ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Այս պահին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին․ ՄԻՊ

Այս պահին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին․ ՄԻՊ

Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։    Բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։   Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին։   Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ 4 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝  «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։ 
15:18 - 23 նոյեմբերի, 2022
3 ոստիկան ազատվել է աշխատանքից, մեկ ծառայողի նկատողություն է տրվել

3 ոստիկան ազատվել է աշխատանքից, մեկ ծառայողի նկատողություն է տրվել

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը։ Այն վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Նիստին մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության չորս աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին` երեք ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ՝ «Նկատողություն»։
17:58 - 21 նոյեմբերի, 2022
Ոստիկաններին հաջողվել է կանխել Պեմզաշենում երեք սպանության մեջ մեղադրվողներից մեկի տունը հրկիզելու փորձը

 |armenpress.am|

Ոստիկաններին հաջողվել է կանխել Պեմզաշենում երեք սպանության մեջ մեղադրվողներից մեկի տունը հրկիզելու փորձը |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած երեք սպանության մեջ մեղադրվողներից մեկի տունը հրկիզելու փորձը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նշեցին, որ նոյեմբերի 20-ին Պեմզաշեն գյուղում հերթապահություն իրականացնելիս ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 5 անձի, ովքեր, կոտրելով պատուհանը` պատրաստվում էին բենզինով այրել տունը։ «Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- ասացին ոստիկանությունից: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 20-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանները նկատել են, որ մի քանի կին մոտեցել են նշված տանը, նրանցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն, ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։ Ըստ նույն տեղեկությունների՝ տունը պատկանում է երեք սպանությունների մեջ մեղադրվող, կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։  Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։ Ոստիկանությունը ձերբակալել էր պեմզաշենի երկու բնակչի։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել։ Սպանության մեջ մեղադրվողներից մեկը խոստովանական ցուցմունք է տվել:
16:31 - 21 նոյեմբերի, 2022
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տեղակալներ, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարներ։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ բարձր գնահատեց խորհրդի աշխատանքը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ Նա հատկապես ընդգծեց համացանցի միջոցով թմրամիջոցների առուվաճառքի խնդիրը։ Վահե Ղազարյանը նշեց, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, ինչի արդյունքում արդեն կան համացանցի միջոցով թմրաշրջանառության դեպքերի բացահայտումներ։ ՀՀ ոստիկանության պետը խորհրդի նիստի անդամներին կառուցողական և արդյունավետ աշխատանք մաղթեց։ Ելույթ ունեցավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նա շնորհակալություն հայտնելով Հայաստանի ոստիկանությանը ջերմ ընդունելության համար՝ անդրադարձավ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքներին։ Վալերի Սեմերիկովը հատկապես կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային միջոցառումը, որի շրջանակում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր։ Վալերի Սեմերիկովի առաջարկությամբ խորհրդի նախագահ ընտրվեց ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Խրապովը։ Խորհրդի նիստում քննարկվեցին 2022 թվականին ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի փոփոխության հիմնական միտումների, «Կանալ» հակաթմրանյութային գործողության, ՀԱՊԿ հիմնական գործունեության պլանի կատարման մասին հարցեր։ Խորհրդի նիստի ավարտին ընդունվեցին համապատասխան որոշումներ։
22:41 - 18 նոյեմբերի, 2022
Դեպքից ժամեր անց 32-ամյա տղամարդը մեկնել է Երևան, 32 000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան․ Ոստիկանությունը Պեմզաշենի դեպքից մանրամասներ է ներկայացրել

Դեպքից ժամեր անց 32-ամյա տղամարդը մեկնել է Երևան, 32 000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան․ Ոստիկանությունը Պեմզաշենի դեպքից մանրամասներ է ներկայացրել

Ոստիկանությունն անդրադարձել է Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքին, երբ սպանվեցին 31-ամյա մայրը, 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին: Ոստիկանության անդրադարձը՝ ստորեւ. « 2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում բնականոն դասապրոցես էր։ Հետո պարզվեց, որ դպրոցի լավագույն երկու աշակերտներ բացակա են, իսկ նրանց մայրը՝ Պեմզաշենի առողջության կենտրոնի աշխատակցուհի Զարինե Մելիքսեթյանը, աշխատանքի չէր եկել։ Հանգամանքներ, որոնք կասկածելի թվացին թե՜ աշխատավայրում, թե՜ դպրոցում։ «Զառա Մելիքսեթյանը, լինելով պարտաճանաչ աշխատող, թեկուզ 10 րոպե ուշացման դեպքում միշտ տեղեկացնում էր։ Ինձ համար շատ արտառոց թվաց։ Դրա համար 3-4 անգամ զանգեցի, չպատասխանեց, հետո հաշվապահի միջոցով զանգ տվեցի աղջկան։ Աղջիկը ևս չպատասխանեց, նորից զանգեցի, չպատասխանեց։ Բուժքրոջը կանչեցի, զանգեց իր ամենամոտ հարևանին»,-պատմում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։«Երեխաներն առավոտյան չէին ներկայացել առաջին ժամին։ Մեզ մոտ, որպես կանոն, առավոտյան աշակերտների հաշվառումից հետո դասղեկները տեղյակ են պահում, որ այս դասարանում այսքան բացակա ունենք։ Ներկայացվեց նաև այդ երկու աշակերտների բացակայության մասին։ Անհանգստացած՝ փորձեցինք կապ հաստատել ծնողի հետ։ Զանգերը մնացին անպատասխան»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։«Ժամը 12-ի կողմերը հիվանդանոցից զանգեցին, ասացին գործի չի եկել Զարինեն։ Ես էլ գնացի տեսնեմ, թե որտեղ կլինի՝ տանը, հարևանի տանը կամ մեքենայով տեղ է գնացել։ Դուռը, պատուհանները խփեցի, չբացեցին: Մյուս դուռը ցելոֆանով փակած էր, ճղեցի, դուռը բացվավ, կահույքը հրեցի, ներս մտա։ Ներս մտնելուն պես տեսա, որ բոլորը մահացած էին…»,-պատմում է հարևանուհին՝ Ռուզաննա Ադամյանը։Քանի որ տան դուռը կողպված էր, հարևանուհին ներս էր մտել ոչ թե հիմնական մուտքով, այլ մեկ այլ դռնով։ Դիակները հայտնաբերելուց հետո գյուղացիները «911» ծառայություն, շտապօգնություն և ոստիկանություն էին զանգել։Ժամը 12․30-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը Պեմզաշենի 1-ին փողոցի 10-րդ տանը հայտնաբերեց 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի դիակները։ Մարմինների վրա կային կտրած-ծակած վնասվածքներ, կապված էին մոր ձեռքերը, իսկ որդու ոտքերն ու ձեռքերը։Առանձնակի դաժանությամբ կատարված և հասարակական մեծ հնչողություն ստացած հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով Պեմզաշեն մեկնեցին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա բաժինների ծառայողներ և դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցներ։«Հանցագործության բացահայտման նպատակով տեղում կազմվել են օպերատիվ խմբեր, որոնց միջոցով անց են կացվել օպերատիվ հարցումներ համայնքի բոլոր բնակիչների շրջանում։ Միաժամանակ մեր կողմից վերծանվել են դեպքի վայրի մոտակայքում առկա բոլոր տեսանկարահանող սարքերը»,-ասում է ոստիկանության Արթիկի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արտյոմ Մաթիլյանը   Բացահայտման աշխատանքների ընթացքում քննարկվեցին տեղի ունեցածի մի շարք վարկածներ։ Համադրելով հավաքագրված փաստերը՝ ոստիկանները հանգեցին եզրակացության, որ հանցագործը կամ հանցագործները նույն գյուղից են։«Շարունակելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ մեր կողմից վեր են հանվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաև հոգեկան շեղումներ ունեցող անձանց տվյալները»,-ասում է Արտյոմ Մաթիլյանը։Մինչ որոշ ԶԼՄ-ներ հայտնում էին՝ իբր տեղի է ունեցել դիվերսիա և հանցագործները այլ երկրից են, իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում արդեն կար կասկածվողների շրջանակ։ Ի դեպ, բացահայտման շուրջօրյա աշխատանքներում ոստիկանության հետ սերտ համագործակցության մեջ էին ինչպես իրավապահ տարբեր կառույցներ, այնպես էլ ողջ համայնքը։Կասկածյալների շրջանակն աստիճանաբար նեղանում էր, և նոյեմբերի 12-ին Արթիկի Բաղրամյան փողոցում, սպանություններ ու գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց Պեմզաշենի 32-ամյա մի բնակիչ։ «Նրա հետ անցկացված հարցման ընթացքում նկատեցինք ուսի շրջանում թարմ մարմնական վնասվածք, որը նման էր կտրած-ծակած վերքի»,-ասում է Արտյոմ Մաթիլյանը։32-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնեց, որ վնասվածքը ստացել է իր տանը շինարարական աշխատանքներ կատարելիս՝ լինգով։ Նաև ոստիկաններին ներկայացրեց լինգը։ Տղամարդու վարքը կասկածելի էր, իսկ ուսի թարմ վնասվածքը նման էր ոչ թե լինգի, այլ կտրող-ծակող ինչ-որ առարկայով հասցված վերքի։Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ 32-ամյա պեմզաշենցին դեպքից ժամեր անց եղել է Երևանում։«32-ամյա տղամարդը նախ չընդունեց, որ եղել է Երևանում, որ առնչություն ունի դեպքի հետ, սակայն անհերքելի փաստերի ճնշման տակ, ինչպես նաև բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանեց ամբողջ կատարածը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։Ըստ պեմզաշենցի 32-ամյա տղամարդու՝ նոյեմբերի 8-ի երեկոյան հանդիպել էր իր ազգական, նույն գյուղի 41-ամյա բնակչին և հայտնել, որ փողի կարիք ունի։ 41-ամյա ազգականն ասել էր, որ ինքը մի տեղ գիտի, որտեղից կարելի է գումար վերցնել։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ազգականի «ԲՄՎ»-ով գնացել էին Զարինե Մելիքսեթյանի տան ուղղությամբ, կայանել տնից փոքր-ինչ հեռու։ Սպասել էին որոշ ժամանակ և երկուսով անարգել տուն մտել, քանի որ դուռը բաց էր եղել։Ըստ նախնական տվյալների՝ միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու ձեռքերն ու ոտքերը։ 32-ամյա տղամարդը դանակահարված և ձեռքերը կապված կնոջը տեղափոխել էր ննջարան:Կնոջը թողնելով ննջարանի հատակին՝ 32-ամյա տղամարդը վիրավոր մոր աչքի առաջ դանակի 3 հարված էր հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել էր, դանակի ևս մի քանի հարված հասցրել էր ընկած կնոջը, որը նույնպես մահացել էր։Այս ամենից հետո արձակել էր 12-ամյա աղջկա ձեռքերը, տեղափոխել տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև հարցրել էր երեխային՝ ճանաչո՞ւմ է իրեն։ Ստանալով դրական պատասխան՝ դանակի երեք հարված էր հասցրել նաև նրան ու սպանել։Աղջնակի սպանությունից հետո Զարինե Մելիքսեթյանի պարանոցին նկատելով ոսկյա շղթա՝ հափշտակել էր, ապա բանալիով դրսից կողպել տան դուռն ու հեռացել։ Գնացել էր տուն, հանել արնոտված կոշիկները, իսկ հանցագործության գործիք դանակը դրել խոհանոցի դարակներից մեկում։Ըստ 32-ամյա տղամարդու՝ այդ գործողությունների ընթացքում ընկել էր, ինչի հետևանքով ձեռքին եղած դանակով ուսի շրջանում վնասել էր ինքն իրեն։«Պարզեցինք, որ դեպքից ժամեր անց 32-ամյա տղամարդը մեկնել է Երևան, որտեղ 32 000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան։ Այդ գումարի մի մասը մայրաքաղաքում ծախսել էր անձնական զվարճանքի համար, ինչից հետո վերադարձել էր Պեմզաշեն»,-ասում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։32-ամյա պեմզաշենցու խոստովանությունից հետո ոստիկանները ձերբակալեցին նաև 41-ամյա տղամարդուն։32-ամյա տղամարդու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով դանակ ու կոշիկներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։32-ամյա և 41-ամյա տղամարդիկ կալանավորվել են։Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Հ.Գ.-Պեմզաշենում Զարինե Մելիքսեթյանի մասին միայն դրական խոսքեր էին ասում: Դրական էին արտահայտվում նաև իրավապահների կատարած ծավալուն աշխատանքի մասին:«Զառան հայ կնոջ օրինակելի կերպար էր։ Աշխատասեր, ընտանիքին նվիրված, լավ մայր… Էս դեպքից հետո կարծես ամբողջ գյուղը մշուշի մեջ լիներ։ Ոչ ոք չէր մտածում, որ էս առեղծվածային սպանությունը կարող է բացահայտվել։ Մեր ոստիկանությունը, քննչականը, քրեականը, ազգային անվտանգությունը, բոլորը… Իրենց շնորհիվ այս ամենը բացահայտվեց։ Հանցագործը ձերբակալվեց։ Մեր բնակչության խիղճը մի քիչ հանգստացավ»,-ասում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։«Մենք ականատես ենք եղել, թե ինչ դաժան ու ծանր աշխատանք տարան բոլոր տղաները՝ 24 ժամ շարունակ, ամբողջ այս օրերի ընթացքում, համագործակցված մեզ հետ։ Դպրոցը, ամբողջ կոլեկտիվով, միշտ կողքներին ենք եղել: Շատ շնորհակալ ենք բոլոր աշխատակիցներին, բոլորին։ Մեր համակարգը գործեց օպերատիվ, որ ստացանք այս արդյունքը»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։
18:37 - 17 նոյեմբերի, 2022
Պեմզաշենում սպանություններ կատարած անձը խոստովանել է կատարածը․ ևս մեկ անձի հայտնաբերելու համար որոնողական աշխատանքներ են տարվում․ՀՀ ոստիկանություն

Պեմզաշենում սպանություններ կատարած անձը խոստովանել է կատարածը․ ևս մեկ անձի հայտնաբերելու համար որոնողական աշխատանքներ են տարվում․ՀՀ ոստիկանություն

Պեմզաշենում սպանություններ կատարած անձը խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։   «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները:   Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:   Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:   Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:   Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Դեպքի մանրամասները՝ առաջիկայում», - նշված է հաղորդագրության մեջ:
21:00 - 12 նոյեմբերի, 2022
Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ակնկալվում է քաղաքացիների աջակցությունը. խոստանում են դրամական պարգև

Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ակնկալվում է քաղաքացիների աջակցությունը. խոստանում են դրամական պարգև

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների ներկայացուցիչներ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում հետևողականորեն իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները րոպե առաջ պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությունը դիմում է հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը։ Դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում կամ զանգել 1-02, 010 59-06-60 հեռախոսահամարներով։ Կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է, ինչպես նաև կտրվի դրամական պարգև։
13:55 - 11 նոյեմբերի, 2022
Իրանի դեսպանը ողջունել է Մեղրիում ՀՀ ոստիկանության համացանցի միջոցով թմրաշրջանառության պայքարի ստորաբաժանման ստեղծումը

Իրանի դեսպանը ողջունել է Մեղրիում ՀՀ ոստիկանության համացանցի միջոցով թմրաշրջանառության պայքարի ստորաբաժանման ստեղծումը

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը նոյեմբերի 9-ին  ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունն իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականին Իրանի ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ «ՀՀ ոստիկանության պետը խոսեց թմրամիջոցների դեմ պայքարի մասին։ Նա նշեց, որ քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է նոր վարչություն, որի հիմնական գործառույթն է սոցցանցերում և տեղեկատվական հարթակներում ապօրինի թմրաշրջանառության դեպքերի կանխումն ու բացահայտումը։ Վահե Ղազարյանը շեշտեց, որ այդ վարչության կազմում նախատեսվում է ստեղծել բաժանմունք, որը տեղակայված կլինի Մեղրիում։ ՀՀ ոստիկանության պետը խոսեց նաև համագործակցության մյուս ուղղությունների մասին և մատնանշեց այս տարի Հայաստանում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտման մասին, որի աշխատանքներին ներգրավված են եղել նաև Իրանի իրավապահներն ու դեսպանատունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Աբբաս Բադախշան Զոհուրին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է  հայ-իրանական սերտ հարաբերությունները, որոնք օրըստօրե ավելի են զարգանում։ Ողջունելով Մեղրիում ոստիկանական մասնագիտական ստորաբաժանման ստեղծումը՝ նա նշել է, որ այն առավել կբարձրացնի անվտանգության մակարդակը սահմանին, և այդ ուղղությամբ հայտնել է իրանական կողմի աջակցությունը։ Նշվում է, որ դեսպանը խոսել է նաև թմրամիջոցների և ահաբեկչության դեմ Իրանի իրավապահների պայքարի մասին։ Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
19:23 - 09 նոյեմբերի, 2022
Ոստիկանության բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել |hetq.am|

Ոստիկանության բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Վահան Խալաֆյանի գործով այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքներն արդյունավետ չքննելու և մեղավորներին պատասխանատվության չենթարկելու պայմաններում, ՄԻԵԴ-ն արձանագրել է Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված` կյանքի և խոշտանգումների արգելքի իրավունքների խախտում: Հայաստանի կառավարությունը տուժողի իրավահաջորդներին` Վահանի մորը և ազգականներին, պետք է վճարի 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Վահան Խալաֆյանի ազգականների իրավունքները ՄԻԵԴ-ում ներկայացրել են փաստաբան Արա Ղազարյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: 2010թ. ապրիլի 6-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գողության դեպքի առթիվ: Ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը և ևս երեք անձ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին: Վահան Խալաֆյանը ձերբակալվել է: Սակայն համապատասխան մատյանում որևէ գրառում այդ մասին չի կատարվել: Վահան Խալաֆյանը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունք տալ, ինչի հետևանքով ոստիկանության բաժնում` քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ բռունցքներով և ոտքերով հարվածելով մարմնի տարբեր մասերին: Ավելի ուշ կազմվել է անձին ոստիկանություն բերման ենթարկելու արձանագրություն, որտեղ ոստիկանություն բերման ենթարկելու ժամը կեղծվել է: Կարճ ժամանակ անց, պաշտոնական վարկածի համաձայն, Վահան Խալաֆյանը, աշխատասենյակի պահարանից վերցնելով այնտեղ պահվող խոհանոցային դանակը, երկու անգամ հարվածել է իր որովայնին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տեղում նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա` շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են Չարենցավանի բժշկական կենտրոն, սակայն վերջինիս կյանքը փրկել չի հաջողել և նա ստացված մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Խալաֆյանի մայրը և հարազատները վիճարկել են պաշտոնական վարկածը և պնդել, որ իրականում Վահան Խալաֆյանը կորցրել է գիտակցությունը վատ վերաբերմունքի հետևանքով ստացած գլխուղեղի վնասվածքի պատճառով: Հանցագործությունը կոծկելու համար ոստիկանները որոշել են ինքնասպանության շղարշ ստեղծել՝ Վահան Խալաֆյանի որովայնին երկու անգամ դանակահարելով։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետը, բացի դանակի հարվածների հետևանքով առաջացած վնասվածքներից, այլ վնասվածքներ ևս արձանագրել էր Խալաֆյանի մարմնի տարբեր մասերին: Մեղադրանք է առաջադրվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորես Հայրապետյանին, ավագ օպերլիազորներ Գարիկ Դավթյանին  և Գագիկ Ղազարյանին: Ըստ մեղադրական եզրակացության` հանդիսանալով պաշտոնատար անձինք, ակնհայտ դուրս գալով պաշտոնական լիազորությունների շրջանակներից՝ բռնություն են գործադրել բերման ենթարկված անձի նկատմամբ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2010թ. Աշոտ Հարությունյանին դատապարտել էր ազատազրկման` 8 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Մորես Հայրապետյանն ազատազրկվել էր 2 տարով, իսկ Գարիկ Դավթյանն ու Գագիկ Ղազարյանը ճանաչվել էին անմեղ և արդարացվել էին: Վերաքննիչ դատարանը 2011թ. տուժող Խալաֆյանի իրավահաջորդների և մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքները մերժել է`ուժի մեջ թողելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանը Մորես Հայրապետյանի նկատմամբ կիրառել է համաներում և ազատել պատժից, իսկ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատել էր 1/3-րդով: Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր բողոքները` այդպիսով օրինական ուժ տալով վերաքննիչ դատարանի որոշմանը: Դրանից հետո միայն Վահան Խալաֆյանի հարազատները դիմել են ՄԻԵԴ` հիմնավորելով, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելք) հոդվածները: Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը պնդել է, որ դիմումատուները չեն կարող պնդել, որ իրենք եղել են Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման զոհ, քանի որ հետաքննությունը պարզել է Վահան Խալաֆյանի մահվան և դաժան վերաբերմունքի հանգամանքները, մեղավորները պարզվել և պատժվել են: Խալաֆյանի հարազատները համաձայն չէին Կառավարության դիրքորոշման հետ, որ Վահան Խալաֆյանի դաժան վերաբերմունքի և մահվան բոլոր մեղավորները բացահայտվել և պատժվել են: Նրանք պնդել են, որ հետաքննությունը մանրակրկիտ և արդյունավետ չի եղել, և մի շարք կարևոր հարցեր մնացել են անպատասխան։ Քննչական մարմնի կողմից քննարկվել է միայն մեկ վարկած, այն է՝ ինքնասպանությունը և ձեռնարկված բոլոր քննչական միջոցառումներն ուղղված են եղել կոնկրետ այդ վարկածը հաստատելուն։ Միայն չորսն են կանգնել դատարանի առաջ, որոնցից երկուսն արդարացվել են, իսկ մեկը՝ ազատազրկվել, բայց նույնիսկ նա համաներում է ստացել: Որևէ մեկը չի պատժվել խոշտանգումների համար: «Եթե ​​ներպետական ​​քրեական օրենսդրությունը խոշտանգումը նախատեսեր որպես առանձին հանցագործություն, ապա նման արարքների համար պատժվողները համաներման իրավունք չէին ունենա»,- ՄԻԵԴ-ին հայտնել են Խալաֆյանի իրավահաջորդները: Դանակահարված վերքերի բնույթն ու դիրքը նույնպես կասկածներ են առաջացրել, որ դրանք կարող էին հասցվել այդքան կարճ ժամանակում։ Դանակի բռնակի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, թեև տուժողը, իբր, պահել է դանակը, և ոստիկաններից մեկը նույնպես բարձրացրել է այն՝ նորից պահարան դնելու համար: Խալաֆյանի հարազատները պնդել են, որ հետքերը մաքրվել են։ Միջադեպը վերարտադրելու վերաբերյալ նրանց խնդրանքը, որը թույլ կտար պարզել, թե հնարավո՞ր է Վահան Խալաֆյանի կողմից այդքան կարճ ժամկետում կատարել բոլոր գործողությունները, ինչպես պնդում էին ոստիկանները, մերժվել են առանց հիմնավոր պատճառների։ Մի շարք իրարամերժ ցուցմունքներ ևս չեն պարզաբանվել, իսկ տուժողի կրած բաճկոնն անհետացել է։ Դաժան վերաբերմունքի ոչ բոլոր հանգամանքներն են հետաքննվել։ Պնդել են, որ իրենց իրավունքներն անհիմն կերպով սահմանափակվել են վերաքննիչ վարույթում, քանի որ վերաքննիչ դատարանը կիրառել է արագացված ընթացակարգ և գործը քննել է վճռաբեկության կանոններով, այլ ոչ թե լիարժեք դատաքննություն անցկացնելու։ Ներպետական ​​դատարանները բացահայտորեն չեն ճանաչել տուժողի կյանքի իրավունքի խախտումը և արդար, համարժեք և համաչափ պատիժներ չեն նշանակել։ «Վահան Խալաֆյանի մահվան պատասխանատվությունը կրում են իշխանությունները՝ անկախ մահվան հանգամանքներից և պատճառներից և այն հանգամանքից՝ դա տեղի է ունեցել ինքնասպանության կամ դաժան վերաբերմունքի հետևանքով»,- նշել են դիմումատուները: Կառավարության ներկայացուցիչն ընդունել է, որ կա ուղղակի պատճառահետևանքային կապ ոստիկան Աշոտ Հարությունյանի ապօրինի գործողությունների և Վահան Խալաֆյանի ինքնասպանության միջև, սակայն պնդել է, որ ոստիկանները չգիտեին և չէին կարող իմանալ Վահան Խալաֆյանի հոգեբանական վիճակի մասին։ Նրանք չէին կարող իմանալ, որ ճնշումների և իրեն հասցված թեթև վնասվածքների հետևանքով նա կարող էր դանակահարել իրեն։ ՄԻԵԴ-ը նշել է, որ անազատության մեջ գտնվող անձինք խոցելի վիճակում են, և իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրանց: Հետևաբար, երբ անհատը լավ առողջական վիճակով բերման է ենթարկվում ոստիկանություն և պարզվում է, որ նա վնասվածք է ստացել անազատության մեջ, պետության պարտականությունն է արժանահավատ բացատրություն տալ, թե ինչպես են այդ վնասվածքները պատճառվել: Անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ վատ վերաբերմունքի համար իշխանությունների պարտավորությունը հատկապես խիստ է, երբ անձը մահանում է: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
18:39 - 08 նոյեմբերի, 2022
Անձնագրային և վիզաների վարչությունում գործելու է էլեկտրոնային հերթագրում

Անձնագրային և վիզաների վարչությունում գործելու է էլեկտրոնային հերթագրում

Նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Նոյեմբերի 14-ից 18-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը՝ մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը՝ «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ  ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄ» և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին ներկայանալու համար։ Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները. այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։
13:42 - 08 նոյեմբերի, 2022