#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Փարաքարում Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով ընտրվեց համայնքապետ |factor.am|

Փարաքարում Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով ընտրվեց համայնքապետ |factor.am|

factor.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոյկոտի ֆոնին՝ այսօր «Միասնություն» դաշինքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին ավագանին օրենքի ուժով ընտրված համարեց համայնքի ղեկավարի պաշտոնում։ Մարտի 30-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Գրիգորյանը 57 տոկոս ձայն էր հավաքել։ Ավագանու առաջին նիստին չէին մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» ավագանու անդամները և համայնքի նախկին ղեկավար «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Դավիթ Մինասյանը։ Նրա կուսակից ավագանու մյուս անդամը ներկա էր նիստին և կողմ քվեարկեց բոլոր որոշումներին։ Ավագանին որոշեց՝  նորընտիր համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը կերդվի ապրիլի 19-ին։ Հենց այդ օրը Վոլոդյա Գրիգորյանը կստանձնի համայնքի ղեկավարումը։ Նիստի օրակարգը սպառվելուց հետո Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար անակնկալ չէր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոյկոտը. «Նիստերին մասնակցել-չմասնակցելը ՔՊ-ի որոշելիքն է, ինչ գործելաոճ ուզում է՝ թո՛ղ ընտրի, մենք մեծամասնություն ենք և ծառայելու ենք ի շահ համայնքի, ի շահ մեր բնակչի և ոչ մի խոչընդոտ չենք տեսնում այստեղ։ Իմ քաղաքական թիմն ունի մեծամասնություն, և հանգիստ կարող եմ համայնքը ղեկավարել, ես ասել եմ և կրկին հաստատում եմ՝ համայնքը ղեկավարելու համար որևէ առաջարկություն չեմ արել «Քաղաքացիական պայմանագրին» և չեմ էլ պատրաստվում»,- նշեց Գրիգորյանը։ Անդրադառնալով հարցին, որ համայնքում դեռևս չավարտված ծրագրեր կան և հնարավոր է՝ կառավարությունը ֆինանսավորումը ձգձգի, որպեսզի դժգոհություններ առաջացնի համայնքի ղեկավարի շուրջ, Գրիգորյանը նշեց՝ միշտ կապի մեջ է լինելու բնակիչների հետ ու այդ մասին կտեղեկացնի բոլորին։ Հիշեցնենք՝ մարտի 30-ին Փարաքար համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ավագանու 7 մանդատ, «Միասնություն» դաշինքը՝ 12, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2: «Կայունություն» կուսակցությունն անցողիկ շեմը չի հաղթահարել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Փարաքարում 20 967 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11 528-ը։ Անվավեր է ճանչվել 23 քվեաթերթիկ։ Անճշտությունների թիվը 106 է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 3669 քվե, «Միասնություն» դաշինքը՝ 6508, «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցությունները համապատասխանաբար՝ 900 և 426 քվե։
14:02 - 16 ապրիլի, 2025
Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ

Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ

Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ: Քվեարկությանը մասնակցեց ավագանու 33 անդամից 18-ը: Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել 2025թ. մարտի 30-ին: Ավագանին ձևավորել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի կոմունիստական», «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները: Ոչ մի ուժի չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել և ընտրել քաղաքապետ: Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք», «Մեր քաղաքը» խմբակցությունները համայնքապետի թեկնածու չառաջադրեցին և հայտարարեցին, որ քվեարկությամբ կսատարեն Վարդան Ղուկասյանին. միակ թեկնածուն հենց նա էր: ՔՊ խմբակցությունը չմասնակցեց նիստին: Սարիկ Մինասյանը նիստի ընթացքում իր ֆեյսբուքյան էջում արտահերթ ընտրությունների կոչ արեց։ Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն է եղել 2000-2012թթ., եղել է ՀՀ 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
11:28 - 16 ապրիլի, 2025
Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է. Սարիկ Մինասյան

Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է. Սարիկ Մինասյան

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Այս մասին հայտարարություն է տարածել ՔՊ խմբակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը։  «Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ, Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու: Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան: Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից: Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»,- գրել է Մինասյանը։  Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստն է, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է:  ՔՊ խմբակցությունը ներկա չէ Գյումրու ավագանու նիստին:
10:07 - 16 ապրիլի, 2025
Գյումրիի ավագանու առաջին նիստն է. օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է
 |azatutyun.am|

Գյումրիի ավագանու առաջին նիստն է. օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է |azatutyun.am|

azatutyun.am: Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստն է, որտեղ պետք է քաղաքապետ ընտրվի: Քիչ առաջ քաղաքապետարան ժամանեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը: Հենց նա է քաղաքապետի հավանական թեկնածուն: Գյումրիի ընտրությունների արդյունքներով ամենաշատ՝ 14 մանդատ «Քաղաքացիական պայմանագիրն» է ստացել, բայց քաղաքապետ ընտրելու համար այդ քվեները բավարար չեն, առնվազն 17 ձայն է պետք: Ավագանի անցած մյուս ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կաջակցեն նախկին քաղաքապետ Ղուկասյանի ընտրությանը: Չնայած այս հանգամանքին՝ ՔՊ-ից ավելի ու ավելի հաճախ են ասում, որ իրենք էլ պետք է իրենց ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանի թեկնածությունը առաջադրեն: Հարցին, թե կադրային ջարդ անելո՞ւ է, Վարդան Ղուկասյանը պատասխանեց՝ ոչ: Առաջին նիստը հենց նա է վարելու՝ որպես ամենատարեց անդամ։
09:57 - 16 ապրիլի, 2025
«Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի անդամ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը օրեր առաջ Հանրային հ/ը-ի «Մեծ բանավեճ»-ի ընթացքում առաջարկել է, որ Գյումրիի ավագանու՝ մարտի 16-ին կայանալիք նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «ընդունելով իր պարտությունը, քաղաքապետի թեկնածու չառաջադրի»․ «Այս դեպքում Մարտուն Գրիգորյանը ևս կներկայանա որպես քաղաքապետի թեկնածու, և ամբողջ ավագանին կընտրի քաղաքապետ»։  Ի պատասխան վարողի հարցի, թե ակնակալում է, որ ՔՊ-ն կընտրի՞ Մարտուն Գրիգորյանին, եթե ՔՊ-ն չառաջադրի թեկնածու, իսկ առաջադրված թեկնածուները լինեն Վարդան Ղուկասյանն և Մարտուն Գրիգորյանը, Թարվերդյանը պատասխանել էր՝ «Միգուցե»։ Երվանդ Թարվերդյանի հայտարարությանը արձագանքել է Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցությունը։ Մարտուն Գրիգորյանը շեշտել է՝ բացի իրենից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց իր հետ համաձայնեցնելու։  «Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն ինձ ու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հետ։ Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց «Մեր քաղաքը» դաշինքի ու իմ անունը հղում տալով։ Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն ‹‹Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում։ Այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իմ կողմից, այդ թվում՝ բոլորին։ Առայժմ՝ այսքանը»,- գրել է նա: «Հայրենիք» կուսակցությունը իր հերթին նշել է՝ կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։ Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։ ««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը: Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։ Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման գերակա շահերից»,- նշված է հայտարարության մեջ:
16:47 - 08 ապրիլի, 2025
«Մեր քաղաքը» դաշինքը կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության․ Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքը կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության․ Մարտուն Գրիգորյան

Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններից հինգ օր անց «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող  թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարտուն Գրիգորյանը։  «Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքին ընտրելու համար։ Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և շարունակում է կատարվել իմ ընտանիքի անդամների և թիմակիցներիս շրջանում։ Իշխանությունը դիմեց բոլոր անհնար ու հնարավոր միջոցներին, մանիպուլյացիաներին, օրինական ու անօրինական գործողություններին, փորձելով՝ ինձ հոգեբանորեն ճնշել, թիմիս՝ ձերբակալել և քրեական հետապնդումների ենթարկել։Եվ դա շարունակվում է մինչ այս պահը։Բայց դրա մասին կխոսեմ ավելի ուշ։ Սիրելի գյումրեցիներ ու հայրենակիցներ, ես լավ գիտեմ ու հասկանում եմ՝ այս օրերին ամբողջ Գյումրին և հանրապետությունը լարված սպասում են իմ որոշմանը, որից կախված է Գյումրու և երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։ Ես իմ անցած ճանապարհի ընթացքում ապացուցել եմ, որ ինձ համար մեր երկրի, մեր քաղաքի ու մեր գյումրեցիների ընդհանուր շահը գերադասել եմ անձնական շահերից և մոտեցումներից։Այսօր ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել ու մեծ դժվարությամբ եմ եկել դրան։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխաված լինեմ։ Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։ Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։Սիրելի գյումրեցիներ ու հատկապես շուրջ 7400 ինձ ընտրողներ, դուք քվեարկեցիք իմ օգտին նաև այն սկզբունքով, որ ներկա իշխանությունը չվերարտադրվի Գյումրիում և բոլորս այդ գաղափարախոսությամբ էինք այս պայքարի մեջ։Ու մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։ Սիրելի ազգականներ, ընկերներ, թիմակիցներ, գյումրեցիներ, դուք իմ կողքին կանգնեցիք, որ նախկին բարքերը չվերադառնային քաղաք։ Գիտենալով իմ սկզբունքներն ու հստակ, ընդգծված կարմիր գծերը, որ այդ բարքերին միշտ դեմ եմ եղել ու ժամանակին իմ շնորհիվ է քաղաքն ազատվել այդ ամենից։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։ Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ, կախված է լինելու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի քվեարկություններից։ Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։ Իսկ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք։ Հարգելի լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ, բլոգերներ, քաղաքական կուսակցություններ, տերեր և ծառաներ, այսուհետ բոլորդ լավ իմացեք՝ Մարտուն Գրիգորյանն իր ողջ կյանքի ընթացքում որոշումներ կայացրել է ինքնուրույն և առանց շտապողականության և որևէ քաղաքական ուժ կապ չունի ու չի կարող ազդել իմ կայացրած որոշումների վրա»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ, սակայն ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Այսպես, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։ «Մայր Հայաստան» դաշինքը ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր, որ միանում է Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, այսինքն՝ Կոմունիստական կուսակցությանը։ «Իմ Հզոր Համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ևս հայտնել էր, որ Գյումրու ավագանիում «առանց նախապայմանի» կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին։ Սակայն այս երկու ուժերի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալը բավարար չէր իշխանություն ձևավորելու համար և անհրաժեշտ էր մյուս ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքի քվեները։ 
15:46 - 04 ապրիլի, 2025
«Անկախ դիտորդ» դաշինքի նախնական գնահատականը Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրությունների դիտարկման վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դաշինքի նախնական գնահատականը Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրությունների դիտարկման վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրությունների դիտարկումների նախնական գնահատականը։  «Քվեարկության օրը Փարաքար համայնքում Դաշինքը դիտարկումն իրականացրել է 3 շրջիկ խմբերի միջոցով, իսկ Գյումրի համայնքում՝ 6 շրջիկ խմբերի և արագ արձագանքման 2 խմբերի միջոցով։ Դիտարկվել են Փարաքարի բոլոր 16 և Գյումրու 82 տեղամասերից 81-ը:  Տեղամասային ընտրական հանձնաժողովի առավոտյան նիստերը (7:00-8:00) դիտարկվել են 13 տեղամասերում, իսկ քվեարկության ժամանակահատվածում դիտորդներն այցելել են 97 տեղամասեր, ընդ որում, ահազանգերով կամ իրավիճակի վերագնահատման նպատակով՝ 50 տեղամասերը դիտարկվել են 2 և ավել ավելի անգամ: Ձայների հաշվարկի և արդյունքների ամփոփման նիստը դիտարկվել է 9 տեղամասերում: Փարաքար համայնքի ընտրություններն սպասարկող թիվ 14 ԸԸՀ-ում դիտարկվել է բոլոր 16 տեղամասերի, իսկ թիվ 31 ԸԸՀ-ում՝ 40 տեղամասերի արդյունքների հանձնումը: Դիտարկման ժամանակահատվածում արձանագրվել է ընդհանուր առմամբ 61 խախտում 41 տեղամասերից։ Այս խախտումներում հիմնականում ներգրավված էին վստահված անձինք, հանձնաժողովի անդամները և ընտրողները: Առանձնահատուկ անհրաժեշտ է նշել Գյումրիի 31/45 և 31/70 տեղամասերը, որոնք, համապատասխանաբար, կապված են Հայաստանի կոմունիստական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակները գլխավորող Վարդան Ղուկասյանի և Սարիկ Մինասյանի հետ: Այս տեղամասերն առանձնանում են ընտրողների առավել բարձր մասնակցություն տոկոսով, ինչպես նաև շարունակական խախտումներով:  Թեև ընդհանուր առմամբ Փարաքար համայնքում մասնակցությունն ավելի բարձր էր, էական ազդեցություն է ունեցել «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանի հաշվառման բնակավայրում՝ Մերձավանում մասնակցության բարձր տոկոսը։ Որպես օրինաչափություն՝ հարկ է արձանագրել տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ցածր պատրաստվածության և տեղամասում կատարվող խախտումների ուղիղ հարաբերակցությունը: Նկատելի էր Փարաքարի տեղամասային ընտրական հանձնաժողովների պատրաստվածության ավելի բարձր մակարդակը: Առանձին դեպքերում հենց հանձնաժողովների նախագահների չիմացության պատճառով խոչընդոտվել էր ընտրողների քվեարկությունը, երբ, օրինակ, նախագահը չէր առարկում վստահված անձի կողմից իրականությանը չհամապատասխանող կարգավորման մեջբերման դեմ, խոչընդոտվում էր դիտորդների կողմից գրանցամատյանում գնահատականը գրանցելու իրավունքը, ֆիզիկական ներգործություն էր ցուցաբերվում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդի հանդեպ, որին չհիմնավորված կերպով հեռացնում էին տեղամասից: Նույն կերպ՝ ցածր պատրաստվածության հետևանք էր մեկ այլ խնդիր, որը, չնայած չունի որևէ ազդեցություն բուն ընտրական գործընթացի վրա, ուղիղ առնչվում է Դաշինքին․ արձանագրվել են դեպքեր, երբ առաքելության դիտորդ չհանդիսացող անձինք ներկայացել են որպես «անկախ դիտորդ» և այդ անվան տակ գրանցվել հանձնաժողովների գրանցամատյաններում: Այսինքն, փաստացի տեղամասային ընտրական հանձնաժողովը չի ստուգել դիտորդների իրական հավատարմագրումը։ Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Գյումրու ընտրական տեղամասերում նկատվում էին առերևույթ քաղաքական հարում ունեցող դիտորդներ, որոնք ներկայանում էին որպես մասնակից կուսակցություններից կամ դաշինքներից մեկի վստահված անձ: Մասնավորապես, «Հայաքվեի» առանձին դիտորդներ հայտնում էին, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի, իսկ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի առանձին դիտորդներ՝ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք են:  Առհասարակ, այս ընտրություններում դիտորդական առաքելությունների կոմպետենտությունը, անաչառության և քաղաքական զսպվածության սկզբունքները կասկածի տակ էին դրվում հենց դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից, ինչի վերաբերյալ Դաշինքը նույնպես կներկայացնի իր դիրքորոշումը վերջնական զեկույցում: Բազմաթիվ դեպքերում լրատվական աղմուկի պատճառ դարձած միջադեպերը խախտում չեն պարունակել կամ ոչ ճշգրիտ են մեկնաբանվել։ Քվեարկության արդյունքների ամփոփման փուլում ամենաարտառոց դեպքն արձանագրվել է Գյումրու 31/77 տեղամասում, որտեղ քվեարկության մի քանի ծրարներից դուրս բերված քվեաթերթիկների վրա փակցված են եղել տեղամասային կենտրոնի համար չպարունակող, այսինքն՝ սահմանված նմուշի չհանդիսացող դրոշմանիշեր, որոնք համարվել են վավեր։ Նույն տեղամասում, անճշտությունները քողարկելու նպատակով, հանձնաժողովը փորձ է կատարել 2 ընտրողների փոխարեն կեղծ ստորագրել ընտրողների ցուցակում։ Այս հանգամանքներից ելնելով՝ կարծում ենք, որ արդյունքների վերահաշվարկ պետք է իրականացվի առնվազն 31/77 տեղամասում։ Այս համատեքստում հարկ է նաև նկատել, որ դրոշմանիշերի արտադրական խոտանի պատճառով 31/70 տեղամասին հատկացված դրոշմանիշերի քանակը ավել էր փաստաթղթավորված քանակից: Այս երկու դեպքերը վկայում են, որ դրոշմանիշերի արտադրության որակը և վստահելիությունը մտահոգիչ է (առաջին անգամ՝ 2017 թվականին դրանց ներդրումից հետո): Մոտակա օրերի ընթացքում սպասվող ենթադրյալ վերահաշվարկները կարող են նաև բացահայտել Գյումրիում ընտրողների ուղղորդման կամ ճնշման հետևանքները՝ հաշվի առնելով համամասնական ընտրակարգով իրականացվող ընտրությունների համար անվավեր քվեաթերթիկների քանակի չափազանց բարձր՝ 1․3% լինելու հանգամանքը (համեմատության համար` Փարաքարում 0․2% էր) և, օրինակ, 31/77 տեղամասում միանման պատռված, անվավեր ճանաչված քվեաթերթիկների առկայությունը, ինչն արձանագրվել էր Դաշինքի կողմից: Նշենք, որ նախընտրական փուլում Դաշինքը ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում՝ պաշտոնական դիրքի չարաշահման (ՔՕ հոդված 441), ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման (ՔՕ հոդված 221, երկու դեպք) ու քարոզարշավին մասնակցելուն պարտադրելու (ՔՕ հոդված 210, մաս 1) վերաբերյալ: Քվեարկության օրը ներկայացված հանցագործության մասին միակ հաղորդումը վերաբերել է դիտորդի գործունեության խոչընդոտմանը (ՔՕ հոդված 210, մաս 1, երկու դեպք) և քվեարկության գաղտնիության խախտմանը (ՔՕ հոդված 215, մաս 2): Նախընտրական քարոզչության փուլում Դաշինքը նաև ներկայացրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ դիմումներ՝ կապված նման իրավունք չունեցող անձի կողմից քարոզարշավին մասնակցելու (ՎԻՎՕ հոդված 40.8, մաս 1), վարչական ռեսուրսի չարաշահման (ՎԻՎՕ հոդված 40.8, մաս 2), քվեարկության նախորդ օրն ու քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն քարոզչություն իրականացնելու (ՎԻՎՕ հոդված 40.1), ինչպես նաև անձնական տվյալների մշակման կարգը խախտելու (ՎԻՎՕ հոդված 189.17, մաս 1) հետ: Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ իրավապահ մարմիններն ընտրակաշառքի ու բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ քննվող գործերի սահմաններում մարտի 27-ին և 30-ին իրականացրել են ընտրական սուբյեկտ հանդիսացող անձանց ձերբակալություններ: Դաշինքը համարում է, որ իրավապահները պետք է պայքարեն ընտրական հանցագործությունների դեմ և ձգտեն դա անել այնպես, որ նվազագույն միջամտություն լինի ընտրական պրոցեսին, ինչպես նաև ընտրողական մոտեցում չցուցաբերվի քաղաքական ուժերի հանդեպ: Անհրաժեշտ է ընդգծել, որ կարճաժամկետ դիտարկման արդյունքում «Անկախ դիտորդի» կողմից արձանագրված, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով հասանելի դարձած խախտումների բնույթն ու քանակը այնպիսին էին, որ «Անկախ դիտորդ» դաշինքը կարող է արձանագրել, որ քվեարկության արդյունքները Գյումրիում ընդհանուր առմամբ արտահայտում են ընտրողների կամքը: Այդուհանդերձ, Գյումրիում քվեարկության օրվան նախորդող փուլում ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության դեպքերը կրել են պարբերական բնույթ, և դրանց ազդեցության գնահատումն անհնարին է: Փարաքար համայնքում ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող էական հանգամանքներ «Անկախ դիտորդը» չի արձանագրել: «Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել նախընտրական փուլի և քվեարկության օրվա ընթացքում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի թիմակիցների հանդեպ հարուցված քրեական վարույթների, «Անկախ դիտորդի» կողմից ներկայացված և դեռևս ընթացք չստացած հաղորդումների ընթացքին, ինչպես նաև վերահաշվարկների ընթացքին և արդյունքներին: Նախատեսվում է նաև զննության ենթարկել քաղաքական ուժերի հայտարարագրված և այլ կերպ նույնականացված ֆինանսավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
17:37 - 01 ապրիլի, 2025
Վերահաստատում եմ ասածս՝ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու․ Մարտուն Գրիգորյան

Վերահաստատում եմ ասածս՝ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու․ Մարտուն Գրիգորյան

Վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։  Այս մասին Ֆեյսբուքյան էջում  գրել է Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանը։  Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ, սակայն ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Այսպես, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ միանում է Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, այսինքն՝ Կոմունիստական կուսակցությանը։ «Իմ Հզոր Համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ևս հայտնել է, որ Գյումրու ավագանիում «առանց նախապայմանի» կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին։ Սակայն այս երկու ուժերի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալը բավարար չէ իշխանություն ձևավորելու համար։
18:03 - 31 մարտի, 2025
Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր․«Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր․«Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է մրցակցային պայմաններում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ականատես» դիտորդական նախաձեռնություն՝ հիշեցնելով, որ ընտրություններին մասնակցել է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք, որոնցում ընգրկված է եղել 7 կուսակցություն։   Առաքելությունը ներկայացրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքները․  Քարոզչություն Քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ հնարավորություն ունեցել են իրականացնելու քարոզչություն և ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը։ Միաժամանակ՝ քարոզչական նյութերի տարածման հնարավորությունները եղել են անհամաչափ տարբեր կուսակցությունների համար, ինչը որոշ չափով խաթարել է մրցակցությունը։ Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից գործարկվող՝ 5 քմ-ն գերազանցող վահանակների տեղաբաշխման համակարգի միջոցով մեկ քաղաքական ուժ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը զրկվել է վահանակ ունենալու հնարավորությունից, ընդ որում տվյալ խնդրին պատշաճ և ժամանակին լուծում չի տրվել ԿԸՀ-ի կողմից, չնայած որ վերջինիս պարտավորությունն է հետևել հավասարության պայմանների պահպանմանը։ 5 քմ-ն չգերազանցող պաստառները հաճախ տարածվել են օրենքի պահանջների խախտմամբ․ փակցվել են չսահմանված կամ արգելված վայրերում (բազմաբնակարան շենքեր, լուսասյուներ, առևտրի կետեր, այլ հասարակական տարածքներ), չեն պարունակել օրենքով պահանջվող մակնշում (տեղեկատվություն տպաքանակի, տպարանի, պատվիրատուի վերաբերյալ), գերկենտրոնացած են եղել մեկ վայրում, ինչը խոչընդոտել է այլ ուժերի ներկայացվածությունը տվյալ տարածքում,  ասոցացվող են եղել (պատրաստվել ու տարածվել են քաղաքական ուժերի հետ ասոցացվող երրորդ անձանց կողմից)՝ անհնարին դարձնելով քարոզչանյութերի համար կատարվող ծախսերի վերահսկողությունը: Որոշ քարոզչանյութեր վնասվել են «Սրբազան պայքար» շարժման կողմից՝ վերջինիս «Չեմ վստահում» նախաձեռնության՝ Գյումրի կատարած այցի ընթացքում։ Նաև եղել են անանուն քարոզչանյութեր, որոնք ատելության խոսք են պարունակել «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար Կարեն Սիմոնյանի և եվրոպամետ քաղաքականության վերաբերյալ։ Նախընտրական քարոզարշավի ընթացում տարբեր քաղաքական ուժեր, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Հայաստանի կոմունիստական կուսակցության, «Իմ հզոր համայնք» կուսակցության, «Մայր Հայաստան» դաշինքի, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ներկայացուցիչները օգտագործել են ատելության խոսք՝ ակնհայտորեն միտում ունենալով նսեմացնել առանձին անհատների և խմբերի դիրքը հասարակության մեջ։ Ատելության խոսույթը տարածվել է նաև երրորդ անձանց՝ քաղաքական ուժերին փոխկապակցված լրատվամիջոցների և սոցիալական էջերի միջոցով, որոնցից որոշները ծախսել են բավականին մեծ գումար նման բովանդակությամբ քաղաքական գովազդների տարածման համար։  Նախընտրական ժամանակահատվածում տեղի են ունեցել նաև խախտումներ ընտրական գործընթացներում ներգրավված այլ անձանց՝ զանգվածային լրատվամիջոցի (ԶԼՄ), կրոնական կազմակերպության ներկայացուցչի, օտարերկրյա քաղաքացու կողմից։ Մասնավորապես՝ Civic.am լրատվական կայքը  հրապարակել կամ վերահրապարակել է ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշային արդյունքներ՝ հիմնված սոցիոլոգիական անհայտ հարցման արդյունքների վրա, չնայած, որ ընտրական օրենսդրության համաձայն հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր էր նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին։ Տվյալ դեպքում լրատվականը չի մասնավորեցրել, թե ով է հարցումն իրականացնող կազմակերպությունը, որին վերաբերելի են այս պահանջները։ Նախընտրական քարոզչության մեջ ապօրինի կերպով ներգրավվել է կրոնական առաջնորդ, մասնավորապես՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են, որ իրենք սատարելու են «Մայր Հայաստանին»։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ դիտորդական առաքելությունները, դրանցում ներգրավված կազմակերպությունները և հավատարմագրված դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոնները և նախընտրական քարոզչության ժամանակատվածում իրականացրել են հակաքարոզչություն։ Գրանցվել է լռության օրվա խախտում մասնակիցների մեծ մասի և վերջիններիս հետ փոխկապակցված ԶԼՄ-ների կողմից, և անգամ Հանրային հեռուստաընկերության կողմից։     Վարչական ռեսուրսի օգտագործում Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, որոնք անարդար առավելություն են տվել իշխող կուսակցությանը և թեկնածուներին՝ խաթարելով մրցակցության հավասարության սկզբունքը։ Մասնավորապես, օգտագործվել են ՀՀ կառավարության և Գյումրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների մարդկային, ֆինանսական, նյութական, ոչ նյութական (այդ թվում՝ իրավական և տեղեկատվական) ռեսուրսները։ Հանրային միջոցներով կատարվել են աշխատանքներ, որոնք ենթադրաբար պետք է կատարվեին ավելի վաղ ժամանակահատվածում, սակայն դրանք արվել և լուսաբանվել են հենց ընտրությունների նախաշեմին՝ հատուկ շեշտադրելով ՀՀ կառավարության աջակցությունը և/կամ մատուցելով դրանք որպես «Քաղաքացիական պայմանագիր»-ի արժանիք։ Այսպես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար, Գյումրու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խնդրանքով նախաձեռնել է Գյումրու Շիրակացու փողոցի հիմնանորոգումը, այն դեպքում, երբ դրա վերաբերյալ խնդրանք ներկայացվել էր ավելի վաղ Գյումրու ավագանու կողմից, ինչը մնացել էր անարձագանք։ ՀՀ առողջապահության նախարարությունը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանին հատկացրել է 6 շտապօգնության մեքենա, որոնք ստացվել են Կորեայից՝ որպես նվիրատվություն։ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը 2025 թվականի փետրվարին գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ստացել Երևանի քաղաքապետարանի աջակցությունը՝ Գյումրի համայնքի վարչական տարածքում թափառող շների ստերջացման գործընթացի կազմակերպման հարցում: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում և ընտրական գործընթացների համատեքստում տեղ են գտել իրավապահ համակարգի ոչ համաչափ միջամտության փորձեր որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ, քրեական վարույթների շրջանակում առկա փաստերի, ձայնագրությունների արտահոսք՝ այդ թվում իշխանության հետ փոխկապակցված ԶԼՄ-ների միջոցով։ Որոշ դեպքերում առկա չէ բավարար տեղեկություն և հստակություն իրականացվող իրավապահ մարմինների գործողությունների և դրանց հիմքերի վերաբերյալ։ Հանրային հեռուստատեսությունը կողմնակալությամբ է լուսաբանել Գյումրիում տեղի ունեցող նախընտրական զարգացումները։ Մասնավորապես մինչև նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը «Լուրեր»-ի թողարկման և «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում հաճախակի լուսաբանվել են իշխանության ներկայացուցիչների ելույթները, մեջբերումներ սոցիալական ցանցերում նրանց կողմից կատարված գրառումներից, ընդդիմադիր ուժերի վերաբերյալ հակաքարոզչություն։ Ի լրումն, «Լուրեր»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում առկա են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանի մասին բազմաթիվ լուսաբանումներ, մինչդեռ ընդդիմադիր թեկնածուների մասին՝ առկա չեն։ Քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկություն Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերի նախընտրական հիմնադրամների նվիրատվություններում և թեկնածուների գույքի և եկամուտի հայտարագրերում առկա են խնդիրներ։ Մի քանի ուժերի նախընտրական հիմնադրամները ձևավորվել են բացառապես թեկնածուների նվիրատվությունների միջոցով, սակայն նրանց կողմից մուծված գումարները չեն համապատասխանում իրենց եկամուտներին, հատկապես որ նրանցից շատերը չունեն զբաղվածություն։ Այսպիսի խնդիր մասնավորապես արձանագրվել է հիմնականում «Մայր Հայաստան» դաշինքի  և հատվածային՝ այլ ուժերի պարագայում։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը,  «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը օգտագործում են շտաբային տարածքներ, սակայն հիմնադրամների հայտարագրերում՝ կամ ամբողջովին, կամ մասամբ բացակայում են շտաբային տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Հայտարարագրերում ներառված չեն նաև սոցիալական ցանցերում գովազդների վրա ծախսված գումարները, որոնք փոքր չեն։ «Եվրադաշինք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հայտարարագրում կարելի է տեսնել մի քանի նվիրատվություններ, որոնք նախատեսված չեն օրենքով, մասնավորապես իրավաբանական անձից են կամ՝ անանուն։   Հաշվի առնելով, որ այս ընտրությունների համար կուսակցության նվիրատուների տվյալները հանրայնացվելու են միայն հաջորդ տարի, ընտրողը հնարավորություն չունի պարզելու թե ինչ աղբյուրներից են ձևավորվել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական հիմնադրամի միջոցները, որոնք գոյացել են բացառապես կուսակցությունների կողմից։
17:55 - 31 մարտի, 2025
Դիտարկված տեղամասերում գործընթացները հիմնականում կազմակերպվել են առանց լուրջ խախտումների․ «Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Դիտարկված տեղամասերում գործընթացները հիմնականում կազմակերպվել են առանց լուրջ խախտումների․ «Ականատես» դիտորդական նախաձեռնություն

