Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը՝ Ավստրիայի դեսպանին
15:56 - 12 հուլիսի, 2024

Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը՝ Ավստրիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի):

ԱԺ հաղորդագրության համաձայն՝ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձնական հանձնառությունն ու պատրաստակամությունը:

«Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ ապացույցը բարեկամական խմբերի գործունեությունն է:

ԱԺ փոխխոսնակն արժեւորել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը` համոզմունք հայտնելով, որ Ավստրիան համաձայնություն կտա այդ գործընթացին: Կարեւորվել է Ավստրիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում: Դեսպանն իր հերթին խոստացել է խնդրանքը փոխանցել իրավասու մարմիններին:

«Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, պետք է դիտարկել ոչ միայն որպես մեր քաղաքացիների բարգավաճման նախապայման, այլ նաեւ եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս: Այն ուղղված պետք է լինի այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը»,- անդրադառնալով տարածաշրջանային կայունության ու անվտանգության խնդիրներին՝ նշել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում նա հիշատակել է 2024 թվականի ապրիլի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ավստրիայի ներգրավման եւ փախստական քաղաքացիական բնակչության, հատկապես կանանց եւ երեխաների կենսապայմանների բարելավման վերաբերյալ» բանաձեւը:

Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս հարցում հայկական կողմի ջանքերին, խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը, ՀՀ-ԵՄ գործընկերության հեռանկարներին, ԵՄ դիտորդական առաքելության կարեւորությանը, մի շարք ոլորտներում փոխգործակցության խթանմանը եւ այլ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել