Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Գլխավոր դատախազն այցելել է ՀՀ զինված ուժերի N բանակային զորամիավորում. Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի

Գլխավոր դատախազն այցելել է ՀՀ զինված ուժերի N բանակային զորամիավորում. Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Գլխավոր դատախազը Զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանի հետ զրույցում քննարկել է բանակում կարգապահության, զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում հանցագործությունների կանխարգելման և այս համատեքստում Զորամիավորման ու Կայազորի զինվորական դատախազության միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Աննա Վարդապետյանը շրջայց է կատարել Զորամիավորման տարածքում, այցելել սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող օպերատիվ կառավարման կենտրոն, կորպուսի հատուկ նշանակության գունդ, այնուհետև՝ N մարտական դիրք, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ: Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի, Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանի և Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման մանրամասները:
12:11 - 29 նոյեմբերի, 2023
Հայաստանում ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդների հետ այցելել է Տավուշի մարզ
 |news.am|

Հայաստանում ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդների հետ այցելել է Տավուշի մարզ |news.am|

news.am: ՀՀ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Տավուշի մարզ։ Տեղեկությունը X-ի էջում հայտնում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։ «ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է ԵՄ առաքելությանը` Տավուշի մարզի շրջանների պարեկության գործում։ Այցը կազմակերպել է Իջևանում առաքելության ներկայացուցչությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ Երևանում:
15:30 - 15 նոյեմբերի, 2023
Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում. քամու ուժգնության հետևանքով այն շարունակում է տարածվել Հաղարծնի տեղամասում

Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում. քամու ուժգնության հետևանքով այն շարունակում է տարածվել Հաղարծնի տեղամասում

Նոյեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, «Դիլիջան» ազգային պարկի 15 և Դիլիջանի ոստիկանության 1 աշխատակից։ Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Նոյեմբերի 7-ին` ժամը 07:00-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նոյեմբերի 7-ին` ժամը 15։00-ին, քամու ուժգնության հետևանքով հրդեհը շարունակում է տարածվել «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծնի տեղամասում։  
16:01 - 07 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա․ Փաշինյանը՝ ադրբեջանական կողմի՝ «անկլավների» պահանջի մասին

Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա․ Փաշինյանը՝ ադրբեջանական կողմի՝ «անկլավների» պահանջի մասին

 «Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա»,- Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Ադրբեջանը պահանջում է «անկլավներ»․ «Դրա համար նրանք (ադրբեջանցիները,-խմբ․) կարող են փորձ անել մի շարք թեմաներ օգտագործել հետագա սրացումների և էսկալացիաների համար։ Այս է պատճառը, որ մենք ընդհանուր ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում և պետք է բոլոր պրոբլեմները և Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք և հստակ աշխարհին, մեր հանրությանը հասկանալի դիրքորոշում որդեգրենք, որը կբխի ՀՀ շահերից»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, քանի որ նույն Տավուշի մարզում, ինչպես ասաց Փաշինյանը, ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և այլ տարածքներում նույնպես․ «Մենք 2021-ին առաջարկել ենք, ասել ենք՝ եկեք որոշենք՝ որն է սահմանազատման քարտեզը, որ այդ գծից զորքերը հայելային հետ քաշենք։ Փորձը ցույց է տալիս, որ չլուծված որևէ հարց, կամ լուծման ռելսերի վրա չդրված ցանկացած հարց X պահի դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ»,- շեշտեց նա։ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև 29.800 կմ² մեջ մտնում է նաև Արծվաշենը․ «ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան այդ տարածքի վրա։ Ով էլ խոսի անկլավների մասին, ապա պետք է սեղանին դնի քարտեզ, թե ինչով է հիմնավորվում այդ անկլավների գոյությունը։ Սա պարզ հարց չէ»,- ասաց Փաշինյանը։
23:37 - 10 հոկտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերից հետո մենք ավելացրել ենք պարեկների թիվը սահմանի այդ հատվածներում․ Մարկուս Ռիտեր
 |armenpress.am|

Ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերից հետո մենք ավելացրել ենք պարեկների թիվը սահմանի այդ հատվածներում․ Մարկուս Ռիտեր |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերի տարածումից հետո Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը սահմանային այդ հատվածներում․ դիտորդներն իրենց աչքով տեսածը հաղորդել  են Բրյուսել։   Այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։   «Երբ եղան ադրբեջանական ուժերի կուտակումների մասին խոսակցություններն ու լուրերը, մենք սահմանի այդ հատվածներում ավելացրեցինք մեր պարեկների թիվը։ Մենք մեր տեսածը պարբերաբար հաղորդել ենք Բրյուսել։ Մենք նաև X-ում գրառումներ ենք արել` կոչ անելով բարելավել իրավիճակը և թուլացնել լարվածությունը։ Կարծես թե, մինչ այս պահը դա աշխատել է»,- նշեց Ռիտերը։ Ռիտերն անդրադարձավ  նաև Իջևանում ԵՄ առաքելության օպերատիվ գրասենյակի բացմանը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա, որպեսզի դիտորդները օր ու գիշեր պարեկություն իրականացնեն Տավուշի մարզի սահմանային հատվածներում։ «Այսօր մենք Իջևանում բացել ենք Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գրասենյակը՝ Տավուշի մարզում պարեկություն իրականացնելու համար։ Մինչ այս պահը մենք այս մարզում պարեկությունը իրականացնում էինք Մարտունիի մեր գրասենյակի միջոցով։ Այստեղ հասնելու համար երկար ճանապարհ էինք անցնում, նաև քիչ էր պարեկների թիվը։ Հիմա, այստեղ ունենալով մշտական բազա, մենք կարող ենք օր ու գիշեր պարեկություն իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով»,- մանրամասնեց նա։ Մարկուս Ռիտերը նաև հայտնեց, որ այս շաբաթվա վերջում կբացեն ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբը Եղեգնաձորում։  «Մեր գլխավոր շտաբը կիսված է՝ մեկը Եղեգնաձորում է, մյուսը՝ Երևանում։ Այսպիսով, ուրբաթ օրվանից մենք Եղեգնաձորում միասնական շտաբ կունենանք։ Ավելի ուշ մենք Եղեգնաձորում նաև օպերատիվ բազա կբացենք՝ Արարատի մարզում՝ Նախիջևանին սահմանակից հատվածներում պարեկություն իրականացնելու համար»,- ասաց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։  
16:18 - 12 սեպտեմբերի, 2023
ՀՀ նախագահն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

ՀՀ նախագահն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 13-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ: Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին:Կենտրոնի հիմնադիրը նախագահին է ներկայացրել դպրոցում ստեղծված արվեստանոցային պայմանները, կատարվող աշխատանքները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև դպրոցում իրականացվող տարբեր միջոցառումները։ Նախագահը շրջայց է կատարել նաև Կողբ գյուղի արվեստի դպրոցի հարևանությամբ կառուցվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ դեռևս շինարարական փուլում գտնվող տարածքում, որտեղ կենտրոնի գործառնական բաժնի ղեկավար Թերեզա Քարիմյանը ներկայացրել է ապագա ծրագրերն ու աշխատանքները։ 
16:27 - 13 հուլիսի, 2023
Կողբ-ՎարդաՎԱՌ․ փառատոն՝ մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին

Կողբ-ՎարդաՎԱՌ․ փառատոն՝ մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին

Հուլիսի 15-ին և 16-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում սպասվում է տարվա ամենավառ ու ամենաթաց, ամենաերաժշտական ու ամենաէքստրիմալ, ամենաարվեստային ու ամենահամեղ, ամենաակտիվ ու ամենսպասված Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը։ Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն ամբողջությամբ կվերափոխվեն փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն: ՎարդաՎԱՌյան միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 15-ին` ժամը 14։00-ից: Ակտիվ կլինեն գաստրո և էքսպո գոտիները, որտեղ կգտնեք տարածաշրջանային, տոնական, ծիսական ամենահամեղ, ամենահետաքրքիր ու օգտակար առաջարկներ, ավարդական խոհանոցի վարպետաց դասեր: Արվեստի գոտին կառաջարկի ավելի քան 15 աշխատարաններ՝ կերամիկա, բատիկա, կարպետագործություն, մանրանկարչություն, թաղիքագործություն, տիկնիկագործություն, վիտրաժ, փայտի փորագրություն, վիտրում, մետաղագործություն, լուսամփոփների պատրաստում և այլն։ «Կանաչ» գոտում կներկայացվեն տեղի նկարիչների աշխատանքները, փառատոնի հյուրերը կկարողանան մասնակցել արոմա և պարային թերապիաների, յոգայի դասերի, ինչպես նաև հայկական կինոդարանի ուրախ ու սիրված ֆիլմերի դիտումների։ Էքստրեմալ տուրիզմի սիրահարներին սպասվում է Off-Road շոու, դե իսկ կենդանասերներին` ամենաիմաստուն և ճիշտ կողմնորոշվող իշուկներով շրջայց Կողբում։ Եվ սա դեռ ամենը չէ. Նոյեմբերյան համայնքի 19 գյուղերի 22 դպրոցների աշակերտները մայիսի 15-ից հավքում են պլաստիկե տարաներ, որոնք հուլիսի 15-ին կդառնան ժամանակակից արվեստի լավագույն նմուշներից․ արդյունքում՝ միջավայրի մաքրում, բնության պահպանում, ստեղծագործական մտքի զարգացում, թիմային աշխատանք ու արվեստի գործ։ Երաժշտական գոտին նույնպես խոստանում է հետաքրքիր լինել: Այստեղ սպասվում են Տավուշի մարզի երաժշտական, թատերական խմբերի համերգներ, թատերական ներկայացումներ: Հուլիսի 15-ին երեկոյան ժամը 20։00-ից ավելի քան թեժ է լինելու՝ ամառվա ամենաՎԱՌ ու խենթ երաժշտական հանդիպումը՝ Նեմրա, Սիրուշո և  Հունաստանից ժամանած DJ Պանտելիս, ինչպես նաև DJ Dario և DJ Guevo: Թեթև և հումորաշատ երեկոն էլ ապահովելու են հաղորդավարներ Անի Խաչիկյանն և Հայկ Պետրոսյանը։ Հուլիսի 16-ին փառատոնային ծրագիրը կմեկնարկի վաղ առավոտյան` յոգա, վարդավառյան ավանդական պատմությունը, ծեսերն ու խաղերը փոխանցող թատերականացված միջոցառում «Վարք Հայոց»-ի ներկայացմամբ,  և, իհարկե, ջրոցի` DJ Dario-ի և DJ Guevo-ի թեժ բիթերի ներքո: Միջոցառման կազմակերպիչ Կողբ հիմնադրամը նշում է՝ այս ամենը անվճար է։  Կողբ Վարդավառ փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին, ժամը 17:00-ին։ Լուսանկարը՝ Ինֆոքոմի
12:09 - 12 հուլիսի, 2023
Արսեն Ղայթմազյանից փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ. ըստ փաստաբանի՝ սա է անչափահասին ծեծելու պատճառը
 |aravot.am|

Արսեն Ղայթմազյանից փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ. ըստ փաստաբանի՝ սա է անչափահասին ծեծելու պատճառը |aravot.am|

aravot.am: Դիլիջանի քրեական հետախուզության պետ Արսեն Ղայթմազյանի պաշտպանը՝ Վրեժ Ներկարարյանը պնդում է, որ ամենեւին էլ հյուրանոցային համարի համար նախատեսված վճարներն անելու հարցի պատճառով չէ, որ իր պաշտպանյալը հյուրանոցի անչափահաս աշխատակցի նկատմամբ բռնություն է կիրառել:  «Այլ շարժառիթներ են եղել, բացի այդ` այդտեղ ոչ մեկը չի իմացել, որ անչափահաս երեխա է, որովհետեւ աշխատանքային օրենսգրքով էլ է արգելված անչափահասին աշխատանքի ներգրավել: Իմ պաշտպանյալը չէր էլ կարող գիտակցել, որ անչափահասի հետ կապված կարող է խնդիր առաջանալ: Բացի այդ՝ Արսեն Ղայթմազյանը հանդես չի եկել որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, այլ որպես քաղաքացի ու քաղաքացու նկատմամբ է սխալ վերաբերմունք եղել: Արսեն Ղայթմազյանն էլ է իր ցուցմունքում նշել, որ սենյակի համարի վճարը չի եղել: Երիտասարդը իր գործառույթների մեջ չմտնող վարքագիծ է դրսեւորել, մտել է մարդու անձնական տիրույթ, փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ, դրանից է առաջացել վիճաբանությունը: Մարդը, որ գնում է հյուրանոց, սովորաբար դիմավորում են, սենյակը ցույց են տալիս ու վերջ: Թե ում հետ է գնացել ու ինչ նպատակով, կարծում եմ՝ ոչ մեկիս նման հարց չեն տալիս հյուրանոցներում»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Ներկարարյանը: «Ես չգիտեմ՝ իր փաստաբանն ինչ է ասում, բայց ախր գործում կա Արսեն Ղայթմազյանի ցուցմունքը: Էդ մարդը մանրամասն ցուցմունք է տվել, թե ինչն է վիճաբանության հանգամանքը եղել: Ընդունել է, որ ընդամենը իր գիշերակացի գումարն է ուզել, դրանից է ինքը բռնկվել, վիճաբանել: Հո ասելով չի ախր: Ասում ենք՝ լավ, մարդ է, ոստիկան է, շատ շուխուր չանենք, բայց ինչ են ուզում: Սուտ է ասում, որ իմ վստահորդը անձնական տվյալներ է փորձել ճշտել, էդպես էլ արձանագրեք, որ եթե նման բան է ասում, սուտ է ասում»,- փաստաբան Ներկարարյանին այսպես է արձագանքում Ղայթմազյանի կողմից ծեծի ենթարկված երիտասարդի ներկայացուցիչ Սասուն Ռաֆայելյանը: Նա պնդում է, որ իր վստահորդի դեմքից էլ էր նրա տարիքը երեւում, Ղայթմազյանը չէր կարող դա չնկատել. «Եթե ինքը քրեականի պետ է, 20 տարվա ստաժ ունի ու նայում է մարդու դեմքին, որի վրա թրաշ էլ չկա, աղվամազիկներ են, ֆիզիանոմիայով փոքր-մոքր, ու ինքը չի ենթադրում, որ կարող է անչափահաս լինել, դա մեր ոստիկանության ողբերգությունն է, որ այդքան ստաժով մարդը չի կարողանում գոնե դրանից ենթադրություններ անել»:
16:26 - 26 հունիսի, 2023
Դիլիջանի նախկին ղեկավարն ապօրինի կերպով օտարել է հողամասեր ու կատարել պաշտոնեական կեղծիք. նախաքննությունն ավարտվել է

Դիլիջանի նախկին ղեկավարն ապօրինի կերպով օտարել է հողամասեր ու կատարել պաշտոնեական կեղծիք. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, միասնական դիտավորությամբ և այլ անձանց օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ կազմակերպելով և իրականացնելով օրենքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով օտարումը քաղաքացուն: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ս.-ն, իր կողմից կազմված պաշտոնական փաստաթղթում անձնական դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք,  այն է՝ օրենքով սահմանված կարգով անտառային նպատակային նշանակության, ընդհանուր 0.1063 հա մակերեսով 3 հողամասերը 2010-2012 թվականներին իր կողմից կայացված որոշումներով ընդգրկել է Դիլիջան համայնքի ֆոնդի հաշվեկշռում՝ դրանք նկարագրելով որպես բնակավայրերի այլ հողեր: Միաժամանակ Ա. Ս.-ն Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների օժանդակությամբ վերը նշված հողամասերի վերաբերյալ կազմել է գլխավոր կեղծ հատակագծեր, որոնցում անտառային նպատակային նշանակության հիշյալ հողամասերի նպատակային նշանակությունը նկարագրվել է կրկին որպես բնակավայրերի հող, իսկ գործառնական նշանակությունը՝ այլ հողեր: Հողամասերի նկատմամբ Դիլիջան համայնքի իրավունքը պետականորեն գրանցելու որոշումները և դրանց հիման վրա թողարկված կեղծ հատակագծերը Ա. Ս.-ն ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե, որի հիման վրա հողամասերի նկատմամբ գրանցվել է Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը, և տրվել են սեփականության իրավունքի վկայականներ: Այնուհետև վերը նշված 2 հողամասերը ներկայացվել են աճուրդի, որի արդյունքում հաղթող է ճանաչվել առավելագույն՝ 1.113.000 և 1.596.000 ՀՀ դրամ առաջարկած Խ. Ա.-ն: Իսկ երրորդ՝ 160.0 քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում, Ա. Ս.-ն 198.720 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել է նույն անձին: Արդյունքում նշված 3 հողամասերը միավորվել են որպես մեկ գույքային միավոր, որի նկատմամբ գրանցվել է Խ. Ա.-ի սեփականության իրավունքը: Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա. Ս.-ն, տեղեկացված լինելով Դիլիջան քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող՝ 0.3354 հա մակերեսով հողամասում իր մտերիմ անձի կողմից առանց թույլտվության ինքնակամ շինարարության կատարման ու իրականացված շինարարարության մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ տվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որի մեջ նույն դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված: Այնուհետև Ա. Ս.-ն կառուցապատողի հետ կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի հիմքով հիշյալ գույքի նկատմամբ իրավաբանորեն գրանցել է իր սեփականության իրավունքը: Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):   Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
22:35 - 23 հունիսի, 2023