ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 3 միլիարդ 151 միլիոն դրամ կհատկացնի 34 համայնքներին 43 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության փետրվարի 1-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այդ ծրագրերից երկուսը դեռևս սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին և 31-ը՝ 2023 թվականին։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 18,3 միլիոն դրամ, Արարատի մարզին 2 ծրագրի համար՝ 251 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 262 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 6 ծրագրի համար՝ 606 միլիոն դրամ, Լոռու մարզին 11 ծրագրի համար՝ 549 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 6 ծրագրի համար՝ 506 միլիոն դրամ, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 403 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 19 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 46 միլիոն դրամ և Տավուշի մարզին 5 ծրագրի համար՝ 437 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։ Նա նշեց, որ 2023 թվականին մարզպետարաններին ռեկորդային մեծ չափով ֆինանսավորում է հատկացվել՝ 30 միլիարդ 300 միլիոն դրամ։
12:05 - 01 փետրվարի, 2024
Եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա. Փաշինյանի զգուշացումը
 |news.am|

Եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա. Փաշինյանի զգուշացումը |news.am|

news.am: Կառավարության այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատաքների որակի խնդրին: «Անկեղծ ասած, երբեմն, երբ այս թեմայի շուրջ մտածում եմ, տեսնում եմ, ընկալում եմ, թե ինչ մեծ ծավալի գումար ենք ներդնում ամենատարբեր տեղերում: Մի պահ պատկերացնում եմ, որ եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա: Ընդ որում, ես որակ ասելով նկատի չունեմ այն որակը, որ աշխարհում կա, ես նկատի ունեմ այն որակը, որը մեզ կարող է օբյեկտիվորեն հասանելի լինել: Եվ մենք ունենք պրոբլեմներ, որն անզեն աչքով էլ տեսանելի է: Մենք պետք է արձանագրենք, որ եթե այն ճանապարհը, որն ընդունված է եւ այնտեղ որակի պրոբլեմներ արձանագրվեցին, դա մեծ պրոբլեմ է: Ես ակնկալում եմ, որ զրո կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների համեմատությամբ: Սա պետք է անպայման ապահովենք:  Հակառակ դեպքում հարց կծագի՝ ինչու ենք այդքան փողը լցրել հողերի, ջրերի մեջ եւ շենքերի, գույքերի մեջ»,-ասաց նա:
11:26 - 01 փետրվարի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ու բնակարանային խնդիրները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ու բնակարանային խնդիրները

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքին ու նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ մարզերում տեղաբաշխված բռնի տեղահանված անձանց սննդային ապահովվածության նպատակով մարզպետարանների միջոցով հասցեագրվել է 4.4 միլիարդ դրամ:  112 հազար անձ եղել է միանվագ 100 հազարական դրամ աջակցություն ստանալու շահառու: «Ավելի ուշ սահմանեցինք կեցության և կոմունալ ծախսերի աջակցության ծրագիրը, որով, ով բնակարան ուներ՝ 10 հազար դրամի չափով էինք աջակցում, ով բնակարան չուներ՝ 40+10: Այս աջակցությունը 6 ամիսների համար է, որոնցից արդեն 3 ամիսներն անցել են: Սա կշարունակվի մինչև մարտ ամիսը ներառյալ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: Փոխվարչապետի խոսքով՝ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, 4 հազար ուսանողի համար միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է կրթաթոշակի աջակցության ծրագիր: Այս թիվն առաջիկայում կավելանա: «Առողջապահության բնագավառում ունենք 69 հազար մարդ, ովքեր առաջնային օղակում հաշվառվածներն են: Սա նաև խողովակ է, որով իրենք կարողանում են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային ծառայություններից օգտվել: Այսօրվա դրությամբ՝ մոտ 7 հազար դեպք ունենք, որոնցով անձինք օգտվել են նաև պետպատվերով հիվանդանոցային ծառայություններից: Ունենք 20 հազար 656 դիմումներ կենսաթոշակառուների կամ նպաստառուների վերաբերյալ, 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են: Հիշեցնեմ, որ վճարումները կատարել ենք հոկտեմբերից հաջորդող բոլոր ամիսների համար, ուղղակի, քանի որ դիմումները կառուցված են նաև հաշվառվելու մոտեցման վրա՝ պետք է անձը հաշվառվի և դիմում ներկայացնի: Սա պրոցես է, որը կշարունակվի մինչև բոլորի ամբողջական ներառումը համակարգում: Ունենք նաև 2408 դիմումատուներ, ովքեր նպաստների համար են դիմել, նրանցից 585-ը փաստացի իրենց նպաստները ստացել են: Զբաղվածության մասում 212 ուսուցիչներ մեր աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում: Ընդհանուր առմամբ, 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար, և հնարավորություն ենք տվել, որպեսզի իրավաբանական անձինք իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու համար մինչև այսօր վերագրանցվեն և կարողանան սահուն կերպով շարունակել տնտեսական գործունեությունը»,- ասել է փոխվարչապետը: Նշվել է նաև, որ, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել աջակցության հնարավոր գործիքների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է սոցիալական ծրագրերի ներդաշնակեցումը և հանձնարարել պատասխանատուներին՝ շարունակել քննարկումները ներկայացված գաղափարների ու առաջարկությունների շուրջ: 
22:02 - 31 հունվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է
 |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է |1lurer.am|

