Մարդասիրական աղետն ահագնացող չափերի է հասնում. ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին կոչ է արել ջանքեր ներդնել` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը
10:59 - 24 հունիսի, 2023

Մարդասիրական աղետն ահագնացող չափերի է հասնում. ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին կոչ է արել ջանքեր ներդնել` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրման վերաբերյալ:
 
«Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրումն առավել է սրում Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ առաջացած հումանիտար ճգնաժամը:
 
Հատուկ արձանագրում եմ, որ արգելապատնեշի տեղադրումն Արցախահայությանը լրացուցիչ հոգեբանական ճնշումների ենթարկելու, միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքների՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման, ինչպես նաև երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների աննախադեպ խախտումների իրականացման և էթնիկ զտման ևս մեկ ազդակ է:
 
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ՝ մարդասիրական աղետն օր օրի ահագնացող չափերի է հասնում։
 
Խիստ մտահոգիչ է Պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկությունը, համաձայն որի՝ մեկ տարեկան երեխան գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, ունի անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք, որը ստեղծված իրավիճակով պայմանավորված` չի իրականացվում։
 
Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր բազմիցս, տարաբնույթ ձևաչափերով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին ներկայացրել եմ արգելափակման հումանիտար հետևանքները, Ադրբեջանի՝ պետության կողմից վարվող և հովանավորվող հայատյացության փաստերը՝ արձանագրելով, որ ներկա իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում հիմնարար իրավունքների շարունակական խախտումների և էթնիկ զտման համար:
 
Մեկ անգամ ևս կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր միջազգային կազմակերպություններին և դերակատարներին ներդնել բոլոր ջանքերը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը՝ բացառելով մարդու հիմնարար իրավունքների նոր ու աննախադեպ խախտումների իրականացումը և էթնիկ զտման քաղաքականության վերջնական իրագործումը»,- ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել