ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Ժաննա Անդրեասյանը:

Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am: Նախորդ տարի ունեցել ենք 23 բյուջետային ծրագիր՝ 234 միջոցառումներով, ինչն ահռելի ծավալ է: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Խոսելով ԿԳՄՍ ոլորտում կատարողականի մասին՝ նախարարն ընդգծեց՝ ունենք իրավիճակ, երբ նախարարության համակարգման տիրույթում և բյուջեում արտացոլվում է Կառավարության խոշորագույն ծրագրերից «300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը, որտեղ կապիտալ ծախսերի մասով ունեցել են թերակատարումներ: «Առանց կապիտալ ծախսերի՝ նախարարության կատարողականը կազմել է 98,3 տոկոս»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:  Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ասաց՝ 2023-ի նկատմամբ 2024 թվականի համեմատ նախարարությունն ավելի է կատարել կապիտալ դասակարգվող ծախսերը շուրջ 30 միլիարդ դրամով, սակայն դա ամբողջ պատկերը չէ: Անդրեասյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշների աճը վկայում է այն մասին, որ ունենք վստահություն, որ բոլոր պլանները, որոնք դրված են նախարարության առաջ, հավակնոտ ծրագրեր են, բայց կուտակված ռեսուրսը և աշխատանքի տեմպը տալիս են վստահություն, որ այն ցուցանիշները, որոնք նախատեսված են Կառավարության ծրագրերով, իրականացվելու են: «Անդրադարձս նաև դպրոցներին և մանկապարտեզներին է: Հնչեցվեցին տարբեր թվեր: Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն, և ես առաջարկում եմ բոլոր թերահավատներին՝ դպրոցներ առաջիկա այցին մասնակցել կազմակերպվող շրջայցերին, գալ և տեսնել աշխատանքների կատարման որակը, ստանդարտը և ծավալը: Վստահաբար, այդ այցերից հետո թերահավատների թիվն էապես կպակասի»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
12:29 - 10 հունիսի, 2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր արդյունքների առթիվ՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները շատ ոգևորիչ են։ Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի կազմում հանդես եկած մարզիկները հաջողությամբ մասնակցել են ինչպես ձախ, այնպես էլ աջ ձեռքով մրցումներին՝ տարբեր դասակարգման քաշային կարգերում։ Եվրոպայի 27-րդ առաջնության ձախ ձեռքով մրցումներում ոսկե մեդալին արժանացել են Սարգիս Ստեփանյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանը, Նաիրա Մեսրոպյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել Գուրգեն Անտոնյանը, Վոլոդյա Բազեյանը, Կամո Կարապետյանը։ Աջ ձեռքով մրցումներում հաղթող են ճանաչվել Վալտեր Հարությունյանը, Վոլոդյա Բազեյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Գուրգեն Անտոնյանն ու Շահեն Բաբայանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Հայկ Ստեփանյանը, Էդվարդ Նիկողոսյանը և Սևակ Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։
11:35 - 08 հունիսի, 2025
Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ երրորդ նիստին քննարկվել է Արարատի և Լոռու մարզերում գտնվող 7 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկվել են նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։  Արարատի մարզի Արարատ գյուղի ամրոց-բնակատեղի 1, ամրոց-բնակատեղի 2, ամրոց-բնակատեղի 3 (Ք․ա․ V հազ․ - միջնադար) պատմամշակութային օբյեկտները ստացել են հանրապետական հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն մարզի Դաշտաքար գյուղի Գյուղատեղին (միջնադար), Ուրցաձորի երկու գյուղատեղիները)՝ տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Լոռու մարզի Ահնիձոր գյուղում գտնվող՝ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի բնակելի տանը (XIX դ․ վերջ-XX դ․ սկիզբ)։ Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ներկայացվել են նաև Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Թղիթ ամրոցի (պետցուցիչ՝ 6.32.1) օգտագործաման հանձնելու հարցը և ամրոցի տարածքում բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային համալիրի հիմնման ներդրումային ծրագիրը։
14:44 - 05 հունիսի, 2025
Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները. ՀՀ ԿԳՄՍ նախարար

Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները. ՀՀ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 2-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում:  ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների ձայնը լսելի դարձնող հարթակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպելու երեխաների ասելիքը, ներկայացնելու նրանց տեսակետներն ու հարցերը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորմամբ ևս երեխաների մասնակցայնության խնդիր է դրվել: «Ոլորտային ամենակարևոր անելիքներն ու ռազմավարական հարցերը ցանկանում էինք նաև աշակերտների հետ քննարկել, իմանալ նրանց կարծիքը, քանի որ կրթության համակարգի հիմնական շահառուները հենց երեխաներն են: Եթե խոսում ենք կրթության ոլորտի բարեփոխումներից, առաջին հերթին աշակերտներին լսելու կարիք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ քաղաքացիների ընդունելության գործընթացին զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունում պարբերաբար կազմակերպվում են նաև հանդիպումներ աշակերտների և ուսանողների հետ՝ նրանց հուզող հարցերին անդրադառնալու նպատակով: Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում բարձրացվող հարցերն ու խնդիրները սկզբունքորեն տարբերվում են ուսանողների և աշակերտների հետ հանդիպումներում բարձրացված հարցերից: «Չենք կարող առանց այդ միջավայրը ձևավորելու համոզվել, որ կայացվող որոշումներն ու իրականացվող քաղաքականությունն ուղղված են հենց երեխաների կարիքներին: Կարծում եմ՝ երեխաներին ուղղված մեր քաղաքականություններում ամենակարևոր իրավունքներից մեկը երեխաների մասնակցության իրավունքն է: Սա վերաբերում է ամենատարբեր ոլորտներին: Կարևոր է` ամենափոքր տարիքից երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու, ինքնուրույնության և պատասխանատվություն ստանձնելու հմտությունները: Նկատելի է, որ ավելի ինքնուրույն, պատասխանատու և մտածված որոշումներ կայացնող սերունդ է ձևավորվում, ինչը շատ ուրախալի է. սա հանրային զարգացման ամենաուղիղ ճանապարհն է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարն անդրադարձել է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին, որով երիտասարդության նվազագույն շեմ է սահմանվել 13 տարեկանը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանրային կյանքում երեխաների մասնակցությունը պետք է սկսվի հնարավորինս վաղ փուլում: ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընթացում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ՝ «Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու շրջակա միջավայրը», ինչպես նաև «Երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում, սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխայի հոգեկան առողջության վրա» թեմաներով: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սրանք ուղղություններ են, որոնց շուրջ հետևողական աշխատանք է իրականացվում: «Երեխաների առցանց անվտանգության հարցը դարձել է, թերևս, օրվա ամենակարևոր խնդիրներից մեկը: Տեսնում ենք, թե ինչպես են փոխակերպվում տարբեր մարտահրավերները թվային տիրույթում՝ սկսած բռնության ձևերից մինչև ամենատարբեր հարցեր: Հետևողական աշխատանք պետք է տանենք, քանի որ կան մինչև վերջ չպարզաբանված խնդիրներ. օրինակ՝ արհեստական բանականության կիրառության արդյունքում ձևավորվող հարաբերություններն ու փոփոխվող համակարգերը »,-ասել է նախարարը: Ըստ նրա` պանելային քննարկման մյուս թեման` շրջակա միջավայրի պահպանությունը, առնչվում է ավելի երկարաժամկետ ռազմավարություններին, որոնցում ևս երեխաների ներգրավվածությունը շատ կարևոր է: Խորհրդի նիստին մասնակցել և ներկաներին ողջունել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Անահիտ Մանասյանը կարևորել է երեխաների մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում. «Այս միջոցառումը կազմակերպվել է ոչ միայն երեխաների համար, այլև՝ երեխաների անմիջական մասնակցությամբ և ներգրավվածությամբ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեր կարևոր առաջնահերթություններից է: Սա ոլորտ է, որն ունի ամենօրյա ուշադրության կարիք»: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի դիտարկմամբ՝ երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող խնդիրները տեղ են գտել «Երեխայի իրավունքների կոմիտեի» եզրափակիչ դիտարկումներում: Նրա խոսքով՝ Երեխաների իրավունքների կոնվենցիան և եզրափակիչ դիտարկումները կողմնորոշիչ են, թե ինչ անելիքներ կան, և հետագայում ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվել՝ երեխայի իրավունքների բարելավման գործում հաստատուն քայլեր ձեռնարկելիս: «Անհրաժեշտ է հասկանալ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու դերակատարությունը, որ կարող ենք ստանձնել երեխայի իրավունքների բարելավման ուղղությամբ»,- ասել է Քրիսթինե Վայգանդը: Այնուհետև տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի շրջանակում կազմակերպված պանելային քննարկում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և մաղթել, որ երեխաներն իրենց պաշտպանված և ապահով զգան նաև դպրոցական միջավայրում: Երեխաների իրավունքների համատեքստում Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է հատկապես կրթության իրավունքի իրացումը: «ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որպեսզի մեր բոլոր տարիքի սովորողների և, մասնավորապես, երեխաների համար՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև մասնագիտական, ապահովվի հասանելի և որակյալ կրթություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ դպրոցական ծրագրում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: Սովորողների կողմից էլ հետաքրքրություն է ցուցաբերվում այս աշխատանքներում ներգրավվածության տեսանկյունից: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է դպրոցներում ԲՏՃՄ լաբորատորիաների հիմնումը, որոնք հնարավորություն են տալիս դպրոցականներին տեղում ստուգելու օդի աղտոտվածությունը, խոնավությունը և բազմաթիվ այլ հետազոտություններ կատարել նախագծային աշխատանքների և խմբակների գործունեության շրջանակում: Պանելային քննարկման մասնակիցները պատասխանել են աշակերտների բազմաբնույթ հարցերին, ներկայացրել իրենց դիտարկումները քննարկվող թեմաների վերաբերյալ:
16:50 - 02 հունիսի, 2025
Որեւէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը. ԿԳՄՍ նախարարը՝ վարչապետի հայհոյախառն գրառման մասին
 |news.am|

Որեւէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը. ԿԳՄՍ նախարարը՝ վարչապետի հայհոյախառն գրառման մասին |news.am|

news.am: Ես կարծում եմ՝ վարչապետն ինքը մեկնաբանել է իր գրառումը և ավելացնելու որևէ բան չունեմ։ Այդ մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ «Կրթությունը նորաձև է» արշավի մասնակից, երկրի վարչապետը հայհոյում է հոգևորականին։ «Եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար որևէ մեկիս չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է։ Լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում, օրինակ, իմ նկատմամբ։ Բնականաբար որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք շատ տարբեր քննարկումներ ենք ունեցել նաև առիթ ենք ունեցել կառավարության նիստում էլ այդ հարցերից խոսել և կարծում եմ՝ ավելի քան պարզ է դիրքորոշումը։ Ես կարծում եմ, որ այն մեկնաբանությունները ու վարչապետի կողմից նաև հավելյալ գրառումները, որ արվեցին, ավելի քան պարզ են դարձնում ասելիքը»։ Ինչ վերաբերում է եկեղեցիների՝ չոլանացված լինելու մասին վարչապետի հայտարարությանը, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Մենք ունենք մեր հուշարձանների հանդեպ հոգատարության, այդ թվում հանրային հոգատարության շատ լուրջ խնդիր։ Առաջին անգամ չեմ այդ մասին խոսում, այն տրամաբանությունը, որը գործում է մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն, և ես դրա համար ցավում եմ, ինչպես կարծում եմ, պիտի ցավա մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև եթե մենք արժևորում ենք մեր մշակույթը, առաջին հերթին պիտի մեր կողքը նայենք։ Քանի՞ անգամ եք տեսել ձեր կողքին մարդ, ով որ գտնվում է հուշարձանի տարածքում և, օրինակ, աղբ է գցում։ Քանիսն է մեզնից մոտեցել և ասել, որ դա չի կարելի անել։ Գիտեք, այստեղ կարելի է անընդհատ մեզ դնել զարմացած մարդկանց տեղ և մտածել, որ բացահայտվում են բաներ, որոնք մենք էլ չգիտեինք։ Դա տեղի է ունենում մեր կողքը, մեր բոլորի ներկայությամբ և մասնակցությամբ, և ավելի լավ է, եթե մենք այդ խնդիրներից խոսենք, խոսելու ձևերը կարող են տարբեր լինել, բայց այն, որ խնդիր կա և խնդիրներին պետք է անդրադառնալ, դա կարծում եմ ավելի քան ակնհայտ է»։ Հարցին՝  հայհոյանքը կրթելու գործընթացում օգնու՞մ է, նախարարն արձագանքեց. « Գիտեք, ես հասկանում եմ ձեր հարցադրումների տրամաբանությունը, ոճը, մոտեցումը, ինքս կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ։ Դա դիտում եմ նաև կրթության ուղիղ խնդիրը։ Մենք առիթ ենք ունեցել նաև խոսելու, որ ընտանիքներում են երեխաներին սովորեցնում որոշակի անպարկեշտ բառեր և որևէ կերպ չեմ կարող համարել դա ընդունելի, որովհետև կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք միասին խոսել, քննարկել՝ ունենալով տարաձայնություններ և դա կարող ենք անել մեր լեզվի հարուստ բառապաշարով»։ Նա հավելեց, որ այդ գործընթացը պետք է սկսեն բոլորը։
13:36 - 02 հունիսի, 2025
Ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ ու միասնական աշխատանք. ԿԳՄՍ նախարար

Ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ ու միասնական աշխատանք. ԿԳՄՍ նախարար

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։ Համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, միավորել ուսուցչական համայնքի ներուժը, կիսվել ոլորտի նորարարություններով: Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության, ինչպես նաև կրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների և դրանցում ուսուցչի դերակատարության վերաբերյալ քննարկումների պատրաստակամության համար: «Նախորդ տարի մեկնարկեցինք ուսուցչական տարեկան համաժողովները, քանի որ ուսուցիչներին և դպրոցներին լսելը, նրանց փորձը դիտարկելը շատ կարևոր ենք համարում։ Նմանօրինակ համաժողովներն առաջին հերթին պետք է դառնան միմյանցից սովորելու, գաղափարներ կիսելու և մասնագիտական հարցեր քննարկելու հարթակներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել համաժողովների մասնակցության շուրջ հետաքրքրության մեծացումը: Նախարարը շեշտել է՝ կրթության ոլորտի վրա մի շարք այլ գործոններ են ազդում, ինչպես օրինակ՝ տեխնոլոգիական և սոցիալական զարգացումը, որն ի հայտ է բերում տարբեր մարտահրավերներ: «Որոշ մարտահրավերների գիտենք՝ ինչպես արձագանքել, որոշների պարագայում, ինչպես օրինակ՝ արհեստական բանականության, դեռևս պարզ չէ՝ ինչպես արդյունավետ արձագանքել, և ինչպես պետք է փոխվի կրթությունն արհեստական բանականության գործիքների կիրառության պարագայում: Ընդ որում՝ մենք արդեն իսկ ունենք սովորողներ, որոնք այդ գործիքները կիրառում են: Պետք է հասկանանք, թե ինչպիսին պետք է լինի դպրոցի և ուսուցչի դերը՝ հաշվի առնելով այդ փոփոխությունները: Ստեղծագործական միտքն ու հարցերի բաց քննարկումը շատ կարևոր են լուծումներ գտնելու ճանապարհին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում երեք կարևոր շեշտադրում է արել: Առաջինը վերաբերել է պաշտպանական և անվտանգային հարցերին: «Կրթությունն է, որ կարող է տալ շատ հարցերի պատասխանը և էապես բաձրացնել երկրի անվտանգային մակարդակը՝ առաջին հերթին մրցունակ քաղաքացիներով: Մարդկանցով, որոնք գիտեն, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում, ճկուն են, ստեղծագործ և ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ՝ բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու: Մրցունակ և պատրաստված քաղաքացի ձևավորելը կրթական համակարգի առաջնային խնդիրն է : Բայց պետք է նաև հասկանանք, որ դպրոցներն իրենք պաշտպանության կարիք ունեն: Այդ պաշտպնությունն առաջին հերթին հանրային խոսույթում կրթության համակարգի հանդեպ նրբանկատությունն է, որի ձևավորումը նաև ջանք է պահանջում: Կրթական համակարգի մասին հանրային խոսույթը պետք է նպաստի խնդիրների լուծմանը՝ առանց նսեմացնելու համակարգում աշխատող մարդկանց և այն ահռելի աշխատանքը, որ արվում է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ շեշտել է նաև ուսուցիչների պաշտպանության խնդիրը. «Տևական ժամանակ մտածել ենք, որ մեր ուսուցիչների և մանկավարժների նկատմամբ ունենք ավանդական հարգանք և հեղինակության ընկալում: Այո, հարգանքը վաստակում են, բայց ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը, որոնք առաջին հերթին անվտանգ և ապահով միջավայրի հարցն են բարձրացնում, շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ և միասնական աշխատանք: Կարիք ունենք փոխելու ծնողների հետ աշխատանքի մեթոդները: Պետք է հասկանալ, թե կրթության կազմակերպման գործընթացում ինչպես պետք է ընդգրկել ծնողներին, որպեսզի այդ աշխատանքից շահի առաջին հերթին երեխան, շահի կրթությունը, և ոչ թե ունենանք իրավիճակ, երբ ծնողների մասնակցությունը վերածվում է կոնֆլիկտի»: Նախարարն ընդգծել է՝ պետք է ապահովվեն օրենսդրական և ինտիտուցիոնալ բոլոր լծակները, որպեսզի ուսուցիչները դպրոցներում լինեն պաշտպանված: «Եթե ուզում ենք դպրոցում ունենալ ուսուցիչներ, որոնք կարողանում են որակյալ կրթություն ապահովել, ապա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ուսուցիչն իրեն լավ զգա դպրոցում: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ուսուցիչների համար դպրոցը դառնա հաճելի, ապահով և սիրված աշխատանքային միջավայր»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Նախարարի մյուս կարևոր շեշտադրումը վերաբերել է երեխաների պաշտպանության խնդրին: Նա ընդգծել է՝ խնդիրները ոչ թե անհատական են, այլ համակարգային: «Պաշտպանությունն առաջին հերթին երեխաներին պատրաստվածությունն է՝ խթանելով նրանց ինքնուրույնությունը, ստեղծագործականությունը և նախաձեռնողականությունը: Պետք է բավարար իմաստուն և նրբանակատ լինել և կարողանալ նրանց ուղղորդել՝ առանց ճնշելու, աջակցել՝ առանց վնասելու, հետևել՝ առանց ազատությունը սահմանափակելու: Սա է կրթական համակարգի դերը: Դպրոցական կյանքը չի ավարտվում միայն դասարաններում, և մեր աշխատանքն էլ պետք է չավարտվի դասասենյակում»,- ասել է նախարարը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, փաստել է, որ կրթության ուղին սկսվում է դպրոցից. «Ուսուցիչն աշակերտի առաջին առաջնորդն է, առաջին օրինակն ու առաջին ոգեշնչողը։ Սիրելի՛ ուսուցիչներ, դուք ոչ միայն ուսուցանում եք, այլև ձևավորում եք մտածողության մշակույթ, որն աշակերտն իր հետ բերում է համալսարան։ Այդ մշակույթն է, որ հիմք է դառնում պատասխանատվության, գիտության, նորարարության և առաջընթացի համար։ Մեր աշխատանքները փոխկապակցված են, և դպրոցի աշխատանքից ուղղակիորեն կապված է նաև համալսարանի աշխատանքի որակը»,- ասել է ռեկտորը և հավելել, որ Երևանի պետական համալսարանը միշտ պատրաստ է համագործակցել հանակրթության համակարգի հետ։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշել է. «Ուրախ ենք նպաստել Հայաստանում կրթական համակարգի բարելավմանը՝ ԿԳՄՍ նախարարության հետ հաջող համագործակցությամբ աջակցելով կրթության բարեփոխումներին»։ Նա ներկայացրել է իր մանկավարժական փորձը՝ ուսուցիչներին խորհուրդ տալով համագործակցել այլ գործընկեր ուսուցիչների հետ՝ փորձարկելով նորարարական մեթոդներ ու չվախենալով դրանք ձախողելուց։ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինա Վայգանդը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն ու ԵՄ-ին երկարատև համագործակցության համար։ «Նորարական տեխնոլոգիաները, բացի ռիսկերից, նաև հնարավորություն են ուսուցչիների համար՝ կրթական գործընթացը կազմակերպելիս։ Վստահաբար, դրանք առավելագույնս կնպաստեն ուսուցման որակի բարելավմանը՝ մանկավարժական զարգացման հետ ձեռք ձեռքի քայլելով։ Մեր գործընկերների հետ համագործակցությամբ աշխատում ենք նպաստել այդ միջավայրի ապահովմանը»,- ասել է Քրիստինա Վայգանդը։ Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մենթոր դպրոցների պարգևատրման արարողություն, որին հաջորդել է պլենար նիստ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևաքսիա Սվաջյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ Արտաշես Թորոսյանը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող աշխատանքները, ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման տեսլականը: Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ և աշխատարաններ՝ ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր թեմաներով:
15:40 - 31 մայիսի, 2025
Կինոյի տանը տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը

Կինոյի տանը տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը

Կինոյի տանը տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, կինոսեր հասարակության ներկայացուցիչներ:   ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվել է յոթ օր, սակայն Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը շարունակվում է ամբողջ տարին․ «Հայաստանը գտնվում է եվրոպական մշակութային տիրույթում, երկկողմ ձևաչափով համագործակցում է եվրոպական բազմաթիվ երկրների հետ, իսկ Եվրոպական միության հետ մեր երկիրն ունի բազմակողմ համագործակցության օրակարգ։   Վերջերս ավարտվեց Ստեղծարար արդյունաբերության ծրագիրը, որը Եվրոպական միության կողմից ֆիանսավորվող ամենամեծ ծրագիրն է մշակույթի ոլորտում։ Նախաձեռնել ենք Հայաստան-Եվրոպական միություն շարունակական երկխոսություն մշակույթի ոլորտում, որը միտված է եվրոպական երկրների հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը։ Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության հարթակները շատ կարևոր են, քանի որ մշակույթն է, որ իրապես միավորում է ժողովուրդներին և պետություններին»։   Նա վստահություն է հայտնել, որ մշակութային ծրագրերը կխթանեն Հայաստանի և եվրոպական երկրների միջև միջմշակութային երկխոսությունը, ինչպես նաև կնպաստեն ՀՀ-ում իրականացվող մշակույթի ոլորտի բարեփոխումներին ու ենթակառուցվածքների զարգացմանը։   Անդրադառնալով փառատոնային ֆիլմերին՝ նախարարի տեղակալը նշել է, որ մեկ շաբաթ շարունակ Երևանի Կինոյի տանը հնարավորություն է ընձեռվել դիտելու միջազգային ճանաչում ունեցեղ հեղինակներ Ջոշուա Օփենհայմերի, Ռադու Ժուդեի, Միգել Գոմիշի և այլոց ֆիլմերը։ Եվրոպական ֆիլմերի փառատոնը եզրափակվել է Պաբլո Լարրինի «Մարիա» ֆիլմով:   Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը և Հայաստանի կինոգործիչների միությանը՝ կինոտոնի կազմակերպման համար:   Փառատոնի փակմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:   «Եվրոպական ֆիլմերի փառատոն-2025-ը վերահաստատում է կինոյի հզոր ներուժը՝ որպես կամուրջ, որը միավորում է մշակույթները և մարդկային փորձառության գունեղ ու բազմաշերտ կողմերը։ Փառատոնը նշանավորել է Եվրոպայի և Հայաստանի հարուստ մշակութային բազմազանությունը»,- ասել է դեսպան Վասիլիս Մարագոսը և շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր գործընկերներին փառատոնի կայացման գործում ունեցած ներդրման և գործընկերության համար։ Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվել է մայիսի 24-30-ը Կինոյի տանը:   Հանդիսատեսը 7 օր շարունակ բնօրինակ լեզվով ու հայերեն, անգլերեն ենթագրերով դիտել է «էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը:
11:47 - 31 մայիսի, 2025
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը

91 տարեկանում ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայ օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, սոպրանո Էլվիրա Ուզունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։  Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, ապա տեղափոխվել Հայաստան։ 1962 թվականից հանդես է եկել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կերտելով Անուշի կերպարը՝ Տիգրանյանի «Անուշ» օպերայում, Օլիմպիայի կերպարը՝ Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում, Ռոզինայի կերպարը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայում, Վիոլետայի կերպարը՝ Վերդիի «Տրավիատա» օպերայում և շատ ու շատ այլ դերերգեր։ 1978 թվականին արժանացել է Հայաստանի և Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին։ Էլվիրա Ուզունյանը հաջողությամբ հանդես է եկել նաև աշխարհի տարբեր բեմերում՝ Գերմանիայում, Կանադայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Նա նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Գառնի» (1966թ.), «Երիտասարդության ափը» (1969թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Կրկին հինգ օր» (1978թ.), «Հյուրանոց «Տատիկ»» (1980թ.), «Մասնակի դեպք» (1983թ.) և այլն։ Վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ համերգային գործունեությունից զատ, համագործակցելով ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, Բոստոնում ստեղծել և ղեկավարել է «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը՝ աջակցելով հայ երիտասարդ արտիստների կայացմանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին վշտակցությունն է հայտնում մեծանուն արտիստուհու ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նրա արվեստը հավերժ կմնա հայ մշակույթի և օպերային արվեստի պատմության մեջ։
11:13 - 30 մայիսի, 2025
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որը ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ., կշարունակվի նաև հետագա տարիներին: Հուշագրի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը և Հայաստան-Հունգարիա բարեկամական հարաբերությունների խորացմանը: Հունգարական կողմը ՀՀ քաղաքացիների համար առաջարկում է տարեկան առավելագույնը 30 կրթաթոշակ՝ Հունգարիայի բուհերում ինչպես հունգարերեն, այնպես էլ այլ օտար լեզվով ուսումնառության համար: Առաջնահերթությունը տրվում է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև բժշկության և առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներին։ Կրթաթոշակները տրամադրվում են բակալավրիատում (BA/BSc), մագիստրատուրայում (MA/MSc) և մեկաստիճան մագիստրատուրայում (OTM) առկա ուսուցմամբ, ինչպես նաև դոկտորանտուրայում (PhD/DLA) երեքից տասը ամիս տևողությամբ կրեդիտային համակարգով հեռակա ուսուցում ստանալու համար: Տարբեր մակարդակներում առկա ուսուցման ծրագրերի ցանկը հրապարակվում է «Տեմպուս» հասարակական հիմնադրամի էջում (www.tpf.hu):
18:16 - 27 մայիսի, 2025
Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը

Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը

Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը:  Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում  կհաստատվի Ֆրանկո­ֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից: «Մենք ուրախ կլինենք 2027 թվականի հերթական համաժողովն անցկացնել Հայաստանում»,- նշվում է փաստա­թղթում՝ շնորհակալություն հայտնելով մեր երկրին համաժողովը հյուրընկալելու առաջարկի համար:  2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը:   
15:58 - 27 մայիսի, 2025
Մենք ունենք գիտնականներ, որոնք շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան պետական պաշտոնյաները. ԿԳՄՍ նախարար
 |1lurer.am|

Մենք ունենք գիտնականներ, որոնք շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան պետական պաշտոնյաները. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am: Գիտության ոլորտը մեր Կառավարության ամենակարևոր առաջնահերթություններից է: Պատասխանելով քաղաքացիների տեսահարցերին՝ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ես ուզում եմ հիշեցնել մի քանի պարզ թվեր, որոնք ցույց են տալիս նաև մեր քաղաքականությունն այս ուղղությամբ և, մասնավորապես, ֆինանսավորման ընդհանուր ծավալների աճը, որ 2018 թվականի համեմատ կազմում է 280 տոկոս, և այդ իմաստով արդեն 40.2 մլրդ դրամ ֆինանսավորման մասին ենք խոսում գիտության ոլորտում, ինչը եթե բովանդակային առումով նայենք, ապա մի քանի ուղղություններով էական աշխատանքներ կատարելու հնարավորություն է տվել, և դրանից կուզեի առանձնացնել մի քանիսը: Մասնավորապես՝ մենք գիտության ոլորտում միայն բազային ֆինանսավորմամբ գիտնականների աշխատավարձերի շուրջ 300 տոկոս աճ ունենք: Ֆինանսավորման տրամաբանությամբ բազային աշխատավարձերի իրավիճակ ունենք, երբ մարդիկ ամսական 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, սրան գումարվում են տարաբնույթ դրամաշնորհային ծրագրերը, որոնց շրջանակներում այս գումարը կարող է ընդհուպ կրկնապատկվել: Մենք ունենք գիտնականներ, որոնք շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան պետական պաշտոնյաները: Կարծում եմ, որ սա առաջին հերթին ուղիղ ցուցիչ է Կառավարության վերաբերմունքի՝ գիտության ոլորտին»,- նշեց նախարարը: «Մենք բազմապատկել ենք կապիտալ սարքավորումներին ուղղված ծախսերը գիտության ոլորտում, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի մեզ մոտ այսօր իրականացվեն այնպիսի հետազոտություններ, որոնց համար նախկինում մեր գիտնականները պետք է գտնվեին արտերկրի լաբորատորիաներում: Մեր գիտությունը դառնում է միջազգայնորեն ավելի մրցունակ: Սա է ցույց տալիս գիտական հրապարակումների ընդհանուր ծավալը, որը մենք տեսնում ենք, և պետք է ասեմ, որ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում մեր հրապարակումների թվերը նախորդ տարեվերջի արդյունքներով պատմական ռեկորդներ են սահմանել: Օրինակ՝ Web of science գիտատեղեկատվական շտեմարանի տվյալներով՝ մեր հրապարակումների թիվը 2024 թվականի տարեսկզբի համար 1205 է եղել՝ նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 40 տոկոսով գերազանցելով: Նմանատիպ արդյունքներ ունենք նաև Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականներում հրապարակումների, որտեղ ունեցել ենք 2019 հրապարակում, ինչը 14 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հրապարակման ցուցանիշը: Սա ցույց է տալիս, որ մեր գիտությունը դառնում է միջազգայնորեն մրցունակ և հնարավորություն է  տալիս, որ այստեղ այնպիսի գիտական արդյունք ստանանք, որը կարող է տեխնոլոգիական և առևտրայնացման տեսանկյունից մեր երկրի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ բացել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: 
20:40 - 26 մայիսի, 2025
Համարձակ գնացեք առաջ՝ ձեր երազանքների ու նպատակների հետևից․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Վերջին դասի կապակցությամբ

Համարձակ գնացեք առաջ՝ ձեր երազանքների ու նպատակների հետևից․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Վերջին դասի կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ։ «Սիրելի՛ շրջանավարտներ, երբ ես ավարտում էի դպրոցը, մի պիես էի գրել մեր դասարանի մասին՝ նկարագրելով մեր դպրոցական կյանքի մի օրը։ Յուրաքանչյուրն այնտեղ խոսում էր իր մասին՝ իրեն բնորոշ հույզերով ու բառերով։ Վերջին զանգին մենք չբեմադրեցինք պիեսը, որովհետև մտածեցինք՝ այն շատ անսովոր է, ոչ ոք այդպես չի անում, և իրականում վերջին զանգը պետք է լինի քառյակներ առ մեր ուսուցիչները՝ համեմված մի քանի երգով։ Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է։ Վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների։ Դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին։ Այդ հույզերի մեջ անպայման կան ձեր ուսուցիչները, որոնք ձեր կյանքի շատ կարևոր մասն են՝ իրենց խորհուրդներով և ներկայությամբ, իրենց մեծ աշխատանքով։ Շնորհակալություն հայտնեք նրանց այդ մեծ աշխատանքի համար. ուսուցիչ լինելն ամենադժվար աշխատանքներից մեկն է։ Այդ հույզերի մեջ կան ձեր ընկերները՝ միասին անցկացրած օրերի ջերմությամբ։ Ձեր համատեղ դասերն ու նախագծերը, էքսկուրսիաները և ուղղակի միասին անցկացրած ժամանակը ժպիտների, արցունքների, ծիծաղի, շփոթվածության ու գուցե նաև վախերի ժամանակ է։ Ջերմ գրկեք ձեր ընկերներին։ Այո՛, դպրոցական կյանքը չի կրկնվում, բայց ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեք՝ ձեր մասնագիտությամբ և զբաղմունքով, ձեր ընկերներով ու սիրելիներով, դուրեկան ժամանցով ու սիրած աշխատանքով։ Չկա մի բան, որ չեք կարող անել, եթե շատ եք ուզում ու շատ ջանք եք դնում դրա համար։ Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից՝ սխալներից սովորելով, երբեք չընկճվելով և աճող կենսունակությամբ։ Դպրոցը նաև դրա մասին է՝ ձեզ կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլև էմոցիոնալ և հոգևոր հասունությամբ։ Լավ սովորեք, որ լավ ապրեք։ Բարի՜ երթ»,- ասված է ուղերձում։
09:28 - 23 մայիսի, 2025
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում է․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում է․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

Կառավարությունը մայիսի 15-ին հաստատեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։  Նախագծով Հայաստանի բարձրագույն կրթական և գիտական համակարգերում առաջարկվում են մի շարք արմատական փոփոխություններ, որոնց թվում են հետազոտական համալսարանների ստեղծման համար իրավական հիմքերի հաստատումը, գիտական կազմակերպությունների՝ համալսարանների կազմում ինտեգրումը, Գիտությունների ազգային ակադեմիայի նոր դերի սահմանումը, ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական ենթակառուցվածքների ստեղծման արգելքը՝ եզակի բացառություններով։  Հիշեցնենք, որ այս օրենքի տարբեր նախագծեր շրջանառության մեջ են դրվել՝ սկսած 2019-ից, սակայն օրենք այդպես էլ վերջնականապես չի ընդունվել։ Նախագծերից մեկը 2021-ին Ազգային ժողովում (ԱԺ) հաստատավել էր, սակայն մի քանի դրույթով հակասահմանադրական էր ճանաչվել։ Անցած տարվա աշնանը հրապարակվեց օրենքի լրամշակված նոր նախագիծը, որը քննարկումների ու առաջարկների ընդունման փուլից հետո հասավ կառավարություն և կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ընդունվեց՝ ուղարկվելով ԱԺ։ Հայաստանի գիտական ու բարձրագույն կրթական համակարգերը Այս պահին Հայաստանում գործում են մի քանի տասնյակ բուհեր, որոնց զգալի մասը կենտրոնացած  է հիմնականում կրթական գործառույթի վրա։ Որոշ բուհեր իրականացնում են նաև գիտական հետազոտություններ։ Գիտությունն իրականացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ավելի քան 30 ինստիտուտներում, ԳԱԱ կազմից դուրս գործող գիտական մի քանի անկախ կազմակերպություններում, ինչպես նաև գերատեսչական պատկանելիության ինստիտուտներում։  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ունենալ բուհերի նոր տեսակ՝ հետազոտական համալսարաններ, որոնք իրենց կազմում, ի թիվս կառուցվածքային այլ միավորների, կունենան գիտական առնվազն մեկ կազմակերպություն (հոդված 3)։ Նախագծով առաջարկվում է, որ գործեն երեք տեսակի հանրային գիտական կազմակերպություններ՝ հետազոտական համալսարանների կազմում գործող ակադեմիական միավորներ, որևէ գերատեսչության ենթակայությամբ գործող գիտական կազմակերպություններ, հանրային կազմակերպությունների (օրինակ՝ թանգարանների) կազմում գործող հիմնարկներ (հոդված 8)։ ԳԱԱ կազմում, ըստ նախագծի, ինստիտուտներ չեն գործելու, իսկ ԳԱԱ-ին վերապահվելու են նոր գործառույթներ, որոնց մասին՝ մի փոքր ուշ։ Բուհի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն, ըստ նախագծի, կարող է հիմնադրվել միայն այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում:  «Ընդ որում, դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները հետազոտական համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում (հոդված 27): Հանրային գիտական անկախ կազմակերպություններ ունենալու մասին որևէ դրույթ նախագծում առկա չէ։ Այս փաստը օրենքի նախագծի քննարկումների ժամանակ, մեկ անգամ չէ, որ առարկության է հանդիպել։ «Գիտուժ» նախաձեռնությունից, մասնավորապես, ԱԺ-ում նախագծի վերջին քննարկման ժամանակ նշել էին, որ տարբեր երկրներում սովորաբար հետազոտական համալսարաններին զուգահեռ գործում են նաև անկախ, երբեմն՝ տարբեր միավորումներում ներառված, գիտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են պետությունների կարիքներից բխող կիրառական հետազոտություններով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրասյանը, սակայն, նույն քննարկման ընթացքում նշեց, որ աշխատել կարող են գիտական համակարգի տարբեր մոդելներ, ապա հարցրեց՝ ո՞ր մոդելը կարող ենք մեզ թույլ տալ։ «Ամեն ինչը գին ունի․ արդյո՞ք մենք պատրաստ ենք առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության և ակադեմիական գիտության համար, մի հատ էլ միջազգայնորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Որտե՞ղ դա իմաստ ունի անել և որտե՞ղ իմաստ չունի։ Որտեղ դրանք համադրվում են, պիտի լինեն միասին, որտեղ չեն համադրվում, պետք է ձևակերպենք ու պահենք առանձին՝ բայց հասկանալով մեր ակնկալիքը ու արդյունքը»,- ասաց նախարարը։ Որքան էլ քննարկման ժամանակ նախարարը պնդում էր, որ կառավարության առաջարկած համակարգը բացառող չէ, տեսնում ենք, որ օրենքի նախագծով գիտական կազմակերպությունների տեսակները սահմանափակում են միայն երեքով՝ համալսարանների կազմում, գերատեսչությունների կազմում կամ հանրային կառույցների կազմում՝ չստեղծելով իրավական հիմքեր հանրային գիտական անկախ կառույցների կամ դրանց միավորումների ձևավորման համար։ Մյուս կողմից, ըստ նախագծի, հետազոտական համալսարաններն, ի թիվս կրթական գործառույթների, ունենալու են ավելի լայն գործառույցներ, այդ թվում՝  գիտական գործունեության միջազգայնացումը, Հայաստանի տնտեսության և պետական այլ մարմինների կամ կազմակերպությունների կարիքների համար հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացումը, ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելը (հոդված 6): Նախագծով առաջարկվում է, որ հետազոտական համալսարանների կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունները մասնակցեն համալսարանի կրթական ծրագրերին` ապահովելով որոշակի կրեդիտներ կրթական ծրագրերի հետազոտական և մասնագիտական բնույթի ակադեմիական մոդուլների մասով։  Գիտական կազմակերպությունները համալսարանների կազմում ունենալու են ինքնավարության որոշակի մակարդակ․ կարողանալու են գիտական այլ կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտական, տեխնոլոգիական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով, ինքնուրույն են լինելու գիտական կամ նորարարական գործունեության կազմակերպման, գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողների ատեստավորման ձևերի և պարբերականության ընտրության հարցերում (հոդված 8)։ Օրենքի պահանջները բուհերի վրա տարածվելու են 2026-2027 ուսումնական տարվանից, իսկ գիտական կազմակերպությունների վրա` 2026 թվականից (հոդված 43): Կարելի է ենթադրել, որ բուհերի խոշորացումը և գիտական կազմակերպությունների՝ բուհերին միավորումը սպասվում է 2026-ին։ Թե ինչպես առաջ քաշվեց բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունները խոշորացված բուհերի կազմում ընդգրկելու, ակադեմիական քաղաք ստեղծելու օրակարգը, կարող եք դիտել «Ինֆոքոմի» ֆիլմում։    Հոգաբարձուների խորհուրդները և բուհերի ապակուսակցականացումը Նախագծով առաջարկվում է, որ բուհն ունենա կառավարման հետևյալ մարմինները՝ հոգաբարձուների խորհուրդ, ակադեմիական խորհուրդ, ռեկտոր։ Հետազոտական համալսարանները, ի թիվս վերը նշվածների, ունենալու են նաև կառավարման կամ տնօրենների խորհուրդ (հոդված 26): Գիտական կազմակերպություններն ունենալու են կառավարման հետևյալ մարմինները՝  հոգաբարձուների խորհուրդ, գիտական խորհուրդ, տնօրեն: Ընդ որում, հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհուրդ է համարվելու համալսարանի հոգաբարձուների խորհուրդը (հոդված 27): Ըստ նախագծի՝ բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում ինչպես նաև ակադեմիական միավորների (ֆակուլտետներ, դպրոցներ, ամբիոններ, դոկտորական դպրոցներ, գիտական ինստիտուտներ) ղեկավար պաշտոններում արգելվելու է որևէ կուսակցության անդամ հանդիսացող, հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը: Նշված հանգամանքի առաջացումը հիմք է լինելու այդ պաշտոններից ազատման համար (հոդված 26)։ Բուհի հոգաբարձուների խորհուրդը կազմված է լինելու 20 անդամից: 10-ին առաջադրելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)՝ գիտության, կրթության կամ հումանիտար, արվեստների, սպորտի, գործարար միջավայրի բարձր հեղինակություն վայելող անձանցից, այդ թվում` Սփյուռքից կամ այլ պետության քաղաքացիներից: Մյուս 10-ին ներկայացնելու է բուհը` ակադեմիական կազմի ներկայացուցիչներից` ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից, ինչպես նաև ուսանողական մարմինների ներկայացուցիչներից: Հոգաբարձուների խորհուրդն է ընտրելու ռեկտորին և գիտական կազմակերպության տնօրենին (հոդված 28)։  Եվ չնայած, ինչպես արդեն նշեցինք, բուհի հոգաբարձուների խորհրդի համար կուսակցության անդամ լինելու և հանրային պաշտոն զբաղեցնելու արգելք կա, այդ արգելքը չի կիրառվելու մինչև 2029-2030 ուսումնական տարին։ Հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնելու 2029-2030 ուսումնական տարում։ Մինչև այդ հոգաբարձուների խորհուրդները ձևավորվելու են գործող կարգով, այսինքն՝ ակադեմիական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև վարչապետի և ԿԳՄՍՆ առաջադրած անդամներից։ Ավելին՝ անուսակցական և պաշտոնյա չլինելու արգելքը չի տարածվելու գործող կարգով ձևավորվող խորհուրդների վրա (հոդված 43)։  Հիշեցնենք, որ Ինֆոքոմն ուսումնասիրել էր Երևանում գործող 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմն ու պարզել, որ այդ բուհերի հոգաբարձուների խորհուրդների՝ վարչապետի առաջադրած անդամների մոտ 47%-ը կա՛մ քաղաքական պաշտոն է զբաղեցնում, կա՛մ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ է, կա՛մ էլ նույն կուսակցության աջակից/փոխկապակցված անձ է։ Իսկ ԿԳՄՍՆ առաջադրած անդամների 18․3%-ը կա՛մ պետական համակարգի աշխատող է, կա՛մ նախկին քաղաքական պաշտոնյա, կա՛մ ՔՊ փոխկապակցված անձ/ համակիր։ Այպիսով, չի բացառվում, որ բուհերի խոշորացումից հետո ևս հոգաբարձուների խորհուրդներում կշարունակեն առաջադրվել քաղաքական պաշտոնյաներ և կուսակցականներ, քանի որ հոգաբարձուների խորհուրդների ձևավորման կարգը կսկսի գործել 2029-ին միայն։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը դեռ 2019-ից է խոստանում ապակուսակցականացնել բուհերը։ Մինչդեռ գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձևավորվելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 8 ամսվա ընթացքում (հոդված 44)։ Մինչ հետազոտական համալսարանների կազմում ներառվելը, հիշեցնենք, գիտական կազմակերպությունները լինելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության կառույցներ։  Իսկ ըստ օրենքի նախագծի՝ գերատեսչական պատկանելության գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահին նշանակելու է տվյալ գերատեսչության ղեկավարը, իսկ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը ձևավորվելու է տվյալ գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ: Հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը սահմանվելու է կանոնադրությամբ  (հոդված 27):   Բուհերի ռեկտորներն ու գիտական կազմակերպությունների տնօրենները  Բուհի ռեկտորի, ինչպես նաև գիտական կազմակերպության տնօրենի համար, բացի անկուսակցական լինելու պահանջից, դրված է նաև առաջադրման պահին և պաշտոնավարման ընթացքում քաղաքական զսպվածություն և չեզոքություն դրսևորելու պահանջ  (հոդված 27, հոդված 31)։ Ե՛վ բուհի ռեկտորը, և՛ գիտական կազմակերպության ղեկավարը պետք է ունենան ԿԳՄՍՆ հաստատած միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտի կառավարիչների ակադեմիական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ կամ ԿԳՄՍՆ հաստատած, դրան առնվազն համարժեք որակավորում (հոդված 27, հոդված 31)։ Ե՛վ գիտական կազմակերպության տնօրենի, և՛ բուհի ռեկտորի պաշտոնների դեպքում նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նույն պաշտոնում։ Սակայն ռեկտորների դեպքում երկու անգամ անընդմեջ ընտրվելու սահմանափակումը տարածվելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն, և մինչ այդ ռեկտոր հանդիսանալու հանգամանքը չի դիտարկվելու (հոդված 44): Սա նշանակում է, որ բուհերի ներկայիս ռեկտորները հնարավորություն են ունենալու խոշորացումից հետո ևս երկու անգամ աընդմեջ ռեկտոր ընտրվելու։ Գիտական կազմակերպությունների տնօրենների մասով որևէ հստակեցում օրենքում առկա չէ։   Բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորումը Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական բյուջետավորումն իրականացվելու է բյուջետային առանձին ծրագրերով: Բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորումը հիմնված է լինելու կատարողականի վրա։ Բուհերը ստանալու են նաև կրթաթոշակների ֆինանսավորում, դրամաշնորհներ՝ նորարարական ծրագրերի համար, ինչպես նաև թիրախային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար։ Գիտական գործունեության պետական բյուջետային ֆինանսավորման ձևերը շատ փոփոխությունների չեն ենթարկվելու՝ բազային, թիրախային (ներկայումս՝ նպատակային) և դրամաշնորհային (հոդված 39)։  Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություններն ունենալու են առանձին բանկային հաշիվ կամ ենթահաշիվ, ազատ են լինելու տնօրինելու պետական բյուջեով և դրամաշնորհներով կամ այլ ծրագրերով իրենց տրամադրված միջոցները` միևնույն ժամանակ դրամաշնորհային և արտաբյուջետային այլ ծրագրերի մասով որոշակի վերադիր գումար հատկացնելով համալսարանի ընդհանուր բյուջեին  (հոդված 27): Պետական աջակցության ծրագրերից օգտվել կարողանալու են նաև մասնավոր գիտական կազմակերպությունները, եթե գրանցվեն գիտության կառավարման տեղեկատվական համակարգում (հոդված 8)։    ԳԱԱ դերն ու գործառույթները Նախագծով առաջարկվում է, որ ԳԱԱ-ն գործի որպես ինքնակառավարվող հիմնադրամ, որն իր կազմում կներառի՝ ԳԱԱ անդամներին (ակադեմիկոսներին և ասոցացված անդամներին), ԳԱԱ գիտական բաժանմունքները,  ԳԱԱ աշխատակազմը,  ԳԱԱ պատվավոր և արտասահմանյան անդամներին, հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին: «Ակադեմիայի գործունեության ինքնավարությունն իր կառուցվածքն ու փորձագիտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, գիտական գործունեության արդյունավետության և արդյունքների գնահատման ձևերն ու մեթոդներն ինքնուրույն որոշելու, միջազգային գիտական համագործակցության ուղղություններն ու եղանակներն ինքնուրույն ընտրելու և ֆինանսական ռեսուրսներն ինքնուրույն կառավարելու իրավասությունն է»,- ասվում է նախագծում։ ԳԱԱ կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները, անդամների ընտրության կարգը, հաստատելու է կառավարությունը։ ԳԱԱ անդամների առավելագույն թիվը լինելու է 100։ ԳԱԱ-ն ունենալու է կառավարման հետևյալ մարմիններները՝ ընդհանուր ժողովը, հոգաբարձուների խորհուրդը` ակադեմիայի նախագահությունը, գործադիր մարմինը` նախագահը: ԳԱԱ նախագահությունը բաղկացած է լինելու 11 անդամներից, որոնք  կարող են լինել պետական բարձր պաշտոն կամ գիտության և կրթության բնագավառների բարձր հեղինակություն վայելող և ղեկավար պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձինք։ Նախագահության անդամներից 3-ին առաջադրելու  է կառավարությունը, մյուս անդամներն ընդհանուր ժողովն ընտրելու է ԳԱԱ կազմից։ Նախագահության կազմը հաստատելու է Կառավարությունը։ Նույն անձը չի կարողանալու ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԳԱԱ նախագահության անդամ: Նախագահությունն ակադեմիկոսների թվից ընտրելու է  ԳԱԱ նախագահին, և ընտրության արդյունքները հաստատելու է կառավարությունը։  Նախագծով սահմանվում է, որ ԳԱԱ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները դադարեցվելու են, եթե լրանա նրա 75 տարին: Իսկ ԳԱԱ անդամներին գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժի առկայության և 75 տարին լրանալու դեպքում հատկացվելու է ամենամսյա դրամական վճար։ Նշենք, որ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքով կամ ԳԱԱ կանոնադրությամբ այժմ նախատեսված չէ, որ ԳԱԱ նախագահության կազմը կամ նախագահի ընտրությունների արդյունքները հաստատում է կառավարությունը։ Սպասվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում, փաստորեն, ԳԱԱ-ն ավելի մեծ կախվածություն կունենա կառավարությունից։ Նախագծով առաջարկվում է սահմանել ԳԱԱ գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները՝ հետազոտությունների գերազանցության խրախուսումը` քննարկումների և համաժողովների կազմակերպմամբ, հայագիտական հետազոտությունների աջակցությունը, գիտական գործունեության բազային և պետական այլ նախագծերի փորձաքննությանը և ծրագրերի մշտադիտարկմանը մասնակցությունը, Հայաստանի գիտության ոլորտի վերաբերյալ տարեկան և հնգամյա պարբերականությամբ զեկույցների պատրաստումն ու հրապարակումը, կառավարությանը և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը, գիտական ամսագրերի հրապարակումը, գիտական մշակույթի տարածումը, գիտաչափական և գիտական-գրադարանային արդի ծառայությունների մատուցումը, գիտական գործունեության արդյունքում ստացված գիտելիքի նկատմամբ վստահության ձևավորումը, գիտության հանրայնացման միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ սովորողների շրջանում գիտական գործունեության ներկայացման և հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորման ծրագրերի միջոցով, միջգիտակարգային երկխոսության ապահովումը, հանրային և համամարդկային նշանակության գիտական խնդիրների բացահայտումը, ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը` գիտականորեն կշռադատված, անկախ և թափանցիկ եղանակով, ապահովելով գիտական արդյունքի փոխարկումը հանրային և համամարդկային արժեքի: ԳԱԱ գործունեությունների շրջանակն ավելի է լայնացել՝ համեմատած օրենքի նախագծի՝ անցած տարվա սեպտեմբերին շրջանառության մեջ դրված տարբերակի հետ։ Այս փոփոխությունը արդյունք է ԳԱԱ նախագահության և կառավարության քննարկումների։ Այս հանգամանքը պարզ դարձավ ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ, երբ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հայնտեց՝ կառուցողական քննարկում են ունեցել, և ԳԱԱ-ն պատասխանատու, կարևոր դերակատարություն է ունենալու։ Օրենքի նախագծով նաև առաջարկվում է, որ ԳԱԱ-ն յուրաքանչյուր տարի կազմակերպի տարեկան գիտաժողով, որի ժամանակ հանրային գիտական կազմակերպությունները կներկայացնեն իրենց գիտական գործունեության ուղղությամբ հաշվետվությունները, իսկ ԳԱԱ-ն գնահատի հաշվետվությունները և ներկայացնի ԿԳՄՍՆ՝ որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ: ԳԱԱ-ին վերաբերող կարգավորումներին կարող եք ծանոթանալ նախագծի 9-րդ հոդվածում։ Օրենքի ընդունումից հետո ԳԱԱ համակարգում գործող գիտական բոլոր կազմակերպություններն անցնելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության մինչև բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների ինտեգրման գործընթացը (հոդված 43) Օրենքն ուժի մեջ մտնելու հետո` 6 ամսվա ընթացքում, հաստատվելու է ԳԱԱ կանոնադրությունը, կազմակերպվելու է նոր անդամների ընտրությունը, ձևավորվելու է հոգաբարձուների խորհուրդը (նախագահություն), և ընտրվելու է նախագահ (հոդված 44)։   Ակադեմիական քաղաքը Օրենքի նախագծով սահմանվում է, որ ակադեմիական քաղաքը լինելու է կրթության, հետազոտության, փորձարարական մշակումների, նորարարության, ինչպես նաև մշակութային և մտավոր ժամանցի համար պետության կողմից ստեղծված արդիական միջավայր, որն ապահովելու է ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համընթաց համագործակցությունը և երաշխավորելու է ոլորտների միջազգային մրցունակությունը և գերազանցությունը (հոդված 3): Ակադեմիական քաղաքի տարածքում մասնավոր կազմակերպությունները ևս կարողանալու են գործունեություն ծավալել, եթե դա բխի քաղաքի զագացման հայեցակարգից: Ակադեմիական քաղաք տեղափոխման արդյունքում ազատված և չօգտագործվող բուհական և գիտական ենթակառուցվածքների կառավարումը, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ, իրականացնելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, իսկ ստացված եկամուտն օգտագործվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով, չօգտագործված գումարով էլ համալրվելու է հիմնադրամի անձեռնմխելի կապիտալը (հոդված 42): Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվելու է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չլինի ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով: Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող բուհերը գործունեությունը կարողանալու են շարունակել իրենց գործունեության վայրում: Իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կրթական ենթակառուցվածքների ընդլայնում հնարավոր է լինելու միայն ակադեմիական քաղաքի հայեցակարգի հետ համապատասխանության պարագայում (հոդված 44): Մյուս կողմից, Հայաստանում բուհերի միջազգային վարկանիշավորման աղյուսակների առաջին հիսունյակում գտնվող բուհերի մասնաճյուղեր հիմնադրելիս կառավարությունը կարողանալու է սահմանել այդ մասնաճյուղերի գործունեության համար լիցենզավորման և դրանց կազմակերպական-իրավական ձևին և գործունեության բնույթին վերաբերող այլ պայմաններ (հոդված 43): Թե ինչ փուլերով է նախատեսվում կառուցել ակադեմիական քաղաքն ու տեղափոխել այնտեղ բուհերը, կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։   Գիտության առևտրայնացում և ձեռնարկատիրական գործունեություն Օրենքի նախագծում կան կարգավորումներ, որոնք վերաբերում են գիտության առևտրայնացմանն ու բուհերի՝ ձեռնարկատիրական գործունեությանը։ Նշվում է, որ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործառույթներից է լինելու աջակցել գիտական արդյունքի առևտրայնացմանն ու գործնական կիրառություններին և նորարարական գործունեության իրականացմանը (հոդված 37)։ Բուհի գործառույթներից է լինելու իր աշխատողների մտավոր սեփականության իրացման և տարածման նպատակով ստեղծել ընկերություններ, հիմնարկներ, մասնաճյուղեր և կառուցվածքային միավորներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում։ Նախագծով սահմանվում է, որ բուհն իր, ինչպես նաև իր աշխատողների մտավոր գործունեության արդյունքների իրացման նպատակով կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց:  Իսկ հետազոտական համալսարանն, ի թիվս այլնի, իր կազմում կարող է ունենալ փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ և այլ ենթակառուցվածքներ (հոդված 6):   Գնումների գործընթաց Օրենքի նախագծում անդրադարձ կա նաև գնումներ գործընթացին։ Մասնավորապես նշվում է, որ հանրային բուհերում «Գնումների մասին» օրենքով կառավարությանը վերապահված լիազորությունները փոխանցվելու են հոգաբարձուների խորհրդին (հոդված 7)։ Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև «Գնումների մասին» օրենքում։ Նշենք, որ «Գնումների մասին» օրենքի կարգավորումների խնդիրների մասին գիտական համայնքը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է։ Հաշվի առնելով, որ գիտական սարքերը, փորձերի համար անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու համար պետք է գնման մրցույթ հայտարարել և հետևել օրենքի ընթակացակարգերին, փորձերի համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները շատ ուշ են հասնում Հայաստան՝ դանդաղեցնելով հետազոտությունների ընթացքը։ Երեք տարի առաջ կառավարությունը գնման գործընթացին վերաբերող որոշումներից մեկում փոփոխություն կատարեց՝ հնարավորություն տալով, որ հրատապության հիմնավորում ունենալու պարագայում գիտական կազմակերպության ղեկավարի որոշմամբ ավելի դյուրացված ընթացակարգերով գնում իրականացվի։ Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ՝ գործադիրից խնդրելով թույլտվություն, որ  գնման գործընթացն իրականացվի այլ պայմաններով։ «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի ընդունումից և «Գնումների մասին» օրենքում փոփոխություններից հետո, փաստորեն, կառավարության այս լիազորությունները կփոխանցվեն հոգաբարձուների խորհրդին։   Բուհերում ընդունելությունը և կրթական գործընթացը Հայաստանում գործող բոլոր բուհերը՝ անկախ տեսակից կամ կարգավիճակից, ենթակա են լինելու լիցենզավորման, իսկ լիցենզիայով սահմանվող՝ ուսանողների սահմանային թիվը չի կարող պակաս լինել 4000-ից  (հոդված 14): Երեք տարի անընդմեջ ուսանողների՝ լիցենզիայով տրամադրված սահմանային թվի կեսից պակասը  համալրելու դեպքում բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցվելու է (հոդված 15): Բարձրագույն կրթության որակավորում շնորհող բոլոր մակարդակների կրթական ծրագրերը ևս ենթակա են լինելու լիցենզավորման, իսկ եթե որևէ կրթական ծրագրով երեք տարի անընդմեջ սահմանային տեղերի կեսից պակաս ընդունելության արդյունքներ գրանցվեն, լիցենզիայի գործողությունը դադարեցվելու է (հոդված 16)։ Բուհ առաջին շրջափուլով ընդունվելիս «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը պարտադիր են լինելու։  Բուհերն ազատ են լինելու սահմանելու ընդունելության պահանջները, որոնք կարող են լինել հանրակրթական ավարտական փաստաթղթի միջին գնահատական, մոտիվացիոն նամակ, ներբուհական քննություններ և այլն։ Բարձրագույն կրթության առաջին մակարդակի և ինտեգրված կրթական ծրագրերով դիմորդները կարողանալու են դիմել սովորելու համար մեկ և ավելի բուհերի կրթական ծրագրերով, ինչպես նաև սովորել միաժամանակ երկու մասնագիտություններով, որոնցից միայն մեկը կարող է լինել լրիվ ծանրաբեռնվածությամբ (հոդված 21):  Առաջարկվում է, որ բուհը կարողանա կրթական ծրագրեր իրականացնել նաև այլ բուհերի, գիտական կազմակերպությունների կամ արդյունաբերական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Դրանք են՝ համատեղ կրթական ծրագրեր, որոնք իրականացվում են բուհի և այլ բուհի, գիտական կազմակերպության կամ արտադրական կազմակերպության համագործակցությամբ, և ավարտին շնորհվում է մեկ մասնագիտությամբ որակավորում՝  ներգրավված բոլոր կազմակերպությունների համատեղ դիպլոմով, կրկնակի որակավորման կրթական ծրագրեր՝ մեկ բուհի շրջանակներում կամ երկու կամ ավելի բուհերի համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագրեր, որոնց ավարտին շնորհվում է երկու մասնագիտություններով որակավորում ՝ կրկնակի որակավորման դիպլոմով, կրկնակի որակավորման համատեղ դիպլոմով կամ տարբեր որակավորումներ շնորհող երկու դիպլոմներով (հոդված 10): Առաջարկվում է, որ ուսանողները կարողանան կազմել ուսուցման անհատական պլան` ընտրելով տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացները (ակադեմիական մոդուլները), ինչպես նաև բուհի սահմանած կարգով գրանցվել ցանկացած այլ ուսումնական մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում (հոդված 22): Հետազոտական համալսարաններում կարող են գործել նաև դոկտորական դպրոցներ, որոնք պատասխանատու են լինելու բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթության կազմակերպման համար (հոդված 6)։  Իսկ գիտական աստիճանների շնորհման համակարգը դառնալու է միաստիճան, գիտության թեկնածուներ այսուհետ չեն լինելու, լինելու միայն դոկտորներ (հոդված 3)։ Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ այն է, որ լիցենզավորված բուհերն իրենց կառուցվածքում ունենան Էթիկայի գրասենյակ,  որը պետք է ստանա, գնահատի և առաջարկի լուծումներ ուսանողների, ակադեմիական կազմի և աշխատակազմի՝ ակադեմիական, գործառնական, էթիկական կամ բարեվարքությանն առնչվող բողոքներին (հոդված 33)։  Տարիքային շեմեր և դրամական վճարներ Բուհերում վարչական, ակադեմիական ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց լիազորությունները դադարեցվելու են 65 տարին լրանալիս (հոդված 23)։ Բուհում կամ գիտական կազմակերպությունում գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն 8 տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում պետությունը նրանց տալու է ամենամսյա դրամական վճար (հոդված 24)։   Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականությունը Նախագծում նշվում է, որ, ի թիվս այլնի,  բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականության սկզբունքներն են`  ակադեմիական կազմի կողմից հանրային պատասխանատվության գիտակցման ձևավորումը, ազատությունների և պատասխանատվությունների հավասարակշռված կիրարկումը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ապաքաղաքական և աշխարհիկ բնույթը (հոդված 4): Իսկ բուհերի գործառույթների մեջ, ի թիվս այլնի, մտնելու է քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության, ազգային և համամարդկային արժեքների արմատավորումը (հոդված 6): Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու հայագիտության զարգացումը (հոդված 4)։ Պետական քաղաքականության ուղղություններից մեկն էլ եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության համակարգի ինտեգրումն է՝ «կրթական և գիտական լավագույն ավանդույթների և նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ» (հոդված 4)։ Թե ինչպես է կառավարությունը հիմնավորում, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման լավագույն ճանապարհը բուհերի խոշորացումն ու գիտական կազմակերպությունների՝ խոշորացված բուհերում ինտեգրումն է, ինչպես է այդ փոփոխությունն, ըստ կառավարության, նպաստելու գիտության արդյունավետ սերնդափոխությանը, և ինչ հակափաստարկներ կան այդ հիմնավորումներին, կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ-ում երկու քննարկում է տեղի ունեցել, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։    Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
15:54 - 21 մայիսի, 2025
ԿԳՄՍ նախարարը Էստոնիայում քննարկել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների հարցը՝ Տարտուի օրինակով

ԿԳՄՍ նախարարը Էստոնիայում քննարկել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների հարցը՝ Տարտուի օրինակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ դարի ձեռագիր շարակնոցը՝ նրա մակագրությամբ․ «Հայկական եկեղեցական երգեր՝ գրված 1289 թ․։ Նվեր Դորպատի Կայսերական գրադարանին՝ հայ սարկավագ Խաչատուր Աբովյանից, 1831 թ․ մարտի 5, Դորպատ»։ Այն Աբովյանի անձնական գրադարանից պահպանված միակ գիրքն է: Այցի ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախարարը էստոնացի գործընկերներին ներկայացրել է նաև Մատենադարանի գործունեությունը, որի ընթացքում անդրադարձ է եղել երկու կառույցների միջև հնարավոր համագործակցությանը:Հաջորդիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Տարտուի համալսարանի հետազոտությունների գծով պրոռեկտոր Մարի Մուրայի հետ: Նախարարը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես «Ակադեմիական քաղաք» ծրագիրը: Այս համատեքստում քննարկվել է վերջինիս շրջանակում համագործակցության հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են միջազգային համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման, ֆինանսավորման մեխանիզմների և այլ հարցերի: Նախարարը հանդիպել է նաև համալսարանի ուսանողների հետ, որոնց հետաքրքրել են միջազգային համագործակցության հարցերը:Նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Տարտուի քաղաքապետ Ուրմաս Կլաասի հետ:  «Տպավորված ենք Տարտուի համալսարանում կատարած այցելությամբ և հայ մեծանուն մտավորական, գրող Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսով: Սա մեր ժողովուրդների փոխճանաչության, մշակութային կապերի ամրապնդման լավագույն օրինակներից է: Վստահ եմ՝ այս այցը կնպաստի տարբեր ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու համագործակցության հեռանկարների զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը քննարկվել է ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների հարցը՝ Տարտուի օրինակով, ինչպես նաև համայնքային կառավարման համատեքստում երիտասարդների ընդգրկվածությունը:Պատվիրակությունն այցելել է նաև Էստոնիայի ազգային թանգարան, հետևել  էստոնացիների առօրյային և մշակութային ժառանգությանը նվիրված «Հանդիպումներ» և  ֆիննոուգրական ժողովուրդների կյանքը ներկայացնող «Ուրալների արձագանքը» ցուցադրություններին: Էստոնիայի ազգային թանգարանի ներկայացուցիչները ներկայացրել են թանգարանի տնտեսական գործունեության առանձնահատկությունները և գործիքակազմը, որոնք օգնում են մի կողմից շարունակաբար զարգացնել թանգարանի գործունեությունը, մյուս կողմից՝ մեծացնել ֆինանսական ինքնաբավությունը։
22:50 - 19 մայիսի, 2025
Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից
 |news.am|

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից |news.am|

news.am: Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը ուրբաթ օրը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը։ Հարցին՝ ազատման դիմում է գրել միայն տնօրենը, թե՞ այլ աշխատակիցներ եւս, նա պատասխանեց. «Տնօրենն է ազատում ու նշանակում աշխտակիցներին, այս պահին տնօրեն չկա, որ ազատումներ լինեն։ Միգուցե, տնօրեն լինի, լինեն նաեւ ազատման դիմումներ»։ Մարտուն Մանուկյանը նշեց, որ 2 ժամից դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված կլինի։ «Դասապրոցեսը նորմալ ընթանում է, ես եմ կազմակերպում աշխատանքը դպրոցում»,– հավելեց նա։ Հիշեցնենք՝  Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ),  4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս դեպքի առնչությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ եթե եղել են մարդիկ, որոնք տեղյակ են եղել այս վիճակից, նրանք անհապաղ կազատվեն պաշտոններից։ «Չէր կարող 4 ամիս տեւած իրավիճակը աննկատ լինել, սա նշանակում է՝ ինչ–որ մեկն իր տեղում չի եղել այնպես, ինչպես որ պետք է։ Կոմպրոմիս չի լինելու, հարցեր են առաջանում, եւ եթե պարզվի՝ որեւէ մեկը բավարար չի արել իր գործը, չպիտի թույլ տանք, որ նման մարդը շարունակի աշխատել երեխաների հետ։ Երեխայի հետ ամենօրյա առնչվություն անձը չի կարող չնկատել վարքի փոփոխություն։ Ես ուղիղ տեսնում եմ դպրոցի պատասխանատվությունը»,– ասել էր նա։
13:27 - 19 մայիսի, 2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Մերձավան գյուղի և Մխչյան գյուղի դպրոցներ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Մերձավան գյուղի և Մխչյան գյուղի դպրոցներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից։   Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ խնդիրների կարգավորման և առաջիկա օրերին ուսումնական տարվա ամփոփման աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ։ Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։
13:15 - 17 մայիսի, 2025