Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին

Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացվում է ստորև. «Վարչապետը լարված տեսք ունի, երբ շաբաթ երեկոյան ընդունում է «ԲԻԼԴ»-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ իր նստավայրում։  Նիկոլ Փաշինյանը գրեթե չի քնում, պարբերաբար նոր սարսափելի տեղեկատվություն է ստացվում տուժածների, հերթական էսկալացիայի մասին։  Զոհերի թիվը հստակ չէ, անկախ տեղեկատվություն չկա: Բայց ակնհայտ է երևում, որ կորուստները շատ ավելին են, քան նախորդ էսկալացիաների դեպքում։  Մեկ շաբաթ է՝ մոլեգնում է պատերազմը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, որի համար արդեն տասնամյակներ շարունակ վեճեր և բախումներ են տեղի ունենում։ 1992 թվականից ի վեր ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն փորձում են միջնորդել. այժմ իրավիճակն ամբողջովին սրվել է, քանի որ Ադրբեջանը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ ցանկանում է վերցնել տարածքը։  «Հենց նոր տիկին կանցլերի հետ հեռախոսազրույց ունեցա», – ներս մտնելիս ասում է Փաշինյանը։ Հայաստանը Եվրոպայից ակնկալում է ավելի շատ աջակցություն, ավելի հստակ հայտարարություններ։  «ԲԻԼԴ»-ը հարցնում է վարչապետին – Պարոն վարչապետ, Հայաստանի մասին խոսելու փոխարեն աշխարհը խոսում է Դոնալդ Թրամփի և կորոնավիրուսով նրա վարակվածության մասին։ Դա Ձեզ տխրեցնո՞ւմ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով ուշադրության արժանանում են միջազգային հանրության կողմից։ Գուցե նաև այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում են հայտնվել վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից։ «Բիլդ» պարբերական – Որտեղի՞ց գիտեք այդ մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նրանք հավաքագրվել և տեղափոխվել են Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի օգտին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու նպատակով: Ես կարծում եմ, որ հիմա այլևս այս իրավիճակը միայն տեղային անվտանգային հարց չէ և գլոբալ օրակարգի անբաժանելի մասն է։ Որովհետև, ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում, միջազգային առումով 3 պատճառով է շատ կարևոր. Առաջինը, որովհետև արդեն ասացի, որ Սիրիայից ահաբեկիչներ են Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու: Երկրորդը՝ Թուրքիայի զորքերը ներգրավված են այս գործընթացի մեջ, և դա Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտությունն է։ Դրանք թուրքական կայսրությունը վերականգնելու գործողություններ են, որոնք մտնում են մի շարքի մեջ Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Լիբիայում Թուրքիայի ծավալած գործողությունների հետ: Եվ երրորդը՝ կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում:  «ԲԻԼԴ» պարբերական –Դուք հեռախոսազրույց եք ունեցել Թրամփի վարչակազմի ներկայացուցչի հետ՝ լարված իրավիճակի առնչությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օբրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։ Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկյան գործընկերների հետ, որովհետև Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: «ԲԻԼԴ» պարբերական – Միջազգային վերաբերմունքը հետևյալն է. «Ըստ միջազգային իրավունքի՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, նաև ըստ ՄԱԿ-ի»… Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իրականում դա տարօրինակ հայտարարություն է։ Եթե նայենք պատմությունը, կտեսնենք, որ Խորհրդային Միության ձևավորման ժամանակաշրջանում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտնվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և ընդ որում՝ Ստալինի կողմից կայացված կամայական որոշման հետևանքով, Խորհրդային Միության ձևավորման փուլում: Իսկ եթե վերադառնանք Խորհրդային Միության փլուզման փուլին, կտեսնենք, որ այնպես, ինչպես Ադրբեջանը, լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կրկին լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Ադրբեջանից՝ ընդ որում, օգտվելով Խորհրդային Միության օրենքներով և Սահմանադրությամբ առկա իրավունքից: Եվ, հետևաբար, ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող էր Խորհրդային Միությունից անկախ դառնալ, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը չէր կարող Խորհրդային Միությունից անկախ դառնալ: Շատերը կարող են ասել՝ բայց չէ՞ որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի կամ գոյություն չուներ։ Միևնույն ժամանակ գոյություն չուներ նաև Խորհրդային Ադրբեջանը, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անկախություն էր ստանում: Եվ, հետևաբար, եթե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանն էլ պատկանում է Խորհրդային Միությանը: «ԲԻԼԴ» պարբերական – Ինչո՞ւ է Էրդողանն աջակցում Ադրբեջանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի, որ դա Թուրքիայի և Էրդողանի կայսերապաշտական քաղաքականության հետևանք է։ Եվ կարծում եմ, որ մեծ հավանականությամբ խնդիր է դրված, որպեսզի Ադրբեջան անկախ պետությունը գոյություն չունենա, և այն ամբողջապես կլանվի Թուրքիայի կողմից։ Այդպիսով նաև, երբ ես խոսում եմ հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության մասին, ցանկանում եմ ընդգծել, որ դա ընդամենը միայն պատմական ատելության արտահայտություն չէ հայերի նկատմամբ: Խնդիրն  այն է, որ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Որովհետև Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում: «ԲԻԼԴ» պարբերական – Արդյոք Գերմանիան իրեն հեռո՞ւ է պահում, զսպվածություն է դրսևորո՞ւմ՝ զգուշանալով Էրդողանի արձագանքից։  Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իմ խնդիրը չէ՝ մեկնաբանել Գերմանիայի քաղաքական գործիչների դիրքորոշումները: Ես պարզապես, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ ներկայացնել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ գուցե նաև Գերմանիայի քաղաքական գործիչներին անհրաժեշտ է պատշաճ արձագանքել: «ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ պետք է անի Գերմանիան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն բռնությունը, բռնությունների մեկնարկը և Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա: «ԲԻԼԴ» պարբերական – Կարո՞ղ է կանցլեր Մերկելն աջակցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու: Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է: «ԲԻԼԴ» պարբերական – Գերմանիայում քննադատաբար են մոտենում նրան, որ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, և Պուտինը պատերազմ է մղում Սիրիայում և Ուկրաինայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես Ձեր հարցի գնահատականները կթողնեմ առանց մեկնաբանության, որովհետև ամենատարբեր իրադարձությունները տարբեր կողմերից, տարբեր երկրներից և տարբեր տեսանկյուններից տարբեր կերպ են երևում: «ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր է՝ ռուսական բանակն օգնի ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: «ԲԻԼԴ» պարբերական – Ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ։  Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի: «ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր համարում եք Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով: «ԲԻԼԴ» պարբերական – Դուք հնարավորություն ունե՞ք դիմակայելու ընդդեմ բարձր տեխնոլոգիական զենքերի, որոնք կիրառում է Ադրբեջանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց պաշտպանելու վճռականություն ունեն։ Մենք նույնպես ունենք սեփական արտադրության բարձր տեխնոլոգիական ապրանքներ, որոնք գուցե այդքան արտադրական հզորություններ չունեն։ Բայց մենք մտադրված ենք մեզ պաշտպանելու համար նաև զարգացնել տեխնոլոգիաները: «ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ կարող է հիմա անել Գերմանիան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք՝ ես արդեն ասզցի, որ հստակ դիրքորոշումներ եմ ակնկալում։ Եվ ասացի, որ եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում: «ԲԻԼԴ» պարբերական – Այսինքն՝ գերմանական կառավարությունը, ինչպես և Էմանուել Մակրոնը, պետք է հստակ արձանագրի՞, թե ով է սկսել այս պատերազմը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛։ Եվ պետք է գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից, որոնք վարձվել են Սիրիայում: «Բիլդ» պարբերական – Շնորհակալություն, պարոն վարչապետ:
19:18 - 04 հոկտեմբերի, 2020
Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի․ Իլհամ Ալիև |civilnet.am|

Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի․ Իլհամ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի հետ հակամարտության լուծումը պետք է ընթանա երկխոսության միջոցով, սակայն պետք է բանակցությունների հիմք լինի: «Մենք համաձայն ենք այդ տեսակետի հետ, որ Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի։ Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, որ հավատարիմ է նախկին պայմանավորվածություններին, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի տարածքները ճանաչվել են ադրբեջանական օկուպացված տարածքներ», - ասել Է նա արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Բաքվի ռազմական գործողությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը ներողություն խնդրի, որը «ադրբեջանական օկուպացված հողերը անվանել է Հայաստան»:
19:02 - 04 հոկտեմբերի, 2020
Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում․ Արայիկ Հարությունյան

Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարախել, որում ասվում է․ «Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրերՄենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել:Մենք կարևորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում»։
18:51 - 04 հոկտեմբերի, 2020
ԵԽ հույն պատգամավորները քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ |hetq.am|

ԵԽ հույն պատգամավորները քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ |hetq.am|

hetq.am: Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավորները հանդես են գալիս նախաձեռնություններով, որոնք միտված են Եվրոպական խորհրդարանում՝ ցույց տալու Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան։ Աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարական ուղի» կուսակցությունից եվրապատգամավոր ընտրված Ստելիոս Կիմպուրոպուլոսը, Եվրոպական խորհրդարանի 24 այլ պատգամավորների հետ միասին, հանդես է եկել նախաձեռնությամբ, որը դատապարտում է հայերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան։ Նախաձեռնության մասնակիցներն առաջարկում են քննարկման դնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Ադրբեջանական ագրեսիան և Կովկասում բռնկված հակամարտությունը ցնցել են մեզ և ամոթի զգացում առաջացրել. հատկապես քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող բռնությունները և Թուրքիայի սադրիչ միջամտությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կիմպուրոպուլոսը։ «Հակամարտության բռնկման առաջին պահից սկսած, ես ինձ վրա պարտավորություն եմ վերցրել ցույց տալու ադրբեջանական ագրեսիան և խաղաղության վերականգնման համար ընդգծել եվրոպական միջամտության անհրաժեշտությունը»,- հավելել է նա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:40 - 04 հոկտեմբերի, 2020
ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն չի իրականացվել դեռևս․ Դավիթ Տոնոյան

ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն չի իրականացվել դեռևս․ Դավիթ Տոնոյան

Կարծում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր խորը զինվորական գիտելիքներով խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապոտությունը, մասնավորապես Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործելով ծանր հրետանին և ԱԹՍ-ներ։ Այս մասին Զինուժ մեդիայի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու մարտական գործողությունների գոտին։ «Եվ եթե դա նրա համար մարտական գործողությունների ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները դրա եզրակացությունները անեն»,- հավելել է նախարարը։ Անդրադառնալով ադրբեջանցի նախարարի մեկ այլ հայտարարությանը, թե ՀՀ տարածքից հրետակոծվում են Ադրբեջանի բնակավայրերը, Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս։ «Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկաման վայր են, մեր ՊԲ-ի, Արցախի ԶՈՒ-ի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանելու են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու»,- եզրափակել է ՀՀ ՊՆ ղեկավարը։
14:27 - 04 հոկտեմբերի, 2020
Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից․ Շուշան Ստեփանյան

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից․ Շուշան Ստեփանյան

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հիշեցնենք, արցախա-ադրբեջանական սահմանին արդեն ութերորդ օրն է՝ շարունակվում են լայնածավալ պատերազմական գործողությունները։ Այս ընթացքում Ադրբեջնական զինուժը կիրառել է իր սպառազինության գրեթե բոլոր զինատեսակները, այդ թվում՝ միջազգայնորեն արգելված կասետային արկեր։ Թշնամին պարբերաբար հրետակոծում է քաղաքացիական խաղաղ բնակավայրերը ու կենսական նշանակության օբյեկտների։ Այդ հարվածների պատճառով երեկ հոսանքազրկվել է Ստեփանակերտը։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են կատարել իրենց առջեւ դրված մարտական առաջադրանը՝ թշնամուն պատճառելով ինչպես սպառազինության զգալի, այնպես էլ արդեն շուրջ 3000-ի հասնող մարդկային կորուստներ։
08:08 - 04 հոկտեմբերի, 2020
Դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտական գործողություններ չեն մղվում, բայց մենք հետեւում ենք, վերահսկում ենք հակառակորդի գործողությունները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեր ԶՈՒ-երն այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են բարձր մակարդակով։ Խուճապի մատնվել պետք չէ, ամեն չնչին փորձ արագ կասեցվում է»,- ասաց նա։ Պատասխանելով հարցին, թե ինչ դիրք է վերցրել հակառակորդը, Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ ուղղության մասով մարտավարական բնագծեր չի կարող ներկայացնել։ «Կոնկրետ ով որ պահին որ դիրքի վրա է գտնվում, չեմ կարող նշել։ Ծանր ու համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, հետեւաբար առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ։ Այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները բնական երեւույթ են, մեկ ժամ հետո կվերցնենք էս մի դիրքը, մի ժամ հետո կարող ենք թողնել, եւ այլն»,- ընդգծեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին, ասաց, որ քաղաքակիրթ աշխարհի արձագանքները Ադրբեջանի վայրագություններին, արգելված զինատեսակների կիրառմանը, բավականին տեղին են, դրանով զբաղվում են մեր համապատասխան մարմինները։ «Բայց պետք է շեշտել, որ երեկ ու այսօր Ստեփանակերտն ու Արցախի այլ քաղաքներ մի քանի անգամ ենթարկվել են կասետային արկերով հրետակոծությունների»,- նշեց Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ զոհերի մասին հայտնում ենք հստակեցումից հետո՝ առանց որեւէ վայրկյան սպասելու։
21:24 - 03 հոկտեմբերի, 2020
Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ Սիրիայի ԱԳՆ |tass.ru|

Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ Սիրիայի ԱԳՆ |tass.ru|

Սիրիան զգուշացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին: Այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հեռարձակել է SANA գործակալությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական հակասությունների սրման։ Սիրիան կոչ է անում Երևանին և Բաքվին միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիան նվազեցնելու և տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոն լինի, որ չընկնի թուրքական ծուղակը, և պատասխանի հակամարտության զսպման ու երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնություններին»,- ասվում է Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։  
20:00 - 03 հոկտեմբերի, 2020
Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում․ Արցախի ԱԳ նախարար

Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում․ Արցախի ԱԳ նախարար

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ, մեխանիզմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Նա նշեց, որ Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում, այսինքն՝ Թուրքիայի ձեռքին է։ Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք հայկական դիվանագիտությունը շարունակել բանակցությունները այս ստատուս-քվոյի պայմաններում, Մայիլյանն ասաց, որ առնվազն պետք է վերականգնել առաջնագիծը, և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։ «Պետք է վերականգնվի 1994-ի այն գիծը, որ հաստատվել էր և համաձայնեցվել էր կողմերի միջև։ Եվ 2016-ին այդ գծի խախտման պատճառով է, երբ Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, որ 4 տարի հետո էլի պատերազմ սկսեն։ Որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմի շրջանում,- նշեց Արցախի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ունենք նոր գործոն․ Թուրքիա։ Եթե ՌԴ-ն այն ժամանակ ավելի հեշտ կարող էր, այսպես ասած, համոզել Ադրբեջանին, որ համաձայնեն գնալ խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար խնդիր է դրված․ համոզել Էրդողանին, հիմա ավելի խոշոր խաղացող է հայտնվել Հարավային Կովկասում։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է խաղաղություն պարտադրվի, Մասիս Մայիլյանը ընդգծեց, որ խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում։ «Երկրորդ ձևը, եթե խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, միջազգային տարբեր գործիքակազմերը, ինչպես ասում ենք, համոզելը, սանկցիաները»,- ասաց նախարարը։
19:34 - 03 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում. Փայլանը խաղաղության կոչ է անում |armenpress.am|

Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում. Փայլանը խաղաղության կոչ է անում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նկատում է, որ Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն անում են պատերազմի քարոզչություն, ինչը մեծ հանցանք է: Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ իր տարածած հաղորդագրությամբ Փայլանը խաղաղության կոչ է անում: «Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով շարունակվող լարվածությունը, դժբախտաբար, վերջին օրերին գնում է դեպի պատերազմ։ Հակառակ ողջ աշխարհի հակամարտության դադարեցման ու հրադադարի կոչերին՝ ԱՔՓ-ՄՀՓ դաշինքը (Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցություն և ազգայնամոլ Ազգայնական շարժում կուսակցություն –խմբ.) բացահայտորեն ռազմատենչ պահվածք է որդեգրել՝ մեր երկրի հարևաններ հանդիսացող Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա լարվածության նկատմամբ։ Իշխանությունը բացահայտորեն պատերազմի քարոզչություն է իրականացնում՝ իր ռազմատենչ ընթացքով, Հայաստանի դեմ բացահայտ թշնամական հայտարարություններով և նեցուկ լինելով պատերազմին՝ փոխանակ երկրներին հրադադարի ու բանակցության կոչ ուղղելու»,-նշել է Փայլանը: Նա շեշտել է, որ ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքի համաձայնագրի 20-րդ հոդվածի, որը ստորագրել է նաեւ Թուրքիան, և որը Սահմանադրության 90/4 հոդվածի համաձայն գերակա է ներքին իրավունքին, պատերազմի որեւէ քարոզչություն արգելված է օրենքով։ Փայլանը շեշտել է, որ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները հանցանք են գործում՝ իրականացնելով պատերազմի քարոզչություն։ Փայլանը նշել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ու դրա ներկայացուցիչները մշտապես պաշտպանել են խաղաղությունը: «Իմ ընկերներն ու ես կյանքի ու քաղաքականության բոլոր ոլորտներում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, ընդդիմանալով պատերազմին, տևապես պաշտպանել ենք խաղաղությունը և պիտի շարունակենք պաշտպանել։ Այն բոլոր հարցերում, որոնց շուրջ իշխանությունները կողմ էին հակամարտության, բռնության եւ ռազմի քաղաքականությանը, ինչպես Էգեականի հարցը, Քրդական հարցը, Ղարաբաղյան հարցը, միշտ կողմ ենք եղել խաղաղ լուծման։ Հակամարտության առաջին պահից իսկ, ջանք թափեցի փոխելու Թուրքիայի դիրքը այս պատերազմի նկատմամբ, որի հետևանքով հայ ու ադրբեջանական ժողովուրդները պիտի մեծ կորուստներ ունենան»,-նշել է նա: Փայլանը նկատել է, որ թուրքական իշխանությունը ռազմական քաղաքականությամբ ողջ երկիրն ու ողջ տարածաշրջանը դեպի խավար է առաջնորդում։ «Նրանք, որոնք պատերազմի կոչ են հնչեցնում, կփորձեն լռեցնել խաղաղության ձայն բարձրացնել փորձողներին։ Ինչ, որ անենք ես ու ընկերներս, պիտի շարունակենք «խաղաղություն» գոչել։ Որովհետեւ պատերազմը չունի հաղթող, իսկ խաղաղությունը՝ պարտվող»,-ասել է նա: Փայլանը նկատել է, որ ինչ-որ շրջանակներ փորձում են լռեցնել իրեն: «Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում այս հայտարարությունը: Հակառակ այս իրողության՝ չեմ նահանջելու պատասխանատվություն ստանձնել՝ պատերազմները կանխելու համար։ Անձիս դեմ հավանական բոլոր հարձակումների պատասխանատուն, իշխանությունների չափ, ԱՍԱՄ եւ նման կազմակերպություններն են, որոնք անցյալի ատելության հարձակումների պատասխանատուներն էլ էին»,-գրել է Փայլանն ու կոչ արել բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղությանը, որպեսզի խաղաղությունը պաշտպանելու համար բարձրացնեն իրենց ձայնը՝ ընդդեմ պատերազմի։
14:54 - 03 հոկտեմբերի, 2020
Հրետակոծության հետևանքով միջազգային լրատվամիջոցները չեն կարողանում մուտք գործել Ղարաբաղ |armenpress.am|

Հրետակոծության հետևանքով միջազգային լրատվամիջոցները չեն կարողանում մուտք գործել Ղարաբաղ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային լրատվամիջոցների խումբը չի կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որին հայտնել է տեղում աշխատող լրագրողներից մեկը: «Մենք նախօրեին դուրս ենք եկել Երևանից, սակայն հայտնի դարձավ, որ ճանապարհը հրետակոծության տակ է, ռումբը դիպել է կամրջին: Մենք ստիպված եղանք գիշերել Գորիսում»,-հայտնել է լրագրողը: Խմբում են «BBC»-ի, «SkyNews»-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Արցախի տեղեկատվական կենտրոնը հաստատել է տեղեկությունը: «Նրանք (Ադրբեջանը-խմբ.) արդեն սկսել են կրակ բացել մեծ ավտոբուսների ուղղությամբ, «Press» գրառումն այլևս չի փրկում: Դրա համար շատ վտանգավոր է: Հնարավոր կլինի կազմակերպել նրանց տեղափոխումը, դեռ պարզ չէ»,-հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը:  
14:29 - 03 հոկտեմբերի, 2020
Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները |azatutyun.am|

Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ պատրաստ է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները ցանկացած ձևաչափով կազմակերպելու հարցում: «Ես դիմում եմ երկու երկրների ղեկավարներին հնարավորինս արագ կրակը դադարեցնելու և երկխոսությունը վերականգնելու կոչով: Թբիլիսին կարող է դառնալ ցանկացած տարբերակով բանակցություններ անցկացնելու վայրը, մենք պատրաստ ենք անել այն, ինչ կցանկանան կողմերը», - Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է նախագահը: Սալոմե Զուրաբիշվիլին նաև դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ընդգծելով նրանց հատուկ առաքելությունը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու խնդրում: Վրաստանի նախագահը Եվրոպական միությանը կոչ է արել աջակցել կրակի դադարեցմանը, քանի որ անդրկովկասյան բոլոր երեք երկրները ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցներ են: «Մեր կայունությունը, այս տարածաշրջանում անդորրը խիստ անհրաժեշտ են Եվրոպական միությանը, որը պետք է բոլոր ջանքեր գործադրի հանուն խաղաղության և լարվածության թուլացման», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
14:02 - 03 հոկտեմբերի, 2020
Վրաստանը պաշտոնական հայտարարություն է տարածել ռազմական բեռներ տեղափոխելու վերաբերյալ |aliq.ge|

Վրաստանը պաշտոնական հայտարարություն է տարածել ռազմական բեռներ տեղափոխելու վերաբերյալ |aliq.ge|

aliq.ge: Հայ-ադրբեջանական հակամարտության առիթով Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել, որի քննարկման հիմնական թեման հայ-ադրբեջանական հակամարտությունն է եղել: Նիստից հետո մի քանի հարցերի վերաբերյալ հայտարարություններ են արվել: «Վրացական կողմը տարիներ շարունակ մշտապես կատարել է իր միջազգային պարտավորությունները, այդ թվում` հարևան Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ: Մասնավորապես, Վրաստանի տարանցիկ երկրի գործառույթը կարևոր գործոն է երկու երկրների զարգացման համար: Այսօր նույնպես Վրաստանի տարածքով քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումները անխափան և անվտանգ իրականացվում են ցանկացած, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ուղղությամբ: Հատկանշական է, որ հակամարտության սրացման պահից Վրաստանի կողմից քաղաքացիական օդային բեռնափոխադրումների նպատակով որևէ տեսակի սահմանափակում չի սահմանվել և չի սահմանվի: Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, էսկալացիայի սկսվելուն պես, ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու համար թույլտվությունների տրամադրումը սեփական ՝ օդային և ցամաքային տարածքով երկու երկրների ուղղությամբ: Այս մասին կողմերը տեղեկացված են եղել: Վրացական կողմը ցանկացած այլ միջազգային տարանցիկ բեռների հետ կապված ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները: Մեր ընդհանուր շահն է արագ ավարտել ռազմական բախումները և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում», — ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։
13:09 - 03 հոկտեմբերի, 2020