Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը։ 

Պաշտպանության նախարարությունը 2023-ին ծախսել է 525 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 99,8%
 |tert.am|

Պաշտպանության նախարարությունը 2023-ին ծախսել է 525 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 99,8% |tert.am|

tert.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը 2023 թվականի ընթացքում ծախսել է 528,81 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,8%։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «ՀՀ ՊՆ–ի կողմից իրականացվող պետական բյուջեի գործառնական դասակարգման թվով 5 ծրագրով 2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517,28 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ։ Տարվա ընթացքում դա ավելացել է 9,19 մլրդ դրամով և կազմել 526,47 մլրդ դրամ։ Ճշտված նախահաշիվների շրջանակներում կատարողականը կազմել է 525,81 մլրդ դրամ կամ 99,8 տոկոս»,– նշեց Պապիկյանը։ Նախարարն ասաց, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված` 2023 թվականը բավականին բարդ տարի էր ՊՆ–ի և ՀՀ ԶՈւ–ի համար։ Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն ուժեղացված ռեժիմով են աշխատել։ Մայիս և սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակի սրման հետ կապված, ԶՈւ–ն բերվել է պատրաստականության տարբեր աստիճանների։ Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈւ կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:22 - 25 մարտի, 2024
Պապիկյանն առաջարկեց հանձնաժողովի նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ գաղտնի տեղեկությունների առկայությամբ պայմանավորված

Պապիկյանն առաջարկեց հանձնաժողովի նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ գաղտնի տեղեկությունների առկայությամբ պայմանավորված

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին։ Օրակարգում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցն է։ Պաշտպանության նախարարը հակիրճ տեղեկություններ ներկայացրեց՝ նշելով, որ ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023թ․ բարդ տարի էր ՊՆ-ի և ողջ ԶՈՒ-ի համար։ «Տարվա ընթացքում զորքերը գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։ Մայիս և սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակի սրման հետ կապված, ԶՈՒ-ն բերվել է պատրաստականության դարձյալ տարբեր աստիճանների։ Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈՒ կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ, ոնոց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ և միջազգային չափորոշիչների կիրառմամբ»,- ասաց նա։ Ապա Սուրեն Պապիկյանն առաջարկվեց նիստն անցկացնել փակ ռեժիմով, քանի որ քննարկվելիք հարցերում առկա են գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ։
11:36 - 25 մարտի, 2024
ՆԳՆ-ից սպասել եմ տրամաբանական պարզաբանման, թե «Մարտական Եղբայրության» հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ․ Վիլեն Գաբրիելյան

ՆԳՆ-ից սպասել եմ տրամաբանական պարզաբանման, թե «Մարտական Եղբայրության» հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ․ Վիլեն Գաբրիելյան

Ամբողջ օրը ՆԳՆ հարգելի գործընկերներից սպասել եմ պաշտոնական պատշաճ տրամաբանական պարզաբանման, թե «Մարտական Եղբայրություն» միաբանություն ՀԿ-ի հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Մարտական Եղայրության» անդամների ձերբակալությանը և դրա պատճառներին։  «Որևէ կերպ հասկանալի չէ տեղի ունեցածի տրամաբանությունը և նպատակը, առավել ևս երբ խոսքը գնում է ոչ թե անհատ քաղաքացիների, այլ հասարակական կազմակերպության մասին, նման գործելաոճը որոշակի հանրային լարվածություն է մտցնում, առավել ևս երբ չկա հստակ հանրային պարզաբանում: Կարծում եմ՝ կարիք չկա իրավիճակը ավելի լարել, որևէ բան չի խանգարում, որ հասարակական կազմակերպությունը իրագործի իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությունը, ոստիկանության գործընկերերի աչալուրջ հսկողությամբ: Միաժամանակ ռազմամարզությամբ զբաղվող կամ հարող կազմակերպությունները պետք է հստակ գիտակցեն, որ հին ջոկատային տրամաբանությունից դուրս գալու ուղղությամբ երկարատև աշխատանք է տարվում։ Ցանկացած գործողություն, առավել ևս երբ խոսքը գնում է գաղափարական միավորումների մասին, որոնց անդամները տիրապետում են զենքին, չի կարող լինել սպոնտան, էմոցիաներից դրդված և էմոցիաների վրա խաղալով, ոչ կոմպրոմիսային ոճով, այլ պետք է լինի հստակ կազմակերպված, կանոնակարգված, պետության վերահսկողության ներքո: Հետևաբար միանշանակ է, որ մեզ պետք է համապատասխան օրենսդրություն, որը կկարգավորի ռազմամարզությամբ զբաղվող, հասարակություն-պետություն միջանկյալ օղակ հանդիսացող և պետության հետ փոխհամագործակցող կազմակերպություններին: Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»,- նշված է Վիլեն Գաբրիելյանի գրառման մեջ։   Հիշեցնենք՝ մարտի 23-ին Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնել էր, որ «Մարտական Եղբայրություն» միաբանություն ՀԿ-ի անդամները և ցանկացողները մարտի 24-ին մեկնելու են Վերին Ոսկեպար՝ մարտական պարապմունքներ անցկացնելու։ Նա նշել էր, որ Ոստիկանության պետի տեղակալը իրենց ասել է, որ չեն թույլատրելու մուտք գործել բնակավայր։ Մարտի 24-ին, երբ միաբանության անդամները, այդ թվում՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը, Երևանից պետք է մեկնեին Ոսկեպար, բերման էին ենթարկվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդհանուր ձերբակալվել է 49 հոգի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Ժամեր անց նրանք բոլորը ազատ են արձակվել։ 
00:28 - 25 մարտի, 2024
Զինծառայողների ատեստավորման մասնակիցների կեսից ավելին անբավարար է ստացել 
 |civilnet.am|

Զինծառայողների ատեստավորման մասնակիցների կեսից ավելին անբավարար է ստացել |civilnet.am|

civilnet.am: Զինծառայողների շրջանում իրականացրած ատեստավորման գործընթացին մասնակցել է 5 783 զինվորական, նրանց կեսից ավելին ստացել է անբավարար գնահատական, գերազանց ստացել է ընդամենը 2 տոկոսը։ Տեղեկությունը փետրվարի 28-ին Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նիստին հանրայնացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը։ Փետրվարի 26-ին ՍիվիլՆեթը անդրադարձել էր ՀՀ կառավարության 2023-ի կատարողականի այն դրույթին, որտեղ առկա էր տեղեկություն ատեստավորման մասով և արձանագրել, որ տեղեկությունը բավականին լղոզված է։ Մասնավորապես, զեկույցում նշվել էր, թե 2023-ին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 5 800 զինծառայող։ Հետագա շարադրանքից պարզ չէր, թե նրանցից տոկոսային առումով քանիսն են անցել ատեստավորումը։ Միայն նշվում էր, որ «ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է»: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին փետրվարի 28-ին Բրուտյանը ներկայացրեց այդ թվերը։ Պարզվում է՝ ատեստավորմանը մասնակցելու համար դիմել է 5 908 զինծառայող, որոնցից 5 783-ին հնարավորություն է տրվել մասնակցել, սակայն շեմը չի հաղթահարել է 2 957-ը։ Մանրամասները՝ Սիվիլնեթի ինֆոգրաֆիկայում
12:26 - 29 փետրվարի, 2024
Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», - ասաց Քոչարյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։ Հիշեցնենք նաև, որ երեկ ՊՆ ՌՈ-ից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։
12:17 - 13 փետրվարի, 2024
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ իշխանական պատգամավոր
 |azatutyun.am|

Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ իշխանական պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը: Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս: Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում: Օրերս Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թե ռուսական զենքը ստանո՞ւմ է Հայաստանը, որը պատվիրված էր, ասել է՝ «ինչ-որ մասնաբաժնով այո»։ «Ինչ-որ բան տալիս են, էն ծավալով չէ, որ մենք ակնկալում ենք՝ մեր կնքած պայմանագրի ծավալի առումով, բայց դրանք ընթացքում կկարգավորվեն, համոզված եմ», - ասել է Քոչարյանը։ «Ազատության» հարցին, թե Հայաստանը ե՞րբ, ի՞նչ խմբաքանակ ի՞նչ զենք է ստացել Ռուսաստանից՝ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում, ՊՆ-ից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, նրանց թվում՝ վարչապետ Փաշինյանը պարբերաբար դժգոհել են, որ ռազմավարական դաշնակիցը սպառազինություն չի մատակարարում, թեև դրանց դիմաց հարյուրավոր միլիոններ են վճարվել։
12:51 - 16 հունվարի, 2024
Ալիեւի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Ալիեւի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Շատ հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանության փոփոխությունը նախընտրական տրամադրությունների հետ կապ ունի։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Նրա ամեն մի ասածին մենք  լուրջ պետք է վերաբերվենք։ Եթե ասում է, ուրեմն պետք է լուրջ վերաբերվել։ Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացելը պետք է լինի»,- նշեց նա։ Նա ասաց՝ այսօր ամենաճիշտը խաղաղությամբ ապրելն է. «Վերջը կռիվը մի օր պետք է ավարտվի՞»։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կարողանա ուժի  միջոցով վերցնել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», Քոչարյանը պատասխանեց․ «Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենալ։ Ուրիշ բան, մենք այդ ցանկությունները այսօր կանխելու հնարավորություն ստեղծել ենք, թե ոչ»։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք ստեղծել ենք, Քոչարյանն ասաց, որ ամեն օր ստեղծում են։ Հարցին՝ առանց սահմանազատման Հայաստանը պատրա՞ստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Սահմանազատման խնդիրը շատ կարեւոր է։ Եթե հասնենք նրան, որ հակառակ կողմն ընդունի, որ սահմանազատման պրոցեսն անխուսափելիորեն պետք է իրացվի, որպեսզի մեր փոխվարչապետը կարողանա այդ կետը ֆիքսել, այդտեղից մենք կհստակեցնենք այդ կետից հետո թե հաջորդ կետերը ինչպես պետք է ամրացնենք եւ տիրություն անենք»։
17:17 - 11 հունվարի, 2024
Առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու դեպքում քաղաքացին կտուգանվի ոչ թե 100.000, այլ 25.000 դրամ, եթե 24 ժամում իրավախախտման հատկանիշները վերացնի․ նախագիծ

Առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու դեպքում քաղաքացին կտուգանվի ոչ թե 100.000, այլ 25.000 դրամ, եթե 24 ժամում իրավախախտման հատկանիշները վերացնի․ նախագիծ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առանց պարտադիր ապահովագրման պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված է 100 000 դրամի չափով պատասխանատվություն: Առաջարկվող կարգավորմամբ եթե անձը վարչական իրավախախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից: Քաղաքացին ԱՊՊԱ պայմանագիր է կնքում, վճարում ոչ թե 100 000 դրամ, այլ տուգանքի 25 տոկոսը (25 000 դրամ): Առաջարկվում է վերոնշյալ փոփոխությունը կատարել օրենսգրքի 129.2 հոդվածի 7-րդ մասում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը: Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ սահմանված տուգանքը չի համապատասխանում իրավախախտման վտանգավորության աստիճանին և բնույթին: Նա տեղեկացրել է, որ որոշվել է փոխել պատժամիջոցը և նվազեցնել տուգանքի չափը: Հարակից զեկուցող, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում եղել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: Թարմացում Civilnet.am-ը գրում է, որ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի 75% «զեղչը» գործում է դեռ 2022-ի հուլիսից։ Նոր կարգավորմամբ, որը դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից, ընդամենը վերացվում է 24 ժամում նոր կնքված ԱՊՊԱ պայմանագիրը պարեկին ներկայացնելու պարտավորությունը։ Ուստի լուրը, թե ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված տուգանքը նվազեցվում է, մոլորեցնող է։ Նշենք, որ վերոնշյալ հաղորդագրությունը տարածվել է ԱՇ պաշտոնական կայքում։
15:41 - 11 հունվարի, 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զենքի շրջանառության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զենքի շրջանառության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթին

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Օրենսդրական փաթեթով ակնկալվում է Հայաստանում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը: Նախագծի հեղինակը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության գործընկերների առաջարկներն աշխատանքային կարգով քննարկվել եւ մեծամասամբ ընդունվել են, իսկ առարկությունների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի խոսքով օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործնականում առաջացած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ չբացառելով հետօրենսդրական վերահսկողության շրջանում նոր փոփոխությունների հավանականությունը: Նա, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության կիրարկումը, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվել էր Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների համար նախատեսել մարտական ինքնաձիգ կրելու հնարավորությունգ նախագծի հեղինակի հետ առաջարկն իրացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը՝ առաջարկվել է օտարերկրյա պետությունների դեսպանների անվտանգությունն ապահովելու նպատակով զենքի կանոնների որոշակի փոփոխության հարցն առանձին քննարկել: Օրենսդիրն ու Կառավարությունը փոխհամաձայնության են եկել օրենքի 37-րդ հոդվածի հարցում. առաջարկվում է զենքով պարգեւատրված անձանց մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների առկայության դեպքում որպես պարգեւ տրված զենքը նալելու եւ նշված անձանց վերադարձնելու մասին կարգավորումներ նախատեսել: Կառավարությունն առաջարկել է նաեւ ձեռնպահ մնալ Քրեական օրենսգրքում որեւէ փոփոխություն կատարելուց: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կարեւորել է Զինվորական քննչական գլխավոր վարչության գործընկերներին ինքնաձիգով ապահովելուն վերաբերող օրենսդրական դրույթի ներառումը: Նա առաջարկել է նախագծում ամրագրել բացառություն, որով քննիչներն իրավունք կունենան կրելու մարտական նշանակության բացառապես ատրճանակ: Արփինե Սարգսյանը, շեշտելով, որ Արսեն Այվազյանի դիտարկումները լիովին ընդունելի եւ օբյեկտիվ են, նշել է, որ երեք հիմնադրութային սկզբունքների՝ մարդու իրավունքների, գործող քաղաքականության, տարածաշրջանային գործող կանոնների հենքով է, որ Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող վերոնշյալ փոփոխությունից: «Հասկանում եմ, որ ունենք զենքեր, որոնց հետ կապված առկա են խնդրահարույց իրավիճակներ: Կառավարության առաջարկը հետեւյալն է. քանի դեռ ծառայողական զենքը տարածաշրջանում պահպանվում է, իսկ ԵԱՏՄ կանոնակարգերով այդ զենքերը կան, եւ մենք մեր օրենսդրությամբ պետք է պահպանենք կանոնները»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը: Պատգամավորները մտքեր են փոխանակել ծառայողական, մարտական զենքերի տարբերության, կիրառման, փոխարինման հարցերի վերաբերյալ: Օրենսդրական նախաձեռնութունը ստացել է դրական եզրակացություն:
15:18 - 11 հունվարի, 2024
Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: ԱԺ բակում լրագրողները հարց են ուղղել Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին այն մասին, թե վերջին օրերին երկու զինծառայողի մահվան դեպքից հետո արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպետք է հրաժարական ներկայացնի։ Քոչարյանը պատասխանել է, որ՝ ոչ։ «Նախաքննության ավարտից հետ պարզ կդառնա ովքեր են տեղի ունեցածի պատասխանատուները, նախ պետք է հասկանալ ինչու է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն  է, և ինչու է տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է։ Դա պետք է քննվի և քննելուց հետո նոր պարզ կդառնա մեղավորների շրջանակը, դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում»,- ասաց Քոչարյանը։  Հիշեցնենք, որ ՊՆ-ն երեկ երկու զինծառայողների մահվան մասին է հաղորդել։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
13:33 - 10 հունվարի, 2024
Առաջարկվում է մեղմացնել առանց ԱՊՊԱ–ի մեքենա վարելու պատիժը |armenpress.am|

