Արմեն Գեւորգյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին Երեւանում:

1990թ. ընդունվել է Օրենբուրգի (ՌԴ) պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, 1991թ. տեղափոխվել եւ 1993թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) պետական ծառայության ինստիտուտը: 1993-1996թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ: 1996թ. համատեղությամբ ավարտել է Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ: 2015թ.՝ Հարվարդի համալսարանի Բիզնես դպրոցի «Ընդհանուր կառավարում» ծրագիրը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

1990-1996թթ. ՌԴ  մի շարք կրթական եւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1997-1998թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 1998-2000թթ.՝ ՀՀ նախագահի օգնական, ապա ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2000-2006թթ.՝ ՀՀ  նախագահի առաջին օգնական: 2006-2008թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2007-2008թթ.՝ նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2008-2014թթ.՝  ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2014- 2015թթ.՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամի» գործադիր տնօրեն: 2016թ. հունվար-հունիս՝ նույն հիմնադրամի նախագահի խորհրդական: 2016թ. հունիս-հոկտեմբեր՝  ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2016-2018թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2018թ. ապրիլ-մայիս՝ ՀՀ փոխվարչապետ: 2018-2019թթ.՝ «Արինս գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, վարչության նախագահ: 2019-2021թթ.՝ «Արինս մենեջմենտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։ Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ «Հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման իրավունքի անհաղթահարելի խոչընդոտ»,- Վճռաբեկ դատարանի որոշումը մեջբերել է Հովհաննիսյանը։ Դատախազը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ այդպիսով ստացվում է՝ հնարավոր էր տեսականորեն մեղսագրել ամբաստանյալներին այլ արարք, որ նախատեսված է Քրեական օրենսգրքով, բայց քանի որ 1998թ․ հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը չէր նախատեսում առկա պայմաններում առաջադրված մեղադրանքը փոփոխելու հնարավորություն, այդքանով խախտվում է տուժողների իրավունքը։ Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նրանց մեղսագրված, սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածը, ինչից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՍԴ գրեթե նույն գանգատով, ինչ այժմ դիմում է Վճռաբեկը։ Բարձր դատարանը մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը, ինչից հետ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր։
11:30 - 01 մարտի, 2024
Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. Արմեն Գեւորգյան

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. Արմեն Գեւորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի եւ այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակը: Առաջին՝ այսօր Եվրոպայի խորհուրդը մեր ժողովուրդներին կանգնեցնում է իրական ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ բավականին վտանգավոր ընտրության առաջ: Նման տարօրինակ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մեր կազմակերպությունը լոյալ է մեր ընդհանուր հովանու ներքո այնպիսի քաղաքական ռեժիմների համագոյակցությանը, ինչպիսին Թուրքիայում եւ Ադրբեջանում են: Ուստի, խնդրում եմ զգոն լինել, որպեսզի մեր կազմակերպությունը ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատարը լինելուց չվերածվի ավտորիտար ռեժիմների ջերմոցի: Երկրորդ՝ անցած 30 տարիների էքսպերիմենտները դժբախտաբար հանգեցրեցին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների փոխակերպմանն իսկական արժեքներից աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի: Սա ոչ միայն մրցակցություն է ստեղծել այսպես կոչված ազատական արժեքների եւ պահպանողական ավանդույթների միջեւ, այլեւ ստեղծել է ժողովրդավարությունը ոչ ժողովրդավարական միջոցներով խթանելու պրակտիկա: Երկակի ստանդարտները, ուժային քաղաքականությունը, նավթն ու գազը միջազգային հարաբերություններում ի հայտ են եկել որպես գերիշխող գործոններ՝ ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության փոխարեն: Վերոհիշյալի արդյունքում, ըստ իս, Եվրոպայի խորհուրդը, ցավոք, տասնամյակներ շարունակ ձախողում է իր հիմնական առաքելությունը, այն է՝ հետխորհրդային տարածքում ժողովրդավարական կայունության եւ անվտանգության ամրապնդումը: Մենք դեռ շարունակական հակամարտությունների եւ նոր պատերազմների ականատեսն ենք, արձանագրել ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումները: Եվ այդ հանցագործությունը դեռ պետք է հետապնդվի ու դատապարտվի: Պետք է գիտակցենք, որ որոշ անդամներ իրենք էլ դեռ ամբողջությամբ չեն ընդունել ժողովրդավարության ավանդույթներն ու կանոնները, սակայն այս կազմակերպությանը նրանց անդամակցությամբ Եվրոպայում ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ սկսեց հետընթաց ապրել: Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք հստակ ասել՝ Եվրոպայի խորհրդի անդամ ցանկացած երկիր լիակատար իրավունք ունի որոշելու իր ազգային շահերը եւ հետամուտ լինելու այդ շահերին, բայց միայն խորհրդի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան: Միայն այս մոտեցումը կօգնի կանխել պատերազմներն ու հակամարտությունները, կանխել մարդկության դեմ հանցագործությունները կամ ծառայել որպես ժողովրդավարական խաղաղության եւ բարգավաճման հենակետ: Խորապես հավատում եմ, որ այս կազմակերպությունն անդամ երկրներում ժողովրդավարությունը պաշտպանելու, ժողովրդավարական անցմանն աջակցելու եւ օրենքի գերակայության իր առաքելությունը շարունակելու ներուժ կունենա, եթե խուսափենք արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ընտրովի մոտեցումներից: Եզրափակեմ խոսքս՝ նկատելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը»
11:35 - 13 հոկտեմբերի, 2023
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺպատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ ներկայացնելով ելույթը․ «Հարգելի՛ գործընկերներ, Զեկույց էր ներկայացնում մի երկրի իշխող կուսակցության անդամ, որը նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել: Բավականին տարօրինակ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական կառավարման վերաբերյալ: Աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում ազգայնական, այլատյաց, ռազմատենչ եւ ավտորիտար տրամադրություններից են կազմված: Այս ամենը տասնամյակներ շարունակ առկա է Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղում վերջին էթնիկ զտումները միայն հայերի մտահոգության հարցը չեն: Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի եւ նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետությունների համար եւ կնպաստի աջ ծայրահեղական գաղափարախոսության մոտեցումներին: Այսօր Ադրբեջանն անօրինական եւ անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի: Նրանց թվում մարդիկ են, որոնք անցած 25 տարիների ընթացքում ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում եւ որպես իրենց ժողովրդի օրինական ներկայացուցիչներ՝ առաջնորդել են նրան հանուն ազատության եւ ինքնորոշման: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանում ուղիղ 30 տարի է՝ նույն ընտանիքն է իշխում: Արդյո՞ք սա աջ ծայրահեղական գաղափարախոսության ձեւ է, թե՞ ժողովրդավարության նոր տեսակ, որը սնուցվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Գործընկերնե՛ր, այս վեհաժողովի ղեկավարությունը 2022 թվականի ապրիլին ստացել է իմ համահեղինակած զեկույցը, որը վերնագրված էր «Կրոնի ռազմականացումը եւ ներունակ հետեւանքները եվրոպական ժողովրդավարական անվտանգության համար»:  Զեկույցը պատրաստվել էր, որպեսզի վեհաժողովին ապացույցներ եւ ընդհանուր պատկերացում տրվեին Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների կողմից ձեւավորված պետական պրակտիկայի որոշ դրսեւորումների վերաբերյալ, որոնք ուղղված են ռասայական եւ կրոնական հողի վրա հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի, հայերի եւ ընդհանրապես եվրոպական երկրների դեմ մահմեդական հասարակություններին մոբիլիզացնելու փորձերին: Այն վճռականորեն ցույց տվեց, որ այդ երկրների կառավարությունները դավադրաբար չարաշահել են եվրոպական լիբերալ օրենքներն ու արժեքները եւ ժամանակավոր ,սողանցքերովե համարձակվել են հակասություններ ստեղծել Եվրոպայի ներսում եւ Եվրոպայի դեմ: Հիմնական նպատակը, իմ կարծիքով, եղել եւ շարունակում է մնալ Եվրոպայում համերաշխության նոր ձեւերի ստեղծումը՝ որպես սակարկության առարկա եվրոպական պետությունների հետ հարաբերություններում: Եվրոպայում թուրքական սփյուռքի կառույցներն ակտիվորեն օգտագործելու այս ջանքերը ոչ այլ ինչ են, քան բազմամշակութային եվրոպական հասարակություններում կրոնով զինվելու փորձեր, ինչը կարող է վտանգել եվրոպական անվտանգությունը: Ամփոփելով խոսքս՝ պետք է ասեմ, որ աջ ծայրահեղական արմատականության տարածումը կասեցնելու համար Եվրոպայի խորհուրդը պետք է ինքնամաքրման եւ ավտորիտար պետությունների անդամակցությունը կասեցնելու խիստ կարեւոր տնային աշխատանք կատարի»,- նշել է պատգամավորը:
11:47 - 11 հոկտեմբերի, 2023
Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը

Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը

ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։  Հանդիպման ընթացքում կարեւորվել է առաջիկայում կայանալիք ԵԽ չորրորդ գագաթնաժողովում տեղական եւ տարածաշրջանային հարցերի ու խնդիրների քննարկումը: Զրուցակիցները փաստել են նաեւ, որ ԵԽ անդամ մի շարք երկրներում արձանագրվում են տեղական ժողովրդավարության հետ կապված անթույլատրելի խնդիրներ, որոնք հակասում են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Կոնգրեսի կողմից ԵԽ անդամ պետություններում արձանագրված տեղական ժողովրդավարության վերաբերյալ փաստերը եւ հանգամանքները պետք է ուշադրության լուրջ առարկա դառնան ԵԽ բոլոր մարմինների կողմից: Արմեն Գեւորգյանը Կոնգրեսի նախագահին եւ գլխավոր քարտուղարին տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Ըստ էության, Ադրբեջանի կողմից շրջափակումը ժողովրդավարության դեմ ադրբեջանական իշխանությունների պայքարի միակ դրսեւորումը չէ: Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը, հատկապես, որ ամեն ինչից զատ՝ վերջերս ադրբեջանական իշխանությունների կողմից նկատվում են նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի փոփոխության միտումներ: Կողմերը երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու ինտենսիվ համագործակցությունը ԵԽԽՎ եւ Կոնգրեսի միջեւ:
14:11 - 25 հունվարի, 2023
Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Հարյուր քսան հազար մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի՝ Ադրբեջանի կողմից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից, այս մասին ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով իր ելույթում: «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի եւ գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն: Այսօր կխնդրեի ձեզ մտորել երեք հիմնական ուղղություններով. 120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի կողմից: Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը եւ մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության: Այս վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պետություններ ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղի պաշարումն այդ հանցագործության հաջորդ փուլն է: Ընդ որում, մարդկության դեմ այդ հանցագործությունը դեռեւս ժխտվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի այս պետական հանցավոր քաղաքականությունը եւ որեւէ ու երբեւէ հնարավոր խաղաղ գործընթաց չպետք է խառնել իրար. մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Սա բանակցության հետ կապ չունի: Հետեւաբար, սա չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, այլ ոչ թե ճանապարհ է թողնում դիվանագիտության համար: Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, սոսկ հումանիտար աղետ չէ: Դա այժմ ավելի մեծ խնդիր է, քան պարզապես հայ-ադրբեջանական խնդիրը, կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը: Խոսքը Եվրոպայի քաղաքակրթական ինքնության մասին է: Այժմ խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության եւ խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի եւ ոտնահարումների միջեւ ընտրության մասին է: Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը: Պարո՛ն նախագահ, ավարտելով խոսքս՝ թույլ տվեք ասել, որ Հարավային Կովկասի հայությունը, լինի Հայաստանում, կամ՝ այս օրերին շրջափակված Լեռնային Ղարաբաղում, դարեր շարունակ պայմաններ է ստեղծել ոչ միայն մեր՝ բնիկ ազգային մշակույթի եւ ինքնության պահպանման ու զարգացման համար, այլեւ այդ հարցերում օգնել է շատ այլ ազգերի: Չնայած մեր աշխարհագրական եւ ժողովրդագրական չափերին եւ շարունակական մարտահրավերներին՝ մենք շարունակելու ենք այս առաքելությունը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ»,- նշել է պատգամավորն իր ելույթում:  
12:58 - 25 հունվարի, 2023
Քոչարյանի պաշտպանները նիստին չէին ներկայացել. դատախազները բացակայությունն «անհարգելի» որակեցին |factor.am|

Քոչարյանի պաշտպանները նիստին չէին ներկայացել. դատախազները բացակայությունն «անհարգելի» որակեցին |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։ Նիստը մեկնարկեց ուշացումով: Դատավորն իր ուշացումը պատճառաբանեց մեկ այլ գործով իր՝ խորհրդակցական սենյակում գտնվելով: Գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էին միջնորդություն, որ չեն կարող ներկա գտնվել նիստին: Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի, Հայկ Ալումյանը նշել էր, որ այլ դատական նիստի պետք է ներկայանա: Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց նաև վերջինիս երրորդ պաշտպան Արամ Օրբելյանի բացակայության պատճառների մասին, ինչին ի պատասխան Քոչարյանը հայտնեց, որ Արամ Օրբելյանը գալիս է նիստերին, երբ միջնորդություն ունի անելու: Դատարանը հայտարարեց, որ պաշտպանների բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, ինչին հակադարձեց գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը. «Պաշտպանները չեն ներկայացրել այլ դատական նիստում գտնվելու կամ առողջական խնդիր ունենալու որևէ ապացույց, ուստի նրանց բացակայությունն անհարգելի է և նիստը ենթակա է շարունակման»: Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել : Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին դատարանն Արմեն Գևորգյանին թույլատրել էր երկրից բացակայել մինչև դեկտեմբերի 4-ը, հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին:
17:19 - 22 նոյեմբերի, 2022
Քոչարյանի գործով թարգմանությունը թերի է կատարվել. դատախազը միջնորդեց դատարան հրավիրել թարգմանչին 
 |factor.am|

Քոչարյանի գործով թարգմանությունը թերի է կատարվել. դատախազը միջնորդեց դատարան հրավիրել թարգմանչին |factor.am|

factor.am: ՀՀ երկրորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ թարգմանչի ներկայություն դատարանում հնարավոր չէր ապահովել։ Այսօր դատարանում պետք է հետազոտվեին մեղադրանքի ապացույցները։ Փաստաթղթերից մեկը, սակայն, որը թարգմանվել էր անգլերենից, ուներ թերություններ։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հրապարակած ապացույցների մեջ եղած ոչ հայերեն, լատինատառ կամ անգլերեն բառեր, որոնց թարգմանությունը հարցեր առաջացրեց պաշտպանական կողմի մոտ։ Դատավորը ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում, սակայն, պարզվեց, որ թարգմանիչը չի կարող ներկայանալ, իսկ թարգմանչական կազմակերպության ղեկավարին հայտնի չեն պատճառները։ Թարգմանչի՝ դատական նիստին ներկայությունն ապահովելու նպատակով այսօրվա նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 22-ը։ Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:  Առավել մանրամասն՝ factor.am -ում 
15:59 - 15 նոյեմբերի, 2022
Արմեն Գևորգյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք նիստին. դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները

Արմեն Գևորգյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք նիստին. դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հոկտեմբերի 18-ին թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 24-27 տեղի է ունենալու ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստը։ Ինչպես նշում  է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը,  պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 22-29-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Մեկ այլ միջնորդությամբ պաշտպանը խնդրել է, որ Գևորգյանին թույլատրեն բացակայել նոյեմբերի 6-10-ը․ այդ ընթացքում Գևորգյանն իր պատգամավորական գործունեության հետ կապված կրկին պետք է գտնվի Ստրասբուրգում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացել է Լուսինե Սահակյանի միջնորդություններին, իսկ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատել է, որ Արմեն Գևորգյանի հաճախակի գործուղումները խաթարում են դատարանի աշխատանքը․ նիստերն անընդհատ հետաձգվում են։ Լսելով կողմերին՝ դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները:
15:06 - 18 հոկտեմբերի, 2022
Անգործությունն ավելի է մոտեցնում աղետը.   Արմեն Գեւորգյան |news.am|

Անգործությունն ավելի է մոտեցնում աղետը. Արմեն Գեւորգյան |news.am|

news.am: Մեզ համար աղետը կարող է տարբեր բնույթ ունենալ՝ սկսած Արցախից հայերի արտաքսումից եւ վերջացրած նրանով, որ Հայաստանի տարածքի մի մասը կարող է հայտնվել այլ երկրների վերհսկողության տակ: Հոկտեմբերի 17-ին քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Նրա գնահատմամբ՝ միայն քննարկումները եւ անգործությունը ավելի են մոտեցնում աղետը: Նա համախմբման եւ բոլոր ռեսուրսներն օգտագործելու կոչ արեց: Պատգամավորը կարծում է, որ անկախացումից հետո Հայաստանին հաջողվում էր պաշտպանել իր շահերը, իսկ 44-օրյա պատերազմից հետո պատկերը փոխվել է. պատերազմը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների մեկնարկ տվեց: «Մենք դեռ չենք հայտնվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման էպիկենտրոնում, քանի որ խաղացողների կարծիքով իրավիճակը մի փոքր այլ է, բայց մենք այդ ճանապարհին ենք: Դա ունի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ: Արցախի բնակչության անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները, Հայաստանում, համենայն դեպս, այս պահին որոշիչ դեր է խաղում Ռուսաստանը։ Սակայն միտում կա փոխելու այդ բալանսը, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհով իրադարձությունների զարգացմամբ, որոնք անվերահսկելի ուղով են գնում: Ոչ մի հիմնարար փաստաթուղթ կամ սկզբունք, որն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսօր այլեւս չի գործում եւ կրում է տեղական բնույթ։  Կարեւորը, որպեսզի մենք արդյունքում մենակ չմնանք, ուստի չի կարելի կորցնել հին դաշնակիցներին՝ առանց նորերին ձեռքբերելու», – նշեց Գեւորգյանը: Նա ասաց, որ ԵԽԽՎ նիստում հնարավոր եղավ եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանի վրա, քանի որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև Հայաստանը եւ Ղարաբաղը։  «Ցավոք, Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով փորձ է արվում մոռացության մատնել ղարաբաղյան կարգավորման խնդիրը եւ Ադրբեջանի վերջին ագրեսիան»,- եզրափակեց պատգամավորը։
15:46 - 17 հոկտեմբերի, 2022
ԼՂ և ՀՀ դեմ ագրեսիան ավելի օբյեկտիվ է քննարկվում միջազգային այն հարթակներում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակից չեն. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ԼՂ և ՀՀ դեմ ագրեսիան ավելի օբյեկտիվ է քննարկվում միջազգային այն հարթակներում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակից չեն. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ելույթում, մասնավորապես, ասվել է. «Հարգելի' նախագահ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետեւյալ հարցադրումները. 1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ եւ անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջեւ: Ուստի, կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ եւ միանշանակ դիրքորոշումը. արդյո՞ք Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ արդյո՞ք պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից: 2. Լեռնային Ղարաբաղի առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, եւ դրանցից միայն մեկն է, կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի եւ հավանության արժանացնի. այն է՝ հարգանքը մարդկանց ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջեւանում: Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի տարբերակը: 3. «Նոր նորմա» է դարձել ժողովրդավարական ազատությունները եւ ավանդույթներն աշխարհաքաղաքական շահերի եւ Կասպից ծովի էներգառեսուրսների հասանելիության համար զոհաբերելը: Կցանկանայի իմանալ՝ ե՞րբ է Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել Եվրոպայի խորհրդի համար. երբ ակտիվ պայքարո՞ւմ էր Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ, թե՞ այսօր, երբ Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ իրականացնում է պատերազմական հանցագործություններ: 4. Առայժմ պարզ է, որ այն միջազգային հարթակներում, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը մասնակից չեն կամ գերիշխող դերակատարում չունեն, Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ զինված ագրեսիայի հարցերն ավելի օբյեկտիվ են քննարկվում: Ճի՞շտ եմ հասկանում, որ մեր կազմակերպությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերը կրում են ազգային որոշ պատվիրակությունների լոբբինգի եւ ռեսուրսների որոշիչ ազդեցությունը: 5. Արդյոք կա՞ այդպիսի հասկացողություն, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը եւ Զանգեզուրը» կարգախոսն աղետի հստակ բաղադրատոմս է: Դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարում է, երկրորդ՝ կոպիտ անհարգալից վերաբերմունք խաղաղ գործընթացում ընդգրկված միջազգային գործընկերների նկատմամբ, եւ երրորդ՝ բացահայտ կոչ է ի զեն՝ ուղղված Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը նոր Թյուրքական աշխարհը թյուրքական նկրտումներին համապատասխան վերագծելուն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին»:
17:08 - 11 հոկտեմբերի, 2022
«Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին
 |news.am|

«Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին |news.am|

news.am: «Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց։ Նիստի սկզբում պարզվեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկա չեն։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ փաստաբան Հայկ Ալումյանից ստացվել է հաղորդում Ճամբարակ քաղաքում նիստի մասին, որտեղ պետք է որոշվի պաշտպանյալի խափանման միջոցը։ Դատավորը հետաքրքրվեց նախկին նախագահից մյուս երկու փաստաբանների բացակայության պատճառի մասին։ Հովհաննես Խուդոյանը, նշեց դատավորը, անցած նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ բացակայելու է։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ փաստաբան Արամ Օրբելյանը մասնակցում է դատավարությանը, բայց քանի որ երեք փաստաբաններն ավելի քան բավական են, որոշվել է, որ նա ներկա կգտնվի, երբ ինքը միջնորդություն կներկայացնի, բայց եթե իմանային, որ Ալումյանն ու Խուդոյանը չեն լինելու, Օրբելյանին կկանչեին։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ծանոթացավ Ալումյանի հաղորդմանը եւ տեղեկացրեց, որ քանի որ Ճամբարակում նիստի մասին ծանուցումը թվագրված է սեպտեմբերի 30-ով, Ալումյանի բացակայությունը պետք է անհարգելի համարել։ Դատավորը նշեց, որ Ալումյանն ինքը կտա Բաղդասարյանին հետաքրքրող հարցերի պատասխանները գալիք նիստում։ Դատավորը բավարարեց Արմեն Գեւորգյանի փաստաբանի միջնորդությունը արտասահման մեկնելու մասին եւ տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ ինքն էլ մասնակցելու է որակավորման բարձրացման դասընթացների։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին։
14:27 - 04 հոկտեմբերի, 2022
Հրաժարական եմ ներկայացնում Աժ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան

Հրաժարական եմ ներկայացնում Աժ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։   «2021 թվականից հանդիսանալով ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:   Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ`  վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018  թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:   Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը  և ստանձնած պարտավորությունների իրականացումը  բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»,- ասված է Արմեն Գևորգյանի տարածած հայտարարության մեջ։ 
14:39 - 01 հուլիսի, 2022