.am|

Բուհեր չընդունված դիմորդները երկու հայց են ներկայացրել Վարչական դատարան |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի ընդունելության միասնական քննություններում բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված մի խումբ դիմորդներ երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան՝ բուհեր ընդունելության վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկելու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Առաջին հայցադիմումով պահանջում ենք կառավարության որոշումը, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ, ճանաչել անվավեր։ Ընդ որում, առաջին հայցը չի լուծում դիմորդների խնդիրը և դրանով պետությանը՝ ՀՀ կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել և իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում։ Երկրորդ հայցով պահանջում ենք արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց»,- ասաց Կոչուբաևը` հավելելով, որ խախտված իրավուքները տարբեր են, ուստի յուրաքանչյուր դիմորդի համար առանձին պահանջ է դրվել։ Նրա  խոսքով՝ հայցերից մեկով միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
16:12 - 29 հուլիսի, 2020
Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ. խորհրդարանականները կդիմեն ԿԳՄՍ |armenpress.am|

Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ. խորհրդարանականները կդիմեն ԿԳՄՍ |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն Ազգային ժողովում հանդիպեցին խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում դիմորդներն ու նրանց ծնողները խորհրդարանականներին ներկայացրին իրենց խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին, որ հիմնական խնդիրն այն է եղել, որ դիմում-հայտը լրացնելիս նրանք տեղյակ չեն եղել ընթացակարգում տեղի ունեցած փոփոխություններին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ծնողներին ու դիմորդներին հայտնեց, որ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ստորագրություններով գրություն կուղարկեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ստեփանյանը նաև հավելեց, որ պետք չէ ողբերգության վերածել այն, որ երեխան առաջին տարում չի ընդունվել բուհ: «Եթե երեխան առաջին տարում չի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, պետք չէ սա սարքել անձնական ողբերգություն: Իմ հայրը 6-րդ փորձից է ընդունվել համալսարան, ես էլ դժվարությամբ եմ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Որևէ մեկը չի կանխատեսել, որ հնարավոր է երկրում լինի արտակարգ դրություն»,- ասաց Լիլիթ Ստեփանյանը: Դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին նաև, որ փոփոխված ընթացակարգի մասին իրենք պատշաճ չեն ծանուցվել:
13:29 - 29 հուլիսի, 2020
Բուհ չընդունված դիմորդները շարունակում են բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության դիմաց |tert.am|

Բուհ չընդունված դիմորդները շարունակում են բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության դիմաց |tert.am|

tert.am: Այսօր բուհ չընդունված դիմորդները շարունակում են բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության դիմաց: Դիմորդների ծնողները լրագրողների հետ զրույցում անդրադարձան երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե դիմորդների ակցիան քաղաքական աստառ է ստացել և որ այս ամենի հետևում որոշ ուժեր են կանգնած: Ծնողներից մեկն ասաց, որ եթե որևէ ոլորտի ղեկավար, որևէ մեկը իր հայացքներում, իր որոշումներում լիարժեք վստահ է, որ ինքը ճիշտ է, երբեք շահարկումների հետևից չի ընկնի: «Մենք երկու անգամ երեկ պահանջեցինք ընդունելություն, սակայն երկու անգամ էլ նախարարը մերժեց, որովհետև ինքը չէր կարող մեր ներկայությամբ հիմնավորել այն, ինչը լայվերում ասում է: Ինչ վերաբերում է քաղաքական մոտեցումներին, ասեմ, որ որևէ քաղաքական մոտեցում, քաղաքական ուղղվածություն մեր պահանջների մեջ չի կարող գոյություն ունենալ, մենք բոլորս ծնողներով ու դիմորդներով մեկ ասեղ ենք թելում և դա մեր երեխաների ԲՈւՀ ընդունվելու, սովորելու իրավունք է այս պահին, թե չէ ոչ մի քաղաքական մոտիվ գոյություն չունի»,- ասաց նա:
15:08 - 28 հուլիսի, 2020
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «Հայ գրականություն» առարկայի դասագրքի շուրջ ծավալվող խոսակցություններին |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «Հայ գրականություն» առարկայի դասագրքի շուրջ ծավալվող խոսակցություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը կեղծիք է համարում «Հայ գրականություն» առարկայի շուրջ ծավալվող բոլոր խոսակցությունները։ Նման կարծիք նա հայտնել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում։ «Մեզ մեծ մեղք են վերագրում․ ասում են, թե «Հայ գրականությունից» հանում եք «հայ»  բառը․  չեմ կարողանում հասկանալ, թե այսչափ մեծ կեղծիքը որտեղից է գալիս։ Ընդ որում, այս սուտն ու կեղծիքը հնչում է կարևոր բուհական ու հետազոտական կենտրոններից, երբ դու նույնիսկ հերքում ես, թե այդպիսի բան չկա, նրանք շարունակում են դա անել։ Դավիթ Գասպարյանը, ով ամենաշատն է քննադատում, ժամանակին 7-րդ դասարանի գրականության դասագիրք է հրապարակել, որի վերնագրում հայ բառը չկա, նույնը` 8-րդ և 9-րդ դասարանների դասագրքերում։ Ես հասկանում եմ, մարդկանց մի մեծ խումբ, որ նախիկնում դասագրքեր է գրել և «ապահովել է» մեր զարգացումը, հիմա դուրս է մնացել այդ գործընթացներից, սակայն նրանք չեն հաջողելու։ Ավելին, մենք մեծ թվով ուսուցիչներ ենք ներգրավել այս գործընթացում, քանի որ հենց նրանք են, որ ամենաշատն են շփվում աշակերտների հետ, տեսնում են դասագրքերում եղած խնդիրները, հենց նրանք կարող են լավագույն լուծումներն առաջարկել։ Վերջին 15 օրվա ընթացքում մենք շուրջ 6 հազար ուսուցչի և մասնակցի հետ քննարկում ենք ունեցել, և նմանատիպ մասշտաբային քննարկում երբեք տեղի չի ունեցել»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։ Հարցին, թե արդյո՞ք մեր մեծերը՝ Նարեկացին, Քուչակը, լինելու են դասագրքերում, թե՞ ոչ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ բոլորն են լինելու։ «Մենք հերքել ենք այդ տեղեկությունները, թե նրանք դուրս են գալիս դասագրքերից, բայց կեղծիքները մամուլում շարունակվում են։ Ես մեր հասարակության և հանրությանն ուզում եմ կոչ անել՝ չտրվել սադրանքներին, քանի որ այդպիսի բան չկա։ Խոսում են, թե հայրենասիրություն բառը չկա չափորոշիչներում։ Մենք թույլ չենք տալու, որ կեղծ հայրենասիրությամբ այդպիսի բաներ ասեն, պետք է այս եզրույթը քիչ կիրառել, որ չարժեզրկվի, լավ հայրենասիրությունը՝ լավ քաղաքացի դաստիարակելն է, իր իրավունքներն ու պարտականություններն իմացող քաղաքացի դաստիարակելն է։ Եվ այդ հայերնասիրությունը ավելի մեծ տեղ կունենա մեր հասարակության մեջ, քան այն կեղծ հայրենասիրությունը, որ դավանել է մարդկանց այդ խումբը»,- նշեց նախարարը։ Անդրադառնալով դասագրքերում ժամանակակից գրողներին ներկայացնելու թեմային՝ Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ սարսափելի է այն ոճը, որով քննարկվում է այդ հարցը։ «30-ական թվականներին մարդիկ են եղել, ովքեր իրենց ժամանակակից գրողներին են քննադատել, ինչի արդյունքում էլ, օրինակ, Չարենցն ու Բակունցը գնդակահարվել են։ Հիմա պարզապես այլ պայմաններ են, սակայն սոցիալական ցանցերում շարունակվում են անընդունելի ոճով գրառումներ արվել այն ամենի մասին, այն փոփոխությունների ու ժամանակակից գրողների մասին, ինչը ժամանակը պետք է ցույց տա, որ արժեքավոր են այդ ստեղծագործություններն ու նյութերը, թե ոչ»,- ասաց նախարարը: Եզրափակելով իր խոսքը՝ Հարությունյանը շեշտեց, որ հայկականության դեմ ոչ մի դավադրություն չկա, այլ լրիվ հակառակն է։ «Մենք չափորոշիչներով ներմուծում ենք նոր առարկաներ, օրինակ՝ «Ես և իմ հայրենիքը» առարկան, որտեղ հասարակագիտական գիտելիքը ամբողջությամբ անցնում է մեր էպոսի, մեր հերոսների, մեզ համար շատ թանկ հերոսների կյանքով, սյուժեներով։ Մենք այս ամենը ցույց ենք տալիս մեր հասարակության անցած ճանապարհով, նրա լավ և վատ օրինակներով, ապագայի համար էլ պրոյեկտում ենք և ներկայացնելու ենք, թե որ որակներն են մեզ անհրաժեշտ լինելու՝ համակեցության կանոններով ապրող հասարակություն ունենալու համար»,- ընդգծեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։  
13:00 - 28 հուլիսի, 2020
«Պահանջատեր դիմորդ» ակցիայի մասնակիցների ցույցերը քաղաքական երանգ են ստանում․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

«Պահանջատեր դիմորդ» ակցիայի մասնակիցների ցույցերը քաղաքական երանգ են ստանում․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պնդմամբ «Պահանջատեր դիմորդ» ակցիայի մասնակիցների ցույցերը ստանում են քաղաքական երանգ։ Այս մասին Հարությունյանն ասաց Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում։ «Բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ․ցուցարարների շարքում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը։ Ցուցարարներից ամենաակտիվի՝ գլխարկով տղամարդու որդին ոչ առաջին հայտով ընդունվել է, պարզապես նրանք ցանկանում են բողոքի այս ալիքի վրա հասնել այն բանին, որ նա ընդունվի այն ֆակուլտետը, որը լրացրել էին առաջին հայտով։ Դա չի լինելու, նրանք իրենց նպատակին չեն հասնելու»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ եղել է 9372 դիմորդ, որոնք դրական գնահատական են ստացել և նրանցից 8706-ն ընդունվել է բուհ։ Նախարարի խոսքով՝ դրանից հետո, թափուր տեղերի համար դիմել է մոտավորապես 520 դիմորդ, որից 49-ը չի ընդունվել, 471-ն ընդունվել է, իսկ վերջում ստացվել է մի իրավիճակ, երբ չընդունվողների թիվը կազմել է ընդամենը 200։ «Անցած շաբաթ, երբ մենք լուծումների էինք հասել, երբ արդեն կայանալու էր հանդիպումը, երբ պետք է ամրագրեինք այդ լուծումները,  ծնողների մի մասը ուրախացել էր, ասում էին՝ մեր հարցը լուծվեց։ Խոսքերիս որպես ապացույց ասեմ, որ բողոքող խումբը մեզ ներկայացրել էր 134 անձի ստորագրությամբ 2 դիմում, որոնցում մարդկանց անունները կրկնվել էին, և կային մարդիկ, որ առաջին հայտով ընդունվել են»,- ընդգծեց նախարարը։ «Մեզ համար անսպասելի էր, որ շաբաթ օրը, չսպասելով երկուշաբթի օրվա մեր լուծումներին, մենք տեսանք այդ քաղաքական խմբակների հետ որոշ բողոքողների ասուլիսները, հայտարարությունները, թե մենք այլևս փոխնախարարի հետ չենք հանդիպելու, մեր պահանջը նախարարի հետ հանդիպումն է։ Այս օրերին ես հանդիպել եմ և՛ դիմորդների, և՛ ծնողների հետ, քննարկել հարցեր և լուծումներ գտել։ Բայց հիմա այս ակտիվությունն արդեն այլ ուղղությամբ է գնում, և ես ուզում եմ դիմորդներին խորհուրդ տալ՝ չտրվել սադրանքներին, որովհետև, ըստ էության, լուծումները տրված են»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։  
12:03 - 28 հուլիսի, 2020
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում «փարթի» չի կազմակերպվել. ԿԳՄՍՆ ՊՈԱԿ-ի պարզաբանումը

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում «փարթի» չի կազմակերպվել. ԿԳՄՍՆ ՊՈԱԿ-ի պարզաբանումը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել երեկ երեկոյան համացանցում հայտնված տեսանյութի վերաբերյալ, որում նշվում էր, թե որոշ մարդիկ փարթի են կազմակերպել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հերքում է այդ լուրերը: «Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։ Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։ Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի՝ նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելու դրվագը»,- նշված է հայտարարությունում: ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հավելել է, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։
09:54 - 28 հուլիսի, 2020
«Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել․ բողոքի ակցիան շարունակվում է |armtimes.com|

«Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել․ բողոքի ակցիան շարունակվում է |armtimes.com|

armtimes.com: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին, եւս մեկ ծնողի եւ «Հաղթանակած» շարժման համահիմնադիր Հովհաննես Հարությունյանին, որը եւս միացել է չընդունված մի շարք դիմորդների պայքարին, բերման էին ենթարկել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով։ Ցույցի մասնակիցները փակել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի հարակից փողոցների հատման կետը՝ նստացույց իրականացնելով։ «Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակիցները (շարժումը ստեղծվել է օրերս, նրանք բողոքում են ընդունելության նոր կարգից) թեեւ սկզբում որոշել էին, որ այսօր այլեւս ոչ մի ակցիա չեն իրականացնելու, քանի որ չեն ցանկանում, որ դիմորդներն այդքան ժամանակ արեւի տակ գտնվեն, փոխել են իրենց մտադրությունը: Նշում են, որ դիմորդների պահանջով նրանք շարժվել են ԿԳՄՍՆ շենքի առաջ՝ այնտեղ շարունակելու իրենց ակցիան։ Վերոնշյալ շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր վերջնական քննարկումներից հետո պատրաստվում են դիմել Վարչական դատարան, որպեսզի վիճարկեն ՀՀ Կառավարության ընդունած որոշման իրավաչափությունը։ Խոսքը «Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման մասին է, որն ընդունվել է ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի մայիսի 21-ի նիստում:
16:51 - 27 հուլիսի, 2020
Բուհ չընդունված ուսանողների ու նրանց ծնողների ակցիայի երկու մասնակից բերման ենթարկվեցին  |tert.am|

Բուհ չընդունված ուսանողների ու նրանց ծնողների ակցիայի երկու մասնակից բերման ենթարկվեցին |tert.am|

tert.am: «Մենք պահանջում ենք նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը և հույս ունենք, որ երկրի վարչապետը տեսնում է, թե Արայիկ Հարությունյանը ինչպիսի մոտեցում է ցույց տալիս մեզ: Պարոն վարչապետ, հավատացնում եմ ձեզ, Արայիկ Հարությունյանը նկարած թվեր է ձեզ ցույց տալիս, իբր բոլորի խնդիրը լուծված է, 20 դիմորդ է մնացել, նրանց էլ առաջարկում ենք հեռակա սովորել, նա ձեզ խաբում է:Ես ուզում եմ, որ դուք մեզ ուշադիր լինեք և կայացնեք արդարացի որոշում, պահանջեք, թող Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացնի, նա վնաս է բերում մեր հայրենիքին»:Ոստիկանը մոտեցավ և նշեց, որ գործողությունները ապօրինի են և պահանջեց դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում ոստիկանությունը հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություն ունի:Դիմորդները նստեցին նախարարության հարակից փողոցում՝ փակելով ճանապարհը:Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից երկու անձի՝ դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին և շարժմանը միացած Հովհաննես Հարությունյանին: Ավելին՝ tert.am-ում
13:45 - 27 հուլիսի, 2020
Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ցանկանում են հանդիպել միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ |tert.am|

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ցանկանում են հանդիպել միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ |tert.am|

tert.am: ԿԳՄՍ նախարարության  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը հանդիպեց բուհ չընդունված դիմորդների և դիմորդի  ծնող Մասիս Բաբալյանի հետ և նշեց, որ դիմորդների և ծնողների հետ կարող է հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ինչին Մասիս Բաբալյանն արձագանքեց՝ իրենք ցանկանում են հանդիպել միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: «Ձեր նախարարը չի տիրապետում, թե ի՞նչ է նշանակում պատշաճ կերպով ծանուցել: Կամ պետք է փաստաթուղթն առձեռն տրվեր դիմորդին, կամ ուղարկվեր փոստով, կամ՝ էլեկտրոնային փոստով, որը չի իրականացվել ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ-ի կողմից: Նախարարը իր լայվով պատշաճ կերպով ծանուցման մասին էր խոսում, ասում էր՝ 57 հազար դիտորդ կար լայվում, կներեք, 57 հազար դիտորդը կարող էին կապ չունենալ, կամ որ ասում են ԳԹԿ-ի աշխատակիցները հեռուստատեսությամբ բազմիցս խոսել են, դիմորդը նստած պարապում է, կարող է չտեսնի, դրա համար կարգ կա, պետք է դիմորդի էլելտրոնային  փոստին ուղարկվեր, որ մայսի 21-ին Կառավարության կողմից ընդունվել է նոր որոշում : Նախարարը չի տիրապետում իրավական նորմերին, մարդը իր կաբինետից է լայվ մտնում,- ասաց Մասիս Բաբալյանը։ Ավելին՝ tert.am-ում
13:25 - 27 հուլիսի, 2020