Առաջարկվում է մեղմացնել առանց ԱՊՊԱ–ի մեքենա վարելու պատիժը |armenpress.am|

armenpress.am: ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքի չափը քաղաքացիների համար կնվազեցվի 75 տոկոսով, եթե քաղաքացին 24 ժամվա ընթացքում կնքի ԱՊՊԱ պայմանագիրը. հանվում է այդ պայմանագիրը Ոստիկանություն ներկայացնելու պահանջը:  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը: Ավելի պարզ վարչարարություն նախատեսող նախագիծը պատգամավորը ներկայացրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Գործող կարգավորմամբ՝ ՀՀ քաղաքացիները ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Բայց գոյություն ունի խրախուսող նորմ, ըստ որի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքը արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և դրա մասին ապացույց Ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ, այսինքն՝ ի սկզբանե նախատեսված գումարի 25 տոկոսի չափով: «Մեր քաղաքացիներն, այսինքն, ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլ նաև պայմանագիրը ներկայացնել կամ Ոստիկանության բաժանմունք կամ որևէ պարեկային ծառայողի: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է այս հավելյալ պարտավորություն հանել քաղաքացիների վրայից, որովհետև այս տեղեկատվությունը հասանելի է Ոստիկանության ծառայությանը»,-ասաց Աղաջանյանը: 75 տոկոսի վճարման պարտականությունից ազատող, խրախուսող նորմը ժամանակին մտել էր ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորը նկատել է՝ փոփոխությունը դրական արդյունք է տվել, պայմանագրերի քանակներն ավելացել են այս ընթացքում: «Ըստ ներկայացված նոր նախագծի՝ քաղաքացուց այլևս չի պահանջվելու մոտենալ Ոստիկանություն, ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիրը՝ որպես ապացույց, որից հետո իր նկատմամբ տուգանքի որոշումը կփոխվի: Ոստիկանությունն օնլայն պետք է  հետևի, տեսնի ու վարույթը կարճի, 100 հազար դրամի փոխարեն 25 հազար դրամ պատասխանատվություն նախատեսի»,-ասաց Խաչատրյանը: Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
13:01 - 04 դեկտեմբերի, 2023
Նոր նախագծով քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն կստանան առանց դիմումի |armenpress.am|

Նոր նախագծով քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն կստանան առանց դիմումի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ծնված՝ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք կստանան՝ առանց դիմումի: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նախագծի առաջարկներից մեկը քաղաքացիություն չունեցող անձանց և ապաքաղաքացիության դեմ պայքարի տրամաբանության մեջ է: Այս պահին քննարկվում է Քաղաքացիություն չունեցող անձանց մասին առանձին օրենքի ներկայացումը: Մինչև այդ կառավարությունը ներկայացված նախագծով է առաջարկ արել: «Քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների հետ կապված դրույթ ունենք, որ նրանց մեխանիկորեն տալիս ենք  ՀՀ քաղաքացիություն: Կա դիմումի պահ, առաջարկում ենք դիմումի պահանջը հանել, որ օրենքի ուժով այդ երեխաներին ճանաչենք ՀՀ քաղաքացի և դրանով նաև կատարենք 1954թ. ապաքաղաքացիության դեմ պայքարի կոնվենցիայով մեր ստանձնած պարտավորությունները»,-ասաց Ղազարյանը: Նախագծով նաև հստակեցում է արվում ու օրենքում ֆիքսվում, որ ծնողներից մեկի քաղաքացիության դադարեցման պարագայում միայն կարող է անչափահասի քաղաքացիության դադարեցման վարույթ մեկնարկել: «Պրակտիկայի առումով ոչինչ չի փոխվում: Պարզապես իրավական կազուս կար օրենքի մեջ»,-ասաց ծառայության պետը՝ հավելելով, որ պարզապես երկու հոդվածների միջ անհամապատասխանություն էր առաջացել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե այն դեպքերի մասով, երբ անձինք մինչև զինվորական հաշվառումը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, ի՞նչ աշխատանք է տարվում: Ղազարյանը պատասխանեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, այս առաջարկն էլ միտված է պատգամավորի մատնանշած խնդրի լուծմանը: Նախագիծը հավանություն ստացավ և դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
12:15 - 04 դեկտեմբերի, 2023
Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 44-օրյա պատերազմը միայն ռազմական գործողությունների ժամանակահատվածը չէ, ռազմական գործողությունների ավարտից հետո էլ եղել են իրադարձություններ, որոնք առնչվում են այդ պատերազմին և այն իրողություններին, որին ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի հայաթափման ժամանակ։ Հարցին, թե հանձնաժողովի նիստում քննարկվե՞լ են նոր իրողությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին հանրությանն ավելի շատ հետաքրքիր է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո նախագահ Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումների շուրջ պարզաբանումներ ստանալը, Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան տվեց, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։ Անդրադառնալով հարցին, թե բավարարված է Սամվել Շահրամանյանի տված բացատրություններով՝ Քոչարյանն ասաց․ «Ես ինչքան էլ բավարարված լինեմ կամ չլինեմ, մենք, եթե ավարտել ենք աշխատանքը, նշանակում է, որ այս երեք ժամվա ընթացքում սպառել ենք այն հարցաշարը, որի վրա տևական ժամանակ աշխատել էինք։  Ինձ համար բացահայտվել են այնպիսի իրողություններ, որը մեկ այլ հարթակում երբեք նման տեղեկատվություն, որևէ մեկը իրավասու չէր ստանալու: Մենք մեղավորությունը բացահայտելու համար չենք այստեղ: Մենք իրողությունները, երևույթները  և դրանց դրսևորումների հետ կապված հարցեր ունենք, ստանում ենք պարզաբանումներ, իսկ վերջնական եզրակացությունը, երբ դեկտեմբերի 3-ին մեր լիազորությունները ավարտվեն, դա կնշանակի, որ այլևս մենք ոչ մեկին իրավասու չենք կանչելու, փաստաթղթեր ստանալու: Այն ինչ արեցինք, արդեն արեցինք, դրանք հսկայական ծավալի աշխատանքներ են և դրանք վերլուծելու համար ահագին աշխատանք է սպասվում: Քոչարյանը հավելեց, որ Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ, բացատրություններ է տվել Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո իր կայացրած որոշումների վերաբերյալ։ Նիստի ժամանակ մանրամասն քննարկում է եղել նաև սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի վերաբերյալ։ 
16:21 - 24 նոյեմբերի, 2023
Քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Սամվել Բաբայանը. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Սամվել Բաբայանը. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Մինչև դեկտեմբերի 3-ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը Նշենք, որ այսօր Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ «Շատ կուզենք լսել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին»,–ասաց նա։ Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 3–ին, որից հետո ոչ ոքի իրենք իրավասու չեն հրավիրելու։ «Մեր երկիրը այդպիսի փորձ չունի նման ծավալի զեկույցներ պատրաստելու։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո տևեց երեք ամիս մինչև զեկույցը ներկայացրին լիագումար նիստին»,–ասաց Քոչարյանը։ Հարցին, թե երբ պատրաստ կլինի զեկույցը, Քոչարյանը պատասխանեց. «Զեկույցը պատրաստ կլինի ողջամիտ ժամկետներում, բայց պետք է ունենան որակական բարձր ցուցանիշ: Այդ ժմանակ, ես ամսի 3-ին կամ 4-ին նամակով կդիմեմ ԱԺ նախաագահին եւ կառաջարկեմ այն ժամկետը, երբ քննիչ հանձնաժողովը կներկայցնի զեկույցը: Կարծում եմ՝ կլինի մի քանի ամիս հետո»:    
16:11 - 24 նոյեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին

Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին

ԵԱՀԿ աջակցությամբ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին կից ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» ընդհանուր ժողովի հանդիպման շրջանակներում կազմակերպված քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, պատգամավորներ, ԵԱՀԿ, ԱԳՆ, պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Անվտանգության խորհրդի, Գլխավոր դատախազության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։ Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ անվտանգային ոլորտը և դրա նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ունեն բացառիկ կարևորություն նաև  մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ  հասարակության շրջանում տասնամյակներ շարունակ եղել է պատկերացում, որ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ժողովրդավարական վերահսկողությունը հակադրվում են անվտանգությանը և անվտանգային ոլորտին, սակայն դա թյուր ընկալում է։  «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ անհնար է ունենալ պատշաճ անվտանգային ոլորտ` առանց մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների արմատավորման և հակառակը՝ հնարավոր չէ ունենալ մարդու իրավունքների պաշտպանության անխափան գործող համակարգ` առանց պատշաճ անվտանգային ոլորտի առկայության։ Հետևաբար, մեր հիմնական նպատակը պետք է լինի նշված երկու ոլորտների համադրված և զուգահեռաբար զարգացումը»,- նշել է Պաշտպանն իր բացման խոսքում։  Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև այս առնչությամբ ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին, քննարկվող ոլորտում դեռ բազմաթիվ են խնդիրները, որոնք պետք է ստանան պատշաճ հասցեավորում և լուծում։ Պաշտպանն անդրադարձել է նաև ոստիկանության բարեփոխումներին և ընդգծել դրանց կարևորությունը, այդ թվում` իր ղեկավարած կառույցի գործունեության տեսանկյունից։ «Ոստիկանության ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպումների ժամանակ ինքներս ենք քննարկում տարատեսակ խնդիրներ, փորձում հասկանալ դրանց լուծման ուղիները։ Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ է բարձրաձայնում ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին։ Իհարկե ցանկանում եմ արձանագրել նաև կատարված առաջընթաց քայլերը։ Բայց ակնհայտ է, որ դեռ կան չլուծված բազմաթիվ հարցեր, օրինակ՝ հավաքների ազատության իրավունքի իրացման շրջանակներում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրը, որն այս պահին ունի համակարգային լուծումների անհրաժեշտություն։ Կարևոր է հաղթահարել նաև ոստիկանության կողմից անձանց իրավունքները սահմանափակելիս այդ գործընթացում սահմանափակման իրավաչափությանը վերաբերելի տարբեր խնդրահարույց հարցերը։ Շատ կարևոր է, որպեսզի պետությունը ոչ թե հատվածական և իրավիճակային, այլ համակարգային և մեթոդաբանական մոտեցումներ ունենա այս խնդիրների լուծման վերաբերյալ»,- նշել է Պաշտպանը։ Պաշտպանի կարծիքով, առանցքային է իրավապահ համակարգում բարեվարքության և մարդու իրավունքների նկատմամբ զգայունության մակարդակի բարձրացումը, ինչն առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։  Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի լուրջ խնդիրների պատշաճ հասցեավորումն ու դրանց հաղթահարման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։  Ավարտելով ելույթը՝ Պաշտպանը կարևորել է հարթակի առկայությունը, քանի որ այն հնարավորություն է ստեղծում քննարկել ոլորտին առնչվող խնդիրների լուծման համատեղ տարբերակներ։
21:06 - 01 նոյեմբերի, 2023