Ավստրիա

Ավստրիայի կանցլերը հայտարարել է իր հրաժարականի մասին
 |azatutyun.am|

Ավստրիայի կանցլերը հայտարարել է իր հրաժարականի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել է իր հրաժարականի մասին անցյալ սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու վերաբերյալ բանակցությունների ձախողման ֆոնին: Նա խոստացել է հեռանալ Ժողովրդական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Նոյեմբերից շարունակվող բանակցությունները փակուղի են մտել։ Նախօրեին NEOS Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ լքում են բանակցությունները՝ կենսաթոշակային բարեփոխումների, հարկային քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով։ Ի սկզբանե հույս կար, NEOS-ը, ինչպես նաև երկու կենտրոնամետ կուսակցությունները՝ Ժողովրդական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, կձևավորեն խորհրդարանական մեծամասնություն, որը կարող է արդյունավետորեն հակազդել աջ պոպուլիստական «Ազատություն» կուսակցությանը․ վերջինը սեպտեմբերին կայացած ընտրություններում մեծամասնություն էր ստացել։ Աջակողմյան այդ կուսակցությունը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության խստացման և պատերազմող Ուկրաինային եվրոպական աջակցությունը նվազեցնելու օգտին: Այժմ, երբ Նեհամերը հրաժարական է տալիս, երկու ամենահավանական տարբերակներն են՝ կա՛մ «Ազատության» առաջնորդ Հերբերտ Քիքլը կձևավորի կառավարություն, կա՛մ կնշանակվեն արտահերթ ընտրություններ:
11:30 - 05 հունվարի, 2025
Միրզոյանը և Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Միրզոյանը և Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շարունակելով ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ավստրիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը միտված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից շարունակական աջակցության կարևորությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են վիզաների ազատականացման երկխոսությունը, ժողովրդավարական բարեփոխումները՝ միաժամանակ տեղեկացնելով ՀՀ հասարակության շրջանում ԵՄ հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ քննարկումների մասին։ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի՝ սեղմ ժամկետում ստորագրման կարևորության վերաբերյալ։
12:39 - 06 դեկտեմբերի, 2024
Քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ. քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարությունների միջև

Քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ. քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարությունների միջև

Սեպտեմբերի 17-ին Վիեննայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, Երկկողմ հարաբերությունների և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության հարցերի գլխավոր տնօրեն Գրեգոր Քյոսլերը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ավստրիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Կողմերն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, կրթության, մշակույթի, գիտության և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև զարգացման քաղաքականության և հումանիտար ոլորտներում առկա ընթացիկ ծրագրերին։ Խորհրդակցություններին քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացների վերջին զարգացումներին:
17:42 - 17 սեպտեմբերի, 2024
Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը՝ Ավստրիայի դեսպանին

Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը՝ Ավստրիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ հաղորդագրության համաձայն՝ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձնական հանձնառությունն ու պատրաստակամությունը: «Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ ապացույցը բարեկամական խմբերի գործունեությունն է: ԱԺ փոխխոսնակն արժեւորել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը` համոզմունք հայտնելով, որ Ավստրիան համաձայնություն կտա այդ գործընթացին: Կարեւորվել է Ավստրիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում: Դեսպանն իր հերթին խոստացել է խնդրանքը փոխանցել իրավասու մարմիններին: «Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, պետք է դիտարկել ոչ միայն որպես մեր քաղաքացիների բարգավաճման նախապայման, այլ նաեւ եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս: Այն ուղղված պետք է լինի այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը»,- անդրադառնալով տարածաշրջանային կայունության ու անվտանգության խնդիրներին՝ նշել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում նա հիշատակել է 2024 թվականի ապրիլի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ավստրիայի ներգրավման եւ փախստական քաղաքացիական բնակչության, հատկապես կանանց եւ երեխաների կենսապայմանների բարելավման վերաբերյալ» բանաձեւը: Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս հարցում հայկական կողմի ջանքերին, խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը, ՀՀ-ԵՄ գործընկերության հեռանկարներին, ԵՄ դիտորդական առաքելության կարեւորությանը, մի շարք ոլորտներում փոխգործակցության խթանմանը եւ այլ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ։
15:56 - 12 հուլիսի, 2024
Ավստրիայի ՊՆ ղեկավարը Ռուսաստանին հարվածելու Արևմուտքի որոշումն անվանել է կարմիր գիծը հատող
 |shantnews.am|

Ավստրիայի ՊՆ ղեկավարը Ռուսաստանին հարվածելու Արևմուտքի որոշումն անվանել է կարմիր գիծը հատող |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի Դաշնության տարածքին արևմտյան զինատեսակներով հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի թույլտվությունը կարմիր գծի հատումն էր։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները։ «Այսպիսով, կարմիր գիծը հատվեց, ուստի ես շատ գոհ եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պարզաբանումից, ով ասաց, որ դաշինքը զորքեր չի ուղարկի Ուկրաինա», – ասել է նա Die Presse թերթին տված հարցազրույցում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 31-ին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել ռուսական տարածքին։ Ինչպես հայտարարեց ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, խոսքը միայն Խարկովի մերձակայքում գտնվող ռուսական շրջանների վրա հարձակումների մասին է։
10:42 - 09 հունիսի, 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում:   Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ հարցերին, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթաց գրանցելու կարևորությանը։ Տարածաշրջանային կայունության համատեքստում գոհունակությամբ է հիշատակվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու դրանում անդամ երկրների անմիջական ներգրավածությունը։ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումներն ու խաղաղության օրակարգը հետապնդում են մեկ հստակ նպատակ՝ ՀՀ քաղաքացիների համար ապահովել կայուն, անվտանգ միջավայր։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները, առանցքային հարցերի շուրջ ՀՀ հետևողական դիրքորոշումը և շեշտել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ։
19:51 - 17 մայիսի, 2024
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
 |armenpress.am|

Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Վիեննան չի պլանավորում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ դառնալ։ Այս մասին հայտնել է Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական հարթակը՝ մեջբերելով ԱԳ նախարարի խոսքերը խորհրդարանում ունեցած ելույթից։ «Մենք մտադրություն չունենք այնտեղ (խմբ․ ՆԱՏՕ) մտնելու»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ Ավստրիան Իռլանդիայի, Մալթայի և Շվեյցարիայի հետ միասին մտադրություն ունի դաշինքի հետ տեղեկատվություն փոխանակել և տեսանելի դարձնել չեզոք պետությունները։ «Մենք չենք ուզում, որ մեզ մոռանան»,- պարզաբանել է նախարարը։ Ավելի վաղ ավստրիական die Presse թերթը հայտնել էր, որ Ավստրիան, ինչպես նաև Իռլանդիան, Մալթան և Շվեյցարիան մտադիր են ամրապնդել իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Այդ մասին այս պետությունների դիվանագետները հայտնել են անցյալ տարվա դեկտեմբերին՝ դաշինքին ուղարկված իրենց նամակում։ Թերթը պարզաբանում է, որ նամակն իր մոտ է։ Ըստ հրապարակման՝ այս պետությունների ներկայացուցիչները կոնկրետ առաջարկներ են արել, թե ինչպես կարելի է զարգացնել համագործակցությունը։
20:21 - 07 մայիսի, 2024
 Հայաստանն ընտրվել է որպես հյուրընկալող երկիր՝ դեպի Մարս առաքելության մոդելավորման համար

Հայաստանն ընտրվել է որպես հյուրընկալող երկիր՝ դեպի Մարս առաքելության մոդելավորման համար

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում այսօր հյուրընկալվել էին 2024 թ. Հայաստանում Հայկական տիեզերական ֆորումի և Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) հետ համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի հայկական և ավստրիական կազմակերպչական թիմերի անդամները։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: «Դեսպան Արմեն Պապիկյանն իր խոսքում ուրախությամբ նշեց, որ Հայաստանը գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի հետազոտական կենտրոն։ Ընդգծելով «AMADEE-24» սիմուլյացիայի գիտակրթական կարևոր նշանակությունը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ավստրիական տիեզերական ֆորումին Հայաստանը որպես հյուրընկալող երկիր ընտրելու համար: Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF) Հայաստանն ընտրել է որպես հյուրընկալող երկիր` դեպի Մարս առաքելության մոդելավորման համար։ AMADEE24 վարժանքները կանցկացվեն 2024 թվականի մարտին։ Սիմուլյացիայի շրջանակում միջազգային անձնակազմը մեկ ամիս շարունակ կմարզվի ժայռոտ բարձրադիր սարահարթում, որը շատ առումներով նման է Մարսի վրա գտնվող սարահարթերին։ Սա կլինի OeWF-ի կողմից իրականացվող 14-րդ մոդելավորումը, որոնց ընթացքում տեխնոլոգիաներ են փորձարկվում ապագայում դեպի Մարս հետազոտական առաքելություն ուղարկելու նպատակով»,- ասված է գրառման մեջ:
16:50 - 25 հունվարի, 2024
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Ավստրիայի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը վերաբերող արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Ավստրիայի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը վերաբերող արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի դաշնային կառավարության միջև` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը: Արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 93 կողմ ձայն: Ըստ նախագծի՝ ԵՄ անդամ պետությունների հետ շարժունակության ոլորտը խթանելու կարևորագույն նախապայմաններից մեկը ՀՀ-ԵՄ Հետընդունման համաձայնագրի պատշաճ իրականացումն է: Այն հատկապես որոշիչ նշանակություն ունի անկանոն միգրացիայի դեմ պայքարի համատեքստում: Համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, կոչ է արվում կողմերին կնքել կիրարկման արձանագրություններ: Նախագիծը ներկայացնելիս Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ սա թույլ է տալիս նաև ընդգծելու ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունել, ռեադմիսիոն գործընթացներ ապահովել այն անձանց համար, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում: Մինչև այս պահը ուժի մեջ են մտել 7 երկրների հետ արձանագրություններ՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան:
12:01 - 16 հունվարի, 2024