Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախագահի տեղակալ, ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Ծնվել է 1975թ. հուլիսի 25-ին: 1998թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ: 2005թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: 2007թ. վերապատրաստվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում գլոբալ գործընթացների կառավարում մասնագիտությամբ:

2002-2005թթ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի օգնական: 2005թ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական: 2003թ. աշխատում է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ասիստենտ: 2003-2005թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ: 2005-2007թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր, Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ: 2008թ. ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2009-2016թթ. -Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի անցողիկ շեմը չհատելուց հետո ծավալում է ընդդիմադիր գործունեություն։

«Պայքարը շարունակվում է». Արմեն Աշոտյան

«Պայքարը շարունակվում է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով։ Այս մասին նա տարածել է հայտարարություն որում, մասնավորապես, նշվում է. «Այսօրվանից իմ ապօրինի ազատազրկումն երկարացվեց ևս 2 ամսով։ Այս հարցով դատական նիստը ոչ միայն օրենքների և արդարադատության, այլև բարոյականության, բանականության և ճշմարտության նկատմամբ զանգվածային բարբարոսություն էր։  Պատահական չէ, որ ամբողջությամբ մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարվող դատաիրավական համակարգի ներկայացուցիչները վախվորած մերժեցին իմ փաստաբանների միջնորդությունը կալանքիս երկարացման դատական նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ` խնայելով ձեզ և թաքցնելով մեղադրող կողմի միջնորդության ողջ սնանկությունը և բացահայտ քաղաքական հիմքով հետապնդումը։  Հայաստանում դեմոկրատիայի զարգացման վերաբերյալ գեոպոլիտիկ էքստազ բեմականացնող միջազգային կառույցները կշարունակեն լուռ մնալ երկրում մոլեգնող բռնաճնշումների վերաբերյալ։ Իրենց մոտեցումը շատ պարզ է. Նիկոլը երկրում կարող է անել ինչ ուզում է, քանի դեռ երկրից դուրս անում է այն, ինչ իրենք են ուզում։ Իմ և քաղաքական հետապնդումների ենթարկվող մյուս գործիչների այսօրվա խնդիրները խամրում են իրենց կարևորությամբ և սրությամբ հումանիտար աղետի ենթարկվող արցախահայության ազատ ապրելու պայքարի համեմատ։ Մեծ հաշվով, երկրի ներսում մոլեգնող վակխանալիան Արցախի և Հայաստանի ապագայի համար մղվող դիմադրությունը կոտրելու լկտի, վախկոտ և բարոյազուրկ ոհմակի սանձարձակ դրսևորումն է։  Այո, իմ բանտախցում ես ավելի ազատ եմ և հանգիստ խղճով, քան Նիկոլը Սևանի իր կառավարական առանձնատանը։  Շնորհակալություն եմ հայտնում տասնյակ հազարարավոր հայրենակիցներիս, պայքարի ընկերներիս, հայրենասեր և ազնիվ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, իմ պաշտպանական թիմին, կուսակցությանս և ընտանիքիս` իրենց աջակցության և համերաշխության համար։  Պայքարը շարունակվում է։ Դեռ կհանդիպենք»,- գրել է նա։
12:01 - 16 օգոստոսի, 2023
Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվեց
 |armeniasputnik.am|

Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննվի երկուշաբթի` օգոստոսի 14–ին։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով` միջնորդության քննությունը հետաձգվել է, քանի որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է 9 ձայնասկավառակ, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։ «Բնականաբար, հիմա քննիչը պետք է ապահովի, որ Արմեն Աշոտյանը այդ ամեն ինչին ծանոթանա ՔԿՀ պայմաններում։ Ժամկետը շատ քիչ է, ֆիզիկապես անհնար, բայց քանի որ սահմանափակ է նաև միջնորդության քննության ժամկետը, նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի»,– ասաց նա։ Աթանեսյանը տեղեկացրեց նաև, որ պաշտպանական կողմը դատավոր Գիվի Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
16:38 - 12 օգոստոսի, 2023
Արմեն Աշոտյանը կալանավորված կմնա

Արմեն Աշոտյանը կալանավորված կմնա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ինչպես ես կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր հունիսի 16–ին։ Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: Քաղաքական գործչի նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
17:31 - 17 հուլիսի, 2023
Երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը, իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին․ Աշոտյանի բաց նամակը ԱՄՆ դեսպանին

Երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը, իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին․ Աշոտյանի բաց նամակը ԱՄՆ դեսպանին

Արմեն Աշոտյանը կալանավայրից բաց նամակ է գրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին․ «Հարգարժան տիկին դեսպան, Ավա՜ղ, Ձեզ անձամբ ճանաչելու պատիվ դեռ չի ընձեռվել, իսկ այսօրվա իմ «կեցավայրը» հարիր չէ բարձրաշխարհիկ տիկին հրավիրելու համար, ուստի ստիպված եմ Ձեր թանկարժեք ժամանակից խլել մի քանի րոպե հենց այս ձևաչափով՝ ի արձագանք Հանրային հեռուստաընկերության եթերում Ձեր հնչեցրած մի շարք գնահատականների, որոնք անգամ Ձեր անձնական հմայքի և բարձր դիվանագիտական վարպետության պարագայում չէր կարող հայ հասարակության մոտ չառաջացնել ազնիվ, շիտակ պատասխաններ ակնկալող հարցերի շարան: Անկախ այն հանգամանքից, որ Ձեր կողմից ռոմանտիկ բալլադների արժանացող ՀՀ իշխանությունների կողմից ես և բազմաթիվ այլ քաղաքացիներ ենթարկվում ենք ապօրինի հետապնդումների բացառապես մեր քաղաքական գործունեության համար, հարցադրումներիս բովանդակությունը չի վերաբերելու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, որը Դուք նախանձելի համառությամբ բնութագրում եք՝ որպես «ժողովրդավարության պայծառ կետ տարածաշրջանում»: Այս իմաստով ինձ անհամեստորեն թույլ կտամ առաջարկել Ձերդ գերազանցությանը փաշինյանական ռեժիմը գովերգելու առիթների արանքում գտնել ազատ ժամանակ և ընթերցել Ձեր իսկ գործատուի՝ ԱՄՆ Պետդեպի 2022թ. զեկույցը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի մասին (օ՜, որքան եմ Ձեզ նախանձում. ինչքա՜ն բացահայտումներ են Ձեզ սպասվում այդ ընթերցանության ընթացքում): Հարցադրումներս և մտորումներս վերաբերելու են բացառապես Արցախյան հակամարտությանը և ռեգիոնալ զարգացումներին: Եվ այսպես. 1. Դուք իրավացիորեն պնդում եք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այդ դեպքում բանակցություններում ինչո՞ւ եք ելնում բացառապես այն իրավիճակից, որն առաջացել է մեր տարածաշրջանում 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված, միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սկզբունքները կրնկակոխող արյունալի պատերազմի հետևանքով: 2. Ամբողջ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, պնդում է, որ Ուկրաինայում չի կարող կնքվել խաղաղության պայմանագիր, որը լինելու է պարտադրված և ուժի սպառնալիքի ներքո: Ինչո՞ւ այս նույն մոտեցումը չի որդեգրվել հայ-ադրբեջանական հարթության համար, որտեղ Ադրբեջանն անթաքույց կերպով ուժի սպառնալիքով պարտադրում է հայ ժողովրդին ստորացուցիչ և անարդար կապիտուլյացիա: Ավելին, Ձեր երկիրը ոչ միայն չի բացառում նման գիշատչային ոճով պարտադրանքի մարմնավորումը թղթի վրա, այլև ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: 3. Ինչո՞ւ մի դեպքում, որը Դուք դիտարկում եք՝ որպես ագրեսիա, արևմտյան ողջ գործիքակազմը գործադրվում է լայնածավալ սանկցիաների ձևով, իսկ Ադրբեջանի շարունակվող, սողացող և անընդհատ ագրեսիան հայ ժողովրդի դեմ ոչ միայն չի արժանանում համարժեք արձագանքի, այլև չի խոչընդոտում ագրեսոր երկրի հետ տնտեսական շահերի վրա խարսխված համագործակցության ընդլայնմանը: 4. Դուք վստահություն եք հայտնում, որ Ադրբեջանը կարող է երաշխավորել և իրագործել «ԼՂ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը»: Մի մեծ խնդրանք ունեմ Ձեզ. ԱՄՆ դիվանագիտական արխիվներից առ այսօր կարո՞ղ եք գտնել գեթ մեկ, կրկնում եմ, գեթ մեկ փաստաթուղթ, զեկույց, գնահատական, որով ԱՄՆ-ը արձանագրում է, որ Ադրբեջանում երաշխավորված են և անխոչընդոտ իրագործվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ հենց իրենց քաղաքացիների համար: 5. ԱՄՆ-ը՝ որպես ժողովրդավարության գլոբալ առաջամարտիկ և առաջնորդ, ինչո՞ւ ջանքեր չի գործադրում «տարածաշրջանի ժողովրդավարության պայծառ կետն» արտաքին կոռումպացված, ավտորիտար, հակաժողովրդավարական ագրեսորից պատշաճ և լիարժեք պաշտպանելու համար: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի հզոր ազդակ կհղի աշխարհին ԱՄՆ-ը, եթե գործուն քայլերով ի ցույց դնի այդ հանգամանքը, որ բացառապես ժողովրդավար լինելը բավարար է անվտանգ և գնահատված ապրելու համար սեփական երկրում: Հարցադրումներիս շարանը կարող եմ շարունակել՝ չհավակնելով Ձեզանից հրապարակային պատասխաններ ստանալ: Ի վերջո, սպառելով Ձեր տրամադրության տակ գտնվող բոլոր դիվանագիտական և ճարտասանական հնարքները, կարող եք պնդել, որ հայ-ադրբեջանական բանակցային բովանդակության նկատմամբ ԱՄՆ մոտեցումները ձևավորվում են, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի գնահատականների և մոտեցումների վրա՝ գցելով հակահայկական զարգացումների ողջ մեղքը նրան որպես ՀՀ վարչապետ հանդուրժող հայ ժողովրդի վրա: Բայց, տիկին դեսպան, այդ հնարքը նույնպես չի աշխատելու, քանզի Դուք ամեն մի ընձեռված առիթով հրապարակավ և աներեր աջակցում եք Փաշինյանին այդ կործանարար քաղաքականությունն իրագործելու, ինչպես նաև, աչք փակելով խայտառակ զարգացումների վրա մեր երկրի ներսում, նրան Երևանում իշխանության պահելու գործում: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Հուսամ՝ դեսպանատան տարածքում կազմակերպված բերբեքյուի ծուխը չի խանգարել Ձեզ տեսնել ողջ իրականությունը: Ձեր երկիրը ստեղծվել է մարդկանց հերոսական մաքառումների և անզիջում պայքարի արդյունքում, և այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի ծնունդ է: Ամերիկայի Անկախության հռչակագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի երջանկության իրավունք: Այո, երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը: Իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին»:
18:02 - 05 հուլիսի, 2023
ՀՀԿ-ականների բողոքի ակցիան Դատախազության դիմաց՝ հաջակցություն Աշոտյանի |news.am|

ՀՀԿ-ականների բողոքի ակցիան Դատախազության դիմաց՝ հաջակցություն Աշոտյանի |news.am|

news.am: ՀՀԿ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 4-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով: Նրանք Արմեն Աշոտյանի պատկերով շապիկներ են հագել: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»: ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը, հեռակա դիմելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին, ասաց. «Դավաճանական վարչախումբը փորձում է լռեցնել ազգային գործիչներին՝ նրանց վրա շինծու քրեական գործեր հարուցելով։ Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը, որ Դուք չմասնակցեք թուրք-ադրբեջանական տանդեմի ծառաների և դավաճանների այս քայլերին։ Մենք չենք լռելու, պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք։ Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց նա խոսում է մեր միջոցով»։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ուզում է վերջնական քայլեր ձեռնարկի, որպեսզի հանձնի Արցախի մնացած հատվածն ու Հայաստանն ու Արցախնը տանի վերջնական կապիտուլյացիայի։ «Մենք այստեղ են, որ ասենք՝ չենք լռելու, ասելու ենք իրականությունը ձեր մասին։ Տիկին գլխավոր դատախազ, խորհուրդ եմ տալիս Ձեզ, չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք, որը ապազգային և դավադիր քայլեր է իրականացնում։ Ես ուզում եմ վստահեցնել, որ արդարաությունը վերականգնվելու է, Հայաստանն ու Արցախն իրական ապագա են ունենալու»,-ասաց նա։
14:57 - 04 հուլիսի, 2023
Կան վարույթներ, որ անցնող անձինք զբաղվում են քաղաքականությամբ, սա դեռ չի նշանակում՝ նրանք քաղբանտարկյալ են. Մանասյան |armtimes.com|

Կան վարույթներ, որ անցնող անձինք զբաղվում են քաղաքականությամբ, սա դեռ չի նշանակում՝ նրանք քաղբանտարկյալ են. Մանասյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Արմեն Աշոտյանին վերաբերող հարցերին։ Նա պատասխանեց հարցին՝ Արմեն Աշոտյանն այս իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Ես բազմիցս նշել եմ, որ մեզ համար կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու դիրքորոշումներ է ներկայացնում, բայց շատ կարևոր է հասկանալ նաև մյուս կողմի՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ, և միայն դրանից հետո ենք եզրահանգումներ իրականացնում։ Ես կխնդրեմ, որ մենք սպասենք այդ պարզաբանումներին և հասկանանք, թե մանդատի շրջանակներում ի՞նչ կարող ենք իրականացնել»,- ասաց նա։ Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, պաշտպանը արձագանքեց․ «Ես այս հարցին անընդհատ պատասխանում եմ և մեջբերում չափանիշները՝ քաղբանտարկյալ լինելու համար ոչ միայն պարտադիր է, որ անձը իրականացնի քաղաքական, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն, այլ շատ կարևոր է, որ քրեական վարույթը, որը հարուցվել է, լինի բացառապես այն պատճառով, որ դու հենց քաղաքական գործունեությամբ ես զբաղվում։ ՀՀ-ում մենք ունենք մի շարք վարույթներ, որոնցով անցնող անձինք նաև զբաղվում են քաղաքական գործունեությամբ, բայց սա դեռ չի նշանակում, որ նրանք քաղբանտարկյալ են։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ պետությունն ու իրավասու մարմինները այդ անձի հետ հավասար նաև այլ հանցագործություն կատարած քաղաքական այլ ուժի ներկայացուցչի ենթարկեն պատասխանատվության, հավասարություն պետք է լինի»։ Մանասյանը նաև խոսեց ՀՀ-ում կալանքը՝ որպես խափանման միջոց, հաճախ կիրառելու մասին։ «Դա գրեթե մշտապես մտահոգիչ է եղել եվրոպական չափանիշների տեսանկյունից։ Մենք մտահոգիչ պրակտիկա ունենք։ Ես նույնպես դա արձանագրում եմ, պետք է հետևողականություն ցուցաբերենք և ընդհանուր մեթոդաբանությունը ճիշտ ձևավորենք»,- ընդգծեց նա։   Հարցին՝ իսկ ո՞ր դեպքում է Պաշտպանը այցելում կալանավորված անձին, և ինչո՞ւ են տեսակցել Արմեն Աշոտյանին, նա արձագանքեց․ «Մենք այլ դեպքերում ևս անձանց տեսակցում ենք, բոլոր դեպքերի համար ռեսուրսը բավարար չէ, բայց երբ ահազանգ ստանում ենք, գնում ենք։ Մեր հասարակությունում մենք սովոր ենք խոսել քաղաքական տեսանկյունից հետաքրքրություն առաջացնող մարդկանց մասին, բայց կան նաև այլ քաղաքացիներ բազում խնդիրներով։ Պարզապես դեպքեր կան, որոնց վերաբերյալ նաև լրատվամիջոցներից ենք հարցում ստանում, այդ պատճառով դրանք հրապարկային են դառնում»։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս: Ի հավելում հրապարակած հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեն Աշոտյանի մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել:    
13:36 - 29 հունիսի, 2023
Փաստաբանը հայտնում է՝ մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը

Փաստաբանը հայտնում է՝ մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը

Մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից՝ երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ: «Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին», - նշել է Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պարզաբանել էր, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ նշված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս:
14:05 - 22 հունիսի, 2023
Արմեն Աշոտյանին առնչվող վարույթի նյութերով մեկ այլ հանցագործության տվյալներ են ստացվել. ՔԿ

Արմեն Աշոտյանին առնչվող վարույթի նյութերով մեկ այլ հանցագործության տվյալներ են ստացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս: Մասնավորապես՝ վարույթի նախաքննության ընթացքում, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2018թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ միասին, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, իրենց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ Արման Սահակյանի օգնականի, Արմեն Աշոտյանի վարորդի կնոջ և Կարեն Ավագյանի կնոջ անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրով 163.115.680 ՀՀ դրամ արժեքով ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույքը/դպրոցը/՝ 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը՝ 32.498.320 ՀՀ դրամով: Այնուհետև Արման Սահակյանը և նրա օգնականը, առանց որևէ հիմնավորման, վերը նշված գույքի նկատմամբ որևէ սահմանափակում չգրանցվելու և մինչև գույքի արժեքը վճարելը առանց խոչընդոտի գույքի իրացումը ապահովելու նպատակով, 2015թ. մայիսին կնքված համաձայնագրով փոփոխություններ են կատարել սկզբնական կնքված առուվաճառքի պայմանագրում՝ հանելով գույքը գրավադրված լինելու մասը, ինչի հիման վրա տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական։ Այնուհետև նրանք դիմել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ միասնական տեղեկանք ստանալու և համապատասխան գործարք կատարելու համար։ Սակայն տրված տեղեկանքում նշվել է տարաժամկետ վճարելու պայմանը, որի պատճառով, իրենց կամքից անկախ հանգամանքներում, չեն կարողացել ավարտին հասցնել գործարքը: Այնուհետև՝ Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, վերոհիշյալ անձինք, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության անվամբ գրանցված վերը նշված անշարժ գույքը, որն իր մեջ ներառում է դպրոցի երկու մասնաշենքերը, պարիսպը և դրա սպասարկման համար նախատեսված հողատարածքը, 2019թ. մայիսին կնքված առուվաճառքի պայմանագրով 240.000.000 ՀՀ դրամով վաճառել են իրենց հետ փոխկապակցված ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ՍՊ ընկերությանը: Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ նախնական տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և 442-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնվել է նոր քրեական վարույթ: Վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն' քննչական ենթակայությունը որոշելու նպատակով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:14 - 20 հունիսի, 2023
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով կատարված քննչական ու վարութային գործողությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Բացի այդ, Ա.Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185.606.000 ՀՀ դրամի հափշտակությունը: Մասնավորապես՝ 2014թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ա.Աշոտյանը վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում: 2015թ. ապրիլի 17-ին նա ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի /այսուհետ նաև Հիմնադրամ/ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում: Նույն տարվա մայիսի 18-ին Հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Ա.Աշոտյանի մտերիմ Մարթա Սիմոնյանը: 2015թ. հունիսի 8-ին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Միքայել Նարիմանյանը: ՀՀ կառավարության՝ վերը նշված որոշմամբ հաստատված՝ Հիմնադրամի կանոնադրության 46-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերջինս իրավասու է եղել տնօրինել համալսարանի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները և համալսարանի անունից կնքել գործարքներ՝ մինչև 20.000.000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր, որը գերազանցող պայմանագրերը ենթակա են եղել հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատման: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ա.Աշոտյանը, հանդիսանալով ՀՀ կրթության և գիտության նախարար, միաժամանակ նաև՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու իր պաշտոնից բխող հեղինակությունը, Հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին դրդել է առանց գնումների գործընթացի կազմակերպման և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող  «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանի կառուցապատման իրավունք: Համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ դրա հիման վրա սոցիալական աջակցության ֆոնդում անհիմն պահվող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 185.606.000 ՀՀ դրամը դարձնելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը՝ հետագայում այդ գումարներով ևս «Ծովասար» հյուրանոցային համալիրից չորս բնակարանի և մեկ դահլիճի կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար։ Այդ կերպ նա կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարներին օրինական տեսք հաղորդելն ու դրանց օրինական շրջանառության մեջ ներգրավելը: Մ. Նարիմանյանը, օգտվելով Ա.Աշոտյանի հովանավորչությունից, գիտակցելով, որ տրված հանձնարարության արդյունքում իրականացվելու է հիմնադրամի կարիքներից չբխող առանձնապես խոշոր չափերի գույքի ձեռքբերում և վատնման եղանակով այդ գումարի հափշտակություն՝ 2015թ. մայիսի 15-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է նույն ընկերությունից Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի երկու հասցեներում 19.796.000 ՀՀ դրամ և 17.198.000 ՀՀ դրամ արժողության 2 բնակարանների կառուցապատման իրավունքը ձեռք բերելու վերաբերյալ նախնական պայմանագրեր։ Դրանց հիմքով 2015թ. հունիսի 11-ին, 23-ին և սեպտեմբերի 23-ին Հիմնադրամից «Նավասար» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր՝ 36.994.000 ՀՀ դրամ: Այնուհետև, որպես հիշյալ գործարքի իրականացման հիմք, իր կողմից լիազորված անձ Կարեն Ակոպյանի միջոցով «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանման, Մ․Նարիմանյանը կնքել է հիշյալ անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի հիմնական երկու պայմանագիր։ Դա այն դեպքում, երբ նշված բնակարանների կառուցապատման իրավունքի ձեռք բերումը որևէ կերպ անհրաժեշտ չի եղել Հիմնադրամի կարիքների համար։ Վերջինս հաստատվել է հետագայում դրանք չօգտագործվելու փաստով և այն հանգամանքով, որ պայմանագրային հիմքով «Ֆորեստ Պարկ» ՍՊ ընկերությունը դեռևս 2013թ.-ից պարտավորություն է ստանձնած եղել կազմակերպելու Հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հանգիստը հատուկ և արտոնյալ պայմաններով։ Բացի այդ, նշված գնման արդյունքում, հետագա տարիներին այդ բնակարանների սպասարկման համար, 53.000-ական ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր՝ 1.664.200 ՀՀ դրամի չափով։ Այս ամենի հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Այնուհետև, Ա.Աշոտյանի կազմակերպմամբ, Մ.Նարիմանյանը «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով Ա.Աշոտյանի հանձնարարությամբ «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ և Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանին հանձնարարել է կատարել այդ փոխանցումները: Մ.Նարիմանյանը, Ա.Աշոտյանի գիտությամբ և թողտվությամբ, 2015թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ. Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը։ Բացի այդ, Համալսարանը պարտավորվել է կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ հուշագրով չնշելով գումարի չափը: Կնքված հուշագրի հիման վրա համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ Ա.Աշոտյանի կազմակերպմամբ և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ, այլ անձինը դարձնելու միջոցով, վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը: Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու և դրանք օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մարթա Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձևական պայմանագրեր։ Դրանցով կազմակերպությունը 24.970.000 ՀՀ դրամով, 18.895.000 ՀՀ դրամով, 16.903.000 ՀՀ դրամով, 25.424.000 ՀՀ դրամով, 99.414.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում տարբեր մակերեսներով 4 բնակարանների կառուցապատման իրավունքները: Այնուհետև, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը 2016 թվականին «Նավասար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով ձեռք է բերել նաև նույն հողամասի այլ հասցեում գտնվող, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային սպորտային դահլիճը։ Դրանք, սակայն, մինչև 2018 թվականը, որևէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ Հիմնադրամի կողմից չեն օգտագործվել և փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում: Ա.Աշոտյանի կազմակերպմամբ հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017թ. մայիսի 19-ին, Ա.Աշոտյանի և Վ.Սաղաթելյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փաստացի Ա.Աշոտյանի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով, որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է գրանցվել Ա.Աշոտյանի վարորդ, նրա մտերիմ Արամ Բարսեղյանը։ Վերջինս «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240.000.000 ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել: Հատկանշական է այն հանգամանքը, որ Ա.Բարսեղյանը ընկերությունում որպես բաժնետեր գրանցվել է 2017թ. մայիսի 19-ին, սակայն 2018թ. դեկտեմբերի 21-ին, այսինքն՝ Հանրապետությունում կատարված քաղաքական փոփոխություններից հետո, չեղարկել է գրանցումը։ Ձեռք բերված փաստերի հիման վրա 15.06.2023թ. որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցել նոր քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին): Քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին: Մասնավորապես, Ա.Աշոտյանը, անձամբ կամ միջնորդավորված, վարույթով վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մտերիմների միջոցով առաջարկել և փորձել է այդ անձանց հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբանների, որպեսզի կարողանա տեղեկանալ հարցաքննությունների բովանդակություններին՝ միաժամանակ պլանավորելով ու նախատեսելով իր և այդ անձանց հետագա գործողությունները: 15.06.2023թ. Ա.Աշոտյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով /խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը/ ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա կալանավորման վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
10:41 - 16 հունիսի, 2023
Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունը գիշերն ավարտվել է. որոշումը կհրապարակվի այսօր |news.am|

Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունը գիշերն ավարտվել է. որոշումը կհրապարակվի այսօր |news.am|

news.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակվի այսօր՝ 12:00-ին: Այս մասին երեկ գիշեր լրագրողներին հայտնել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանը նշել է, որ քննիչը չի կարողացել պատասխանել իր եւ Աշոտյանի հարցերին, դատավորը դա շատ լավ հասկանում է, սակայն  ինքն առանձնապես հույսեր չունի՝ հաշվի առնելով, թե ինչի համար է հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել: Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանը մարտական է տրամադրված, նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր: Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում: Նշենք, որ դատարանի բակում են հավաքված էին մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու ընդդիմադիր քաղաքական գործչին։ Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ի (Միքայել Նարիմանյան) նկատմամբ: Ըստ դատախազության՝ հետապնդումը հարուցվել է ծառայողական դիրքն օգտագործելով իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամի 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակության համար:
09:10 - 16 հունիսի, 2023
Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, այն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից․ ՀՀԿ ԳՄ

Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, այն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից․ ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել․ «Այսօր առավոտյան ձերբակալվել և ՔԿ է ներկայացվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Տարիներ առաջ հարուցված շինծու քրեական գործն ի սկզբանե Արմեն Աշոտյանին մեկուսացնելու նպատակ է հետապնդել, բայց գործի քաղաքական բնույթն այնքան ակնհայտ էր, որ անգամ Հայաստանի գործող կառավարիչների ուղղակի ղեկավարման տակ գտնվող քննչական մարմինները չէին կարողանում նրան մեկուսացնելու որոշում կայացնել: Հատկանշական է, որ Արմեն Աշոտյանին ձերբակալելու և կալանավորելու պահանջով դատարան դիմելու որոշումը կայացվել է այս օրերին, երբ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական օղակն օրեցօր ավելի է սեղմվում, ներքաղաքական կյանքում լարվածությունն ավելանում է, իսկ Հայաստանի կառավարիչների հեղինակությունը` տարբեր սոցհարցումների տվյալներով ավելի ու ավելի է գահավիժում: Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարիչները նմանատիպ գործողություններով նպատակ ունեն հանրության ուշադրությունը շեղել օրեցօր սրացող ներքին և արտաքին խնդիրներից: Մենք, վերահաստատելով այս և այլ քաղաքական հետապնդումների առնչությամբ տրված գնահատականները. . Արձանագրում ենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում նրան: .   Տեղի ունեցողն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից: . Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգին և դատական իշխանության կրողներին կոչ ենք անում հրաժարվել կատարել քաղաքական իշխանությունների կողմից տրվող ապօրինի հրահանգները, այլապես իրենք ևս ամբողջությամբ կիսելու են տեղի ունեցող ապօրինությունների պատասխանատվությունը: . Տևական ժամանակ քննվող քրեական վարույթով ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործչին ազատությունից զրկելու փաստական հիմքերը ձերբակալումից 4 ժամ անց քննչական մարմինը հարկ չի համարել ներկայացնել հանրությանը, իսկ ներկայացված «հիմնավորումն» առարկայազուրկ է և սնանկ: .  Հրավիրում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների, օտարերկրյա դեսպանատների ուշադրությունը տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական և հակաիրավական գործընթացի վրա: . Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն օրենքով չարգելված բոլոր միջոցներով Արմեն Աշոտյանի իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու»:
18:22 - 15 հունիսի, 2023
Արմեն Աշոտյանը 24 ժամով ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան
 |news.am|

Արմեն Աշոտյանը 24 ժամով ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան |news.am|

news.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:  Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Ձերբակալման հիմքն այն է, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները: Ինչով է խախտել, նշված չէ: Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: Աթանեսյանը հայտնեց, որ Աշոտյանի մեղադրանքը նաեւ լրացվել է. «Ավելացել է վատնման կազմակերպումը: Այն պարզապես ծիծաղելի է: Վատնման եւ փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորի, սակայն գումար չի կորել, այլ դարձել է անշարժ գույք, որն այժմ պատկանում է Բժշկական համալսարանին եւ աժե 2 անգամ ավելի թանկ, քան երբ ձեռք է բերվել»: Փաստաբանն ասաց, որ Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում: Նա նշեց, որ Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ: 
15:13 - 15 հունիսի, 2023