Հայաստանում 5G աշտարակներ չեն տեղադրվել․ Մարինա Խաչատրյանն ապատեղեկատվություն է տարածում
14:56 - 21 մայիսի, 2020

Հայաստանում 5G աշտարակներ չեն տեղադրվել․ Մարինա Խաչատրյանն ապատեղեկատվություն է տարածում

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հրապարակել է 5G աշտարակների լուսանկարներ՝ կից գրառմամբ, թե այդ բոլոր տեսակի աշտարակներն այսօր արդեն տեղադրված են Հայաստանում, ավելի խիտ` Երեւանում։

Խաչատրյանը հրապարակման մեկնաբանություններում գրել է, թե դրանք շատ վտանգավոր են եւ տեղադրվել են արտակարգ դրության օրերին․ նրա ձեւակերպմամբ՝ «հերթական թաքուն օպերացիան»։

Google համակարգում վերոնշյալ լուսանկարների ամենապարզ որոնմամբ երեւում է, որ այդ նկարները Հայաստանում արված չեն։ Ըստ երեւույթին, Մարինա Խաչատրյանը լուսանկարները ներբեռնել է հենց Google համակարգից կամ այլ կայքերից։ Որոնման արդյունքները ներկայացնում ենք ստորեւ․

Infocom-ը Մարինա Խաչատրյանի տարածած տեղեկությունը ճշտեց նաեւ Հայաստանի բջջային օպերատորներից։

Ucom ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում․ Ucom-ը 5G աշտարակներ չունի։

Նույն պատասխանը ստացանք նաեւ VivaCell եւ Beeline ընկերություններից։

Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահե Իսահակյանը մեր զրույցում եւս ասաց, որ իրենք 5G ծառայություն չեն տրամադրում։ Բացի այս, ինչպես նշեց մեր զրուցակիցը, չկան 5G-ով աշխատող բազային կայաններ, որպեսզի աշխատեն, դրա համար պիտի լինեն սարքեր, իսկ հաճախականություն տրամադված չէ։

Beeline-ից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ընկերությունը Հայաստանի տարածքում երբեւէ չի տեղադրել 5G որեւէ կայան, եւ որ այդ տեխնոլոգիան գործարկելու համար հեռահաղորդակցության օպերատորներին առնվազն անհրաժեշտ է ունենալ որոշակի հաճախականային ռեսուրս, որն այս պահի դրությամբ Beeline-ը եւս պետությունից չի ստացել։ 

Հավելենք, որ 5G կայանների տեղադրման մասին որեւէ պաշտոնական տեղեկություն այս ընթացքում չի շրջանառվել։

Այսպիսով, Մարինա Խաչատրյանի գրառումն ապատեղեկատվություն է․ Հայաստանում 5G կայաններ չկան, իսկ տեղադրված լուսանկարները Հայաստանում արված չեն։

Ի՞նչ է 5G-ն

5G-ն 5-րդ սերնդի բջջային կապի կարճ անունն է, որը փոխարինելու է 3G եւ 4G կապերին: 5-րդ սերնդի բջջային կապի ներդրման շնորհիվ արագանալու է տվյալների փոխանցումը, ալեհավաքների թվի հաշվին ավելի որակյալ են դառնալու ազդանշանները, եւ այլն։

5G-ի թեստավորման ժամանակ գրանցվել է տվյալների փոխանցման 25,3 Գբ/վ առավելագույն արագություն: Ցանցի ներսում սովորական օգտատերերին սպասվում է մինչեւ 10 Գբ/վ արագություն (4G ցանցի օգտատերերի առավելագույն արագությունը հասնում է մինչեւ 100 Մբ/վ-ի)․ պարզ ասած՝ ընդամնեը վայրկյանների ընթացքում հնարավոր կլինի ներբեռնել Full HD ֆիլմեր։

Աշխարհում նոր սերնդի առաջին ցանցերի ամբողջական գործարկումն արդեն սկսվել է։ Այս տարվա վերջում նախատեսվում է թողարկել առաջին պիլոտային ծրագրերը՝ 5-րդ սերնդի ցանցի ներդրման համար: 

Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը, օրինակ, նախրոդ տարի Հայաստանում տեղի ունեցած WCIT տեխնոլոգիական կոնֆերանսի օրերին, խոսելով 5G ցանցի ներդրման մասին, նկատել է, որ  ի վերջո ցանկացած պարագայում գնալու ենք ցանցի տրանսֆորմացիային, պարզապես հայաստանցիները դեռեւս պատրաստ չեն մասսայաբար ձեռք բերել նորագույն, թանկարժեք հեռախոսներ, որոնք կկարողանան աշխատել հինգերորդ սերնդի ցանցում։

Մեկ տարի առաջ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր հերթին նշել է, որ 5G ստանդարտն արդեն ուրվագծված է, սակայն շուկայի համար մատչելի գնով սարքեր դեռեւս հասանելի չեն: Յիիրկյանի կարծիքով՝ մոտ 2 տարի ժամանակ կպահանջվի, մինչեւ այդ սարքերը դառնան հասանելի լայն կիրառման համար: Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ Հայաստանում կլինի 5G, VivaCell-ի տնօրենն ասել է, որ իրենց ընկերությունը վաղուց է սկսել պատրաստվել 5G-ի ներդրմանը, քանի որ ընկերության 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաեւ 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել