«Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» ուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Նախագահը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։ 

Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդ՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, Ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան)։

«Հայրենիք» կուսակցությունը գործում է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։

2021թ․ ՀՀԿ-ի հետ կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքն անցել է 8-րդ գումարման խորհրդարան, որտեղ կունենա 7 պատգամավոր։

 

Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը ՀՀ անվտանգային ճարտարապետության վերականգնման և դրա հզորացման կարևորագույն ու անքակտ բաղադրիչ է․ «Հայրենիք» կուսակցություն

Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը ՀՀ անվտանգային ճարտարապետության վերականգնման և դրա հզորացման կարևորագույն ու անքակտ բաղադրիչ է․ «Հայրենիք» կուսակցություն

Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանն արձագանքել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը։ Հայտարարության մեջ ասված է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ս.թ. հոկտեմբերի 30-ին տարածած հայտարարությունը հայկական երկու պետությունների և մեր ազգի երկարաժամկետ անվտանգության ապահովման տեսանկյունից ունի չափազանց կարևոր նշանակություն։ Հաշվի առնելով, որ հայտարարության մեջ արտահայտված է Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ Արցախի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը, այսինքն, ըստ էության, Արցախի Հանրապետության ամբողջ ժողովրդի ներկայացուցչական մարմնի միահամուռ կարծիքը,  միջազգային հանրության անդամ բոլոր դերակատարները Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը միտված իրենց միջնորդական առաքելությունն իրականացնելիս պետք է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համար որպես ելակետներ ընդունեն՝ • Ադրբեջանական Հանրապետության կազմում որևէ ձևով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի գոյության անհնարինությունը՝ հաշվի առնելով Բաքվի վարչախմբի բռնապետական մարդատյաց և ցեղասպան բնույթը, • Արցախի Հանրապետության ժողովրդի Ադրբեջանական Հանրապետության կազմից դուրս ինքնորոշման արդեն իսկ իրացված անքակտելի իրավունքի ճանաչումը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր արցախցիները հոկտեմբերի 30-ի հայտարարությանը հաղորդել են բացառիկ լեգիտիմություն և ժողովրդականություն, ինչի արդյունքում և հայտարարության տեքստին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն իրավունք չունի և չի կարող ունենալ հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու և Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշման միջազգային ճանաչման համար պայքարելու համահայկական առաքելությունից։ «Հայրենիք» կուսակցությունը, վերահաստատելով իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման մեջ ամրագրված սկզբունքներին և դրանք համարելով համահայկական գերակա ու անանց արժեքներ, հայտարարում է՝ •Մենք շարունակելու ենք անզիջում պայքարն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման և նրա անվտանգության լիարժեք վերականգման ուղղությամբ, որի ապահովման առանցքային դերակատարը դաշնակից և բարեկամ պետությունների աջակցությամբ պետք է կրկին դառնա Հայաստանի Հանրապետությունը, •Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության վերականգնման և դրա հզորացման կարևորագույն ու անքակտ բաղադրիչ է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածների համար գոյութենաբանական և նաև պատվի խնդիր, ուստի վեր է կուսակցական կամ քաղաքական դաշտում առկա ցանկացած տարբերությունից, ինչի գիտակցումն էլ բոլոր առողջ ազգային ուժերին պետք է մղի հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության և հետագա հզոր գոյության վերկուսակցական սկզբունքային պայքարի»։  
15:09 - 31 հոկտեմբերի, 2022
Մեր ազգի առջև ծառացած լրջագույն սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա, իսկ տոնը դեռ կնշենք, երբ հասնենք մեր նպատակներին․ Արթուր Վանեցյան

Մեր ազգի առջև ծառացած լրջագույն սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա, իսկ տոնը դեռ կնշենք, երբ հասնենք մեր նպատակներին․ Արթուր Վանեցյան

Հայաստանի Անկախության տոնի առթիվ գրառում է արել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,Այսօր Հայաստանի Հանրապետության և մեր ազգի համար նշանակալի օր է՝ Հայաստանի Անկախության տոնն է։ Բնական է, սակայն, որ մեր պետության և ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա և չի կարող լինել։ Այժմ մեր հիմնական մտածումը Հայրենիքի պաշտպանությունն է՝ ագրեսիա և բռնազավթում իրականացրած թշնամուց, և մեր պետական կառուցակարգերը տարերային և ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանքով խարխլած օրվա իշխանություններից։ Հետևաբար խոնարհվելով մեր երկրի անկախության համար մղած պայքարում իրենց կյանքը տված նահատակների սուրբ հիշատակի առջև, հենց այսօր պետք է ուխտենք, որ թշնամուն դուրս պետք է մղենք մեր Հայրենիքի տարածքից և սկսենք կառուցել մեր ու մեր նախնիների երազած հզոր և անվտանգ Հայաստանը։ Իսկ տոնը դեռ կնշենք, կնշենք, երբ հասնենք մեր վերոնշյալ նպատակներին»։
15:02 - 21 սեպտեմբերի, 2022
Արթուր Վանեցյանի գործարար հորեղբորորդին խոշոր ընկերություն է գնել Ռուսաստանում |civilnet.am|

Արթուր Վանեցյանի գործարար հորեղբորորդին խոշոր ընկերություն է գնել Ռուսաստանում |civilnet.am|

civilnet.am: Ամերիկյան Bunge ագրոարդյունաբերական ընկերությունը Ռուսաստանում իր ակտիվները վաճառել է գործարար Կարեն Վանեցյանին՝ Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբորորդուն։ Այդ մասին հայտարարել է Bunge ընկերությունը։ Bunge-ն հիմնադրվել է երկու դար առաջ Ամստերդամում, իսկ այժմ գործունեություն է ծավալում ավելի քան 40 երկրներում։ Ընկերությունը զբաղվում է գյուղմթերքի զանգվածային արտադրությամբ, ունի սոյայի, ձեթի, մարգարինի, բրնձի, ընդեղենի, ալյուրի, մսամթերքի արտադրություն։ Բացի այդ, Bunge-ն կազմակերպում է գյուղմթերքի տրանսպորտային տեղափոխումը, ունի իր հետ համագործակցող ֆերմերների խոշոր ու կայուն շրջանակ։ 2021-ին ընկերության զուտ եկամուտը գերազանցել է 2 մլրդ դոլարը, աշխատակիցների թիվը մոտ 23 000 է։ Bunge-ին են պատկանում մի քանի տասնյակ հայտնի բրենդեր, Ռուսաստանում ընկերությունը հայտնի է իր «Օլեյնա», «Մասլենիցա», «Սեմյոնովնա», «Իդեալ», Golden drop բուսական յուղերի ու ձիթայուղերի արտադրությամբ։ Կարեն Վանեցյանը ձեռք է բերել Bunge-ի հենց ռուսաստանյան բիզնեսը։ Bunge-ն Ռուսաստան մուտք է գործել 2004-ին և անմիջապես դարձել բուսական յուղի արտադրության հսկաներից։ 2020-ի տվյալներով՝ ընկերությանն է պատկանում ռուսական բուսական յուղի շուկայի 10,3 տոկոսը։ Ընկերությունը Վորոնեժի մարզում 2008-ին շահագործման է հանձնել բուսայուղի արտադրությունը կազմակերպող հզոր գործարան, որը թույլ է տալիս տարեկան 200 միլիոն շիշ ձեթ արտադրել։ Կարեն Վանեցյանը ագրոարդյունաբերության ոլորտում ունի մեկ այլ ընկերություն՝ Exoil Group-ը, որը գործունեություն է իրականացնում Ուկրաինայում՝ դարձյալ բուսական յուղի շուկայում, զբաղվում է նաև հացահատիկի վերամշակմամբ։ Այս ընկերության բաժնետերերից ու տնօրենների խորհրդի անդամներից մեկն էլ Միխայիլ Զուրաբովն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոսի բաժնետերը։ Ռուսական Bunge-ի վաճառքի մասին սկսել էր խոսվել դեռ այս տարվա հունիսի վերջին՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների համատեքստում։ Bunge-ի վաճառքի գործարքի գինը չի հրապարակվում, գործարքը վերջնական ձևակերպվելու է ռուսական կարգավորող մարմինների ընթացակարգերն անցնելուց հետո։
16:41 - 20 սեպտեմբերի, 2022
Բաքվի հերթական ագրեսիան պիտի ստանա համապատասխան միջազգային արձագանք․ Արթուր Վանեցյան

Բաքվի հերթական ագրեսիան պիտի ստանա համապատասխան միջազգային արձագանք․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր մենք բոլորս հերթական անգամ հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Բոլորիս մտքերը սահմանին կանգնած մեր տղաների հետ են, ովքեր անձնվիրաբար իրականացնում են հայրենիքի պաշտպանության իրենց սուրբ առաքելությունը: Խոնարհումս՝ մեր ընկած զինվորների հիշատակին, համբերություն նրանց ընտանիքներին ու հարազատներին, ապաքինում բոլոր վիրավորներին: Այսօրվա իրավիճակը, ցավոք, կանխատեսելի էր: Կարո՞ղ էինք խուսափել սրանից՝ իհա՛րկե: Եվ բազմիցս ու շատ հստակ նշել ենք շարունակվող ողբերգությունը կանգնեցնելու միակ ուղին: Սրա հետ կապված ասելիք շատ կա, բայց այսօր այդ ամենի օրն ու ժամը չէ: 2020թ. 44-օրյա պատերազմի սանձազերծման և պատերազմական հանցագործությունների համար համարժեք արձագանքի չարժանացած Ադրբեջանը հերթական ագրեսիային է դիմել՝ հարձակվելով ՀՀ սուվերեն տարածքի վրա: Կեսգիշերից հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու հարձակման և հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված լարված իրավիճակի պատճառները մի քանիսն են: Եվ, իհարկե, այդ ամենում զգալի դեր ունի միջազգային հանրության հասցեական գնահատականի բացակայությունը: Բաքվի հերթական ագրեսիան, որն այս անգամ ՄԱԿ-ի անդամ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ է իրականացվում, պիտի ստանա համապատասխան միջազգային արձագանք՝ • Ռուսաստանի Դաշնության կողմից, որը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է՝ 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով առկա երկկողմ պարտավորություններով ու համապատասխան գործիքակազմով: ՌԴ-ն նաև 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության միջնորդն ու երաշխավորն է, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող երկիր, • ՀԱՊԿ-ի կողմից, որի լիարժեք անդամ է Հայաստանի Հանրապետությունը և որն ունի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում հստակ պարտավորություններ՝ հաշվի առնելով, այդ թվում, ՀՀ պաշտոնական դիմումը, • ԵԱՀԿ-ի կողմից՝ որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով մասնագիտակցված կառույցի, որի ներքո է ձևավորվել նաև արցախյան կարգավորման գործընթացում 1992թ. միջնորդական հիմնական ձևաչափ հանդիսացող մարմինը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, • ՄԱԿ-ի կողմից՝ որպես միջազգային իրավակարգի պահպանման պատասխանատու կառույցի: Կարևոր է գիտակցել, որ այսօր ստեղծված իրավիճակում վերոնշյալ պետությունների ու կառույցների, նաև միջազգային հանրության մյուս անդամների արձագանքի բացակայությունը, հապաղումը, հասցեական կամ հստակ չլինելը, անկախ դրանց պատճառներից, մեծացնելու է ամենաթողության մթնոլորտը Բաքվում՝ հնարավորություն տալով նոր սադրանքների ու ապօրինությունների: Հետևաբար, այսօրվա լռության պարագայում վաղվա Ադրբեջանի կեցվածքի ու քայլերի պատասխանատուն են դառնալու նաև վերոնշյալ դերակատարները»,- գրել է նա։
18:14 - 13 սեպտեմբերի, 2022
Արթուր Վանեցյանը մանդատը վայր է դնում

Արթուր Վանեցյանը մանդատը վայր է դնում

 «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը տարածել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որում նշվում է, որ Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Հայտարարությունը՝ ստորև․    «Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։   «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։   Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի։   Հարգելի՛ հայրենակիցներ,   2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և արդյունքում պատգամավորական մանդատ վերցնելու շարժառիթները շատ հստակ էին։ Ես մշտապես հայտարարել եմ, որ մենք ամեն ջանք գործադրելու ենք՝ մեր երկրին համերաշխություն բերելու, անվտանգ Հայաստան և Արցախ ունենալու և մեր քաղաքացիների կյանքի որակն էապես բարձրացնելու համար։   Անշուշտ, այդ ամենին, ինչպես նաև իմ՝ պատգամավորական գործունեության այս տասնմեկ ամիսների գործունեությանը անդրադառնալու ժամանակ դեռ կունենանք։ Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։   Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։
13:25 - 21 հունիսի, 2022
Լրագրողների նկատմամբ ատելության խոսքը և բռնության դեպքերը հրահանգվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. «Հայրենիք»

Լրագրողների նկատմամբ ատելության խոսքը և բռնության դեպքերը հրահանգվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. «Հայրենիք»

Մայիսի 2-ին Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում մեկնարկած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները Հայաստանում արդեն բռնի միջոցներով իշխանությունն իր ձեռքերում պահող վարչախմբի կողմից արժանացել են աննախադեպ բիրտ և անհամաչափ ուժի կիրառության, որը դրա հոգեվարքի անհերքելի ապացույցներից է։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում «նշաձող իջեցնելու» պատրաստ այս վարչախումբը բարձրացրել է սեփական քաղաքացիների դեմ բռնաճնշումների նշաձողն՝ ապօրինի միջոցներով բերման ենթարկելով խաղաղ եղանակներով իրենց արդարացի բողոքն արտահայտող հարյուրավոր քաղաքացիների՝ այդ թվում «Հայրենիք» կուսակցության տասնյակ անդամների։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի խաղաղ ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքը և բռնության դեպքերը, որոնք հրահանգվել և իրականացվել են պետական բարձր պաշտոններ զբաղեցնող առանձին անձանց կողմից։ Այս կապակցությամբ «Հայրենիք» կուսակցությունը, խստորեն դատապարտելով և անթույլատրելի համարելով Հայաստանում դեռևս իշխանություն հանդիսացող վարչախմբի անօրինական գործողությունները, հայտարարում է՝ 1․ իշխանությունների և դրանց սպասարկու ուժային կառույցների գործողությունները, որոնք փաստագրվել են նաև մի շարք լրատվամիջոցների կողմից, պետք է արժանանան պատկան մարմինների անհապաղ ու հստակ իրավական գնահատականի և դրանից բխող իրավական գործընթացների, 2․ միջազգային հանրության ներկայացուցիչների և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում իշխանությունների կողմից քաղաքացիների անքակտելի իրավունքների տարրական նորմերի բազմաթիվ խախտումների վրա՝ ակնկալելով միանշանակ գնահատական և արձագանք,  3․ հորդորում և պահանջում ենք ուժային կառույցներից զերծ մնալ վարչախմբի ապօրինի հրահանգները կատարելուց և գործել բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում՝ ապահովելու բողոքի խաղաղ գործողություններ իրականացնելու մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքը, 4․ համաժողովրդական և արդեն իսկ ազգային-ազատագրական բնույթ ստացած մեր պայքարն անկասելի է ու աննահանջ, և մենք անպայման հաջողելու ենք»։  
16:15 - 02 մայիսի, 2022
Ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական երթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին. Արթուր Վանեցյան
 |tert.am|

Ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական երթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին. Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Պայքարի հերթական օրն է, այսօր ավելի շատ մարդ կա մեզ հետ: Այս մասին Ազատության հրապարակից մեկնարկող երթից առաջ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վանեցյանը նշեց՝ այս շարժումը մեր բոլորինն է, բոլոր այն մարդկանցը, ով սիրում է Հայաստանը և Արցախը։ Վանեցյանը ընդգծեց՝ խաղաղություն են բերելու երկրին և ժողովրդին։ «Երբ ասում են՝ ընդդիմությունն իր գործողություններով բերելու է քաղաքացիական բախումների, հիմա պաշտոնապես ասում եմ, որ ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Եթե մի հոգու քթից արյուն եկավ, ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է, որովհետև մենք խաղաղ իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները»,- ասաց նա: Նա հայտնեց, որ ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական երթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին։
20:30 - 29 ապրիլի, 2022
Առաջիկայում մեկնարկելու է պայքարի հաջորդ փուլը. կասենք, թե ինչ ենք անելու իշխանափոխությունից հետո. Վանեցյան |news.am|

Առաջիկայում մեկնարկելու է պայքարի հաջորդ փուլը. կասենք, թե ինչ ենք անելու իշխանափոխությունից հետո. Վանեցյան |news.am|

news.am: Մենք դեռևս չենք անցել վճռական փուլին, ամեն ինչ դեռ առջևում է, շարժումը թափ է առնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ մարդկանց հոսքը, հետաքրքրվածությունը պայքարի նկատմամբ օր օրի մեծանում է։ «Սկզբում կար վախի մթնոլորտ։ Մարդիկ վախենում էին թիրախավորվել թե սոցիալական ցանցերում, թե աշխատավայրում, թե ինչ-որ խմբերի կողմից։ Բայց ժողովուրդն արդեն իր որոշումը կայացրել է, մնում է՝ ճիշտ փաթեթավորենք ու ավարտին հասցնենք պայքարը»,-ասաց նա։ Ազատության հրապարակ եկած շատ մարդիկ, ըստ Վանեցյանի, խոսում են սոցիալական խնդիրների մասին, ակնկալում դրանց լուծում։ «Այս իշխանությունները որևէ ուղղությամբ չեն հաջողել, բոլոր ուղղություններով ձախողել են։ Մարդիկ ասում են, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով, որ ժողովուրդը պետք է լավ ապրի, մինչդեռ հանձնեց Արցախը, խարխլեց անվտանգային համակարգը, եղավ տարածքների կորուստ, ու այդքանի հետ լավ չեն ապրում։ Մարդիկ հասկանում են, որ առանց անվտագային երկարաժամկետ երաշխիքների չեն կարող լավ ապրել»,-ասաց նա։ Նա ասաց, թե առաջիկայում մեկնարկելու է իրենց պայքարի հաջորդ փուլը, հենց այդ փուլում էլ խոսելու են այն մասին, թե ինչ ծրագրեր ունեն ու կասեն, թե ինչ են անելու իշխանափոխությունից հետո։ Վանեցյանը վստահ է ՝ ոստիկանության ծառայողների մի մասն ուղղակի ստիպված է կատարում «իշխանությունների ապօրինի հրամանները»։      
15:36 - 27 ապրիլի, 2022
Բաքվի 5-կետանոց առաջարկը Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է․ Վանեցյան |azatutyun.am|

Բաքվի 5-կետանոց առաջարկը Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է․ Վանեցյան |azatutyun.am|

azatutyun.am: Առաջին խնդիրը եղածը պահպանելն է ու նոր զիջումների չգնալը, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն, ով արդեն 10 օր է նստացույց է անում Ազատության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Վանեցյանի համոզմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց առաջարկը Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Վանեցյանի հետ հարցազրույցից մի հատված նհերկայացնում ենք ստորև․ Վանեցյան․ - Դուք լսե՞լ եք իմ շուրթերից երբևիցե, որ ես ասեմ՝ Շուշին ու Հադրութը հետ կբերենք։ «Ազատություն»․ - Ընդդիմության շուրթերից ամեն օր էլ հնչում է։ Վանեցյան․ - Եկեք ընդդիմությունը տարանջատենք։ Ես ասում եմ հետևյալը՝ մենք էսօր ունենք խնդիր եղածը պահպանելու։ Առաջին խնդիրը, որը մենք պետք է լուծենք, եղածը պահպանենք, ավելի մեծ զիջումների չգնանք։ «Ազատություն»․ - Դուք կարծում եք, որ Ռուսաստանը կհեռանա՞ Արցախից։ Վանեցյան․ - Ռուսաստանի խաղաղապահ ուժերին մնացել է մոտավորապես երեքուկես տարի՝ համաձայն պայմանավորվածության։ Այսօր Ռուսաստանի խաղաղապահները գրեթե միակ երաշխավորն են անվտանգության Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների։ Ադրբեջանն, իհարկե, ամեն ինչ պետք է անի, որպեսզի ռուսական զորքերն այնտեղից հեռանան և, օրինակ, վերջին դեպքերն Արցախի սահամանամերձ դառած Ադրբեջանի հետ գյուղերում՝ բարձրախոսով մարդկանց ահաբեկելը, կրակոցները, գյուղատնտեսական աշխատանքները խոչընդոտելը և այլն․․․ ի՞նչ են անում ադրբեջանցիք, ադրբեջանցիք փորձում են Արցախը հայաթափել, եթե Արցախը հայաթափվի, ուստի ռուսական խաղաղապահների ներկայացումը տարածաշրջանում կդառնա անիմաստ։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանն ասում է՝ «այլևս արցախյան կոնֆլիկտ հասկացողությունը չկա, մենք էդ հարցը լուծել ենք ժամանակի հարց է ձևակերպումները»։ Առաջարկել են ադրբեջանցիները հինգ սկզբունքը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքման համար։ Էդ հինգ սկզբունքները բացառապես մի բանի մասին են՝ Արցախը հանձնել ադրբեջանին, Հայաստանի սահմանները ճշգրտում անել ըստ Ադրբեջանի ներկայացված ձևի։ Այսինքն՝ մենք ինչ ենք տեսնում, իշխանական պատգամավորներն ասում են, որ Տավուշի մարզում կան գյուղեր, որոնք ադրբեջանական են։ Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ փակվեց Գորիս- Կապան միջպետական ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փոխարենը դրան ընդդիմանար, ինչ-որ մի բան ասի, ասեց, որ դա ադրբեջանական Էյվազլու և Չայզամի գյուղերն են։ «Ազատություն»․ - Ձեր լուծումը չեք ասում, պարոն Վանեցյան։ Վանեցյան․ - Լուծումը ասում եմ հետևյալը՝ պետության հիմքերը ուժեղացնել, պետությունը պետք է սկսի աշխատել, միջազգային հանրության հետ պետք է սկսել էֆեկտիվ աշխատել, զինված ուժերն արագ վերականգնել, աշխատել մեր հիմնական դաշնակից երկրի հետ՝ Ռուսատանի Դաշնության հետ։ «Ազատություն»․ - Եվ Ադրբեջանը կհրաժարվի՞ Արցախի։ Վանեցյան․ - Իհարկե։ «Ազատություն»․ - Որքան էլ որ ասեք կուսակցական դրոշներն իջեցված են, տեսեք, հրապարակում են Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան՝ նրանց թիմակիցներ, մարդկանց աչքի առջև են նրանց կուտակած հարստությունները, չեն մոռացել այդ տարիների ռեպրեսիաներ, ասեմ, ինչ ասեմ, Դուք ամենալավը կիմանաք, որովհետև ինքներդ նրանցից շատերի դեմ քրեական գործեր եք հարուցել Ձեր պաշտոնավարման ընթացքում։ Հիմա, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է հեռանա, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ պիտի անցյալը վերադառնա և նրանք արդեն լավն են։ Վանեցյան․ - Ես ասել եմ, որ անցյալին վերադարձ չի լինելու։ «Ազատություն»․ - Բայց անցյալը հրապարակում է։ Վանեցյան․ - Ո՛չ, նման բան չկա։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքն այլևս երբեք իշխանության չի լինելու։ Ռուբերտ Քոչարյանի մասով՝ ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այս իրավիճակում խնդիր է դրել գալ իշխանության։ Ես չեմ խոսել, ես չեմ զրուցել, չգիտեմ, բայց ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չունի այս պահին իր առջև դրված առաջնային խնդիր գալ իշխանության։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
12:49 - 27 ապրիլի, 2022
Ապակենտրոն ցանցային պայքարն այն մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ առնվազն այս փուլում. Վանեցյան |news.am|

Ապակենտրոն ցանցային պայքարն այն մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ առնվազն այս փուլում. Վանեցյան |news.am|

news.am: Իրազեկման առաջին փուլի գործողությունը մենք հասցրել ենք ավարտին, ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով, ապրիլի 17-ից ի վեր Ազատության հրապարակ են եկել հազարավոր մարդիկ, հայրենասերներ, որոնք հասկանում են, երկիրն իրապես գտնվում է վատ վիճակում, հասկանում են, որ եկել է ժամանակը հստակ պահանջով վերջ դնել այս իշխանությունների գոյությանը քաղաքական ասպարեզում. «Մենք շարունակում ենք հայտարարած բողոքի անժամկետ գործողությունները, կրկին գիշերելու ենք Ազատության հրապարակում, 24 ժամ լինելու ենք այստեղ։ Բայց երկրորդ փուլը, որի մեկնարկը տրվեց ապրիլի 25-ին, ավելի ակտիվ է լինելու։ Լինելու են երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ»,-ասաց Վանեցյանը՝ նշելով, որ կարևոր խնդիրն այն է, որ ժողովրդին հանեն փողոց և դարձնեն պահանջատեր։ Վանեցյանի խոսքով, առկա է 100 տոկոսանոց կոնսենսուս, որ այս իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում, պետության հիմքերը խարխլված են։ «Մենք խնդիր ունենք, որ մարդիկ ոչ թե հիասթափվեն և ասեն, թե մեկ է, բան չի լինելու, մի անգամ այդ տեխնոլոգիան կիրառվել է, փորձեցիք, պատերազմից հետո չստացվեց։ Մենք պետք է մարդկանց ասենք, որ չհիասթափվեն։ Իշխանությունների դեմ պայքարող տարբեր խմբեր կան այսօր։ Կարծում եմ, որ այդ խմբերն ավելանալու են և մենք կարողանալու ենք սկզբում ապակենտրոն ցանցային տարբերակով հանրության հետ աշխատել, բացատրել, որ մենք պետք է միասնական գործենք, որից հետո ինչ-որ մի փուլում պետք է բոլորը համախմբվեն», - ասաց Արթուր Վանեցյանը։ Դիտարկմանը, թե գնահատականներ են հնչում, որ ընդդիմադիր լիդերները համատեղ չեն աշխատում, Վանեցյանն ասաց. «Վստահ եղեք, որ այս պայքարը որևէ մեկը չի իրականացնում իր անձնական շահերը կամ նեղ կուսակցական շահերն առաջ մղելու համար։ Կան տարբեր կուսակցություններ ու խմբեր, որոնք ունեն իրենց առաջնորդները, և հենց դրա մասին է խոսքը, երբ ասում ենք ապակենտրոն ցանցային պայքար։ Դա նրա մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ այս փուլում և մենք կարողանանք ձևակերպել այն, ինչ ուզում ենք։ Եթե մենք ասենք, թե մեր առաջնորդն այսինչ մարդն է, խնդիր ենք ունենալու, որովհետև մարդկանց թվալու է, թե եկել ենք ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով։ Բայց այստեղ ընդհանրապես նման տրամադրություն չկա։ Այստեղ տրամադրությունը մեկն է ունենալ հզոր Հայաստան, Արցախ, արժանապատիվ ապրող ժողովուրդ, բայց այս հիմնական նպատակին հասնելու համար մենք պետք է հասնենք իշխանափոխության։ Որևէ մեկը չունի այն ամբիցիան, որ ես եմ և վերջ։ Չկա նման բան»։
11:37 - 25 ապրիլի, 2022
Տեսանյութը հին է, տաքսու գումար պահանջելու դրվագը՝ չպարզաբանված

Տեսանյութը հին է, տաքսու գումար պահանջելու դրվագը՝ չպարզաբանված

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնականը՝ Արամ Գրիգորյանը, թղթադրամներ է տալիս մի քանի տիկնանց, որոնցից մեկը, դիմելով Գրիգորյանին, ասում է՝ «բա տաքսուս փողը, տաքսու փողը, Արա՛մ», ի պատասխան՝ լսվում է՝ «Էդ էլ մերսին է՞ր»։ Այս տեսանյութն ակտիվորեն տարածում են կառավարող ուժի  քարոզչամեքենայի մաս կազմող կայքերը՝ կասկած հայտնելով եւ կամ ներկայացնելով, որ այդ կանայք, հավանաբար, ընդդիմադիրների հավաքներին են մասնակցում՝ դրա դիմաց վճարվելով։ Տեսանյութը, մասնավորապես, տարածել են Medianews, Freenews, Armenianews հարթակները, ֆեյսբուքյան տարբեր էջեր՝ կից գրելով «Ինչպես է Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող բաժանում հանրահավաքի գալու համար» եւ նմանատիպ այլ տեքստեր։  Համացանցում որոնումը նախկինում հրապարակված այսպիսի տեսանյութ չի ցուցադրում, թեեւ տեսանյութից ակնհայտ է, որ այն նկարահանված է ավելի վաղ՝ հաշվի առնելով, որ գործող անձինք տաք վերարկուներով են։  Սա առիթ է տալիս եզրակացնելու, որ ժամանակահատվածում, երբ նկարահանվել է տեսանյութը, եղանակը ցուրտ է եղել։  Ինչ վերաբերում է պնդումներին, թե «մարդիկ բերվել են՝ հանրահավաքի մասնակցելու», նշենք, որ այս օրերին «Հայրենիք» կուսակցությունն ու իր համակիրները բողոքի գործողություններ են անում Ազատության հրապարակում, մասնավորապես նստացույց։ Տարածված տեսանյութում լսվում է հանրահավաքային ելույթ, կադրում էլ երեւում է Բաղրամյան պողոտայից մի հատված՝ Սիրահարների այգուց։    Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ տեսանյութն առնչություն չունի վերջին օրերի հավաքների հետ։ Իսկ կայքերն ու հարթակները, որոնք հրապարակել են տեսանյութը, որեւէ կերպ չեն նշել, թե այն երբ է նկարահանվել, ինչից կողմնակի դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ տեսանյութը կապ ունի այս օրերին ընթացող բողոքի գործունեությունների հետ։  Վանեցյանի աջակիցները տարածվող տեսանյութն ու դրան կից մեկնաբանություններն անարձագանք չեն թողել։ Մասնավորապես, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ներկայացրել է, որ տեսանյութը հին է, Ազատության հրապարակից բավականին հեռու, եւ որ Արամ Գրիգորյանին մոտեցել են ապրուստի խնդիր ունեցող մարդիկ, որոնց էլ վերջինս օգնել է. «Մեր ընկեր Արամը միշտ է այդպիսին եղել։ Հաճախ եմ Արամին խորհուրդ տալիս չտրվել խղճին: Ցանկացած միջոցառման ժամանակ էլ բոլորիս մոտենում են մարդիկ, որոնք ապրուստի խնդիր ունեն (մուրացկան բառը չեմ սիրում): Հաճախ բոլորդ էլ նկատել եք նաև, որ փող ուզողները հայտնի մարդկանց մոտենում են խմբերով և դժվարությամբ է հնարավոր լինում դա կանխել:  Արամը մի մեթոդ ունի, որը միայն իրեն է վնասում, նա այդ մարդկանց սկսում է օգնել: Այսօր մի տեսանյութ է հայտնվել համացանցում, որում անցյալ տարի Դեմիրճյան փողոցում վերը նկարագրածս դրվագ է տեսանկարահանված: Տեսանյութը բավականաչափ հին է և Ազատության հրապարակից բավականին հեռու:  Իշխանությանն ու նրանց հատուկ հանձնարարություններով դեսպանիկներին խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը եղել և մնացել է մեր համար կարևոր առաքելություն: Ցավում եմ այն տրամաբանություն ունեցողների համար, որոնց թվում է, թե հինգ կամ տասը հոգին, որոնց Արամն օգնել է, մեծ դերակատարում կարող են ունենալ հազարավոր մարդկանց մեջ»,- գրել է Բաբայանը։ Իսկ Վանեցյանի օգնական Սոս Հակոբյանը հայտարարել է, որ եթե չհեռացվեն Ազատության հրապարակ փողոց մարդ բերելու վերաբերյալ նյութերը, հարցը կլուծեն դատական կարգով։   Ի դեպ՝ որեւէ անդրադարձ չի կատարվել «բա տաքսու փողը, Արա՛մ» արտահայտությանը. անհասկանալի է, թե ինչ տաքսու մասին կարող էր խոսել ուղղակի օգնության դիմած քաղաքացին, որը, ինչպես ակնհայտ է տեսանյութից, անվանապես ճանաչում է տղամարդուն։ Այսպիսով, Վանեցյանի օգնականին առնչվող տեսանյութը հին է, սակայն այն հրապարակվել է նոր, իսկ կառավարող ուժի քարոզչամեքենան փորձել է տպավորություն ստեղծել, թե այս օրերին տեղի ունեցող ակցիաներին մարդկանց գումարով են տանում։ Միեւնույն ժամանակ այդ հայտարարությունների արձագանքներում տրվում է մի մեկնաբանություն, որում շրջանցվում է տաքսու գումարի մասին արտահայտությունը։ Հայարփի Բաղդասարյան
18:20 - 23 ապրիլի, 2022