Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասը տարեկան 912 դրամով տրամադրել է ինքն իրեն, ապա 480 հազար դրամով՝ հանձնել վարձակալության. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասը տարեկան 912 դրամով տրամադրել է ինքն իրեն, ապա 480 հազար դրամով՝ հանձնել վարձակալության. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու և շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Վ.Ե.-ն, իր կողմից գլխավորած մրցույթում, հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց միջոցով, ինքն իր հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 912 դրամ վարձավճարով: Այդ մասին հայտնում են գլխավոր դատախազությունից: Պայմանագիրը կնքելուց հետո, Վ.Ե.-ն վերոնշյալ հողամասի 0,2 հա մակերեսով տարածքը տարեկան 480 հազար դրամ վարձավճարով հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը: Արդյունքում 2007-2010 թվականներին վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ: Բացի դրանից՝ Վ.Ե.-ն 2005 թվականի հունիսի 17-ին, «Քարաբերդ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 38.0219 հա մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով՝ տարեկան 467 հազար 970 դրամ վարձավճարով, տրամադրել է «Քարաբերդ» ընկերությանը: 2005 թվականի հուլիսի 7-ին «Քարաբերդ» ՍՊ ընկերությունն իրեն հանձնված նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը` տարեկան 600 հազար դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալությամբ հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը, այնուհետև՝ «Արմենթել» ՓԲ ընկերությանը: Արդյունքում՝ 2005-2012 թվականներին, վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ: 2023 թվականի հունվարի 24-ին Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից: 2023 թվականի ապրիլի 14-ին Գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և վարույթը կարճելու որոշումը: Դատախազը 2023 թվականի օգոստոսի 12-ին Վ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ): Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 1-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:14 - 07 սեպտեմբերի, 2023
Փաշինյանը Լոռու մարզի համայնքներում շարունակել է շրջայցը և ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Փաշինյանը Լոռու մարզի համայնքներում շարունակել է շրջայցը և ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Օգոստոսի 29-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մարզ: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։«Վարչապետը նախ այցելել է Ալավերդի համայնքի Հագվի գյուղ, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 755 մլն դրամ: 140 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման կհանձնվի մինչ դեկտեմբեր:Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը եղել է Օձուն բնակավայրում՝ ծանոթացել մարզաառողջարանային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին, որոնց 80%-ն արդեն ավարտվել է: Մարզաառողջարանային կենտրոնի 2021 և 2022 սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է, համապատասխանաբար, 114 մլն 433 հազար և 91 մլն 107 հազար դրամ: Միջոցների 55 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:Այնուհետև վարչապետին ներկայացրել են Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները: Կատարվել է աշխատանքների 60%-ը: Հիմնովին վերանորոգված կենտրոնի և 2000 քառ. մ. բարեկարգված տարածքի 2019-2022 և 2023 սուբվենցիոն ծրագրերի արժեքը կազմել է, համապատասխանաբար, 68 մլն 366 հազար և 24 մլն 359 հազար դրամ: Միջոցների 50 տրամադրել է Կառավարությունը:Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հ-33, /Մ-3 /Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնց 95%-ն կատարվել է: 6.1 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նպատակով գործադիրը հատկացրել է 642 մլն 4 դրամ:Տաշիր համայնքում կառավարության ղեկավարը եղել է Սարչապետ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման շինհրապարակում: Շինարարական աշխատանքները գրեթե ավարտվել են, մոտ 1000 քմ վերանորոգված մշակույթի տան սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 59 մլն դրամ, որի 45 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից:Ներկայացնելով «Երեմյան Ֆարմ» անասնաբուծական համալիրի ընթացող շինարարական աշխատանքները՝ նշվել է, որ ընկերությունում ներկայումս առկա է 300 գլուխ հոլշտեյն ցեղատեսակի ԽԵԿ: Ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն դոլար է: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև «Բոզոյան» ՍՊԸ–ում, որն իրականացնում է ցանքատարածությունների մշակում. տարեկան հզորությունը կազմում է մոտ 2 հազար հեկտար: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 7 մլն դոլար է:Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Մ- 3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 22.9 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք փաստացի ավարտվել են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3 մլրդ 771 մլն դրամ: Միջոցներն ուղղվել են պետական բյուջեից:Վարչապետը եղել է Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային հրապարակում, որտեղ հիմնանորոգման աշխատանքների 80% արդեն իրականացվել է՝ լուսաձայնային էֆեկտներով շատրվաններ, 4700 քմ սալիկապատ անցուղի, 1200 քմ ասֆալտապատ տարածք: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 201 մլն դրամ է: Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում ևս իրականացում են 1,8 կմ հիմնանորոգման աշխատանքներ, որոնց արժեքը կազմում է ավելի քան 736 մլն դրամ:Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Գյուլագարակ բնակավայրի արվեստի դպրոցի համայնքային շենքի կառուցման աշխատանքներին: Մոտ 200 քմ կառուցված արվեստի դպրոցի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 74 մլն 900 հազար դրամ է: Միջոցների 45 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ:Վարչապետին ներկայացվել է նաև Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 13 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնք ավարտվել են, թերություններ ի հայտ գալու պատճառով շինարարական ընկերությունը սեփական միջոցների հաշվին 10 կմ հատվածում տեղադրում է ասֆալտբետոնի նոր շերտ: Ծրագրի արժեքը 494 մլն դրամ է: Միջոցները հատկացրել է Կառավարությունը:Նշվել է նաև, որ մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 4,06 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է ավելի քան 199 մլն դրամ: Ավարտվել են նաև Բազում համայնքի մոտ Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման 4.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրը, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակի հուշահամալիր: Շինարարական աշխատանքներն ավարտվել են, կառուցվել է մոտ 1700 քմ պուրակ, որի համար հատկացվել է 42 մլն դրամ: Միջոցների 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսների հիշատակին:Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Տ-5-7՝ Մ7 Շիրակամուտ - Լեռնավան (Տ-5-38) ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնց 90%-ն ավարտվել է: 1,1 կմ ճանապարհի հիմնանորոգման արժեքը կազմել է ավելի քան 148 մլն դրամ, որը հատկացվել է Կառավարության կողմից:Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Սպիտակ քաղաքի մոդուլային տիպի մանկապարտեզի կառուցման շինհրապարակում: Մոտ 1300 քմ մակերեսով, 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման ծրագրի համար հատկացվել է 787 մլն 532 հազար դրամ: Միջոցները տրամադրել է Կառավարությունը:Վարչապետի վերջին կանգառը եղել է Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում, որտեղ կառուցվել է ջրամբար: Մոտ 12 հազար 500 խմ ծավալով գեոմեմբրանային թաղանթով ջրամբարի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 34 մլն 948 հազար դրամ: Միջոցների մի մասը հատկացրել է Կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը:Նիկոլ Փաշինյանը Սպիտակ համայնքում հարգանքի տուրք է մատուցել 44 օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:Վարչապետը կարևորել է համայնքներում իրականացվող ծրագրերի որակյալ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով, որ Կառավարությունը տարբեր ծրագրերի միջոցով շարունակելու է ակտիվորեն նպաստել մարզերի զարգացմանը: Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մարզ ավարտվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
22:19 - 29 օգոստոսի, 2023
Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Լոռու մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վանաձոր համայնքի Խորենացի փողոցը, որի 2 երթևեկելի գոտիներում իրականացվում են գրեթե 1 կմ հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 272.8 մլն դրամ: Միջոցները հատկացրել է Կառավարությունը: Հաջորդիվ վարչապետը եղել է Վանաձոր համայնքի «Իտեքս» ընկերությունում և ծանոթացել վերջինիս գործունեությանը: Հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022 թ.-ի մայիսին։ Այն զբաղվում է իտալական հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ և ունի մոտ 1000 աշխատակից: Ներկայումս ընկերությունն ունի 14 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալներն հասցնել մինչև 24 հոսքագծի։ Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի շինարարական աշխատանքներին: Երկհարկանի 50 մահճակալ հզորությամբ բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների համար ներդրվում է 891 մլն դրամ: Միջոցները հատկացրել է Կառավարությունը: Նիկոլ Փաշինյանը եղել է Վանաձորի քաղաքային մարզադաշտում, որը հիմնանորոգվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով։ Մարզադաշտի շինաշխատանքները վերսկսվել էին 2021 թվականի հուլիս ամսից։ Այն ունի նոր տրիբունա՝ 3000 նստատեղով, հետագայում նստատեղերի թիվը կարող է ավելանալ, այժմ քննարկվում են նոր տրիբունաներ կառուցելու հնարավորությունները: Վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել է նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքներին, որոնց 70%-ն արդեն իրականացվել է: 159 աշակերտի համար նախատեսված մարզադահլիճի կառուցման ծրագրի Կառավարությունը հատկացրել է 199.5 մլն դրամ: Գործադիրի ղեկավարին մանրամասներ են ներկայացվել նաև Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Իրականացվել է շինաշխատանքների 55%-ը: Ընդհանուր կհիմնանորոգվի 1,127 կմ ճանապարհահատված: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմում է 314 դրամ է: Միջոցները կեսը հատկացրել է Կառավարությունը: Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վանաձոր համայնքի «Գլորիա» կարի ֆաբրիկան: Ընկերությունն արտադրում է եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք, ունի մոտ 2500 աշխատակից: 2 մասնաճյուղերում միասին ամսական արտադրվում են 180,000 հատ տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ: Կառավարության ղեկավարը ծանոթացել է Ֆիոլետովո համայնքի կոյուղագծի կառուցման աշխատանքներին: Կառուցվում է 1,676 կմ կոյուղագիծ, 1 մաքրման կայան. Սուբվենցիոն ծրագրի արժեքը 31.500.000 դրամ է, որի 65%-ը հատկացվել է պետական բյուջեից: Վարչապետին ներկայացրել են Լերմոնտովո համայնքի փողոցների նորոգման աշխատանքները. 550 մետր կառուցված ճանապարհի սալարկմամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են: 2022 և 2023 սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է, համապատասխանաբար, 21 և 22 մլն դրամ: Միջոցների 60 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Մ-6-Եղեգնուտ–Դեբետ ավտոճանապարհի 7.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որի 90%-ն արդեն կատարվել է: Ճանապարհի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի արժեքը 846.7 մլն դրամ է: Եղեգնուտում վարչապետը զրուցել է տեղացիների հետ տարբեր հարցերի շուրջ: Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրում վարչապետը ծանոթացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կառուցվող «Դսեղի առողջության կենտրոնի» շինարարական աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլն դոլար է: 2022թ.-ին ներդրումների ծավալը կազմել է 168 մլն դրամ: Այն կսպասարկի Թումանյանի տարածաշրջանի 7 բնակավայրերի բնակչությանը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են Տ-5-73 /Հ-70/ - Քարինջ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: 4 կմ հիմնանորոգված ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների 80%-ը ավարտվել է, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 346 մլն դրամ: Միջոցները հատկացրել է Կառավարությունը: Կատարվել է նաև Մ-6, Վանաձոր - Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության միջպետական ավտոճանապարհի համապատասխան տեղամասի վերականգնման և բարելավման աշխատանքների 30%-ը: Ծրագրի նպատակով պետական բյուջեից հատկացվել է 954 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև դեպի Կայան բերդ տանող 1,6 կմ երկարությամբ քայլարշավային արահետ, որը հիմնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: Արահետի վրա տեղադրվել են 31 փայտե և 13 քարե աստիճաններ, բարդ հատվածներում մոնտաժվել են երկաթյա աստիճանավանդակներ: Արահետի սկզբնամասում տեղադրվել է մեկնարկային ցուցանակ` անհրաժեշտ տեխնիկական նկարագրությամբ և քարտեզով, ինչպես նաև ուղղորդող ցուցանակներ և գծանշումներ ամբողջ արահետի երկայնքով: Վարչապետի այսօրվա վերջին կանգառը եղել է Ալավերդիում, որտեղ Սանահին-Ակներ 9,3 կմ ավտոճանապարհի շինաշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից:
21:53 - 28 օգոստոսի, 2023
Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության գործով ձերբակալվել է 61-ամյա համաքաղաքացին. ՔԿ

Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության գործով ձերբակալվել է 61-ամյա համաքաղաքացին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները: 2023 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 14:15-ին, «Ալավերդի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող երկու վերքեր» ախտորոշմամբ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի ճոպանուղու մոտակայքից շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել նույն քաղաքի 46-ամյա բնակիչը: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս  նշված վնասվածքները ստացել է իր ծանոթի տանը հացկերույթի ժամանակ` իր և մասնակիցներից մեկի՝ 61-ամյա համաքաղաքացու միջև առաջացած վիճաբանության ընթացքում:  Վերջինս  իր մոտ եղած դանակով չորս անգամ հարվածել է 46-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին: Նույն օրը՝ ժամը 15:43-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հիշյալ տղամարդը մահացել է: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: 61-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:39 - 25 օգոստոսի, 2023
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ երեք անձ ձերբակալվել է․ ՔԿ

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ երեք անձ ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է՝ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ օպերլիազորի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։  «2023 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՔՀԲ ավագ օպերլիազորները, ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ, օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում Ալավերդի համայնքի Թեղուտ բնակավայրում ծառայություն իրականացնելու ժամանակ, տներից մեկի բակում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Պարզելով, որ ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակչին և որ հիշյալ փայտանյութի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր առկա չեն, վերջինիս պարտավորեցրել են փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք՝ օրենքով սահմանված կարգով ստուգողական գործողություններ կատարելու համար: Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, ով հանդիսանում է Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարը, մոտեցել և փորձել է ոստիկաններին համոզել հայտնաբերված փայտանյութը չտեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժին։ Իսկ երբ ոստիկանության ծառայողները հրաժարվել են կատարել նրա պահանջը, հորդորել են չմիջամտել իրենց օրինական գործողություններին ու հեռանալ, վրդովվել է իր պահանջի չկատարման փաստից, պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով օպերլիազորներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք է տվել և հեռացել: Այնուհետև, նպատակ ունենալով հաշվեհարդար տեսնել իրեն չենթարկված հիշյալ ծառայողի նկատմամբ, նույն օրը՝ երեկոյան, երբ վերջինս գտնվել է Ալավերղի համայնքի Շնող բնակավայրում գտնվող իր տանը, համայնքի ղեկավարը գնացել է նրա տուն և պահանջել զրուցելու նպատակով առանձնանալ: Մերժում ստանալով՝ համայնքի ղեկավարը հայհոյանքներ է հնչեցրել՝ կրկին պահանջելով առանձնանալ։ Այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենայով օպերլիազորի տան բակ են ժամանել նաև Թեղուտ բնակավայրի 24, 22 և 40-ամյա բնակիչները՝ մի անծանոթ անձի հետ: Չանսալով ոստիկանության ծառայողի՝ իր տնից հեռանալու հորդորներին, նշված անձինք, հայհոյանքներ հնչեցնելով, հարձակվել են ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել օպերլիազորի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին միջամտել են ոստիկանի ընտանիքի անդամները և հարևանները: Նույն օրը նշված անձանցից երեքը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Ոստիկանության օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 1-ին մասով և 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 22-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով և 490-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 24-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով: 29-ամյա և 22-ամյա անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, մյուս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:07 - 28 հուլիսի, 2023
Ստեփանավանում «Հայաքվե»-ի ստորագրահավաքն առանց օրինական հիմքերի կասեցված է. Մենուա Սողոմոնյան

Ստեփանավանում «Հայաքվե»-ի ստորագրահավաքն առանց օրինական հիմքերի կասեցված է. Մենուա Սողոմոնյան

Ստեփանավան քաղաքում «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է։ Այս մասին ահազանգում է նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։ Նա նշում է, որ Ստեփանավանի քաղաքապետի ապօրինի հրահանգով համայնքապետարանի ներկայացուցիչը ներկա չի գտնվում ստորագրահավաքի վայրում, ինչի պատճառով ստորագրահավաքը դադարեցվել է։  «Ես այժմ գտնվում եմ Ստեփանավանի քաղաքապետարանում, որտեղ երրորդ հարկում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքի իրականացման համար հատկացրել են վայր ու հայտարարում եմ, որ այս պահին ստորագրահավաքը կասեցված է առանց օրինական հիմքերի։  Քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով պետք է լինի այստեղ ու մասնակցի ստորագրահավաքին որպես համայնքապետարանի ներկայացուցիչ, նրան հրահանգել են, որ չգա, և նա իր աշխատասենյակում է։  Ի՞նչ է տեղի ունեցել։  Պատմում են, որ «Հայաքվե» նախաձեռնության ինչ-որ համակիր քաղաքապետարանի շենքում մարդկանց ուղղորդել է, որպեսզի մասնակցեն ստորագրահավաքին։ Դրա արդյունքում համայնքի ղեկավարը հրամայել է, ասել է մեր աշխատակից Հասմիկ Կոստանդյանին, որպեսզի նա դուրս գա։ Նա կապ է հաստատել ինձ հետ, ասել եմ պետք չէ դուրս գալ, այդ պահանջը օրինական հիմք չունի, նա որևէ հակաօրինական քայլ չի կատարել, հետևապես տարածքը լքելու որևէ հիմք չկա, որևէ կերպ մեր նախաձեռնության լիազոր ներկայացուցիչն այս մասին ծանուցված չէ։ Փորձեցի հանդիպել քաղաքապետի, փոխքաղաքապետի հետ, նրանք տեղում չեն, իսկ աշխատակիցն այս պահին այստեղ չէ, քաղաքացի էլ կա, որ պետք է ստորագրի, սակայն չի կարող ստորագրել, քանի որ համայնքապետարանի աշխատակիցը տեղում չէ։  Հայտարարում ենք, որ կանգնեցնում են նախաձեռնության ստորագրահավաքի ընթացքը Ստեփանավանում և դիմում եմ բոլոր պատկան մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի համապատասխան ընթացք տան այս գործընթացին, քանի որ տեղի է  ունենում մարդու իրավունքների խախտում, և ստորագրահավաքի ընթացքը  կասեցված է ապօրինի»,- մանրամասն ներկայացրեց Մենուա Սոսոմոնյանը։ 
16:05 - 27 հուլիսի, 2023
Երեխաներին կծած շունը մեկուսացվել է․ փոքրիկներից մեկի վիճակը ծանր է, մյուսը դուրս է գրվել

Երեխաներին կծած շունը մեկուսացվել է․ փոքրիկներից մեկի վիճակը ծանր է, մյուսը դուրս է գրվել

Լոռու մարզի Սպիտակ համայնքում քաղաքացու շունը, պոկելով շղթան, հարձակվել է խաղացող երկու երեխաների վրա, պատճառել մարմնական բազմաթիվ  վնասվածքներ։ Երեխաները տեղեփոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Դեպքի մասին տեղեկատվությունը ստանալուն պես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ: Տեսչությունից հայտնում են, որ շունն անմիջապես մեկուսացվել է։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ կենդանին կլինի ամենօրյա հսկողության տակ, և, վարքի փոփոխության, որոշակի հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, կլինիկական նշանների առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ (շունը կքնեցվի և կտարվի լաբորատոր հետազոտության)։ Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսին ցուցաբերվել  է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։
11:35 - 21 հուլիսի, 2023
Ստեփանավանի սոցծառայությունների տարածքային գործակալության նախկին պետն ու աշխատակիցները հափշտակել են 245 մլն դրամ

Ստեփանավանի սոցծառայությունների տարածքային գործակալության նախկին պետն ու աշխատակիցները հափշտակել են 245 մլն դրամ

Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն Գործակալության աշխատակիցներ Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանց Ստեփանավան համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք բնակիչների գիտության, վերջիններիս ընտանիքներին ձևականորեն ընդգրկել է անապահովության գնահատման համակարգում: Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազությունը։ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն Գործակալության աշխատակիցներ Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, անապահովության գնահատման համակարգում վերոնշյալ ընտանիքներին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ ներառել է նպաստի իրավունք տվող ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ, որի արդյունքում պետական բյուջեից ստացված նպաստի գումարներից խարդախությամբ հափշտակել են 245 մլն 313 հազար 500 դրամ։ 2023 թվականի հուլիսի 13-ին հսկող դատախազը Ա.Ղ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում` Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:27 - 15 հուլիսի, 2023
Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Ա.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագման աղբյուրը, պատկանելիությունը, տնօրինման եղանակը թաքցնելու և խեղաթյուրելու, հանցավոր գործունեության արդյունքում ստացված անշարժ գույքն օրինականացնելու նպատակով, ձեռք է բերել իր հոր՝ Ս.Ղ.-ի հանցավոր գործունեության արդյունքում ստացված, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ներառված (օտարման ոչ ենթակա հողեր), քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքը: 2023 թվականի հունիսի 27-ին դատախազն իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել Ա.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում)։ Որոշումը նույն օրն ուղարկվել է նախաքննական մարմին՝ Ա.Ղ.-ին մեղադրանք ներկայացնելու համար: Նախաքննական մարմնի կողմից 2023 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել  ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:36 - 28 հունիսի, 2023
Բանկի աշխատակիցը հանցավոր սխեմայով հաճախորդներից ընդհանուր շուրջ 10 մլն. դրամ է հափշտակել. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Բանկի աշխատակիցը հանցավոր սխեմայով հաճախորդներից ընդհանուր շուրջ 10 մլն. դրամ է հափշտակել. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Բացահայտվել է Լոռու մարզում բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև՝ յուրացում կատարելու դեպքը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2021 թ. փետրվարին տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի` Ստեփանավան համայնքում տեղակայված մասնաճյուղի սպասարկող մասնագետը 2016-2021 թ. ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր լիազորությունները, բանկի մի շարք ավանդատուներից ու վարկառուներից դրամով և ԱՄՆ դոլարով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ բանկին  պատճառված վնասի չափը: Ըստ այդմ՝ բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետը, 2016 թ. օգոստոսից մինչև 2021թ. հունվար ընկած ժամանակա­հատ­վածում բանկի մի շարք հաճախորդների անվամբ, ծրագրային եղանակով, մասնաճյուղի աշխատանքային համակարգիչներով շարունակաբար ձևակերպել է կեղծ գործարքներ և դրանց հիման վրա, ելքագրելով ու կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.675.840 ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ հիշյալ աշխատակիցը,  կազմելով և օգտագործելով գործարքների վերաբերյալ՝ հաճախորդի ստորագրության կեղծմամբ հանձնարարագրեր և անդորրագրեր, նաև իր հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով, առանց ավանդատուների գիտության և ներկայության, կեղծ գործարքների ձևակերպմամբ, խզել է բանկի հաճախորդներ ավանդատուների ավանդների պայմանագրերը՝ նրանց ավանդային հաշիվներից ելքագրելով գումարներ, ավանդային հաշվից ավանդի նվազեցման կեղծ գործարքի ձևակերպմամբ ելքագրել է գումարներ՝ այդ կերպ կատարելով հափշտակություններ: Պարզվել է նաև, որ նշված աշխատակիցը, առանց բանկի հաճախորդի գիտության, համապատասխան ծրագրում փոփոխել է վերջինիս անհատական տվյալները՝ դրանց փոխարեն նշելով իր անձնականը։ Դրա միջոցով նա ակտիվացրել է «Մոբայլ-Բանքինգ» համակարգը, հաճախորդի անվամբ ձևակերպել ակնթարթային վարկ, ինչը փոխանցել է իր մոր քարտային հաշվին, ապա կանխիկացրել և հափշտակել է գումարը՝ նշված գործարքների վերաբերյալ հաճախորդի ստորագրության կեղծմամբ կազմելով և օգտագործելով բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր: Բացի այդ, վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքները չեղարկելու և նոր գործարքների ձևակերպման ճանապարհով նա կատարել է սկզբնական ձևակերպված տվյալների փոփոխություն, որի միջոցով փաստացի վճարված գումարի համեմատ 200.000-ական ՀՀ դրամ պակաս է մուտքագրել՝ հափշտակելով վարկառուների անվամբ բանկում առկա վարկերի մարման համար վճարված գումարներից, իսկ գործարքների վերաբերյալ հիշյալ հաճախորդների ստորագրութ­յունների կեղծմամբ կազմել և օգտագործել է կեղծ պաշտոնական փաստաթղթեր: Նշված աշխատակիցը վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքը չեղարկելու և նոր գործարքի ձևակերպման ճանապարհով սկզբնական ձևակերպված տվյալների փոփոխության միջոցով, բանկի մասնաճյուղի վարկառուի անվամբ առկա վարկի մարման համար իրեն վճարված գումարի մի մասը չի մուտքագրել բանկի մասնաճյուղի դրամարկղ, չի ուղղել վարկի մարմանը՝ այդ կերպ յուրացման եղանակով կատարելով հափշտակություն: Բացի այդ, աշխատակիցը բանկի կողմից իրեն հատկացված աշխատանքային համակարգչում ներբեռնված ծրագրի միջոցով ձևակերպել է հաճախորդների անվամբ բացված ավանդային հաշվից գումարներ նվազեցնելու վերաբերյալ գործարքներ, որոնց կատարումը հիմնավորելու համար իր համակարգչով կազմել է բովանդակությամբ կեղծ վճարման հանձնարարականներ։ Հաճախորդների փոխարեն ստորագրելով՝ այդ հանձնարարականները նա դրել է շրջանառության մեջ, ապա իր դրամարկղից ելքագրելով հիշյալ գումարները՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով գումար: Ձեռք բերված փաստերի հիման վրա բանկի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 1.1 կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  (8 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը: Վարույթի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել  են դատարան: Նախաքննության ընթացքում աշխատակիցը բանկին պատճառված վնասից վերականգնել է 2 420 000 ՀՀ դրամը: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
17:41 - 23 մայիսի, 2023
Լոռու մարզում անտառապետի և անտառապահի անփութության հետևանքով 2000- ից ավելի ծառ է հատվել․ նրանց մեղադրանք է ներկայացվել

Լոռու մարզում անտառապետի և անտառապահի անփութության հետևանքով 2000- ից ավելի ծառ է հատվել․ նրանց մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչա­կան կո­մի­տեի Լո­ռու մար­զա­յին քննչա­կան վար­չութ­յան Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են պաշտոնեական անփութության հետևանքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածքում 2000-ից ավելի ծառերի ապօրինի հատման դեպքի էական հանգամանքներ: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 42-ամյա բնակիչը, 2019 թ․ նոյեմբերի 15-ից մինչև 2020 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում  զբաղեցրել է Գյուլագարակի անտառպետության անտառապետի, իսկ 2020 թ․ մարտի 16-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահի, իսկ նույն մարզի 35-ամյա բնակիչը՝ նույն պահաբաժնի անտառապահի պաշտոնը։ Հանդիսանալով պաշտոնատար անձինք, նրանք պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, նրանք իրենց լիազորությունների շրջանակում, պատշաճ չեն ապահովել  հիշյալ պահաբաժնում անտառի պահպանությունն, անտառապետը հիշյալ պահաբաժնի 35-ամյա անտառապահի գործունեության նկատմամբ պատշաճ ղեկավարում և հսկողություն չի սահմանել, ապօրինի անտառհատումները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն կիրառվել, պահաբաժնի տարածքը պատշաճ չեն վերահսկել, այնտեղ տևական ժամանակ շրջայցեր չեն կատարել։  Արդյունքում, ինքնությունը չպարզված անձը (անձինք), օգտվելով անտառում հսկողության բացակայությունից, 2019 թ․ նոյեմբերի 15-ից մինչև 2020թ․ մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ պահաբաժնի տարբեր անտառամասերից ապօրինի հատել են ընդհանուր 2036 ծառ։  Պետության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 55.914.000 ՀՀ դրամի վնաս:   Նշված անտառխախտումները հայտնաբերվել ու արձանագրվել են  պահաբաժնում 2020 թ․ մայիսի 15-ից սկսած տարբեր ժամանակահատվածներում կատարված ստուգումների արդյունքում: Բացի այդ, իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելու, պարտականությունները պատշաճ չկատարելը քողարկելու, ինչպես նաև ծառերի ապօրինի հատման արդյունքում պատճառված վնասը չհատուցելու շահագրգռվածությունից ելնելով՝ նշված անձինք կազմել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ «տեղեկատվություն շաբաթական շրջայցերի վերաբերյալ» տեղեկատվություն, որտեղ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ 2020թ․ մարտի 25-ին և ապրիլի 7-ին հիշյալ պահաբաժնի տարբեր տեղամասերում շրջայցեր իրականացնելու և դրանց ժամանակ ապօրինի ծառահատումներ կամ այլ խախտումներ չհայտնաբերելու մասին։ Բովանդակությամբ կեղծ այդ տեղեկանքը նրանք հանձնել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության անտառապետին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանց նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգր­քի 315-րդ հոդվածի 2-րդ մասով /հա­մա­պա­տաս­խա­նում է ՀՀ գործող քրեա­կան օ­րենսգր­քի 446-րդ հոդվածի 2-րդ մասին/ (պաշտոնեական անփութությունը, որն առաջացրել է ծանր հետևանք) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասին/ (պաշտոնեական կեղծիքը) հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։   Նախաքննությունը շարունակվում է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում նաև օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով պետությանը պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։  Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
13:31 - 06 մայիսի, 2023
Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում նոր դատախազներ են նշանակվել

Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում նոր դատախազներ են նշանակվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի, 28-ի և 30-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ նաև առաջխաղացման ձևով: Մասնավորապես՝ · Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Վարչության ավագ դատախազի պաշտոնին: · Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Աննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: · Լոռու մարզի դատախազության դատախազ Եսայի Բաբելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Վազգեն Ռուստամյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին: ·Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Վահե Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: · Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վանուհի Փայտյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վաղարշակ Սարգսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: · Շիրակի մարզի դատախազության դատախազ Անահիտ Ավդալյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: · Կոտայքի մարզի դատախազության դատախազ Վիրաբ Համբարձումյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: ·Գագիկ Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի մարտի 31-ից: · Վազգեն Եդիգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի մարտի 31-ից: · Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: ·Տավուշի մարզի դատախազության դատախազ Հովհաննես Աղասարյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: · Արևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից: · Միլենա Առուստամյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից: · Թամար Դավթյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից: · Հովհաննես Սաֆարյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 5-ից:
12:19 - 31 մարտի, 2023