Արցախի շրջափակման ընթացքում վիժումների թիվը գրեթե եռապատկվել է․ զեկույց
14:26 - 01 հուլիսի, 2024

Արցախի շրջափակման ընթացքում վիժումների թիվը գրեթե եռապատկվել է․ զեկույց

Մենք չպետք է Լաչինի միջանցքի շրջափակումը դիտարկենք որպես առանձին դրվագ եւ դրանով պայմանավորված՝ իրավունքների խախտումները՝ դրանով պայմանավորված հետեւանք, այլ իրականում տեսնում ենք, որ սա շատ համակարգված, պլանավորված, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության ուղղակի մի բաղադրիչն է եղել, որը զուգորդված է եղել մի շարք այլ գործողություններով՝ միոտւմնավոր իրականացվող եւ պլանավորված, եւ հանգեցրել է այն հետեւանքներին, որոնք ուենցանք։ Այս մասին Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ընթացքում «Freedom House»-ի «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով փաստահավաք առաքելության հետեւությունը հանգում է նրան, որ այս բոլոր գործողությունները՝ ԼՂ-ն Հայաստանի եւ արտաքին աշխարհին կապող ճանապարհի շրջափակման եւ այլն, միտված են եղել հայ բնակչության հայաթափմանը, վտարմանը, պտամական եւ մշակութային ներկայության վերացմանը։

«Շրջափակումը, հայ բնակչությանը սովի մատնելը, կենսապայմաններից, դեղորայքից զրկելը զուգորդված էր մի շարք այլ առանցքային գործողություններով, որոնք նորից ուղղված էին նույն նպատակի իրագործմանը։ Մենք տեսնում ենք համակարգված գործողություններ՝ ուղղված խաղաղ բնակչության պարբերական հարձակումների, ահաբեկումների, սպանությունների, գյուղատնտեսական աշխատանքների խաթարման, բռնի տեղահանման գործողությունների։

Հայ բնակչությանն ահաբեկելու եւ կենսապայմաններից զրկելու գործողությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շրջափակումը։ 2020-ի պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարության հաստատումից ի վեր ականատես ենք եղել բազմաթիվ դրվագների՝ սպանություններ, բնակավայրերի, խաղաղ բնակչության թիրախավորում, ապատեղեկատվության, խուճապի տարածում»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ փաստահավաք առաքելության հետ սահմանակից համայնքների բնակիչների հետ ունեցած հարցազրույցները ցույց են տալիս, Ադրբեջանի զինծառայողների կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ հետեւողական գործողություններ են իրականացվել, օրինաչափություններ են նկատվել, որոնք նորից ուղղված են եղել խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումների եւ այլն․ «Բլոկադայի ժամանակ արձանագրվել են դեպքեր, երբ մեծահասակները հրաժարվել են սննդից՝ երեխաների համար խնայելու համար։ Օրինակ՝ Վանքի բնակիչներից մեկը փաստահավաք առաքելությանը հայտնել է, որ 2 ամիս շարունակ հաց չեն կերել՝ երեխաներին թողնելու համար։ Իրավիճակը հատկապես ծանր էր խոցելի խմբերում գտնվողների համար՝ տարեցնել, հղիներ, հաշմանդամություն ունեցողներ, երեխաներ, առողջական խնդիրներ ունեցող անձինք։ 

Շրջափակման ընթացքում վիժումների թիվը գրեթե եռապատկվել է, հղիների շրջանում սակավարյունության մակարդակը հասել է 90 տոկոսի, ուշագնացության դեպքերը 91 տոկոսով աճել են, փաստահավաք առաքելությանը Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի բժիշկը հայտնել է, որ շրջափակման ընթացքում կտրուկ ավելացել են վաղաժամ ծննդաբերության դեպքերը»։

Նա մանրամասնեց նաև, որ ավելի քան 9 ամիս տեւած շրջափակման արդյունքում շուրջ 120 հազար մարդ զրկվել է կենսական պայմաններից, մատնվել սովի, ենթարկվել հիմնարար իրավունքների խախտումների․ նրանցից 2000-ը հղի կանայք էին, 30 հազարը՝ երեխաներ, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, 20 հազարը՝ տարեցներ։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ ծրագրի համակարգող Աննա Մելիքյանը նշեց, որ հարկադրանքի միջոցները, որոնք համակցությամբ հանգեցրին բռնի տեղահանմանը, չեն սկսվել շրջափակման ժամանակ․ «Մենք դիտարկել եւ սկսել ենք ուսումնասիրել Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների խոսքը, քաղաքականությունը, զլմ հրապարակումները, տարիներով հետ ենք գնացել եւ տեսել՝ ինչպես է զարգացել այդ խոսույթը, եւ ակնհայտորեն երեւում են պլանավորված գործողությունները, եւ ռազմական գործողություններն ու շրջափակումը դրանց միայն կուլմինացիան էին»։

Այդ պլանը, նրա խոսքով, լավագույնս նկարագրում էր մի տեսանյութ, որի անվանումը՝ «Անգամ վայրի կատվին հնարավոր է ընտելացնել», որը պատրաստվել է Ադրբեջանի իշխանություններից մոտ կանգնած Caliber ալիքի կողմից, բոլոր շեշտադրումներով նախազգուշացվում էր, թե ինչ կարելի է սպասել։ Տեսանյութում հստակ ասվում է, որ շրջափակումը միտված էր հայերին ստորացնելու, իրենց իրավունքների շրջանակը նեղացնելուն, արտաքին աշխարհի հետ կապը փակելով՝ նրանց դրդելու ոչ միայն ընդունել [Ադրբեջանի] իշխանությունը, «ռեինտեգրվել», ցույց տալ իրենց տեղը եւ որ իրենց իրավունքներից շատ չխոսենք։ Այն վկայությունները, որ հավաքագրեցինք, այդ որոշ դեպքերում դանդաղ, որոշ դեպքերում դանդաղ գործողությունները հասել են իրենց նպատակին։

«Մենք արդեն կարողանում ենք այն գնահատականը տալ, որ էթնիկ զտումներ են եղել, եղել են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք կատարվել են բլոկադայի ընթացքում։ Սեպտեմբերի 19-ին էլ, երբ մարդիկ կարողանում էին դուրս գալ։ Ռմբակոծությունները, հարձակումները, վախի մթնոլորտը, ատելության խոսքի տարրերը միավորելով՝ տեսնում ենք, որ մարդիկ իրենց անվտանգ չէին զգում։ Ես բազմիցս եղել եմ Ադրբեջանում, շփվել պաշտոնյաների հետ եւ ամեն անգամ սարսափել այն լեզվի կիրառումից եւ տհաճ կատակներից [հայերի մասին], եւ չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարող է դա այսքան արմատացած լինել, եւ հասկանում եմ, որ միայն կրթությունը, միայն գրքերի զրոյից ջնջել-գրելը կարող է օգնել»,- եզրափակեց Մելիքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել