ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական ուժի հետագա տեղակայումից և գործողություններից |armenpress.am|
20:51 - 28 մայիսի, 2021

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական ուժի հետագա տեղակայումից և գործողություններից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ  հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։ 

«Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։ Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմին հորդորում է ձեռնպահ մնալ  հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ Բոլոր կողմերը պետք է ետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը և երկու կողմերը պետք է ներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում։ Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։ Մենք ողջունում ենք լարվածությունների թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները»,- ասվում է ԵՄ գլխավոր խոսնակի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ ԵՄ պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել