tert.am: Գազայի հատվածի բնակչությանը մի մասից մյուսը տեղափոխվելու կոչերը չեն կարող իրականացվել առանց հումանիտար աղետալի հետևանքների, քանի որ խոսքը գնում է մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի գրասենյակի ներկայացուցիչ Սալիմ Օվեյսին։
«Նման կոչերը, եթե իրականացվեն, կհանգեցնեն Գազայի հումանիտար իրավիճակի արտակարգ սրման, քանի որ խոսքը գնում է Գազայի հյուսիսում գտնվող՝ մոտավորապես մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, նրանց համար ապահով վայրեր չկան։ ՄԱԿ-ի մասնաճյուղերը կոչ են արել հրաժարվել այս որոշումից և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ երեխաների, ընտանիքների և խաղաղ բնակիչների միջև բաշխման համար»,- նշել է Օվեյսը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտող բոլոր կողմերը, միջազգային իրավունքի համաձայն, պատասխանատու են խաղաղ բնակիչների պաշտպանության համար և պարտավոր են պահպանել երեխաների և քաղաքացիական անձանց կյանքն ու անվտանգությունը, որտեղ էլ նրանք լինեն։
Օվեյսն ասել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Գազայի հատվածում, ինչպես եղել են մինչև հակամարտությունը։ Այս պահին նրանցից ոչ ոք չի տուժել, սակայն վնաս է հասցվել կազմակերպության ենթակառուցվածքին։
«Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը շատ բարդ է, մարդասիրական աշխատողների և կազմակերպությունների աշխատակիցների համար շատ դժվար է նույնիսկ տեղաշարժվելը, ուստի, մենք խնդրում ենք մարդասիրական զինադադար և անվտանգ միջանցքներ երեխաների և ընտանիքների համար, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենան օգնության հասնել»,- հավելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
19:19 - 27 նոյեմբերի, 2024
comment.count (0)