Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Քերմանում պայթյունների զոհերի թիվը 84 է
 |armenpress.am|

Իրանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Քերմանում պայթյունների զոհերի թիվը 84 է |armenpress.am|

armenpress.am: Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը 84 է։ Այս մասին տեղեկանում ենք IRNA գործակալությունից։ «Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ այս միջադեպի հետևանքով զոհերի թիվն այսօրվա դրությամբ կազմում է 84», - ասել է Իրանի ՆԳՆ ղեկավարը պայթյուններից տուժածներին այցելելուց հետո։ Վահիդին հայտնել է, որ միջադեպից հետո կատարվել է 119 վիրահատություն։ Հոսպիտալացվածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Նախարարը նաև հայտնել է, որ միջադեպի հետևանքով 284 մարդ է վիրավորվել։ Ահմադ Վահիդիի խոսքով՝ «ահաբեկիչները և նրանց կողմնակիցները ծանր ապտակ կստանան» և պետք է վախենան Իրանի ժողովրդի ցասումից։ Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։  
17:07 - 04 հունվարի, 2024
ԱՄՆ-ն կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ. Պետքարտուղարություն
 |tert.am|

ԱՄՆ-ն կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ. Պետքարտուղարություն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանցում: Ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք ուշադիր հետևում ենք Իրանից եկող հաղորդագրություններին, մենք չունենք որևէ անկախ տեղեկատվություն։ Ցավակցում ենք այս սարսափելի պայթյունների զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ասել է նա ճեպազրույցում։ «Դեռ վաղ է, համենայնդեպս, մեզ համար ասել, թե ինչն է եղել տեղի ունեցածի պատճառը, բայց ես կուզենայի պատասխանել որոշ անպատասխանատու մեղադրանքներին, որոնք ես տեսել եմ, որոնք շրջանառվում են և ասել, որ ԱՄՆ-ը որևէ կերպ առնչություն չունի դրա հետ։ Հակառակ հայտարարությունները ծիծաղելի են: Մենք հիմք չունենք ենթադրելու նաև, որ Իսրայելը ներգրավված է այս ամենի մեջ»,-հավելել է նա։
10:15 - 04 հունվարի, 2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։ Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։ IRNA գործակալության տվյալով՝ Քերմանում պայթյունի հետևանքով զոհվել է 103 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է։ 
22:02 - 03 հունվարի, 2024
Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին. Քանանի |1lurer.am|

Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին. Քանանի |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Հայաստան կատարած այցին: «Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և իր հայ գործընկերոջ հետ: Քննարկվել են տարբեր հարցեր, նշվել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։ Իրանը պատրաստ է նպաստել այդ գործընթացին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին, և կարևորում է երկրների տարածքային ամբողջականությունը՝ հիմնված հայտնի սկզբունքների վրա»,- նշել է Քանանին։ Խոսելով Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման մասին՝ Քանանին ասել է, որ երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում Իրանը պետք է հիմներ իր գլխավոր հյուպատոսությունը Կապանում, իսկ Հայաստանը՝ Թավրիզում, և այդ մասին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել դեռ մի քանի տարի առաջ, ուստի Հայաստանը փոխադարձաբար կարող է հիմնել իր գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում։
13:54 - 03 հունվարի, 2024
Իրանի նախագահը հինգշաբթի առավոտյան կմեկնի Թուրքիա. տեղի կունենա առանձնազրույց Էրդողանի հետ |news.am|

Իրանի նախագահը հինգշաբթի առավոտյան կմեկնի Թուրքիա. տեղի կունենա առանձնազրույց Էրդողանի հետ |news.am|

news.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի առավոտյան բարձրաստիճան քաղաքական ու տնտեսական պատվիրակության հետ մեկնելու է  Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, գրում է Mehr-ը։ Այցի ընթացքում Ռաիսին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցին։ Իրանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն նաև Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։ Այնուհետեւ նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ ասուլիսում կներկայացնեն իրենց խորհրդակցությունների արդյունքները։ Ռաիսին և Էրդողանը կմասնակցեն Իրանի և Թուրքիայի գործարարների և տնտեսական առաջնորդների համատեղ հանդիպմանը, իսկ Իրանի նախագահը հանդիպում կունենա նաև Թուրքիայի իրանական համայնքի հետ։ Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով թուրքական աղբյուրին, հայտնել էին, որ Ռաիսիի և Էրդողանի բանակցությունները նվիրված են լինելու Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին։ Ռաիսիի այցը, որը նախատեսված էր նոյեմբերի վերջին, հետաձգվել է երկու տարածաշրջանային տերությունների արտգործնախարարների հակասական գրաֆիկների պատճառով, ասել է պաշտոնյան։ Այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում էր Նյու Յորքում՝ Գազայի հարցով մուսուլմանական երկրների «կոնտակտային խմբի» կազմում։
11:34 - 03 հունվարի, 2024
Մեր մոտեցումը ՀՀ-ի հետ հարաբերություններին ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ․ Աբդոլահիանը հանդիպել է ՀՀ-ում բնակվող իրանցիներին
 |factor.am|

Մեր մոտեցումը ՀՀ-ի հետ հարաբերություններին ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ․ Աբդոլահիանը հանդիպել է ՀՀ-ում բնակվող իրանցիներին |factor.am|

factor.am: Այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նախօրեին Երևանում Կապույտ մզկիթում հանդիպել է ՀՀ-ում բնակվող մի խումբ իրանցիների, հայտնում է IRNA գործակալությունը։ «Հայաստանը մեր տարածաշրջանի քաղաքակրթության մի մասն է։ Մեր մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններին տակտիկական, ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ։ Հայաստանի վարչապետի հետ այսօրվա հանդիպմանը մենք մանրամասն քննարկել ենք այս հարցը»,-ասել է Աբդոլահիանը՝ նշելով, որ Էբրահիմ Ռաիսիի կառավարության օրոք երկու երկրների հարաբերությունները զարգացման միտում են գրանցել։ «Մենք Հայաստանի ԱԳ նախարարի հետ զրուցել ենք քաղաքական և դիվանագիտական հատվածի խնդիրների մասին, իսկ անվտանգության խնդիրների մասին՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Հայաստանի վարչապետի հետ զրույցի արդյունքը վկայում է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Մենք օրակարգում ունենք Թեհրանի և Երևանի միջև համապարփակ և երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի մշակումը։ Այս փաստաթուղթը ամուր ճանապարհային քարտեզ կլինի հարաբերությունների ընդլայնման համար»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը։ Հիշեցնենք, որ Երևանում Աբդոլահիանը բանակցություններ էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
14:01 - 28 դեկտեմբերի, 2023
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը: Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին և կարևորել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը:
10:06 - 28 դեկտեմբերի, 2023
Այսօրվա քննարկումներից լիովին հասկացանք, որ ՀՀ-ն կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված. Աբդոլլահիան
 |1lurer.am|

Այսօրվա քննարկումներից լիովին հասկացանք, որ ՀՀ-ն կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված. Աբդոլլահիան |1lurer.am|

1lurer.am: Արարատ Միրզոյանի հետ ունեցած այսօրվա քննարկումներից մենք լիովին հասկացանք, որ Հայաստանը կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված և լրջորեն քայլեր է ձեռնարկում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Նախորդ օրն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես նկատեցի, որ նրանք ևս ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելը: Պարոն Լավրովի հետ նույնպես անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես այդպես էի մտածում և այդպես եմ մտածում, որ կայուն խաղաղության հասնելու համար նոր տարվա առաջին ամիսների ընթացքում հնարավոր է ձեռք բերել (պայմանավորվածություն – խմբ.)»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ դրական տրամադրվածությունները, որ կան տարածաշրջանում՝ առանց արտաքին միջամտությունների, կարող են իրատեսական դառնալ՝ հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության:
18:28 - 27 դեկտեմբերի, 2023
Կարևորում ենք Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության հարցում․ ՀՀ արտգործնախարար
 |armenpress.am|

Կարևորում ենք Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության հարցում․ ՀՀ արտգործնախարար |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայաստանյան այցը կարելի է համարել երկկողմ շփումների ընթացիկ տարին ամփոփելու համար շատ լավ հնարավորություն։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ գոհունակությամբ արձանագրելով համատեղ աշխատանքի ձեռքբերումները։ «Այցի ընթացքում հնարավորություն եղավ նաև նախանշել այն կոնկրետ ծրագրերը, որոնց ուղղությամբ պետք է շարժվենք արդեն 2024 թվականին։ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները և բարձրաստիճան նման այցերը հենց այդպիսի հարաբերությունների ընկալման դրսևորում են։ Այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձել ենք երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և բազմաթիվ այլ բնագավառներ։ Իհարկե բոլոր նշված ոլորտերը մեզ համար շատ կարևոր են, բայց մենք վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ավելացնելը՝ սկզբում մեկ, ապաև տարեկան երեք միլիարդ դոլարի չափով՝ համաձայն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասաց Միզոյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարում կարևոր ձեռքբերում էր «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը։ Հայկական կողմը լիահույս է, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կլինի և ավարտին կհասցվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը։ Միրզոյանը կարևորեց նաև երկու երկրների միջկառավարական հարթակի գործունեությունը, որի 18-րդ նիստը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Անդրադառնալով ենթակառուցվածքային նշանակություն ունեցող թեմաներին՝ Միրզոյանն ընդգծեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը։ «ՀՀ տնտեսական կյանքում իրանական ընկերությունների մասնակցության առումով կարևորություն ենք հաղորդել Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավմանը, ինչն արդեն ազդարարվեց ընթացիկ տարվա հոկտեմբերին՝ ԻԻՀ ճանապարհների և տրանսպորտի նախարարի հայաստանյան այցի ընթացքում։ Այս ծրագրերի կարևորությունը չի սահմանափակվում միայն երկկողմ հարաբերություններով։ Այս համատեքստում նախարար Աբդոլլահիանի հետ քննարկել ենք նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն ինքնին տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն ու զարգացումն է՝ երկաթուղիներ, խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Մեզ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձ հավասարության սկզբունքները։ Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունները, մոտեցումները լիովին համահունչ են և այս առումով կարևորում ենք ԻԻՀ-ի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության հարցում, ինչը մեկ անգամ չէ, որ դրսևորվել է Իրանի կողմից»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։ Նա տեղեկացրեց, որ գործընկերոջն ու իրանական պատվիրակությանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին առնչվող տեղեկատվությունը։ Հայկական կողմը գնահատում է գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ մեր տարածաշրջանում տևական, կայուն խաղաղություն ունենալու նպատակով։ Իրանի արտգործնախարարին ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հարձակումներն ու մարդկանց բռնի տեղահանությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերը՝ ավելի քան հարյուր հազար փախստականներին պատշաճ ընդունելու և առաջնային կարիքները հոգալու ուղղությամբ։  «Կուզենայի առանձնացնել նաև հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յուրօրինակ դերը՝ որպես երկկողմ ու բազմակողմ երկխոսության, համագործակցության հարթակ, որի վերջին հանդիպումը տեղի ունեցավ օրեր առաջ Թեհրանում։ Այժմ քննարկում ենք հաջորդ հանդիպումը Երևանում կազմակերպելու հնարավորությունը։ Այդուհանդերձ մեր հարաբերությունները չեն սահմանափակվում երկկողմ ձևաչափով, համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում։ Վերահաստատում եմ ՀՀ կառավարության քաղաքական կամքն ու պատրաստակամությունը՝ հաստատակամորեն խորացնել ջերմ հարաբերություններն ու բարիդրացիական կապերը ԻԻՀ-ի հետ»,- եզրափակեց Միրզոյանը։ 
17:50 - 27 դեկտեմբերի, 2023