Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի ավագանին կքննարկի կիրակի «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղի համար վճարումից ազատելու նախագիծ

Երևանի ավագանին կքննարկի կիրակի «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղի համար վճարումից ազատելու նախագիծ

Երևանի ավագանու փետրվարի 5-ին կայանալիք արտահերթ նիստում կքննարկվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, Երևանի ավագանու որոշման նախագծով առաջարկվում է ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետը լրացնել վերոնշյալ առաջարկով նոր ենթակետով։
19:27 - 01 փետրվարի, 2024
Ինչո՞ւ է շալախ տեսակի մեկ ծիրանենին գնվել 19500 դրամով. Քաղաքապետարանի պատասխանը Հետք-ի հրապարակման

Ինչո՞ւ է շալախ տեսակի մեկ ծիրանենին գնվել 19500 դրամով. Քաղաքապետարանի պատասխանը Հետք-ի հրապարակման

Քաղաքապետարանն արձագանքել է  «Հետք»-ի հրապարակմանը՝ շալախ տեսակի ծիրանենու մեկ տնկին 19500 դրամով ձեռք բերելու վերաբերյալ. «Տեղեկացնում ենք, որ «Հետք» լրատվականի հրապարակումը, թե կազմակերպությունը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19500 դրամով, բայց կարող էր գնել 2400 դրամով, չի համապատասխանում իրականությանը։ «Հետքն» այսպիսով ցուցաբերել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, քանի որ տնկիների տեխնիկական բնութագրերը տարբեր են, հետևաբար տարբեր են նաև դրանց գները։ Կան տնկիներ, որոնց արժեքը 1000 դրամ է, և կան հասուն ծառեր, որոնք, ըստ իրենց տեխնիկական բնութագրի, կարող են արժենալ տասնյակ հազարավոր դրամներ: Նշենք, որ գնումները հայտարարվել են էլեկտրոնային համակարգի միջոցով, առանց ֆինանսական միջոցների։ Տվյալ գնման հայտարարության մեջ եղել է 26 լոտ, մասնակցել է 5 ընկերություն: Ինչ վերաբերում է «Հետք»-ի հրապարակմանը, թե դա նույն ծառն է, փաստում ենք, որ չի համապատասխանում իրականությանը։ Առաջին գնման ընթացակարգով անտառ հիմնելու նպատակով ձեռք են բերվել ծիրանենու տնկիներ։ Երկրորդ գնման ընթացակարգով ֆասադային հատվածների համար ձեռք են բերվել պատրաստի հասուն ծառեր՝ կայացած սաղարթներով, 10-12 սմ պարագծով շտամպով, որոնք շուրջ երկու ամիս անց պտուղ են տվել։ Դա երևում է նաև կազմակերպության հրապարակած տեսանյութում։
12:43 - 31 հունվարի, 2024
Մեզ փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, պետք է մասնավորը մի բան էլ իր համար անի, որ մի բան էլ մեզ տա. Մարության
 |news.am|

Մեզ փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, պետք է մասնավորը մի բան էլ իր համար անի, որ մի բան էլ մեզ տա. Մարության |news.am|

news.am: Ոչ ոք չի բացառում բարերաների ներգրավումը քաղաքի կանաչ տարածքների բարեկարգման պրոցեսին. Դա եղել է իմ պաշտոնավարումից առաջ, իմ պաշտոնավարման ընթացքում: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Այն մոտեցումը, որ դե եկեք էս տարածքը տանք ինչ-որ մի մասնավորի, ինքը ստեղ սրճարան կամ անհասկանալի ինչ-որ բաներ կսարքի, կբետոնապատի, որ մի երկու հատ էլ ծառ տնկի, սա անընդունելի տարբերակ է: Մեզ փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, որ պետք է մասնավորը մի բան էլ իր համար անի, որ մի բան էլ մեզ տա: Ոչ մի բան չպետք է անի, ոչ էլ պետք է անի: Համայնքը կարող է դա անել: Մեր պաշտոնավարման ընթացքում մենք Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածը շատ գեղեցիկ բարեկարգել ենք համայնքի բյուջեով: Ընդ որում, այդ ժամանակ գույքահարկի այդ գումարները չկար: Մենք այդ 6-րդ հատվածում ինչքան կարողացանք, ինչքան օրենքը մեզ թույլ տվեց, մենք քանդեցինք բոլոր բուդկաները, բետոնային  շինությունները: Հիմա նորմալ այգի է, մարդիկ գալիս, հանգստանում են: Բարերարների աջակցությամբ սքեյթ-պարկը կառուցեցինք, կառուցեցինք շների համար պարկը եւ դա անվճար տրվել է երեւանցիներին: Դա ոչ մեկինը չէ: Բավականին մեծ գումար է ծախսվել սքեյթ-պարկի վրա, բայց էդ մարդիկ դրա դիմաց ոչ մի բան չեն ստացել: Այոմ, եղել են խոսակցություններ, որ կարո՞ղ է էստեղ մի փոքրիկ օֆիս ունենանք մենք, այսքան բան ենք անում: Շատ կտրուկ պատասխան է եղել՝ ոչ, հարգելիսներս: Ձեզ շատ շնորհակալ ենք, որ անում եք, բայց չեք ունենալու ոչ 10, ոչ 20 քմ ինչ-որ մի տարածք թեկուզ լավ նպատակների համար»,-ասաց Մարությանը: Նա մեկ այլ օրինակ էլ բերեց. «Վարդանյանների ընտանիքի նվերը քաղաքին, հենց քաղաքապետարանի կողքը: Այդ մարդիկ մի ամբողջ մեծ գեղեցիկ այգի են նվիրել քաղաքին, ու այնտեղ ոչ մի տարօրինակ շինություն չկա»: Մարությանի խոսքով, եթե այս պահին գումար չկա բարեկարգելու համար որեւէ կանաչ տարածք, ապա պետք չի ձեռք տալ, մաքսիմալ պահպանել, մինչեւ կլինի գումար:
18:42 - 30 հունվարի, 2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում Տիգրան Ավինյանի հետ քննարկել է Երևանի զարգացմանը վերաբերող հարցեր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում Տիգրան Ավինյանի հետ քննարկել է Երևանի զարգացմանը վերաբերող հարցեր

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:   «Քննարկվել են Երևան քաղաքի զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման խնդրին: Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:   Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:   Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում՝ օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար»,- գրել է Կոնջորյանը:    
18:35 - 30 հունվարի, 2024
«Օղակաձեւ այգում այդ քանակի թենիսի կորտեր չեն կարող լինել․ կոռուպցիա չկա, սոցիալական ծրագիր է»․ փոխքաղաքապետ
 |aravot.am|

«Օղակաձեւ այգում այդ քանակի թենիսի կորտեր չեն կարող լինել․ կոռուպցիա չկա, սոցիալական ծրագիր է»․ փոխքաղաքապետ |aravot.am|

aravot.am: Հնարավոր է՝ Օղակաձեւ այգում թենիսի մեկ-երկու կորտ լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Օղակաձեւ զբոսայգու թենիսի կորտերի քանդման հարցին։ Հարցին՝ հնարավո՞ր է վերանայվի այս որոշումը՝ հաշվի առնելով հանրային բացասական արձագանքը, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Խոսքը գնացել է Օղակաձեւ այգին հանրային տարածք դարձնելու մասին, այսինքն, որ ամբողջությամբ հասանելի պետք է լինի, ցանցապատ տարածքներ չպետք է լինեն։ Այդ թվում՝ թենիսի կորտերը, որոնք թվով 6-ն են այնտեղ, նույնպես մասնավոր բիզնես են ներկայացնում, ինչքան էլ միտված են սպորտին։ Ես խնդրում եմ, որ դուք տեսանյութը դիտեք, թե մենք ինչ տարածք ենք այնտեղ պատկերացնում, մեծ ներդրում է կատարվում, եւ հանրության համար ամբողջությամբ հասանելի տարածք է լինելու։ Թենիսի կորտերի մասով տվյալ կազմակերպության հետ միասին կքննարկենք եւ այլ տարբերակներ կառաջարկենք, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա շարունակել իր գործունեությունը։ Կոնկրետ այդ այգում այդ ծավալի ու քանակի թենիսի կորտեր չեն կարող լինել, որովհետեւ այդ քանակի թենիսի կորտերն էական տարածք է զբաղեցնում 4-րդ Օղակաձեւ այգում։ Հնարավոր է մեկ-երկու կորտ, բայց արդեն այլ տեղադիրքով այդ տարածքում պահպանվի, բայց որեւէ բիզնես գործոն այնտեղ չի լինելու։ Դա հանրային տարածք է, այսինքն՝ ցանկացած կառույց, շինարարություն, որը կանաչապատ տարածքի վրա է, դա պատկանում է համայնքին եւ հանրությանը։ Եթե թենիսի կորտեր այնտեղ կլինեն՝ մեկ-երկու, որեւէ բիզնես գործոն այնտեղ չի լինելու»,- ասաց նա։ Հարցին, թե սա կոռուպցիոն գործա՞րք չէ, Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ոչ, սա բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծրագիր է, եւ ցանկացած կազմակերպություն, որն ուզում է սոցիալական ծրագիր իրականացնել, մասնավորապես, քաղաքի կանաչապատ գոտիների արդիականացման կամ ավելացման մասով, մենք պատրաստ ենք։ Մենք չենք դիմել, այդ ընկերության կողմից է եկել առաջարկը, եւ մենք դիտարկել ենք, հավանության ենք արժանացրել»։ Ըստ փոխքաղաքապետի՝ այս տարի Երեւանի քաղաքապետարանը հանրության համար բաց ու հասանելի եւս 10 թենիսի կորտ է նախագծում, դրանց տեղակայման վայրերը փնտրում են։
17:54 - 30 հունվարի, 2024
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով
 |hetq.am|

Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով |hetq.am|

hetq.am: 2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ՍՊ ընկերությունը պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ ընկերությունը ՀՈԱԿ-ին պետք է մատակարարեր 100 հատ ծիրանենի՝ «Երևան» տեսակի, այն նաև հայտնի է շալախ անունով։ Պայմանագրի տվյալներով՝ մեկ ծիրանենու գինը 19 500 դրամ է։ Պայմանագրի ընդհանուր գինը 1 950 000 դրամ է։ Նմանատիպ մեկ այլ պայմանագիր կնքվել է 2022-ի ապրիլի 4-ին, նույն ընկերության հետ, ըստ որի՝ ՀՈԱԿ-ին մատակարարվել են տարբեր տեսակի ծառեր, այդ թվում՝ ծիրանենի «Երևան», մեկ հատի գինը՝ 2 400 դրամ։ Պայմանագրով գնվել է 50 հատ, ընդհանուր գինը՝ 120 000 դրամ։ «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՈԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն գնի, երկու պայմանագրերի գնային տարբերության և այլ հարցերի վերաբերյալ: Հարցերը  հիմնականում անպատասխան են մնացել։ 2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ՀՈԱԿ-ի կողմից գին սահմանված չէ, իսկ 2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ծիրանենու համար նշված է 20 000 դրամ գին։ Ընկերությունը միակն էր, որը «Երևանի» ծիրանենու համար մասնակցել է մրցույթին և առաջարկել 19 500 դրամ։ Այս երկու պայմանագրի գնման հայտարարության մեջ, բացի ապրանքից, ներառված են նաև տեղափոխումը, ապահովագրությունը, հարկերը և այլն։ Հիմնական տարբերությունը ծառերի տեխնիկական բնութագրի մեջ է։ Երկու գնումների համար էլ մրցույթները իրականացվել են գնանշման հարցմամբ։ Այսպիսով՝ այս երկու գործարքի մեջ տարբերությունը մեծ չէ, բայց ծառերի համար առաջարկվող գինը մոտ 8 անգամ ավելացել է։ Ինչո՞վ է պայմանավորված գների նման տարբերությունը «Հետք»-ը խնդրել էր պատասխանել հարցերին՝ ինչու՞ է մեկ ծառը գնվել 19 500 դրամով, եթե դրա շուկայական արժեքը տատանվում է 1 500-2 000 դրամի սահմաններում, և ինչու՞ են այս երկու պայմանագրով գնված ծիրանենիների գներն այսչափ տարբերվում։ ՀՈԱԿ-ից հստակ պատասխան չստացանք։ Այս մասով միայն նշվում է, որ գնված ծառերը ունեցել են հստակ տեխնիկական բնութագիր։ Տեխնիկական բնութագրերը Վերոնշյալ երկու պայմանագրում առկա տեխնիկական բնութագրերը տարբերվում են, բայց դրանց տարբերության արդյունքում գնային առաջարկը փոխվել է՝ 2 400-ից դառնալով 19 500 դրամ։ Ի՞նչ տարբերություններ կան այդ ծառերի միջև, որ գումարը ավելացել է 17 100 դրամով։ 2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրում նշված տեխնիկական բնութագիրը․ 19 500 դրամով գնված ծառը 2 մ և ավելի բարձրություն ունի, բնի պարագիծը՝ 10-12 սմ, ուղղաձիգ, շտամպը՝ 1․7-1․8 մ, սաղարթի 7-8 ճյուղով, ճյուղերի երկարությունը 60-70 սմ և ավելի է, փակ արմատային համակարգով։ 2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրում նշված տեխնիկական բնութագիրը․ 2 400 դրամով գնված ծառը 1․8-2․2 մ բարձրություն ունի, ցողունի տրամագիծը՝ 2․5-3․5 սմ, սաղարթը՝ 2-3 ճյուղով, փակ արմատային համակարգով։ Նաև նշված է՝ d = 0.4 մ, H = 0.4 մ։ Ինչպես արդեն նշել ենք, գնային նման տարբերության և մեկ ծառը 19 500 դրամով գնելու վերաբերյալ հարցերին ՀՈԱԿ-ից կոնկրետ պատասխան չենք ստացել։ Մենք ինքներս փորձեցինք գնել նմանատիպ ծառ և հասկանալ, թե ինչ գնային տարբերակներ կան՝ ըստ ծառի չափերի։ Այս ծառը մենք գնել ենք 1 500 դրամով։ Տնկիների վաճառքով զբաղվողները մեզ ասացին, որ հենց այդպիսի ծառ, որը գնել է ՀՈԱԿ-ը՝ փակ արմատային համակարգով, տարվա այս հատվածում չենք կարող գնել, քանի որ պտղատու ծառերը հիմնականում պահում են հողի մեջ։ Փակ արմատային համակարգ ստանալու համար մենք ծախսեցինք 700 դրամ։ ՀՈԱԿ-ի գնած ծառի նման ծառ գնեցինք 2 200 դրամով։ Իհարկե, այս գնման մեջ ներառված չեն տեղափոխումը, ապահովագրությունը և հայտարարության մեջ նշված մի քանի հանգամանքներ։   Վաճառող ընկերության սեփականատիրոջ մեկնաբանությունը՝ պայմանագրերի վերաբերյալ Ընկերության սեփականատեր Հայկ Վարդանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այսպիսի գնային առաջարկը, և երկու պայմանագրի միջև գնային նման տարբերությունը։ «Չափի տարբերությունն է և ծառերի տարիքի հետ կապված տարբերությունն է, ընդեղ (19 500 դրամ արժեցող ծառը) փակ արմատային համակարգով է եղել, դրան նախորդողը (2 400 դրամ արժեցող ծառը) հողագնդով է եղել։ Վերջին տարվանը ավելի մեծ էր, այսինքն՝ ինքը մի քանի տարվա խնամքի ծախսեր է իրա մեջ ներառել, ու ինքնարժեքը մեծացել է։ Ավելի մեծ հասուն ծառեր են եղել, և՛ ուղղության ստվոլով, և՛ մնացածով։ Բնականաբար, ինչքան ծառը մեծանում է, այնքան խնամքի ծախսերն են մեծանում, դրանք ինքնարժեքի հետ մեծացող գործոններ են։ Ծառը պահել մեծացրել ես։ Ե՛վ պարարտանյութը, և՛ թունաքիմիկատը, և՛ մնացած խնամքի ծախսերը գումարում ես իրար, էտ գինն ա ստացվում»,- ասաց Հայկ Վարդանյանը։ Հայկ Վարդանյանի խոսքով՝ ծառերը աճեցվել են ընկերությանը պատկանող տնկարանում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:19 - 30 հունվարի, 2024
Դիտարկվում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը. Ավինյանը հանդիպել է կառուցապատողներին

Դիտարկվում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը. Ավինյանը հանդիպել է կառուցապատողներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը  հանդիպել է մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին քաղաքապետը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարածած գրառման միջոցով, ընդգծելով, որ հանդիպման նպատակն էր լսել կառուցապատողների մտահոգություններն ու առաջարկները՝ ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կապված: «Համայնքը դիտարկում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը և առաջ շարժվել ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, որպեսզի գործընթացը կազմակերպվի այնպես, որ կառուցապատումն անհարմարություն չպատճառի երևանցիներին: Հաշվի առնելով կառուցապատողների առաջարկները՝ կմշակվեն համակարգային այնպիսի լուծումներ, որոնք կխրախուսեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը»,- ասված է գրառման մեջ:
12:10 - 30 հունվարի, 2024
Արաբկիրում մի շարք տնտեսվարողներ ձնամաքրման պարտականությունից խուսափելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության
 |armenpress.am|

Արաբկիրում մի շարք տնտեսվարողներ ձնամաքրման պարտականությունից խուսափելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության |armenpress.am|

armenpress.am: Երևանի Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության աշխատակիցները ակտիվ շրջայցեր և ստուգայցեր են իրականացնում՝ տնտեսվարողներին ծանուցելու իրենց օբյեկտներին հարող տարածքների ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու պարտականության վերաբերյալ և հետևելու դրա իրականացմանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը պարզաբանեց, որ Երևանի քաղաքապետի հանձնարարականով, վարչական ղեկավարի անմիջական հսկողությամբ ու Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշման շրջանակներում՝ տնտեսվարողները ձյան տեղումներից անմիջապես հետո պետք է իրականացնեին իրենց օբյեկտների դիմաց գտնվող տարածքի ձնամաքրման աշխատանքներ։ «Արաբկիր վարչական շրջանում կան մոտ 2500 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 2300-ն արդեն իսկ ծանուցված է։ Մոտ 150-ի ծանուցումն արդեն ընթացքում է, իսկ մոտ 50 տնտեսվարողի նկատմամբ արդեն հարուցված են վարչական վարույթներ։ Դրանք այն տնտեսվարող սուբյեկտներն են, ովքեր խուսափում են իրենց պարտականություններից»,- տեղեկացրեց Կարապետյանը՝ հավելելով, որ ներկայում համապատասխան ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցերը։ Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի խոսքով՝ իրենց աշխատակիցները յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի առձեռն հանձնել  են ծանուցագրեր պարտականությունների վերաբերյալ, իսկ նրանք, ովքեր այդ պահին տարածքում չեն գտնվում, ծանուցվում են  Հայփոստի միջոցով։ Մեր զրուցակիցը նշեց, որ ծանուցումից հետո պարտականությունները չկատարելու դեպքում վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով տնտեսվարողները ենթարկվում են պատասխանատվության՝ տուգանվելով 15 հազարից 20 հազար դրամի չափով։
17:23 - 29 հունվարի, 2024
Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում, մեր խնդիրը բակերի մաքրումն է. Տիգրան Ավինյան |tert.am|

Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում, մեր խնդիրը բակերի մաքրումն է. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա չբացառեց, որ այս տարի դեռ հնարավոր է ձյան առատ տեղումներ լինեն, ուստի,  համապատասխան վարչություններին հանձնարարարեց պատրաստ լինել ձնամաքրման աշխատանքներին։ Քաղաքապետն արձանագրեց, որ իրենց խնդիրը շարունակում է մնալ բակային հատվածների մաքրումը ձյան շերտից։ «Մեր խնդիրը բակերի մաքրումն է։ Պետք է  աշխատենք այս ուղղությամբ։ Մայթերի մաքրումը տնտեսվարողների պատասխանատվության գոտում է։ Մասնավոր սեկտորի կողմից ես ակտիվություն, որպես այդպիսին, չեմ տեսել։ Հասկանում եմ նաև, որ միգուցե տուգանքի չափն է նվազ։ Այստեղ կարելի է  գործընկերային տրամաբանությամբ գնալ։ Խնդրում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին կոմունիկացվել բոլոր տնտեսվարողների հետ, մայթերի մաքրման պատասխանատվությունը հստակ ֆիքսել, որ այն բոլոր այն տնտեսվարողներինն է, ովքեր այդտեղ գործունեություն են իրականացնում»,- հանձնարարեց քաղաքապետը։
10:33 - 29 հունվարի, 2024
Տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը. Երևանում շրջայց են իրականացնելու

Տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը. Երևանում շրջայց են իրականացնելու

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները: Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը»,- նշել է Հայկ Կոստանյանը: Նա պարզաբանել է, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 15.000-20.000 դրամի չափով՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում:
15:53 - 28 հունվարի, 2024