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունն իրականացրել է 2025 թ․ մարտի 30-ին կազմակերպված Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների հսկողություն, որտեղ գնահատել է ընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին և միջազգային ստանդարտներին։ Նախաձեռնությունը արձանագրել է՝ նախընտրական քարոզարշավն իրականացվել է մրցակցային պայմաններում և լարված մթնոլորտում։ Քվեարկությունն անցկացվել է ազատ միջավայրում և հիմնականում եղել է լավ կազմակերպված։ Ընտրողներն ունեցել են հնարավորություն ազատ կամարտահայտման համար։ «Առաքելության շրջանակներում ներգրավվել է 2 երկարաժամկետ և 20 շրջիկ դիտորդ։ Երկարաժամկետ դիտորդները դիտարկել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Շրջիկ դիտորդները դիտարկել են քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումը 82 տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ), ինչպես նաև ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը քաղաքում։ Առաքելության շրջանակում իրականացվել է նաև թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) աշխատանքների դիտարկում։ Քվեարկության օրը ընտրական գործընթացները հիմնականում ընթացել են խաղաղ, սակայն լարված մթնոլորտում։ Դիտարկված տեղամասերում քվեարկության նախապատրաստման, բուն քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացները հիմնականում կազմակերպվել են օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան՝ առանց լուրջ խախտումների։  Ականատեսի դիտորդներն արձանագրել են հետևյալ խախտումները։ 31/01, 31/02, 31/03, 31/05, 31/07, 31/08, 31/19, 31/23, 31/29, 31/43, 31/44, 31/46, 31/47, 31/50, 31/51, 31/55, 31/56, 31/57, 31/70, 31/79 տեղամասերի կահավորումը կատարվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։ Նախապատրաստական փուլում 31/22 և 31/42, իսկ ընտրությունների ընթացքում 31/21, 31/68, 31/69, 31/79 ընտրատեղամասերում միևնույն քաղաքական ուժից՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունից միաժամանակ ներկա է եղել 2-ական անձ։ Ժամը 9:45-ին Ականատեսի կողմից ԸԸՀ-ին իրազեկելուց հետո նման խնդիր այլևս չի նկատվել։ 31/78 տեղամասում ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու ծերերի խնամքի կենտրոնի աշխատակիցը յոթից ավել տարեց անձանց ուղեկցել է ընտրատեղամաս, այնուհետև առանց գրանցամատյանում որևէ մեկի համար որպես օգնող գրանցվելու՝ ուղղորդել, թե ում քվեարկեն՝ մատնանշելով թիվ 8՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը։ 31/69 տեղամասին հարող 50 մետրը չգերազանցող տարածքում պարբերաբար եղել են մարդկանց կուտակումներ, տարածքում գտնվել են ոստիկաններ, սակայն անձիք լքել են տարածքը միայն ԶԼՄ ներկայացուցիչների ժամանելուց հետո, նույն ընտրատեղամասում անձինք քվեարկելուց առաջ և հետո այցելում էին ընտրատեղամասին հարող խանութ, նաև կուտակված անձանց միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ոստիկանությունը պատշաճ չի արձագանքել տվյալ տեղամասից դուրս կուտակումներին և հասարակական կարգի այլ խախտումներին։ 31/46 տեղամասում ժամը 14:35-ին ընտրողը բացահայտել է իր քվեարկությունը՝ բղավելով․ «ու՞ր է Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը, տվեք միայն Ղուկասյանի քվեաթերթիկը», «էլ ում պետք է ընտրենք, եթե ոչ իրեն», այնուհետ տրվող փաթեթից վերցրել է միայն թիվ 2՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկը և մտել քվեախցիկ ու քվեարկել։ Այնուհետ, սակայն, նա վերադարձել է, վերցրել քվեաթերթիկները և նետել չօգտագործված քվեաթերթիկների համար հատկացված արկղը։ Այդ մասին գրանցամատյանում կատարվել է գրառում։ 31/69 և 31/70 ընտրատեղամասերի հարակից տարածքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրները փորձել են խոչընդոտել դիտորդների աշխատանքը։ Նրանք ընտրատեղամասերի մուտքերի մոտ բարձրաձայն քարոզչություն են իրականացրել՝ բղավելով, որ «միևնույն է, ՔՊ-ն հաղթելու է»։ Դիտորդների կողմից արձանագրվել է, որ ոստիկանները չեն արձագանքել իրավիճակին։ Դիտորդների պահանջին միջամտել և կանխել քարոզչությունը՝ իրավապահները պատասխանել են, որ բղավողները «հիվանդ մարդիկ են»։ 31/49 տեղամասում ընտրողը քվեարկություն կատարելուց հետո իր հետ տեղամասից դուրս է հանել չօգտագործված քվեաթերթիկների փաթեթը։ Այդ մասին գրանցամատյանում կատարվել է գրառում։ 31/23, 31/46, 31/53, 31/65 31/69, 31/70 տեղամասերում արձանագրվել են մարդկանց կուտակումներ։ 31/65 տեղամասում «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները ցուցաբերել են կողմնակալ վերաբերմունք՝ ի նպաստ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածուի։ Հաշվարկի ընթացքում դիտորդները մի քանի անգամ 8 համարի քվեաթերթիկը դուրս գալիս` ոգևորված բացականչություններ են արել։ Որոշ քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բնակության և ազդեցության թաղամասերում նկատվել են կուտակումներ և լարվածություն։ Թիվ 31 ԸԸՀ-ում ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացի ժամանակ արձանագրվել են կազմակերպչական բացթողումներ։ Փաստաթղթերի ընդունման գործընթացում ընդգրկված ընդամենը երկու անձը չեն կարողացել ապահովել արդյունավետ աշխատանք, ինչը հանգեցրել է ժամերով ձգվող հերթերի։ ՏԸՀ կողմից ԸԸՀ ներկայացված արձանագրությունների և ընթացիկ փաստաթղթերի մեծ մասը լրացված են եղել տեխնիկական սխալներով, արձանագրություններում առկա են եղել թերություններ, իսկ որոշ փաստաթղթեր կնքված չեն եղել, ինչը վկայում է տեղամասային հանձնաժողովների անդամների ոչ լիարժեք պատրաստվածության և նախապատրաստական դասընթացների անբավարար արդյունավետության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
17:49 - 31 մարտի, 2025
Միջնորդավորված եմ խոսել Մարտուն Գրիգորյանի հետ. եթե մեզ պաշտոն էլ առաջարկեն, հրաժարվելու ենք. Կարեն Սիմոնյան
 |news.am|

Միջնորդավորված եմ խոսել Մարտուն Գրիգորյանի հետ. եթե մեզ պաշտոն էլ առաջարկեն, հրաժարվելու ենք. Կարեն Սիմոնյան |news.am|

news.am: Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, քանի դեռ չենք լսել իրենց մոտեցումը, իմ կարծիքով կլինի հայտարարություն, դրանից հետո նոր մենք կփորձենք արձագանքել։ Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե Մարտուն Գրիգորյանը, որի գլխավորած ուժը ստացել է 6 մանդատ, չմիանա Վարդան Ղուկասյանին, որն ստացել է 8 մանդատ: «Ես միջնորդավորված եմ խոսել իր հետ, դեռ չունեմ հստակ ինֆորմացիա և սպասում ենք Մարտուն Գրիգորյանի հայտարարություններին: Դետալների մեջ ինչի՞ ենք մտնում, զանգում ենք, չի պատասխանում, չորրորդ զանգից նոր պատասխանեց, վեցերորդին կախեց, ասաց՝ հետ կզանգեմ: Դա գործին օգուտ չի տալիս»,-ասաց նա: Ճշտող հարցին՝ ունե՞ն սցենարներ, եթե օրինակ, 4 ընդդիմադիր ուժերը չկարողանան միասնական լինել. «Մեր մասով առաջին իսկ օրվանից ընտրությունների եղել  է հայտարարություն, որ մեր մինիմալ ծրագիրն է իշխանազրկել ՔՊ-ին, և մաքսիմալը ստանձնել Գյումրիի կառավարումը։ Միակ ուժն ենք, որը Գյումրիի զարգացման հեռանկարային ծրագիր է առաջ քաշել և մենք ակնկալում ենք գյումրեցու քվեն, որպեսզի այդ ծրագրի իրագործմանը մեծ դեր ունենանք և կարողանանք Գյումրիի զարգացումը դնել գծերի վրա։ Եթե չի ստացվելու այդ միավորումը, մենք փորձելու ենք դառնալ այն ուժը, որը աջակցելու է միավորմանը և իր կոչերով հանդես է գալու, որ բաց չթողնենք պատմական շանսը։ Մեր մանդատները միմիայն ծառայելու են գյումրեցուն և մեկ նպատակ են հետապնդելու, որ  իշխանազրկենք ՔՊ-ին: Որևիցե այլ կուլիսային բազարներ, պաշտոնակռիվ, պաշտոնների բաշխում չենք ակնկալում, եթե առաջարկվի էլ մեզ քաղաքապետարանում որևիցե պաշտոն, մենք հրաժարվելու ենք։ Մենք չենք ուզում որևիցե ուժի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը: Մենք ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ ՔՊ-ն չունենա իշխանություն Գյումրի քաղաքում։ Մնացածը արդեն կախված է մյուս քաղաքական ուժերից և իրենց ժամանակն է, որ կարողանան հայտարարություն անել և պարզ դառնա ի վերջո ուր ենք հասնելու»: Նշենք, որ մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որը քվեարկությամբ երրորդ ուժն է, դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել հետագա քայլերի վերաբերյալ:
17:03 - 31 մարտի, 2025
Նախընտրական փուլում «Անկախ դիտորդը» ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում, քվեարկության օրը՝ 2 հաղորդում
 |1lurer.am|

Նախընտրական փուլում «Անկախ դիտորդը» ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում, քվեարկության օրը՝ 2 հաղորդում |1lurer.am|

1lurer.am: Նախընտրական փուլում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի և քարոզչություն պարտադրելու վերաբերյալ խախտումներ: Այդ մասին ՏԻՄ ընտրություններին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջիկ դիտորդական առաքելության տվյալները ներկայացնելիս ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Երեք հաղորդումներից մեկը վերաբերում է Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ձայնով ձայնագրությանը, որը ենթադրում է քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու պարտադրանք, մյուսը վերաբերում է Մարտուն Գրիգորյանի անունից բարեգործության և նախընտրական արգելքի խախտմանը՝ շիբինապատման դեպքին: Երրորդ հաղորդումը վերաբերում է Սարիկ Մինասյանին, որը վերաբերում է և՛ բարեգործության արգելքի խախտման, և՛ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերին: «Քվեարկության օրը ներկայացրել ենք հաղորդում 2 հոդվածով. դա դիտորդի գործունեության խոչընդոտումն է՝ 210-րդ հոդվածի 1-ին մաս, և դա քվեարկության գաղտնիության խախտումն է՝ 215-րդ հոդվածի 2-րդ մաս»,- ասաց նա: Դեպքերից մեկի համաձայն՝ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահն ուղղորդել է ընտրողներին, որ քվեարկեն, և պահանջել է արձանագրություն կազմել, բայց դա ավարտվել է դիտորդի՝ ընտրատեղամասից հեռացումով: «Մենք քվեարկության գաղտնիության և դիտորդի գործունեության հետ կապված հաղորդում ենք տվել»,- տեղեկացրեց Իոաննիսյանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք հաղորդումներ են ներկայացվել նաև ԿԸՀ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը, ըստ Դանիել Իոաննիսյանի, բացառիկ է ընտրությունների կոնտեքստում: Խոսքը վերաբերում է քարոզարշավին մասնակցելու իրավունք չունցող անձի կողմից քարոզչություն իրականացնելուն: «Մասնավորապես՝ ՌԴ Պետդումայի պատգամավորի մասին է խոսքը, որը քարոզում էր «Մայր Հայաստան» դաշինքի օգտին»,- ասաց նա:
16:47 - 31 մարտի, 2025
Վարդան Ղուկասյանը հայտնում է՝ սպասում են «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի հայտարարությանը

Վարդան Ղուկասյանը հայտնում է՝ սպասում են «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի հայտարարությանը

Գյումրու համայնքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտնում է, որ սպասում են երրորդ ընդդմիադիր ուժի՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի հայտարարությանը: Ղուկասյանը նշում է, որ պատրաստ են ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների ծրագրային առումներով: Ղուկասյանը, ի պատասխան հարցին, թե պատրա՞ստ է ինչ-որ պաշտոնների նշանակել այն ուժերի ներկայացուցիչներին, որոնք կմիանան իրեն, ասաց՝ բացի փոխքաղաքապետի պաշտոնից՝ մյուս բոլոր պաշտոններում պատրաստ են նշանակել այլ ուժերի ներկայացուցիչներ: Վարդան Ղուկասյանը հայտարարեց՝ ընդդիմության միավորվելու պարագայում պատրաստ են տալ այն պաշտոնը, որ պետք է, բացի փոխքաղաքապետի պաշտոնից։  Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու չեն զիջի փոխքաղաքապետի պաշտոնը, Ղուկասյանն ասաց․ «Պատկերացրեք, որ եթե ինձ ձերբակալեն, ինքըստինքյան փոխքաղաքապետը պարտավորությունները վերցնում է իր վրա, և ինքը դառնում է քաղաքապետ։ Թե չէ մենք խնդիր չունենք աշխատելու հետ»։ Նշենք, որ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որը քվեարկությամբ երրորդ ուժն է, դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել արդյունքների վերաբերյալ: Ընդդիմադիր 3 ուժերի մանդատների քանակն այս պահին չի բավարարում համայնքապետ ընտրելու համար:
14:38 - 31 մարտի, 2025
Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Այս մասին իր էջում գրել է Գյումրիի աագանու ընտրություններում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար: Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը: Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»: Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։
11:51 - 31 մարտի, 2025
Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններ․ քարտեզ [թարմացվող]

Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններ․ քարտեզ [թարմացվող]

Կարդալ թարմացվող լրահոսը Քարտեզում ներկայացված են 2025 թվականի Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրությունների բոլոր ընտրատեղամասերի տվյալները՝ համարը, տեղակայման վայրը, հասցեն, հանձնաժողովի նախագահի անունը, նրան առաջադրած քաղաքական ուժը։ Իրական ժամանակում կարող եք տեսնել յուրաքանչյուր ընտրատեղամասում արձանագրված խախտումների, խնդիրների, միջադեպերի մասին հաղորդագրությունները և քվեարկության վերջնական արդյունքները։ Թարմացվող լրահոս 10:10- ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժերին. «ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում: 10:01- Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած 2 ընդդիմադիր ուժ՝ «Մայր Հայաստան» դաշինքը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, հայտարարել են, որ ավագանիում քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին: 09:55- Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 81-ի արդյունքների հաշվարկի վրա: Անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%։ 00։18- Գյումրու որոշ թաղամասերում հոսանքազրկումներ են, տեղամասերում քվեների հաշվարկը դեռևս ավարտված չէ։ Մասնավորապես՝ ԿԸՀ կայքում 82 տեղամասից պաշտոնապես նշվում են 5 տեղամասի արդյունքներ։ 00։07- Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 41-ի արդյունքների հաշվարկի վրա: Անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%։ 30․03․2025 22։49- Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 10-ի արդյունքների հաշվարկի վրա: 22։17- «Հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»,- հայտնել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալումների շուրջ Իոաննիսյանը ստույգ տեղեկություն չուներ, թե արդյոք հենց այդ անձինք են ընտրակաշառք բաժանել, բայց իրենց տեղեկության համաձայն՝ նման դեպքեր Գյումրիում տեղի են ունեցել։ Ընդհանուր առմամբ դիտորդական առաքելությունը առանձնացրել է Փարաքարի 7 և Գյումրու 11 ընտրատեղամաս, որտեղ ամենաշատն են խախտումներ արձանագրվել։ Արձանագրվել են ընթացակարգային խախտման դեպքեր 12 տեղամասում, կուտակումներ 8 տեղամասում, բաց քվեարկության դեպք 6 տեղամասում, 5  տեղամասում գրանցվել է վիճաբանության 6 դեպք՝ երկու դեպք մեկ տեղամասում։ 21։58- ՏԻՄ ընտրական գործընթացում ՄԻՊ-ը արձանագրել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ։ «Արձանագրվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ" Տեղեկատվություն է ստացվել, որ անձը, հաշմանդամությամբ պայմանավորված, չի կարողացել տնից դուրս գալ և իրացնել իր ընտրական իրավունքը, ինչը հետևանք է նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական հնարավորության բացակայության»,- ասվում է ՄԻՊ ամփոփման մեջ։ 21։19- Գյումրու 31/70 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ իրավիճակը լարվեց «Մեր քաղաքը» դաշինքի վստահված անձ Նաիրա Գրիգորյանի և հանձնաժողովի անդամների միջև։ Վստահված անձը նախ նշեց, որ սխալ են իրականացնում հաշվարկը, ապա ՔՊ-ի՝ ընտրատեղամասից դուրս գալ ցանկացող վստահված անձանց հայտնեց, որ եթե դուրս գան, թույլ չի տալու՝ ներս մտնեն։  Հանձնաժողովի նախագահն արձագանքեց, որ վստահված անձն անընդհատ խանգարում է իրենց աշխատանքներին։ Ապա դռան առջև աթոռ դրեցին, հետո, սակայն, հանեցին այն։ Տեսանյութերը՝ այստեղ։ 21։11- Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։ Մասնավորապես՝ քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1, խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1, քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու 2 հաղորդում։ Որպես պատահար գրանցված և ստուգման փուլում գտնվող 14 հաղորդումներից 4 ահազանգ ստացվել է քաղաքացիներից, իսկ 6-ը՝ մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներից։ 20։20-  Արտառոց խախտում՝ Գյումրու 31/70 ընտրատեղամասում։ Ընտրող քաղաքացին, քվեախցիկից դուրս գալով, դուրս է բերել դատարկ ծրարը, բոյկոտել, գոռացել, ստեղծել իրարանցում ու դեն նետել ծրարը: Սարքից դուրս եկած կտրոնը վերցրել ու փախել է: Խախտումն արձանագրել են դիտորդները: «Ոստիկանները քաղաքացուն հայտնաբերել են և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- հայտնել է հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը (ՔՊ): Մյուս խախտումները վերաբերում են բաց քվեարկություններին, վստահված անձի կողմից քաղաքացիների ընտրության ուղղորդմանը, հանձնաժողովի նախագահի՝ նույն կուսակցության վստահված անձի իրավախախտման նկատմամբ կողմնապահության, չհրկիզվող պահարանի բաց լինելուն, քվեարկության ծրարի վնասմանը: 20։05- Քվեարկությո ւնը 20:00-ին ավարտվել է: Ձայների հաշվարկին կարող եք հետևել ԿԸՀ կայքի միջոցով՝ բոլոր 98 տեղամասերից: 20։01- Գյումրու 31/17 ընտրատեղամասում առավոտյան միջադեպ է գրանցվել։ «Ինֆոքոմ»-ի թղթակցի զրույցում հանձնաժողովի նախագահ Կարեն Մանուկյանը պատմեց, որ ընտրողը, խախտելով Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրության գաղտնիությունը, դուրս է եկել քվեախցիկից առանց իր նախընտրած քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու և բոլորին բացահայտ ցույց է տվել իր ընտրությունը։ «Թերթիկը բոլորի ներկայացությանբ վերցրել ենք, մարել (պատռել՝ խմբ.) և կնոջը դուրս հրավիրել, նա այլևս ընտրելու իրավունք չի ստացել»,- ասաց Մանուկյանը։ Ժամը 19:00-ի դրությամբ այստեղ գրանցված 1386 ընտրողից քվեարկել է 470-ը։ 19:31- Գյումրու 31/10 ընտրատեղամասում ՌԴ անձնագրով ընտրողը մոտեցավ սարքին, սակայն նրա տվյալները չճանաչվեցին։ Ըստ հանձնաժողովի անդամի՝ սարքում նշված է, որ նա չի կարող քվեարկել, ինչին ի պատասխան՝ ընտրողն ասաց, որ դրսում փակցված ցուցակում իր անուն-ազգանունը կա։ Հանձնաժողովի անդամը զանգեց տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից ասացին՝ նա ունի հայկական անձնագիր, որին ի պատասխան՝ ընտրողը ասաց, որ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Դեպքից հետո ընտրողի ամուսինը եկավ ներս և ասաց՝ իրենք չեն գնա ընտրատեղամասից, մինչև ընտրողի ընտրելու իրավունքը չվերականգնվի։ Իրավիճակը թեժացավ, երբ «Իմ հզոր համայնք» կուսակցության վստահված անձանցինց մեկը նշեց, թե «ում համար պետք է, սարքը աշխատում է, մեր բարեկամի համար՝ չէ»։ Այլ վստահված անձ մոտեցավ՝ նշելով, որ եթե չվերականգնվի ընտրողի իրավունքը, «փակել կտա ընտրատարածքը տեսանելի խախտումների պատճառով»։ Մի փոքր անց հանձնաժողովի անդամի հորդորով ամուսինները գնացին տուն՝ բերելու կացության թուղթը, ինչը բերելուց հետո սարքը հաստատեց, որ քաղաքացին կարող է այստեղ ընտրել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ սարքը թույլ չի տալիս ՌԴ անձնագրով քվեարկել, եթե տվյալ անձը ռեգիստրում գրանցված է հայկական անձնագրով։ 19։04- Գյումրու 31/70 ընտրատեղամասի դիմաց երկու կին ագրեսիվ վարք են դրևորել, բղավել են դիտորդների վրա, որոնք փորձել են նկարել, թե ինչպես են կանայք ուղղորդում ընտրություն կատարել ՔՊ-ի օգտին: Դիտորդները դիմել են ոստիկաններին, որոնք փորձել են կանանց հեռացնել: «Ականատես»-ի դիտորդի խոսքով, սակայն, ոստիկաններից մեկն ասել է՝ դե հիվանդ մարդիկ են, ինչ անենք: Հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը նշում է, որ չի տեսել դրսում կատարվող դեպքը: Տեսանյութը՝ այստեղ։ 18։52- ՔՊ կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՔՊ վստահված անձանց մոտ նկատված թերթիկներին, հայտարարել է․ «Մեր բոլոր վստահված անձինք ունեն թերթիկներ, որոնցով հաշվում են բոլոր ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում։ Սա ցուցակ չէ, ընտրողին նույնականացնելու միջոց չէ, մասնակցությունը արագ հաշվելու միջոց է ընդամենը»։ 18:12- Դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում։ Այդ մասին մեկ արձանագրություն եղել է տեղամասի գրանցամատյանում՝ «Ինֆոքոմի» թղթակցի՝ այնտեղ գնալու դրությամբ: Մեր թղթակիցը նրա ձեռքին ևս նկատել է նման թուղթ, որի վրա նշված են եղել հերթական թվեր, որոնց վրա վստահված անձը պարբերաբար խաչեր է արել՝ ջնջելով թվերը։ Մեր թղթակիցը մի քանի փորձից ի վերջո կարողացել է մեկնաբանություն ստանալ վստահված անձից։ Նա, թեև դժկամությամբ, այնուամենայնիվ, երկու նախադասություն ասել է. «Թղթի վրա նշում եմ ընտրողների թիվը, հետագայում կարող է ճշտումների կարիք լինի»։ «Ինֆոքոմի» թղթակիցը խնդրել է նկարել այդ նշումների թերթիկը, սակայն վստահված անձը մերժել է։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները, ըստ էության․ առարկություն չեն հայտնել այդ նշումները շարունակելուն, և Գալոյանը շարունակում է անձանց՝ քվեարկության սենյակ մտնելուն զուգահեռ նշումներ անել։ 17։43-  Ժամը 17:00-ի դրությամբ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 39 181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111 236 է: Արմավիրի մարզի Փարաքարի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: 17:17- «Մեր քաղաքը» դաշինքը ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե] 17։11- Գյումրիի 31/24 ընտրատեղամասում 835 ընտրողներից 230-ը քվեարկել է։ Մի կին եկել է քվեարկության ու տեսել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է։ Հանձնաժողովի նախագահ Արտուշ Իսկանդարյանը «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ սխալմամբ մեկ այլ ընտրող այդ կնոջ անվան դիմաց ստորագրել է, այնուամենայնիվ այդ կնոջը հնարավորություն տվել են քվեարկելու։ Գրանցամատյանում համապատասխան նշում են կատարել, հաշվարկի ժամանակ կփորձեն պարզել՝ ով էր սխալ անվան դիմաց ստորագրել։ Արտուշ Իսկանդարյանը նշեց նաև, որ ակնկալում էր, որ այս ընտրություններին ավելի շատ մարդ կմասնակցի և հույս ունի, որ մասնակցության թիվը մինչ ընտրական օրվա ավարտը դեռ կավելանա։ 16։58- Ժամը 16։00-ի դրությամբ, Ոստիկանությունում ընտրությունների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով:  Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ [ՀՀ ՆԳՆ] 16։47- Գյումրու 31/45 ընտրական տեղամաս ցերեկը ՌԴ անձնագրով մեկ այլ տղամարդ եկել է քվեարկության, սակայն էլեկտրոնային սարքը նրան չի նույնականացրել։ Առաջարկել են ստուգել տվյալները անձնագրայինում և նորից գալ տեղամաս։ Տղամարդը ժամեր անց նույն անձնագրով եկավ և խնդրեց մեկ անգամ էլ ստուգել՝ պնդելով, որ ինքն այս տեղամասում է գրանցված։ Նրա տվյալները դարձյալ մուտք արվեցին համակարգ, այս անգամ նա ընտրությանը մասնակցելու հնարավորություն ստացավ, սակայն վրդովվեց, որ առաջին այցի ժամանակ կրկնակի չեն փորձել։ Բացի դրանից՝ նա նշեց, որ իր որդին, որը ևս ռուսական անձնագիր ունի, նույնպես չի կարողացել ընտրել այս տեղամասում, չնայած գրանցված է եղել։ Տղամարդն ասած, որ եղածը պատահականություն չի համարում, քանի որ գիտի՝ այլ տեղամասերում ռուսական անձնագրերով ընտրելու խնդիրներ չեն եղել։ «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ խնդիրը միայն տեխնիկական է, և նման խնդիր առաջանում է հիմնականում այլ երկրի անձնագրերի դեպքում, կամ երբ անձը սխալմամբ այլ անձնագիր է ներկայացնում, փոխանակ ներկայացնի այն մեկը, որով գրանցված է տեղամասում։ 16։30- «Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»։ Իոաննիսյանի խոսքով՝ դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև դրանք լատենտային բնույթ կրող են։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իրենց ինդիկատորները թույլ են տալիս ասել, որ տեղական կրիմինալը գոնե անտարբեր չէ։ «Սրա ցուցիչներից մեկը՝ եթե գյուղում տրամաբանական է, որ մարդիկ առավոտյան են քվեարկում, որ հետո անցնեն իրենց գործերին, քաղաքում մարդիկ կիրակի առավոտյան երկար են քնում։ Եվ այն թաղամասում որտեղ կրիմինալն ավելի ներկայացված է, այդ թաղամասերում կա մասնակցույթան բաձր մարակարդակ, ընդ որում որոշներում ավելի բարձր քան միջին մակարդակը, ես կասեմ ժամը 20։00-ից հետո, որովհետև եթե հիմա ասեմ միանգամից կհասկանան, որ ուժի վերաբերյալ է խոսքը։ Այս պարագայում իրենք ունենում են իրենց ենթարկեցրած էլեկտորատ և հնարավորինս շուտ են բերում, որ ամբողջ օրվա ընթացքում շատ ժամանակ ունենալու գտնելու այն մարդկանց, որոնք իրենց էլեկտրատից չեն եկել։ Նախքան 2018 թվականը այդ ընդհանուր ցուցանիշն ավելի բարձր էր, քան 2018 թվականից հետո»։ 16։18- Գյումրու 35/46 ընտրական տեղամասում 15:30-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1654 քաղաքացուց ընտրության է մասնակցել 566-ը (34%-ը)։ Այս տեղամասի գրանցամատյանում «Ինֆոքոմի» թղթակցի գալու դրությամբ երկու արձանագրություն է առկա եղել այն մասին, որ բացահայտ քարոզչություն է իրականցվել քվեարկության սենյակում, դեպքն արձանագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը։ Մյուս դեպքում անձը սկզբում չի պահպանել գաղտնիության կարգը, նրան զգուշացում է արել հանձնաժողովի նախագահը, անձը քվեարկել է ըստ կարգի և հեռացել։ Ապա «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձ Նաիրա Գրիգորյանը պահանջեց արձանագրել, որ «ընտրելու իրավունք չունեցող անձին թույլ է տրվել ընտրություն կատարել կողմնակի անձի օգնությամբ»։ Միաժամանակ հարկ է նշել, որ նշյալ անձը փաստացի գրանցված էր այս ընտրատեղամասում և էլեկտրոնային համակարգը նրան նույնականացրել է, ինչպես և հաստատող տեխնիկական մասնագետը։  «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձը մի քանի այլ խախտման մասին էլ բարձրաձայնեց, օրինակ, որ չհրկիզվող պահարանը, որտեղ ընտրությանը վերաբերող կարևոր առարկաներ են պահվում, ամբողջությամբ փակ չէր, կամ որ քվեախցիկից դուրս քվեարկություն էր կատարվում։ 15:52- «Մեր քաղաքը» դաշինքը (գլխավորում է Մարտուն Գրիգորյանը) հայտարարում է, որ «քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են իրենց ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին»։ «Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում  որևէ  տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին», - հայտնել են դաշինքից։ 15:35- Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ցուցակը գլխավորող անձինք այսօր իրենց ընտրությունը կատարելիս պատասխանեցին լրագրողների հարցերին։ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ ոչ մի ընդդիմադիր թեկնածուի հետ ինքը քննարկում չի ունեցել: Նրա խոսքով՝ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է։ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը նշեց, որ բարձր է գնահատում իր հաղթանակի շանսերը ու որ անպայման 50+1 հավաքելու է:Վարդան Ղուկասյանը նշեց,  որ եթե ընդդիմությունից որևէ մեկն իրենից շատ ձայն հավաքի, միանշանակ կմիանա նրանց։Անդրադառնալով Ղուկասյանի առաջարկին, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք՝ ով ինչքան քվե կստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածի մասին կխոսենք»:«Ո՞վ է ասել, որ ես ՔՊ-ի հետ եմ կոալիցիա կազմելու, եթե ես նման բան չեմ հայտարարել, հակառակը՝  ես ասել եմ, որ ոչ մեկին մենք քվե չենք տալու»,-ասել է ՀԱՍԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը:«Մայր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանը նշեց՝ «Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի սատարել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին։ «Մայր Հայաստան» դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը և ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրիում»,- ասաց նա: 15։22- Գյումրու 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ համեմատությամբ 14։00-ի դրությամբ ընտրության մասնակցության ցուցանիշի էական աճը պահպանվել է․ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 25255 ընտրող կամ 22,7 %-ը։  Համեմատության համար՝ 2021 թվականի ընտրություններին քվեարկությանը ողջ ընթացքում մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 24․14 %-ը։ Փարաքարում համայնքում էլ ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 7067 ընտրող կամ 33,71%-ը։ 15։19- Գյումրու 31/45 ընտրական տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1726 քաղաքացիներից 656-ն արդեն եկել են քվեարկության։ Այստեղ մասնակցությունը, ի համեմատ այլ ընտրատեղամասերի, բավականին բարձր է։ Այս տեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը նկատեց, որ մի քաղաքացի ընտրեց քվեախցիկից դուրս, քանի որ բոլոր քվեախցիկները զբաղված էին, մեկ այլ քաղաքացու հետ քվեախցիկին մոտեցավ նաև նրա ազգականը [ակնադիտական տեսանկյունից՝ անչափահաս]։ Երկու դեպքն էլ տեսանելի էին քվեարկության սենյակում ներկա վստահված անձանց (հանձնաժողովի նախագահը սենյակում չէր), սակայն նրանք որևէ կերպ չարձագանքեցին։ Նույն տեղամասում ՌԴ անձնագրով երիտասարդ տղամարդը տևական ժամանակ է՝ սպասում է քվեարկելու. թեև նա ունի կացության վկայական և գրանցված է այս տեղամասում, սակայն էլեկտրոնային սարքը նրա տվյալները չի հայտնաբերում։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ճշտումներ են կատարում նրա՝ ՀՀ-ում բնակվելու ժամկետի վերաբերյալ։ Պարզվեց, որ նա ևս մեկ անձնագիր ունի, նրան առաջարկվեց բերել այն և այդ ժամանակ մասնակցել քվեարկությանը։ 15։10- «Հայաքվե» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ Գյումրիի 31/36 տեղամասային կենտրոնում հանձնաժողովը թույլատրել է, որ մայրը քվեարկի անգործունակ ճանաչված որդու փոխարեն: «ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք։ Այս դեպքում այդ քաղաքացու անունն ընդհանրապես պետք է ընտրողների ցուցակից բացակայեր», - նշված է հաղորդագրության մեջ: 14:45- Գյումրու 31/06 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են այնպես, որ պատշգամբ բարձրանալու դեպքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը։ «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց․ «Վերևը մարդ չի լինում, մենք բոլորս նայում ենք, հատկապես ես, որպեսզի եթե մի հոգի լինի, միանգամից դա արձանագրվի»։ Լրագրողի դիտարկամը, որ վերևում գտնվող սենյակի դուռը բաց է եղել, ապա փակվել, նախագահն ասաց՝ տեսախցիկի հետ կապված խնդիր են ունեցել․ «Մենք այդտեղ մարդ էինք բարձրացրել, տեսախցիկը թեքեց ու անջատեցինք տեսախցիկները։ Կարող է՝ ինքն է բաց թողել, հետո մեկը նկատել է, ասել է՝ գնա փակի։ Ինձ համար կարևոր է, որ մարդ էս հատվածում չլինի»։ 14։30- Գյումրու 31/31 ընտրատեղամասում միաժամանակ գրանցվել են Կոմունիստական կուսակցությունից երկու վստահված անձ, նրանցից մեկը գրանցվել է 7:11-ին, մյուսը՝ 1 րոպե անց, և ժամը 11:06-ի դրությամբ նրանք երկուսն էլ չէին նշել, որ դուրս են եկել, սակայն նրանցից միայն մեկն էր ընտրասենյակում։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Մնացականյանը հրաժարվեց մեզ մեկնաբանություն տալ։ 14։15- Գյումրիի 31/06 ընտրատեղամասում կուտակումներ են։ Տեղամասում ընտրողների քանակը 1419 է, արդեն ընտրել է 322 քաղաքացի։ Տեսանյութը՝ այստեղ 1։30- Գյումրու 31/37 ընտրական տեղամասում հանձնաժողովը քվեարկության սենյակից հեռացրել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտորդին. հանձնաժողովի ողջ կազմը կողմ է քվեարկել հարցին։ Գրանցամատյանում արձանագրված է, թե դիտորդը էապես խաթարել է հանձնաժողովի բնականոն աշխատանքը։ Ըստ հանձնաժողովի նախագահ Երվանդ Պետրոսյանի՝ մի տարեց մարդ եկել է քվեարկության թոռան հետ, սկզբում ասել է, որ իրեն օգնություն պետք չէ, իսկ հետո թոռան օգնությանն է ապավինել։ Իսկ ըստ դիտորդ Սևադա Ղազարյանի՝ ընտրողին մի քանի անգամ են հարցրել՝ օգնություն պետք է, թե ոչ, նա պատասխանել է՝ ոչ, սակայն այնքան են նույն հարցը տվել, որ ի վերջո ընտրողը համաձայնել է, որ իրեն օգնեն։ Այս մասին դիտորդը բարձրաձայնել է, նրա և հանձնաժողովականների միջև լարված բանավեճ է եղել և ի վերջո հանձնաժողովը դիտորդին հեռացնելու որոշում է կայացրել։  Հանձնաժողովի նախագահն ասում է՝ թյուրիմացությունը հարթվել է, անձնական խնդիր չկա։ Սևադա Ղազարյանը պնդում է, որ որոշումն ապօրինի է, և առաջիկայում դրա առնչությամբ հաղորդում կներկայացվի։   13։22- Գյումրու 31/03 ընտրատեղամասում Հայաստանի կոմունիստական կուսակցության երկու վստահված անձինք են ներկա։ «Ինֆոքոմի» թղթակցին հանձնաժողովի նախագահը ասաց․ «Օրենքով երկու վստահված անձ հանգիստ կարող են մնալ, երկուսից ավելը արդեն խնդիր է։ Մտնող դուրս եկողները երկուսն էլ պարբերաբար մտել դուրս են եկել, գրանցվել են հետո․․․»։ Սակայն գրանցամատյանում նշված կուսակցության երկու վստահված անձանց դուրս գալու ժամն էլ արձանագված չէ։ Միևնույն ժամանակ, ըստ Ընտրական օրենսգրքի, քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ: 13։15- Գյումրիի 31/48 ընտրատեղամասում քաղաքացին եկել է քվեարկելու ժամկետնանց անձնագրով և ID քարտով, հանձնաժողովի անդամները քաղաքացուն ասել են, որ գնա Ոստիկանություն՝ տեղեկանք բերելու, որ կարող է քվեարկել։ Ոստիկանությունից քաղաքացուն ասել են, որ ժամկետնանց անձնագիրը խնդիր չէ, կարող է քվեարկել։ Ընտրատեղամասում, սակայն, կրկին թույլ չեն տվել, որ քաղաքացին քվեարկի։ Հանձնաժողովի անդամ Հերմինե Ասատրյանը «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ քանի որ քաղաքացին չի բերել տեղեկանքը, հանձնաժողովն ասել է, որ չի կարող քվեարկել։ 13։04- Ժամը 12։00-ի դրությամբ, Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ 12։58- Գյումրիի 31/48 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացիներից մեկը մի քանի փորձից չի կարողացել ինքնուրույն քվեարկել, քվեախցիկից դուրս նրան օգնել է «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձը։ 12։54- Գյումրիի 31/48 ընտրատեղամասում քաղաքացին գնացել է քվեախցիկ, ապա հետ եկել՝ ասելով, որ 8-րդ համարի քվեաթերթիկը չկա, վերցրել է 8-րդ համարի քվեաթերթիկը։ «Եվրադաշինքի» վստահված անձը միջնորդել է, որ մարեն նախորդ քվեաթերթիկները ու քաղաքացին նորից վերցնի բոլոր թերթիկները։ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ քվեաթերթիկների մարումը չեն արձանագրել, արձանագրելու կարիք չկա, քանի որ հարցը տեղում լուծվել է։ 12:40- Գյումրու 31/03 ընտրատեղամասում քաղաքացին ընտրությունը կատարելուց հետո մոտեցել է կողքի քվեախցիկ։ Ինչպես երևում է տեսանյութում, վերջին պահին հանձնաժողովի նախագահը միջամտել է՝ դուրս հրավիրելով քաղաքացուն։ «Ինֆոքոմի» հարցին, թե արդյոք նշված անձը գրանցված է եղել օգնող, հանձնաժողովի նախագահը տվել է բացասական պատասխան՝ նշելով, որ իրենք բոլոր օգնողներին գրանցում են։  12:20- Ժամը 11։00-ի դրությամբ՝ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 8100 մարդ կամ 7.28 %-ը։ Փարաքարում ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 3094 մարդ կամ 14.76%-ը։ [ԿԸՀ] 12:18- Գյումրիի 31/65 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից միաժամանակ երկուական վստահված անձինք են ընտրատեղամասում գտնվել։ «Ինֆոքոմի» թղթակցի հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՔՊ վստահված անձանցից մեկը շատ արագ է դուրս եկել, երբ ճշտել են, որ նույն տեղից են։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է, որ արձանագրություն չեն կազմել։ 12։15- Գյումրիի 31/69 ընտրատեղամասում ժամը 10:00-ի դրությամբ քվեաթերթիկների անհամաչափություն է եղել։ 2-րդ, 5-րդ և 7-րդ համարների քվեաթերթիկների թիվը մյուսներից նկատելիորեն քիչ է եղել։ «Հայաքվեի» դիտորդի դիտարկումից հետո համաչափությունը վերականգնվել է: [«Հայաքվե» դիտորդական առաքելություն] 11։56- Ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․  Դիտարկված տեղամասերում հանձնաժողովի առավոտյան նիստը 2 տեղամասերում սկսվել է ուշացած, 3 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, որոնք վերաբերել են անհրաժեշտ գործողությունների հերթականությունը:  Գյումրիի մեկ տեղամասում անբավարար է համարվել քվեարկության սենյակի տարածքը քվեարկությունը կազմակերպելու համար, ևս մեկում լուսավորությունը՝ հանձնաժողովի աշխատանքի և քվեարկության համար:  Բացառությամբ մեկ տեղամասի, որում առհասարակ նիստին ներկա չէին քաղաքական ուժերի վստահված անձինք, մյուսներում վերահսկողությունը իրականացնում էին մեկից ավելի կուսակցությունների վստահված անձինք: Դիտորդների այցելած տեղամասերից 7-ում տարածքն անբավարար է ընտրողների և քվեասենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար։ Քվեասենյակի լուսավորությունն անբավարար է 6 տեղամասում և քվեախցիկի լուսավորությունն անբավարար է 4-ում։ Քվեախցիկի դիրքը խնդրահարույց էր Գյումրիի մեկ տեղամասում և, հանձնաժողովի նախագահի ուշադրությունը գրավելուց հետո, քվեախցիկների դիրքը փոխվել է։ Կահավորումն ընդհանուր առմամբ անհարմար է գնահատվել 2 տեղամասում։ 11։45- Գյումրիի 31/02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում լուսանկարահանում է իրականացրել։ «Ինֆոքոմի» թղթակիցը տեսել է ֆլեշային լույսը, որից հետո միացրել իր տեսախցիկը։ Ընտրողը նաև քվեախցիկից հեռախոսազանգ է կատարել (տեսանյութում երևում են համապատասխան շարժումներ)։ Ընտրական հանձնաժողովի նախագահը հենց քվեատուփի դիմաց է եղել։ Հանձնաժողովի նախագահ Նարինե Ղազարյանը մեկնաբանելով, նշել է, որ ինքը երկար ժամանակ կանգնած է եղել այնտեղ բայց ոչինչ չի նկատել։ 11։30-  «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց՝ ոչ մի ընդդիմադիր թեկնածուի հետ ինքը քննարկում չի ունեցել: Նա նաև ասաց, որ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է. «Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է, ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան ու գան ընտրության: Բարձր մասնակցության դեպքում ոչ մի վարչական ռեսուրս»: 11։25- «Ինֆոքոմի» թղթակիցը 31/66 տեղամասից հայտնում է՝ մի տղամարդ առանց բեյջի ներսուդուրս է անում, ստուգում: Ապա կանգնել է լրագրողի հետևում՝ տեսնելու, թե ինչ է անում հեռախոսով, ինչից հետո դուրս է եկել և միանգամից ինչ-որ մեկին զանգահարել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լիանա Գալստյանը «Ինֆոքոմի» հարցին՝ թե ով է եղել տղամարդը, նշեց՝ չի նկատել. «Ես էստեղ շատերին դուրս հրավիրեցի, ասեցի, որ իրավունք չունեք էստեղ գտնվելու։ Եթե ընտրող է գալիս, ես իրավունք չունեմ, որ ասեմ։ Մեկ-երկուսին էլ ասեցի, ասեցին՝ «ընտրող ենք, սպասում ենք հերթին»։ Միգուցե ընտրող է եղել, չեմ նկատել, եթե նկատեմ անպայման»։ 11։02- «Ինֆոքոմի» թղթակիցը հայտնում է, որ Գյումրիի 31/41 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը հեռախոսով շտաբին թելադրել է՝ որ կազմակերպություններից դիտորդներ կան տեղամասում։ 10։35- 31/34 ընտրատեղամասի 3 քվեախցիկներից մեկի թիկունքն ամբողջությամբ փակված չէ, հատվածական փակ է կտորով։ Քվեասենյակից մուտք կա դեպի երկու սենյակ, «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սարիբեկ Ղուկասյանը նշեց, որ 2 դռները, որոնք երևում են քվեասենյակից, փակ են․ «Օրենքով թուլատրվում է», - նշեց նա։ Հարցին, թե ինչու ամբողջությամբ ծածկված չէ խցիկի թիկունքը, նախագահը նշեց՝ մանկապարտեզի հնարավորությունների սահմանում ինչքան կարողացել, ապահովել են գաղտնիությունը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ից եղել են տեղամասում և վստահեցրել, որ կահավորումը բավարարում է չափանիշներին։ ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց, որ այդ տեղամասի կահավորումը ի սկզբանե տեսել են։ Նա նշեց, որ կարևորն այն է, որ քվեախցիկի հետևում անձանց տեղաշարժը բացառվի։ Ըստ նրա՝ նման կահավորանքն, ըստ էության, այդ խնդիրը լուծում է։ Կարապետյանը նաև ասաց, որ քվեախցիկները այլ տարածքում տեղադրելը խնդիր կարող էր առաջացնել ուղիղ տեսանկարահանման հարցում՝ տեսախցիկները այլ տարածքում քվեարկության սենյակում կատարվողը չէին կարող ֆիքսել։ 10։18- Գյումրիի 31/67 ընտրատեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը արձանագրել է, որ քվեախցիկները տեղադրված են այնպես, որ կարող է խախտվել քվերկության գաղտնիությունը։ 31/67 ընտրատեղամասում քվեախցիկները գտնվում են պատուհանների կողքին, որոնք ամբողջական ծածկված չեն։ Մեկնաբանելով՝ հանձնաժողովի նախագահ Անի Քոչարյանը նշել է, որ բակը [պատուհանից երևացող] ամբողջովին փակ է, և արտաքին մուտք ընդհանրապես չունի։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ քվեախցիկները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն: 10։15- Այն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, իսկ մենք ընդդիմադիրներով այդ հարցի շուրջ համաձայնության կգանք և այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չի լինի։ Այս մասին Գյումրիի ավագանու ընտրություններում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը: «Ընդդիմադիր թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր և որդու ձերբակալության ժամանակ գրեթե բոլորը զանգել են, եկել են, հանդիպել են մեզ: Ես չեմ կարծում, որ եթե մենք նեղ պահին կարող էինք համախմբվել, իրար աջակցել, հիմա ընտրություններից հետո պիտի չկարողանանք»,- ասաց Գրիգորյանը։  10։07- Գյումրիի 31/41 ընտրատեղամասում 9:50-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1384 քաղաքացիներից  քվեարկությանը մասնակցել է 47-ը։ Այս ընտրատեղամասում Հայաստանի կոմունիստական կուսակցությունից միաժամանակ 2 վստահված անձ է գրանցվել, ինչն օրենքով թույլատրված չէ։ Հանձնաժողովի քարտուղարը միայն «Ինֆոքոմի» թղթակցի հարցից հետո է նկատել նրանց միաժամանակյա ներկայությունը և նրանցից մեկին խնդրել լքել ընտրատեղամասը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը պահանջել է այդ մասին արձանագրություն անել գրանցամատյանում։ 10։02-  Ինֆոքոմի թղթակիցը հայտնում է, որ Գյումրու 31/56 ընտրատեղամասում Հայաստանի կոմունիստական կուսակցությունից միաժամանակ 2 վստահված անձ է գրանցվել, ինչն օրենքով թույլատրված չէ։ Այս խախտման վերաբերյալ գրանցամատյանում արձանագրություն դեռ առկա չէ։ 09։25- Գյումրու 31/43 ընտրատեղամասում քվեարկությունը պասիվ չէ։ Ընտրատեղամաս եկավ ՌԴ անձնագիր ունեցող մի տղամարդ, սակայն ընտրել չկարողացավ, քանի որ, հանձնաժողովի անդամների պնդմամբ, նրա մոտ առկա չէր կացության կարգավիճակը հաստատող վկայական։ Տղամարդը վրդովվեց՝ ասելով, որ իր անունը ցուցակներում ներառված է։ Նրան առաջարկեցին կացության վկայականով մոտենալ տեղամաս կամ համապատասխան մարմիններից [անձնագրային, ԿԸՀ] ճշտումներ կատարել։ Նրանից հետո ևս մի կին ոչ հայկական անձնագրով եկավ քվեարկության և կարողացավ ընտրել, քանի որ ներկայացրեց կացության վկայական։ 08։09  08։00 - Գյումրիում ու Փարաքարում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են։ Ընտրատեղամասերը կբացվեն առավոտյան 08:00-ից, ընտրողները քվեարկելու հնարավորություն կունենան մինչև երեկոյան 20:00-ն։ Գյումրի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝  «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», ցուցակը գլխավորում է Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Ռուբեն Մխիթարյանը,«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը,«Ապրելու երկիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը,«Մեր քաղաքը դաշինք, ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը,«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը,«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը,«Եվրադաշինք», ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։  Փարաքար համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝  «Միասնություն» կուսակցությունների դաշինք, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Լյուդվիդ Գյուլնազարյանը,«Ազգային առաջընթաց» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը,«Կայունություն» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը։
10:10 - 31 մարտի, 2025
Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն․ Նիկոլ Փաշինյան

Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժերին:  «ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։ Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։
09:53 - 31 մարտի, 2025