Ներկայացվել է «Freedom House»-ի «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը
13:25 - 01 հուլիսի, 2024

Ներկայացվել է «Freedom House»-ի «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը

Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը։

Ֆորումի ընթացքում առաջին անգամ ներկայացվում է «Freedom House»-ի զեկույցը՝ «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով, որ պատրաստվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։

Պանելային քննարկման ժամանակ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամից Արփի Հարությունյանը հայտնեց, որ մշակել են մեթոդաբանություն, վերապատրաստումներ են արել փաստահավաք առաքելության համար,  մի շարք հարցազրույցներ են արել տեղահանվածների, տուժողների հետ։

«Ավելի քան 330 հարցազրույցներ են իրականացվել, հաշվի են առնվել տարիք, սեռ, ԼՂ-ում բնակության վայր, փորձառություն՝ փորձելով հնարավորինս լայն սեգմենտ ծածկել։ Ինչպես նաև բաց աղբյուրների ուսումնասիրություն է իրականացվել, վերլուծություն՝ սոցցանցեր, մեդիա, արբանյակային պատկերներ և այլն։

Երկարատև ուսումնասիրություններից հետո նկատեցինք որոշակի օրինաչափություններ, որոնք բնութագրում էին Ադրբեջանի գործողությունները, դրանց վերլուծությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի գործողություններում եղել է հստակ նպատակ և դիտավորություն։ Օրինակ ԼՂ հայ բնակչությանը անընդհատ վախի և ահաբեկման մթնոլորտում պահելը, դա կարմիր թելի պես անցնում էր մեր բոլոր հարցազրույցներում։ Հարցազրույցներ ունենք, որ մարդիկ ասում էին, որ իրենց եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր, բայց չէին կարողանում դրանով զբաղվել, որովհետև իրենց վրա անընդհատ կար վտանգ, որ Ադրբեջանը կարող է կրակ բացել, և նման դեպքեր եղել են, կամ կրակ են բացել փչացած գազախողովակի վրա աշխատող մարդու վրա»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով վախի մթնոլորտը սնվում էր նաև մեդիատեռորով, որ 2020-ից ի վեր համակարգված ձևով իրականացվում էր Ադրբեջանի կողմից․ «Դրանք բազմաթիվ դրսևորումներ ունեին՝ սկսած 2020-ի ահասարսուռ հանցագործությունների մասին տեսանյութերից։ Դրանք պարբերաբար դուրս էին բերվում մեդիադաշտ՝ ահաբեկման նպատակով»։

Արփի Հարությունյանն ասաց, որ այս մթնոլորտը սնվում էր նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պարբերական հայատյաց ելույթներով, հայատյացություն քարոզող հռետորաբանությամբ՝ ընդհուպ երկրի ղեկավարի մակարդակով․ Ամեն ինչ ավելի սրվեց բլոկադայի ընթացքում՝ ուղեկցվելով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով՝ սկսած առողջության պահպանման, կյանքի իրավունքից, մինչև տարրական կենսապայմանների իրավունք, որոնք ոտնահարվում էին, սա խորացավ հետագայում հարձակման ընթացքում, տեղահանության ընթացքում»։

Ուսումնասիրելով այս գործողությունները մեկ միասնական շղթայի մեջ հավաքել են բավարար ապացույցներ՝ ցույց տալու և պնդելու, որ ոչ միայն Ադրբեջանի կողմից հայերի տեղահանումը եղել է բռնի և բռնությամբ՝ ուղեկցվելով մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներով, այլև հետապնդել է կոնկրետ նպատակ՝ այնպիսի իրավիճակ ստեղծել ԼՂ-ում, որ հնարավոր չդարձնի ԼՂ հայերի գոյատևոմն այնտեղ առհասարկ։

«Այս հանգամանքներն ուսումնասիրելով, համադրելով անձնական փորձառությունների հետ՝ կարողացանք վստահորեն հանգել այն եզրակացության, որ տեղի է ունեցել ԼՂ-ից հայ բնակչության էթնիկ զտում՝ հայկական էթնիկ մշակութային հետքի մաքրման նպատակով»,- եզրափակեց Արփի Հարությունյանը։4

Լուսանկարը՝ սեպտեմբեր, 2023 թվական/ Արցախի բնակչության բռնի տեղահանում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել