Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ

Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 14-ին: Կրթությունը՝ 2001-2005թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Կոմպյուտերային համակարգեր և ցանցեր): 2005-2007թթ․ ծառայել է Արցախի ՊԲ կազմում:

2007-2009թթ․գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը (կառավարման մագիստրոս):  2009-2010թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որպես կառավարման փորձագետ, այնուհետ (մինչև 2013 թվականը) նաև վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար:

2013-2019թթ. հիմնադրել և ղեկավարել է «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը, «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։  Անկուսակցական է։ 

Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը. Մհեր Գրիգորյան

Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել են ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը: Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարության մեջ նշված է «Հարգարժա՛ն պարոն Սխինաս, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր խթան կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ուրախ եմ արձանագրել, որ այսօր մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների և դրանց ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ: Մեր երկկողմ հարաբերությունները երբեք այսքան ինտենսիվ չեն եղել, ինչպես վերջին տարիներին՝ ընդգրկելով համագործակցության առանցքային ուղղությունները: Գոհունակցությամբ ենք արձանագրում, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր կարևոր բաղադրիչներով՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով և Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ։ ԵՄ կողմի հետ ներկայումս բանակցում ենք ավելի հավակնոտ և ընդգրկուն Գործընկերության առաջնահերթությունների նոր օրակարգը և Դիմակայունության ու աճի ծրագիրը՝ միտված ընդլայնելու մեր համագործակցության հորիզոնները ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և սոցիալ-տնտեսական կայունության ապահովման ուղղություններով: Բնականաբար, մենք շարունակում ենք հետևողական աշխատանքներ իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս։ Հատկանշական է նաև ՀՀ-ԵՄ ներդրումային ծրագրերի համակարգման մեր համատեղ հարթակի գործունեությունը, որը հնարավորություն է տալիս ապահովելու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Այս համատեքստում շնորհակալություն ենք հայտնում եվրոպական կողմին Հայաստանի համար կենսական կարևորություն ներկայացնող ենթակառուցվածքների զարգացման գործում ունեցած ներդրման համար՝ ակնկալելով այդ ուղղությամբ շարունակական փոխգործակցություն: Կարևորում ենք նաև Եվրոպական միության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանի կայուն զարգացումը: Ինչպես գիտեք, Եվրոպական միության խորհուրդը սույն թվականի հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի համար երկու կարևոր որոշումներ՝ «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրման և մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ: Այս որոշումները կարևոր քայլեր են ԵՄ-ի հետ գործընկերությունն առավել խորացնելու և համագործակցության մեխանիզմները ընդլայնելու մեր հանձնառությունների համատեքստում: Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք: Մենք այս գործընթացին իրապես վերաբերվում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգի: Եվ այսօր մենք պաշտոնապես ազդարարում ենք մի գործընթացի մեկնարկ, որի վերջնարդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացմանը։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության Կառավարության հանձնառությունը Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Ավարտելով խոսքս՝ բոլորիս շնորհավորում եմ ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք»: 
20:01 - 09 սեպտեմբերի, 2024
ԵՄ-ն զգուշացրել է դաշինքի երկրներին, որ գազի դիմաց ռուբլով վճարելը կխախտի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների էությունը |armtimes.com|

ԵՄ-ն զգուշացրել է դաշինքի երկրներին, որ գազի դիմաց ռուբլով վճարելը կխախտի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների էությունը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը նախազգուշացրել է միության երկրներին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջն այն մասին, թե ոչ բարեկամ երկրները ռուսական գազի դիմաց վճարումներ պետք է կատարեն ռուբլով, կխախտի գործող պատժամիջոցները, որոնք դաշինքը սահմանել է Մոսկվայի դեմ՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետ: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg գործակալությունը: Եվրահանձնաժողովը մասնակից երկրներին ներկայացրել է նախագահ Պուտինի հրամանագրի վերլուծությունը։ Վերլուծության մեջ ասվում է, որ վճարման նոր մեխանիզմը կխախտի Ռուսաստանի կառավարության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև այլ կազմակերպությունների և անհատների նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցները։ Ըստ Եվրահանձնաժողովի, հրամանագիրը ստեղծում է նոր իրավական իրավիճակ, որը կարող է ռուսական պետությանը լիարժեք վերահսկողություն տալ, թե երբ ավարտվի  գազի գործարքը և որ պահին գնորդը ազատվի պարտավորություններից։ Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով ապրիլի 1-ից սահմանվում է անբարյացակամ երկրներից գնորդների կողմից ռուսական գազի մատակարարումների վճարման նոր կարգ։ Այժմ նման պետությունները պետք է արտարժույթով միջոցներ փոխանցեն Գազպրոմբանկին, որն արդեն բորսաներում կգնի ռուբլի և կփոխանցի ներկրողների ռուբլու հատուկ հաշիվներին։
13:23 - 14 ապրիլի, 2022
Չինաստանն ուկրաինական պատերազմում գոնե մեկ հաղթողի է տեսնում ՝ իրեն․ The New York Times

Չինաստանն ուկրաինական պատերազմում գոնե մեկ հաղթողի է տեսնում ՝ իրեն․ The New York Times

Լուսանկարը՝ Getty Images Պատերազմն Ուկրաինայում դեռ հեռու է ավարտից, սակայն Չինաստանի քաղաքական շրջանակներում արդեն կարծիք է ձևավորվում առ այն, որ մի երկիր հաղթող է դուրս գալու այս խառնաշփոթից՝ Չինաստանը, գրում է The New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև։ Ռուսաստանի ներխուժմանն առաջին շփոթված արձագանքից հետո Չինաստանը մի ռազմավարության հիմք է դրել, որը նրան թույլ կտա խուսափել վատթարագույն տնտեսական և դիվանագիտական հետևանքներից, որոնց նա կարող է բախվել, և օգուտներ քաղել աշխարհաքաղաքական այս փոփոխություններից, երբ մշուշը ցրվի։ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը խուսափում է քննադատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց նաև փորձում է Չինաստանին հեռու պահել այդ ջարդից։ Նրա կառավարությունը դատապարտել է միջազգային պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ, սակայն գոնե հիմա ակնարկել է, որ չինական ընկերությունները կարող են հաշվի նստել դրանց հետ՝ պաշտպանելու Արևմուտքում Չինաստանի տնտեսական շահերը։ Անցյալ շաբաթ Սի Ծինփինը եվրոպացի առաջնորդներին դիմեց կարգավորման շուրջ բանակցություններին աջակցելու մշուշոտ առաջարկներով, մինչդեռ մյուս չինացի պաշտոնյաները սատարեցին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված ռուսական ապատեղեկատվական արշավները։ Վաշինգտոնի պաշտոնակար անձինք երեկ, առանց ապացույցներ ներկայացնելու, հայտնեցին, թե ներխուժումից հետո Ռուսաստանը Չինաստանին խնդրել է իրեն տնտեսական և ռազմական օգնություն տրամադրել, սակայն վերջինս դա ապատեղեկատվություն անվանեց։ Ի վերջո՝ Չինաստանի ղեկավարությունը հաշվարկեց, որ պետք է վեր լինել, իր կարծիքով, երկու ուժասպառ տերությունների միջև պայքարից և ներկայանալ իբրև կայունության հիմք ավելի ու ավելի անհանգիստ աշխարհում։ «Սա նշանակում է, որ քանի դեռ մենք չենք գործել ծանրակշիռ ռազմավարական սխալներ, Չինաստանի արդիականացումը չի ընդհատվի, ընդհակառակը, Չինաստանն էլ ավելի մեծ հնարավորություն և ցանկություն կունենա ավելի առանցքային դեր խաղալու միջազգային նոր կարգերի հաստատման գործում»,- իր հոդվածում գրել է Շենչժենում Հոնկոնգի Չինաստանի համալսարանի պրոֆեսոր Չժեն Յունիանը։ Չինաստանի ռազմավարության հիմքում այն համոզմունքն է, որ Միացյալ Նահանգները թուլացած է անմիտ օտարերկրյա արկածախնդրությունների, այդ թվում, Պեկինի կարծիքով, Պուտինին ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու պատճառով։ Այս տեսակետի համաձայն՝ Ռուսաստանի ներխուժումն ուշադրությունն ԱՄՆ-ից շեղել է դեպի Եվրոպա, ինչն ավելի հավականան է դարձնում, որ նախագահ Բայդենը փորձելու է ուշադրությունը կենտրոնացնել Չինաստանի և Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանի վրա, բայց չի հաջողելու։ «Բոլոր այն դժվարություններն ու անհարմարությունները, որոնց մասին խոսում ենք, ժամանակավոր են։ Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը վտարանդի է դառնալու միջազգային հանրության համար և ստիպված է լինելու Չինաստանին դիմել»,- ասել է Վաշինգտոնի Սթիմսոնի կենտրոնի չինական ծրագրի տնօրեն Յուն Սունը։ Չինաստանի հետագա ուղին բնավ պարզ չէ։ Ռուսաստանի հետ չափազանց մերձեցումը կարող է հանգեցնել Եվրոպայում և դրա սահմաններից դուրս Չինաստանի նկատմամբ թշնամանքի առաջացման, ինչն անհանգստացնում է Սի Ծինփինին։ Եվ եթե Գերմանիան, Ֆրանսիան ու մյուս դաշնակիցներն ամրապնդեն իրենց պաշտպանական համակարգն, ինչպես խոստացել էին, ԱՄՆ-ն կարող է հնարավորություն ունենալ ավելի շատ ռազմական ռեսուրս օգտագործել՝ Չինաստանին հակազդելու։ «Մեզ նաև շատ է անհանգստացնում այն, որ ռուս-ուկրաինական պատերազմը Եվրոպային ստիպելու է ավելի մերձենալ ԱՄՆ հետ, և Չինաստանն ավելի մեծ երկընտրանքի առջև է լինելու։ ԱՄՆ դաշնակիցները խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Ճապոնիան ու Ավստրալիան, նույնպես ավելի ուժեղ ռազմական դիրքորոշում կզբաղեցնեն։ Այնպես որ, այս ամենն այնքան էլ դրական հեռանկար չէ Չինաստանի համար»,- ասել է Նանջինի համալսարանի պրոֆեսոր Չժու Ֆենը։ Չինաստանը կարող է նաև տնտեսական ցնցումների բախվել պատերազմի և Ռուսաստանին պատժելու Արևմուտքի ջանքերի պատճառով, որը սահմանափակել է նրա հետ առևտուրն ու խզել կապերը ֆինանսական ինստիտուտների հետ։ Չինաստանի պաշտոնյաները դատապարտում են այս միջոցները, և, թեև ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները զարմանալի միասնություն են ցուցաբերել այդ հարցում, այլ երկրները նույնպես կիսում են Պեկինի վերապահումները՝ հզոր տնտեսական գործիքները որպես զենք կիրառելու վերաբերյալ։ Ամեն դեպքում, Չինաստանի տնտեսությունը բավականաչափ մեծ է՝ հարվածների դիմանալու համար, որոնք կարող էին մեծ վնաս հասցնել այլ երկրների։ Չինական ընկերությունները կարող են նույնիսկ շահեկան դիրքում հայտնվել՝ օգտվելով Ռուսաստանի՝ առևտրի հուսահատ կարիքից, ինչպես եղել է 2014թ․-ին, երբ Մոսկվան պատժամիջոցների է ենթարկվել Ղրիմի բռնակցման պատճառով։ Ինչպես էլ զարգանա պատերազմը, Չինաստանը Ռուսաստանի հետ իր կապերի խորացումը դիտարկում է որպես հակակշռի ստեղծում ԱՄՆ-ին։ Գործընկերությունը, որը Ծինփինն ու Պուտինն անցյալ ամիս նշեցին Պեկինի Ձմեռային օլիմպիադայի ժամանակ, շատ մեծ կարևորություն է ձեռք բերել՝ այն զոհաբերելու համար, ինչ մտավախություններ էլ ունենան որոշ պաշտոնյաներ պատերազմի վերաբերյալ։ Այնպես, ինչպես Պուտինն է ԱՄՆ-ն պատկերում որպես Ռուսաստանի համար սպառնալիք իր արևմտյան սահմանին, նույնպես էլ Ցզինպինն է Թայվանին (կղզային պետություն, որը Չինաստանն իր տարածքն է համարում) ԱՄՆ աջակցությունը դիտարկում որպես նմանատիպ սպառնալիք Չինաստանի ափին։ Վերջին շաբաթների ընթացքում չինացի վերլուծաբանները հաճախ էին մեջբերում բրիտանացի աշխարհագրագետ Հելֆորդ Ջոն Մաքինդերի խոսքերը, որը պնդում էր․ «Նա, ով վերահսկում է Կենտրոնական Եվրոպան, վերահսկում է մի մեծ տարածք՝ Եվրոպայից դեպի Ասիա։ Իսկ նա, ով վերահսկում է Եվրասիան, կարող է կառավարել աշխարհը»։ Նման մտածողության կողմնակից Ալեքսանդր Դուգինը, որին երբեմն անվանում են «պուտինյան փիլիսոփա», մեծ պոպուլյարություն է վայելում Պեկինում։ Նա շատ է գրել այն մասին, որ տեսնում է լիբերալ, դեկադենտ Արևմուտքի և պահպանողական Եվրասիայի միջև աճող ընդհարում, որի հոգին Ռուսաստանն է։ «Արևմուտքը չպետք է հեգեմոն դառնար՝ ունիվերսալ չափանիշների որոշման հարցում, քանի որ Արևմուտքը կամ Եվրոպան, կամ Արևմուտքն, ընդհանուր առմամբ, մարդկության միայն մի մասն է։ Մյուս մասը, մարդկանց մեծ մասն ապրում է Արևմուտքից դուրս՝ Ասիայում»,- ասել է Դուգինը չինական պետական հեռուստատեսության եթերում 2019թ․-ին։ Քաղաքականության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների նկատմամբ այս հակակրանքը, որ իբր թելադրում է Արևմուտքը, դարձել է ԱՄՆ-ին քննադատելու մշտական թեմա Չինաստանում։ Վերլուծաբանների կարծիքով, արևմտյան պատժամիջոցների պատճառով Պեկինի աջակցությանը դիմելուն զուգահեռ, Ռուսաստանն ավելի ու ավելի շատ է կախված լինելու Չինաստանից՝ որպես իր դիվանագիտական և տնտեսական փրկօղակից: «Հին կարգերն արագ քանդվում են, և աշխարհի գերտերությունների շրջանում կրկին սկսում է գերիշխել ուժեղների քաղաքականությունը։ Երկրները լի են պատվախնդրությամբ, ինչպես վագրերը, որոնք իրենց որսին են հետևում՝ փափագելով գտնել ցանկացած հնարավորություն հին կարգերի փլատակներում»,- ասում է Հոնկոնգի Չինաստանի համալսարանի պրոֆեսոր Չժենը։   Նորա Վանյան
10:02 - 16 մարտի, 2022
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական ուժի հետագա տեղակայումից և գործողություններից |armenpress.am|

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական ուժի հետագա տեղակայումից և գործողություններից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ  հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։  «Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։ Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմին հորդորում է ձեռնպահ մնալ  հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ Բոլոր կողմերը պետք է ետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը և երկու կողմերը պետք է ներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում։ Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։ Մենք ողջունում ենք լարվածությունների թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները»,- ասվում է ԵՄ գլխավոր խոսնակի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ ԵՄ պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում։
20:51 - 28 մայիսի, 2021
Գեմաֆին Գասպարյանը թողնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը սեփական դիմումի համաձայն

Գեմաֆին Գասպարյանը թողնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը սեփական դիմումի համաձայն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:Կարծում եմ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղղու իրավացիության: Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ: Շնորհակալ եմ բոլորից ով վստահեց: Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում»։
16:46 - 15 մայիսի, 2020
1-ին, 2-րդ, 3-րդ կարգի փոխարեն ունենալու ենք, թույլ, միջին և ծանր հաշմանդամության կարգեր․ Գեմաֆին Գասպարյան |factor.am|

1-ին, 2-րդ, 3-րդ կարգի փոխարեն ունենալու ենք, թույլ, միջին և ծանր հաշմանդամության կարգեր․ Գեմաֆին Գասպարյան |factor.am|

factor.am: «Ունենալու ենք հաշմանդամության ոչ թե առաջին, երկրորդ, երրորդ կարգ ունեցող անձինք, այլ թույլ, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող։ Սա ենթադրում է, որ մեր յուրաքանչյուր քաղաքացու փորձելու ենք մաքսիմում օժադակել՝ ծառայությունների միջոցով, որպեսզի հաղթահարեն իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները»,- «Ինչպե՞ս են պաշտպանվելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները. նոր օրենքի նախագիծ» թեմայով քննարկմանը նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը: «Վստահ եմ՝ այս ներառական մոտեցումը շատ կարևոր է, որ հնարավորինս ամբողջական դիտարկենք բոլոր կարծիքները և բաց չթողնենք որևէ խնդիր։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծում տալիս ենք տարբեր հասկացությունների ձևափոխումներ․ օրինակ՝ անձնական օգնականի ինստիտուտի, ունիվեսալ դիզայնի, անկախ կյանքի և խելամիտ հարմարեցման վերաբերյալ հասկացությունները։ Այս օրենքով նաև Մատչելիության հանձնաժողով ենք նախատեսում, որի անդամները Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով են ընտրվելու և ապահովելու մատչելիության վերաբերյալ մոնիթորինգը։ Նրանք ունենալու են այնպիսի գործառույթներ, որ մատչելիության հետ կապված հիմնախնդիրները կարողանանք հնարավորինս կարճ ժամկետում լուծել»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
16:23 - 03 մարտի, 2020
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բիզնեսի համար մեծ բեռ չէ. Գեմաֆին Գասպարյան |armenpress.am|

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բիզնեսի համար մեծ բեռ չէ. Գեմաֆին Գասպարյան |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափի բարձրացման գործընթացում պետությունը հավասարակշռված մոտեցում է կիրառում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց, որ աշխատավարձի բարձրացման հարցում հաշվի է առնվել նաև բիզնեսի կարծիքը: «Այն, որ ասում են նվազագույն աշխատավարձի չափը 68 հազար դարձնելը մեծ բեռ է բիզնեսի համար, այդպես չէ: Մենք հետազոտություն ենք իրականացրել 1580 գործատուի շրջանում: Գործատուները նշում են, որ 70 հազար 142 դրամը իրենց համար նորմալ է: Հիմա մենք սահմանել ենք 68 հազար:Մենք փորձել ենք հավասարակշռված մոտեցում ցուցաբերել»,-  այս մասին ասաց փոխնախարարը: Հայաստանում աշխատող մարդը պետք է նվազագույն սպառողական զամբյուղից ավելի աշխատավարձ ստանա: Փոխնախարարն ընդգծեց, որ դա քաղաքական դիրքորոշում է:Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետական ոլորտում կվերաբերի շուրջ 35 հազար մարդու, իսկ մասնավոր ոլորտում՝ շուրջ 45 հազար:
09:16 - 04 հուլիսի, 2019