Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Համայնքները պայմանագիր են կնքել նախագծող մի ընկերության հետ, որը համապատասխան լիցենզիայի ներդիր չի ունեցել. մարզպետ |armtimes.com|

Համայնքները պայմանագիր են կնքել նախագծող մի ընկերության հետ, որը համապատասխան լիցենզիայի ներդիր չի ունեցել. մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Լոռու մարզում 2020թ-ին ներկայացված պետական սուբվենցիոն ծրագրերից մինչեւ այս պահը կառավարությունը հաստատել է 9 ծրագիր: Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջին օրերին քննարկվել և հավանության են արժանացել Վանաձոր համայնքի «Աթլետիկա օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի, «Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի, «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի Թատերական 2 հասցեում գտնվող շենքերի հիմնանորոգման ծրագրերը (ընդհանուր արժեքը 112.301 մլն դրամ):  Հանձնաժողովի հավանությանն արժանացած ծրագրերից են նաեւ Ծաղկաբեր համայնքի 3-րդ փողոցի ջրագծի նորոգման, Արևաշող համայնքի «Յազիկ» թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցման, Սարչապետ համայնքի Պետրովկա բնակավայրում հանդիսությունների սրահի վերանորոգման, Նորաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգման, Ախթալա համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ Շամլուղ ու Ախթալա բնակավայրերի հանդիսությունների սրահների հիմնանորոգման ծրագրերը: Ավելի վաղ հավանության էին արժանացել նաև Լեռնապատ համայնքի «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» և Լուսաղբյուր համայնքի «Ոռոգման ցանցի նորոգում» ծրագրերը: Համայնքների կողմից ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-նն էր: Ընդհանուր առնմամբ համայնքների կողմից ներկայացվել է 93 ծրագրային հայտ, որոնք պետք է քննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ներկայացված ծրագրերից, սակայն, տարբեր պատճառներով, ծրագրային 9 փաթեթ արդեն իսկ մերժվել է: Այս մասին հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ներկայացնելով մերժված ծրագրերն ու մերժման պատճառները. «Շենավանի հանդիսությունների սրահի նորոգման ծրագիրը մերժվել է, քանի որ խնդիրը հենց շինությունն էր, որը փայտյա շինություն էր, որի վիճակը լավը չէր, եւ ներսը վերանորոգելով մենք հարցը չէինք լուծի: Պայմանավորվեցինք համայնքապետի հետ, որ գումարը տնտեսենք եւ եկող տարի ամբողջությամբ վերակառուցենք շենքը: Նոր Խաչակապի ոռոգման ցանցի նորոգումն է մերժվել՝ ծրագրի եւ ակնկալվող գումարի անհամապատասխանության պատճառով: Աթան բնակավայրի ջրագծի նորոգումը մերժվել է գումարի ու ակնկալվող արդյունքի անհամապատասխանության հիմքով, ինչպես նաեւ ժամկետի խնդիր կար: Դեբետի մանկապարտեզի նոր շենքի կառուցումը մերժվեց, քանի որ համայնքը ներդրման ակնկալիք ուներ «COAF»-ից, բայց եւ պետք է համայնքի մասնաբաժինը ներդրվեր, բայց քանի որ հստակություն չեղավ՝ ծրագիրը անցավ հաջորդ տարի»,- թվարկեց մարզպետը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:14 - 14 մայիսի, 2020
ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին է փոխանցվել Գուգարք համայնքի ղեկավարի կողմից համայնքին պատճառված 12մլն. դրամը

ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին է փոխանցվել Գուգարք համայնքի ղեկավարի կողմից համայնքին պատճառված 12մլն. դրամը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2005 թվականի հոկտեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձ վճարելու պատրաստակամության մասին, նպատակադրվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը և լրացուցիչ եկամուտներ ապահովելուն:Այդ նպատակով նա, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցույթ անցկացնելու համար հիմքեր ստեղծելու նպատակով պահանջել է, որպեսզի իր կինը նշված հողատարածքը վարձակալելու մտադրության մասին համապատասխան դիմում ներկայացնի համայնքապետարան:Այնուհետև, անձամբ նախաձեռնելով հողատարածքի հատակագծման աշխատանքները, ստեղծելով և ղեկավարելով մրցութային հանձնաժողովը, կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող նշված հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակից հանդիսացող իր կինը, ում հետ 2007 թվականի հունիսին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 50 տարի ժամկետով և տարեկան 2000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրել վերջինիս։Համայնքի ղեկավարը կնոջ հետ հողամասի վարձակալության պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007 թվականի հուլիսին, վերջինիս միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1․020․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել  է հեռահաղորդակցության աշխատանքներով զբաղվող ՓԲ ընկերությանը, որի արդյունքում, մինչև 2020 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ստացել է ընդհանուր 12․489.500 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ այդ  կերպ էական վնաս պատճառելով Գուգարք համայնքի իրավունքներին և օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12.489.500 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու և հողամասն իր նպատակային ու գործառնական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից։Բացի այդ, համայնքի ղեկավարը, նույն ժամանակահատվածում խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, հաստատապես իմանալով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հիշյալ հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ինքնակամ ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մասին, տևական ժամանակ՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ համայնքի սեփականություն հանդիսացող նշված հողամասի ինքնակամ զավթումը, դրա վրա առանց թույլտվության շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու, ինչպես նաև՝ հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած  անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուգարք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն չարաշահելը) 2-րդ մասով և 315.2-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն):Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին փոխանցելով 12.494.000 ՀՀ դրամը:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:34 - 08 մայիսի, 2020
Ապօրինի ենթավարձակալության պայմանագրերով անձինք Ծաթեր և Հարժիս համայքներին պատկանող հողամասերի հաշվին խոշոր չափերով շահույթներ են ստացել. քրեական գործերով վերականգնվում են վնասները

Ապօրինի ենթավարձակալության պայմանագրերով անձինք Ծաթեր և Հարժիս համայքներին պատկանող հողամասերի հաշվին խոշոր չափերով շահույթներ են ստացել. քրեական գործերով վերականգնվում են վնասները

Լայն թափով շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության բոլոր մարզերի ընդգրկմամբ համայնքային սեփականության հողամասերն առերևույթ սխեմատիկ հանցավոր մեխանիզմներով ենթավարձակալության հանձնելու փաստերով քրեական գործերի հարուցման, համայնքներին հասցված վնասների վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման գործընթացները:    Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մարզի Ծաթեր համայնքի ղեկավարը (ով ներկայումս հանդիսանում է խոշորացված Օձուն համայնքի Ծաթեր վարչական շրջանի ղեկավարը) 2004թ. և 2009թ. անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող երկու հողամասեր վարձակալության տրամադրելու ձևական մրցույթներ: Դրանց արդյունքում հաղթող են ճանաչվել մի դեպքում համայնքի ղեկավարի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող անձը, մյուս դեպքում՝ համայնքի ղեկավարի տեղակալը: Առաջինի հետ 2004թ. հոկտեմբերին կնքված պայմանագրով նրան գյուղատնտեսական գործունեության նպատակով տարեկան 168․000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության է տրվել 14 հա հողամաս: Չունենալով համայնքապատկան հողամասի վարձակալության իրավունքը մասնակի երրորդ անձին փոխանցելու կամ զիջելու իրավունք՝ 2008թ. նոյեմբերին վարձակալը նույն հողամասի մի փոքր՝ 0,02 հա հատվածը, համայնքի ղեկավարի գիտությամբ, տարեկան 480․000 դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է կապի օպերատոր ընկերությանը՝ մինչև 2019թ. ստանալով ընդհանուր 1․6մլն ՀՀ դրամ շահույթ՝ վարձավճարի տեսքով: Իսկ երկրորդի դպքում 2009թ. ապրիլին կնված պայմանագրով վարձակալության է տրվել 2 հա հողամաս՝ 25 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 8․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, որից միայն 0,01 հա մակերեսով հատվածը 2010թ. մարտին վարձակալը 22.5 անգամ ավելի թանկ՝ տարեկան 180․000 դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալության է հանձնել կապի այլ օպերատորի և մինչև 2019թ. ստացել ընդհանուր 5.3մլն դրամի չափով շահույթ: Գործարքների հետևանքով համայնքը զրկվել է իր սեփականության գույքերի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 7 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից։ Նշած փաստերի առթիվ մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով 2-րդ մասի և 3152-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, և իրականացվում է նախաքննություն: Համայնքի ղեկավարը կամովին վերականգնել է շուրջ 1.7 մլն դրամ՝ պարտավորվելով ամբողջությամբ հատուցել պատճառված վնասը։ Ելնելով դրանից՝ որոշում է կայացվել վերացնել նրա նկատմամբ կիրառված արգելանքը: Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 3152-րդ հոդվածով։ Իսկ Սյունիքի մարզի Հարժիս համայնքի նախկին ղեկավարը, ըստ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների, 2010թ. օգոստոսին 25 տարի ժամկետով, տարեկան 7.500 դրամ վարձավճարով Հարժիս համայնքի հետ կնքել է արոտավայր հանդիսացող՝ համայնքին պատկանող 10 հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր: Այնուհետև, բառացիորեն օրեր անց, նշված հողամասից ընդամենը 150մ2 մակերեսով հողատարածքը 10 տարի ժամկետով, ամսական 30.000 դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնել կապի օպերատոր ընկերությանը, որի դիմաց մինչև 2020թ. ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 3.5մլն դրամ շահույթ՝ համայնքին զրկելով գրեթե նույն չափով բյուջետային միջոցները համալրելու հնարավորությունից։ Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել քրեական գործ: Համայնքի նախկին ղեկավարն լիովին հատուցել է պատճառված վնասը, նախաքննության մարմնի կողմից որոշմամբ նա ևս ազատվել է արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է։ Երկու մարզերի դատախազությունների կողմից միջոցներ են ձեռնարկվում մարզպետարանների, համայնքապետարանների կողմից իրենց իրավասությունների գործադրմամբ հիշյալ ենթավարձակալության պայմանագրերը լուծելու, կապի օպերատորների հետ համայնքի շահերից բխող նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ:
10:59 - 06 մայիսի, 2020
ՎՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով. մեղադրանք է առաջադրվել 8 ուսանողի

ՎՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով. մեղադրանք է առաջադրվել 8 ուսանողի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական  վարչության վարույթ է ընդունվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և բուհի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ ամբիոնի վարիչը, օժտված լինելով ամբիոնի ուսումնամեթոդաբանական, գիտական, հետազոտական, դաստիարակչական և այլ աշխատանքների կազմակերպում և ղեկավարում իրականացնելու իրավասությամբ, պատասխանատվություն կրելով քննաշրջանների և ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերել՝ իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամբիոնի վարիչը պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար միջնորդից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները գնահատվել են դրական: 2020 թվականի մայիսի 5-ին ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունքներ: Ուսանողներից 8-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին և 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասերով, իսկ միջնորդին՝ 38-200-րդ (առևտրային կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածի 1-ին   և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:24 - 05 մայիսի, 2020
Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։ Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը և խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետևել շինարարության տեմպին և որակի պահպանմանը և զեկուցել ընթացքի մասին։ Նախարար Պապիկյանը հաջորդիվ այցելել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ:Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարևորվել են ժայռի պայթեցման և ճանապարհի լայնեցման աշխատանքները, ինչը շինարարարի փոխանցմամբ նախատեսվում է մայիսի 5-ին։ Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետևել է արդեն իսկ մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին: Կապալառու կազմակերպության՝ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության կողմից շահագործվող տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքների որակյալ Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից ։ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ նշյալ 3 լոտերի շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման և բուն շինարարության ընթացքում: Հնչած հարցերին ի պատասխան ճանապարհաշինության ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն: Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաև Տավուշի մարզում, մասնավորապես հետևել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհները ասֆալտապատվելու են առաջին անգամ և շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
09:47 - 04 մայիսի, 2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարությունը Գյուլագարակ համայնքում ստեղծված իրավիճակի մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարությունը Գյուլագարակ համայնքում ստեղծված իրավիճակի մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Գյուլագարակ համայնքում ստեղծված իրավիճակի մասին հայտարարություն է տարածել մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Այն ներկայացնում ենք նույնությամբ. «Վերջին օրերին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները ինձ՝ որպես Լոռու մարզպետի, պարտավորեցնում են հանդես գալու հայտարարությամբ՝ ներկայացնելով Գյուլագարակ խոշորացված համայնքի համայնքապետ Մհեր Գևորգյանի անօրինական գործողությունների ողջ շղթան: Սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 11.00-ին Գյուլագարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան հարթակով ուղիղ հեռարձակվել է Գյուլագարակ համայնքի ավագանու նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը հանդես է եկել ավագանու առջև և ներկայացրել իր հրաժարականը: Վերջինս հրաժարականի վերաբերյալ դիմումը էլեկտրոնային փոստով ներկայացրել էր նաև Լոռու մարզպետարան: Սակայն հետագայում՝ ավագանու նիստից օրեր անց, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից Լոռու մարզպետարան է ներկայացվել համայնքի ավագանու 10.04.2020թ.-ի արտահերթ նիստի արձանագրության քաղվածքը, որտեղ, սակայն, օրակարգի մեջ առհասարակ ընդգրկված չէ համայնքապետի հրաժարականի վերաբերյալ հարցը: Թե որքանով է կեղծված փաստաթղթի բովանդակությունը, պարզ կլինի առաջիկայում: Ելնելով վերը շարադրված փաստերից՝ Լոռու մարզպետի կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու՝ Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի կողմից Գյուլագարակ համայնքի ավագանուն ներկայացված հրաժարականի վերաբերյալ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն կազմելուն և այդ արձանագրությունը ՀՀ Լոռու մարզպետին ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Բացի այդ, 29.04.2020թ.-ին Լոռու մարզպետի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ Լոռու մարզի դատախազ Գ.Մանուկյանին, որտեղ նշվել է՝ «հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունները, խնդրում եմ Գյուլագարակ համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի գործողություններին ու ոչ իրավաչափ վարքագծին տալ իրավական գնահատական և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ»: Լոռու մարզպետի կողմից ներկայացված հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից ընդունվել է վարույթ և դատաքննության ավարտից հետո հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին: Այսօր տեղեկացել ենք, որ Մհեր Գևորգյանի կողմից աշխատանքից ազատվել են Վարդաբլուր և Կուրթան բնակավայրերի վարչական ղեկավարները՝ Ռուսլան Օհանյանը և Նարեկ Նալբանդյանը: Հարկ է նշել, որ երկուսն էլ անօրինական են ազատվել աշխատանքից: Վարդաբլուրի վարչական ղեկավարը ներկայացրել է դիմում աշխատանքից ազատման վերաբերյալ, ինչին ի պատասխան հաջորդ օրը հետևել է Մհեր Գևորգյանի կարգադրությունը՝ Վարդաբլուրի վարչական ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին: Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ, սակայն նույն օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ կետի համաձայն աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այսինքն, Մհեր Գևորգյանի կարգադրությամբ խախտվել է աշխատողի՝ Վարդաբլուր վարչական ղեկավարի իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետով: Վերջինս կարող է հետ վերցնել իր կողմից ներկայացված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում, որը դեռևս չի սպառվել: Ինչ վերաբերվում է Կուրթան բնակավայրի վարչական ղեկավարին, ապա այստեղ նույնպես Մհեր Գևորգյանի կողմից արձակված կարգադրությունը ոչ իրավաչափ է հետևյալ պատճառաբանությամբ: Որպես իրավական հիմք՝ կարգադրության մեջ նշված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը, այն է՝ «աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում»: Ներկայացնում եմ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 122 հոդվածը, որը հստակ մեկնաբանում է, թե որ դեպքերում կարելի է լուծել պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ. «1. դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս. 2. ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.  3. հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը»: Եվ հրատապության կարգով ու բովանդակալի պատասխանի ակնկալիքով հարց է առաջանում՝ վերը նշված կետերից ո՞րն է խախտել Կուրթան բնակավայրի վարչական ղեկավարը: Հ.Գ. Վերջին 20 օրերին Գյուլագարակում կատարվող զարգացումները գալիս են ևս մեկ անգամ վերահաստատելու իմ մոտեցումը տասնամյակներով ճնշումների ու անձնական շահի մոլուցքով առաջնորդված համայնքապետի նկատմամբ: Այլևս անցել են ճնշումների, բռնությունների, ահուսարսափ տարածելու մեխանիզմով, կաշառելով ու հարայ-հրոցով հարցեր լուծելու ժամանակները: Իշխանությունն այլևս ժողովրդինն է, ով արժանի է ունենալ աշխատող ու ջանացավ համայնքապետ, ով սեփական ունեցվածքն ու կալվածքները շարունակաբար ընդլայնելու ու սոցիալական աջակցության ու արտոնությունների տեսքով չնչին գումարներով բնակչության առաջ աչքակապություն անելու փոխարեն իսկապես կլծվի արդար, ազնիվ ու ստեղծագործ աշխատանքի: Ես՝ որպես Լոռու մարզպետ, դատապարտում եմ Գյուլագարակ համայնքի ղեկավարի անօրինական քայլերը», - ասվում է մարզպետի հայտարարությունում:
09:47 - 01 մայիսի, 2020
ԵՄ-ն օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 ընտանիքների

ԵՄ-ն օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 ընտանիքների

Եվրոպական միությունն աջակցում է կորոնավիրուսային համավարակի ճգնաժամի հետևանքով տուժած կարիքավոր ընտանիքներին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության ֆեյսբուքյան էջից։ «Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հետևում էր մարդասիրական օգնության փաթեթների կազմակերպմանը, որոնք պարունակում են սնունդ, հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, և տրամադրվելու են Լոռու մարզի 1000 բազմազավակ ընտանիքների: Այս նախաձեռնության գործընկերն է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը: Առաջիկա օրերին մարդասիրական օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 կարիքավոր ընտանիքների՝ սերտորեն համագործակցելով տեղական և մարզային իշխանությունների հետ»,-նշված է հայտարարությունում։
09:23 - 30 ապրիլի, 2020
«Գլորիա» կարի ֆաբրիկայի հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում․ Անդրեյ Ղուկասյան

«Գլորիա» կարի ֆաբրիկայի հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստացվիառաջիկա 1-2 օրվա ընթացքում: Նրա գրառումը ներակայցնում ենք ստորև․ « «Գլորիա» կարի ֆաբրիկայի հարգելի՛ աշխատակիցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ բազմաթիվ հարցեր եք հնչեցրել՝ կապված ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ, տեղեկացնում եմ. Շուրջ 2600 բնակչի աշխատանքով ապահովող ընկերության վերագործարկման հարցը մշտապես գտնվել ու այսօր էլ շարունակում է գտնվել իմ ուշադրության կենտրոնում:| Խնդրի հետ կապված կապ եմ հաստատել պարետատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ ընկերության վերագործարկման համար «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունն ստացել է երեկ: Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանն ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ: Ըմբռնումով մոտենալով Ձեր՝ աշխատանքի վերադառնալու ու սեփական քրտինքով վաստակելու պահանջին, հորդորում եմ լինել համբերատար ու մի փոքր էլ սպասել: Հասկանում ենք, որ առկա սոցիալական խնդիրների պայմաններում այդ աշխատանքն այսօր օրախնդիր անհրաժեշտություն է, սակայն մարդկային առողջությունն ու կյանքը այն բացարձակ արժեքներն են, որոնք չենք կարող վտանգել:
18:47 - 26 ապրիլի, 2020
Թուրքիայից վերադարձած 74 քաղաքացու 14-օրյա մեկուսացումն ավարտվել է. նրանց թեստը բացասական է. Լոռու մարզպետ |news.am|

Թուրքիայից վերադարձած 74 քաղաքացու 14-օրյա մեկուսացումն ավարտվել է. նրանց թեստը բացասական է. Լոռու մարզպետ |news.am|

news.am: Լոռու մարզում մինչեւ այս պահը կորոնավիրուսով վարակվածների 12 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը բուժվել ու վերադարձել են իրենց բնականոն կյանքին, 5 հոգին այս պահին բուժվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Մարզպետը հայտնեց, որ քաղաքացիների մի մասը բուժում են ստանում «Վանաձորի» ինֆեկցիոն հիվանդանոցում, մի մասն էլ այլ բուժհաստատություններում։ Նա նշեց, որ մարզում ռիսկային խմբում գտնվողներ չկան։ «Մարզում մեկուսացվածների 2 խումբ կա։ Այս պահին տանը մեկուսացվածներ չունենք, բոլորը հյուրանոցներում են։ Մարզի տարածքում ունենք 74 քաղաքացի Թուրքիայից վերադարձած, որոնք մեր մարզի հյուրանոցներում են մեկուսացել, իրենց ժամկետն էլ արդեն լրացել է, բոլորի մոտ թեստը բացասական է եղել»,- ասաց Ղուկասյանը։
23:06 - 24 ապրիլի, 2020
Լոռու մարզի 11 համայնքում մեկնարկել են վարձատրվող հասարակական աշխատանքները. աշխատավարձը օրական 5000 դրամ |armtimes.com|

Լոռու մարզի 11 համայնքում մեկնարկել են վարձատրվող հասարակական աշխատանքները. աշխատավարձը օրական 5000 դրամ |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 1-ից Լոռու մարզում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում, գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցով ծրագիր»-ը, որն այս տարի կիրականացվի մարզի 11 համայնքներում: Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ասաց, որ  համայնքների ընտրությունը  կատարվել է՝ նախ հաշվի առնելով ամենախոցելի ու ֆինանսական առումով վատ վիճակում գտնվող համայնքները, որոնք փաստացի շանս չունեն որեւէ ծրագրի մասնակցել՝ բյուջեի փոքր լինելու պատճառով. «Երկրորդ բլոկով դիտարկել ենք զբոսաշրջային նշանակություն ունեցող համայնքները, ինչի արդյունքում էլ ընտրվել  են ծրագրերը»: Անտառամուտ համայնքում նախատեսում է ակումբի շենքի վերանորոգում, Դարպաս համայնքում՝ գերեզմանատան ցանկապատում, տարածքի բարեկարգում, Եղեգնուտում՝ գյուղամիջյան հուշաքարի վերանորոգում ու խաղահրապարակի կառուցում, Ձորագետում՝ խաղահրապարակի կառուցում, Ծաղկաբերում՝ մանկապարտեզի շենքի մասնակի նորոգում եւ տաղավարի կառուցում, Սարալանջում՝ խաղահրապարակի կառուցում եւ ցանկապատում, Հարթագյուղում՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհի հարթեցում եւ խճապատում, Չկալովի գերեզմանատան ցանկապատի նորոգում, Ախթալա համայնքի Ճոճկան եւ փոքր Այրում գյուղերի գերեզմանատների ցանկապատում, Հովնանաձոր եւ Բովաձորր բնակավայրի գերեզմանատան ցանկապատում, Վարդաբլուր բնակավայրի գերեզմանատան ցանկապատում եւ բարեկարգում: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:33 - 22 ապրիլի, 2020
Սննդի փաթեթներ են տրամադրվել Լոռու մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների

Սննդի փաթեթներ են տրամադրվել Լոռու մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմման նպատակով «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի (ԱՅՈ հարթակի ֆոնդհայթայթման միջոցներով) և «Դե ժպտա» հասարակական կազմակերպության հետ, նախաձեռնել էր «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներգրավված դպրոցներում խոհանոցների աշխատակիցների համար սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրման միջոցառում: Այս մասին տեղեկացնում Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը: Մարզի ղեկավարի անմիջական համակարգմամբ և աջակցությամբ մարզպետարանի կողմից հավաքագրված կամավորները, մի խումբ աշխատակիցներ նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանգստյան օրերին սննդի փաթեթները բաշխել են մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների:
09:33 - 21 ապրիլի, 2020
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ապրիլի 17-ի նիստում այն ստացավ 105 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում»  ծրագրի իրականացման համար: Ծրագիրը հանդիսանում է այժմ գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շարունակությունը:Եվ դա վարկային համաձայնագրում նշված վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, 3-րդ ծրագիրն է սա: Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը:
15:58 - 17 ապրիլի, 2020