armtimes.com: Եվրամիությունը նախազգուշացրել է միության երկրներին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջն այն մասին, թե ոչ բարեկամ երկրները ռուսական գազի դիմաց վճարումներ պետք է կատարեն ռուբլով, կխախտի գործող պատժամիջոցները, որոնք դաշինքը սահմանել է Մոսկվայի դեմ՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետ:
Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg գործակալությունը:
Եվրահանձնաժողովը մասնակից երկրներին ներկայացրել է նախագահ Պուտինի հրամանագրի վերլուծությունը։ Վերլուծության մեջ ասվում է, որ վճարման նոր մեխանիզմը կխախտի Ռուսաստանի կառավարության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև այլ կազմակերպությունների և անհատների նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցները։
Ըստ Եվրահանձնաժողովի, հրամանագիրը ստեղծում է նոր իրավական իրավիճակ, որը կարող է ռուսական պետությանը լիարժեք վերահսկողություն տալ, թե երբ ավարտվի գազի գործարքը և որ պահին գնորդը ազատվի պարտավորություններից։
Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով ապրիլի 1-ից սահմանվում է անբարյացակամ երկրներից գնորդների կողմից ռուսական գազի մատակարարումների վճարման նոր կարգ։ Այժմ նման պետությունները պետք է արտարժույթով միջոցներ փոխանցեն Գազպրոմբանկին, որն արդեն բորսաներում կգնի ռուբլի և կփոխանցի ներկրողների ռուբլու հատուկ հաշիվներին։
comment.count (0)