Freedom House

Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

azatutyun.am:«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով», - հայտարարում է հեղինակավոր Freedom House-ը՝ անցումային երկրների մասին նախօրեին հրապարակած զեկույցում։ Արձանագրելով, որ 2023-ին Հայաստանը լուրջ դրական բարեփոխումներ է կատարել դատական համակարգի, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության և տարածքային կառավարման ոլորտներում, զեկույցը նշում է. - «Թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»: Ժողովրդավարական կառավարում Վաշինգտոնում ավելի քան 75 տարի գործող իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ անցած տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը Երևանի ավագանու ընտրություններն էին։ «Հայաստանի բնակչության մեկ երրորդը մայրաքաղաքում է ապրում, և այս քվեարկությունը կարող է դիտարկվել որպես վստահության քննություն՝ 2021-ի արտահերթ և 2026-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արանքում», - նշում է Freedom House-ը, հավելելով՝ դիտորդները հիմնականում դրական են գնահատել ընտրությունների անցկացումը, արձանագրելով, որ այն զերծ է եղել ժամանակին տարածված ընտրակաշառքից ու ճնշումներից։ Միաժամանակ, ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հոգուտ իշխող կուսակցության։ Որպես օրինակ նշվում է մանկավարժների ու հանրային ծառայողների կազմակերպված մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին և տեղական բյուջեների աննախադեպ ծախսը տոնական միջոցառումների վրա, որոնց մասնակցել են իշխող կուսակցության թեկնածուները։ Զեկույցը փաստում է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.5 տոկոսը, ինչը «հատուկ է բևեռացված հասարակություններին, որտեղ քաղաքացիները հիասթափված են հետհեղափոխական էլիտաների ձախողումներից, միաժամանակ մերժում են նախկին ռեժիմի ներկայացուցիչների վերադարձը»։ «Թավշյա հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից ու օլիգարխներից, սակայն 2023-ը մտահոգիչ միտումներ ի ցույց դրեց. Infocom-ի ու CivilNet-ի անկախ հետաքննությունները քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ բացահայտեցին», - նշում է Freedom House-ը` մանրամասնելով. - «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Բացի այդ, նվիրատվությունների իրականացման գործում ներգրավված էր «Հայէկոնոմբանկ»-ը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»։ «Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք», - նշում է Freedom House-ը: Որպես դրական զարգացում նշվում է՝ Կառավարությունը նոյեմբերին որոշում ընդունեց հօգուտ ապակենտրոնացման, ինչպես նաև գործողությունների ծրագիր՝ տեղական իշխանությունների դերն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մյուս կողմից, արձանագրվում է, որ այս կարևոր բարեփոխումների ֆոնին «տեղական իշխանությունների անկախության և հեղինակության երաշխիքները կասկածի տակ են դրվել ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ «Քաղաքացիական պայմանագրի» համակարգված փորձերի պատճառով»։ «Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին»,- նշում է Freedom House-ը, - «Քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։ Կոռուպցիա 2023-ին Հայաստանը հակակոռուպցիոն ռազմավարություն է ընդունել 2023-26 թվականների համար։ Եվրախորհրդի GRECO խումբը, գնահատելով Հայաստանի կառավարության առաջընթացը, եզրակացրել է, որ 2015-ից տրված 18 հանձնարարականներից 9-ը կատարվել է բավարար չափով, մյուս 9-ը՝ մասամբ։ Մի քանի լրագրողական հետաքննություններ բացահայտել են պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքի՝ շահավետ գնով ձեռքբերման, կասկածելի վարկանիշ, կամ՝ պաշտոնյաների հետ կապ ունեցող ընկերություններից առանց մրցույթի պետգնումների դեպքեր. - «Մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է, հետաքննող լրագրողներն ահազանգում են խոշոր բիզնեսի ու բարձրաստիճան պաշտոնյաների սերտ կապերի ռիսկայնության մասին, մինչ վարչապետը հերքում է այդ մտահոգությունները և պնդում, թե այդ կապերն օրենքի շրջանակում են»։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ընկալումը Հայաստանում լճացել է կամ անկում է ապրել նախորդ տարիների համեմատ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)-ի՝ 2023-ի վերջին կատարված հարցման համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լավատեսների թիվը 2018-ի համեմատ կիսով չափ նվազել է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:26 - 12 ապրիլի, 2024
Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը՝ օկուպացնելով այդ երկրի տարածքի մի հատվածը. Freedom House-ի զեկույց |amerikayidzayn.com|

Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը՝ օկուպացնելով այդ երկրի տարածքի մի հատվածը. Freedom House-ի զեկույց |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ Nations in Transit 2024 զեկույցը, ուր զուգահեռներ է անցկացրել Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման միջև՝ վերջինս որակավորելով «էթնիկ զտումներ»: Ուկրաինան ոչնչացնելու Մոսկվայի պատերազմը և Ադրբեջանում իշխող ռեժիմի ռազմական նվաճումն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները ի հայտ բերեցին «ավտորիտարիզմի էքսպանսիայի» մահացու հետևանքները՝ ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 տարեկան զեկույցում: Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա տարածաշրջանի եվրասիական 29 երկրներում տարվա կտրվածքով ժողովրդավարության հետ կապված իրավիճակը ուսումնասիրող այս զեկույցն արձանագրոմ է այս տարածաշրջանում 20-րդ տարին անընդմեջ ժողովրդավարական կառավարման ընդհանուր անկում: «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում զեկույցի համահեղինակ, Freedom House-ի ավագ փորձագետ Մայք Սմելտզերը նշում է, որ զեկույցը կենտրոնանում է ժողովրդավարական կառավարման ինստիտուցիոնալ գործոնների վրա՝ դիտարկելով, թե ինչպես են ժողովրդավարությունները, ինստիտուտները ապահովում, պաշտպանում և աջակցում մարդկանց հիմնարար իրավունքները: Ըստ զեկույցի համահեղինակի՝ 2023 թվականին արձանագրվել է ժողովրդավարության անկման ավելի լայն միտում, ներառյալ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներում: «Կարծում եմ, որ սա Հայաստանի ժողովրդավարական հետագծի ավելի մեծ միտումի մի մասն է վերջին 5-10 տարիների ընթացքում, և հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո: Այն բնութագրվում է հաճախ որպես երեք քայլ առաջ և մեկ քայլ հետ: Ցավոք, այս տարին այն տարիներից էր, որտեղ այս զեկույցում իսկապես առկա էր մեկ քայլ հետընթաց»,- ասում է Մայք Սմելտզերը: Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ջանքերի վրա բացասական ազդեցություն է ունեցել «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը», ինչի հետևանքով այնտեղ ապրող ավելի քան 120 հազար հայեր ստիպված եղան փախչել և հիմնականում բնակություն հաստատել Հայաստանում: «Ադրբեջանական ռեժիմի ներխուժումը և Լեռնային Ղարաբաղի վերացումը բացասական ազդեցություն ունեցավ հենց Հայաստանում ժողովրդավարության վրա: Այսինքն՝ Հայաստանի ներսում հաստատությունները ստիպված էին պայքարել ոչ միայն այնտեղ ժողովրդավարական կառավարում ապահովելու և բարեփոխումներ իրականացնելու մարտահրավերի դեմ, այլ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից փախստականների հոսքի ավելացման մարտահրավերի»,- պնդում է Սմելտզերը: Freedom House-ը նշում է, թե Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով երկրի տարածքը, ամրապնդելով իշխանությունը՝ ներքին քննադատության պայմաններում և արձագանքելով 2018 թվականի հեղափոխությունից հետո երևան եկած պահանջներին, թե հանրապետությունը հարկ է ավելի լավ կառավարել։ Զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների միջև՝ զեկույցը փաստում է. «2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022 թվականի փետրվարին [տեղի ունեցած] Ուկրաինա Կրեմլի ներխուժումը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ կերպով խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին»,- ընդգծում է զեկույցը՝ հավելելով, թե, այդուհանդերձ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հնարավորության դուռ բացեց [Ադրբեջանի համար] նվաճելու Լեռնաին Ղարաբաղը, քանի որ «Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կլանված էր Կիևին աջակցելու ուղղությամբ»: Զեկույցը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանության ու պաշտպանության համակարգի փլուզումը հարկադրեց 120 հազար հայերին հեռանալ՝ «իրենց կյանքը փրկելու համար»: Զեկույցը դա որակել է որպես «էթնիկ զտումներ»: «Մեր զեկույցում օգտագործում ենք «էթնիկ զտում» եզրն ավելի քան 120,000 էթնիկ հայերի մասին խոսելիս, որոնք Լեռնային Ղարաբաղի տարածքից ստիպված են եղել փախչել ադրբեջանական զինուժից: Նրանցից շատերը, իհարկե, հայտնվել են Հայաստանում»,- պնդում է զեկույցի համահեղինակը: Միաժամանակ, զեկույցում նշված է․ «Ադրբեջանի զինուժը շարունակում էր սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ բախումներից հետո՝ բռնազավթելով այդ երկրի տարածքի մի մասը»: «Մենք տեսել ենք ավտորիտար էքսպանսիայի ընդլայնման կործանարար հետևանքները, ինչպես Ուկրաինայում, ինչպես Լեռնային Ղարաբաղում: Հիմքեր չկան հավատալու, որ այսքանով այն կդադարի: Մենք փաստացի տեսնում ենք, որ այս ավտոկրատիաներին հակազդելու անկորողությունը մեծացնում է դրանց [էքսպանսիայի ընդլայնման] շարունակման հավանականությունը»,- ասում է զեկույցի համահեղինակը: Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները կարող են ճանապարհ հարթել Բաքվի կողմից նոր տարածքային պահանջների ներկայացմանը՝ ասված է զեկույցում, ուր նաև անդրադարձ կա Ադրբեջանի նախագահի պաշտոնը հերթական անգամ ստանձնելիս՝ երդմնակալության արարողության ժամանակ Ալիևի ելույթին, որը, ըստ Freedom House-ի, հայկական տարածքների նկատմամբ հավելյալ պահանջներ ներկայացնելու ապացույց էր: Իրավապաշտպան կազմակերպությունը նախազգուշացնում է՝ ԱՄՆ կամ ԵՄ կողմից պարտադրված զսպման մեխանիզմների բացակայության պայմաններում՝ Կովկասում առկա է «ավտորիտար ագրեսիայի ակնհայտ վտանգ»: Մայք Սմելտզերը, սակայն, որոշակի փոփոխություններ է տեսնում Հայաստանին արևմտյան աջակցություն ցուցաբերելու հարցում՝ մատնանշելով օրերս Բրյուսելում կայացած հանդիպումներն ու դրանց արդյունքները: «Մենք տեսնում ենք որոշակի տեղաշարժ այս ուղղությամբ, երբ Հայաստանը, գիտակցելով իր անկայուն աշխարհաքաղաքական և անվտանգային դիրքը, ուղղություն է վերցրել դեպի արևմուտք՝ ձգտելով դաշնակիցներ գտնել ԵՄ-ում և Միացյալ Նահանգներում: Մենք ականատես եղանք որոշակի արձագանքի և քաղաքականության փոփոխության կամ առնվազն աջակցության աճի»,- ասում է նա: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:06 - 11 ապրիլի, 2024
Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների շարքում
 |azatutyun.am|

Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների շարքում |azatutyun.am|

azatutyun.am: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024 թվականին» զեկույցը (Freedom In The World 2024): Ինչպես և անցյալ տարվա զեկույցում, Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների ցանկում: Հայաստանը «Քաղաքական ազատությունների» անվանակարգում ստացել է 40 առավելագույն միավորներից 23-ը, «Քաղաքացիական ազատությունների» անվանակարգում՝ 60 հնարավորից 31-ը, և ունի ընդհանուր 54 միավոր: Հայաստանի հարևաններից Վրաստանը նույնպես «մասամբ ազատ» է և ունի 58 միավոր: Մինչդեռ մյուս երեք հարևանները «ոչ ազատ» են: Ադրբեջանն ունի ընդամենը 7 միավոր, Իրանը՝ 11, իսկ Թուրքիան՝ 33: Այդ ցանկում է նշվել նաև Լեռնային Ղարաբաղը, որը ստացել է -3 միավոր, թեպետ դեռ անցյալ տարվա զեկույցում ուներ 37 միավոր և համարվել է «մասամբ ազատ»: «Ոչ ազատ» երկրների ցուցակում է ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցների լիդեր երկիր Ռուսաստանի Դաշնությունը, որը ստացել է 13 միավոր:
17:49 - 29 փետրվարի, 2024
Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց անցած սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու համար․ «Freedom House» |amerikayidzayn.com|

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց անցած սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու համար․ «Freedom House» |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: «Freedom House»-ի այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» զեկույցն անդրադարձել է 2023 թվականին տեղ գտած զինված բախումներին՝ նաև բազմիցս կանգ առնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման, աշխարհում ավտորիտարիզմի աճի, օրինակ՝ Անդրբեջանում և Ռուսաստանում իշխող ռեժիմների ապրապնդման վրա։ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը անկում է ապրել՝ նահանջ գրանցելով 18-րդ տարին անընդմեջ։ Քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները թուլացել են 52 երկրներում։ Մինչդեռ բարելավումներ են նկատվել միայն 21-ում։ Թերի ընտրությունները և զինված հակամարտությունները նպաստել են աշխարհում ազատության անկմանը։ Ըստ հրապարակման, զինված հակամարտությունները և ավտորիտար ռեժիմների ներկայացրած սպառնալիքներն աշխարհը դարձրել են սակավ անվտանգ ու ժողովրդավար։ Օրինակ, ազատության ինդեքսի առումով կտրուկ անկում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում, և այն մասամբ ազատ խմբից տեղափոխվել է ոչ ազատ երկրների, տարածքների խումբ։ Պատճառը անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումն էր, «Լեռնային Ղարաբաղի անջատողական կառավարության» (չակերտները՝ խմբ․) կապիտուլյացիան ու տեղի հայ բնակչության փաստացի արտաքսումը։ «Freedom House»-ի ներկայացմամբ Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ավարտի ֆոնին՝ արձանագրվել է, որ ռուսաստանյան օկուպացիոն ուժերը իրենց ենթակայության ներքո գտնվող ուկրաինական շրջաններում ճնշում են մարդկանց հիմնարար իրավունքները։ Բռնաճնշումները խորանում են նաև Ռուսաստանում։ Զեկույցն անդրադառնում է նաև Իսրայել-«Համաս» հակամարտությանը, 2021 թվականին Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետևանքներին, Սուդանում մարտերից տուժած քաղաքացիների իրավիճակին և այլն։ Անդրադառնալով 2023 թվականին տեղ գտած ձեռքբերումներին և կորուստներին՝ «Freedom House»-ը կրկին հիշատակում է Լեռնային Ղարաբաղը։ Ըստ զեկույցի՝ վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների ու ազատությունների անկմանը, և այդ իմաստով հենց Լեռնային Ղարաբաղն է ապրել տարվա ամենամեծ անկումը՝ կորցնելով 40 միավոր, քանի որ տեղի գրեթե ողջ բնակչությունը՝ մոտ 120 հազար հայ, ստիպված է եղել փախչել Ադրբեջանի զինուժի ճնշման հետևանքով։ Այդ տեղահանությունը բազմաթիվ օտարերկրյա դիտորդներ գնահատել են որպես էթնիկ զտում։ «Freedom House»-ը հիշեցնում է՝ Բաքվի ռազմական հարձակումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի իննամսյա արգելափակումից հետո, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն էր։ Հետևանքը եղավ այն, որ տեղի բնակիչների համար լուրջ խնդիր դարձավ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, բժշկական պարագաների և վառելիքի ձեռքբերումը։ Զեկույցը փոխանցում է, մոտ երեք տասնամյակ տեղի հայ բնակչությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում էր։ 2020 թվականին Ռուսաստանի միջնորդած նոր զինադադարից հետո, որը կանգնեցրեց ադրբեջանական ռազմուժի առաջխաղացումը, իրավիճակը վերստին սկսեց փոխվել, երբ 2022 թվականին Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման հետևանքով սահմանափակվեցին ռուս խաղաղապահների կարողությունները, իսկ ադրբեջանական ռազմուժը սկսեց դանդաղ սեղմել անկլավի շուրջ օղակը, և ի վերջո «ադրբեջանական ռեժիմի» ճանապարհին քիչ բան էր մնացել՝ հանգուցալուծելու տասնամյակներ տևած վեճը։ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինուժի հարձակումը համընկավ Ադրբեջանում ավտորիտար համակարգի ամրապնդման և բռնաճնշումների հետ։ Ըստ «Freedom House»-ի՝ դեռ 1990-ականներից Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է խտրական քաղաքականություն հայերի նկատմամբ, հայ քաղաքացիներին և նրանց ժառանգներին արգելված է կամ սահմանափակված է մուտքը երկիր։ Զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի գրավումը նպաստել է Ադրբեջանում 2003 թվականից նախագահող Իլհամ Ալիևի ժողովրդականության աճին, ինչը մտավախություն է առաջացրել, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարող է նոր, լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի «սահմաններն արդեն խախտված են»։ Նշվում է՝ «նոր ներխուժման համար Բաքուն կարող է ոգեշնչվել հյուսիսից՝ Կրեմլի օրինակից, որը ապօրինաբար խլել է Ղրիմն ու այլ տարածքներ Ուկրաինայից»։ «Freedom House»-ը ընդգծում է՝ ռուսական ուժերի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում մի քանի միլիոն մարդու ազատությունները կտրուկ սահմանափակվել են․ «Ռուսական օկուպացիոն իշխանությունները 2023 թվականին շարունակել են, օրինակ, ղրիմցիներին զորակոչել ռուսական բանակ, պետականացնել մասնավոր սեփականությունը։ Այս առումով՝ իրավիճակը հատկապես ծանր է ազգությամբ ուկրաինացիների և Ղրիմի թաթարների համար, որոնց լեզուն, կրոնը և մշակույթը շարունակում են ենթարկվել ռուսական կողմի ճնշումներին, որի նպատակը տարածաշրջանի ռուսականացումն է»։ «Freedom House»-ը ընդգծում է՝ հատկապես եվրասիական տարածաշրջանում նկատելի է նաև «ժողովրդավար ուժերի պայքարը աճող ավտորիտարիզմի դեմ»։ Զեկույցի փոխանցմամբ Եվրասիայում ազատության ինդեքսը նկատելի անկում ապրեց 2023 թվականին, որը պայմանավորված է հիմնականում «ադրբեջանական ռեժիմի» կողմից Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության վտարմամբ, ինչպես նաև Ադբեջանում բռնաճշումների խորացմամբ, որն անցել է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ֆոնին։ Ազատության անկում է գրանցվել նաև Տաջիկստանում՝ պայմանավորված խոսքի ազատությունը ճնշելու կառավարության ջանքերով և երկրում էթնիկ պամիրցիների նկատմամբ ուժգնացած հալածանքներով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:09 - 29 փետրվարի, 2024
Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի. Freedom House

Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումներին:  Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է՝  Մենք խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի:  Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի ապահովության համար:
19:23 - 19 սեպտեմբերի, 2023
Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր. Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովից |amerikayidzayn.com|

Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր. Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովից |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ի պատասխան Հայաստանի ու Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի վատթարացման՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովիցը հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է Freedom House-ը: Հայտարարության մեջ ասված է.  «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկություններով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղության բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և բացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխոչընդոտ երկկողմ տեղաշարժը: Մենք նաև կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին նշանակել հատուկ զեկուցող՝ գնահատելու մարդու իրավունքների իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»։
08:33 - 12 սեպտեմբերի, 2023
Freedom House-ը Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Կարմիր խաչին ԼՂ-ին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն

Freedom House-ը Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Կարմիր խաչին ԼՂ-ին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն։ Կազմակերպությունը կոչ է անում նաև անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։ «Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է փրկարար դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը», - նշված է կազմակերպության թվիթերյան էջում: Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։
11:20 - 26 հուլիսի, 2023
Freedom House-ի նախագահն անդրադարձել է Ժողովրդավարության հայկական համաժողովին |1lurer.am|

Freedom House-ի նախագահն անդրադարձել է Ժողովրդավարության հայկական համաժողովին |1lurer.am|

1lurer.am: Freedom House կազմակերպության նախագահ Մայք Աբրամովիցը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած այցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը։ «Նախորդ շաբաթ պատիվ ունեցա ելույթ ունենալու Ժողովրդավարության հայկական երկրորդ ամենամյա համաժողովում: ՀՀ վարչապետի և նախագահի մասնակցությունը Հայաստանի կառավարության հանձնառության դրական ցուցիչ է՝ համագործակցելու միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարությանը։ Քննարկեցինք Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը անվտանգային մարտահրավերների և ժողովրդավարության սպառնալիքների պայմաններում, ինչպես նաև անդրադարձանք տեղական կառավարման, հաշվետվողականության և միջոլորտային համագործակցության կարևորությանը Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար»,- գրել է Աբրամովիցը։ Freedom House-ի նախագահը տեղեկացրել է նաև, որ նախագահ Խաչատուրյանի հետ քննարկել է ժողովրդավարական զարգացումը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները։
12:31 - 06 հունիսի, 2023
Վահագն Խաչատուրյանը և Մայքլ Աբրամովիցը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները

Վահագն Խաչատուրյանը և Մայքլ Աբրամովիցը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Freedom house կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողությունների և հիմնախնդիրների առկայության պայմաններում ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող գործոնների հաղթահարման ուղիներին:Երկուստեք շեշտվել է Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական զարգացման համար:Մտքեր են փոխանակվել վերջին տարիներին պետական և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ հայաստանյան իշխանության նախաձեռնությունների և ընդհանուր մոտեցումների վերաբերյալ:
19:33 - 02 հունիսի, 2023
«Իմ ներկայությունն այստեղ չի նշանակում, որ հարցերի բոլոր ձեւակերպումների հետ ՀՀ կառավարությունը համաձայն է»․ Փաշինյանը միջամտեց ՌԴ մասին հարցին

 |aravot.am|

«Իմ ներկայությունն այստեղ չի նշանակում, որ հարցերի բոլոր ձեւակերպումների հետ ՀՀ կառավարությունը համաձայն է»․ Փաշինյանը միջամտեց ՌԴ մասին հարցին |aravot.am|

aravot.am: Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումում այսօր Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը հարց ուղղեց Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչին․ «Ինչո՞ւ է կարեւոր, որպեսզի Freedom House-ը գործի այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որը ժողովրդավարության կղզի է, շուրջ բոլորը գտնվում են ավտորիտար երկրներ։ Ժողովրդավարություն ամբողջ աշխարհում ոչ միայն անկում է ապրում, այլ նաեւ ենթարկվում է հարձակումների։ Հայաստանի օրինակն այստեղ եզակի չէ, ավտորիտար երկրների կողմից հարձակումները հարեւան ժողովրդավարությունների վրա տեղի են ունենում Ուկրաինայում, Մոլդովայում, մեր հարեւան Վրաստանում։ Ի՞նչ վիճակում է ժողովրդավարությունն այսօր աշխարհում»։ Միջամտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց․ «Իմ ներկայությունն այստեղ ամենեւին չի նշանակում, որ հարցերի բոլոր ձեւակերպումների եւ պատասխանների հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայն է։ Քանի որ մենք մեր հարեւանների հետ հարաբերությունները շատ կարեւորում ենք, շատ կարեւոր է այս քննարկումներում, առավել եւս իմ, հանրապետության նախագահի, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների մասնակցությամբ, այս նրբությունն ընդգծել»։ Մայքլ Աբրամովիչն ասաց․ «Մենք այժմ գտնվում ենք ընդհանուր համաշխարհային ժողովրդավարական հետընթացի ու ճգնաժամի մեջ։ Տեսնում ենք, որ հետզհետե ավելի մեծ թվով երկրներում է անկում ապրում ժողովրդավարությունը, մի թեթեւ բարելավում է  եղել վերջին տարվա կտրվածքով։ Տեսել ենք, թե ավտորիտար ռեժիմներն ինչպես են ավելի հզորանում՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ ավելի շատ են ճնշում իրենց ժողովուրդներին։ Բացի այդ, իրենց սահմաններից դուրս փորձում են ճնշել այլ երկրների ժողովրդավարությունը։ Առաջին ցցուն օրինակը այն է, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Այդ իսկ պատճառով Ուկրաինայի ժողովրդի հաղթանակը շատ կարեւոր կետ է ժողովրդավարական օրակարգի համար»։ 
12:43 - 31 մայիսի, 2023
Freedom House-ը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների միջև
 |amerikayidzayn.com|

Freedom House-ը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների միջև |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: «Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում է, որը սակավ ուշադրության է արժանանում», պնդում է Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր՝ Nations in Transit 2023 տարեկան զեկույցում։ «Ռուսական ներխուժումն Ուկրաինա ողջ աշխարհի համար ահազանգ էր էքզիստենցիալ սպառնալիքների մասին, երբ բռնապետությունը հակադրվում է ժողովրդավարական ուղի բռնած հարևան երկրին»,- նշված է Freedom House-ի՝ «Ազգերն անցումային շրջանում. Պատերազմը խորացնում է տարածաշրջանային պառակտումը» զեկույցում: Հրապարակումը, սակայն, շարունակում է՝ «նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում»: Իրավապաշտպան կազմակերպության համաձայն, 2020 թվականին Ադրբեջանի զինուժը հետ գրավեց Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ՝ երկրի մի հատված, որը տեղի հայկական ուժերի վերահսկողության ներքո է, քանի որ նրանք պարտության էին մատնել ադրբեջանական զորքերին 1994 թվականին: 2020 թվականի հաղթանակից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց ռազմական ճանապարհով կյանքի կոչել իր տարածքային նկրտումները։ 2022 թվականին այն լայնածավալ ներխուժում իրականացրեց Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023 թվականի սկզբի ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին՝ բնապահպանական բողոքի ակցիաների» պատրվակով արգելափակելով կարևոր ուղին»։ Զեկույցը զուգահեռներ է տանում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի միջև՝ եզրակացնելով. «2014 և 2022 թվականներին Մոսկվայի կողմից ուկրաինական տարածքի բռնագրավումը հանգեցրեց տեղի բնակչության իրավունքների և ֆիզիկական անվտանգության ապահովման կորստին։ Կան բազմաթիվ ցուցիչներ, որ Բաքվի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի որոշ հատվածների նկատմամբ նույն կերպ կվերացնի տեղի բնակչության ազատությունն ու անվտանգության ապահովումը»: Իր զեկույցում Freedom House-ը կոչ է անում ժողովրդավարական պետություններին չանտեսել այս վտանգը։ «Նրանք պետք է ձեռնարկեն հնարավոր ամեն քայլ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ապահովելու բոլոր նրանց պաշտպանությունը, ովքեր ապրում են Ադրբեջանի տիրապետության ներքո կամ փախչում վերջինիս օկուպացիայից»,- նշված է զեկույցում: Հրապարակումը շարունակում է, թե չնայած «Հայաստանը դեռ չի դիմել ԵՄ թեկնածության համար, սակայն 2022 թվականին շարունակել է հաջողություններ գրանցել ժողովրդավարական [բարեփոխումների] ուղղությամբ՝ դառնալով Nations in Transit 2023 զեկույցում հիշատակված միակ երկիրը, որն ունի բարելավված մեկից ավելի ցուցանիշ»: Ըստ զեկույցի, Հայաստանն առաջադիմել է ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների ուղղությամբ՝ «հատկապես, երբ նրանց առարկությունները համոզեցին կառավարությանը հետ կանգնել 2021 թվականի վիճահարույց օրենսդրությունից, որը քրեականացնում էր վիրավորանքը»: Այնուամենայնիվ, Freedom House-ը գտնում է, որ Հայաստանում պահպանվում է իրավիճակի վատթարացման հավանականությունը, ինչի մասին վկայում են անցած օգոստոսին ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների ձերբակալությունները։ «Կախվածություն ունենալով ավտորիտար Ռուսասատանից, և թշնամական ու նույնքան ավտորիտար հարևան Ադրբեջանից պաշտպանվելու համար՝ Հայաստանի ժողովրդավարական նախագիծը բախվում է հզոր հակազդման»,- նշված է զեկույցում: Ըստ հրապարակման, «Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը վերջին տարիներին անշեղորեն կատարելագործել են իրենց ժողովրդավարական ինստիտուտները՝ առաջ շարժվելով քաղաքացիական ակտիվության և ընտրությունների ուղով: Նույնիսկ երբ ավտորիտար [ռեժիմների] ագրեսիան ու հնչեցրած բողոքը սպառնում էին նրանց անվտանգությանը, ժողովուրդը ու նրա կողմից ազատ կերպով ընտրված առաջնորդները պայքարում էին [իրենց երկրների] կառավարումը բարելավելու համար՝ սերտ համագործակցելով տեղի ՀԿ-ների և մասնագետների հետ»,- նշում է իրավապաշտպան կազմակերպությունը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:26 - 24 մայիսի, 2023
ԼՂ-ում հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև. Freedom House
 |armenpress.am|

ԼՂ-ում հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև. Freedom House |armenpress.am|

armenpress.am: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններին` ադրբեջանական ուժերը շարունակում են  շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և ավելացնելով աշխարհի ժողովրդավարական պետությունների կողմից հրատապ օգնության կարիքը: Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամին և խաղաղ բնակչության դեմ վայրագությունների կանխման անհրաժեշտությանն է անդրադառնում Freedom House իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածը: Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Լեռնային Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման»: Հոդվածում հանգամանորեն ներկայացվում են 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Բաքվի կողմից շարունակվող ոտնձգություններն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Հեղինակը հիշեցնում է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևող շրջափակումը, ինչպես նաև ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին, Բաքվի կողմից միջանցքում անցակետի տեղադրումը: Մանրամասն անդրադարձ է կատարվում նաև ռուսաստանցի խաղաղապահներին, որոնք տեղակայվել են շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Ըստ հոդվածի հեղինակի՝ 2022 թ.-ի փետրվարից Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմը նվազեցրել է Մոսկվայի հնարավորությունները՝ ազդելու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչն էլ Հայաստանի իշխանությունների և հասարակության քննադատությանն է արժանացել: Freedom House-ի կայքում հրապարակված հոդվածում նշվում է նաև Բաքվի կողմից միջազգային կառույցների ընդունած որոշումների անտեսման մասին: Ադրբեջանն անտեսում է միջազգային ատյանների պարտավորեցնող որոշումները. նույնը, հետևաբար, տեղի է ունենում չպարտավորեցնող բանաձևերի պարագայում: «Լեռնային Ղարաբաղում անմիջական ճգնաժամը մարդասիրական է, սակայն հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև, որը նախընտրում է սպանել կամ վտարել նրանց, քան ճանաչել նրանց հիմնարար իրավունքները: Մինչ աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերը համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի Ուկրաինա ներխուժմանը, նրանք չպետք է մոռանան, որ այլ, նմանատիպ անարդարություններ են ծավալվում այլուր՝ սպառնալով նվաճողական պատերազմների դեմ միջազգային արգելքին, որի պահպանման համար ուկրաինացիներն այնքան դժվար պայքար են ծավալել», - նշում է հոդվածի հեղինակը:  Ըստ հեղինակի՝ ժողովրդավարական պետությունները պետք է ազդեն միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի օգնեն կիրառել, օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ապահովելով, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը գործնականում ավարտվի:
15:46 - 15 մայիսի, 2023
Ինչու պետք չէ Freedom House-ի զեկույցում հնչող մտահոգություններին պատասխանել ԱլԳ զեկույցով

Ինչու պետք չէ Freedom House-ի զեկույցում հնչող մտահոգություններին պատասխանել ԱլԳ զեկույցով

Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ համեմատել է Freedom House-ի և Արևելյան գործընկերության (ԱլԳ) զեկույցները՝ նշելով, որ ըստ ԱլԳ զեկույցի՝ Հայաստանը մի քանի ուղղություններում գործընկերության երկրների շարքում բացարձակ առաջատար է։ Այս երկու զեկույցները, սակայն, ունեն մեթոդաբանական, ժամանակագրական և այլ տարբերություններ, և դրանց համեմատությունը մանիպուլյատիվ է։   Ինչ է ասել Փաշինյանը Մարտի 14-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը։ Լրագրողներից մեկն ասուլիսի ընթացքում մեջբերումներ արեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություն վերջին զեկույցից։ Նա, մասնավորապես, նշեց կառույցի արձանագրած մտահոգություններն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը կարող է լրտեսական ծրագրեր օգտագործած լինել լրագրողներին, այլախոհներին գաղտնալսելու համար, ինչպես նաև զեկույցից մեջբերեց այլ հատվածներ` դատական համակարգի, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու և այլնի մասին։  Իր պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ԱլԳ զեկույցին, նշեց․ «Ես էլ հակառակ վիճակագրությունը բերեմ, որ Արևելյան գործընկերության զեկույցների համաձայն՝ Հայաստանը բացարձակ առաջատար է ԱլԳ երկրների շարքում անկախ դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում, և այդպես շարունակ»։   Ինչպես են ստեղծվում նշված զեկույցները Նախ, հասկանանք, թե ինչ զեկույցների մասին է խոսքը, ինչ պարբերականությամբ են դրանք հրապարակվում, և ինչ մեթոդաբանությամբ է երկրների վարկանիշավորումն իրականացվում։ Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցը հրապարակվում է ամեն տարի։ Զեկույցով վարկանիշավորվում են և՛ պետությունները, և՛ առանձին տարածքներ։ Ամեն երկիր կամ տարածք յուրաքանչյուր ցուցանիշի համար ստանում է միավորներ՝ 0-4 բալային համակարգով։ Ցուցանիշներից 10-ը վերաբերում են քաղաքական իրավունքներին, 15-ը՝ քաղաքացիական ազատություններին։ Freedom House-ը նշում է, որ նախորդ տարվա զեկույցի միավորներն օգտագործվում են որպես ընթացիկ տարվա համար հիմք, և միավորները փոխվում են միայն այնպիսի զարգացումների դեպքում, որոնց արդյունքում տվյալ ոլորտում զգալի բարելավում կամ անկում է գրանցվել: Օրինակ՝ որևէ երկրում առաջին անգամ ազատ և արդար ընտրություններ են տեղի ունեցել, ինչը համարվում է բարելավում։ Արևելյան գործընկերության (ԱլԳ) զեկույցը հրապարակվում է մի քանի տարին մեկ։ Վերջին զեկույցն անդրադառնում է  2020-ից 2021-ի կեսերն ընկած ժամանակահատվածին։ ԱլԳ նախորդ զեկույցը հրապարակվել էր 2017-ին։  ԱլԳ-ն վարկանիշավորում իրականացվում է ըստ երեք հիմնական կատեգորիաների՝  Ժողովրդավարություն և լավ կառավարում, Քաղաքականության կոնվերգենցիա Եվրամիության հետ, Կայուն զարգացում։ Ստացվում է, որ բացի ժողովրդավարական զարգացումից՝ ԱլԳ-ն հաշվի է առնում նաև երկրների եվրոպական ինտեգրման գործընթացը։ Իսկ տարբեր կատեգորիաների համար երկրները գնահատվում են 0-1 բալային համակարգով (գնահատականները կարող են լինել, օրինակ, 0․20, 0․50 ևն)։   Ինչ են ասում զեկույցները Freedom House-ն իր զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նախ ներկայացնում է 2022-ի ամենակարևոր իրադարձությունները։ Դրանցից մեկը 2022-ին Ադրբեջանի հարձակումն է ՀՀ սուվերեն տարածքի վրա, մյուսը՝ լրտեսական ծրագրերի մասին հայտարարությունները։ Freedom House-ի գնահատման արդյունքներով Հայաստանն այս տարի հնարավոր 100-ից ստացել է 54 միավոր՝ նախորդ տարվա համեմատ 1 միավորով նահանջելով։ Այս 1 միավորը մեր երկիրը կորցրել է ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում, իսկ պատճառը 2022 թ․ սեպտեմբերյան պատերազմն է։ Այս միավորներով Հայաստանը շարունակում է համարվել մասամբ ազատ երկիր։ ԱլԳ զեկույցում նախ խոսվում է այն մասին, որ վերջին զեկույցը հրապարակվել էր 4 տարի առաջ, և դրանից հետո բավականին շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հաայստանի մասով նշվում է, որ մեր երկիրը գլխավորում է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը, ինչպես նաև հինգ  ասպեկտներով առաջատարն է (բոլոր կատեգորիաների գնահատականներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ)։ Քանի որ երկու կառույցների զեկույցներում էլ շատ են այն բաժինները կամ կատեգորիաները, որոնց համար երկրները գնահատվում են, անդրադառնանք միայն նրանց, որոնց մասին Փաշինյանը հիշատակեց իր խոսքում։   Խոսքի և կարծիքի ազատություն Freedom House-ի զեկույցի՝ կարծիք հայտնելու ազատությանը վերաբերող բաժնում Հայաստանը 4-ից 3 միավոր է ստացել։ Այս բաժնում կրկին հիշատակվում են Meta-ի և Citizen Lab-ի՝ 2021-ի վերջին, ինչպես նաև Google-ի՝ 2022-ին հրապարակած զեկույցները, որտեղ կասկածներ են հնչել, թե Հայաստանում այլախոհները գաղտնալսվում են: Իսկ որպես դրական փոփոխություն է նշվում Քրեական նոր օրենսգրքում ծանր վիրավորանքի մասին հոդվածը չներառելը։ ԱլԳ զեկույցում Հայաստանը «Կարծիքի և արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատություն» բաժնում 6 երկրներից առաջատարն է (0.84 միավոր)։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ԱլԳ զեկույցը վերաբերում է մինչև 2021-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածին, իսկ Freedom House-ի զեկույցում հիշատակվող հրապարակումները, որոնց վերաբերում են լրտեսական ծրագրերին, արվել են 2021-ի վերջին և 2022-ին։ Դրանք, փաստորեն, չէին կարող ազդել ԱլԳ վարկանիշավորման վրա։ Ժամանակային այս տարբերությունը վերաբերելի է նաև հաջորդիվ ներկայացվող կատեգորիաներին։ Կարևոր է նաև նշել, որ հավաքների ազատության համար  Freedom House-ն առանձին բաժին ունի, որտեղ Հայաստանը ստացել է 3 միավոր։ Այս բաժնում հիշատակվում է Անկախության օրվա միջոցառման ժամանակ տեղի ունեցած ակցիան, երբ ոստիկանությունը զոհված զինծառայողների հարազատներին բռնի բերման էր ենթարկել։   Դատական անկախ համակարգ Դատական անկախ համակարգի բաժնում Freedom House-ը Հայաստանին 1 միավոր է տվել։ Զեկույցում նշվում է, որ դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խարխլված են կոռուպցիայի պատճառով․ «Հաղորդումներ կան այն մասին, որ դատավորները ստիպված են համագործակցել դատախազների հետ՝ դատավճիռ կայացնելու համար, իսկ արդարացման դատավճիռները չափազանց փոքր թիվ են կազմում: Կառավարությունը 2019-ին հրապարակել է դատաիրավական համակարգի բարեփոխումների հնգամյա ռազմավարությունը, բարեփոխումները շարունակվել են իրականացվել 2022 թ․, թեև առաջընթացը դանդաղ է»։ Զեկույցում նաև հիշատակվում են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը և Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը։ «Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամների։ Նրանց թվում էր արդարադատության նախկին նախարարը, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում։ ԱլԳ զեկույցում Հայաստանը կրկին առաջատար է այս կատեգորայիում  (0.71 միավոր)։ «Դատական որոշումները մնում են խոցելի ներքին և արտաքին քաղաքական ճնշումների նկատմամբ ԱլԳ անդամ բոլոր երկրներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքականապես զգայուն և հնչեղ գործերին»,- գրել են զեկույցի հեղինակները՝ մատնանշելով, որ ի թիվս ԱլԳ մի շարք երկրների՝ Հայաստանում նույնպես արժանահավատ հաղորդումներ են եղել դատական համակարգում կոռուպցիայի մասին»։ Կոռուպցիայի դեմ պայքար Freedom House-ի զեկույցի այս բաժնում Հայաստանը ստացել է 2 միավոր։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում քաղաքական գործիչների, պետական ծառայողների և գործարարների միջև փոխհարաբերությունները պատմականորեն ազդել են քաղաքականության վրա և նպաստել օրենքի ընտրովի կիրառմանը․ «Բարձրաստիճան պետական պաշտոնյաների նկատմամբ հազվադեպ է հետաքննություն իրականացվում՝ չնայած նրանց պաշտոնը չարաշահելու ակնհայտ ապացույցներին: Թեև կառավարությունը հեղափոխությունից հետո փորձեց հետաքննել անցյալի սխալ արարքները և ուժեղացնել հակակոռուպցիոն մեխանիզմները, այդ միջոցառումներին զգալիորեն խանգարեցին 2020 թ․ պատերազմից հետո անվտանգային մարտահրավերները»։ Զեկույցում նաև հիշատակվում են Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելուց հետո հնչած մտահոգությունները, ինչպես նաև այն, որ Մարտիրոսյանի՝ «քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով» մի քանի վճիռներ չեղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ ԱլԳ զեկույցում Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում Հայաստանը կրկին առաջին տեղում է (0.88 միավոր)։ Զեկույցում, սակայն նշվում է․ «Չնայած Հայաստանն ամենաբարձր միավորն է ստացել, պետության հակակոռուպցիոն ջանքերում բացեր կան, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պրոֆեսիոնալ կադրերի պակասը։ Պարզվել է նաև, որ կառավարության՝ ակտիվները վերականգնելու և ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու փորձերը չեն արդարացրել հանրության սպասելիքները»:    Մարդու իրավունքների պաշտպանություն Այս մասով Freedom House-ի և ԱլԳ զեկույցները համեմատելի չեն, քանի որ Freedom House-ը չունի նման առանձին կատեգորիա․ այնտեղ բաժիններ կան ազգային, կրոնական փոխքարամասնությունների, կանանց, LGBT+ համայնքի ներկայացուցիչների իրավունքների մասին։ Իսկ Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, թե ըստ ԱլԳ զեկույցի՝ Հայաստանն այս ոլորտում առաջատարն է։ Զեկույցի «Մարդու իրավունքներ և խոշտանգումից պաշտպանության» կատեգորիայում Հայաստանը երրորդն է (0.82 միավոր) և զիջում է Ուկրաինային ու Մոլդովային։ Իհարկե, զեկույցում շեշտվում է, որ Հայաստանը 2017-ի համեմատ մեծ առաջընթաց է գրանցել այս մասով։ Նշվում է նաև, որ Բելառուսում և Ադրբեջանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների որոշումները չեն իրականացվում, և ակնհայտ խնդիրներ կան Հայաստանում ու Վրաստանում ևս։ Օրինակ, Հայաստանում, Բելառուսում և Վրասանում, ըստ զեկույցի, Մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին զեկուցելու հարցում ձգձգումներ են գրանցվել։   Զեկույցները համեմատելի չեն Ամփոփելով նշենք, որ այս երկու զեկույցները համեմատեը մանիպուլյատիվ է մի քանի պատճառներով․ Freedom House-ի զեկույցն ամփոփում է 2022 թվականը, և այնտեղ տեղ են գտել մի շարք իրադարձություններ, որոնք օբյեկտիվորեն չէին կարող հիշատակվել ԱլԳ զեկույցում, որը ներկայացնում է իրավիճակը՝ 2020-ից մինչև 2021-ի կեսեր։ ԱլԳ նախավերջին զեկույցը հրապարակվել էր 2017-ին՝ իշխանափոխությունից առաջ, և տրամաբանական է, որ 2021-ի դրությամբ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի կամ խոսքի ազատության ոլորտներում պիտի առաջընթաց ունենար, մինչդեռ Freedom House-ի զեկույցը տարեկան է և ներկայացնում է, թե ինչպես է փոխվել իրավիճակը նախորդ տարվա համեմատ։   Աննա Սահակյան
17:16 - 20 մարտի, 2023
«Անհեթեթ տեղեկություն է․ սխալվել է Freedom House-ը»․ Փաշինյանը՝ կազմակերպության զեկույցի մասին

«Անհեթեթ տեղեկություն է․ սխալվել է Freedom House-ը»․ Փաշինյանը՝ կազմակերպության զեկույցի մասին

Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողն անդրադարձավ Freedom House իրավապաշտպան կազմակերպության արձանագրած մտահոգություններին ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող, մանսավորապես, որ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին գաղտնալսելու համար։ «Փաստորեն սրա՞նք էին ձեր իշխանության կողմից խոստացած ժողովրդավարական արժեքները, որով գալիս էիք իշխանության»,- հարցրեց լրագրողը։ «Էդ էնքան անհեթեթ տեղեկություն ա։ Սխալվել ա Freedom House-ը»,- պատասխանեց Փաշինյանը։ Լրագրողն այլ արձանագրումներ էլ կարդաց, որոնք վերաբերում էին բիզնեսը քաղաքականությունից տարանջատելուն, եւ այլն։ «Ինչ վերաբերում է գաղտանլսումներին, հետապնդումներին՝ ես հիշում եմ, որ տենց մմի շրջան կար, ընդդիմադիրներն ինչ-որ sms-ներ էին հրապարակում՝ ասելով, որ իշխանությունը մեր դեմ չգիտեմ ինչ ծրագիր ա օգագործում։ Ես ուղղակի հարկ չհամարեցի, որ իմ եւ իմ ընտանիքի անդամների հեռախոսների սքրինշոթերը հրապարակեմ, որ էդ նույն sms-ներից ստացել ենք նաեւ մենք։ Իսկ ինչ վերաբերում ա զեկույցներին․ մենք նաեւ որոշակի քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել, եւ այն պետք ա կրենք մինչեւ վերջ։ Եթե դուք հիմա ասեք, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ես դա կհամարեմ փաստ։ Դուք ասում եք կուսակցության նախկին անդամն ա էնտեղ գործուղվել, նա գործուղվել ա էնտեղ (ԿԸՀ)՝ որպես երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում ա դատական համակարգին, Փաշինյանն ասաց․ «Մեզ ինչ էինք անում, ասում էիք՝ բա դուք բարեփոխումներ էիք խոստանում դատական համակարգում, բա ինչի չեղավ, հենց որ մենք չորս տարի չարչարվում ենք եւ շարունակելու ենք չարչարվել, որ Հայաստանում իրոք անկախ դատական համակարգ կլինի, ասում եք՝ ձեր նախկին կուսակցականը․․․ Բա ո՞ւմ նախկին կուսակցականը լինի։ Մենք 2018-ից էդ գիծն ենք տանում, որ դատական համակարգը պետք ա լինի անկախ, եւ շարունակում ենք էդ գիծը տանել։ Ես էլ հակառակ վիճակագրությունը բերեմ, որ Արեւելյան գործընկերության զեկույցների համաձայն Հայաստանը բացարձակ առաջատար է ԱԼԳ երկրների շարքում՝ անկախ դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում, եւ այդպես շարունակ։
14:31 - 14 մարտի, 2023
Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House

 |aravot.am|

Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House |aravot.am|

aravot.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որում Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով և 54 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր: Մասնավորապես, Հայաստանը միավոր է կորցրել ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում` պայմանավորված 2022թ․ սեպտեմբերյան պատերազմով: Տարածաշրջանի երկրներից առավել բարձր միավոր ունի Վրաստանը` 58 միավոր (մասամբ ազատ), որն անցյալ տարվա համեմատությամբ փոփոխություն չի կրել: Ադրբեջանը նույնպես, ինչպես և նախորդ տարի, 9 միավորով շարունակում է մնալ ոչ ազատ երկիր: Ռուսաստանը 16 միավորով նույնպես անազատ երկրների շարքում է (նախորդ տարի՝ 19 միավոր): Ուշագրավ է, որ Ուկրաինան դիրքերը զիջել է 11 հորիզոնականով և 50 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր: Զեկույցում՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական զինուժը մտել է հայկական տարածք, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր։ Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 20 զինվոր գերի է ընկել։ «Պաշտոնական զեկույցները ներառում են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Հարձակման թիրախ են դարձել նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը, որտեղ պատճառվել է զգալի վնաս, և տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։ Թեև ակտիվ ռազմական գործողությունները տևել են երկու օր, դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է»,- ասվում է զեկույցում։ Դրանում նաև նշվում է, որ սեպտեմբերյան սրումից հետ արձանագրվել են արոտավայրերի և դաշտերի այրման, ինչպես նաև կենդանիների գողության բազմաթիվ դեպքեր: Զեկույցի՝ հակակոռուպցիոն մեխանիզմների մասին բաժնում ասվում է, որ ՀՀԿ վերնախավի և նրա դաշնակիցների դեմ ուղղված կոռուպցիոն հետաքննությունները մտահոգություններ են առաջացրել երկրի դատական և հետաքննական մեխանիզմների՝ օրենքի արդար կիրառումն ապահովելու կարողության վերաբերյալ: Զեկույցը հիշատակում է, որ 2022թ. հուլիսին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնակատարը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ձայնագրություն, որտեղ նա սպառնում էր ԲԴԽ այն ժամանակվա ղեկավարին, եթե վերջինս հրաժարական չտա։ «Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամներ, այդ թվում արդարադատության նախկին նախարարին, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում: Ավելի մանրամասն` aravot.am-ում։  
10:59 - 09 մարտի, 2023