Յուքոմ

«Յուքոմ»-ը (Universal Communications՝ Ունիվերսալ հեռահաղորդակցություն) ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է: Հիմնադրվել է 2009 թվականին: 2013-ին ընկերությունը ստացել է հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա, իսկ 2015թ․ ձեռք բերեց Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաեւ Հայաստանի շարժական կապի շուկա: 2016 թվականին հիմնվեց Յուքոմ Հիմնադրամը՝ որպես Յուքոմ ընկերության բարեգործական եւ մարդասիրական ծրագրերի իրականացնող հիմնական կառույց:



Ինչպես «Թիմ»-ը ձեռք բերեց «Բիլայնը»․ գործարք, որի մանրամասները մնացին ստվերում |hetq.am|

Ինչպես «Թիմ»-ը ձեռք բերեց «Բիլայնը»․ գործարք, որի մանրամասները մնացին ստվերում |hetq.am|

hetq.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հոկտեմբերի 28-ի նիստում համաձայնություն է տվել «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («Բիլայն») ձեռքբերման գործարքին։ Այս տարվա ապրիլին Ucom ընկերության բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները տարաձայնություններ ունեցան ընկերության մյուս` ավելի մեծ բաժնեմաս ունեցող, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների հետ, ինչի հետևանքով նրանք հեռացան Ucom-ից և հիմնադրեցին «Թիմ» ՍՊ ընկերությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Բիլայն»-ը գնելու համար: Ի վերջո, հոկտեմբերի 29-ին նրանք հայտարարեցին գործարքի ավարտի մասին:  Ինչ է տեղի ունեցել, և ինչպես է կնքվել գործարքըՀոկտեմբերի 28-ի նիստում ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել, որպեսի «Թիմ» ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսերը գրավադրվեն: Մինչ այդ, Հանձնաժողովը հուլիսի 29-ին համաձայնություն էր տվել, որ երբ «Թիմ» ՍՊԸ-ն ձեռք բերի «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը, դրանք պետք է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրվեն, իսկ սեպտեմբերին համաձայնություն էր տվել դրանք նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրելուն։ Սակայն ընկերությունը հոկտեմբերի 14-ի գրությամբ հայտնել է, որ ելնելով ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունից՝ «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության և «Թիմ»-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի գնման գնի տարաժամկետ վճարման մասին։ Դրա արդյունքում «Թիմ»-ի մոտ «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության նկատմամբ կծագի հետաձգված վճարային պարտավորություն, և վերջիններս համաձայնել են նշված պարտավորության կատարումն ապահովել ընկերության բաժնեմասերի գրավով։ Այսինքն՝ «Թիմ»-ը խնդրել էր համաձայնություն տալ «Վեոն Արմենիա»-ի և իր 100 տոկոս բաժնեմասերը «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020 թվականի հոկտեմբերի 22-ին իր գրությամբ չի առարկել 100 տոկոս բաժնեմասերը «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։ Եվ ՀԾԿՀ-ն, համաձայն հոկտեմբերի 28-ի նիստի նախագծերի, համապատասխանաբար, համաձայնություն է տվել ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնեմասերը «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։ Ովքեր են եղել հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա»-ի հետևում«Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերությունը գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում։ Ընկերության նախագահը Իսմաիլով Ռաշիդ Ռուստամ Օղլին է։ Գլխավոր տնօրենը Ալեքսանդր Յուրիի Տորբախովն է։ Իսմաիլով Ռաշիդ Ռուստամ Օղլին այս տարվա օգոստոսից գլխավորում է «Վիմպելկոմ»-ը։ Վերջինս 2014-2018թթ․-ին զբաղեցրել է ՌԴ կապի փոխնախարարի պաշտոնը՝ նախարար Նիկոլայ Նիկիֆորովի օրոք։ Այնուհետև ռուսաստանյան NOKIA –ի գլխավոր տնօրենն էր։ «Վիմպել-կոմունիկացիի» (նույն Վիմպելկոմն է՝ կրճատված) հանրային բաժնետիրական ընկերությունը գրանցված է ՌԴ-ում։ VEON ընկերությունների խմբի մեջ է մտնում, այլ կերպ ասած՝ Բերմուդյան օֆշորում գրանցված VEON Ltd-ի 100 տոկոսանոց դուստրն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանում։ Ւսկ VEON խմբի մեծ բաժնետերը Letter one Investment Holdings S.A.  -ն է՝ 48 % մասնակցությամբ։ Իրական սեփականատեր, մեծ մասնակցության չափով, ՌԴ գործարար, «Ալֆա» բանկի հիմնադիր Միխաիլ Ֆրիդմանն է։ VEON ընկերությունների խմբի դուստր է նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն։ VEON խմբի համագործադիր տնօրեն 2020թ․ մարտի 1-ից նշանակվել է ազգությամբ թուրք Քաան Թերզիօղլուն (Kaan Terzioğlu)։ Վերջինս միացել էր խմբին 2019թ․ նոյեմբերից, իսկ մինչ այդ՝ 2015թ․ ապրիլից թուրքական բջջային օպերատոր Turkcell-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
14:03 - 02 դեկտեմբերի, 2020
Ucom-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Ucom-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախից ՀՀ տեղափոխված միջին և ավագ դասարանների աշակերտների կրթության գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև ինտերնետ կապի մատչելիության ապահովումը՝ Ucom ընկերությունն ընդլայնել է U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս մի շարք սակագնային պլաններում ներառված անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ կրթական ռեսուրսների ցանկը։ Այս մասին հայտնեցին  Ucom ընկերությունից:  Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության խնդրանքով նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500, u2000, u3000 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները չեն վճարի ինտերնետի օգտագործման վճար Google Classroom, ինչպես նաև Microsoft Teams այցելելիս։ Նույն սկզբունքն ամիսներ շարունակ գործում է zoom.us, armedu.am, emis.am, kahoot.com և etwinning.net կայքերի համար։     Մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber,  WhatsApp հավելվածներից օգտվելիս։ 
17:15 - 24 նոյեմբերի, 2020
«Յուքոմ»-ի բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո»-ին օտարելու որոշման մասին լուրերը կեղծ են

«Յուքոմ»-ի բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո»-ին օտարելու որոշման մասին լուրերը կեղծ են

Մամուլում տարածված լուրերը, թե իբր «Յուքոմ» ՓԲԸ բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելու մասին որոշում է կայացվել, կեղծ են։ Մինչդեռ այն տեղեկատվությունը, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 4-ի նիստում որոշում է կայացրել համաձայնություն տալ «Յուքոմ» ընկերության՝ «Ֆորաբանկ» բանկին պատկանող 2 մլն 510 հազար 696 հատ բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելուն, հիմնավոր է և վերաբերում է ոչ թե Ընկերության 100% բաժնեմասերի օտարմանը, այլ ընդամենը «Ֆորաբանկ»-ի բաժնեմասին։ Այս մասին տեղեկացրին «Յուքոմ» ՓԲԸ մամեւլի ծառայությունից։ «Մեկնաբանելով նաև այն լուրը, թե «ԱյՅուՆեթվորքս» ՍՊԸ կողմից ՀՀ սնանկության դատարան է ներկայացվել «Յուքոմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում, «Յուքոմ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ տեղի է ունեցել տեխնիկական սխալ, և նոյեմբերի 5-ին «ԱյՅուՆեթվորքս» ՍՊԸ-ն իր պահանջից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։ Նշենք, որ երկու ընկերությունների բաժնետերերի կազմում միևնույն իրավաբանական անձինք են, որոնց միջև բոլոր հարցերը կարգավորվում են բանակցությունների միջոցով։ Սնանկության վերաբերյալ պնդումներն անհիմն են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ընդգծենք, որ «Յուքոմ» ՓԲ ընկերությունը որպես ռազմավարական նշանակության տնտեսական կառույց շարունակում և շարունակելու է մեծագույն պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ հօգուտ երկրի տնտեսության և բաժանորդների»,- ասվում է հաղորդագրության մեջ։      
19:39 - 06 նոյեմբերի, 2020
Ռոումինգի սակագնի զրոյացումը հայաստանյան օպերատորների որոշումով չէ, որ պետք է իրականացվի․ շարժական կապի օպերատորների հայտարարությունը

Ռոումինգի սակագնի զրոյացումը հայաստանյան օպերատորների որոշումով չէ, որ պետք է իրականացվի․ շարժական կապի օպերատորների հայտարարությունը

Հայաստանի շարժական կապի օպերատորների հայտարարությունը․«Սիրելի՛ հայրենակիցներ,Մենք և մեր գործընկեր-օպերատորներն անթիվ-անհամար կոչեր, գրություններ ու պահանջներ ենք ստանում Արցախում ռոումինգի վերաբերյալ։ Նշենք, որ հայաստանյան օպերատորների բաժանորդների կողմից իրականացվող զանգերի աննախադեպ ծավալը Ղարաբաղ Տելեկոմի մեծագույն ջանքերի շնորհիվ է սպասարկվում, սակայն գերծանրաբեռնվածության պայմաններում այս հնարավորությունը ևս վտանգված է։Հայաստանյան օպերատորների և Արցախի օպերատորի հնարավորություններն ու բաժանորդների քանակն անհամեմատելի են։ Ղարաբաղ Տելեկոմի կողմից զանգերի սպասարկումը դժվարացել է նաև այն պատճառով, որ նշանառության տակ են առնվել Արցախի միակ օպերատորի ցանցային ենթակառուցվածքը և մեր տվյալներով պատճառել այնպիսի վնաս, որի վերականգնումը պահանջում է ժամանակ, ինչպես նաև մարդկային և ֆինանսական լուրջ ռեսուրսներ։Առհասարակ՝ ռոումինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները: Հայաստանյան օպերատորները գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիայի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:Նշենք, որ ռոումինգի սակագնի զրոյացումը հայաստանյան օպերատորների որոշումով չէ, որ պետք է իրականացվի։ Պարզաբանենք ռոումինգի գնագոյացման մոդելը. կարգավորող մարմնի որոշումով սահմանվել է փոխկապակցման միջօպերատորական սակագին, որից հետո ՀՀ և ԱՀ կարգավորող մարմինների ու օպերատորների միջև ստորագրվել է Հուշագիր, որի հիման վրա սահմանվել է բաժանորդների համար առավելագույն սակագին, որը հայաստանյան բոլոր երեք օպերատորների դեպքում նույնն է: Սակագնի զրոյացումը բերելու է Ղարաբաղ Տելեկոմի ցանցի ավելի մեծ ծանրաբեռնվածության, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է Ղարաբաղ Տելեկոմի ցանցի խափանման՝ թողունակության սահմանափակ լինելով պայմանավորված։ Եկեք չանտեսենք այն փաստը, որ Ղարաբաղ Տելեկոմի աշխատանքի շնորհիվ է, որ հայաստանյան օպերատորների բաժանորդները հնարավորություն ունեն կապի մեջ լինել Արցախի մեր հայրենակիցների հետ։ Այսօր ամենակարևոր խնդիրը զանգեր ընդունող ցանցի՝ Ղարաբաղ Տելեկոմի ֆինանսական ու տեխնիկական հնարավորությունների ապահովումն է՝ զանգերի մեծ ծավալը սպասարկելու ու կորուստները վերականգնելու առումով։Խնդիրը բարձրաձայնողների մղումներն ազնիվ են ու հասկանալի: Այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ Ղարաբաղ Տելեկոմի ցանցի գոյությունը և պահպանումը ոչ մի պարագայում չի կարելի վտանգել։Հայաստանյան երեք օպերատորներով հորդորում ենք առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը՝ անդադար զանգերով և հաղորդագրություններով: Արցախի օպերատորի ցանցն այսօր ավելի քան երբևէ ռազմավարական ու կենսական անհրաժեշտության ենթակառուցվածք է, որի պահպանության ու անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի հոգատար վերաբերմունքն ու ջանքերը։Շնորհակալություն ըմբռնման համար:UcomBeelineՎիվա-ՄՏՍ»
16:10 - 28 սեպտեմբերի, 2020
«Յուքոմ»-ը հայց է ներկայացրել ՏՄՊՊՀ-ի դեմ՝ վիճարկելով «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացման որոշման օրինականությունը |hetq.am|

«Յուքոմ»-ը հայց է ներկայացրել ՏՄՊՊՀ-ի դեմ՝ վիճարկելով «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացման որոշման օրինականությունը |hetq.am|

hetq.am: «Յուքոմ» ՓԲԸ-ն վարչական դատարանում վիճարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշումը, որով թույլատրվել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը՝ վերջինիս կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 % փայաբաժնի ձեռքբերման միջոցով: «Յուքոմ»-ն ընդդեմ ՏՄՊՊՀ-ի 09.07.2020թ. թիվ 282-Ա որոշումը վերացնելու պահանջով հայցադիմումը վարչական դատարան է ներկայացրել երեկ՝ սեպտեմբերի 3-ին: Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն նշված որոշմամբ թույլատրել էր համակենտրոնացումը՝ առաջ քաշելով մի շարք պայմաններ: Մասնավորապես այն, որ «ԹԻՄ» ընկերության սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո ձեռնպահ մնան իրացնել հետևյալ իրավունքները. մասնակցել ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,  մասնակցել ընկերության կառավարմանը,  ժողովներում իրենց իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի հանդես գալ առաջարկություններով ժողովներում ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով և այլն: Բացի այդ, եղբայրները պարտավոր են համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո ձեռնպահ մնալ «Յուքոմ» ՓԲԸ-ի վերաբերյալ օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պահանջելուց և ստանալուց: Հանձնաժողովը որոշել էր նաև, որ համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո մեկ ամսյա ժամկետում Հայկ և Ալեքսանդր Եսայանները պարտավոր են ներկայացնել բաժնետիրական համաձայնագիր կնքելու առաջարկ և համաձայնագրի նախագիծ, որով կսահմանվեին թվարկված իրավունքների և գործողությունների իրականացումից ձեռնպահ մնալու պարտավորությունները: ՏՄՊՊՀ-ի որոշումից օրեր առաջ՝ հուլիսի 6-ին, «Յուքոմ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր համակենտրոնացման անթույլատրելիության մասին: Մասնավորապես, ընկերությունից նշում էին, որ «Յուքոմ»-ի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաև նախկին փոխտնօրեն և ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը խախտել են «Յուքոմ» ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս: ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են «Յուքոմ» ՓԲԸ սեփականությունը համարվող գաղտնի տեղեկատվություն (ներառյալ ՎԵՈՆ-ի հետ գործարքի դետալները, ինչը մի շարք երկրների օրենսդրության և դատական պրակտիկայում ստացել է կորպորատիվ հնարավորության յուրացման դոկտրին անվանումը): «Այսպիսով, գտնում ենք, որ Եսայանների կողմից Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման և օգտագործման արդյունքում է, որ «Թիմ» ՍՊԸ-ն մեկ ամսվա ընթացքում կարողացել է բանակցել, հուշագիր կնքել և պատրաստվում է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերը, այնինչ նմանատիպ գործարքների բանակցությունները տևում են ամիսներ, եթե ոչ ավելի երկար: Նշված գործողությունները, ինչպես հիմնավորված է դիրքորոշման մեջ, անբարեխիղճ մրցակցություն են և արգելված են»,- նշված էր «Յուքոմ»-ի տարածած հայտարարության մեջ:
12:57 - 04 սեպտեմբերի, 2020
Ինչպես է հաջողվել ՊՆ անունից 3000 օգտատիրոջ կեղծ նամակներ ուղարկել․ կազմակերպության, օպերատորների ու ԱԱԾ-ի պարզաբանումը

Ինչպես է հաջողվել ՊՆ անունից 3000 օգտատիրոջ կեղծ նամակներ ուղարկել․ կազմակերպության, օպերատորների ու ԱԱԾ-ի պարզաբանումը

Այսօր՝ հուլիսի 17-ին, առավոտյան 8։30-ի շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ հակառակորդը վաղ առավոտից հերթական ապատեղեկատվությունն է տարածում։ Բանն այն է, որ բջջային օպերատորների բաժանորդներից ոմանք MIL.AM անունից (mil.am-ը ՀՀ ՊՆ պաշտոնական կայքի հասցեն է,- հեղ․) SMS հաղորդագրություն էին ստացել, թե իրավիճակը սահմանին լարված է, եւ հայկական կողմը կորուստներ ունի։ Նախարարությունը հայտարարեց, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում,  եւ որ ՊՆ-ն հաղորդագրության հետ որեւէ կապ չունի։ Հայաստանում բջջային օպերատորները երեքն են՝ «Վիվա-ՄՏՍ», «Յուքոմ» եւ «Բիլայն»։ Պաշտպանության նախարարության անունից կեղծ այդ նամակը ստացել էին «Վիվա-ՄՏՍ» եւ «Յուքոմ» օպերատորների բաժանորդները։  Infocom.am-ը «Վիվա-ՄՏՍ» եւ «Յուքոմ» ընկերությունների մամուլի ծառայություններից ստացավ նույն պատասխանը, ըստ որի՝ վաղ առավոտյան, ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող VAS (ավելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում:    Ինչպես ՀՀ պաշտպանության նախարարությունը, այնպես էլ բջջային այս օպերատորները հայտնեցին, որ դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է:  Ե՛ւ «Վիվա-ՄՏՍ», ե՛ւ «Յուքոմ» ընկերություններից հայտնեցին, որ մշտական կապի մեջ են VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:  VAS օպերատորը հայտնել է, որ ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց ուղարկած հերքումը։ Մեր հարցին՝ VAS օպերատորի հետ կնքած պայմանագրի համաձայն նման իրավիճակներում, օրինակ՝ ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ ուղարկելու դեպքում, ո՞վ է համարվում պատասխանատու, բջջայի՞ն օպերատորը, թե՞ VAS օպերատորը, բջջային օպերատորները հստակ պատասխան չտվեցին․ «Վիվա-ՄՏՍ»-ից նշեցին, որ հարցը քննարկելու են ընկերության իրավաբանների հետ, իսկ «Յուքոմ»-ից ասացին, որ, այո, պարզվեց՝ պայմանագիրը վերանայելու անհրաժեշտություն կա։ Ինչպես նշեցինք՝ «Բիլայն»-ի բաժանորդները չեն ստացել հակառակորդի ուղարկած ապատեղեկատվություն պարունակող որեւէ հաղորդագրություն:  Ընկերության մամուլի ծառայությունից Infocom-ին հայտնեցին, որ «Բիլայն»-ի պաշտպանողական համակարգներում կասկածելի ակտիվություն չի գրանցվել, եւ ցանցը գտնվում է մշտադիտարկման տակ՝ հարձակումները կանխելու նպատակով: Միեւնույն ժամանակ՝ հնարավոր է՝ հարձակում եղել է, սակայն «Բիլայն»-ի պաշտպանական համակարգը թույլ չի տվել կոտրել ցանցը։ Մեր հարցին՝ «Բիլայն»-ը օգտվում է նույն VAS օպերատորից, ինչ «Վիվա-ՄՏՍ»-ն ու «Յուքոմ»-ը, ընկերությունը չպատասխանեց։ Այսպիսով, «Վիվա-ՄՏՍ» եւ «Յուքոմ» ընկերությունների պարզաբանումներից կարող ենք ենթադրել, որ այս երկու օպերատորներն օգտվում են ավելացված արժեքով ծառայություններ մատուցող նույն օպերատորից․ այս դիտարկումը մեր զրույցում չհերքեցին նաեւ երկու ընկերություններից, ինչը նշանակում է, որ հակառակորդը, այնուամենայնիվ, կոտրել է ոչ թե մի քանի ցանց, այլ մեկ օպերատորի։ Իսկ այդ օպերատորը, ինչպես վերեւում հայտնեցինք, վստահեցրել է, որ աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Բջջային օպերատորներն այս պահին որեւէ այլ տեղեկություն եւ պարզաբանում չեն հայտնում։ Infocom.am-ը կարողացավ կապ հաստատել հայաստանյան բջջային օպերատորներին VAS ծառայություններ մատուցող այն օպերատորի հետ, որից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններն ուղարկվել էին բաժանորդներին։   Հակառակորդը, ինչպես մեր զրույցում պարզաբանեց ընկերության ներկայացուցիչը, հուլիսի 16-ի, լույս 17-ի գիշերը՝ ժամը 04։00-ի շրջանակներում կոտրել է մի կազմակերպության ցանց, որն այս ընկերության ծառայությունների միջոցով հաղորդագրություններ է ուղարկում բջջային օպերատորների բաժանորդներին։   VAS ծառայություն մատուցող այս ընկերության ցանցի անվտանգության համակարգը առավելագույնը 3 րոպեի ընթացքում կարողացել է արգելափակել հաղորդագրություն ուղարկելու գործընթացը։ Սակայն այդ րոպեների ընթացքում մոտ 3000 բաժանորդի գնացել է կեղծ հաղորդագրությունը։ Ընդ որում, հակառակորդը ոչ թե հաճախորդ կազմակերպության սերվերից է գտել բջջային օպերատորների բաժանորդների հեռախոսահամարները, այլ պատահականության սկզբունքով +374 կոդով գեներացրել է հեռախոսահամարները։ Քանի որ հեռախոսահամարների թվերն ընտրել են պատահական, դրանցից շատերը գործող չեն եղել։   Երբ VAS ծառայություն մատուցող ընկերությունը հաճախորդին SMS հաղորդագրոթյուններ ուղարկելու հնարավորություն է տալիս, սահմանում է նաեւ հաղորդագրություն ուղարկողի անունը։   Ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեցինք՝ այս պարագայում ինչպես է հաստատվել հաղորդագրություն ուղարկողի MIL.AM անունը․ մեր զրուցակիցը պատասխանեց, որ երբ կարողացել են կոտրել հաճախորդի ցանցը, շրջանցել են նաեւ անունը հաստատելու պատնեշը։   Իսկ թե ինչպես է թիրախավորվել այս ընկերությունը, ներկայացուցիչն ասաց, որ հակառակորդի տեղեկատվական այս հարվածի թիրախ դառնալը պատահականություն է եղել։   Ընկերությունը կեղծ ինֆորմացիան ստացած բաժանորդներին ուղարկել է այդ տեղեկությունը հերքող նամակ, թյուրիմացաբար ապատեղեկատվություն տարածելու մասին հայտարարել են նաեւ բջջային օպերատորները։ VAS ծառայություն մատուցող ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրենց մասնագետներն աշխատում են համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:   Ազգային անվտանգության ծառայությունից Infocom-ի հարցին՝ դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է, կամ նյութեր նախապատրաստվո՞ւմ են, պատասխանեցին, որ ԱԱԾ իր գործառույթների շրջանակներում իրականացնում է համապատասխան գործողություններ։   Հայարփի Բաղդասարյան
16:57 - 17 հուլիսի, 2020
Ucom ընկերությունն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ ՏՄՊՊՀ-ին․ պատրաստվում են պաշտպանել իրենց իրավունքները թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրի ատյաններում

Ucom ընկերությունն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ ՏՄՊՊՀ-ին․ պատրաստվում են պաշտպանել իրենց իրավունքները թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրի ատյաններում

Ս․թ․ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Յուքոմ» ընկերությունը․ «Նշենք, որ ս․թ․ հունիսի 8-ին «Թիմ» ՍՊԸ-ն ՀՀ ՏՄՊՊՀ դիմում է ներկայացրել նշյալ գործարքի իրականացումը թույլատրելու խնդրանքով: Ս․թ․ հուլիսի 1-ին «Յուքոմ» ՓԲԸ ներկայացրել է իր դիրքորոշումը նշյալ գործարքի վերաբերյալ՝ մասնավորապես հայտնելով, որ սույն համակենտրոնացումը ենթակա է արգելման մի քանի հիմքերով: Մասնավորապես, ըստ դիրքորոշման, «Թիմ» ՍՊԸ և նրա ղեկավարության կողմից թույլ տրված գործողություններն պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն (ներառյալ՝ չբացահայտված՝ Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցություն)։ Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը հակասում է Տնտեսական մրցակացության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածներին, և համակենտրոնացումը ենթակա է ՏՄՊՊՀ կողմից արգելման։ Դիրքորոշմամբ արձանագրվում և հիմնավորվում է, որ  Ucom ընկերության նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաև նախկին փոխտնօրեն և ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը (ով մինչ այսօր հանդիսանում է «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ), մեր գնահատմամբ, խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս և ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են «Յուքոմ» ՓԲ ընկերության սեփականությունը համարվող գաղտնի տեղեկատվություն (ներառյալ ՎԵՈՆ-ի հետ գործարքի դետալները, ինչը մի շարք երկրների օրենսդրության և դատական պրակտիկայում ստացել է կորպորատիվ հնարավորության յուրացման դոկտրին անվանումը): Այսպիսով, գտնում ենք, որ Եսայանների կողմից Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման և օգտագործման արդյունքում է, որ «Թիմ» ՍՊԸ-ն մեկ ամսվա ընթացքում կարողացել է բանակցել և հուշագիր կնքել և պատրաստվում է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերը, այնինչ նմանատիպ գործարքների բանակցությունները տևում են ամիսներ, եթե ոչ ավելի երկար: Նշված գործողությունները, ինչպես հիմնավորված է Դիրքորոշման մեջ, անբարեխիղճ մրցակցություն են և արգելված են: «Յուքոմ» ՓԲԸ կողմից ՀՀ ՏՄՊՊՀ են ներկայացվել վերը նշված պնդումները հաստատող փաստական հանգամանքներ։ Ավելին՝ ներկայացվել է համանման իրավական կարգավորումներ ունեցող երկրների փորձի համեմատական-իրավական վերլուծություն, որպես դիրքորոշման մեջ բերված հիմնավորումները հաստատող հավելյալ փաստարկ։ Տրամադրված տեղեկատվությամբ ընդգծվում է, որ նման դրսևորումները բացառիկ չեն և դատապարտելի են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում։ «Յուքոմ» ՓԲԸ-ն հայտնում է, որ պատրաստվում է պաշտպանել իր խախտված իրավունքներն, ինչպես հայաստանյան իրավասու մարմիններում, այնպես էլ արտերկրի համապատասխան ատյաններում և հիմա քննարկում է իրականացնում իրավաբանական ծառայություններ մատուցող թիմի և արտասահմանյան իրավաբանների հետ՝ հնարավոր իրավական գործընթացներ նաև արտերկրում սկսելու վերաբերյալ» ,- ասված է հաղորդագրության մեջ:
19:37 - 06 հուլիսի, 2020
Ինչո՞ւ են Եսայան եղբայրները ցանկանում գնել «Բիլայնը»․ զրույց «Յուքոմի» նախկին տնօրենի հետ |civilnet.am|

Ինչո՞ւ են Եսայան եղբայրները ցանկանում գնել «Բիլայնը»․ զրույց «Յուքոմի» նախկին տնօրենի հետ |civilnet.am|

civilnet.am: «Յուքոմի» նախկին տնօրեն Հայկ Եսայանը, որ եղբոր՝ Ալեքսանդր Եսայանի հետ տնօրինում է «Յուքոմի» 6 տոկոս բաժնեմասը, Սիվիլնեթի Մկրտիչ Կարապետյանի հետ հարցազրույցում խոսում է իրենց նոր հիմնադրած՝ «Թիմ» ՍՊԸ-ի մասին։ Ընկերությունը ցանկություն է հայտնել գնել «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիան»։ Հայկ Եսայանը խոսում է նաև «Յուքոմից» դուրս գալու և խոշոր բաժնետերերի հետ իրենց առճակատման մասին։ - Պարոն Եսայան, Դուք ասել եք, որ «Յուքոմը» լքելու ձեր որոշման հիմքում խոշոր բաժնետերերի հետ հակասություններն են։ Կարո՞ղ եք ասել կոնկրետ ինչ հակասություն էր ձեր և մնացյալ բաժնետերերի միջև  («Յուքոմի» բաժնետերերն են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքն ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված բանկն ու անձը):  - Նախ ասեմ, որ ընկերությունը հիմնարդել ենք եղբայրս ու ես։ Հիմա, երբ Խաչատրյաններն ասում են, որ 12 տարի իրենք են եղել, այդպես չէ։ 2007-ին մենք ենք եղել «Յուքոմի» բաժնետերեր ու ամեն բան ստեղծվել է մեր կողմից, ու ընդհանուր առմամբ օպերացիոն, գլոբալ ռազմավարական հարցերը միշտ ես ու Ալեքսանդրն ենք ղեկավարել։ Մենք արել ենք այնպես, որ ընկերությունը բաց ու թափանցիկ լինի, մեր աուդիտը KPMG-ն է իրականացրել։ Հակասությունը եկավ այն կետից, երբ փորձեցին խառնվել «Յուքոմի» կառավարմանը։ Ես այն մարդն եմ, որ համարում եմ՝ եթե մարդուն տնօրեն ես նշանակել, եթե վստահել ես այդ պաշտոնը, նա պետք է այդ պատասխանատվությունը կրի՝ կիսես առաջխաղացումները, պարտությունները։  «Յուքոմում» այդպիսի թիմ էր ձևավորվել, այդպիսի տնօրեններ ունեինք, որոնք միասնական դիմում գրեցին։ Ես ընկերությունը տանում էի ոչ ավանդական կառավարման ճանապարհով․ մենք փորձում էինք տելեկոմը սարքել ընկերության միայն մի ուղղություն, շատ ավելի փոքր ուղղություն, ու նրանք երևի չէին հավատում, որ դա հնարավոր է։ Հիմնական հարցը ռազմավարության հետ էր կապված, դրան գումարած ներդրումների ծավալի հետ կապված անհամաձայնություն կար։ Քննարկումների արդյունքում մենք համաձայնել էինք, որ ներդրումներ պետք է լինեն, ինչը չեղավ։ Բերեմ մի օրինակ. եթե դու 10 միլիոն դրամով պիտի բնակարան գնես, հաշվում ես, որ 7 միլիոն կարժենա բնակարանը, 3 միլիոն էլ՝ ներքին հարդարումը։ Հետո պարզվում է՝ դու 7 միլիոնն ունես, բայց 3 միլիոնը չունես, ու դա նշանակում է՝ ձախողեցիր, բնակարանում ո՛չ կարող ես ապրել, ո՛չ կարող ես տալ վարձակալության։ Եթե իմանայիր, որ փողդ 7 միլիոն դրամ է, կգնեիր 5 միլիոնով, 2 միլիոնի էլ վերանորոգում կանեիր ու կապրեիր։ Մենք քայլում էինք մի ուղղությամբ, իրականությունը մի քիչ ուրիշ էր ու պայթեց։  - Բայց «Յուքոմում» նոր տնօրենի նշանակումից հետո բաժնետերերը հայտարարել են նոր ներդրումների մասին, այսինքն՝ ներդրումների համար միջոցներ կան։ Ինչո՞ւ այդ դեպքում նախկինում չէին արվում ներդրումները։  - Ճիշտն ասած՝ դրան չեմ կարող պատասխանել, որովհետև չգիտեմ ինչու է այդպես եղել։ Եթե հետ գնաս, միգուցե հատուկ է արվել։ Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել կամ պարզաբանում տալ, ինձ համար էլ է անհասկանալի, օրինակ, ինչու երեք ամիս առաջ նման ներդրում չկար։ Իմ տեղեկություններով՝ դեռ որևէ նոր ներդրում չի կատարվել։ - Ձեր և «Յուքոմի» միջև առաջացած խզումից հետո խոսվում էր, որ կառավարությունը ձեր միջոցով փորձում է հասնել «Յուքոմում» բաժնեմասերի վերաձևավորումների։ Այդ օրերին հանրային ուշադրության կենտրոնում Խաչատրյաններին առնչվող քրեական գործն էր։ Ունեի՞ք պետական աջակցություն այս գործընթացում։  - Դա, իհարկե, այդպես չէ, քանի որ իմ հայտարարությունից երկու-երեք ամիս առաջ մենք խոշոր բաժնետերերին առաջարկել էինք, որ կարող ենք գնել իրենց բաժնեմասերը։ Դա իրենց կողմից ողջունվեց, հետո երբ ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ գտանք, առաջարկն անբացատրելիորեն մերժվեց։ Մենք երկու անգամ տարբեր գներով առաջարկեցինք գնել «Յուքոմի» մնացած բաժնեմասերը, և ըստ էության պատասխան չստացանք։ Սա է իրական պատմությունը։ Պարզապես զուգահեռ ընթանում էր իրավական պրոցես, այլ բան չկա։ Ու մի բան էլ կա, շատ դժվար է կտրվել ընկերությունից, որի անունն անգամ դու ես որոշել, երբ աշխատում ես տասը տարի, ջանք ես ներդնում, աշխատավայրը դու ես ստեղծում։ Էմոցիոնալ առումով շատ բարդ էր այդ որոշմանը գնալ, ու միևնույն ժամանակ՝ քո ստեղծած երեխան չես ուզում այլ դաստիարակությամբ աճի ու համարում ես, որ եթե այլ ուղղությամբ է աճելու, ուրեմն դու չես տերը։ Պիտի ստեղծես նորը, ավելի դժվար բեռով, ավելի փոքր, ու ես վստահ եմ՝ մեր թիմն ուժեղ է ու հաջողելու է։ Այն ժամանակ, երբ «Յուքոմը» նոր էր զարգանում, նորարարություններ էինք փորձարկում, շատերը, որոնք հիմա փորձում են խելոք երևալ, ծիծաղում էին մեզ վրա՝ թե ինչ ենք անում, վարի ենք տալու, ոչ մի բան չենք հասկանում։ Բայց եկեք նայենք ժամանակագրությանը՝ ինչպես է զարգացել «Յուքոմը», ինտերնետը։  - Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը «Յուքոմում» բաժնեմասեր ձեռք բերեց։ Ի՞նչ հարաբերությունների մեջ եք դուք Խաչատրյանների ընտանիքի հետ։  - Ծանոթացել ենք այն ժամանակ, երբ իրենք ապրելու տեղափոխվեցին Տերյան՝ մեր բակ։ Մենք ստեղծել նք ընկերություն, որտեղ ներդրում ենք որոնել, դիմել ենք ֆինանսական բոլոր ընկերություններին 2008-2009 թվականներին՝ սկսած «Ամերիա»-ից։ Բայց խնդիր կար, Հայաստանի բանկային համակարգն այդ ժամանակ պատրաստ չէր հասկանալ տեղեկատվական տեխնոլոգիաներից, ինտերնետից։ Մի օրինակ բերեմ՝ եթե դուք աշխատանք չեք գտնում, ու ստիպված եք հավաքարարություն անել քաղաքապետարանի համար, դա նախընտրությո՞ւն է։ Ո՛չ․ դուք այդ աշխատանքը անում եք, որ ձեր ընտանիքը ֆինանսական խնդիր չունենա, ձեր երեխան քաղցած չմնա, դուք աճեք, հետո դառնաք հավաքարարների ղեկավար և այլն։ Մեզ այդ փուլում չի հետաքրքրել, թե ֆինանսական միջոցները ումը կլինեին, մեր պայմանավորվածությունը եղել է՝ մենք բիզնեսն ենք վարում, մեզ պետք է իքս կտորը, և մենք պատրաստ ենք օտարել բաժնեմասի իքս հատվածը։ Այդ պատճառով էլ մեր բաժնեմասը ներդրումների դիմաց կրճատվել է, հասել մոտավորապես 6 տոկոսի։ Եթե չեմ սխալվում, 2015-2016 թվականներից ներդրում չի եղել, ըստ էության՝ վերջինը եղել է Սամվել Կարապետյանի կողմից, և «Օրանժ Արմենիան» գնելու միջոցներն էլ են եղել վարկային միջոցներ։  - Պարոն Եսայան, այս տարիներին չէին դադարում հրապարակումները, որ «Յուքոմը» հեռահաղորդակցության շուկայում իր տեղը նվաճել ու ընդլայնվել է Խաչատրյանների կողմից պետական հովանավորչության արդյունքում։ Դուք ի՞նչ կասեք այդ պնդումների մասին։ - Ով որ նման բան է ասում ու գրում, թվերից մի քիչ լավ չի հասկանում։ Պետական հովանավորչություն միանշանակ չի եղել։ Դուք կարող եք բացել, նայել՝ պետությունն ինչքան փող է ծախսել ինտերնետ գնումների վրա մինչև «Յուքոմի» կողմից մրցույթներին մասնակցելն ու դրանից հետո. մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ գումար է ծախսվել պետության կողմից։ Եթե դուք պետական մարմնի ղեկավար եք, ու օրենքով վերապահված է, որ հեռախոսակապի ծառայություն պիտի ձեռ բերեք, ու մեկը այդ ծառայությունը տրամադրում է, ենթադրենք, 3600 դրամով, մյուսը՝  2000 դրամով, ո՞րն եք ընտրում։ Բնականաբար՝ էժանը, չէ՞։  - Միքայել Մինասյանը եղե՞լ է «Յուքոմի» անուղղակի բաժնետեր։  - Իմ տեղեկություններով՝ նման բան չկա։ Այսինքն՝ հրապարակային որևէ տվյալով, որով ես շփվել կամ գործ եմ ունեցել, նման բան չկա։ «Յուքոմի» կայքում բաժնետերերի ցանկը կա։  - Պարոն Եսայան, անցյալ շաբաթ հայտարարվեց «Վեոն Արմենիան» գնելու մտադրության մասին։ «Վեոն Արմենիայի» ի՞նչն է ձեզ հետաքրքրում՝ բաժանորդնե՞րը, ենթակառուցվածքնե՞րը, թե՞ այլ բան։  - Մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ։ Մենք հասկանում ենք, որ այդ ոլորտում այն գիտակներն են, որ կարող են մեծ օգուտներ բերել։ Տարբերակ մեկ` զրոյից կառուցել նոր բան, որը ժամանակ է, ռեսուրս է, մրցակցություն և այլն, որը մեր ոլորտում այսօր անիմաստ է, թեև ծայրահեղ դեպքում մենք կարող ենք այդ ուղղությամբ էլ գնալ։ «Բիլայնում» հետաքրքիր է այն ամենը, ինչ կա․ ենթակառուցվածքները հետաքրքրում են, բաժանորդների բազան հետաքրքրում է, հետաքրքրում է առկա մարդկային ռեսուրսը, մարդիկ, որ և՛ հասկանում են ֆիքսված հեռախոսակապից, և՛ բջջայինից։ Ու շատ հատուկ մի բան կա՝ աշխարհը սկզբից գնաց դեպի ֆիքսված հեռախոսակապի օպերատորներ, հետո ստեղծվեցին բջջային օպերատորներ, հիմա գնում է դրանց միաձուլումը։ «Բիլայնը» այն քիչ օպերատորներից է, որ միաձուլված է ու այնտեղի գիտելիքահեն ռեսուրսը շատ կարևոր է։ Երկու թիմերի միացումով մենք ստանալու ենք մի հետաքրքիր թիմ, որը նոր տիպի ծառայություններ է մատուցելու։ Օրինակ՝ «Բիլայնում» TV-ն չկա, մենք զարգացնելու բազմաթիվ ուղղություններ ունենք, ու հաճելի հայկական արտադրանք կստանանք։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
15:37 - 18 հունիսի, 2020
Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել ․ ԱԱԾ տնօրենը՝ Գուրգեն Խաչատրյանի մասին |a1plus.am|

Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել ․ ԱԱԾ տնօրենը՝ Գուրգեն Խաչատրյանի մասին |a1plus.am|

a1plus.am: «Կորոնավիրուսի դեմ պայքարը ցանկացածիս խնդիրն է»,- լրագրողների հետ զրույցում ասած  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Անդրադառնալով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում երեխաների կուտակումների հետ կապված դեպքին՝ Մարտիրոսյանը նշեց, որ Ոստիկանության ուժերը չէին բավարարում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին է խնդրել այդ հարցով զբաղվել։ Խոսելով «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի՝ երկիրը լքելու մասին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այս դեպի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մինչ անհետանալը Խաչատրյանի հետ կապված ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական աշխատանք չի իրականացրել, տեղաշարժի իրավունքը չի սահմանափակվել․ «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»։ Դիտարկմանը, որ պատգամավորներն ասում են, թե Խաչատրյանը հիմա Ռուսաստանում է, և հարցին՝ ստուգե՞լ են այդ տեղեկությունը, պատասխանեց, որ ստուգել են, և դա չի համապատասխանում իրականությանը։  Միքայել Մինասյանի գտնվելու վայրի մասով ասաց, որ հստակ տեղը իմանալու դեպքում կասվի դրա մասին։ Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձավ Պտղնիի ռեստորաններից մեկում տեղի ունեցած արարողության տեսանյութին, որում մի քանի անձ պարում է ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի համազգեստներով։ «Իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացման կատարումն այդքան էլ ընդունելի չէ»,- նշեց նա։
16:53 - 05 հունիսի, 2020
Շարժական կապի երեք օպերատորները 5G-ի վերաբերյալ հետագա սադրանքների դեպքում կդիմեն իրավապահներին

Շարժական կապի երեք օպերատորները 5G-ի վերաբերյալ հետագա սադրանքների դեպքում կդիմեն իրավապահներին

Հայաստանում 5G ցանցի տեղադրման վերաբերյալ սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին։ Այս մասին նշված է օպերատոր «Յուքոմ». «Beeline Հայաստան» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունունների համատեղ հայտարարության մեջ։ «Ստիպված ենք արձանագրել, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի ակտիվ շրջանառություն:  Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի օպերատորներին հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր: Այս տեղեկատվությունը բաց է ու հասանելի: Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցերում: Միևնույն ժամանակ, Հայաստանի շարժական կապի ներքոստորագրյալ երեք օպերատորները, որոնք գործում են ՀՀ օրենսդրության և պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիաների շրջանակներում, հորդորում են զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկատվության, ինչպես նաև՝ օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարությունների տարածումից: Համավարակով պայմանավորված իրավիճակում երեք օպերատորներն անում են առավելագույնը, որպեսզի հայաստանյան բաժանորդները մշտապես կապի մեջ մնան աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց մտերիմների, գործընկերների և կարևոր մարդկանց հետ, կարողանան առցանց աշխատել, կրթվել և, մնալով տանը, կանխել վարակի տարածումը։ Սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
19:40 - 25 մայիսի, 2020
Հայաստանում 5G աշտարակներ չեն տեղադրվել․ Մարինա Խաչատրյանն ապատեղեկատվություն է տարածում

Հայաստանում 5G աշտարակներ չեն տեղադրվել․ Մարինա Խաչատրյանն ապատեղեկատվություն է տարածում

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հրապարակել է 5G աշտարակների լուսանկարներ՝ կից գրառմամբ, թե այդ բոլոր տեսակի աշտարակներն այսօր արդեն տեղադրված են Հայաստանում, ավելի խիտ` Երեւանում։ Խաչատրյանը հրապարակման մեկնաբանություններում գրել է, թե դրանք շատ վտանգավոր են եւ տեղադրվել են արտակարգ դրության օրերին․ նրա ձեւակերպմամբ՝ «հերթական թաքուն օպերացիան»։ Google համակարգում վերոնշյալ լուսանկարների ամենապարզ որոնմամբ երեւում է, որ այդ նկարները Հայաստանում արված չեն։ Ըստ երեւույթին, Մարինա Խաչատրյանը լուսանկարները ներբեռնել է հենց Google համակարգից կամ այլ կայքերից։ Որոնման արդյունքները ներկայացնում ենք ստորեւ․ Infocom-ը Մարինա Խաչատրյանի տարածած տեղեկությունը ճշտեց նաեւ Հայաստանի բջջային օպերատորներից։ Ucom ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում․ Ucom-ը 5G աշտարակներ չունի։ Նույն պատասխանը ստացանք նաեւ VivaCell եւ Beeline ընկերություններից։ Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահե Իսահակյանը մեր զրույցում եւս ասաց, որ իրենք 5G ծառայություն չեն տրամադրում։ Բացի այս, ինչպես նշեց մեր զրուցակիցը, չկան 5G-ով աշխատող բազային կայաններ, որպեսզի աշխատեն, դրա համար պիտի լինեն սարքեր, իսկ հաճախականություն տրամադված չէ։ Beeline-ից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ընկերությունը Հայաստանի տարածքում երբեւէ չի տեղադրել 5G որեւէ կայան, եւ որ այդ տեխնոլոգիան գործարկելու համար հեռահաղորդակցության օպերատորներին առնվազն անհրաժեշտ է ունենալ որոշակի հաճախականային ռեսուրս, որն այս պահի դրությամբ Beeline-ը եւս պետությունից չի ստացել։  Հավելենք, որ 5G կայանների տեղադրման մասին որեւէ պաշտոնական տեղեկություն այս ընթացքում չի շրջանառվել։ Այսպիսով, Մարինա Խաչատրյանի գրառումն ապատեղեկատվություն է․ Հայաստանում 5G կայաններ չկան, իսկ տեղադրված լուսանկարները Հայաստանում արված չեն։ Ի՞նչ է 5G-ն 5G-ն 5-րդ սերնդի բջջային կապի կարճ անունն է, որը փոխարինելու է 3G եւ 4G կապերին: 5-րդ սերնդի բջջային կապի ներդրման շնորհիվ արագանալու է տվյալների փոխանցումը, ալեհավաքների թվի հաշվին ավելի որակյալ են դառնալու ազդանշանները, եւ այլն։ 5G-ի թեստավորման ժամանակ գրանցվել է տվյալների փոխանցման 25,3 Գբ/վ առավելագույն արագություն: Ցանցի ներսում սովորական օգտատերերին սպասվում է մինչեւ 10 Գբ/վ արագություն (4G ցանցի օգտատերերի առավելագույն արագությունը հասնում է մինչեւ 100 Մբ/վ-ի)․ պարզ ասած՝ ընդամնեը վայրկյանների ընթացքում հնարավոր կլինի ներբեռնել Full HD ֆիլմեր։ Աշխարհում նոր սերնդի առաջին ցանցերի ամբողջական գործարկումն արդեն սկսվել է։ Այս տարվա վերջում նախատեսվում է թողարկել առաջին պիլոտային ծրագրերը՝ 5-րդ սերնդի ցանցի ներդրման համար:  Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը, օրինակ, նախրոդ տարի Հայաստանում տեղի ունեցած WCIT տեխնոլոգիական կոնֆերանսի օրերին, խոսելով 5G ցանցի ներդրման մասին, նկատել է, որ  ի վերջո ցանկացած պարագայում գնալու ենք ցանցի տրանսֆորմացիային, պարզապես հայաստանցիները դեռեւս պատրաստ չեն մասսայաբար ձեռք բերել նորագույն, թանկարժեք հեռախոսներ, որոնք կկարողանան աշխատել հինգերորդ սերնդի ցանցում։ Մեկ տարի առաջ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր հերթին նշել է, որ 5G ստանդարտն արդեն ուրվագծված է, սակայն շուկայի համար մատչելի գնով սարքեր դեռեւս հասանելի չեն: Յիիրկյանի կարծիքով՝ մոտ 2 տարի ժամանակ կպահանջվի, մինչեւ այդ սարքերը դառնան հասանելի լայն կիրառման համար: Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ Հայաստանում կլինի 5G, VivaCell-ի տնօրենն ասել է, որ իրենց ընկերությունը վաղուց է սկսել պատրաստվել 5G-ի ներդրմանը, քանի որ ընկերության 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաեւ 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով։ Հայարփի Բաղդասարյան
14:56 - 21 մայիսի, 2020
Անհայտ անձինք շարքից դուրս են հանել Ucom-ի բջջային կայանն Արմավիրում

Անհայտ անձինք շարքից դուրս են հանել Ucom-ի բջջային կայանն Արմավիրում

 Մայիսի 13-ի վաղ առավոտյան պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք շարքից դուրս են հանել Արմավիրում գործող Ucom-ի 4G+ բջջային կապն ապահովող կայաններից մեկը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Յուքոմ» ընկերությունը․ Կտրված են դրա աշխատանքն ապահովող օպտիկական մալուխն ու հարակից լարերը, լրջորեն վնասված են կայանի տարբեր մասերը։ Բջջային կայանը տեղակայված է երկրում գործող մյուս օպերատորների բջջային կայանների անմիջական հարևանությամբ, որոնք անվնաս են մնացել։   «Շարքից հանված է հենց Ucom-ի շարժական կապն ապահովող բջջային կայանը։ Անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի վնաս են պատճառել ընկերությանը և այդ քայլով՝ զրկել Արմավիրում բնակվող մեր բաժանորդներին կապի մեջ մնալու, առցանց կրթվելու և աշխատելու հնարավորությունից։ Իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում է տրվել, նախաքննությունն ընթանում է, շարժառիթները պարզվում են», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։ «Հավելենք, որ բջջային կայանների կառուցման և տեխնիկական սպասարկման թիմն անմիջապես մեկնել է Արմավիր՝ կայանը վերականգնելու և ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու համար։ Ucom ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը ժամանակավոր անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
13:45 - 13 մայիսի, 2020