ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Նախարարը մոտավոր ժամկետ նշեց, թե երբ տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը |armeniasputnik.am|

Նախարարը մոտավոր ժամկետ նշեց, թե երբ տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի։ Այս մասին կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարն ընդգծեց, որ ներկայում բանակցություններ են ընթանում, ժամկետների հարցն է քննարկվում։ «Նախապես քննարկվում է, որ համերգը կարող է լինել հաջորդ տարի` մայիսին կամ հունիսին։ Վերջնական ժամկետն իրենք կհայտնեն բանակցություններից հետո»,– նշեց Անդրեասյանը։ Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուպ Դոգի համերգը չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված։ Համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել և չի վերադարձնի։  
12:39 - 07 դեկտեմբերի, 2023
Պետական կրթաթոշակները բարձրացվել են մոտ 13 անգամ, հատկացվել՝ միայն Մանկավարժական համալսարանի 228 ուսանողի

Պետական կրթաթոշակները բարձրացվել են մոտ 13 անգամ, հատկացվել՝ միայն Մանկավարժական համալսարանի 228 ուսանողի

18-ամյա Հասմիկն այս տարի ընդունվել է Երեւանի պետական համալսարան եւ ուսումնական տարվա սկզբում իր ուսանողական էլեկտրոնային փոստի հասցեին ստացել ֆակուլտետից ուղարկված ռեկտորի հրամանը՝ այն մասին, որ 2023-2024 թթ ուստարվա առկա ուսուցման 1-ին կուրսի անվճար համակարգ ընդունվածներին սեպտեմբերի 1-ից հատկացվելու է կրթաթոշակ։ Նրան տրամադրվել է նաեւ համալսարանի կողմից բացված բանկային քարտ՝ կրթաթոշակը ստանալու նպատակով։  Օրեր անց, սակայն, Հասմիկը եւ անվճար համակարգ ընդունված նրա կուրսընկերները Ուսանողական խորհրդի հայտարարությունից տեղեկացել են, որ իրականում կրթաթոշակակիր չեն, քանի որ ուսումնական տարվա նախաշեմին Կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է կատարել։ Ֆակուլտետից այդ մասին իրազեկում, սակայն, այլեւս չի եղել։ Այս տարվա օգոստոսի 24-ին Կառավարությունը փոփոխել է բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափն ու պայմանները։ Եթե նախկինում պետական բոլոր բուհերի բոլոր բաժիններում պետպատվերով, ինչպես նաեւ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողներն էին ստանում կրթաթոշակ, այժմ սահմանվել է պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկ, որոնք սովորելու դեպքում միայն ուսանողը կդառնա կրթաթոշակակիր։ Այս տարվանից կրթաթոշակակիր են Մանկավարժական համալսարանի 11 կրթական ծրագրերում սովորողները միայն Պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում ներառվել է բացառապես Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկակական, այլ կերպ ասած՝ ԲՏՃՄ (STEM) ուղղություններով մասնագիտական մանկավարժության 11 կրթական ծրագիր։ Դրանք են՝ ֆիզիկա, տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն, ինֆորմատիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, մաթեմատիկա-ֆիզիկա, մաթեմատիկա-ինֆորմատիկա, կենսաբանություն-քիմիա, աշխարհագրություն-բնագիտություն։ Այսինքն՝ այս տարվանից պետական կրթաթոշակակիր են Մանկավարժական համալսարանի վերոնշյալ բաժինների առկա համակարգի բակալավր եւ մագիստրատուրա ընդունված ուսանողները միայն (հեռակաները նախկինում էլ կրթաթոշակակիր չեն եղել, իսկ ասպիրանտների կարգը չի փոխվել), իսկ մյուս համալսարանների այս կամ այլ բաժիններում պետպատվերով սովորողները այսուհետ չեն ստանալու կրթաթոշակ (բացառությամբ մինչև 2023-2024 ուստարվա ընդունվածների)։ Այս ուսումնական տարում կրթաթոշակ են ստանալու Մանկավարժական համալսարանի հիշյալ բաժիններում սովորող բոլոր ուսանողները, հաջորդ տարվանից գործելու է առաջադիմության շեմ։ Կատարված փոփոխությամբ կրթաթոշակի չափն ավելացել է միջինում 13 անգամ։ Առաջին կուրսում հիշյալ մասնագիտություններ սովորող բոլոր ուսանողները կստանան 70 հազար դրամ, հաջորդ կուրսերում նախորդ ուստարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 80,01-90,00% ՄՈԳ ունեցողները՝ 70 հազար, իսկ 90,01% եւ բարձր ՄՈԳ ունեցողները՝ 77 հազար։ Նոր որոշմամբ անդրադարձ կա նաեւ հաշմանդամություն ունեցող եւ առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան սովորողների կրթաթոշակների կարգին։ Տարբեր հիմքերով կրթաթոշակի միաժամանակ հավակնելու դեպքում սովորողը կարող է օգտվել միայն մեկից, որի դեպքում կիրառվում է կրթաթոշակի առավելագույն չափը: Կառավարության այս որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 25-ին։ 5000-ական դրամ կրթաթոշակների կարգը գործում է միայն մինչեւ 2023-2024 ուստարին ընդունվածների համար  Մինչեւ հիշյալ օրենսդրական փոփոխությունը բուհերում կրթաթոշակների կարգը եւ չափը սահմանվում էր ՀՀ վարչապետի՝ 1999 թ․ N 217 եւ ՀՀ կառավարության 2006 թ․ N 1183-Ն որոշումներով։ Դրանց համաձայն՝ ուսանողներին պետական կրթաթոշակ էր տրվում գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար (արվեստի բնագավառի բուհերում` նաեւ մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին), ինչպես նաեւ նպատակային ուսուցմամբ սովորող սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին: Բակալավրում պետպատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը 5000 դրամ էր, ավարտական կուրսերի ուսանողներինը` 5200, իսկ մագիստրոսներինը` 5500: Քննաշրջանի ավարտին միայն «գերազանց» գնահատականներ ունեցող պետպատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը 6050 դրամ էր, ավարտական կուրսերի ուսանողներինը եւ մագիստրոսներինը` 6300։ Կրթաթոշակների այս կարգը այժմ գործում է միայն 2023-2024 ուստարվանից առաջ ընդունվածների համար։ Ըստ նախագծի հիմնավորումների՝ կրթաթոշակների համար բյուջեից հատկացումները նպատակային չեն եղել Օրենսդրական այս փոփոխության հիմնավորումներում, որ հեղինակել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, նշված է, որ բարձրագույն եւ մասնագիտական կրթության ոլորտում կրթաթոշակների համար պետական բյուջեից հատկացվում են զգալի միջոցներ, սակայն դա նպատակային չի համարվում եւ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով, որ մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը տատանվում է 4000-5000 դրամի սահմաններում (մինչեւ 5000 դրամ կրթաթոշակը վերաբերում է միջին մասնագիտական եւ նախնական արհեստագործական  ուսումնական հաստատություններին)։ Ըստ հիմնավորումների՝ կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններն ու չափերը կնպաստեն ՀՀ տնտեսությունը եւ աշխատաշուկան նոր եւ որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաեւ համապատասխան բուհերի՝ հիշյալ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության եւ գրավչության բարձրացմանը։  Կառավարության նիստում՝ նախագծի քննարկման ժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնագիտությունների ընտրությունը պայմանավորել է դրանց ցածր պահանջարկով․ «Վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ. գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար, միեւնույն ժամանակ ոլորտում ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում մենք կարիք ենք ունենալու մեծ թվով նոր, երիտասարդ ուսուցիչների»,- ասել է նա։ Կրթաթոշակների նոր չափը, Անդրեասյանի խոսքով, էական ազդեցություն կունենա ԲՏՃՄ ուղղություններով սովորող ուսանողների թվի աճի վրա՝ հաշվի առնելով հատկապես այն, որ նրանց մեծ մասը մարզաբնակ են եւ լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք են ունենում։ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից մեր ստացած տվյալների համաձայն՝ 2023-2024 թթ ուստարում հիշյալ մասնագիտությունների կրթաթոշակների համար պետբյուջեից տրամադրվել է 181 միլիոն 440 հազար դրամ։ Այս տարի բակալավրում բոլոր 11 մասնագիտություններին հատկացվել է 348 տեղ, որից համալրվել է 64-ը, իսկ մագիստրատուրայում՝ 7 մասնագիտություններին (տեղեր չեն հատկացվել Մաթեմատիկա-Ֆիզիկա, Մաթեմատիկա-Ինֆորմատիկա, Կեսաբանություն-Քիմիա, Աշխարհագրություն-Բնագիտություն ծրագրերին)՝ 224 տեղ, որից համալրվել է 170-ը։  Մանկավարժականան համալսարանի՝ մասնագիտական մանկավարժություն կրթական ծրագրերի բակալավրի ընդունելության արդյունքները 2023-2024 թթ ուստարում  Մանկավարժականան համալսարանի՝ մասնագիտական մանկավարժություն կրթական ծրագրերի մագիստրատուրայի ընդունելության արդյունքները 2023-2024 թթ ուստարում  Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել Նախագծի քննարկման փուլում` գերատեսչությունները տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ են ներկայացրել փոփոխության վերաբերյալ։ Դրանց մի մասն ընդունվել է ամբողջությամբ, մի մասը՝ մասամբ, մի մասն էլ մերժվել է։ Ըստ նախագծի ամփոփաթերթի՝ չհաղթահարված է մնացել միայն Ֆինանսների նախարարության բացասական կարծիքը։  Ամփոփաթերթում Ֆիննախի  կարծիքն ամբողջությամբ ներառված չէ, նշված է միայն, որ նախարարությունը նախագիծը խնդրահարույց, իսկ դրա հետագա քննարկումը ոչ նպատակահարմար է համարել՝ նախքան վերոհիշյալ հարցերի համակողմանի ուսումնասիրությունն ու հստակեցումը:  «Վերոհիշյալ հարցերի» բովանդակությանը ծանոթանալու համար դիմել ենք Ֆինանսների նախարարությանը եւ ստացել նախագծի վերաբերյալ կարծիքն ամբողջությամբ։ Ըստ այդմ, Ֆինանսների նախարարությունը նշել է, որ բացահայտված չեն կրթաթոշակի չափերի ձեւավորման սկզբունքները, իսկ առաջարկվող կրթաթոշակի չափերի փոփոխությունը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից տարեկան կտրվածքով լրացուցիչ մոտ 1.3 մլրդ դրամի հատկացման անհրաժեշտության, ինչը անհարկի կմեծացնի այդ մասնագիտությունների գծով կրթական ծախսերը՝ առանց ցանկալի արդյունքների եւ արդյունավետության ապահովման: Ֆիննախը նշել է նաեւ, որ պարզ չէ, թե կրթաթոշակի ավելացման առաջարկությունն ինչպես է ազդելու այդ մասնագիտությունների գծով ընդունելության ցուցանիշների լավարկման եւ համապատասխան մասնագիտությունների գծով շուկայի պահանջարկի բավարարման վրա․ «Ուսանողության շրջանում նշված մասնագիտությունների գծով կրթություն ստանալու ցածր պահանջարկը, մեր կարծիքով, առհասարակ կրթաթոշակի ոչ գրավիչ լինելու մեջ չէ, այլ տվյալ մասնագիտությունների գծով բուհերի կողմից տրամադրվող գիտելիքների եւ իրական հատվածում ներկայիս տնտեսության պահանջներին դրանց մասնագիտական որակավորման անհամապատասխանությունը, կամ էլ աշխատաշուկայում այդ մասնագիտությունների նկատմամբ պահանջարկի ցածր մակարդակը, և որպես արդյունք՝ նշված մասնագիտությունների ոչ գրավիչ/մրցունակ աշխատավարձերը»,- ասված է կարծիքի մեջ։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ «բոլորին տալ մի բան, որը ոչ մեկի համար ոչ մի բան է» քաղաքականությունը, ըստ էության, փոխարինում են ավելի թիրախային ծախսերի տրամաբանությամբ։  ԵՊՀ առաջին կուրսի ուսանող Հասմիկը, սակայն, այն կարծիքին է, որ կլինեին ուսանողներ, որոնց այդ՝ թեկուզ չնչին գումարը օգտակար կլիներ։ Ըստ նրա՝ եթե անգամ ֆինանսական առումով գլոբալ փոփոխություններ չբերեր, առնվազն իր եւ իր կուրսընկերների համար մոտիվացիայի առիթ կլիներ։ Նախագծի վերաբերյալ անհամաձայնություն է հայտնել նաեւ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահությունը՝ նշելով, որ դիմել է ԵՊՀ գիտական խորհրդի սովորող անդամներին՝ խնդիրը ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում քննարկելու համար։ ԵՊՀ-ն օրերս առաջարկությունների նախագիծ է ներկայացրել Կառավարությանը Նոյեմբերի 16-ին կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի նիստը։ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Խորհուրդը հաստատել է առաջարկությունների նախագիծ, որը նոյեմբերի 28-ին ուղարկել է Կառավարություն։ Նախագծով ԵՊՀ ԳԽ-ն առաջարկել է, որ վերոնշյալ 11 մասնագիտություններից բացի պետական կրթաթոշակ սահմանվի Կառավարության նախկին որոշման պայմաններին բավարարող բոլոր ուսանողների համար, եւ այդ որոշմանը տրվի հետադարձ ուժ, որ փոխհատուցվի 2023 թ․ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների կրթաթոշակը։ Դրանից բացի, առաջարկել է սահմանաչափերը նախատեսելիս վերանայել նախկին որոշմամբ սահմանված պետական կրթաթոշակի չափը՝ էականորեն լավարկելով այն եւ ներդնելով պետական կրթաթոշակի սահմանաչափի հաշվարկման համապատասխան սկզբունքներ։ «ԳԽ առաջարկությունների համար հիմք են հանդիսացել իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ № 1183-Ն որոշումը, որը սահմանում է պետական կրթաթոշակներից օգտվելու ընդհանուր պայմանները՝ հստակ նախատեսելով կրթաթոշակի տրամադրումը նշված համակարգում սովորող բոլոր ուսանողների համար, մինչդեռ № 1430-Ն և № 217 որոշումները սահմանում են այդ կրթաթոշակի սահմանաչափերը՝ ի կատարումն № 1183-Ն որոշման: Հետևաբար ներկայումս № 1183-Ն որոշման համաձայն՝ բոլոր ուսանողներն ունեն այդ կրթաթոշակից օգտվելու իրավունք, սակայն ՀՀ Կառավարությունը չի սահմանել այն սահմանաչափը (բացառությամբ հիշյալ 11 մասնագիտությունների), որի համատեքստում մյուս կրթական ծրագրերում սովորող ուսանողները 2023-2024 թթ ուստարվանից սկսած պետք է իրացնեն պետական կրթաթոշակ ստանալու իրենց իրավունքը»,- հայտնեց ԵՊՀ խոսնակը։ Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ ԵՊՀ «Կրթաթոշակի մասին» հրամանի ընդունումը, որ ստացել է ուսանողը, եղել է անճշտության հետեւանք։ Մեկ այլ հրամանով այն համարվել է անվավեր։ Կրթության փորձագետը ընտրված լուծումը ոչ ամբողջական է համարում Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այս քաղաքականությունը պետք է ամբողջական շղթայով վարել։ «Ենթադրենք՝ այդ ուղղություններին տվեցինք կրթաթոշակ, մարդը եկավ, անվճար սովորեց, 70-80 հազար կրթաթոշակ ստացավ ու գնաց՝ այլ ոլորտում աշխատելու, ի՞նչ է ստանալու կրթության ոլորտը այս ամենից»,- հարց է բարձրացնում փորձագետը՝ նշելով, որ ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատել պարտադրելը եւս ժամանակակից աշխարհում կենսունակ մեթոդ չէ։ Խաչատրյանի խոսքով՝ հավանականություն, որ սովորողներից մի քանիսը կաշխատեն կրթության ոլորտում, կա, բայց դա լիարժեք չէ։ Այս ձեւով, ըստ նրա, կարող է Մանկավարժական համալսարանի ուսանողների թիվը ավելանալ, ինչը պարտադիր չի նշանակի, որ նաեւ ուսուցիչների թիվը կավելանա։  Սերոբ Խաչատրյանը մեկ այլ հարց էլ է բարձրացնում․ կրթաթոշակի ընտրված չափը հավասար է դպրոցում մեկ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձին, ինչը եւս ճիշտ չէ։ Լուծումը, ըստ նրա, աշխատաշուկայում ուսուցչի աշխատավարձը մրցակցային դարձնելու մեջ է․ «Եթե ուզում ենք, որ մարդիկ գլուխ ջարդեն մանկավարժ դառնալու համար, այս ոլորտում էլ պետք է աշխատավարձի, սոցիալական երաշխիքների հարց լուծենք, այսինքն՝ մի քանի բան զուգահեռաբար անենք, միայն կրթաթոշակով չի լինի, կրթաթոշակը դրա մի մասն է»,– ասում է փորձագետն ու նշում՝ որ մարդուն նախ հետաքրքիր է, թե որքան է վարձատրվելու՝ տվյալ մասնագետը դառնալով։ Խաչատրյանն ընդգծում է՝ այսօր ուսանողը պատրաստ է լինում նույնիսկ 1 միլիոն դրամ ուսման վարձ վճարել, եթե իր մասնագիտացումը հետագայում ապահովելու է բարձր վարձատրություն։ Մեկ այլ խնդիր էլ, ըստ Սերոբ Խաչատրյանի, այն է, որ կրթաթոշակի բարձրացումը տեղի է ունեցել մյուս ուսանողներին կրթաթոշակից զրկելու հաշվին։ Փորձագետի կարծիքով՝ միգուցե ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով է կրթաթոշակ հատկացվել միայն մեկ բուհի, բայց այնպես չէ, որ մասնագետների պակասի խնդիրը միայն մանկավարժությանն է վերաբերում. այն առկա է թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական ոլորտներում։ Ըստ նախագծի ամփոփաթերթի՝ վարչապետի աշխատակազմի դիտարկումներին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ն նշել է, որ ընդունելության մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ընդհանուր համատեքստում կքննարկվի մասնագիտությունների ցանկի վերանայման հարցը: ԿԳՄՍՆ-ին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո այդ հարցն արդյո՞ք քննարկվել է։ Եթե այո, ի՞նչ եզրահանգման է եկել նախարարությունը եւ ի՞նչ հիմնավորմամբ, իսկ եթե ոչ, ե՞րբ է պատրաստվում քննարկել։ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից այս հարցին հստակ պատասխան չի տրվել։ Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հայտնել է, որ բարձրագույն կրթության ոլորտն այժմ բարեփոխումների ընթացքի մեջ է․ «2022թ. դեկտեմբերի 17-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կրթության մինչեւ 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից բխող գործողությունների ծրագրում, ի թիվս այլնի, ամրագրված են հետեւյալ միջոցառումները. բարձրագույն եւ մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության նոր մեխանիզմների մշակում եւ բազմազանեցում, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով, ինչպես նաեւ բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով կամ վճարունակության ոչ բավարար մակարդակ ունեցող ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում եւ փոխհատուցում՝ բացառելով անվճարունակության պատճառով նման ուսանողների՝ բուհական կրթական համակարգից դուրս մնալու դեպքերը»,- ասված է պատասխանում։   Գլխավոր նկարի ետնապատկերը՝ ԵՊՀ ֆեյսբուքյան էջից Միլենա Խաչիկյան
17:45 - 06 դեկտեմբերի, 2023
Պետք է հասկանալ՝ ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

Պետք է հասկանալ՝ ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցներից, ուսուցիչներից, սովորողներից և մասնագիտական շրջանակներից ստացված արձագանքների հավաքագրումը՝ հասկանալու, թե որոնք են դասագրքերի հաջողված կողմերը՝ մեթոդաբանական կառուցվածքի և բովանդակային նյութի առումով։ Ըստ նախարարի՝ հենց այդ արձագանքների հիման վրա պետք է որոշել դասագրքերի բարելավման և նկատված թերությունների շտկման աշխատանքի ընթացակարգը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի լրամշակումների անհրաժեշտություն կա:   «Կարող է լինել խնդիրների երկու խումբ․ առաջինը տեխնիկական վրիպակներն են, որոնք չեն բացառվում որևէ հրատարակության պարագայում: Պետք է կարողանանք բոլոր հարցերը հասցեագրել և առնվազն երկրորդ կիսամյակից դասագրքերի էլեկտրոնային շտեմարանում ունենալ ամբողջությամբ ուղղված ու հասանելի տարբերակները: Բացի այդ, դիտարկում ենք թղթային ներդիրներ ունենալու հնարավորությունը, որոնք կտպագրվեն և կբաժանվեն դպրոցներին թղթային դասագրքերին զուգահեռ կիրառելու համար՝ մինչև դասագրքերի վերահրատարակության իրականացումը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: Անդրադառնալով խնդիրների երկրորդ խմբին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ դրանք վերաբերում են բովանդակային և մեթոդաբանական հարցերին, որոնց բարելավման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։ «Պետք է հասկանանք, թե բովանդակային և մեթոդաբանական առումով որ մոտեցումներն են նպատակային և արդյունավետ կիրառվում դպրոցներում և որոնք վերանայման կարիք ունեն: Տարբեր դասագրքերի վերաբերյալ ունենք մասնագիտական որոշակի դիտարկումներ, որոնք անպայման պետք է ուսումնասիրվեն՝ հասկանալու, թե ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը դասագրքի վերաբերյալ ստացել է մասնագիտական դիտարկումների շարք՝ շեշտելով, որ դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են: «Հանրության համար սա ամենազգայուն թեման է․ ներկայացված բոլոր մասնագիտական դիտարկումներն ընդունելով՝ պետք է աշխատանքներ տանենք դասագրքի բարելավման նպատակով: Սովորողների մոտ պատմական մտածողության ձևավորման տեսանկյունից պատմության և գրականության արդյունավետ ուսուցումը կարևոր նշանակություն ունի և պետք է նպաստի վերլուծական մտածողության ձևավորմանը, ինչին միտված է հանրակրթության նոր չափորոշիչը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ հանրային տարբեր շրջանակներում ուղղորդված շահարկումները պետք է զատել բովանդակային իրական խնդիրներից։ «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել է, որ իրենց կողմից դասագրքում արձանագրվել են մոտ 30 վրիպակներ, որոնք տարբեր բնույթի են և ունեն շտկման կարիք: Նրա խոսքով՝ այս առումով հաշվի են առնվելու թե՛ ծանրակշիռ գիտական փաստարկ պարունակող դիտարկումները, թե՛ բովանդակային հարցերը, թե՛ ժամանակագրության հետ կապված վրիպակները, թե՛ պատկերային նյութերը՝ կապված, մասնավորապես, Ուրարտուի քարտեզի և որոշ այլ նյութերի հետ: Նա նաև նշել է, որ հիմնադրամի կողմից հրատարակված մյուս դասագրքերի վերաբերյալ իրենք հիմնականում ստացել են դրական արձագանքներ, իսկ «Հայոց պատմություն 7» դասագրքի առանձին թեմաների դասավանդման կազմակերպման առումով ուսուցիչները գոհ են։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ համակարգային լուծումների անհրաժեշտություն կա, և առաջիկայում մասնագիտական քննարկումներ են նախատեսվում։ Քննարկվում է դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի համար միասնական հարթակի ստեղծման հնարավորությունը, որտեղ համապատասխան նյութերի տեղադրման անվտանգության և հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերն առաջնային են։ Մյուս դասագրքերի հեղինակներն ու հրատարակչությունների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի առաջարկով ներկայացրել են իրենց դասագրքերի վերաբերյալ արձանագրված հիմնական խնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն նախարարություն։Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, «Գրականություն-7» դասագրքի համահեղինակ Արքմենիկ Նիկողոսյանը նախ անդրադարձել է դասագրքերի ստեղծման մրցույթների կազմակերպմանը՝ նշելով, որ ժամանակային խնդրի պատճառով դասագրքերի լիարժեք կատարելագործման հնարավորություն չի եղել: «ԿԳՄՍ նախարարությունից ստացել էինք դիտողությունների փաթեթ, սակայն ֆիզիկապես հնարավոր չէր այդ ամենը ներառել դասագրքում: Դասագրքի մյուս համահեղինակ Արսեն Վարդանյանի հետ արդեն 6 վեբինար ենք կազմակերպել, որոնցից յուրաքանչյուրին շուրջ 400 ուսուցիչ է մասնակցել: Դպրոցներում նաև դասեր ենք անցկացրել: Մշտական կապի մեջ ենք թե՛ ուսուցիչների, թե՛ նաև աշակերտների հետ: Վրիպակներ շատ քիչ ենք նկատել: Առկա էր մեկ կոպիտ վրիպակ, որը շատ քաղաքականացվեց, և որին ես ինքս անդրադարձա սոցիալական ցանցի իմ էջերում, և այն բավականին մեծ տարածում ունեցավ: Ուսուցիչներին նամակներ ենք ուղարկել, որպեսզի դասավանդման ժամանակ դա նկատի ունենան, իսկ էլեկտրոնային տարբերակում արդեն շտկումն արված է: Ժամանակի բերումով նաև երեք թեմայի բառարան չենք կարողացել ներդնել. ներդիրների հրատարակման ժամանակ դա անպայման կներառենք: Ընդհանուր առմամբ, դասագրքի վերաբերյալ արձագանքները դրական են: Թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողներն ու սովորողները գոհ են: Ընդ որում՝ ծնողներն ասում են, որ երեխաներն ավելի մեծ հետաքրքրությամբ են սկսել սովորել առարկան»,- ասել է Արքմենիկ Նիկողոսյանը և տեղեկացրել, որ ուսուցիչները հաճախ նաև թեմատիկ պլան կազմելու հարցում են դժվարանում և դժգոհում դասաժամերի քանակից: Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի էությունը հենց այն է, որ ուսուցիչը կարող է ինքնուրույն ընտրել տվյալ թեմային հատկացվող ժամաքանակը: Անդրադարձ է կատարվել նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասագրքին՝ մասնավորապես դրանում կիրառվող հայերեն եզրույթներին, որոնք հաճախ որոշակի շփոթմունքի պատճառ կարող են դառնալ և դժվարացնել նյութի ընկալումը: ԿԳՄՍ նախարարը հեղինակներին հորդորել է ուշադրություն դարձնել այս բաղադրիչներին՝ հասկանալու համար, թե լեզվական առումով ինչպիսի աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի այս առարկայի դասագիրքը լինի ավելի ընկալելի և ըմբռնելի: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի հիմնական առանձնահատկությունը միջառարկայական կապերի շեշտադրումն է․ «Երեխաների մոտ պետք է ձևավորվի ամբողջական պատկերացում երևույթների և շրջապատող իրականության մասին, որպեսզի կարողանան այդ կապերը տեսնել, որն էլ վերլուծության, քննադատական մտածողության հիմքերից է: Սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել»: «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը ներկայացրել է իրենց կողմից հրատարակված դասագրքերի կիրառության վերաբերյալ հետադարձ կապի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները և առաջարկություններ է արել հետագա համագործակցության վերաբերյալ։ Քիմիայի 7-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Քնարիկ Բդոյանը տեղեկացրել է՝ այս դասագրքով կրթությունը կազմակերպվում է ավելի քան 670 դպրոցի շուրջ 22 հազար աշակերտների համար: Գրքի հեղինակներն ուսուցիչների հետ մշտական կապի մեջ են, կազմակերպում են վեբինարներ, քննարկումներ: Քնարիկ Բդոյանի գնահատմամբ՝ անհրաժեշտություն կա պարբերաբար վերապատրաստումներ կազմակերպելու ուսուցիչների համար: ԿԳՄՍ նախարարը կարևորել է թիրախային և արդյունավետ վերապատրաստումների կազմակերպումն ուսուցիչների համար: Նա նաև առաջարկել է ուսումնասիրել, թե որքանով են բնագիտական առարկաների դասագրքերը համադրված փորձարարական ու գործնական ուսուցման խնդիրների հետ: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախատեսվում դասագրքերի փորձաքննության ընթացակարգում։ Հանդիպման մասնակիցները կարևորել են դասագրքերի ստեղծման ընթացակարգում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել ձևավորել բաց ու մրցակցային դաշտ՝ գործընթացում ներգրավելով նաև նոր հեղինակների։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասագրքերի ստեղծման և հրատարակման ֆինանսավորման ժամկետները, մրցութային գործընթացը և մի շարք այլ հարցեր: Կողմերը կարևորել են պարբերաբար մասնագիտական քննարկումներ ունենալու անհրաժեշտությունը։
20:31 - 05 դեկտեմբերի, 2023
Համագործակցելով ՀՀ Կառավարության հետ՝ ԵՄ-ն իր ներդրումն է բերում Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին. Մարագոս

Համագործակցելով ՀՀ Կառավարության հետ՝ ԵՄ-ն իր ներդրումն է բերում Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին. Մարագոս

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կառուցելով ճկուն ապագա. երիտասարդության դերը Հայաստանի և Եվրոպայի արդի մարտահրավերներին դիմակայելու գործում» պանելային քննարկմանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Հասկանալով Եվրոպան» միջազգային կրթական ծրագրի հիմնական նպատակն է կարճ դասընթացների միջոցով ներկայացնել Եվրոպայի պատմության,  Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգերի և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նախնական  տեղեկատվություն: Ծրագիրը նախատեսված է  ավագ դպրոցների սովորողների համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կատարելագործում են նաև անգլերենի իմացությունը, միաժամանակ սովորելով՝ ինչպես լինել ակտիվ քաղաքացի և լսելի դարձնել իրենց ձայնը։ Քննարկումը կազմակերպվել է «Հասկանալով Եվրոպան» ծրագրի համակարգողների ամենամյա հանդիպման շրջանակում, որին մասնակցել են շուրջ 40 երիտասարդներ՝ Հայաստանից և եվրոպական 10 երկրներից։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն կարևորել է երիտասարդության դերակատարումը պետական քաղաքականության և ռազմավարական նախագծերում: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երիտասարդների ակտիվությունը տարբեր ասպարեզներում՝ այդ ուղղությամբ նախաձեռնելով խրախուսական մի շարք ծրագրեր: Խոսելով պետական երիտասարդության քաղաքականության մասին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է «Երիտասարդության մասին» օրենքի մշակման աշխատանքներին: «Օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է։ Այն կազմված է պետական հատվածի, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով այդ գործընթացում ԵՄ համագործակցության կարևորությունն ու հաջողված փորձի տեղայնացումը։ Նրա խոսքով՝ ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության իրավական հիմքերի կատարելագործմանն ուղղված քայլերի շրջանակում ուսումնասիրել է այլ երկրների փորձը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է՝ տարբեր ծրագրերի իրականացմամբ համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ Եվրոպական միությունն իր ներդրումն է բերում Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին։ Պանելային քննարկման ընթացքում ծրագրի մասնակիցները հարցերն ուղղել են բանախոսներին, որոնք վերաբերել են կրթության և երիտասարդության ոլորտների խնդիրներին: Նշենք, որ «Հասկանալով Եվրոպան» ծրագիրն իրականացնում է «Եվրոպական երիտասարդական պառլամենտ» (ԵԵՊ) երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը միավորում է երիտասարդների ամբողջ Եվրոպայից՝ քննարկելու արդիական հիմնահարցեր։
14:34 - 04 դեկտեմբերի, 2023
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնել է հիմնադրման 90- ամյակը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնել է հիմնադրման 90- ամյակը

