ՅՈՒՆԻՍԵՖ

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծվել է 1946 թվականին՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերից է համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը՝ նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը: 1994 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հետ համագործակցությունը սկսեց երկամյա ծրագրով, որն ուղղված էր այն ժամանակ երկրում գերակա արտակարգ իրավիճակի խնդիրներին: 1995 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունն ու կրթությունը: Գործունեության ոլորտներն են՝ առողջապահություն, կրթություն, նախադպրոցական կրթություն, երեխաների պաշտպանություն, արդարադատության մատչելիություն, սոցիալական պաշտպանություն և մանկական աղքատություն, երեխայակենտրոն բյուջետավորում, երեխաների իրավունքների մշտադիտարկում, անվտանգ միջավայրի ստեղծում:

ԿԳՄՍ նախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցին

ԿԳՄՍ նախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ինչպես ոլորտային ծրագրերին, այնպես էլ բարդ ժամանակներում առաջացած լրացուցիչ մարտահրավերներին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է կազմակերպության դերը «ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» մշակման և այդ աշխատանքների իրականացման գործում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը շեշտել է ակտիվ համագործակցությունը «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education») ծրագրի շրջանակում և ընդգծել կազմակերպության ջանքերը «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքների» աշխատանքային խմբի համանախագահությունում: «Պատրաստ ենք խորացնելու համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դրա կարիքը կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել կրթության ոլորտում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը: Նա ողջունել է ՀՀ կառավարության կողմից կրթական բոլոր մակարդակներում իրականացվող լայնածավալ բարեփոխումները: Ռեգինա Դե Դոմինիկիսը, մասնավորապես, առանձնացրել է ներառական և նախադպրոցական կրթության, թվայնացման ռազմավարության, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, ինչպես նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի ապահովմանն ու հանրակրթական դպրոցներում նրանց ներգրավվածությանը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող է ընդգրկվել, իսկ ավելի քան 1000 սովորողներ իրենց կրթությունը շարունակում են քոլեջներում և ուսումնարաններում: Բուհերը ևս, ըստ համապատասխան մասնագիտությունների, կազմակերպում են բռնի տեղահանված ուսանողների կրթությունը: «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգերում եղած տարբերությունները որոշակի հարցեր են առաջացնում: Հայաստանում պարտադիր է 12-ամյա կրթությունը, իսկ ԼՂ-ում պարտադիր է եղել 9-ամյա կրթությունը: Հիմա մենք խնդիր ունենք դպրոցներում ներգրավելու նաև այդ տարիքային խմբի երեխաներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու առումով կարևորելով նաև սոցիալական աշխատողների դերակատարությունը: ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նաև երիտասարդության ոլորտի աշխատանքներին ցուցաբերվող  աջակցության համար՝ հատկապես կարևորելով «Երիտասարդության մասին» օրենքի մշակման հարցում այլ երկրների օրենսդրական փորձի փոխանակման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրելու ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
15:47 - 20 դեկտեմբերի, 2023
Ներառական կրթության ոլորտում Հայաստանը ստեղծում է միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի գործիքակազմ. ԿԳՄՍ փոխնախարար

Ներառական կրթության ոլորտում Հայաստանը ստեղծում է միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի գործիքակազմ. ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ) նոյեմբերի 8-ին մասնակցել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի ամփոփմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Այն ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի մշակում և պիլոտային փորձարկում, անհատական ուսուցման պլանի նոր ձևաթղթի մշակում, 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի մշակում, լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ռեսուրս կենտրոնի վերափոխման պիլոտային ծրագրի իրականացնում և այլն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընկերներին հաջող համագործակցության համար. «Մենք հաջողությամբ ավարտել ենք ևս մեկ ծրագիր, որի արդյունքների ազդեցությունը նշանակալի է ոլորտի զարգացման համար: Ըստ միջազգային փորձագետների եզրակացությունների՝ ծրագիրն ու նոր գործիքակազմերն իրենց արդյունավետությամբ կարող են ներդրվել այլ երկրներում ևս: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը  ստեղծում է  միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի արտադրանք»: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կլինի շարունակական՝ գործիքակազմերի ընդլայնմամբ նոր խնդիրների լուծման նպատակով:
17:56 - 08 նոյեմբերի, 2023
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարդասիրական աղետ է կանխատեսել Գազայի բնակչության տեղահանման պատճառով
 |tert.am|

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարդասիրական աղետ է կանխատեսել Գազայի բնակչության տեղահանման պատճառով |tert.am|

tert.am: Գազայի հատվածի բնակչությանը մի մասից մյուսը տեղափոխվելու կոչերը չեն կարող իրականացվել առանց հումանիտար աղետալի հետևանքների, քանի որ խոսքը գնում է մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի գրասենյակի ներկայացուցիչ Սալիմ Օվեյսին։ «Նման կոչերը, եթե իրականացվեն, կհանգեցնեն Գազայի հումանիտար իրավիճակի արտակարգ սրման, քանի որ խոսքը գնում է Գազայի հյուսիսում գտնվող՝ մոտավորապես մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, նրանց համար ապահով վայրեր չկան։ ՄԱԿ-ի մասնաճյուղերը կոչ են արել հրաժարվել այս որոշումից և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ երեխաների, ընտանիքների և խաղաղ բնակիչների միջև բաշխման համար»,- նշել է Օվեյսը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտող բոլոր կողմերը, միջազգային իրավունքի համաձայն, պատասխանատու են խաղաղ բնակիչների պաշտպանության համար և պարտավոր են պահպանել երեխաների և քաղաքացիական անձանց կյանքն ու անվտանգությունը, որտեղ էլ  նրանք լինեն։ Օվեյսն ասել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Գազայի հատվածում, ինչպես եղել են մինչև հակամարտությունը։ Այս պահին նրանցից ոչ ոք չի տուժել, սակայն վնաս է հասցվել կազմակերպության ենթակառուցվածքին։ «Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը շատ բարդ է, մարդասիրական աշխատողների և կազմակերպությունների աշխատակիցների համար շատ դժվար է նույնիսկ տեղաշարժվելը, ուստի, մենք խնդրում ենք մարդասիրական զինադադար և անվտանգ միջանցքներ երեխաների և ընտանիքների համար, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենան օգնության հասնել»,- հավելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
13:48 - 14 հոկտեմբերի, 2023
Արցախից տեղահանված երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

Արցախից տեղահանված երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

Ավելի քան 30,000 երեխաներ ստիպված են եղել փախչել իրենց տներից երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ առանց անհապաղ աջակցության, նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ: Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. փաստում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող սոցիալական աշխատողները, որոնք հատուկ աջակցություն են ցուցաբերում վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած երեխաներին և նրանց ընտանիքներին: Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյուններում աշխատող սոցիալական աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը: Ավելի քան 30,000 հայ երեխա է Հայաստան ապաստանել երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում սկսած ռազմական գործողություններից ի վեր: Ի լրումն տեղահանության, այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, և ինչպես պատմում են ընտանիքները, նոր հարձակումների վախի պարբերական զգացումով: «Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա: Երեխաները տարիներ շարունակ կրելու են այս անասելի տխրեցնող իրադարձությունների հետևանքները, եթե շարունակական աջակցություն չստանան», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «Հոգեկան առողջության համաշխարհային օրվա խորհրդով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համապատասխան ներդրումներ կատարել հոգեկան առողջության և երեխաների հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ՝ հենվելով առողջապահական, սոցիալական պաշտպանության և կրթական համակարգերի վրա: Սա հավասարապես կարևոր է ոչ միայն վաղ հայտնաբերման և անհապաղ աջակցության տեսանկյունից, այլև երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ընտանիքները շարունակելու են բախվել կորստի զգացմանը և հետտրավմատիկ սթրեսի հետ»: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է համայնքներում Հայաստանի կառավարության և այլ գործընկերների հետ՝ օգնելու փախստական երեխաներին ստանալ անհրաժեշտ խնամք և ծառայություններ՝ հաղթահարելու իրենց առջև ծառացած մարտահրավերները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստում է առաջնագծում աշխատող մասնագետներին՝ հոգեբանական առաջին օգնություն և հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու համար: Առողջապահության նախարարության հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձևավորել է շարժական մանկաբուժական թիմեր, որոնք հնարավորություն կտան ամբողջ երկրում սկրինինգների միջոցով բացահայտել և արձագանքել հոգեկան առողջության կարիքներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը 12,6 միլիոն ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում՝ հետագա վեց ամիսների ընթացքում կարևոր ծառայությունների, այդ թվում՝ կրթական, երեխաների պաշտպանության, առողջապահական, սնուցման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:
12:26 - 10 հոկտեմբերի, 2023
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում երեխաների անվտանգությունն ու գոյատևումը վեր դասել բոլոր նկատառումներից
 |1lurer.am|

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում երեխաների անվտանգությունն ու գոյատևումը վեր դասել բոլոր նկատառումներից |1lurer.am|

1lurer.am:  ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին․ միջազգային մարդասիրական իրավունքում և երեխայի իրավունքներում ամրագրված սկզբունքներին համապատասխան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին ապահովել մարդասիրական հասանելիություն երեխաներին և նրանց ընտանիքներին առաջին անհրաժեշտության իրերի բաշխման համար: Այդ մասին ասված է «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մասնաճյուղի պատասխանում։ «Մենք վճռականորեն կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին և նրանց վրա ազդեցություն ունեցողներին՝ երեխաների անվտանգությունն ու գոյատևումը վեր դասել բոլոր մյուս նկատառումներից»,- նշել են ՅՈՒՆԻՍԵՖ-ից: Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։ Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
16:18 - 07 օգոստոսի, 2023
Փոխվարչապետը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին է ներկայացրել ԼՂ-ում ապրող շուրջ 30 հազար երեխաների համար շրջափակման հետևանքով ստեղծված ծանրագույն հետևանքները

Փոխվարչապետը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին է ներկայացրել ԼՂ-ում ապրող շուրջ 30 հազար երեխաների համար շրջափակման հետևանքով ստեղծված ծանրագույն հետևանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին: Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջության, կրթության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների լուծման գործում: Անդրադառնալով կրթական միջավայրի շարունակական բարելավման անհրաժեշտությանը՝ փոխվարչապետը ներկայացրել է նախադպրոցական և դպրոցական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև գործող կրթական հաստատությունների վերազինման ընթացիկ և նախատեսվող աշխատանքները՝ կարևորելով Հիմնադրամի հետ համագործակցությունը կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երեխաների իրավունքներին առնչվող ներկայումս ընթացող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ՝ ընդգծելով դրանց մշակման աշխատանքներում ձևավորված համագործակցության կարևորությունը։Փոխվարչապետ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով դրա արդյունքում այնտեղ ապրող շուրջ 30.000 երեխաների համար ստեղծված ծանրագույն հետևանքներին: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է կազմակերպության՝ Լեռային Ղարաբաղում առավել գործուն ներգրավվածության ունենալու կարևորությունը՝ իր մանդատին և առաքելությանը համապատասխան բոլոր երեխաների իրավունքները պաշտպանելու և առավել խոցելի իրավիճակում հայտնված երեխաների համար հատուկ պաշտպանություն ապահովելու նպատակով:Քրիստինե Վայգանդը, իր հերթին, բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հետ երեխաների իրավունքների ամրապնդմանը միտված արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով դրա շարունակականության վերաբերյալ՝ երկկողմ գործակցության առաջնահերթություններին և գերակայություններին համապատասխան:
18:41 - 14 հուլիսի, 2023
19 երեխաներին Արցախի ճանապարհին ահաբեկելու դեպքով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նամակներ է ուղարկել ՄԱԿ

19 երեխաներին Արցախի ճանապարհին ահաբեկելու դեպքով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նամակներ է ուղարկել ՄԱԿ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․ «Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի պատվիրակությանը։ Տիկին Վայգանդին կրկին ներկայացրի Հայաստանից Արցախ տեղափոխված 19 հայ երեխաների նկատմամբ Ադրբեջանի գործադրած էմոցիոնալ և հոգեբանական բռնությունը, որը պետք է ենթակա լինի միջազգային կառույցների թիրախային գնահատականին և դատապարտմանը։ Քննարկմանը բարձրաձայնեցի նաև այն ահազանգերը, որ ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր խոսքում նշեց, որ տեղյակ է 19 հայ երեխաներին Արցախ տեղափոխող ավտոբուս ադրբեջանցիների ներխուժման միջադեպի մասին, իմ նամակներն ուղարկել է ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բավականին ակտիվորեն ներգրավված է երեխայի պաշտպանության ոլորտը կարգավորող մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնությունների մշակման աշխատանքներում։ Անթույլատրելի և խիստ մտահոգիչ համարելով անչափահասների նկատմամբ բռնության միջադեպերը՝ տիկին Վայգանդը հույս հայտնեց, որ առաջիկա օրենսդրական փոփոխությունները, որոնց շուրջ իրենք արդեն շահագրգիռ քննարկումներ են իրականացնում, կնպաստեն բռնության կանխարգելման ուղղությամբ առաջընթացի ապահովմանը։ Հանդիպմանն ընդգծեցինք մեր պատրաստակամությունը՝ խորացնել համագործակցությունը՝ ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության»։
09:39 - 12 ապրիլի, 2023
Տիգրան Խաչատրյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների հետ քննարկել է երեխաներին ուղղված հանրային միջոցներին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների հետ քննարկել է երեխաներին ուղղված հանրային միջոցներին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել 2022-2026թթ. ՀՀ կառավարության ծրագիրը եւ ընդգծել, որ Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական եւ սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին: Մեծապես կարեւորվում են կրթության բնագավառին առնչվող` նախադպրոցական եւ դպրոցական ծրագրերը, կրթական միջավայրի բարելավման հարցերը: Քրիստինե Վայգանդն իր հերթին մեծապես կարեւորել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ երեխաներին ուղղված հանրային ծախսերի եւ բյուջետային հատկացումների հարցում: Տիկին Վայգանդը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ վերջերս հրապարակած «Ո՞րտեղ են երեխաները պետական բյուջեում» թեմայով զեկույցը: Հանդիպմանը կողմերը քննարկել են երեխայի իրավունքներին վերաբերող հանրային ֆինանսների թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 
14:22 - 23 նոյեմբերի, 2022
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին, Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ու անչափահասների արդարադատության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖԻ գործունեությունը և նախանշել Դատախազության հետ արդյունավետ համագործակցության հնարավոր ուղղությունները: Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է ոլորտային համընդհանուր բարեփոխումների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել բոլոր շահագրգիռ սուբյեկտների և մասնագետների մասնակցությամբ համատեղ միջոցառումների իրականացման, մարզերի դատախազների համար տեղերում դասընթացների կազմակերպման, իրավական ակտերի փորձաքննության, փորձագիտական և նյութատեխնիկական աջակցության բնագավառում հնարավոր համագործակցությանը: Ընդգծվել է դատախազների մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման ծրագրերում անչափահասների արդարադատության վերաբերյալ դասընթացների և ժամանակակից մեթոդաբանությամբ դրանց դասավանդման կարևորությունը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի  հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ողջունել է իրավական ոլորտում իրականացվող և սպասվող բարեփոխումներն ու պատրաստակամություն է հայտնել Դատախազության հետ սկսել առավել առարկայական համագործակցություն՝ վերոնշյալ ուղղություններով: Կողմերը պայմանավորվել են մեկնարկել ընթացիկ ակտիվ համագործակցություն և քննարկվող ծրագրերի արդյունավետ իրականացում՝ ապահովելու երեխաների իրավունքների պաշտպանությունը և անչափահասների արդյունավետ արդարադատությունը:
17:19 - 17 նոյեմբերի, 2022
Համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել. Շիրակի մարզպետը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել. Շիրակի մարզպետը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:   Մարզպետն անդրադարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը՝ կարևորելով հիմնադրամի առաքելությունը Շիրակի մարզում: «Այն առաքելությունն ու այն աշխատանքային ուղղությունը, որ նախընտրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցած տասնամյակների ընթացքում, կարևոր է եղել մեր մարզի համար, խոսքս, հատկապես, աղքատության հաղթահարման, երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառներին է վերաբերվում։ Ունենք դրական տեղաշարժ երկու առումով էլ։ Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի և վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել։ Այդ կերպ հնարավոր կլինի ոչ միայն հայտնաբերել խնդիրները, այլև գործել ի նպաստ քաղաքացու և, բնականաբար, ի նպաստ երեխաների լավագույն շահի»,- ասել է նա։ Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության պատրաստակամությունը՝ անդրադառնալով Հայկասարում և Նահապետավանում մանկապարտեզների կառուցման ծրագրերին՝ կարևորելով նախադպրոցական կրթությունը։   Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ամասիայում և Անիում ուսուցիչների՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին, «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» տարածքի ընդլայնման ու վերականգնման աշխատանքներին առնչվող հարցերի, ինչպես նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությանն ու դեռահասների նախաձեռնողականության ու քաղաքացիական ակտիվության բարձրացմանը միտված ծրագրերին։   Քրիստինե Վայգանդը մարզպետին տեղեկացրել է Արթիկ համայնքում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական նոր կենտրոն հիմնելու մտադրության մասին։   Մարզպետը ողջունել է նախաձեռնությունը՝ կարևորելով պետություն-համայնք-միջազգային կառույցներ համագործակցությունը։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների, հնարավոր համագործակցության մի շարք այլ հարցերի շուրջ:        
16:06 - 26 հուլիսի, 2022
ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեք սառցե սենյակ է տրամադրել ՀՎԿԱԿ-ին, որոնք կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեք սառցե սենյակ է տրամադրել ՀՎԿԱԿ-ին, որոնք կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում են աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելու Հայաստանի ազգային սառցային շղթան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ) է տրամադրվել երեք նոր սառցե սենյակ՝ ավելացնելով հանրապետության սառցե սենյակների թիվը: Սառցե սենյակները կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը, պահեստավորումը, ինչպես նաև պատվաստումների շարունակականությունը։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանից։  Իր խոսքում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ընդգծել է սառցային շղթայի կարողությունն ընդլայնելու կարևորությունը․ «Այս օրերին, երբ Հայաստանը փորձում է նոր թափ հաղորդել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումներին, Հայաստանի՝ պատվաստանյութերի պահեստավորման կարողությունների ընդլայնումը ևս մեկ քայլ է՝ ազգային սառցային շղթան ամրապնդելու ուղղությամբ՝ ապահովելով, որ ավելի շատ ընտանիքներ և համայնքներ լինեն պաշտպանված և նվազեցնելով հիվանդության ծանր դեպքերի զարգացման և մահվան վտանգը»: «Պատվաստանյութերը պահելու համար անհրաժեշտ սարքավորումներով Հայաստանի մարզերը զինելը կարևոր քայլ է` ՔՈՎԻԴ-19-ի դեմ մեր պատվաստումները շարունակելու և պլանային պատվաստումների մեր թիրախներին հասնելու համար։ Մեր սառցային շղթայի կարողությունների շարունակական աճը թույլ կտա ավելի լավ պահեստավորման պայմաններ ապահովել Հայաստանի բոլոր մարզերում», - նշել է ՀՀ Առողջապահության առաջին փոխնախարար Լենա Նանուշյանը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ստացել է մեծ քանակությամբ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութեր, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից COVAX նախաձեռնության միջոցով առաքված պատվաստանյութերը։ Հետևաբար, պատվաստումներին նոր թափ հաղորդելու նպատակով, սառցային շղթան ամրապնդելու ջանքերը ժամանակի պահանջ էին, ինչի շուրջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է Առողջապահության նախարարության հետ՝ համակարգը և կարիքները նախապես գնահատելու նպատակով: Ավելին, հետագայում այս սարքավորումները կշարունակեն ծառայել երեխաների պլանային իմունականխարգելման ծրագրերին», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ Սառցե սենյակները կահավորված են կորոզիայի չենթարկվող (չժանգոտող) պողպատից հինգհարկանի դարակաշարերով, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 300 կգ ծանրություն: Դրանք ունեն հատակ, պատեր և առաստաղ, որոնք ապահովում են պատվաստանյութի պահպանման համար անհրաժեշտ, արհեստականորեն ստեղծված ջերմաստիճան` +2°C-ից +8°C։ «Սառցե սենյակները սառցային շղթայի կարևոր բաղադրիչն են։ Դրանք արդյունավետ են լոգիստիկ տեսանկյունից, քանի որ ունեն մեծ պահեստային տարողունակություն և չեն պահանջում առանձին սառնարաններ կամ սառցարաններ՝ ապահովելու համար, որ պատվաստանյութերը պահպանվեն պատշաճ ջերմաստիճանում և չկորցնեն իրենց արդյունավետությունը: Մեծ սառցե սենյակները, որոնցից մեկը կտեղադրվի Երևանում, մյուսը՝ Շիրակի մարզում, 40 խորանարդ մետր են և կարող են պատվաստանյութեր պահեստավորել մեկ տարվա կտրվածքով: Տարողությամբ ավելի փոքր սառցե սենյակը, որը կտեղադրվի Վայոց ձորի մարզում, 10 խորանարդ մետր է և կարող է պատվաստնայութեր պահեստավորել եռամսյակային կտրվածքով»,- նշել է ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Առաջիկա ամիսներին ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆՍԵՖ-ը Հայաստան են առաքելու 210 սառցարան, այդ թվում՝ 5 գերձայնային սառցարան, և ևս 110 սառնարան։ Այս ամենն ի լրումն ապրիլի սկզբին տրամադրված 80 սառնարաններին և 285 սառցարաններին, որոնք տրամադրվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում։
11:35 - 21 մայիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: Նախագահն առանձնապես կարևորել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, հակամարտության ազդակիր համայնքներում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաներին ուղղված ծրագրերի իրականացումը: Ողջունելի է համարվել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ջանքերն՝ ուղղված դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ներառական կրթության ներմուծմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հատկապես կրթությանը վերաբերող համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ապագայում ևս, հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթություններն ու նպատակները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սերտորեն կհամագործակցի կառավարության համապատասխան օղակների հետ՝ ի նպաստ երեխաների, դեռահասների, երիտասարդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման:
12:54 - 08 ապրիլի, 2022