Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Որևէ մեկը հետաքրքրություն չունի՝ որևէ բան թաքցնելու. Ալեն Սիմոնյան |pastinfo.am|

Որևէ մեկը հետաքրքրություն չունի՝ որևէ բան թաքցնելու. Ալեն Սիմոնյան |pastinfo.am|

pastinfo.am: Չկա նման դեպք, քրեական գործ, որ Կառավարությունը, իշխանությունը որևէ կերպ կաղապարված է լուծում տալու՝ հնարավորության պարագայում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով բանակում մահվան դեպքերին ։  «Որևէ նման դեպք չեմ կարող ասել։ Լինում է ժամկետի հետ կապված խնդիր։ Լինում է երեք ատյանի դատարանի որոշում, որը միշտ չէ, որ վստահության կամ ճշմարտության հետ կարող է աղերս ունենալ»,- ասաց Սիմոնյանը։ Վերջինս ընդգծեց, որ մեդալն ունի երկու կողմ և միշտ բոլոր հարցերով լինում են բաներ, որ մի կողմը չի ասում,մի կողմը տեղյակ չէ։ «Սկսած՝ Կառավարության և Ավագանու նիստերից ամենը փակ էր։ Նույնիսկ հիմա, օրենքի առումով, կարող ենք Կառավարություն նիստը փակ անել, բայց ամեն ինչ բաց է արվում»,- ասաց ԱԺ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ որևէ մեկը հետաքրքրություն չունի՝ որևէ բան թաքցնելու և կարևոր են բոլոր խնդիրները։
14:20 - 20 փետրվարի, 2020
Ալեն Սիմոնյանը Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում։ Այս մասին Սիմոնյանն ասաց «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով փետրվարի 15–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման մասնակցությանը: Քննարկումն ընթանում էր բաց ձևաչափով և ուղիղ հեռարձակմամբ։ «Փաշինյան–Ալիև զրույցի համար առաջարկվել էր ֆորմատ, որտեղ մեր հարևան պետության ղեկավարը շատ անհարմար վիճակում էր հայտնվել, քանի որ այնպես չէ, որ Ալիևը հայտնի է իր հրապարակային խոսքով: Սա այն ֆորմատն էր, որը մեզ համար ամենահետաքրքիրն ու շահեկանը կարող էր լինել, և այդպես էլ եղավ», - նշեց Սիմոնյանը։ ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ զրույցի ֆորմատին համապատասխան, կարճ ժամանակում վարչապետը ներկայացրել է այն ամենը, ինչը պետք էր ասել։ Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
21:26 - 17 փետրվարի, 2020
«Այո»-ի շտաբը մոտ ապագայում մանրամասներ կհայտնի հանրաքվեի քարոզարշավի մասին |armenpress.am|

«Այո»-ի շտաբը մոտ ապագայում մանրամասներ կհայտնի հանրաքվեի քարոզարշավի մասին |armenpress.am|

armenpress.am: «Այո»-ի շտաբն  առաջիկայում մանրամասներ կներկայացնի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Այսօր հարցեր հնչեցին հանրաքվեի հետ կապված, սակայն սա մեր խմբակցության հերթական հանդիպումն էր վարչապետի հետ, և քննարկումը նվիրված էր ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության տարբեր հարցերին: Մեծ ժամանակ տրամադրվեց մյունխենյան հանդիպումների արդյունքների վերաբերյալ քննարկումներին»,- նշեց Սիմոնյանը: Խոսելով հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ որոշման մասին՝ ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ իրենք մոտ ապագայում կունենան ասուլիս կամ հայտարարություն կանեն, որտեղ կբարձրաձայնվեն այդ հարցի հետ կապված բոլոր մանրամասները: «Մենք դեռևս չենք քննարկել, թե ինչ ձևաչափում է անցկացվելու քարոզարշավը: Հստակ է այն, որ վարչապետը մասնակցելու է քարոզարշավին, նա սիրում է շփվել ժողովրդի հետ: Դեռևս տեղյակ չեմ, վարչապետը արձակուրդ կունենա այդ ընթացքում, թե ոչ: Կարծում եմ՝ կնայվի, թե որն է օրենքի պահանջը, ինչպես նաև հաշվի կառնվի պարոն Փաշինյանի ծանրաբեռնվածությունը»,- շեշտեց Սիմոնյանը և հավելեց, որ քարոզարշավը կսկսեն այն ժամանակ, երբ ճիշտ կհամարեն: Անդրադառնալով փաստին, որ խորհրդարանական ուժերը չեն ձևավորելու «Ոչ»-ի շտաբեր, Սիմոնյանը նշեց, որ իրենք անհանգստանալու որևէ առիթ չեն տեսնում: «Մենք ոչ մի մտահոգություն չունենք այդ ամենի կապակցությամբ, չնայած, վստահ եմ, որ «Ոչ»-ի ճամբար կձևավորվի»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Խոսելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Այո»-ի շտաբի ղեկավար նշանակվելու մասին, Սիմոնյանն ասաց, որ այստեղ օգտագործվում է նրա փորձը, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է նաև «Իմ քայլը» խմբակցության շտաբի պետը:
20:27 - 17 փետրվարի, 2020
Գնալու ենք մինչև վերջ. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ի վերաբերյալ նախագծի մասին |civilnet.am|

Գնալու ենք մինչև վերջ. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ի վերաբերյալ նախագծի մասին |civilnet.am|

civilnet.am: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմանյանը վստահ է, որ այսօր՝ փետրվարի 6-ին, կներկայացվի ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ նոր օրենսդրական փաթեթ, և արտահերթ ռեժիմով դրա քննարկումը կավարտվի մեկ օրում: «Կարծում եմ՝ այսօր հենց կսկսենք ու կավարտվենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ հրաժարվելով ներկայացնել օրենսդրական փաթեթի հետկանչման ու փոփոխված տարբերակով ներկայացնելու պատճառները: «Թե ինչու նախագիծը հետ կանչվեց՝ ես ձեզ հիմա չեմ կարող ասել: Մենք ընտրել ենք մարտավարություն և դրանով շարժվում ենք», - ասաց Սիմոնյանը: Նա ընդունեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամային վիճակի հանգուցալուծման քաղաքական ճանապարհ է ընտրվել: «Այստեղ չկա անփութություն, կա մարտավարություն: Տարբեր իրավիճակներում ընտրել ենք տարբեր մարտավարություններ: Հրավիրել ենք հանրությանը Ազգային ժողովի մոտ, որոշել ենք ձեռք մեկնել ՍԴ դատավորներին: Հիմա այս ձևով ենք գնում: Այո, քաղաքական որոշում է կայացվել, որ Սահմանադրական դատարանում և դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որ մնացել է հին Հայաստանից», - ասաց նա: Սիմոնյանը նաև վստահություն հայտնեց, որ կանգ չեն առնելու և այս հարցում «գնալու են մինչև վերջ»:
08:49 - 06 փետրվարի, 2020
«Հայաստանի իշխանությունը հաշվետու է այն մարդկանց, ովքեր մեզ քվեարկել են». ԱԺ փոխխոսնակը բացատրեց՝ ինչու չեն դիմել Վենետիկի հանձնաժողով |aysor.am|

«Հայաստանի իշխանությունը հաշվետու է այն մարդկանց, ովքեր մեզ քվեարկել են». ԱԺ փոխխոսնակը բացատրեց՝ ինչու չեն դիմել Վենետիկի հանձնաժողով |aysor.am|

aysor.am: «Հայաստանի Հանրապետության իշխանությունը հաշվետու է միայն Հայաստանի ժողովրդին, այն մարդկանց, ովքեր մեզ քվեարկել են: Եթե Հայաստանի իշխանությունը նպատակահարմար կգտնի, եթե իրավական առումով ճիշտ կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ որևիցե մեկ այլ մարմնի խորհրդատվական կարծիքը հարցնել, մենք դա կանենք: Մնացած բոլոր պարագաներում մենք հաշվետու ենք ժողովրդին», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հաստատելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ կարծիք ստանալու համար իշխանությունը չի դիմել Վենետիկի հանձնաժողով: Լրագրողի հարցին՝ այս նախագծի մասին ժողովրդից կարծիք հարցրե՞լ եք, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Հայաստանի ժողովուրդը մեզ ձայն է տվել, որ Հայաստանում առկա իրավիճակը, որն առկա էր բոլոր ճյուղերում, լուծենք, և դատական իշխանությունում առկա ճգնաժամը, որը ֆիքսվում և փաստվում է բոլոր կողմերից, լուծվի: Նաև դրա համար մենք ստացել ենք մանդատ: Ես կրկնում եմ՝ շատ մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության դատական համակարգում ստեղծված իրավիճակը լուծվելու է ամբողջովին: Դատական իշխանությունը նախկին իշխանության վերջին բաստիոնն է: Մենք ազատագրել ենք իշխանության մյուս երկու ճյուղերը և այդ պրոցեսը, կարծում եմ, այս տարի ավարտին կհասցնենք և, վերջապես, կմոռանանք այն ամենն, ինչ եղել է անցյալ 30 տարում»: Այսօր ԱԺ Խորհուրդն արտահերթ նիստ է անցկացնելու, որով պետք է հաստատվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգը:
08:55 - 05 փետրվարի, 2020
Դատական համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը, և իշխանությունը հրաժարվել է. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Դատական համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը, և իշխանությունը հրաժարվել է. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը արդարացված չի համարում ընդդիմադիր գործընկերների այն քննադատությունը, թե իշխանությունը ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրմամբ ուզում է ձևավորել իրեն հարմար դատական իշխանություն: Սիմոնյանը վստահեցնում է՝ ստեղծված համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը, սակայն այս իշխանությունը հրաժարվել է: ԱԺ փոխնախագահն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: Սիմոնյանը նախ նկատեց՝ կա դատական իշխանության խնդիր, որը փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլ նաև, օրինակ, ԲՀԿ-ի իրենց գործընկերները, որոշ դատավորներ ևս խոսում են այդ մասին: «Սակայն, երբ քայլ է արվում որևէ բան լուծելու, չգիտես ինչու, շահարկվում է այն բանը, թե իշխանությունը փորձում է ձևավորել դատական իշխանություն, որն իրեն հարմար կլինի: Եթե նման քայլի գնալու լինեինք, ապա այդ համակարգն ի սկզբանե ստեղծվել էր սպասարկելու համար: Եվ այդ համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանության պահանջները, և իշխանությունը դրանից հրաժարվել է»,-ասաց Սիմոնյանն ու շեշտեց՝ խոսքը չի վերաբերում բոլոր դատավորներին, դատական համակարգում կան բազմաթիվ պարկեշտ անձնավորություններ: ԱԺ փոխնախագահը վստահեցրեց՝ ուզում են ձևավորել դատական համակարգ, որը կգործի անկախ՝ որպես իշխանության երրորդ ճյուղ: Նա նշեց՝ այս ամենի մեջ որևէ ավել բան չկա ու չի կարող լինել: Սիմոնյանի կարծիքով՝ դատական համակարգը տարիներ շարունակ սպասարկել է նախկին իշխանություններին: Նա նկատեց՝ նաև դրա պատճառով է, որ «քաղբանտարկյալ», «դատավորներին Բաղրամյան 26-ից զանգել» և այլ արտահայտություններ շրջանառության մեջ են եղել շատ ավելի վաղ՝ մինչև անգամ իր քաղաքականության մեջ մտնելը: ՀՀ ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին ամբողջությամբ ընդունել է կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով, մասնավորապես, նախատեսվում է 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:
10:58 - 11 դեկտեմբերի, 2019
ՀՅԴ-ն ուզում է վերակենդանանալ, բայց վատնելու է իր ունեցած վստահությունը. Ալեն Սիմոնյան |tert.am|