2023 թվականին լրացավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 90-ամյակը։ Այս առիթով գրադարանում տոնական միջոցառում էր կազմակերպվել։ Ինչպես հայտնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, շնորհավորելու էին եկել գրողներ, դերասաններ, մշակույթի գործիչներ, ընթերցողներ, որոնցից շատերի մանկությունն անցել է Խնկո Ապոր անվան գրադարանում։ Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունել է ներկաներին և ասել, որ 90 տարվա ճանապարհ անցած, դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարած, բայց և նվաճումներ արձանագրած գրադարանն այսօր իր կայուն և առանձնահատուկ տեղն ունի հայաստանյան մշակութային դաշտում։  «Գրադարանը սոսկ մանկապատանեկան գրականության գրավոր ժառանգության պահոց չէ։ Այն արդեն 90 տարի Հայաստանում կրթամշակութային բազմազան ծրագրերի միջոցով ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում։ Մեր գրադարանի նպատակը մեկն է՝ որակյալ ծառայությունների մատուցմամբ ընթերցանության կազմակերպում և խթանում, իսկ առաջնահերթությունը երեխայի ընթերցելու իրավունքի պաշտպանությունն է»,- իր խոսքում նշել է Ռուզան Տոնոյանը։ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրադարանին մաղթել է բեղուն գործունեություն և ընթերցողների քանակի ավելացում։ «Գրադարանում համատեղ բազմաթիվ հանդիպումներ ու միջոցառումներ ենք իրականացրել։ Այս գործը պետք է շարունակվի։ Ով գիրք է կարդում, գրքի աշխարհում է մեծանում, չի կարող վատ կամ չար մարդ լինել։ Ուղղորդեք երեխաներին լավ գրքեր կարդալ»,- ասել է նա: Ցուցադրվել է գրադարանի 90-ամյա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմ, որն արխիվային լուսանկարներով ու տեսանյութերով պատմում էր գրադարանի ստեղծման առաջին օրերից մինչև այժմ տեղի ունեցած իրադարձությունների, գրադարան այցելած հայ մեծերի մասին։ Գրադարանի ակտիվ ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել է գրական ժանրերը բացահայտող թատերական ներկայացում՝ բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանի սցենարով։ Գրադարանի 90-ամյա հոբելյանի շրջանակում ընթերցասրահում կազմակերպվել էր նաև հնատիպ գրքերի, գրադարանին ընծայագրված և գրադարանի հրատարակած գրքերի ցուցահանդես։ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։ 
17:51 - 02 դեկտեմբերի, 2023
Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն դեկտեմբերի 1-ին կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին՝ ընդգծելով, որ նա կարևոր գործընթացների սկիզբ է դրել իր պաշտոնավարման ընթացքում: «Լեզվի կոմիտեն մեր հասարակության համար ամենակարևոր կառույցներից է, որի աշխատանքը հանրության շրջանում շատ տեսանելի է և մեծ նրբանկատություն է պահանջում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գևորգ Հակոբյանին: Նախարարը շեշտել է, որ Սիրանուշ Դվոյանի նշանակումը բոլորովին պատահական չէ: «Սա այն դեպքերից է, երբ նշանակումը կյանքի գործի շարունակություն է. նրա թե՛ կրթական, թե՛ հետազոտական, թե՛ մասնագիտական բազմաթիվ փորձառություններն ամբողջությամբ կապված են այն խնդիրների հետ, որոնց առնչվում է նաև Լեզվի կոմիտեն: Հուսով եմ, որ Սիրանուշ Դվոյանի անձնական փորձառությունն աշխատակազմի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ կնպաստի Լեզվի կոմիտեի բազմաթիվ անելիքների իրականացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ նախագահին սպասվող ոչ հեշտ աշխատանքում: Կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին մշտապես ցուցաբերած աջակցության համար: Նա ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում Լեզվի կոմիտեի գործունեությունը և դրա աշխատանքների առանձնահատկությունները: Կոմիտեի նորանշանակ նախագահ Սիրանուշ Դվոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին ցուցաբերած վստահության համար: Նրա խոսքով՝ իր մասնագիտական փորձառությունը, ինչպես նաև վերջին տարիների հետազոտական աշխատանքներն են նպաստել առաջարկն առանց երկմտանքի ընդունելուն: Սիրանուշ Դվոյանը մասնագիտացմամբ գրականագետ է և երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդել է 20-րդ դարի հայ գրականություն, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարան տեղափոխվելուց հետո առիթ է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասավանդման շրջանակում առնչվելու նաև լեզվաբանության հետ: «Ամերիկյան համալսարանում աշխատելուն զուգընթաց իմ հետազոտությունների բնույթը փոխվել է, և ինձ համար կարևոր է, որ հասարակական-մշակութային հարցերի վերաբերյալ իմ գիտական հետազոտությունները չմնան թղթի վրա, այլ հնարավոր լինի դրանք կիսել բոլորիդ հետ և ձեզ հետ գտնել տարբերակներ՝ դրանք վերածելու գործնական և շոշափելի արդյունքների»,- ասել է Սիրանուշ Դվոյանը: Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին և շեշտել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես լինելու է Լեզվի կոմիտեի կողքին:
10:24 - 02 դեկտեմբերի, 2023
Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության ներկան ու ապագան, գիտություն-կրթություն և գիտություն-տնտեսություն կապ, հումանիտար և հասարակագիտական մտքի կարևորություն,  գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքներ ու ռազմարդյունաբերություն․․․ Այս և այլ թեմաների շուրջ նոյեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) միավորվել էին Հայաստանի գիտական և տեխնոլոգիական համայնքների, բուհերի, Կառավարության ներկայացուցիչներն ու գիտությամբ հետաքրքրված մարդիկ։ «Գիտուժ» նախաձեռնությունը կազմակերպել էր «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով  համաժողովը։ Համաժողովը բացեց ՀԱՀ ռեկտոր Բրյուս Պողոսյանը, որը, ողջունելով ներկաներին, ասաց, որ հետևել է «Գիտուժ» նախաձեռնության աճին ինչպես սփյուռքում գտնվելու տարիներին, այնպես էլ Հայաստան այցելությունների ժամանակ։ Բրյուս Պողոսյանը Բրյուս Պողոսյանը խոսեց այն մասին, թե գիտական որքան ուժեղ էկոհամակարգ է ունեցել Հայաստանը Խորհրդային շրջանում, և ինչպես է այդ էկհոմակարգը քանդվել Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ամերիկյան համալսարանի ռեկտորը հիշեցրեց նաև այն փաստը, որ Հայաստանում տարիների ընթացքում գիտնականների թիվը նվազել է։ «Կարծում եմ՝ «Գիտուժը» հասկացել է, որ Հայաստանն այլևս ժամանակ չունի։ Հայաստանը կարիք ունի արագ սկսելու ապահով, գիտելիքի վրա հիմնված, արժեք ստեղծող պետություն դառնալու ուղին»,- ասաց նա։   Գիտության առաջնահերություններ, պետական պատվեր, գիտելիքահեն տնտեսություն «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական համակարգի զարգացման հեռանկարները, այդ ճանապարհին խոչընդոտները և դրանց լուծումները». պանելային առաջին քննարկման ժամանակ այս հարցերի պատասխաններն էին փորձում ստանալ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը։ Հակոբ Արշակյանը պանելային քննարկումը սկսեց նորությամբ․ 2024-ին Հայաստանում արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն է բացվելու։ Ինչպես և նշել էր ԱԺ փոխնախագահը, Կառավարության երեկվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «2024 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը։ Պետբյուջեով նախատեսվող միջոցառումներից մեկն արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացումն է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գիտության առաջնարհերթությունները, թիրախները սահմանված են Կառավարության ծրագրով։ Ինչ վերաբերում է գիտության ռազմավարություն ունենալուն, նախարարը նշեց, որ այս պահին ռազմավարությունը մշակման փուլում է, և ունի  վերանայման կարիք, քանի որ «Կառավարությունն էական ներդումներ է արել, և կարիք կա հասկանալու այդ ներդրումների արդյունավետությունը»։ ԿԳՄՍ նախարարը խոսեց անցած տարի երիտասարդ գիտնականների թվի աճի, գիտնականների աշխատավարձերի բարձրացման և գիտական նոր սարքերի ձեռբերման մասին՝ նշելով, որ «վիճակագրությունը ցույց է տալիս արդյունքներ»։ Ժաննա Անդրեասյանը և Հակոբ Արշակյանը «Բայց այս բոլոր խնդիրների մեջ մենք տեսնում ենք, որ մեզ իրականում անհրաժետ է ունենալ այն ցուցանիշները, որոնք մեզ թույլ են տալու ասել, որ այդ ներդրումներն արդյունավետ են»,- ասաց նա։ Այս համատեքստում ժաննա Անդրեասյանը կարևորեց հասկանալ տարբեր օղակների սպասելիքները գիտությունից։ Նա նշեց՝ գիտությունն ու արվեստը նման են այն առումով, որ գիտնականներն ուզում են ազատություն ու ժամանակ գործելու համար։ Մյուս կողմից էլ, նախարարի խոսքով, տնտեսությունն ուզում է կոնկրետ արդյունքներ։  Ի՞նչ խնդիրներ է տեսնում պետական քաղաքականության մեջ և ի՞նչ է ուզում «Գիտուժը»․ այս հարցին անդրադարձավ Արամ Փախչանյանը՝ նշելով, որ իրենց արձանագրած հիմնական բացը համակարգային մոտեցումն է։ Համաձայնելով Ժաննա Անդրեասյանի այն դիտարկմանը, որ գիտության մեջ կարևոր է ազատությունը, Արամ Փախչանյանը կարևորեց նաև պետության կողմից առաջնահերությունների սահմանումը։ «Պետությունն է, որ պետք է ձևավորի պատվերը։ Ես չեմ ասում պատվեր՝ որպես կոնկրետ հրահանգներ կոնկրետ գիտնականների, այլ պատվեր լայն իմաստով, թե ինչ է պետությունը՝ որպես հասարակության ներկայացուցիչ, որպես գիտության համար պատասխանատու, որպես բիզնեսի և տնտեսության առաջխաղացումն ապահովող մարմին, ակնկալում գիտությունից։ Այստեղ մենք մինչ այսօր ունենք խնդիր, որ պետության կողմից չկա այն մարմինը կամ մարմինների համախումբը, որը կարողանա խոսել գիտական համայնքի հետ գիտական համայնքի համար հասկանալի լեզվով և գործիքներով»,- ասաց նա։ Հակոբ Արշակյանը նշեց՝ Հայաստանը երբեք գիտության համար խնդիրներ չի սահմանել, և անգամ Խորհրդային տարիներին խնդիրներ սահմանողը եղել է ոչ թե Հայաստանը, այլ հենց Խորհրդային Միությունը։ Նա հայտնեց, որ այս ուղղությամբ քայլերը հեշտ չեն, բայց դրանք արվում են․ շուտով վարչապետի ղեկավարությամբ ձևավորվելու է գիտական խորհուրդ, որտեղ ներգրավվելու են նաև Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) ներկայացուցիչներ, և որտեղ ապագայում կարող են գիտության համար խնդիրներ ձևակերպվել։ Ռոբերտ Խաչատրյանը, Ժաննա Անդրեասյանը, Հակոբ Արշակյանը և Արամ Փախչանյանը Ժաննա Անդրեասյանն էլ շեշտեց, որ միայն Կառավարությունը չի կարող որոշել գիտության զարգացման առաջնահերթությունները։ Նրա խոսքով կան ոլորտներ, օրինակ՝ ռազմարդյունաբերությունը, որտեղ Կառավարության խոսքը որոշիչ է, և, այսպես կոչված, պատվերի մեխանիզմն աշխատում է։  «Բայց կան ոլորտներ, որտեղ պետության կողմից նման պատվերի ձևակերպումը կարող է շեղել իրերի դրությունը»,- ասաց նախարարը։ Արամ Փախչանյանն էլ նշեց, որ Կառավարությունը պիտի ստեղծի այն համակարգը, որտեղ ամեն գիտնական կհասկանա, թե իր ոլորտում ինչ պիտի անի, ինչ պիտի իր ուսանողներին սովորեցնի, որպեսզի նպաստի պետության խնդիրների լուծմանը։ Ժաննա Անդրեասյանն իր խոսքի սկզբում կարևորեց խնդիրների լուծումների քննարկումը ներառական ու մասնակցային միջավայրում, որտեղ հնարավորություն է տրվում հնչեցնելու ցանկացած կարծիք։ Հակոբ Արշակյանն էլ քննարկման վերջում շեշտեց այն փաստը, որ համաժողովին ներկա են քաղծառայողներ։ Չնայած դրան՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչները պանելային առաջին քննարկման ավարտից հետո լքեցին համաժողովը։ Հետագա քննարկումների ընթացքում համաժողովի մի քանի մասնակիցներ ափսոսանք հայտնեցին, որ նրանք չմնացին ու չլսեցին գիտական, կրթական ու տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը։   Ինչ է հասցրել անել «Գիտուժն» ու ինչ նպատակներ ունի Պանելային հաջորդ քննարկման ընթացքում  «Գիտուժի» անդամներն ամփոփեցին նախաձեռնության անցած ճանապարհը, ձեռքբերումները և ներկայացրին հետագա անելիքները: Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը խոսեց այն մասին, թե ինչու 2021-ին ստեղծվեց «Գիտուժը»։ Նրա խոսքով նախաձեռնության հիմքում կանգնած մարդիկ տեսան, որ Հայաստանում չկա այն գիտակցությունը, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կեսնական նշանակություն ունեն պետության կառուցման, անվտանգության և զարգացման գործում։  Նա նշեց, որ հիմնադրումից իր վեր՝ «Գիտուժը» գործել է երկու ուղղությամբ՝ գիտության հանրահռչակում և կառավարության հետ աշխատանք։ Տիգրան Շահվերդյանի խոսքով առաջին ուղղությամբ հաջողություններ ունեն, և էապես աճել է լրատվամիջոցներում գիտության թեմայով հրապարակումների թիվը։ Երկրորդ ուղղության մասին խոսելիս էլ նա նշեց գիտության ֆինանսավորման ավելացման մասին․ «Դրա սկիզբը դրվեց հենց մեր համայնքի ակտիվության պատճառով։ Մենք և՛ հանրային գործողություններ արեցինք, և՛ աշխատանք տարանք պաշտոնյաների հետ»։ Firo և Skycryptor ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն էլ, խոսելով ապագա անելիքներից, նշեց՝ իրենց առաջնահերթությունները շարունակելու են մնալ երկուսը՝ գիտության հանրահռչակում և համակարգի կայացում։ «Գիտուժի» անդամները «Մենք բավական էներգիա ու ժամանակ ենք շարունակելու ներդնել՝ հասկանալու, թե ինչպիսին պիտի լինի մեր նորարարական համակարգը․ և՛ աշխատելու ենք պատկան մարմինների հետ, և՛ հետազոտություններ ենք կատարելու, որպեսզի փոփոխություն առ փոփոխություն հասնենք մեր կարևոր, վերջնական նպատակին՝ ունենալ համակարգ, որի մուտքում կան ձևակերպված խնդիրներ, և դուրս են գալիս լուծումներ, որոնք անդրառանում են բոլորիս»։ Krisp-ի և 10Web-ի համահիմնադիր Արտավազ Մինասյանն էլ նշեց՝ Կառավարությունը գիտության մեջ դեռ «մանկական քայլեր» է անում․ «Եթե ուզում ենք մրցունակ լինել գիտության ոլորտում, առաջինը պետք է գիտակցենք, որ գիտությունը կարևոր է Հայաստանի համար։ Այդ գիտակցությունը, ցավոք, չկա ո՛չ իշխանության անդամների, ո՛չ հասարակության, ո՛չ բիզնեսի կողմից։ Երկրորդը՝ պետք է էկոհամակարգ ձևավորվի, ու այդտեղ պետք է ներգրավված լինեն և՛ գիտնականները, և՛ մասնավոր հատվածը, և՛ պետական հատվածը։ Այդ համակարգի ձևավորումից հետո պետք է ռազմավարությունը լինի, թե որ ոլորտների վրա ենք շեշտադրումն անում։ Երրորդը՝ ռեսուրսների բաշխումը․ մեր թիրախը պետք է լինի գիտահետազոտական ոլորտին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 5%-ը տրամադրել, որպեսզի մեր բոլոր գոյաբանական հարցերի պատասխանը ստանանք՝ սկսած պաշտպանության ոլորտից, վերջացրած տնտեսության զարգացմամբ»։   Մասնավոր-կառավարություն երկխոսություն, խնդիրների հստակ սահմանում «Ինչպե՞ս գիտությունը դարձնել առաջնային գործիք Հայաստանի անվտանգության ապահովման և մրցունակության բարձրացման համար»։ Պանելային հաջորդ քննարկումը հենց այս թեմայով էր։ ՀԱՀ Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի խոսքով շատերին կարող է տրամաբանական թվալ, որ պետք է ՀՆԱ-ի X տոկոսը ծախսել գիտության վրա, բայց պետական ապարատի տեսանկյունից դա տրամաբանական մոտեցում չէ, եթե չի հստակեցվում, թե որ ուղղություններով և ինչ նպատակներով են հատկացվող միջոցները ծախսվելու։ Նա նշեց, որ այս պահին Հայաստանի Կառավարությունը բավականին շատ ֆինանսական աջակցություն է տրամադրում ընկերություններին, բայց չկա հստակ մոտեցում, որ աջակցությունը տրամադրվի հենց գիտաարտադրական տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից։ «Եթե գիտական, տեխնիկական առաջադեմ հանրությունը կարողանա ձևակերպել պահանջներ (որովհետև դա կհստակեցնի, թե որտեղ  ամենամեծ հետադարձ արդյունքը կլինի), ապա հավանականությունն ավելի մեծ է, որ այդ ուղղությամբ կլինեն ավելի մեծ ներդրումներ»,- ասա նա՝ այս համատեքստում կարևորելով մասնավոր հատվածի ու պետության միջև երկխոսությունը։ Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը համաձայնեց Վաչե Գաբրիելյանի այն մտքին, որ երկխոսության խնդիր կա։ «Անձամբ ես մի քանի անգամ առաջ եմ քաշել Կառավարության հետ երկխոսելու լայն ծրագրեր՝ ներառելով լայն զանգվածներ։ Բոլոր դեպքերում այդ փորձերը հաջողված չեն հենց հակադարձ կապի բացակայության պատճառով»,- ասաց ակադեմիկոս քարտուղարը։ Կոնստանտին Ենկոյանը, Վաչե Գարբիելյանը և Արթուր Իշխանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի կարծիքով Հայաստանում չկան ռեսուրսներ ոչ այնքան նշանակալի հետազոտություններ ֆինանսավորելու համար, այդ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են «զբաղվում իրական գիտությամբ», զտել ու կենտրոնանալ մի քանի ուղղությունների վրա։ Արթուր Իշխանյանը հակադարձեց նրան՝ նշելով, որ հիմա հնարավոր չէ իմանալ, թե ինչը կարող է կարևոր լինել, օրինակ, 5 տարի անց։ «2019-ին է փակվել Վիրուսոլոգիայի ինստիտուտը։ Վերջնականապես ենք փակել, ավերվել էր մինչ այդ, բայց գոնե ինչ-որ բաներ կային։ 2020-ին սկսվեց համավարակը․․․ Մեզ անհրաժեշտ է պահպանել նվազագույն էկոհամակարգ հնարավորինս ամեն ինչի համար»։ Արթուր Իշխանյանն իր խոսքում անդրադարձավ նաև գիտության կազմակերպման երկու մոդելներին՝ համալսարանական և ակադեմիական՝ շեշտելով, որ որևէ տեղ չկա այդ երկուսից միայն մեկը։ «Առանձին վերցված խնդիրների համար միշտ անհրաժեշտ է ունենալ ճկուն, անկախ հասարակական հետազոտական հաստատություններ՝ ինստիտուտներ, որոնց երբեք պետք չէ դարձնել միայն կրթությանը սպասարկող»,- ասաց նա։ Արթուր Իշխանյանի այս ձևակերպումն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին, որով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները միանալու են իրար։   Գիտության կառավարման մոդելներ, բուհերի և ինստիտուտների ներսում առաջնահերթությունների սահմանում «Գիտությունը համալսարաններում և ինստիտուտներում. առկա ներուժ և ապագայի պահանջներ»․ պանելային հաջորդ քննարկմանը մասնակցում էին բուհերի ռեկտորներն ու գիտական ինստիտուտների տնօրենները։ Առաջինը քննարկվում էր այն հարցը, թե ինչպես են բուհերն ու ինստիտուտներն իրենց ներսում առաջնահերթություններ սահմանում։  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նշեց՝ իրենք ուսումնասիրում են ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրներ, և դժվար է ընտրել այնպիսի թեմաներ, որոնք նաև միջազգային կարևորություն ունեն և կարող են տպագրվել միջազգային ամսագրերում։ «Այսօրվա գիտաչափության պահանջները գիտնականների մեջ կոտրում են ռոմանտիզմը, նաև, հայրենասիրությունից ելնելով, հետազոտություններ իրականացնելը, որովհետև մենք ընկնում ենք գիտաչափության հետևից և անում ենք բացառապես այն հետազոտությունը, որով կարող ենք տպագրվել։ Ես համարում եմ, որ մեզ նման ոչ հարուստ պետության համար դա շատ մեծ ճոխություն է. մենք ունենք այնպիսի խնդիրներ, որոնք ուղղակի իրավունք չունենք հրատարակելու, բայց եթե չհրատարակենք, ապա մենք գիտնական չենք համարվելու Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար մենք մի կերպ բալանսի ենք բերում»,- նշեց նա։  Լիլիթ Սահակյանը և Բրյուս Պողոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց՝ մի քանի տարի առաջ հասկացան, որ իրենց հետազոտական ուղղությունները, մագիստրոսական թեզերի ու թեկնածուական ատենախոսությունների թեմաները բավականին հնացած են, և սկսեցին պետական գերատեսչություններից հավաքել նրանց հուզող խնդիրները։ «Որոշ գերատեսչություններից ստացանք կոնկրետ իրենց հուզող հարցերը։ Իհարկե, այստեղ բախվեցինք խնդիրների․ ոչ բոլոր գերատեսչությունները կարողացան ձևակերպել իրենց խնդիրները և նույնիսկ խնդրեցին, որ մենք մասնագետներ ուղարկենք, որ այդ խնդիրների վերհանումը միասին կարողանանք կատարել»,- նշեց նա։ ՀԱԱՀ ռեկտորն ասաց, որ իրենք խնդիրներ հավաքագրեցին նաև մարզպետարաններից, արդյունաբերական խորհուրդներ ձևավորեցին՝ ներառելով մասնավոր հատվածից ներկայացուցիչների, որ նրանց հուզող հարցերը ևս հասկանան, ապա զտեցին հավաքագրած թեմաներն ու արդիականացրին հետազոտական ուղղությունները։   Անդրադառնալով նախորդ քննարկումների ժամանակ կառավարության սահմանած առաջնահերթյունների ու պետության կարիքների սպասարկման մասին բարձրացված հարցերին՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տնօրեն Գևորգ Քառյանը նշեց․ «Մեզ համար դժվար է, զբաղվեով հիմնարար հետազոտություններով, ուղղակիորեն ազդել կամ ուղղակիորեն այդ գործընթացի մեջ ներգրավվել։ Հիմնարար գիտությունն այն պարարտ հողն է, որի վրա աճում է կիրառական գիտությունների ծառը, և որի պտուղները մենք քաղում ենք տեխնոլոգիաների տեսքով։ Եթե մենք հիմնարար գիտությամբ զբաղվող գիտնականին առաջադրենք այնպիսի խնդիր, որը կիրառական նշանակություն ունի, մենք նրան անելանելի վիճակի մեջ կդնենք, բայց մյուս կողմից՝ առանց հիմնարար հետազոտության ուղղակի իմաստ չունի խոսել կիրառական հետազոտության մասին»։ Գևորգ Քառյանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց՝ կան հարցեր, որոնց պատասխանները հետազոտությամբ ստանալու համար պետք է լինի պետությունից իջեցված պատվեր, բայց նա կարևորեց նաև, որ այդ պատվերները սահմանվեն հենց ինստիտուտների կողմից, և ինստիտուտների ներսում հետազոտություններ կատարվեն, թե իրենց բնագավառները զարգացնելու համար ինչ է պետք։ Նա կարևորեց բրենդային ուղղություների զարգացումը, որոնք Հայաստանի գիտությունը կդարձնեն համաշխարհային գիտության մաս․ «Մեզ պետք չէ ընդհանուր հնագիտություն, կամ մեզ պետք չէ ընդհանուր ազգագրություն․ մեք պետք է այնպիսի հնագիտություն, որում Հայաստանը կարող է առաջնային դիրք գրավել համաշխարհային գիտության տեսանկյունից։ Շատ դեպքերում մենք շփոթում ենք արտասահմանյան ամսագրերում հրատարակվելը գիտական տեսակետի տարածման հետ․ գիտական տեսակետը պետք է ստեղծվի քո երկրում, ազգային հիմքի վրա և տարածվի աշխարհով մեկ որպես քո ստեղծագործություն, բրենդ»։ Խոսելով գիտության համակարգի կառավարման մասին՝ Լիլիթ Սահակյանը զավեշտալի համարեց վերջին շրջանում հնչող հարցադրումը՝ Գիտությունների ազգային ակադեմիա Հայաստանին պե՞տք է, թե՞ ոչ․ «Երեկ կարդում էի [Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ] պարոն Հայոցյանի հարցազրույցը։ Ասել, որ Ակադեմիան հոդվածների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում, խոսել նրա մասին, որ բուհերը կառավարման համակարգը փոխում են, որովհետև հասկացել են, որ արդյունավետ չէ, բայց հարցականի մեջ դնել ԳԱԱ գոյությո՞ւնը։ Ես, ճիշտն ասած, տրամաբանությունը չեմ հասկանում»։ Արսեն Բոբոխյանն էլ նշեց՝ ինքը կուզենար, որ Հայաստանում միաժամանակ գոյություն ունենային ուժեղ համալսարաններ և ուժեղ, բարեփոխված Ակադեմիա, և համալսարանները լինեին ոչ թե Երևանում կենտրոնացած, այլ ապակենտրոնացած։   Հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, գիտաչափությունը, միջազգային գիտությանն ինտեգրումը «Հումանիտար և հասարակագիտական գիտությունները Հայաստանում. մենք կարողանու՞մ ենք մտածել» քննարկման մասնակիցները խոսում էին հարցերից, որոնք գիտության մասին զրույցների ժամանակ երբեմն լուսանցքում են մնում։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նաիրա Մկրտչյանի խոսքով հումանիտար և սոցիալական գիտությունների առումով Հայաստանն անհատ կադրերի խնդիր չունի, և խնդիրն ավելի շատ ինստիտուցիոնալ հարթությունում է․ «Ես կարող եմ թվել առնվազն 20-30 մարդու, որոնց գործերն արժե կարդալ, որոնք չեն զիջում միջազգային հարթակում համանման թեմաներով զբաղվող որևէ գիտնականի։ Եվ այդ առանձին անհատները միջազգային մակարդակի հասնում են իրենց անհատական ջանքի շոնրհիվ»։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանն էլ անդրադարձավ գիտաչափությանը, որը նրա խոսքով գալիս է ճշգրիտ գիտություններից․ «Այսօր, լինելով սոցիալ-հումանիտար ոլորտի ներկայացուցիչ, ես պիտի ավելի շատ մտահոգված լինեմ, թե անգլալեզու որ պարբերականում է լույս տեսնելու իմ աշխատանքը, որովհետև այդ դեպքում ես հնարավորություն կունենամ պարկեշտ աշխատավարձ ստանալու։ Եվ հայալեզու արտադրանքը ոչ միայն ստորադասված է, այլև ընդհանրապես հաշվի առնված չէ։ Ես կարող եմ գրել հայերեն մենագրություն, և դա ինձ կբերի 0 միավոր, և ես կարող եմ գրել անգլալեզու ամսագրում երկու էջանոց հոդված, և այստեղ էջը կամ նույնիսկ բովանդակությունը չէ խնդիրը, այլ, թե որտեղ է այն տպված՝ սպասարկելով այն հետաքրքրությունները, որոնք Հայաստանի հանդեպ ունի մեկ այլ պետություն։ Դա, մի կողմից, միջազգային գիտության մեջ ինտեգրվելու մասին է խոսում, բայց, մյուս կողմից, երբ դա իջեցվում է որպես գիտաչափության միակ մոտեցում, խոսում է մեր խնդիրները տեսնելու, բարձրաձայնելու և ուղղելու անտեսման մասին»։ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի Հայագիտական ծրագրի տնօրեն, «Թուրփանջյան» հասարակական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ստեփան Աստուրյանն էլ առանձնացրեց մի խնդիր, որին բախվում են սփյուռքի հայ գիտնականները հայագիտական թեմաներով հետազոտություններ իրականացելիս․ «Եթե ծագումով հայ ես և հայերին վերաբերող թեմայով ես զբաղվում, օրինակ՝ Ցեղասպանության թեմայով, շատ արագ պիտակավորվում ես որպես էթնիկ գիտնական կամ ազգայնամոլ, եթե քո ասածները չեն համընկնում նրան, ինչ պիտի ասվի այդ միջավայրում, այսինքն՝ գերադաս կարծիքին»։ Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը կարևորեց հասկանալ, թե որն է հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, և ինչու են դրանք կարևոր։ «Այդ երկու գիտակարգերի նպատակը մեկն է․ կոդավորել ու հասկանալ անցյալը, ներկան, փորձել հասկանալ ապագան ու դա անել պարպերաբար՝ վերակազմավորելով, քանդելով, կրկին վերակազմավորելով ու քանդելով։ Ի՞նչ տեղի ունեցավ հետխորհրդային շրջանում․ առնվազն դիսկուրսի մակարդակում քանդվեց անցյալը, ու չստեղծվեց նորը, ներկան»,- ասաց նա։ Վարհրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով այս գիտակարգերում գիտական լավագույն հետազոտություններում ավելի շատ հարցեր են առաջադրված, քան հարցերի պատասխաններ կան․ «Մինչդեռ մեր պարագայում շատ ավելի իմպերատիվ էին, օրինակ, Թուրքիայի և Արդբեջանի մասին հետազոտությունների մեծ մասը հատկապես հետխոհրդային շրջանում։ Այդ հանգստությունը, որը կար Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, գալիս էր նաև մեծամտության պարսավելի դրսևորումներից։ Պատճառն այն է, որ մենք չենք ուզում հասկանալ, որ մեզ համար հարկավոր էր տեղավորվել այն բացատրության մեջ, որն ամենահարմարն էր այդ պահին»։   ԳՀՓԿ աշխատանքներ, ռազմարդյունաբերություն «Պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքներ. Հայաստանը զարգացման ներուժ ունի՞» թեման ոչ այնքան քննարկում էր, որքան հարցուպատասխան Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ․ նրան հարցեր ունեին և՛ գիտական, և՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչները։ Հարցին, թե ինչու Հայաստանը չի ծախսում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) համար նախատեսված ողջ բյուջեն, Արտյոմ Մեհրաբյանը պատասխանեց․ «Մենք այս տարի ունեցել ենք մոտ 48 հայտ, հաստատվել է ընդամենը 8 աշխատանք»։  Նա նշեց՝ գիտնականների հետ աշխատելու խնդիրներից մեկը ԳՀՓԿ աշխատանքների գաղտնիությունն է․ «Այս տարի առաջարկություն ենք արել և Կառավարության որոշման մեջ փոփոխություն ենք մտցրել, որպեսզի գիտական աշխատանքների վրայից գաղտնիության հարցը հանենք կամ դիտարկենք ամեն մի հայտը առանձնահատուկ, փորձենք, հասկանալով դրա կարևորությունը, գաղտնիացնել»։ Նա նշեց, որ այդպիսով գիտնականների համար ընթացակարգերն ավելի կհեշտանան։ ՌԱԿ նախագահը նաև ասաց, որ հանդիպում են ունենալու գիտական կազմակերպությունների ղեկավարների հետ և ներկայացնելու են նրանց այն ուղղությունները, որոնք ուզում են զարգացնել։ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը օրենսդրական ու բյուրոկրատական մի քանի խնդիր բարձրաձայնեց։ Նրա խոսքով Հայաստանում զենք-զինամթերքի հետ կապված գիտահետազոտական աշխատանքները հավասարեցված են զենքի արտադրությանը, և դրա համար անհրաժեշտ է լիցենզիա ունենալ, որը ծախսերի հետ է կապված։ Արտյոմ Մեհրաբյանը Արտյոմ Մեհրաբյանը համաձայնեց, որ օրենսդրական բացեր կան՝ նշելով, որ դրանց ուղղությամբ աշխատում են, սպասվող փոփոխություններով լիցենզիա պահանջելու են միայն սերիական արտադրության համար։ Սեյրան Մինասյանը խոսեց նաև այն խնդրից, որ ՌԱԿ կառավարման մեխանիզմն ու գործառույթները հիմնված են Խորհրդային Միության համապատասխան փաստաթղթերից թարգմանված ստանդարտների վրա։ Նրա խոսքով հենց սրանից էլ բխում է այն, որ ՌԱԿ-ին ներկայացված հայտերը և դրանց կատարման ընթացքը բովանդակային խորքային ստուգում չեն անցնում։ Նորմատիվ փաստաթղթերի մասով բարձրաձայնած խնդրին ևս ՌԱԿ նախագահը համաձայնեց՝ նշելով, որ հանդիպում են ունեցել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ, այդ հարցը բարձրարցել են։ LT-PYRKAL-ի գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանն էլ նշեց՝ ավելի մեծ հարց է Պաշտպանության նախարարության՝ խնդիրներ ձևակերպելու կարողությունը․ «ԳՀՓԿ աշխատանքի իմաստն այն է, որ այն վերջանա սերիական արտադրությամբ, հակառակ դեպքում դա դառնում է ինքնախաբեություն և ֆինանսաների իզուր վատնում։ Ամենակարևոր խնդիրն է, թե ինչ է պետք մեր Զինված ուժերին սերիական արտադրության համար։ Առաջին հերթին, շատ հստակ այդ խնդիրը պետք է ձևակերպի ԶՈՒ-ն, որից հետո խնդիրը պետք է փոխանցվի ՌԱԿ-ին՝ գործընթացը կազմակերպելու»։  ՌԱԿ նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքով կրթական, գիտական, արդյունաբերական և պաշտպանական համակարգերի միջև կապերը խզված են․ «Պաշտպանական համակարգը պատվերով չի ծանրաբեռնում արդյունաբերության համամակարգը, արդյունաբերության համակարգը, հետևաբար, պատվերով չի ծանրաբեռնում գիտական համակարգը։ Ունենք ռազմավարական նպատակների և դրանց իրականացման միջոցների անորոշություն, որը բերում է այս բոլոր խնդիրներին»։ Արտյոմ Մեհրաբյանն ասաց՝ իրենք հասկացել են, որ ՌԱԿ-ին կից մի կառույցի անհրաժեշտության կարիք կա, որը  կազմված կլինի ռազմավարություն մշակողներից, գիտնականներից և ինժեներներից, որոնց շփումից կստեղծվեն գաղափարներ ու կփոխանցվեն ՌԱԿ-ին։ Նա նշեց՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են՝ շատ փակագծեր չբացելով։ *** Քննարկումներից մեկի ընթացքում «Գիտուժի» անդամները նշեցին, որ սա իրենց առաջին համաժողովն է, և հույս ունեն, որ մի քանի տարի անց կկազմակերպեն վերջին համաժողովը, քանի որ իրենց բարձրաձայնած խնդիրները լուծված կլինեն և գիտության հանդեպ այնպիսի վերաբերմունք ձևավորված կլինի, որ «Գիտուժի» կարիքն այլևս չի լինի։   Աննա Սահակյան  
19:48 - 01 դեկտեմբերի, 2023
Նախակրթարանները չեն շտապում դիմել ԿԳՄՍՆ-ին՝ լիցենզիա ստանալու համար. մասնագետները խոսել են խնդիրների մասին

Նախակրթարանները չեն շտապում դիմել ԿԳՄՍՆ-ին՝ լիցենզիա ստանալու համար. մասնագետները խոսել են խնդիրների մասին

Ներկայումս կրթական բոլոր մակարդակներում մեծ բարեփոխումներ և փոփոխություններն են իրականացվում, որոնք ուղղված են թե՛ կրթության բովանդակության, թե՛ ենթակառուցվածքների, միջավայրի, մասնագիտական կարողությունների զարգացմանը Նախակրթարանների լիցենզավորման հետ կապված խնդիրների քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Այդ աշխատանքների համատեքստում շատ կարևոր է, որ այս կամ այն կրթական մակարդակում իրականացվող գործընթացները լինեն վերահսկելի։ Մասնավորապես «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում ամրագրվել է նախադպրոցական ծառայություններ մատուցող կամ ծրագրեր իրականացնող հաստատությունների լիցենզավորման պարտադիր պահանջը»,- նշեց փոխնախարարը: Այդուհանդերձ, նախակրթարանները չեն շտապում դիմել ԿԳՄՍՆ՝ լիցենզիա ստանալու։ Նոյեմբերի 10-ի տվյալներով՝ ԿԳՄՍՆ-ն ստացել է ընդամենը 9 հայտ, մինչդեռ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ նախադպրոցական ոլորտում գործում է առնվազն 320 կազմակերպություն։ «Բոլոր այն կազմակերպությունները, որոնք գործում են տվյալ ոլորտում, տեղեկացված են։ ԿԳՄՍՆ-ն հետևում է դիմումների ներկայացման գործընթացին, և այն դինամիկան, որն առկա է ոլորտում, մտահոգիչ է։ Փաստացի ՊԵԿ-ից հավաքագրել ենք տեղեկատվություն, թե քանի կազմակերպություն կա մեր երկրում, որոնք գործում են հենց կրթության ոլորտում։ Եկող տարվա հունվարի 1-ից բոլոր այն կազմակերպությունները, որոնք լիցենզավորված չեն լինի, կտուգանվեն ՊԵԿ-ի կողմից և նրանց գործունեությունը կկասեցվի։ Խնդիրները բազմաշերտ են, ու թեև կան օբյեկտիվ պրոբլեմներ, որոնք դանդաղեցնում են գործընթացը, բայցևայնպես, հետաքրքրությունը լիցենզավորման պրոցեսի նկատմամբ հետզհետե մեծանում է»,- ասաց Սվաջյանը։ Նրա խոսքով՝ օբյեկտիվ խնդիրներից մեկն այն է, որ հստակ լիցենզավորման կանոնակարգում նշված է, թե ինչ նշանակության շենք պետք է լինի նախադպրոցական ծառայություններ մատուցելու պարագայում։ Խոսքը զարգացման կենտրոնների մասին է։ Ի սկզբանե բնակարանային պայմաններում թույլատրվում էր մատուցել նման ծառայություններ, սակայն ամբողջական համալիր ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի շենքը լինի հասարակական նշանակության։ «Այդ որոշումը պատահական չի կայացվել, որովհետև հասարակական նշանակության շենքերը երեխաների անվտանգության մի շարք պայմաններ են ապահովում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք հանդիպում ենք ունեցել մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի հետ, որի ընթացքում խնդիրը բարձրաձայնվել է։ Մատնանշվել է, որ այն շենքային պայմանները, որոնցում գործում են շատ մանկապարտեզներ, անվտանգային կանոններով բավականին մոտ են հասարակական նշանակությանը, սակայն շենքային նշանակության փոփոխությունն առաջացնում է ֆինանսական բեռ։ Մենք հիմա շրջանառության մեջ ենք դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է մինչև 2026 թվականը շենքերի հասարակական նշանակության պահանջի կատարումը հետաձգել։ Շահագրգիռ գերատեսչություններից ստացել ենք կարծիքներ, սակայն գործընթացը բարդ է ընթանում, քանի որ համաձայնությունն, այնուամենայնիվ, շատ դժվար է ստանալ։ Հասկանալի է, որ խոսքը երեխաների անվտանգության մասին է, նույն վթարային ելքերի ապահովման մասին և այլն։ Փորձում ենք խնդիրը լուծել, որպեսզի լիցենզավորման համար լրացուցիչ խոչընոտներ չառաջանան»,- տեղեկացրեց  փոխնախարարը։ Նրա դիտարկմամբ՝ մյուս խնդիրը վերաբերում է մասնագիտական կադրերին։ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում նշված է, որ միջին և բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած մասնագիտությամբ կոնկրետ նախադպրոցական մանկավարժի որակավորում ունեցող մասնագետները կարող են աշխատել։ «Այս մասով էլ ենք ահազանգեր ստացել, որ նման որակավորում ունեցող մասնագետները քիչ են։ Հարցը շատ արագ հնարավոր չէ լուծել, մենք չենք ցանկանում կրթական ցենզն իջեցնել, որովհետև գործ ունենք երեխաների կրթության հետ, և որքան իջեցվի այդ ցենզը, այնքան կրթության որակի և արդյունավետության հետ կապված ռիսկերը կավելանան։ Այդուհանդերձ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում նախաձեռնել ենք փոփոխություն։ Հանրակրթական դպրոցներում էլ ունենք բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պակաս, հետևաբար, եթե մարդն ունի բարձրագույն կրթություն և ստանում է 30 կրեդիտ մանկավարժության վերաբերյալ, ապա թույլատրվում է, որպեսզի նա աշխատի մանկապարտեզում։ Նմանատիպ մի կանոնակարգ ցանկանում ենք մտցնել նախակրթական հաստատություններին վերաբերող օրենքում։ Հիմա փորձում ենք հստակեցնել կրեդիտների քանակի հարցը և թե որ մասնագիտությունների որակավորման առկայության դեպքում հնարավոր կլինի հարցը լուծել»,- մանրամասնեց Սվաջյանը։ Քննարկմանը մասնակցում էր նաև մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանը, ով հայտնեց, որ իրենք բարձրաձայնել են նաև առողջապահության նախարարության կողմից սանիտարահիգիենիկ նորմերի վերանայման անհրաժեշտության մասին, որը թեև ԿԳՄՍՆ-ի դաշտում չի, բայցևայնպես անմիջական առնչություն ունի գործընթացի հետ։ «Շատ ուրախ ենք, որ մեր հանդիպումից հետո տեսնում ենք իրականացված փոփոխություններ և այդ պարագայում լիցենզիա ստանալու դիմումատուներն ավելի շատ կլինեն։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նույն հետաքրքրությունն առաջացել է նաև մեր ասոցիացիայի նկատմամբ։ Օրական ստանում  ենք բազմաթիվ նամակներ ու զանգեր այն հարցերի առնչությամբ, որոնց պատասխանելու համար նախարարությունը գուցե բավարար ժամանակ չունի։ Վերջին  երեք շաբաթվա ընթացքում ասոցիացիայից ունեցել ենք անդամներ, ովքեր հավաքել են փաստաթղթերն ու դիմել ԿԳՄՍՆ-ին։ Նրանք գերատեսչության համապատասխան բաժնից ստացել են պատասխան, որ թեև նոր օրենքն ուժի մեջ չի մտել, այնուամենայնիվ, շենքային պայմանների նշանակության պայմանը չբավարարելու դեպքում լիցենզիա չի տրվի։ Ոչ ոք չի ցանկանում առաջին փուլով մերժվել, հետևաբար, բոլորը սպասում են օրենքի ընդունմանը։ Անշուշտ, ոլորտը պետք է վերահսկվի և բոլորը պետք է լիցենզավորվեն, բայցևայնպես, ճանապարհին դեռ կան խոչընդոտներ»,- ասաց Խաչատրյանը։  
16:39 - 01 դեկտեմբերի, 2023
Քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ եզդիական, ռուսական, ասորական, քրդական, ուկրաինական, հունական, վրացական, բելառուսական, հրեական, լեհական, գերմանական համայնքներից, ինչպես նաև ուդի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ: Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել հասարակական խորհրդի ստեղծման նպատակներին, ոլորտում առկա խնդիրներին, ազգային փոքրամասնությունների ինքնության հիմնական տարրերի՝ կրոնի, լեզվի, մշակութային ժառանգության, ավանդույթների պահպանմանը նպաստող միջավայրի կատարելագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև համապատասխան ոլորտային օրենսդրության ընդունմանն ուղղված աշխատանքներին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և կարևորել նմանօրինակ նիստերի կազմակերպումը: Նրա խոսքով՝ ազգային փոքրամասնությունների կրթության, մշակույթի, ինքնության, լեզվի և իրավունքների պահպանությունը պետական առաջնահերթություն է: «Այսօրինակ խորհուրդների ստեղծումը չափազանց կարևոր է խնդիրների վերհանման և դրանց լուծումները համատեղ գտնելու տեսանկյունից: «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» կարևոր բաղադրիչներից է նախադպրոցական կրթության ապահովումը: Մեր գերատեսչության առաջնահերթ նպատակներից է, որպեսզի ազգային փոքրամասնությունների դպրոցներում և համայնքներում բացվեն նախադպրոցական հաստատություններ, որոնք կնպաստեն ավելի վաղ տարիքից երեխաների ներգրավմանը կրթական գործընթացներում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: Անդրադառնալով մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագրին՝ նախարարի տեղակալը շեշտել է՝ կրթության ոլորտում չափազանց կարևոր է բովանդակային փոփոխությանը զուգահեռ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացումը. «300 դպրոցի և 500 մանկապարտեզի քարտեզագրման ժամանակ հետևողական ենք եղել, որպեսզի ընդգրկվեն նաև ազգային փոքրամասնությունների համայնքների դպրոցները»: Արաքսիա Սվաջյանը մտահոգիչ է համարել ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների՝ բարձրագույն կրթություն չունենալու փաստը՝ ընդգծելով, որ նրանցից քչերն են դիմել կամավոր ատեստավորմանը. «Մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն աշխատեն դպրոցում, սակայն մենք բախվում ենք այլ խնդրի՝ երեխաներն իրենց ազգային լեզուն ուսումնասիրելու հնարավորությունից զրկվում են: Այդ նպատակով միջին մասնագիտական կրթություն ունեցողներին առաջարկել ենք դասավանդել խմբակներում: Քննարկում ենք նաև բուհական համակարգում այնպիսի ծրագրեր ներդնելու հարցը, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրելու ազգային փոքրամասնությունների լեզուները»: Արաքսիա Սվաջյանը փաստել է՝ մշակույթի և սպորտի ոլորտում ևս ազգային փոքրամասնությունների խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել նիստին մասնակցության համար՝ ընդգծելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը վերաբերող խնդիրները համատեղ ջանքերով լուծելու կարևորությունը։ «Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված` պետությունը, ի թիվս այլնի, ունի պարտավորություն՝ երաշխավորելու և նպաստելու նրանց մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը, և այս առումով չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը։ Հենց այս հարթակը կարող է պետության և ազգային փոքրամասնությունների համայնքների միջև կամուրջ դառնալ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ազգային ժողովի` ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսացող պատգամավորներ։ Նիստին բացման խոսքով հանդես են եկել նաև ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը։ Պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի նիստն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» միջոցառման շրջանակում:
13:13 - 01 դեկտեմբերի, 2023
Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց
 |armeniasputnik.am|

Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ կառավարությունն ակտիվորեն դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում գիտության ոլորտում ավելի շատ երիտասարդների ներգրավելու համար։ «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մենք ջանք ենք գործադրում գիտության զարգացման ուղղությամբ, աա մեր առաջնահերթություններից է։ Նախորդ տարիներին մենք ավելի քան 150%-ով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Մենք նոր դրամաշնորհային ծրագրեր ենք սկսել միանգամից մի քանի ուղղությամբ, որոնք էապես մեծացրել են երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը ոլորտում։ Այսօր դրամաշնորհային շահառուների մեծ մասը` ավելի քան 70%-ը, մինչև 30 տարեկան գիտնականներ են»,- նշեց Անդրեասյանը։ Նա ընդգծեց, որ շարունակական աշխատանքներ են տարվում գիտության մեջ ներգրավված մարդկանց` գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։ Ըստ նախարարի` գիտությամբ զբաղվելու համար սա երիտասարդների համար ամենակարևոր խթաններից է։ Անդրեասյանը շեշտեց` հունվարից գիտաշխատողների վարձատրությունը միջինում ավելի քան 174%-ով կբարձրանա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ-ում Անդրեասյանն ասել էր, որ 2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կբարձրանա 78%-ով։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ, որն աճել է 138 հազար 100 դրամից։
12:16 - 01 դեկտեմբերի, 2023
Հաստատվել է մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող շուրջ 300 դպրոցների ցանկը

Հաստատվել է մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող շուրջ 300 դպրոցների ցանկը

ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված ուսհաստատությունների ցանկը և դրանց համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության ապահովում, փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերում մոդուլային դպրոցական շենքերի կառուցում, ըստ անհրաժեշտության՝ հիմնանորոգման, վերակառուցման այլ աշխատանքներ: Մինչև 2030 թ. նման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել 400 դպրոցում (2026 թ. թիրախը` 300 դպրոց): Դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցում, որի նպատակն է՝ ապահովել որակյալ կրթական ծառայությունների հասանելիություն ՀՀ բոլոր մարզերերում և Երևանում։ Դպրոցական միջավայրին առնչվող մի շարք գործոնների կարգավորման շնորհիվ, որպես հետևանք, կարձանագրվեն կրթական բարելավված արդյունքներ: Բնակավայրերը կունենան կրթական ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Կբարելավվի դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը (դպրոցական գույք, մարզագույք, գրադարանային գույք, ՏՀՏ սարքավորումներ, լաբորատորիաներ): Առաջնահերթություն է բոլոր դպրոցներում լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը կարող է լավ նախադրյալ լինել բնագիտական ուղղությամբ կրթության որակի և արդյունավետության բարելավման համար՝ հանրակրթության նոր չափորոշչով կարողունակությունները զարգացնելու վրա հիմնված կրթություն իրականացնելու նպատակով: Գյուղական բնակավայրերի հաստատությունները կընդլայնեն իրենց նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կգործեն կրթահամալիրներ, որտեղ հանրակրթական ծրագրերից զատ՝ կարող են իրականացվել նաև նախադպրոցական, անհրաժեշտության դեպքում՝ արհեստագործական, լրացուցիչ կրթական ծրագրեր։ Կապահովվի նաև մարզադահլիճների և խաղահրապարակների առկայությունը, որոնք կհագեցվեն անհրաժեշտ գույքով։
11:36 - 01 դեկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների աջակցության ծրագրերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների աջակցության ծրագրերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարարությանը կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը: Այն վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների հարթակի և ուսանողների աջակցության ծրագրերի վերաբերյալ հարցերը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ակտիվության և նախաձեռնողականության համար՝ հատկապես կարևորելով այն փաստը, որ նիստերի օրակարգը մի քանի անգամ ձևավորվել է հենց խորհրդի անդամների առաջարկով. «Հասարակական խորհուրդն արդյունավետ կարող է գործել միայն այն պարագայում, երբ տեղի է ունենում բազմակողմ գործընթաց, և յուրաքանչյուրի ներկայացրած հարցը կարող է քննարկման առիթ դառնալ: Միայն համատեղ աշխատանքի և խորհրդի անդամների առաջարկների միջոցով կարելի է բարելավվել իրականացվող գործընթացների արդյունավետությունը»,- նշել է նախարարը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հասարակական խորհրդին, որն այս կազմով անցկացնում էր իր վերջին նիստը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս անգամ որոշում է կայացվել նիստի օրակարգում ներառել այս պահին հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության, մշակութային և այլ իրավունքների ապահովման խնդիրների վերաբերյալ: Նախարարն ընդգծել է՝ կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերից բացի՝ անհրաժեշտ է ունենալ նաև երկարաժամկետ ծրագրեր՝ ակնկալելով այս հարցում խորհրդի անդամների կողմից ներկայացվող առաջարկները: «Ուսանողների մասով աջակցության ծրագրերը սահմանված են այս ուսումնական տարվա համար, և ներկայում մենք փորձում ենք գտնել ամենաարդյունավետ եղանակը՝ այդ աջակցությունը շարունակելու ուսումնական հաջորդ տարիների համար՝ միաժամանակ խթանելով լավ սովորելը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև բռնի տեղահանված ուսուցիչների աջակցությանը, և ավելի երկարաժամկետ կտրվածքով այդ խնդիրները ճիշտ հասցեագրելու կարիք կա: Նախարարն առանձնակի կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Նրա խոսքով՝ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և նմանատիպ մանդատ ունեցող բոլոր հնարավոր միջազգային կառույցներին՝ ներկայացնելով նյութական ժառանգության, հուշարձանների ցանկերը, ինչպես նաև վանդալիզմի գրանցված դեպքերը: «Այս ուղղությամբ, իհարկե, աշխատանքներ արվում են՝ հատկապես տարբեր հարթակներում խնդրի վերաբերյալ միջազգային տեսանելիությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց կարող են լինել նաև այլ առաջարկներ՝ լրացուցիչ գործիքակազմի կիրառության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հասարակական խորհրդի կազմում կան նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Կարևորում եմ նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հարցը. նույնիսկ կարող է լինել առաջարկ՝ ամբողջական փաթեթ պատրաստել Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրա վտանգման իրական աստիճանը և ոչ նյութական մշակութային ժառանգությունը հատուկ պաշտպանության տակ առնելու որոշակի միջազգային միջոցներ փնտրելը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ տարբեր ոլորտներում մասնագիտական աշխատանքի հնարավորությունը և նրանց ներուժի օգտագործումը: ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը՝ նշելով, որ այնտեղ տեղադրվել են բոլոր մարզերում առկա թափուր հաստիքները: Ըստ Թամարա Սարգսյանի՝ ներդրված մեխանիզմը գործում է պարզ սկզբունքով.  ուսուցիչներից ակնկալվում է միայն առաջնային տեղեկատվություն գրանցել իրենց մասին. «Այդ պարզ տեղեկատվության միջոցով ուսուցիչները կարողանում են հարթակում գրանցվել և ընտրել այն բնակավայրն ու դպրոցը, որտեղ ցանկանում են աշխատել: Սա կարևոր է այն տեսանկյունից, որ շատ մարդկանց համար այն դարձել է նաև բնակության վայր ընտրելու ուղենիշ, որովհետև այդ որոշումը կայացնելու գործոններից մեկն աշխատանք գտնելն է»: Ըստ վարչության պետի՝ հարթակը գործարկվել է հոկտեմբերի կեսերից, և արդեն 153 ուսուցիչ դիմել և սկսել է աշխատել: «Աջակցության ծրագրի էությունը կայանում է նրանում, որ բացի աշխատավարձից՝ ուսուցիչները ունենում են նաև 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ համայնքներում՝ նաև 50 հազար դրամ լրավճար ստանում: «Մենք տարեվերջին կամփոփենք ամբողջական տվյալները, և կարծում եմ՝ ավելի լավ պատկեր կունենանք այն մասով, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քանի ուսուցիչ է կարողացել կրթության ոլորտում ներգրավվել»,- նշել է Թամարա Սարգսյանը: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը  ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերը: Ըստ Հայոցյանի՝ մինչև Կառավարության համապատասխան որոշումը՝ նախարարի շրջաբերականով բուհերին հանձնարարվել է տեղահանված ուսանողներին ներգրավել կրթական ծրագրերում՝ անգամ որևէ փաստաթուղթ չունենալու դեպքում. Սարգիս Հայոցյանի խոսքով՝ Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ: «Ներկա դրությամբ ունենք 1837 ուսանողներ, որոնք ներգրավված են պետական բուհերում՝ տարբեր կրթական ծրագրերով: Եթե տվյալ կրթական ծրագիրը ՀՀ բուհերում չի իրականացվում, ապա նմանատիպ կրթական ծրագրերով տեղափոխության հնարավորություն է ընձեռնված»,- նշել է կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ կա ուսանողների ևս 2 խումբ, որոնք հայտնվել են խոցելի իրավիճակում. մի խումբը ՀՀ բուհերում սովորող այն ուսանողներն են, որոնք ուսման վարձի փոխհատուցում են ստացել ԼՂ-ի կողմից: «Այժմ այս մասով Կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, որպեսզի նրանց վարձավճարներն էլ փոխհատուցվեն, իսկ մյուս խումբը վճարովի համակարգում սովորող ԼՂ այն քաղաքացիներն են, որոնք մինչև բռնի տեղահանումը սովորել են ՀՀ բուհերում, և ներկայում նրանց ընտանիքները հայտնվել են ֆինանսական դժվար իրավիճակում: Այդ հարցով համագործակցում ենք դոնոր կազմակերպությունների հետ՝ որոշակի լուծումներ գտնելու նպատակով»,- նշել է նա: Զեկույցներից հետո հասարակական խորհրդի անդամները ներկայացված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել, որոնք, մասնավորապես, վերաբերել են ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների կրթության և նոր չափորոշչով տպագրված դասագրքերի ապահովմանը, ուսուցիչների աշխատավարձերին և հավելավճարներին, ՏՄԱԿ-ի պայմաններին և այլն: Օրակարգի վերջին հարցը վերաբերել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի կիրառմանը, որն իրականացվում է երկու տարին մեկ անգամ:
18:36 - 30 նոյեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է գործակցության հնարավոր ուղղությունները

ԿԳՄՍ նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է գործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Լիոնել Ռապայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով թե՛ ներկայումս քննարկվող ծրագիրը մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում, թե՛ հնարավոր համագործակցության՝ բավականին մեծ օրակարգը: Նախարարն առանձնահատուկ ընդգծել Եվրոպական ներդումային բանկի կողմից Սյունիքի մարզում իրականացվող համապարփակ աշխատանքը: Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում դիտարկվում է Սյունիքի մարզի նախնական և միջին մասնագիտական հաստատությունների վերանորոգման, արդիականացման և վերազինման աշխատանքների իրականացումը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սա մի ամբողջական մոտեցում է՝ ուղղված Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանն ու բոլոր համակարգերի որակական փոփոխությանը. «Այդ շարքում կրթությունն ունի առանձնահատուկ նշանակություն: Կարևորում եմ, որ մեր համատեղ ծրագրի շրջանակում կարողանանք ընդլայնել մասնագիտական որակյալ կրթության հնարավորությունները Սյունիքի մարզի համար: Այս համատեքստում հատկանշական է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի հետ համագործակցությունը, որը մասնագիտական կրթության ոլորտում մեր հուսալի և շարունակական գործընկերներից մեկն է»: Անդրադառնալով համագործակցության մյուս հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում համատեղ նախագծերի հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դպրոցների և մանկապարտեզների մեծածավալ շինարարության՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է այդ դպրոցների ցանկը, ու թեև աշխատանքները տևական ժամանակ է, ինչ մեծ թափով ընթանում են, դեռևս շատ անելիքներ կան: Հաջորդ ուղղությունը, որի շրջանակում Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել համագործակցության հնարավորությունը, վերաբերել է բարձրագույն կրթությանը և գիտությանը: «Եվրոպական ներդրումային բանկն ունի մեծ փորձառություն նաև բուհական և հետազոտական համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերում: Այս ուղղությամբ ևս մեծածավալ ծրագիր ենք իրականացնում, որը կապված է ՝բուհերի և գիտական կազմակերպությունների համար նոր ենթակառուցվածք և միջավայր ձևավորելու հետ: Խոսքն «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին է: Նախատեսում ենք շուրջ 700 հա տարածության վրա կառուցել անհրաժեշտ ենթակառուցվածքներ մինչև 16 բուհերի համար, որտեղ լինելու են նաև գիտահետազոտական կենտրոններ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ առաջարկելով դիտարկել համատեղ աշխատանքների հնարավորությունը նաև այս ուղղությամբ: Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Լիոնել Ռապան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ ԵՄ-Հայաստան երկխոսության համատեքստում կրթության ոլորտն առաջնայիններից է. «Կրթության բոլոր մակարդակները մեր բանկի ներդրումային գործունեության հիմնական ուղղվածություններից են: Կրթության ոլորտին մենք իսկապես մեծ ուշադրություն ենք դարձնում և տրամադրում ոչ միայն ֆինանսական, այլև փորձագիտական աջակցություն»,- ասել է Լիոնել Ռապան և պատրաստակամություն հայտնել դիտարկելու թե՛ լրացուցիչ ու շարունակական կրթության, թե՛ դպրոցաշինության և թե՛ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
17:19 - 30 նոյեմբերի, 2023
«Չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում». Սարգիս Հայոցյանը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

«Չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում». Սարգիս Հայոցյանը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։   Պարո՛ն Հայոցյան, «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հիմքում ընկած է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը։ Չէի ասի, որ հիմքում է ընկած։ Հայեցակարգում հղում է արվում այս փաստաթղթին, Ակադեմիական քաղաքի կառուցման մասին էլ նշված է հենց այս ծրագրում։ Ծրագրում բարձրագույն կրթության մի շարք խնդիրներից է խոսվում, նաև սահմանված են նշաձողեր, նշված է, թե խնդիրները լուծելուց հետո ինչպիսի համալսարաններ պիտի լինեն Հայաստանում։ Սակայն «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հավասարապես վերաբերում է նաև գիտությանը։ Գիտության մասով հետազոտություններ կամ ուսումնասիրություններ արվե՞լ են, որոնք դրվել են հայեցակարգի հիմքում։ Գիտական մասով, հետազոտություն չասեմ, վիճակագրություններ կան։ Արդեն երրորդ տարին է, որ գիտության ոլորտում էապես պետական ներդրումներն աճում են, ծրագրերի թիվը կրկնապատկվել է, դրամաշնորհային ծրագրերի ծավալը, որակն են մեծացել, պահանջներն ու  հնարավորություններն են մեծացել, բայց, միևնույն ժամանակ, մենք ունենում ենք գիտական արդյունքի ոչ համարժեք աճ։ Երեք տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի տեսնենք աճը։ Այսինքն, մեր ֆինանսավորումը, դիցուք, երկուսուկես անգամ ավելացել է արդեն 2018 թվականի համեմատ, բայց մեր հրապարակումների քանակն ու որակն անգամ 50%-ով չեն ավելացել։ Այստեղ գիտական արտադրողականության հետ խնդիր կա։ Միայն ֆինանսավորում ավելացնելը բավարա՞ր է։ Իհարկե, ո՛չ։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը։ Ֆինանսավորումը բացարձակ ցուցանիշն է։ Գումարը վերջնական ցուցանիշն է, թե ֆինանսավորումն ինչ ճանապարհներով է իրականացվում։ Մենք ունենք արտերկրի գիտնականների կողմից հեռավար ղեկավարվող լաբորատորիաների ծրագիր, ինչը նպաստում է արտերկրի փորձը, մեթոդաբանությունն ու գիտական հետաքրքրությունները ներմուծելու հայկական իրականություն։ Մենք ունենք ինտեգրման ծրագիր, որն արտասահմանից գիտնականներին հնարավորություն է տալիս վերադառնալու կամ տեղափոխվելու Հայաստան, հաստատվելու այստեղ։ Մենք ունենք գիտական սարքերի [ձեռքբերման] ծրագիր, որն այս տարի 4,2 միլիարդ դրամ է, անցած տարի մոտ 3 միլիարդ դրամ էր: Սա բավականաչափ մեծ ծավալի ներդրում է ենթակառուցվածքների մեջ։ Ցավոք սրտի, մի փոքր դանդաղ է ձեռքբերման գործընթացը գնում, բայց արդեն բավականաչափ համալրված ինստիտուտներ ունենք։ Մենք ունենք վերապատրաստման ծրագրեր, որոնք գիտնականներին հնարավորություն են տալիս գնալ, սովորել սարքերով աշխատել ժամանակակից մեթոդաբանությամբ։  Միայն գումարով չէ, մենք խնդրի վրա գումար չենք «նետում» ու ակնկալում, որ լուծվելու է։ Համապատասխան բոլոր քայլերն արվում են։ Բայց դրա արդյունքում, մենք, միևնույն է, ունենք անկում, որովհետև ունենք գիտական համայնքի տարիքային անհամաչափ բաշխում։ Յուրաքանչյուր երեք կամ չորս օրը մեկ մենք համակարգից կորցնում ենք 50 տարեկանից բարձր մի գիտնական։ Վերջին երկու տարիներին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տարբեր ծրագրեր է իրականացնում երիտասարդներին ներգրավելու համար, անգամ բակալավրում սովորողները կարող են հետազոտություններում ներգրավվել։ Այդ դեպքում ինչո՞ւ է շարունակում երիտասարդ կադրերի պակաս զգացվել։  Իրականում, խոսքը երիտասարդ կադրերի պակասի մասին չէ, գիտական արտադրողականության պակասի մասին է։ 50 տարեկանից բարձր մարդիկ մեր ամենակրթված, ամենապատրաստ գիտական համայնքն են՝ որոշակի շատ դրական բացառություններով երիտասարդության մասում, բայց այդ մարդիկ են շարժիչ ուժն առայժմ։ Մենք այդտեղ կորուստներ ենք ունենում։  Երիտասարդներին, այո՛, ճիշտ եք նշում, բակալավրիատից, հանրապետական օլիմպիադայի որոշ մրցանակակիրների՝ անգամ առաջին կուրսից, մենք հնարավորություն ենք ստեղծում ներգրավվելու հետազոտություններում, բայց այդ մարդիկ երիտասարդ են, անփորձ են, դեռևս շատ լավ չեն հասկանում՝ գիտությունն ինչ է։ Նրանց պետք է որոշակի կարիերա անցնել։ Կրթությունը դրա համար է։ ՏՏ ոլորտ չէ, որ մտնես, մի քանի ամիս սովորես ու կարողանաս բավարար արտադրողականություն ունենալ։ Այս մարդկանց էլ ինչ-որ ժամանակ է պետք ռեալ գիտնական դառնալու համար։  Հավանաբար խնդիրը միջին տարիքի գիտնականների պակասն է, քանի որ ժամանակին գիտությունը չի համալրվել բավարար քանակի երիտասարդ կադրերով, որոնք այսօր պիտի 30-50 տարեկան լինեին։ Այո՛։ Հետխորհրդային և գիտության ցածր ֆինանսավորում ունեցող գրեթե բոլոր երկրների համար խնդիր է այդ տարիքային երկսապատ վիճակը։ Մենք գիտության մասով պիտի արձանագրենք այդ աղետալի վիճակը․ դու կորցնում ես քո ամենակարող հատվածը։ Եվ եթե համալրման որևէ գործուն մեխանիզմ չլինի, ի վերջո, կորցնելու ենք գիտությունը՝ որպես պրոֆեսիոնալ զբաղմունք։ Մենք կունենանք շատ բարձր վարձատրվող երիտասարդներ, որոնք գուցե դեռ այդքան էլ չեն հասկանում՝ գիտությունն ինչ է։  Դուք խոսեցիք գիտական արտադրողականության մասին։ Խնդիրը գիտական բոլո՞ր կազմակերպություններում է, փորձե՞լ եք հասկանալ՝ որ գիտական կազմակերպություններն են լավ արդյունք տալիս, որոնք՝ միջին, որոնք՝ վատ։ Ամեն ինչ արված է, տվյալները չենք հրապարակել, բայց ամեն տարի հաշվետվություն է ստացվում ինստիտուտներից, ամեն տարի տարի այդ հաշվետվությունները մշակվում են, թե ինչ քանակի և որակի տպագրություններ ունեն, ինչ տիպի գործունեություն են ծավալում, պետական բյուջեից դուրս ինչքան գումար են կարողացել ներգրավել։ Գիտական կազմակերպությունների քանի՞ տոկոսն է արդյունավետ աշխատում։  Մենք ունենք գիտական 4 կազմակերպություն, որ արդյունավետ է աշխատում, և ունենք ընդհանուր 35 գիտական կազմակերպություն։ Միայն Գիտությունների ազգային ակադեմիայի ներսո՞ւմ։ Ո՛չ, ընդհանուր Հայաստանում։ Այդ կազմակերպությունների անունները կարո՞ղ եք նշել։ Տեսեք, ամենաուժեղն ավանդաբար միշտ եղել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ), որը տեսական ֆիզիկայի շատ ուժեղ դպրոց ունի, համաշխարհային մեծ գիտափորձերի է մասնակցում։ Նրանք ապահովում են Հայաստանի հրապարակումների մոտ 25%-ը։ Հետո Գիտությունների ազգային ակադեմիան է, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Բժշկական համալսարանը։ Բայց եթե արդեն բաղդատում ենք [ԳԱԱ] առանձին գիտական ինստիտուտները, ըստ Web of Science-ի տվյալների՝ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն է (41 հոդված), Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (27 հոդված), Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ բավականաչափ ներդրում ունենք, բայց նոր է սկսում թափ հավաքել (24 հոդված): Քանակի, բայց ոչ որակի առումով Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնն է (49 հոդված)։ Բարձրագույն կրթության և գիտության մեջ եղած խնդիրները լուծելու բոլոր տարբերակները սպառվե՞լ էին, որ որոշում կայացվեց բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորելու։  Բոլորը տարբերակերը չեն սպառվել, բոլոր տարբերակների ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Խնդիրը հետևյալն է․ ինստիտուտներն ուղղակի վերանում են, փոքրանում են, սեղմվում են, դառնում են խիստ անկենսունակ՝ որոշակի բացառություններով։ Մեզ մոտ իլյուզիա է ստեղծվում, երբ մենք, օրինակ, մի երկու ինստիտուտ ենք նայում, տեսնում ենք՝ այնտեղ երիտասարդ է անձնակազմը, օրինակ՝ Էկոկենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կամ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը։ Բայց այդ փոքրաթիվ բացառությունների պարագայում մենք ունենք դեռևս 32 ինստիտուտ, որտեղ չկա այդ միջավայրը։  Մենք ինչո՞ւ ենք ուզում, որ գիտական հետազոտությունը լծորդված լինի, միավորված լինի բուհի հետ։ Որ այդ կազմակերպությունը որևէ ձևով ներգրավված լինի կրթական գործընթացի մեջ, պարտավոր լինի ուսանողներ ընդունել իր լաբորատորիաներում, որպեսզի, նախ, ուսանողը տեսնի՝ ինչ է պրոֆեսիոնալ գիտությունը, մյուս կողմից էլ այս մարդիկ ընտրության հնարավորություն ունենան, այսինքն՝ երբ որ երիտասարդը գալիս է լաբորատորիա, կարողանան ընտրություն անել նրանց միջից։  Վերջին հաշվով, ինստիտուտների միավորումը համալսարաններին սխալ է մեկնաբանվում․ որևէ անգամ խոսակցություն չի եղել այսօրվա կառավարման համակարգի պարագայում համալսարաններին ինստիտուտների միավորման մասին։ Ոչ ոք չի խոսում այն մասին, որ ինստիտուտը դառնում է ինչ-որ մի իրավազուրկ կառույց, որը գործում է ինչ-որ ֆակուլտետի, ամբիոնի ներքո։ Խոսքը կառավարման նոր համակարգ մշակելու մասին է, ինչի վերաբերյալ մենք խնդրել ենք նաև ԵՊՀ գործընկերներին Իրավաբանական ֆակուլտետի հետ առաջարկություն մշակել, որպեսզի ինստիտուտը լինի հավասար գործընկեր միավորված բուհ կոչված համակարգի մեջ։ Այս տարիների ընթացքում բուհերի և ինստիտուտների մերձեցումը, կապը ինչո՞ւ հնարավոր չի եղել համագործակցության միջոցով ապահովել։ Որովհետև կապը փորձել ենք ապահովել գործող հարաբերությունների շրջանակում։  Գործող հարաբերությունների շրջանակում այդ կապն ապահովվում է այն պարագայում, եթե ունենք համապատասխան վերաբերմունք դերակատարների կողմից, այսինքն՝ լաբորատորիայի վարիչի համար նորմալ է համագործակցել բուհի հետ, հետևաբար համագործակցություն լինում է, նորմալ չէ՝ չի լինում։ Մենք մտնում ենք մի դաշտ, որտեղ կարգավորված չէ։ Այն, ինչ որ մենք ենք առաջարկում քննարկել մինչև փետրվարի 15-ը (Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից և գիտական կազմակերպություններից միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ է սպասում,- խմբ․), հետևյալն է․ ինչպե՞ս անել, որ ուսանողն իր կրեդիտների որոշակի քանակ պարտավոր լինի հավաքել գիտական լաբորատորիայում։ Այսինքն՝ երբեք չի խոսվել այն մասին, որ որևէ գիտնականի պարտադրենք մտնել լսարան։ Գուցե այդ գիտնականը լսարանում լավ չի դասախոսում։ Այսինքն՝ ուսանողի կրեդիտները միայն դասախոսական մոդուլներից չհավաքվեն, այլ ուսանողի հետազոտական աշխատանքի մասն ապահովի ինստիտուտը։ Դա շատ տարածված մոդել է արևմտյան աշխարհում։ Շատ տարբեր համալսարաններում կան հետազոտական կենտրոններ, որոնք որևէ ձև ներգրավված չեն ուսումնական գործընթացում, միայն որոշակի կրեդիտների պարտավորություն ունեն․ այդ կրեդիտը կարող են ապահովել՝ լսարանում դասավանդելով կամ ուսանողների հետազոտական կամ ավարտական աշխատանքներն իրենց լաբորատորիայում անցկացնելով։ Ունեն որոշակի պարտավորություն կրթական պրոցեսին ծառայելու, բայց ծառայության ձևի մեջ ազատ են։  Այդ մոդելներն այնքան բազմազան են, որ փոխանակ մենք նստենք, մտածենք, թե ինչպես անենք, պարզապես փորձում ենք այդ ամենին ընդդիմանալ, ինչը մի քիչ տրամաբանական չէ, որովհետև թվերն այլ բան են ցույց տալիս։ Պարո՛ն Հայոցյան, հիմա շատ հստակ է, թե որոնք են կառավարության սահմանած նշաձողերը բարձրագույն կրթության համար՝ ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրեր, բուհերում ուժեղացնել հետազոտական բաղադրիչը և այլն։ Բայց Հայաստանը դեռ չունի գիտության ռազմավարություն․ այն մշակման փուլում է։ Ինչո՞ւ մինչև այս փոփոխությունների մասին հայտարարելը չհրապարակվեց գիտության ռազմավարությունը։  Գիտության ռազմավարության մինչև հիմա չմշակված լինելու պատճառները մի քանիսն են։ Գիտության մեջ, նկատել եք երևի, ներդրումների ծավալը 2020 թվականից սկսել է էապես ավելանալ։ Դա ինչի՞ հետևանք է․ Կառավարության ծրագրում հստակ նշված են գիտության մեջ կատարելիքները, նշված են թիրախներ։ Մենք կարող ենք տեսականորեն Կառավարության ծրագիրը համարել գիտության մինի-ռազմավարություն։ Գիտության ռազմավարություն ունենալու համար մեզ պետք է, որ գնահատենք՝ ինչ ունենք հիմա, քանի որ այժմյան գնահատական տալը բարդացել է ինչի՞ պատճառով, որ այդքան ներդրումների ծավալի աճը բերում է որոշակի որակական փոփոխությունների։ Պետք է ինչ-որ մի կետում կարողանանք գնահատել, որ հասկանանք՝ ուր ենք առաջ տանում այս ամեն ինչը։ Արդյո՞ք գիտության ռազմավարության մեջ սահմանվելու է, թե ինչու է Հայաստանին պետք գիտությունը․ գիտությունը բոլոր ուղղություններով շարունակելու է զարգանալ ու նոր գիտելիք ավելացնե՞լ, թե՞ լինելու են գերակա ուղղություներ, որոնք Հաայստանի համար կոնկրետ խնդիրներ են լուծելու։ Թեզը, որ շրջանառվում է, թե բոլոր ուղղություններով մենք գիտություն ենք ֆինանսավորում աշխարհին գիտելիք տալու համար կեղծագույն թեզ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող ֆիզիկապես բոլոր ուղղություններով գիտությամբ զբաղվել։ Հայաստանն անում է խիստ սահմանափակ ուղղություններով հետազոտություններ։ Ինչ որ մենք ունենք, այն է, որտեղ Հայաստանն ուժեղ է․ դե ֆակտո դրանք մեր ռազմավարական ուղղություններն են։ Այդ ուղղությունները Հայաստանի համար մի օր անվտանգային և այլ կարևոր խնդիրներ լուծելո՞ւ են։ Գիտությունն, առհասարակ, գործունեության հեռանկարային ոլորտ է․ գիտության թիրախը պետք է լինի ապագան, գիտության թիրախն այսօրը չէ։ Այսօրվա համար արհեստագործական կազմակերպություններ կան, արտադրություններ կան։ Այսօր գիտությունը նայում է տասը և ավելի տարի կտրվածքով։ Գիտական գործունեությունը մարդկությանն անհայտ գիտելիքի հայտնի դարձնելն ու ձևակերպելն է գիտական մեթոդի միջոցով։ Եթե մի բան դեռ անհայտ է մարդկությանը, երբ հայտնի է դառնում, ինչ-որ ժամանակ է պետք, մինչև կիրառես։  Երբ խոսում ենք անվտանգային խնդիրների մասին, խոսում ենք մշակումների մասին։ Գիտական հետազոտությունները բաժանվում են հիմնարար, կիրառական հետազոտությունների և փորձարարական մշակումների։ Հիմնարարը բնության հիմնարար օրենքների ուսումնասիրությանն ուղղված հետազոտություններն են, կիրառականը, որոշակի խնդիր ֆոկուսում ունենալով, հետազոտական աշխատանք իրականացնելն է, փորձարարաան մշակումն էլ արդեն պատրաստի նախատիպ ունենալն ու պատրաստվածության որոշակի փուլերի հասցնելն է։ Գիտությունը ծառայում է տնտեսությանը մարդկային կապիտալի միջոցով և հակառակ ճանապարհով, երբ տնտեսական գործունեության ոլորտից՝ պետությունից կամ մասնավոր հատվածից, կա պատվեր գիտությանը։ Իսկ դա ինչպե՞ս է տեղի ունենում։ Երբ տնտեսությունն իր գործունեությունը ծավալելիս հասնում է մի խնդրի, այդ խնդրի լուծման համար վարձում է գիտնականների կամ փորձագետների։ Պետք է հասկանալ՝ դա գիտակա՞ն խնդիր է, թե՞ ոչ, մարդկությանն անհա՞յտ խնդիր է, որը պետք է լուծել գիտական մեթոդով, թե՞ մարդկությանը հայտնի խնդիր է, ուղղակի տնտեսվարողը չգիտի։ Դրա համար գոյություն ունեն տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ, որոնք նայում են՝ շուկայում ինչ է կատարվում։ Այսինքն՝ այդտեղ թարգմանիչ կառույց էլ է պետք, որովհետև երբ տնտեսվարողը գալիս է, ինչ-որ հարց տալիս, գիտնականը կարողություն ունի այդ խնդիրը լուծելու, եթե այն բերվի գիտական խնդրի տեսքի։ Հայեցակարգը կարդալիս տպավորություն է, որ Տեխնոլոգիաների կլաստերում լինելու է տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակ։ Իհարկե՛։ Էկոնոմիկայի նախարարությունն ունի Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ), որն իրականացնում է այդ գործառույթը։ Գործառույթն Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությա՞նը (ԿԳՄՍՆ)։ Մենք ունենք ՆՁԱԿ, որը փորձում է մշակել այդ համակարգը։ Տեխոնոգիաների փոխանցման կենտրոնը գերատեսչական չի լինելու, պատկանելու է տվյալ համալսարանին։ Համալսարանն իր արտադրանքը փորձելու է հասցնել շուկա։ Վալիդ է նման կենտրոն ունենալ այդ մասշտաբի համալսարանի համար, որովհետև այնտեղ կենտրոնացած են լինելու տեխնոլոգիական ողջ ներուժն ու ենթակառուցվածքները։ Եվ, իհարկե, շահույթի մի մասը վերադառնալու է համալսարանին։  Վերադառնալով գիտության ռազմավարությանը․ ո՞րն է լինելու Հայաստանի գիտության տեսլականը։ Գիտության տեսլականն, ամեն դեպքում, ինչքան էլ մեզ քննադատում են միջազգային հրապարակումների վրա կենտրոնանալու համար, լինելու է միջազգային գիտական համայնքում ներկայության որակական և քանակական ցուցանիշների բարձրացումը։  Խնդիր չի՞ դրվելու ունենալ միջազգային հեղինակություն ունեցող հայկական գիտական ամսագրեր։ Որքան հասկացել եմ տարբեր զրույցներից, հատկապես հայագիտական թեմաների համար դա ևս կարևոր է։ Միանշանակ։ Հայագիտության ուղղությամբ որոշ ամսագրեր ընտրվելու են, և դրանք պետական աջակցությամբ փորձելու ենք աճեցնել մինչև միջազգային հարթակներում ներկայացվածություն, որովհետև հայագիտական հետազոտությունների թեման ավելի շատ մեզ է հետաքրքիր։ Բայց գիտության մնացած ուղղությունների մասով, այդ թվում՝ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հայագիտական թեմաների, միջազգային ներկայացվածությունը կարևոր է, որովհետև դա նաև գիտնականի վալիդացիայի մեխանիզմ է։ Գիտնականն ունի՞ միջազգային հոդված, նշանակում է՝ նա ի վիճակի է անել աշխատանք, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին, լսել քննադատություն իր աշխատանքի մասին, հաղթահարել այդ քննադատությունն ու, ի վերջո, տպագրել։ Հետո էլ այդ տպագրություններին արված հղումները ցույց են տալիս, թե ինչքանով է այդ մարդու աշխատանքը հետաքրքիր ու պետքական միջազգային հանրությանը։  Հիմնականում այս չափանիշներն, իհարկե, STEM (բնական գիտություններ, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա,- խմբ) ոլորտն են նկարագրում, բայց հայագիտության ոլորտում էլ եթե ինչ-որ հետազոտություն ես անում, իմ սուբյեկտիվ կարծիքով այդ մասին պետք է հայտարարել հնարավորինս մեծ, լայն շրջանակների, որպեսզի հետո չբողոքենք, որ այլ հետազոտողներ իրենցով են անում մեր մշակութային ժառանգությունը կամ կեղծ հոդված են տպում։ Գանք ամենակարևոր հարցին․ Հայաստանի գիտական կազմակերպությունները հիմնականում պետական ոչ առևտրային կազմակերպություններ են (ՊՈԱԿ), բուհերը՝ հիմնադրամներ։ Հստակ չէ՝ կլաստերներն իրավակազմակերպական ինչ ձև են ունենալու, և բուհերն ու գիտական կազմակերպություններն այդ կլաստերների ներսում ինչ կարգավիճակ են ունենալու` հավասարազո՞ր, թե՞ մեկը մյուսից կախյալ։ Այդ հարցը դրված է մասնակցային բաց քննարկման։ ԿԳՄՍ նախարարի հանձնարարությամբ գիտական կազմակերպություններին ու բուհերին հրավիրել ենք առաջարկություններով հանես գալ։  Այո՛, գիտական կազմակերպությունների մեծ մասը ՊՈԱԿ-ներ են, ԱԱԳԼ-ն հիմնադրամ է, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հիմնադրամ է։ ՊՈԱԿ-ների մեծ մասը գտնվում է ԳԱԱ ենթակայության տակ, և նրանք որոշակի լծակներով կախված են Ակադեմիայից․ Ակադեմիայի նախագահությունն է տնօրեն նշանակում, ֆինանսներ տրամադրում, նրանք հաշվետու են Ակադեմիային։ Ֆիքսենք այս կետը, որ այդ կազմակերպությունները որոշակի կախվածություն ունեն որևէ կառույցից։ ԱԱԳԼ-ն ու «ՔԵՆԴԼ»-ն էլ կախված են իրենց հոգաբարձուների խորհրդից։  Ինչքան որ մենք քննարկումներ ենք ունեցել ինստիտուտների հետ, նրանց հիմնական խնդիրը հետևյալն է․ կլաստերների ներսում ունենալ որոշակի ակադեմիական և ֆինանսական անկախություն, դիմել որոշակի ծրագրերի։ Նրանք կառավարող մարմին ունենալո՞ւ են։ Ես չեմ ուզում լուծում ասել։ Ես ասում եմ, թե ինչ ենք մենք հավաքագրել մինչ հիմա։ Դա բավականաչափ լեգիտիմ պահանջ է, որովհետև այդպես են նրանք կազմակերպել իրենց աշխատանքը, և ենթադրվում է, որ նորմալ է, որ նրանք այդպիսի պահանջներ են ներկայացնում։  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և, առհասարակ, Կառավարությունը համաձա՞յն են գիտական կազմակերպությունների ներկայացրած պահանջներին։ Կամաց-կամաց փորձում եմ հասնել այդ հարցին։ Բուհերն էլ ասում են հետևյալը․ չի կարող գոյություն ունենալ մի կառույց, որն ամբողջությամբ անկախ է բուհից, եթե այն բուհի կազմի մեջ է։ Հիմա պետք է հասկանալ հետևյալը․ գիտական կազմակերպություններն արդեն իսկ սովոր են որոշակի կախվածության Ակադեմիայից կամ հոգաբարձուների խորհրդից։ Եթե գիտական կազմակերպությունը բուհի հետ աֆիլացվում է (փոխկապակցվում,- խմբ․), աֆիլացվի այնպես, որ վայելի իր նույն ազատությունները, բայց, միևնույն ժամանակ, հաշվետվությունների, հակակշիռների, պատասխանատվությունների մեխանիզմ լինի, այսինքն՝ տվյալ կազմակերպությունն ամբողջովին անկախ չլինի բուհից։ Այս պարագայում կան կառավարման տարբեր մոդելներ։ Այստեղ մի խնդիր կա․ բուհերի կառավարումից ոչ բոլորն են գոհ։ Ես դա էլ եմ ուզում շոշափել։ Դրա համար իմ խոսքի մեջ սկզբում նշել էի՝ մեր խնդիրները գալիս են նրանից, որ համարում ենք, թե գիտական ինստիտուտները բուհերի այսօրվա կառավարման մոդելով են միանալու բուհերին։ ԵՊՀ-ի գործընկերներին խնդրել ենք առաջ քաշել բուհի կառավարման մոդել։ Բայց մենք էլ, իհարկե, որպես պետական կառավարման մարմին, առաջարկով հանդես կգանք։  Այդ կառավարման մոդելն ինչի՞ մասին է լինելու, որ տվյալ միավորները՝ կլինեն բուհերը թե գիտական կազմակերպությունները, ունենան կառավարման մի մարմին, հովանոց։ Եթե հիմա այն Ակադեմիան է, այնտեղ կլինի որևէ մի կառուցակարգ՝ հոգաբարձուների խորհուրդ կամ համատեղ կառավարման խորհուրդ, բուհն ու գիտական կազմակերպությունը կունենան իրար վրա վետոյի որոշակի իրավունքներ, որպեսզի միակողմանի որոշումներ չլինեն, և նաև պարտականությունների կիսում լինի։  Սա այն դաշտն է, որ քննարկման համար բաց է։ Միևնույն ժամանակ, որոշակի ազատություն էլ կա թողած, որ եթե այս քննարկումների արդյունքում կարիք առաջանա իրավակազմակերպական որևէ նոր ձևի, առաջարկեն և դա հիմնավոր լինի, մենք էլ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և այլ օրենքներում ամրագրենք այդ իրավակազմակերպական ձևը։ Ակադեմիական քաղաքն էլ առանձին իրավակարգավորումներ է ունենալու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում։ Դաշտը բաց է ստեղծագործ և առաջադիմական գաղափարների համար։ Բոլորս էլ կարող ենք նստել ու ասել՝ այն, ինչ որ լավ է, այդպես պահենք, որովհետև այդպես հարմար է։ Բայց երբ որ Հայաստանի մակարդակով ենք նայում, որոշակի տարիների կտրվածքով ենք նայում, մեզ փոփոխություններ պետք են, որովհետև թվերը ցույց են տալիս, որ մենք ինչ էլ անում ենք, անխուսափելի խնդիրներ ունենալու ենք։ Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրում նշվում է, որ «կա քաղաքական կամք ապահովելու կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ կրթական միջավայր»։ Մեր բուհերի մասին այս պնդումն անել չենք կարող․ թվեմ մի քանի բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների անունները՝ Սուրեն Պապիկյան, Ժաննա Անդրեասյան, Վահագն Խաչատուրյան։ Կարող եք ավելացնել Տիգրան Խաչատրյանին (փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի սկզբին դարձել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը,- խմբ․)։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ ձևավորվելիք կլաստերները կուսակցական ազդեցությունից զերծ լինեն։ Շատ հիմնավոր հարց եք տալիս։ Նախ, այն, ինչ որ հիմա ունենք, պետական հիմնարկներ են։ Մյուս կողմից՝ պետք է գոյություն ունենան օրենսդրական որոշակի պարտավորություններ, որ բուհը պետք է լինի ապաքաղաքական։ Դա շատ երկրներում ամրագրված է օրենքներում, որովհետև խնդիրները ստեղծվում են, երբ բուհերը սկսում են քաղաքականացվել, իսկ բուհերը քաղաքականացվում են, երբ օրենսդրական սահմանափակումներ չկան։ Այսօր ինչքան էլ հոգաբարձուների խորհուրդներում պաշտոնյաներ կան․․․ Նաև կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ասենք կուսակցական մարդիկ, որովհետև նրանք որպես կուսակցության ներկայացուցիչ չեն գործուղված  այնտեղ, մարդիկ են, որոնք նաև կուսակցական են։ Բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ մենք այսօր ունենք դաշտում կուսակցականացման, կուսակցության ներխուժման գործընթաց։ Ընդհակառակը, մենք փորձում ենք կուսակցական մնացուկները վերջնականապես հանել բուհերից։ Բայց վտանգ կարող է, չէ՞, լինել։ Անձերով չպայմանավորենք, այլ համակարգային նայենք խնդրին։ Համակարգային առումով, այո՛, վտանգ կարող է լինել։ Դրա համար մենք հիմա զուգահեռ նայում ենք՝ օրենսդրական ինչ լծակներ ու գործիքներ են աշխատում աշխարհում, որոնք կանխարգելում են բուհի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը, որովհետև երբ բուհը սկսում է քաղաքական գործընթացներին մասնակցել, խախտում է իր առաքելությունը, որն է կրթությունը, գիտությունը, ապագան, խախտում է իր անկողմնակալության ու հավասարության առաքելությունը։ Ես չգիտեմ որևէ զարգացած երկիր, որտեղ բուհերը, բացի մարդկային նշանակության խնդիրներից, որևէ կուսակցություն պաշտպանեն ընտրությունների ժամանակ, քաղաքական հայտարարություններ անեն։ Օրենսդրորեն այդ ամենը կարգավորվելո՞ւ է։ Իհարկե՛։ Աշխարհում կարգավորված է, մենք ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես է կարգավորվում, և այո՛, պետությունը պատրաստ է դրան գնալ։ Բայց այս պարագայում էլ պետք է հասկանանք հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը, որովհետև ենթադրվում է, որ հոգաբարձուների խորհուրդում պետք է լինեն մարդիկ, որոնք իրոք հոգատարություն ունեն համալսարանի հանդեպ ու որոշակի ներդրում ունեն այդ ամեն ինչի մեջ։ Ուզում եմ՝ հստակ դա հասկանանք, որ կառավարման մոդելի փոփոխություն և առաջարկ ասելով՝ մենք հասկանում ենք կառավարման մոդելի ամբողջական փոփոխություն։ Այն պիտի լինի ապակուսակցական, ապաքաղաքական, ծառայի միայն կրթությանը, գիտությանն ու առաջընթացին։  Այսպիսի մի երկընտրանք կա․ կրթական կամ գիտական հաստատությունը պիտի ղեկավարի մարդ, որն այդ ոլորտների՞ց է, թե՞ մարդ, որը կառավարիչ է։ Նախատեսո՞ւմ եք, որ կլաստերները ղեկավարող մարդիկ կվերապատրաստվեն, կառավարչական հմտություններ ձեռք կբերեն։  Միանշանակ։ Մեր վերջին այցելության ժամանակ հուշագիր ստորագրեցինք Լոնդոնի Արվեստների համալսարանի հետ, և հուշագրի կետերից մեկով հենց կառավարման մոդելի փոխառություն պիտի անենք։ Մենք հասկանում ենք, որ բավականաչափ պատրաստված կառավարիչներ այսօր շատ քիչ ունենք, իսկ այդ ծավալի հիմնարկ ղեկավարելու համար կառավարիչներ, բացառում եմ, որ ունենք։ Այդ մարդիկ պիտի կրթվեն։  Հետաքրքիր երկընտրանք է՝ ղեկավարը պիտի լինի [տվյալ ոլորտի] մասնագե՞տ, թե՞ պրոֆեսիոնալ կառավարիչ, բայց այդ դիլեման, ինձ թվում է, միանշանակ է․ պետք է լինի առնվազն այդ ոլորտում մասնագիտական կրթություն և փորձ ունեցող մարդ, որի համար մենք նաև պետք է ապահովենք կառավարչական հմտությունների ձեռքբերում։ Հակառակ պարագայում, կառավարումից կարող ես շատ լավ հասկանալ, բայց ոլորտից չլինես, չկարողանաս հասկանալ քո գործընկերներին, թե ինչ բնույթի մարդիկ են ու ինչ բնույթի աշխատանք են անում։ Իմ կարծիքով միջին վերածածկումներ ունեցող մարդ է լինելու, որն իր հիմնական կրթությամբ այդ ոլորտի մարդ է, բայց կառավարման դասընթացներ է անցել։  Դա ապահովվելու է, միանշանակ ապահովվելու է գրեթե բոլոր օղակների մասնակիցների համար՝ լաբորատորիայի վարիչից սկսած։ Մենք հիմա մտածում ենք նաև Հայաստանում կրթական ծրագիր ներդնել գիտության ոլորտի կառավարիչների համար։ Երբ որ ինչ-որ մարդ, դիցուք, ավագ գիտաշխատողից դառնում է լաբորատորիայի վարիչ կամ խմբի ղեկավար, արդեն ծրագրերի կառավարման, ֆինանսական հարցեր են առաջ գալիս։ Եթե դու ավագ գիտաշխատող ես, ինչ ուզում ես, քո ղեկավարն ապահովում է, դու քո գործն ես անում, բայց այս պարագայում արդեն որոշակի ֆինանսական պարտավորություններ կան, թիմը ղեկավարելու հմտություններ կան։ Ուզում ենք այնպես անել, որ գոնե որոշակի մոդուլ անցնեն այդ մարդիկ։ Արդեն հստա՞կ է՝ քանի բուհի և գիտական կազմակերպության է վերաբերում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, և պատկերացնում ունե՞ք, թե որ կառույցներն են իրար միանալու։ Հայեցակարգում կլաստերների աշխատակազմերի մոտավոր թվեր են ներկայացված, և ենթադրվում է, որ այդ հաշվարկներն անելիս հիմք ունեցել եք։ Որպեսզի աշխատանքը սկսվի, կան, իհարկե, որոշակի պատկերացումներ։ 6 կլաստերներից 4-ն Ակադեմիական քաղաքում է նախատեսված ունենալ առաջին փուլով, հետո մնացածը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն, և, ի վերջո, ակադեմիական քաղաքից դուրս բուհ չի լինելու։ Դրանք արդեն ավելի հեռակա պլաններն են։ Այս պահին լինելու են 4 համալսարանական կլաստերներ իրենց ինստիտուտների հետ։  Որոշակի գաղափար կա, բայց դրա մասին մենք չենք ուզում հայտարարել․ միևնույն է, թվերը մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց այդ միջակայքում են լինելու։ Քննարկումները բաց են․ դա մեր նախնական, շատ սկզբնական պատկերացումն է։ Համայնքի հետ կքննարկենք, մենք մեր պատկերացումը կասենք, իրենք՝ իրենց, եթե, իհարկե, կգան առաջարկներով։  Գիտական կազմակերպությունների ու բուհերի առաջարկները վերջնական որոշում կայացնելիս հաշվի առնելո՞ւ եք, դրանց հիման վրա ինչ-որ փոփոխություններ լինելո՞ւ են։ Իհարկե։ Առաջարկների իմաստը հետևյալն է․ ոչ ոք չի պնդում, որ այն, ինչ մենք մտածել ենք, վերջնական ճշմարտություն է կամ լավագույն լուծումն է։ Երբ կգան գաղափարներ, կսկսենք քննարկել՝ ինչ է լուծում այս առաջարկը, ինչ խնդիրներ ունի, մեր առաջարկը կդնենք դիմացը, կհասկանանք՝ որոնք են ընդհանուր կետերը, որոնք են նրանց առաջարկած առանձնահատուկ լուծումները։  Հավանաբար եկող շաբաթ կհրավիրենք կազմակերպություններին ներկայացնելու մասնակիցներ՝ ամեն մի կլաստերի վերաբերյալ մասնագիտական խումբ ձևավորելու համար «Ակադեմիական քաղաք» հիմնադրամում։ Նաև մենք մեր կողմից մասնագիտական խմբեր կձևավորենք, որ մեր տարբերակն էլ առաջարկենք։  Այս փոփոխություններով Հայաստանն ընտրո՞ւմ է արդյոք գիտության ամերիկյան՝ համալսարանական մոդելը, և արդյո՞ք կլաստերներից դուրս անկախ կամ որևէ գերատեսչության ներքո գործող գիտական կազմակերպություններ այլևս չեն լինելու։ Այո՛, սա մոդելի փոփոխություն է, այն Խորհրդային ակադեմիական կառավարման մոդելը չէ, որտեղ բուհերն ու ինստիտուտներն իրարից անկախ են գործում։ Պատճառներն արդեն նշեցի, բայց մի քանի կարևոր բաներ կան, որոնց մասին չեմ խոսել։ Օրինակ՝ մասնագիտական, միջառարկայական մոբիլությունը, այդ թվում և ֆիզիկական իմաստով։ Այսինքն՝ մի միջավայր, որտեղ ֆիզիկոսը քիմիկոսին է հանդիպում ամեն օր՝ կլինի դա կաֆետերիայում, կլինի այգում, կլինի հանգստի ժամին զբոսնելիս, թե թեկուզ համապատասխան բնակավայրում իրար հարևանությամբ ապրելիս։  Էլ չասեմ ավելի ծայրահեղ բաներ՝ արվեստագետն ու ֆիզիկոսը, արվեստագետն ու քիմիկոսը, որովհետև իրականում մենք ինչքան էլ պնդում ենք, որ Երևանում տասը րոպեի քայլելու ճանապարհ է բուհերի միջև, որևէ մեկն այդ տասը րոպեն չի քայլում մի բուհից մյուսը։ Այո՛, ֆիզիկապես նրանք տասը րոպեի հեռավորության վրա են, բայց երբեք քիմիայի ֆակուլտետի ուսանողը չի գնա Գեղարվեստի ակադեմիա, տեսնի՝ այնտեղ ինչ է կատարվում։  Ճարտարապետների մոտ, որոնք պայմանագրով գծում են [Ակադեմիական քաղաքի] գլխավոր հատակագիծը, հենց այս խնդիրն էլ է բարձրացնում մեր ուրբանիստ մասնագետը, որ ֆիզիկական միջավայրն այնպես նախատեսված լինի, որ մարդիկ ավտոմատ իրար հետ շփվեն։  Իրար հետ չշփվելու խնդիրը ֆիզիկակա՞ն միջավայրն է։  Միանշանակ։ Մենք թերագնահատում ենք ֆիզիկական միջավայրը, բայց ֆիզիկական միջավայրն անդրադառնում է մարդու հոգևոր և մտավոր գործունեության վրա։ Մի բան է՝ գեղեցիկ միջավայրում, հանգստի համար նախատեսված գոտում հանդիպես քո գործընկերոջն ու զրուցես, մեկ այլ բան է օրվա հոգսերով վազելիս բախվես քո գործընկերոջ հետ։ Միջավայրը շատ կարևոր է․ իզուր չէ, որ գեղեցիկ միջավայրեր են ստեղծում համալսարանների համար, իզուր չէ, որ համալսարաններն, այդ թվում՝ Եվրոպայում, տեղափոխվում են ավելի ծայրամասեր։ Այդ միջավայրերը մագնիսի նման ձգում են մասնավոր ընկերություններին, նաև ստեղծվում է միջավայր, որտեղից մասնավոր ընկերություններ են ծնվում։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ Հայաստանն անցնում է համալսարանական գիտության մոդելին։ Ակադեմիական քաղաքի մասով՝ այո։ Այն մասով, ինչ Դուք ասացիք, որ տարբեր գերատեսչություններ ունենան իրենց գիտահետազոտական հիմնարկները, ոչ մի արգելք չկա։ Միգուցե պետք է, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ունենա think tank (վերլուծական-խորհրդատվական կենտրոն,- խմբ․), որտեղ հետազոտվում են կոնկրետ իր խնդիրները։  Խոսքը գործող գիտական կազմակերպությունների մասին է․ բոլորը տեղափոխվելու են Ակադեմիական քաղա՞ք։ Այն կազմակերպությունները, որոնք ԿԳՄՍՆ ենթակայության տակ են, այս կամ այն կերպ պետք է մասնակցեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին։  Ակադեմիական քաղաքից դուրս գիտական կառույցներ չե՞ն լինելու։  Դրանից դուրս մենք ունենք, օրինակ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, որն ակնհայտ է, որ Ակադեմիական քաղաքի հետ որևէ կապ չունի, ունենք Սրտաբանության ինստիտուտում համապատասխան հետազոտական միավոր։ Այսինքն, ԳԱԱ ինստիտուտները, ԱԱԳԼ-ն, «ՔԵՆԴԼ»-ն Ակադեմիական քաղաքի մե՞ջ են լինելու։ Այո։ Մադենադարանի վրա ծրագիրը տարածվո՞ւմ է։ Ո՛չ։ Իսկ ի՞նչ է լինելու Բուսաբանության ինստիտուտի հետ, որը սերտ կապված է Երևանի բուսաբանական այգուն։  Որոնք կապված են, ֆիզիկապես պայմանավորված են իրենց միջավայրով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը, Բուսաբանության ինստիտուտը, մնալու են։ Ֆիզիկապես մնալու են, իսկ իրավական կարգավիճակո՞վ։ Դա արդեն քննարկումների հարց է։ Լավ կլինի, որ իրավական առումով ինչ-որ ձև փոխկապակցվեն որևէ բուհի հետ։ Բայց կախված է իրավիճակից։ Չեմ պատկերացնում, որ Մատենադարանը կախված լինի որևէ բուհից, այն առանձին ազգային, նույնիսկ վերազգային արժեք է։ Բուսաբանության ինստիտուտը տեսականորեն հնարավորություն ունի, շատ Բուսաբանության ինստիտուտներ բուհերին կից են տարբեր երկրներում։  2019-ին Հայաստանի կառավարությունը ԵՄ փորձագետներին խնդրել էր Հայաստանում գիտություն-բարձրագույն կրթություն կապն ապահովելու համար հետազոտություն իրականացնել ու մասնագիտական կարծիք հայտնել։ Փորձագետներն իրենց զեկույցում նաև միջազգային փորձ էին ներկայացրել ու խորհուրդ տվել փոփոխություններ անելիս չշտապել։ Նրանք ներկայացրել էին Էստոնիայի օրինակը, որտեղ Ակադեմիայի ինստիտուտները բուհերին միավորելու գործընթացը տևել էր ավելի քան տասը տարի։ Հայաստանում դա արվում է երեք տարում․ 2027-ից ֆինանսավորում են ստանալու միայն խոշորացած բուհերն ու գիտական կազմակերպությունները։ Երեք տարին քիչ չէ՞ այս գործընթացի համար, ռիսկեր չկա՞ն։ Ռիսկեր կան, իհարկե։ Նախ, գնահատենք ռիսկերը․ մենք տասը տարի ժամանակ չունենք գործընթացն իրականացնելու համար։ Էստոնիայում դա տևել է տասը տարի, որովհետև Էստոնիան այդ գործը սկսել է անել անմիջապես Խորհրդային Միությունից անկախանալուց հետո։ Նրանք սկսել են 90-ականներից ու ժամանակ ունեցել են, քանի որ նրանց Խորհրդային գիտական ժառանգությունը, այսինքն՝ գիտնականները դեռևս երիտասարդ էին, դեռևս տարիքային խեղվածքը չէր առաջացել համայնքի մեջ, դեռևս ուժ ունեին այդ ամենն անելու։   Մեզ մոտ փորձ եղել է դա անել, այնպես չէ, որ մեզ մոտ այդ փոփոխությունը նոր ենք հորինել։ 1990-ական թվականներից խոսակցություն կա ակադեմիական համակարգից անցում անելու համալսարանական համակարգի, բայց այդ խոսակցությունները միշտ մարում են որոշակի հանգամանքների բերումով։ Այն ժամանակ այդ հանգմանանքներից էր Արցախյան առաջին պատերազմը, այս պարագայում խոսակցությունները սկսվել են 2018 թ․, հետո հանգամանք է դարձել Արցախյան երկրորդ պատերազմը։  Փաստորեն, 90-ականների՞ն էլ նման խոսակցություններ եղել են։ Միանշանակ։ Հրանտ Բագրատյանի օրոք (Հայաստանի նախկին վարչապետ,- խմբ․) մեծ բարեփոխումներ էին նախատեսված, և բավականաչափ լուրջ աշխատանք տարվել էր, Աշտարակում՝ Գիտավանում, կա տախտակ, որի վրա գրված է․ «Այստեղ կառուցվելու է գիտության ավանը»։ Այդ ամբիցիաները միշտ էլ եղել են, որովհետև սա, ըստ էության, ճիշտ մոդել է, ապահովում է գիտելիքի ստեղծման մեջ երիտասարդների ներգրավումը, ինչը կարևոր է, որովհետև անհրաժեշտ է, որ ստեղծագործ ոլորտներում սովորող ուսանողը տեսնի՝ դա ինչպես է արվում։ Հայաստանում ուսանողները, երբ ընդունվում են բնագիտական ֆակուլտետ, չգիտեն՝ գիտությունն ինչ է, դասագրքային պատկերացումներով գալիս են քիմիայի ֆակուլտետ, պարզվում է՝ քիմիան այն չէ, ինչ իրենք դասագրքերում սովորել են։ Ուսանողների մեծ մասին թվում է, թե իրենք շտեմարանի մի քիչ ավելի բարդ խնդիրներ են լուծելու քիմիայի ֆակուլտետում, ոչ թե, օրինակ, փորձեր են անելու։ Եթե մենք տասը տարի սպասենք, կարող եք հաշվել՝ քանի մարդ ենք կորցնելու․ չորս օրը մեկ կորցնում ենք մի գիտնական, 365 օրը բազմապատկեք տասը տարով ու բաժանեք չորսի (ավելի քան 900 գիտնական,- խմբ․)։ Մենք ժամանակ չունենք, պետք է շտապենք։ Մյուս կողմից, մենք ունենք Էստոնիայի փորձը, Վրաստանի բացասական փորձը։ Մոլդովայի բացասական փորձը։ Այո՛, Մոլդովայի բազմաթիվ փորձերը։ Մոլդովան, ի տարբերություն մեզ, մի քանի անգամ հասել է ինչ-որ որոշումների: Լատվիա, Լիտվա․․․ Մեր կարգավիճակի բոլոր երկրների փորձն արդեն իսկ առկա է։ Եթե մենք բավականաչափ խելացի գտնվենք ու հասկանանք՝ ինչ է մեզ սպասվում չանելու դեպքում․․․ Բոլորով հասկանանք, որ արժե անել ու խոսել անելու ձևերի մասին, ոչ թե խոսել անել թե չանելու մասին։ Մենք շատ փորձեր ունենք ուսումնասիրելու և փոխառելու։ Արդեն ուսումնասիրե՞լ եք խորությամբ այդ երկրների օրինակները, որ նրանց սխալներից էլ դասեր քաղեք։ Ո՛չ, որովհետև մենք հիմա դեռ որոշման փուլում ենք՝ անե՞լ, թե՞ չանել։ Մենք դեռ փորձում ենք համայնքին համոզել։ Որոշումը կայացված է արդեն, ինչ էլ համայնքն ասի։ Քաղաքական որոշումը մի բան է, մեկ այլ բան է ներքին որոշում, վճռականություն համայնքի կողմից։ Այսինքն, համայնքը պետք է ընդունի որոշումը։ Ես որոշում ասելիս դա նկատի ունեմ։ Մնացածը տեխնիկական հարց է․ Եվրամիության ողջ գործիքակազմը կա օգնելու, կապեր կան համապատասխան օգնություն ստանալու։ Իրականում բարդ բան չէ։ Իսկ դրամաշնորհային կամ ներդրումային միջոցներ ներգրավվելո՞ւ են Ակադեմիական քաղաքի կառուցման համար։ «Ակադեմիական քաղաքը» 100%-ով պետական ֆինանսավորման ծրագիր է։ Հնարավոր լինելո՞ւ է պետբյուջեի միջոցով այդ ամենն իրագործել։ Իհարկե։ Բայց նաև Համաշխարհային բանկի հետ քննարկումներ ունենք հիմա, զարգացման այլ բանկերի և հիմնադրամների հետ։ Քավ լիցի, ինչքան շատ կարողանանք գործընկերներից գումար ներգրավել, այնքան ավելի լավ։ Գումարը չի կարևոր իրականում, այլ փորձառությունը։ Պարո՛ն Հայոցյան, ԳԱԱ-ն փակվելո՞ւ է, թե՞ որպես սիմվոլիկ կառույց ակադեմիական քաղաքից ներս կամ դրանից դուրս շարունակելու է գործունեությունը։  ԳԱԱ-ն փակվելու գաղափար գոյություն չունի։ Փակվելը շատ «ուժեղ» բառ է։ ԳԱԱ կազմում գործող բոլոր ինստիտուտները տեղափոխվում են Ակադեմիական քաղաք։ Մեր ընկալումների ամբողջ խնդիրն ու թշվառությունն այն է, որ մենք դիտարկում ենք Ակադեմիան՝ որպես վարչարար կառույց։ Գիտությունների ազգային ակադեմիան որպես Հայաստանի խելացի մարդկանց կազմակերպություն է պետք դիտարկել։ Վարչարարությունը նրանց առաջնահերթությունը չէ։  Ո՞րն է լինելու ԳԱԱ գործառույթն ապագայում։ Չեմ ուզում ասել այն, ինչ ես եմ մտածում, որովհետև այս հարցն էլ բաց է քննարկման համար։ ԳԱԱ-ն կարող է դառնալ, և լավ կլինի, որ դառնա Հայաստանի Հանրապետության մտավոր ներուժը մեկտեղող կառույց։  Տարբերակներ շատ կան՝ իրավակազմակերպական ձևից մինչև գործառույթներ, բայց ամեն դեպքում արժե, որ ԳԱԱ-ն անի այն, ինչ որ չի արվում Հայաստանում։ Եթե վարչարարություն հիմա Հայաստանում արվում է, պետք չէ, որ ԳԱԱ-ն էլ իր հերթին վարչարարություն անի։ Հայաստանում հիմա չի արվում մտավոր ներուժի կառավարում՝ համատեղում, քննարկումներ և այլն։ Դա պետք է պրոֆեսիոնալ ձևով անի Ակադեմիան։ Ինստիտուտների ֆինանսավորումն էլ է իրականացվում, կառավարիչների ընտրությունն էլ է լավ-վատ իրականացվում։ Այդ բոլորը տեխնիկական հարցեր են։  Մեր կարծիքով պետք չէ, որ ԳԱԱ-ն զբաղվի տեխնիկական հարցերով։ Բայց մյուս կողմից, այո, մենք ունենք մտավոր որոշակի ներուժ, ունենք գիտելիք կրող մարդիկ, որոնց համախմբող կառույց, որը պետք է ԳԱԱ-ն լիներ, չկա հիմա։ Ակադեմիան այսօր կենտրոնացել է ինքն իր 35 ինստիտուտների մեջ։ Տեսականորեն այն, այո՛, ունի սփյուռքի ներկայացուցիչներ, համալսարանից անդամներ, բայց դե ֆակտո միայն զբաղվում է իր ինստիտուտների հարցերով, համահայկական չէ։ Բայց դա իմ սուբյեկտիվ ընկալումն է։ Մենք դեռ կխոսենք Ակադեմիայի մեր գործընկերների հետ, հասկանանք՝ այս համատեքստում որն է ամենաճիշտ տարբերակը։ Այս շրջանում ինստիտուտներից մտահոգություններ կան անորոշությունների մասով։ 2027-ին միավորված են լինելու բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները, բայց Ակադեմիական քաղաքը լիարժեք շահագործման է հանձնվեու 2030-ին։ Ինստիտուտներն այս ընթացքում դիմե՞ն միջազգային երկարաժամկետ դրամաշնորհային ծրագրերի, ենթակառուցվածքները զարգացնե՞ն, եթե մի քանի տարուց այլ կառույցների կազմում են գործելու, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվելու։ Անկեղծ ասած՝ ինձ համար նորություն է, որ այդպիսի անորոշություններ կան։ Տեղափոխման հարց միավորման պարագայում չի բարձրացվում առնվազն մեծ STEM ուղղության (բնական գիտություններ, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա,- խմբ), փորձարարական ինստիտուտների պարագայում (նկատի ունի՝ մինչև Ակադեմիական քաղաքի շահագործումը,- խմբ․): Ինստիտուտը միավորվելու է բուհի հետ՝ լինելով իր ֆիզիկական տեղում, որովհետև բուհում տեղ չկա այդ ինստիտուտը տեղափոխելու։ Քանի որ Ակադեմիական քաղաքը շահագործման հանձնվում է 2030-ին, ենթակառուցվածքների ներդրումը, եթե նկատի ունեք միջավայրի բարեկարգումը, արգելված չէ։ Ինստիտուտները ֆինանսական միջոցներ ստանում են դրամաշնորհային ծրագրերի մեջ փոքր քանակով, որ առնվազն  ինտեգրման և հեռավար լաբերի պարագայում սենյակները կարգի բերեն ավելի հարմարավետ միջավայրում աշխատելու համար։  Ակադեմիական քաղաքում էլ նրանց ավելի լավ պայմաններ են առաջարկվելու։ Նրանք գնալու են պատրաստի միջավայր։ Այն սարքերը, որոնք բավականաչափ լավն են ու չեն կորցրել իրենց ֆունկցիոնալությունը, տեղափոխվելու են, այդ միջավայրում նոր սարքեր են ձեռք բերվելու։ Այդտեղ ես խնդիր չեմ տեսնում։  Ինչ վերաբերում է երկարաժամկետ դրամաշնորհներին, Հայաստանի Հանրապետությունում և ցանկացած այլ երկրում գոյություն ունի իրավահաջորդության գաղափար։ Երբ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, չի կորչում տվյալ կազմակերպությունն իրավակազմակերպական դաշտից։ Եթե միավորում է տեղի ունենում, իրավահաջորությունը փոխանցվում է միավորված կազմակերպությանը։  Այսօր, օրինակ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պատասխանատու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) գործերի համար, Գիտության կոմիտեի գործերի համար (նախկինում գործում էին երեք առանձին կառույցներ՝ Գիտության կոմիտե, Բարձրագույն կրթության վարչություն և ԲՈԿ, այժմ երեքը միավորված են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մեջ,- խմբ․): Դասական կլաստերում հիմնարար հետազոտություններ են իրականացվելու, Տեխնոլոգիական կլաստերում՝  կիրառական։ Ի՞նչ է լինելու գիտական այն կազմակերպությունների հետ, որտեղ կան և՛ հիմնարար, և՛ կիրառական հետազոտություններ։ Արդյո՞ք այդ կազմակերպությունները կիսվելու են կամ դադարելու են որպես առանձին միավոր գոյություն ունենալ։ Շատ լավ հարց է։ Եթե բառամթերքին նայեք, թե ինչպես է ձևակերպված, գրված է․ «հիմնականում»։  Այսինքն՝ Դասական կլաստեր է, որտեղ հիմնականում հիմնարար գիտությունների ուղղությամբ կրթություն և հետազոտություններ են իրականացվում։ Չկա հստակ սահմանազատում հիմնարարի և կիրառականի։ Շատ քիչ հիմնարար հետազոտություններ կան, որ լրիվ իրականությունից կտրված են, օրինակ՝ լարերի տեսություն, բայց անգամ դրանք ապագայում, եթե հարցնես՝ վերջնական ինչի համար է, կարող են իջեցվել կիրառական ինչ-որ խնդրի։ Բացի այդ՝ հետազոտության արյունքում միշտ էլ կարող է հիմնարարից կիրառական խնդիրների լուծման հնարավորություն բացվել, որևէ բուհի չես կարող արգելել դա անել։  Տեխնոլոգիական համալսարանն ավելի կենտրոնացած է նախատիպավորման, մշակումների վրա, բայց այստեղ էլ հիմնարար հետազոտություններ կարող են լինել։ Գուցե դու կիրառական հետազոտություն ես իրականացնում, որի արդյունքում հիմնարար խնդիր է բացվում, բնականաբար, չես ուղարկելու Դասական համալսարան, ասելու՝ սրանով զբաղվեք։ Ինստիտուտների մասով տարբեր են մոտեցումները լինելու։ Մենք ունենք ինստիտուտներ, որտեղ թեմաները բավականաչափ ցրված են, այս պարագայում գուցե կարիք լինի որոշակի թեմատիկ վերախմբավորումների։ Ինստիտուտի՞ ներսում։ Կլաստերի ներսում։ Որոշ պարագաներում էլ, եթե թեմաների տրամաբանական կոնսոլիդացիա կա, կարող է մնալ այդպես։ Ամեն դեպքում, ինստիտուտներն էլ են միավորվելու, այնպես չէ, որ 35 ինստիտուտ ենք ունենալու։  Երբ Ձեզ հարցրի գիտական կազմակերպությունների արդյունավետության մասին, 35 գիտական կազմակերպությունից 4-ն առանձնացրիք։ Ենթադրվո՞ւմ է, որ վատ արդյունք ցույց տված որևէ գիտական կազմակերպություն փակվելու է։ Փակել բառից ես կխուսափեի․ բացասական հնչեղություն ունի։ Գոյություն ունի ատեստավորման նոր կարգ, որը կոմունիկացվել է, հիմա մեզ մոտ է, շուտով կուղարկենք Կառավարություն։ Այդ կարգի համաձայն՝ գիտնականները գիտական կարիերայի ամեն մի տարակարգում ունեն որոշակի պարտավորություններ՝ թվային և նկարագրական։ Այդ պայմանները չանելու պարագայում որոշակի հետևանքներ են լինելու ինստիտուտի համար։ Միևնույն ժամանակ, ինստիտուտների համար կատարողականի որոշակի ցուցանիշներ են լինելու սահմանված, և ինստիտուտն այդ կատարողականը չբավարարելու պարագայում հայտնվելու է տարբեր կատեգորիաներում։ 2018-ից մեկնարկած փոփոխություն է, որն ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգվում է։  Ատեստավորումը մինչև բուհերի և ինստիտուտների միավորո՞ւմն է իրականացվելու։ 2021 թվականին է արվել առաջին ատեստավորումը, 5 տարվա պարբերությամբ իրականացվող գործընթաց է։ Հաջորդը 2026 թ․ վերջին է իրականացվելու։ Այն գծորեն անկախ է «Ակադեմիական քաղաքից», գործընթաց է, որը որակի բարձրացմանն է ուղղված։  Ակադեմիական քաղաքն էլ լավ, ստեղծարար միջավայր է լինելու, և այնտեղ ընտրության որոշակի մեխանիզմ է լինելու, այնպես չէ, որ բոլորը տեղ ունեն ակադեմիական քաղաքում։ Պրոֆեսորադասախոսական կազմին տրվելո՞ւ է բավարար ժամանակ, որ հետազոտությամբ զբաղվեն, և արդյո՞ք բոլորն են ի վիճակի լինելու նման գործունեություն ծավալել։ Եվ գիտնականները, որոնք չեն ցանկանա դասավանդել, ունենալո՞ւ են բացառապես հետազոտությամբ զբաղվելու հնարավորություն։  Դասախոսի ծանրաբեռնվածությունը լինելու է դինամիկ։ Տվյալ անձը կարող է ընտրել, որ, դիցուք, այս տարի 100% ծանրաբեռնվածությունն ուզում է ապահովել դասախոսական գործունեությամբ, հաջորդ տարի՝ 80/20 համամասնությամբ դասախոսում է և հետազոտում  Քիչ-քիչ կավելանա՞ հետազոտական բաղադրիչը։ Ո՛չ, կամընտրական կլինի։ Փորձը ցույց է տալիս, որ միայն դասախությամբ զբաղվելն այնքան էլ արդյունավետ չէ կրթության համար։  Կախված է նրանից, թե ինչ դասախոս ես։ Եթե առաջին կուրսում մաթեմատիկական անալիզի դասախոս ես, կարիք չկա, որ քո հետազոտություններից խոսես, պետք է մաթեմատիկական անալիզ սովորեցնես։ Այսինքն, տեսականորեն այդ հնարավորությունը կա։ Բայց մեխանիզմ պետք է լինի, որ բոլոր դասախոսները չընտրեն հետազոտական աշխատանք, և դասախոսող չլինի։  Ինչ վերաբերում է գիտնականներին, նորից եմ ասում, եթե տվյալ հետազոտողը որոշել է, որ ինքն ամբողջովին հետազոտությամբ է զբաղվում, որևէ բան չի փոխվում նրա կյանքում՝ բացի այն, որ նրա լաբորատորիայում հայտնվելու են ուսանողներ ինչ-որ պարբերականությամբ։ Ուսանողը գալու է այդ լաբորատորիայում կրեդիտ հավաքելու։ Բայց տվյալ անձը իր լաբորատորիայում զբաղվելու է իր հետազոտություններով՝ հիմնարար, կիրառական կամ փորձարարական մշակումներ։ Մենք չենք կտրում կապն այդ թվում ինդուստրիայի հետ։ Եթե որևէ գիտնական անում է առևտրայնացվող  մշակումներ, շարունակելու է անել դա, պարզապես ունենալու է հավելյալ պարտավորություն դրա մեջ որևէ ձևով ուսանողին ներգրավելու։  Ինստիտուտների և բուհերի գիտական ու պրոֆեսորադասախոսական ո՞ղջ անձնակազմն է գնալու Ակադեմիական քաղաք, թե՞ օպտիմալացումներ լինելու են։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ այնտեղ որակյալ մասնագետներ գնան։  Ես չեմ ուզում՝ սեգրեգացիայի նման ինչ-որ բան ստեղծվի։ Մենք իրականացնելու ենք ծրագրեր բոլորի մասնագիտական զարգացման ու առաջընթացի համար։ Քավ լիցի, մենք չենք մտածում, որ Հայաստանում այդքան շատ գիտնականներ ու դասախոսներ կան․ դա շատ թանկ ռեսուրս է։ Ավելի լավ է՝ մենք հավելյալ ծախս անենք, այդ մարդկանց կրթելու, առաջխաղացման մեջ ներդրում անենք, և եթե վերջում կպարզվի, որ այդ մարդն առաջխաղացում չունեցավ, ինչպես ասում են, իրարից չենք նեղանում այդ պարագայում։  Մենք բավականաչափ ժամանակ ունենք մինչև ֆիզիկական ենթակառուցվածքները կառուցելը նաև մեր մարդկային ռեսուրսը համապատասխանեցնելու դրան։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում։  Հայեցակարգում բավականին հավակնոտ թիրախներ են նշված՝ առնվազն 4 համալսարան միջազգային վարկանիշային ցուցակների հինգհարյուրյակում պետք է ներառված լինի, միջազգային ուսանողներ պետք է ներգրավվեն։ Ինչպե՞ս եք այս թիրախներին հասնելու 2030-ին, եթե հենց այդ տարի է Ակադեմիական քաղաքը լիարժեք շահագործման հանձնվելու։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի։ 2030-ին Ակադեմիական քաղաքը նախատեսված է 4 կլաստերների համար, մնացած կլաստերները մնում են այնտեղ, որտեղ կան։ ԵՊՀ-ի հիմքի վրա ձևավորվող Դասական համալսարանին կամ Բժշկական համալսարանին ոչ մի բան չի խանգարում այսօրվանից սկսել աշխատել հնիգհարյուրյակում տեղ գտնելու համար։ Որևէ բան չի խանգարում նաև Ամերիկյան համալսարանին, որովհետև այդ նպատակը սահմանափակված չէ պետական բուհերով։ Պետությունը փորձելու է նաև հասկանալ՝ ինչպես աջակցի այն բուհերին, որոնք այս փուլում չեն տեղափոխվում, որ այդ բուհերն առաջ գնան։  Քանի որ հայեցակարգում է նշվում այդ նշաձողերի մասին, ենթադրվում է, որ պետք է վերաբերի հենց Ակադեմիկան քաղաքի համալսարաններին։  Հայեցակարգում նշված է, որ այդ երկու թիրախների իրականացման համար արվում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Հինգհարյուրյակում հայտնվել նշանակում է շատ տարբեր պարամետրերի համապատասխանել՝ ունենալ հրապարակումների բավականաչափ բարձր որակ ու քանակ, տարբեր մակարդակի հեղինակության դասախոսներ, ունենալ լաբորատոր պայմաններ, միջազգային ուսանողների և դասախոսների քանակ, վարկանիշավորման որոշ համակարգեր հաշվի են առնում, թե քո միջավայրն ինչքանով է կայուն ու ներառական։ Մտավախություն կա՞, որ  չի հաջողվի այդ նշաձողերին հասնել։  Ցանկացած ծրագրի դեպքում կա մտավախություն, որ չի հաջողվի իրականացնել։ Մտավախությունը նկատի ունենալով ենք աշխատում։  Իրականում, միշտ էլ կարելի է նստել ու փորձել քննադատել այն ինֆորմացիան, որ ունես, բայց այսքան ինֆորմացիան դրված է քննարկման համար։ Եթե մենք բաց ենք, ստեղծագործ ենք բավականաչափ, որպեսզի հարցին մոտենանք այդ հարցը լուծելու նպատակադրմամբ, շատ հանգիստ կարելի է լուծումներ գտնել կամ թեկուզ հիմնավոր ասել, որ այս հարցը լուծում չունի, հարցի լուծումն այն է, որ թողնենք ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Չեմ կարծում, որ ամեն ինչ թողնելով այնպես, ինչպես կա, առաջընթաց կարող ենք գրանցել։ Մենք խնդիր ունենք, այդ խնդիրները պետք է լուծել․ խնդիր ունենք սերնդափոխության, համաշխարհային քարտեզի վրա մեր տեղը գտնելու։ Բավական երկար ժամանակ լոկալացվել ենք, այդ թվում և գիտության առումով։ Տեղական նշանակության գիտություն է ձևավորվել, տեղական նշանակության գիտնականներ ունենք։ Հարցն այդ բացթողումները լրացնելն է, որովհետև եթե դու խաղացող ես միջազգային համայնքում, դա նաև ունի իր անդրադարձը քո՝ որպես պետության հեղինակության վրա։ Ինչպես եթե մարդն է հավելյալ արժեք ստեղծում, հավելյալ կարևորություն ունի սոցիումում, այնպես էլ պետություններն են մոլորակի վրա։ Դու հավելյալ արժեք ստեղծող պետությո՞ւն ես, թե՞ խնդիրներ ստեղծող պետություն։   Աննա Սահակյան
20:13 - 28 նոյեմբերի, 2023
Հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին

Հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին: Մայամիում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուին ու նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալը շնորհավորել է Նոել Միքայելյանին վերջին հաջողության առթիվ և հետագա հաջողություններ մաղթել նրան. «Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի պատիվը մշտապես բարձր պահելու և ներդրած ջանքերի համար: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենանք հնարավորը՝ մեր երկիրն ավելի հեղինակավոր դարձնելու համար: Հայաստանում երկրպագուների մեծ բանակ ունեք, որոնք հետևում են Ձեր մրցելույթներին և ուրախանում արձանագրված հաջողություններով»: WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է՝ ՀՀ կառավարությունը նպատակաուղղված աշխատանքներ է տանում Հայաստանի տեղն աշխարհի սպորտային քարտեզում ամրագրելու ուղղությամբ: «Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը պարբերաբար դառնա շատ լուրջ մարզական իրադարձությունների հավաքատեղի: Մենք պետք է դուրս չմնանք աշխարհի սպորտային քարտեզից, հակառակը՝ դրանում ունենանք մեր հստակ տեղը՝ Հայաստանում պարբերաբար անցկացնելով բարձրակարգ մրցումներ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու տեղեկացրել՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանն արդեն աշխարհի ու Եվրոպայի 6 առաջնություններ է անցկացրել՝ բռնցքամարտ, ծանրամարտ և սամբո մարզաձևերից: Կարեն Գիլոյանը չի բացառել Հայաստանում նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոներ հյուրընկալելու հնարավորությունը: Անդրադառնալով Մայամիում տեղի ունեցած չեմպիոնական մենամարտին՝ Նոել Միքայելյանը տեղեկացրել է՝ 2 տարի պրոֆեսիոնալ ռինգ դուրս չէր եկել. «Տևական ժամանակ բանակցում էինք WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտն անցկացնելու շուրջ: Վերջին անգամ WBC Silver գոտու համար էի մենամարտել ու հաղթել: WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտս շատ կարևոր էր, իսկ մրցակիցս՝ Կոնգոյի ներկայացուցիչը, բավականին ուժեղ մարզիկ. նա 3 տարի չեմպիոն է եղել: Արդյունքում՝ երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի մրցակցիս»: Նոել Միքայելյանը ծնվել է Հայաստանում, մեծացել է Գերմանիայում, իսկ այժմ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Միքայելյանը WBO երիտասարդական ու WBO International վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն է: Ընդ որում, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան սկսել է 21 տարեկանում, երբ համալսարանում որոշել է կիսատ թողնել իրավաբանական կրթությունը, քանի որ միշտ երազել է սպորտային կարիերա ստեղծելու մասին: Այս ընթացքում անցկացրել է 28 մենամարտ և տարել 26 հաղթանակ: 33-ամյա բռնցքամարտիկը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո և ընդգծում՝ դա իր համար մեծ պատիվ է: «Շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: Յուրաքանչյուրս մեր ասպարեզում պետք է փորձենք լավ հետք թողնել՝ լինի դա Հայաստանում, թե արտերկրում, որպեսզի հետագայում օրինակ լինենք նոր սերնդի համար: Ամեն կերպ ցանկանում եմ օգնել Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը: Նաև բարեգործական նախաձեռնությունների եմ մասնակցում ու շատ ուրախ եմ, որ կարողանում եմ որոշակի ներդրում ունենալ նաև իմ հայրենիքի զարգացման գործում»,- եզրափակել է Նոել Միքայելյանը:
15:42 - 27 նոյեմբերի, 2023
Կառավարությունը հաստատել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը

Կառավարությունը հաստատել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը

Կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ «Հանրակրթության ոլորտում հաստատությունների ղեկավարման համակարգում կարևոր է ունենալ դպրոցի բովանդակային կառավարման քաղաքականության ամբողջական շղթա՝ տնօրենների ընտրության և նշանակման գործընթացից մինչև հետագա գործունեության մշտադիտարկում, վերահսկում, խթանում և զարգացում։ Այս խնդիրների կարգավորման համար կառավարման նոր համակարգով պլանավորվել է դպրոցի տնօրենների ընտրության և նշանակման եռափուլ համակարգ, ինչպես նաև հետագայում տնօրենների  գործունեության ամենամյա մոնիթորինգի և ատեստավորման համակարգ:  Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում էին հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Կարգի կիրարկման ընթացքում պարզվել է՝ առկա են դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, և բացահայտվում են ինքնուրույն աշխատանքի ամբողջական կամ մասնակի բացակայության հիմքեր։  Այս խնդիրների կարգավորման և գործընթացի օբյեկտիվության ապահովման նպատակով նոր կարգով առաջարկվել են մի քանի մեխանիզմներ: Մեխանիզմներից առաջինն արտագրության փաստի արձանագրման վերաբերյալ դրույթների ներառումն է կարգում, որով նախատեսվում է՝ մինչև ծրագիրը փորձաքննության ուղարկելը, նախևառաջ պետք է ստուգել դրանում արտագրության փաստերն ու ծավալը՝ օգտագործելով էլեկտրոնային համապատասխան ծրագրերը և զարգացման ծրագրերի բազան։ Այս մեխանիզմը գործարկվելու է 2024 թվականի հունվարի 1-ից: Ըստ այդմ՝ ավելացվել են համապատասխան դրույթներ՝ զարգացման ծրագրի ինքնուրույն մշակված լինելու փաստը ստուգելու մեխանիզմի ներդրման վերաբերյալ, որի արդյունքում արտագրված ծրագրերն ուղղակի չեն ուղարկվի փորձաքննության։  Երկրորդ գործիքը հավակնորդի հետ հարցազրույցի անցկացումն է մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը հնարավորություն կտա դիտարկելու, թե որքանով է տվյալ ծրագիրը ներկայացրած անձն իրականում տիրապետում դպրոցի խնդիրներին, այն կարողունակություններին և անձնային որակներին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կառավարման համար։ Մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչներ։  Երրորդ գործիքը բողոքարկման գործընթացն է. հստակ նկարագրվել են բողոքարկման հանձնաժողովի ձևավորման և բողոքարկման գործընթացի ժամկետները, սկզբունքներն ու քայլերը։  Այսպիսով՝ կամբողջացվի տնօրենի նշանակման եռափուլ համակարգը, որը բաղկացած է հավաստագրման համակարգից, զարգացման ծրագրերի փորձաքննությունից և հարցազրույցից: Ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ փուլ հնարավոր է անցնել միայն նախորդը հաղթահարելու պարագայում»,-նշված է հաղորդագրությունում։
11:34 - 27 նոյեմբերի, 2023