Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 բուժառու՝ ուղեկցողների հետ

Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 բուժառու՝ ուղեկցողների հետ

Այսօր՝ հունիսի 28-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 18 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 25 երեխա, 2-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
15:00 - 28 հունիսի, 2023
Վերականգնվել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ

Վերականգնվել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ

Այսօր՝ հունիսի 25-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱՆ-ից։ Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուների (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ինչպես նաև Արցախ տեղափոխել հրատապ անհրաժեշտության դեղորայք և բժշկական պարագաներ։ Այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։  
13:14 - 25 հունիսի, 2023
Մարդասիրական աղետն ահագնացող չափերի է հասնում. ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին կոչ է արել ջանքեր ներդնել` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը

Մարդասիրական աղետն ահագնացող չափերի է հասնում. ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին կոչ է արել ջանքեր ներդնել` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրման վերաբերյալ:   «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրումն առավել է սրում Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ առաջացած հումանիտար ճգնաժամը:   Հատուկ արձանագրում եմ, որ արգելապատնեշի տեղադրումն Արցախահայությանը լրացուցիչ հոգեբանական ճնշումների ենթարկելու, միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքների՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման, ինչպես նաև երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների աննախադեպ խախտումների իրականացման և էթնիկ զտման ևս մեկ ազդակ է:   Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ՝ մարդասիրական աղետն օր օրի ահագնացող չափերի է հասնում։   Խիստ մտահոգիչ է Պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկությունը, համաձայն որի՝ մեկ տարեկան երեխան գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, ունի անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք, որը ստեղծված իրավիճակով պայմանավորված` չի իրականացվում։   Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր բազմիցս, տարաբնույթ ձևաչափերով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին ներկայացրել եմ արգելափակման հումանիտար հետևանքները, Ադրբեջանի՝ պետության կողմից վարվող և հովանավորվող հայատյացության փաստերը՝ արձանագրելով, որ ներկա իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում հիմնարար իրավունքների շարունակական խախտումների և էթնիկ զտման համար:   Մեկ անգամ ևս կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր միջազգային կազմակերպություններին և դերակատարներին ներդնել բոլոր ջանքերը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը՝ բացառելով մարդու հիմնարար իրավունքների նոր ու աննախադեպ խախտումների իրականացումը և էթնիկ զտման քաղաքականության վերջնական իրագործումը»,- ասված է հայտարարության մեջ:
10:59 - 24 հունիսի, 2023
Այս պահին չենք կարող հաստատել որևէ տեղաշարժ. Զառա Ամատունին՝ Արցախ հումանիտար օգնություն հասցնելու և քաղաքացիներին տեղափոխելու մասին |aysor.am|

Այս պահին չենք կարող հաստատել որևէ տեղաշարժ. Զառա Ամատունին՝ Արցախ հումանիտար օգնություն հասցնելու և քաղաքացիներին տեղափոխելու մասին |aysor.am|

aysor.am: Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է. արդեն մեկ շաբաթ է՝ այնտեղ հումանիտար բեռներ չեն մտնում, դեղորայքի խնդիր կա, իսկ քաղաքացիները, որոնք ունեն շտապ բուժօգնության կարիք, չեն կարողանում տեղափոխվել Հայաստան։ Aysor.am-ը ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք բանակցություններում առաջընաց կա, և ե՞րբ կկարողանան այդ քաղաքացիներին տեղափոխել Հայաստան, հումանիտար բեռ հասցնել Արցախ։ «Անկեղծ ասած, մենք չեն կարող հանրային հարթակում քննարկել մեր և կողմերի պատկան մարմինների ընթացիկ գործընթացի հետ կապված որևէ բան, այսինքն՝ առա՞ջ է գնում, թե՞ ոչ։ Մենք կարող ենք միայն հաստատել, որ մենք  կապի մեջ ենք որոշում կայացնողների հետ, այս պահին չենք կարող հաստատել որևէ տեղաշարժ։ Իսկ թե ինչպես է դա ընթանում, ինչ է բանակցվում, այդ հարցերը մնում են մեր և իրենց կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում և որևէ կերպով մենք չենք կարող մեկնաբանել դրանց բովանդակությունը կամ որևէ  առաջընթացի հետ կապված հարցեր։ Դա բավականին նուրբ թեմա է և վերաբերում է որոշում կայացնողներին», - ասաց Ամատունին։ Հարցին՝ արդյո՞ք տեղյակ են, թե քանի քաղաքացի է սպասում, որ տեղափոխվի Հայաստան՝ շտապ բուժօգնություն ստանալու համար, Ամատունին նշեց, որ այդ մասով մշտապես կապի մեջ են տեղական մարմինների հետ. «Մենք չենք որոշում այդ մարդկանց թիվը, այդ մասով տեղեկություն կարող եք ստանալ Առողջապահության նախարարությունից։ Մենք թիվ ունենք, բայց չենք կարող դրանք հանրայնացնել»,- հավելեց նա։
12:20 - 22 հունիսի, 2023
Խստորեն պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ձեռնարկի միջոցներ՝ կանխելու սպառնացող ցեղասպանության աղետը. Արցախի ԱԳՆ