ՀՅԴ-ն ուզում է վերակենդանանալ, բայց վատնելու է իր ունեցած վստահությունը. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: ՀՅԴ-ն քաղաքական նպատակներ է հետապնդում, ուզում է վերակենդանանալ, բայց ընդհակառակը՝ վատնելու են իրենց ունեցած վստահությունը, որովհետև շինծու օրակարգերով և նման գործելաոճով որևէ արդյունքի չի հասնելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին ԿԳՄՍ նախարարության դիմաց տեղի ունեցած ակցիային: «Մանկապարտեզային գործողություն էր կատարվում: 2-3 տասնյակ երիտասարդների խնդրում են, բացատրում են, որ ճանապարհ փակելը ճիշտ չէ, բացում են, չեն տանում ոստիկանություն, հետո նորից գալիս, փակում են: Եվ ինչ-որ նախկին իշխանավորներ գալիս են, երիտասարդների ֆոնին փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ իշխանությանն ինչ-որ բանի մեջ մեղադրելով: Երիտասարդներին հանել փողոց, սնել ինչ-որ գաղափարներով, հետո գալ այդ մարդկանց ֆոնին նկարահանվել և փորձել քաղաքական դիվիդենտներ շահել, ես դա համարում եմ... բառեր չասեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ իր ասածը չի վերաբերում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներ Արման Աբովյանին և Անի Սամսոնյանին, որոնք այցելեցին Ոստիկանության կենտրոնի բաժին՝ ծանոթանալու իրավիճակին. «Ես էլ նույնը կանեի նման իրավիճակում, բայց չարեցի, որովհետև ի տարբերություն մեր ընդդիմադիր պատգամավորների, վստահ էի, որ օրինականության հետ խնդիր չի կարող լինել»: «Վստահեցնում եմ՝ այդ գործելաոճը ժողովրդի մոտ որևիցե աջակցություն չի գտնելու, որովհետև չի կարելի այդպես դեմ տալ, հետո գալ, դեմքի լուրջ արտահայտությամբ ասել՝ դե, տեսաք՝ ինչ արեցին մեր երիտասարդներին»,- նշեց Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե նախարար Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ երիտասարդների հանդիպման պահանջը չի՞ հանդարտեցնի իրավիճակը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նախարարը եթե ճիշտ գտնի, կհանդիպի: Նախարարն արդեն մի քանի հանդիպում է անցկացրել: Ինչ վերաբերում է այդ օրվա հանդիպմանը, այդ օրը նպատակ չի եղել հանդիպելը, նպատակ է եղել մտնել կառավարական շենք և այնտեղ ակցիա անցկացնել, բայց դա քողարկվել է իբր հանդիպման պահանջով»:
09:00 - 04 դեկտեմբերի, 2019
Ռուսաստանը հսկայական աջակցություն է ցուցաբերում Երեւանին ռազմական ոլորտում. Ալեն Սիմոնյան |news.am|

Ռուսաստանը հսկայական աջակցություն է ցուցաբերում Երեւանին ռազմական ոլորտում. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Ռուսաստանը հսկայական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ռազմական ոլորտում։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների՝ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին հարցին։ Ամփոփելով Գյումրիում անցկացված հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքները՝ Սիմոնյանը նշեց, որ ոչ ՀԱՊԿ անդամ երրորդ երկրներին զենքի վաճառքի հարցը հայ եւ ռուսաստանցի պատգամավորների կողմից չի դիտարկվել։ Նրա կարծիքով՝ դա ավելի շատ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քննարկման թեմա է՝ հավաքական անվտանգության վերաբերյալ։ «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Մենք միշտ քննարկում ենք այն մեր ռուսաստանցի գործընկերների հետ։ Միաժամանակ, մենք պետք է հաշվի առնենք նաեւ, որ շնորհիվ մեր ռուսաստանցի գործընկերների, շնորհիվ Ռուսաստանի Դաշնության նաեւ հսկայական աջակցություն ենք ստանում այդ ոլորտում, եւ, բնականաբար, հարցը պետք է դիտարկվի նաեւ այս ասպեկտով»,- ասել է Ալեն Սիմոնյանը։ 
12:58 - 06 նոյեմբերի, 2019
Ալեն Սիմոնյանը Լևոն Երանոսյանի գործով դատարանում է |factor.am|

Ալեն Սիմոնյանը Լևոն Երանոսյանի գործով դատարանում է |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին որպես տուժող դատարան էր եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ասաց, որ նյութական պահանջ չունի: Դատական նիստի մեկնարկին դատարանը ընթերցեց տուժողներից Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի գրությունը, որով նա նշում էր, որ առողջական խնդիրներ ունի և այսօրվա նիստին ներկայանալ չի կարող: Եգորյանը խնդրում էի նիստը հետաձգել, դատարանը, սակայն, հաշվի առնելով կողմերի առարկությունները նիստը չհետաձգեց: Լևոն Երանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի՝ 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։  
09:12 - 01 նոյեմբերի, 2019
Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի․ Սիմոնյան |shantnews.am|

Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի․ Սիմոնյան |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Թովմասյանն այս օրերին հերթական քաղաքական դիրքորոշումներն է արտահայտել, ինչն անթույլատրելի է։ Սիմոնյանը մեջբերեց, որ Թովմասյանը հայտարարել է, որ այս նախաձեռնությամբ փորձ է արվում չեզոքացնել միակ մարմինը, որ քաղաքական որոշումներին կարող է ստոպ ասել։ Սիմոնյանը հակադարձեց Թովմասյանի այս խոսքերին։ «Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի։ Մի՛ վերագրեք Ձեզ այդ ողջ դատարանի ֆունկցիան։ Մի՛ փորձեք դրանով չակերտավոր «հանցակից» սարքել Սահմանադրական դատարանի մյուս անդամներին, դատավորներին»,- ասաց Սիմոնյանը։ Փոխխոսնակը նաև ավելացրեց, որ դատավորը, դատարանի անդամը պետք է վստահություն վայելեն հանրության շրջանում, իսկ Թովմասյանը նման վստահություն չի վայելում։
10:53 - 03 հոկտեմբերի, 2019
ԱԺ-ում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Այսօր ԱԺ նսիտում քննարկվում է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո բազմաթիվ առաջարկներ են ստացել, որոնք մեծամասամբ ընդունել են: ԱԺ պատգամավոր Արթուր Դալլաքյանի կողմից ներկայացվել է առաջարկ սահմանել վիճակախաղերի կազմակերպչի համար գործունեության տարածքի չափ, որպեսզի այն չլինի շատ մեծ կամ շատ փոքր, և որոշում է կայացվել, որ բուքմեյքերական գրասենյակը կլինի 200 քաձ. մետր: Ընդունվել են  Արկադի Խաչատրյանի առաջարկով օրենքով  տարիքի հասած լինելու հանգամանքը ստուգելու պարտադիր պայման կնախատեսվի, իսկ տուգանքի չափը կրկնապատկվի և կհասնի 1 միլիոն դրամի: Սիփան Փաշինյանի կողմից առաջարկ է եղել, որ օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակները գործելու են հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն մարզկենտրոնում և Երևան քաղաքի ամեն մի վարչական շրջանում մեկական բուքմեյքերական գրասենյակ ամեն կազմակերպության համար, ինչպես նաև Վայոց Ձորի, Սյունիքի մարզի այն քաղաքներում, որտեղ թույլատրված է խաղատների գործունեությունը, այսինքն՝ այն 4 քաղաքները, որոնք մտցված են տուրիզմի զարգացման տրամաբանության մեջ: Առաջարկն ընդունվել է: Ալեն Սիմոնյանը նշեց, որ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերի1-ից:
07:34 - 02 հոկտեմբերի, 2019
Իրենք ամեն ինչ անում են, որ մեզ տանեն բռնապետության ճանապարհով։ Մենք դա թույլ չենք տալու |lragir.am|

Իրենք ամեն ինչ անում են, որ մեզ տանեն բռնապետության ճանապարհով։ Մենք դա թույլ չենք տալու |lragir.am|

lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը - Պարոն Սիմոնյան, ՍԴ-ն երեկ հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը։ Արդյոք սպասելի՞ որոշում էր սա՝ հաշվի առնելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ - Այս որոշումն անսպասելի էր այն մասով, որ ես ավելի հստակ էի պատկերացնում ՍԴ որոշումը և այսօր կարող եմ ասել՝ ինձ համար ամենակարևորն այն է, որ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը չի ճանաչվել հակասահմանադրական։ Հետևաբար, խոսք չի կարող լինել խափանման միջոցը փոխելու մասին։ Սակայն վերջնական դիրքորոշումը կարող եմ ասել միայն տեքստին ծանոթանալուց հետո։ - Բոլոր դեպքերում, ինչո՞ւ իշխանությունը քայլեր չարեց ՍԴ-ում ստեղծված իրավիճակը լուծելու համար։ Վահե Գրիգորյանը խնդիրը լուծելու տարբերակներ էր առաջարկում, մինչդեռ Արարատ Միրզոյանն ասում էր՝ դեռ չենք ծանոթացել։ - Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ երկու այլ մարդկանց մասին կարծիք հայտնեմ։ ՍԴ-ի ամենամեծ խնդիրը Հրայր Թովմասյանն է։ ՍԴ-ն այսօր ճգնաժամի մեջ է նրա պատճառով։ Այսօր ունենք իրականություն, ըստ որի՝ Հրայր Թովմասյանը մնացել է սերժառոբական ռեժիմի վերջին բաստիոնի ներկայացուցիչը։ Որքան շուտ ընկնի այդ բաստիոնը, այնքան լավ։ Մենք ամեն ինչ կանենք դրա համար, բայց կանենք օրինականության սահմաններում, այլ ոչ թե շտապելով։ - Այսինքն՝ եթե մեկ տարի առաջ անեիք դա, շտապողականությո՞ւն կլիներ։ Շատերն ասում են, որ հեղափոխությունն այդ հնարավորությունը տալիս էր։ - Մեզ համար սկզբունքային է, որ ամեն ինչ անենք օրենքի սահմաններում։ Մեզ համար սկզբունքային է, որ նրանք մեզ չկարողանան սարքել բռնապետ։ Իրենք ամեն ինչ անում են, որ մեզ տանեն բռնապետության ճանապարհով։ Մենք դա իրենց թույլ չենք տալու, որովհետև այդ դեպքում իրենք մեզ կհաղթեն։ Եթե բռնապետական քայլերով մենք գնանք առաջ, մենք կպարտվեք, եթե նույնիսկ հաղթենք երևացող մասով։ Մեր ամենակարևոր զենքը մեր սկզբունքայնությունն է, որի դեմ թե Հրայր Թովմասյանը, թե այն մարդիկ, որոնք իրեն նշանակել են կամ նվեր են տվել, թե այն մարդիկ, որ հիմա փորձում են իրենց փրկել, փորձում են քաղաքական դաշտ վերադառնալու համար իրենց ինչ-որ ձևով պաշտպանել։ Այդ մարդկանց ցանկությունն է, որ մենք գնանք սխալների ճանապարհով։ Մենք դա չենք անելու, որովհետև մեր սկզբունքայնությունը հաղթել է ու հաղթելու է։ Իրենք պարտվելու են երկարաժամկետ մասով։ Հիմա կարող են ուրախանալ, որ երկու ձևով կարելի է մեկնաբանել ՍԴ որոշումը, կարող է մի օր բաց թողնեն Քոչարյանին, բայց իրենց համար ի սկզբանե պարտված գործընթաց է, որովհետև ՀՀ քաղաքացու վրա կրակել չի լինելու այլևս, ՀՀ քաղաքացու վրա պետական լծակներ օգտագործել չի լինելու այլևս։ Երբ դատարանը որոշում է կայացնում վիճարկող կողմի օգտին, ասում են՝ վերջապես մի բան եղավ, բայց երբ հակառակն է, ասում են՝ ճնշումներ կան։ Ոչ մեկի, ոչ մյուսի ապացույցը չի բերվում, փոխարենը մեծ գումարներ են ծախսում և հանրային դաշտում մեր նկատմամբ փորձում են ատելություն սերմանել։ Չի ստացվելու։ Չի լինելու Հայաստանը բռնապետություն, լինելու է օրենքի երկիր։ Չի լինելու Հայաստանում այն իրավիճակը, որը եղել է մարտի 1-ին։ Հայաստանում ընտրություններ չեն կեղծվելու, մարդիկ չեն զոհվելու ոմանց աթոռը պահելու համար։ - Դատարանների նկատմամբ չկա վստահություն, այդ թվում Սահմանադրական դատարանի նկատմամբ։ Ինչպե՞ս եք լուծելու այդ հարցը։ - Լուծելու ենք այդ խնդիրը և լուծելու ենք Հայաստանի համար մաքսիմալ անցնցում ճանապարհով։ Այլ կերպ չի կարող լինել։ Մեր անցած ճանապարհը, մեր աշխատանքը դրված է այն զոհասեղանին, որ ՀՀ-ում պետք է լինեն կայացած ինստիտուտներ, այդ թվում՝ դատական իշխանություն։ Ու այդ ընթացքում կարևոր չէ, թե որ պաշտոնյան իր պաշտոնը կկորցնի, արդյոք մենք հաջորդ ընտրություններին կհաղթենք կամ կպարտվենք։ Զոհասեղանին դրված է մեր ամեն ինչը, որ մենք 5 տարի հետո կամ 10 տարի հետո թողնենք ինստիտուտներ։ Այդ իրենք են վախենում պաշտոն կորցնելուց, մենք դրանից չենք վախենում։ Մեզ համար դա կյանքի ու մահի հարց է։ Իրենց չի հաջողվելու մեզ տանել այլ  ճանապարհով: Հարցազրույցն ամբողջությամբ՝ lragir.am-ում
11:40 - 05 սեպտեմբերի, 2019
ՀՀ քաղաքացին է այդ դիրքորոշումը ձեւավորում․ Ալեն Սիմոնյանը՝ Ստամբույլան կոնվեցիայի մասին |news.am|

ՀՀ քաղաքացին է այդ դիրքորոշումը ձեւավորում․ Ալեն Սիմոնյանը՝ Ստամբույլան կոնվեցիայի մասին |news.am|

news.am: «Ոչ Ստամբուլյան կոնվեցիային» շարժմանը «Իմ քայլը» խմբակցությունից միացել է միայն 1 պատգամավոր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ ունեցած քննարկումից դուրս գալով։ «Քննարկում ենք ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիան, այլեւ՝ կուսակցական հարցեր։ Հիմա քննարկումը շարունակվում է, եւ կոռեկտ չի, որ ես ինչ-որ բան ասեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը եւ հավելեց, որ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով քննարկումը կիսատ է թողնում։ Հարցին՝ ինչ դիրքորոշում ունի ինքը, Սիմոնյանն ասաց․ «Իմ դիրքորոշումն հետեւյալն է․ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է այդ դիրքորոշումը ձեւավորում»։ Լրագրողի դիտարկմանը, որ խմբակցությունում այս մասով տարաձայնություններ կան, նույնիսկ պատգամավորներ կան, որ միանում են՝ «ո՛չ Ստամբույլան կոնվեցիային» շարժմանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Նախ պատգամավորներ կան, սխալ է ասելը, կա 1 պատգամավոր, որը միացել է։ Միանշանակ, կան տարբեր կարծիքներ ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, այլ բոլոր հարցերի շուրջ»։ Հարցին՝ արդյոք աշնանն օրակարգում լինելու է այդ հարցը, Սիմոնյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել՝ կլինի օրակարգում, թե՝ ոչ։
15:44 - 01 օգոստոսի, 2019