Խստորեն պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ձեռնարկի միջոցներ՝ կանխելու սպառնացող ցեղասպանության աղետը. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ, որում նշված է. «Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախ՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին, կանանց և ծերերին, գոյատևման նվազագույն միջոցներից։ Ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական արգելափակումը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի կողմից Արցախի պաշարված ժողովրդի հիմնական կարիքների համար նախատեսված մարդասիրական բեռների փոխադրմանը միտումնավոր խոչընդոտելը, միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ըստ էության, Ադրբեջանը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների աղաղակող խախտումներից և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող վճռի լիակատար անտեսումից անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների։Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը, որը նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով, մասնավորապես, սահմանվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից միջանցքի բացառիկ վերահսկողությունը, անցած վեց ամիսների ընթացքում գործել է Ադրբեջանի կողմից խիստ և կամայական սահմանափակումներով և օգտագործվել միայն ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաների անցման համար։ Հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի հետ կապված կանխամտածված սադրանքից հետո Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է միջանցքը, այդ թվում՝ զրահամեքենաների օգտագործմամբ։ Այսպիսով, միջանցքով երկու ուղղություններով երթևեկությունն արդեն փակ է նաև ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ էին մատարակարում Արցախի Հանրապետություն։Արցախի լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը և պարարտ հող  նախապատրաստում, որպեսզի մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության։ Ամբողջովին արգելափակելով Լաչինի միջանցքը, որն արցախցիների կյանքի միակ ճանապարհն է, Ադրբեջանը փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և որպես այդպիսին նրա ժողովրդի ոչնչացման իր նպատակաուղղված քաղաքականությունը։Կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքի նկատմամբ ապօրինի վերահսկողություն սահմանելու սկզբնական նպատակը եղել է դրա հետագա արգելափակումը և շրջափակման օգտագործումը որպես Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ և ցեղասպան քաղաքականություն վարելու միջոց։ Ըստ էության, Լաչինի միջանցքը, որն ի սկզբանե նախատեսված էր արտաքին աշխարհի հետ Արցախի կապն ապահովելու համար և հանդիսանում էր նրա ժողովրդի բնականոն կենսագործունեության երաշխիքներից մեկը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմաքաղաքական գործիք՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:120 հազար մարդկանց, այդ թվում՝ կանանց, ծերերին և երեխաներին գիտակցաբար սովի մատնելը, նրանց ամենօրյա անտանելի տառապանքներ պատճառելը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով սեփական կամքը պարտադրելը պահանջում են միջազգային հանրությունից ձեռնարկել հրատապ և արդյունավետ հարկադրական բնույթի միջոցներ՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումները կանխելուն։Խստորեն պահանջում ենք, որ միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները ձեռնարկեն անհրաժեշտ հավաքական և անհատական  միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական միջազգային հանցագործությունները, ինչպես նաև կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության աղետը: Ժամանակն է նաև, որպեսզի ԿԽՄԿ-ն և այլ համապատասխան միջազգային կառույցները և իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ և համարժեք գնահատեն ստեղծված իրավիճակը և հորդորեն Ադրբեջանի իշխանություններին հարգել Արցախի ժողովրդի մարդասիրական օգնության և միջազգային պաշտպանության իրավունքը։ Ընդգծում ենք, որ անգործությունը և անտարբերությունը փաստացի խրախուսում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները»։
16:39 - 21 հունիսի, 2023
Արցախի բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և վիրահատությունները

Արցախի բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և վիրահատությունները

Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։ Հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝  հանրապետության բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները (վիրահատությունները)։ Շուրջ 175 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։  Անհապաղ տեղափոխման ենթակա անձինք ունեն ուռուցքային և սիրտ- անոթային համակարգի հիվանդություններ։ Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։  ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
14:53 - 19 հունիսի, 2023
Երկկողմանի տեղաշարժի արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ

Երկկողմանի տեղաշարժի արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ

Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ): Այդ մասին ասված է Արցախի առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում: «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ առավոտյան ԿԽՄԿ մեքենաները 25 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխում էին Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի անցակետում ադրբեջանական կողմն արգելել է նրանց հետագա տեղաշարժը, ինչի հետևանքով մեքենաները վերադարձել են Ստեփանակերտ՝ միևնույն ժամանակ չկարողանալով կազմակերպել Գորիսից Ստեփանակերտ ևս 25 բուժառուների ու հարազատների վերադարձն Արցախ:Այսօր նախատեսված էր նաև 27 բուժառուների և նրանց հարազատների տեղափոխումը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար, ինչպես նաև 25 բուժառուների և նրանց հարազատների հետվերադարձը դեպի Արցախ: Բոլոր հումանիտար բեռնափոխադրումների խափանման պայմաններում, բնականաբար, լրիվությամբ դադարել են նաև դեղորայքի ու բժշկական այլ պարագաների սահմանափակ մատակարարումները դեպի Արցախ, որոնք իրականացվում էին բացառապես Կարմիր խաչի կողմից: Արդյունքում՝ օրեցօր կրճատվում են բուժհաստատություններում առկա առանց այն էլ սուղ պաշարները՝ լրացուցիչ ռիսկի տակ դնելով քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը»,- նշված է գրառման մեջ:    
17:31 - 16 հունիսի, 2023
Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր առավոտյան Հագարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Բացի դրանից՝ չեղարկվել է այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը հումանիտար հրատապ կարիքներից ելնելով, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից: Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը: Արցախի իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը: Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որևէ միջամտության, ինչպես նաև պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ:
13:18 - 15 հունիսի, 2023
8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Արցախ

8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Արցախ

Այսօր Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու ուղեկցողների հետ միասին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «6 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Շրջափակման ողջ ընթացքում Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 562 բուժառու, որից 492-ը տեղափոխվել է ԿԽՄԿ-ի, իսկ 70-ը՝ խաղաղապահների ուղեկցությամբ: «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասվում է Արցախի ԱՆ հաղորդագրության մեջ։
20:33 - 12 հունիսի, 2023
Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին
 |news.am|

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին |news.am|

news.am: Հունիսի 7-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առեւանգված եւ Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողին։ Այս մասին տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ եւ հաստատվել է կապն ընտանիքների հետ՝ նամակների միջոցով»,- ասաց նա: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։  
12:19 - 08 հունիսի, 2023
Կամո Ցուցուլյանն ու ԿԽՄԿ-ի պատվիրակությունը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները

Կամո Ցուցուլյանն ու ԿԽՄԿ-ի պատվիրակությունը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը հունիսի 6-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիին։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն էր քննարկել երկու կառույցների համագործակցության ընդլայնման ուղղությունները և հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության գործունեության համար՝ նշելով, որ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում, կառույցն իրականացնում է արդյունավետ և գնահատելի մարդասիրական աշխատանք։ Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվել է կազմակերպության կողմից Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ դասընթացների, մասնավորապես՝ «Արտակարգ իրավիճակներում աճյունների հետ աշխատանքների իրականացում» թեմայով վերապատրաստումների անցկացման կարևորությունը։ Քննարկվել են նաև «Սահմանամերձ բնակավայրերի կրթական հաստատություններին մոտ տիպային պաշտպանական ապաստարանների կառուցման» և «Հատուկ նշանակության բեռնատարի վերասարքավորման» ծրագրերը։ Վերջինս նախատեսում է բարելավել և խթանել մարդկային մարմինների և աճյունների մասերի արժանապատիվ կառավարումը՝ համաձայն միջազգային ստանդարտների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կամո Ցուցուլյանին՝ ընդունելության և արդյունավետ փոխգործակցության համար։ Միրիամ Էլ Խոլին անդրադարձ կատարեց նաև փրկարար ծառայության կարողությունների զարգացման և համատեղ իրականացրած այլ ծրագրերին, պատրաստակամություն հայտնեց վերապատրաստման ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում նախանշել իրականացվելիք քայլերը․ կողմերը հույս են հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի և կընդլայնվի։
13:33 - 07 հունիսի, 2023