1lurer.am: Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկություն հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:  Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում: Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել էին սկսել համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, նաև ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:
18:18 - 31 հունվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը |1lurer.am|

1lurer.am: Վաղը սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է փոխվարչապետի գրասենյակը: Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում: Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել էին սկսել համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, նաև ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:
21:23 - 30 հունվարի, 2024
Փոխվարչապետը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկրներում ժողովրդավարության արժեքների պահպանման տեսանկյունից և այս համատեքստում բարձր գնահատել Միջխորհրդարանական միության դերը: Զրուցակիցները երկուստեք ողջունել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:
18:44 - 30 հունվարի, 2024
ՀՀ վարչապետը և ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ

ՀՀ վարչապետը և ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Վարչապետը կարևորել է պարոն Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ջերմությամբ է հիշում ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպումը և խնդրել նրան փոխանցել իր ջերմ ողջույնները: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր: Դրանք վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում փոխգործակցությանը և համատեղ նախագծերի իրականացմանը: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները տվյալ հարցի շուրջ: Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վարչապետը կարևորել է ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:
19:17 - 29 հունվարի, 2024
Կառավարական առանձնատների սպասարկման տարեկան գումարն ավելացել է 60 միլիոն դրամով |hetq.am|

Կառավարական առանձնատների սպասարկման տարեկան գումարն ավելացել է 60 միլիոն դրամով |hetq.am|

hetq.am: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։  ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև հունվարի 26-ին կնքված պայմանագրով՝ 602 միլիոն 979 հազար դրամը որպես դրամաշնոր տրամադրվել է ՊՈԱԿ-ին։ Պայմանագիրը հրապարակվել է պետական գնումների armeps.am հարթակում։ Ի դեպ, հարկ է նշել, որ կառավարական առանձնատների սպասարկման գումարը ավելացել էր նաև 2023 թվականին՝ նախորդ տարիների համեմատ։ Եթե 2020, 2021 և 2022 թվականների պետբյուջեներով առանձնատների սպասարկման համար հատկացվել էր 450-470 միլիոն դրամ, ապա 2023-ին այդ գումարը կազմել էր 542 միլիոն։ Այն ժամանակ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված գումարի ավելացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, թե ավել գումարի հատկացումը կապված է հաստիքների թվի, առանձին հաստիքային դրույքաչափերի ավելացման, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների գծով ծախսերի ավելացման հետ։ Այս անգամ ևս գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է 2024թ․ առանձնատների սպասարկման համար նախատեսված գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել 60 միլիոն դրամով։ Հարցման պատասխանը ստանալուց հետո այն ևս կհրապարակենք։ Հիշեցնենք՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում։ Նույն օրենքի համաձայն՝ վարչապետի որոշմամբ՝ Երևանում ծառայողական առանձնատուն կարող է տրամադրվել նաև այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։
17:59 - 29 հունվարի, 2024
Դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան

Դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան

Մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջով, որ դադարեցվի Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան։ Հայտարարությունը՝ ստորեւ.«ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին (կրկնօրինակը` ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին) ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության Ծառայության պետ Արմեն Ղազարյանին ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱՄԱԿ Հարգարժան պարոն Ղազարյան, մենք` Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքներով զբաղվող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներս, Ձեզ ենք ուղղում այս միասնական նամակը, որպեսզի բարձրաձայնենք Արցախից դեպի ՀՀ տարածք բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառման գործընթացում թույլ տրված բազմաթիվ խախտումները: Ըստ մեր կազմակերպությունների հավաքագրած տվյալների` Արցախից բռնի տեղահանված 42.809 քաղաքացու` ՀՀ տարբեր բնակավայրերում հաշվառելուց առաջ հանել են իրենց նախկին բնակավայրի հաշվառումից: Հարկ ենք համարում նշել, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ բնակչության ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմինը (ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայություն) լիազորված է իրականացնել միայն ՀՀ-ում բնակվող անձանց՝ ըստ բնակության վայրի հաշվառում: Իսկ ինչպես հաշվառումը, այնպես էլ հաշվառումից հանելը իրականացվում է միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերից: Ընդ որում, ըստ նույն օրենքի՝ անձը կարող է ունենալ մշտական բնակության միայն մեկ վայր: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում եւ հայտարարում է որպես իր կացարան: ՀՀ-ում մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում: Նույն օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների վերլուծությունից երեւում է, որ անձի կողմից հաշվառման հասցեն փոխելու դիմում ստանալիս կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Օրենքում բացակայում է որեւէ դրույթ, որը լիազորում է Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայությանը, ՀՀ տարածքից դուրս գտնվող բնակության վայրերից անձին հաշվառումից հանելու վերաբերյալ: Առկա չէ նաեւ այդ մասին սահմանված ընթացակարգ: ՀՀ կառավարության 14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն որոշմամբ (բաժին 3) սահմանվում են բնակչության ռեգիստրում հաշվառումից հանելու դեպքերը, որոնք վերստին վերաբերում են բացառապես ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերում հաշվառումից հանելուն: Վերը նշվածը վերստին ցույց է տալիս հաշվառման եւ հաշվառումից հանելու գործընթացի՝ միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերի/կացարանների մասով իրականացվելու հնավորությունը: Սակայն Արցախից բռնի տեղահանված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ (փախստական) ստացած անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս լիազոր մարմինը վերջիններիս հանում է ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից: Նույն վարքագիծը չի դրսեւորվում, սակայն, ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած այլ օտարերկրացիների եւ փախստականների նկատմամբ: ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող այլ անձանց համար սահմանված չէ ՀՀ-ում հաշվառվելիս այլ երկրի տարածքում վերջինիս հաշվառման հասցեից հանելուն վերաբերող որեւէ օրինական ընթացակարգ, նույն մոտեցումը պետք է լինի նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ: Հակառակ դեպքում, չարաշահվում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված՝ օրինականության եւ պետական մարմինների՝ միայն այնպիսի գործողություններ կատարելու սկզբունքը, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաեւ Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված՝ խտրականության արգելքի սկզբունքը, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ վարչարարության օրինականության, 7-րդ հոդվածով սահմանված՝ կամայականության արգելքի սկբունքները, քանի որ լիազոր մարմնի կողմից ցուցաբերվում է տարբերակված մոտեցում նույնական հանգամանքներով դեպքերի նկատմամբ: Հաշվի առնելով վերը գրյալը՝ հորդորում ենք Ներքին գործերի նախարարությանը. դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան: սեփական նախաձեռնությամբ վերացնել Արցախից մինչեւ այժմ բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի(Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ անձնագրերում կատարված նշագրումները: Նշված կետերը չբավարարելու դեպքում, եթե լիազոր մարմինը անվավեր չճանաչի իր կնիքով հաստատած հաշվառումից հանելու փաստաթղթերը, մենք ստիպված ենք լինելու կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան: Հարգանքով, «Հանուն Հադրութի» ՀԿ                                                                      Լ. Հայրիյան «Շուշիի դեօկուպացիա»                                                                     Վ. Կարապետյան «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ                                                  Դ. Եղիազարյան «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ                                                    Կ. Մովսիսյան «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ                                                      Դ. Առուստամյան «Արցախի Թեքեյան մշակութային միություն՛» ՀԿ Ն. Մարտիրոսյան «Արցախի Թեքեյան մշակութային միություն՛» ՀԿ Ա. Թովմասյան «Կենդանիների պաշտպանություն Արցախում» ՀԿ Գ. Առստամյան Անունից «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ                                                          Մ. Քարամյան»
14:23 - 29 հունվարի, 2024
Նորվեգիայի կառավարությունը շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ. Հովլանդը՝ Փաշինյանին

Նորվեգիայի կառավարությունը շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ. Հովլանդը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Վարչապետը շնորհավորել է տիկին Հովլանդին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրատնտեսական կապերի խորացումը, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով: Բերգլյոտ Հովլանդը նշել է, որ Նորվեգիայի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ, և նշել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
20:05 - 25 հունվարի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Մինչ նախագծի ներկայացումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ Կառավարության նիստում ներկայացրած տվյալներին և նշել. «Միջին ամսական աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ, որը 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 133 399 դրամով կամ 59.9 տոկոսով՝ իմ սպասածից մի քիչ ավելի ցածր: 2022 թվականի դեկտեմբերի համեմատ այն ավելի է 25 273 դրամով կամ 7.6 տոկոսով»: Ներկայացնելով Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նախ ներկայացրել է անապահովության գնահատման գործող համակարգում առկա խնդիրները՝ կապված համակարգի բանաձևի, հասցեականության և արդյունավետության հետ: Հաջորդիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նոր համակարգի ներդրման քաղաքականության, նպատակների, նոր բանաձևի, համակարգի հիմքում դրված հիբրիդային ստուգման մեթոդի վերաբերյալ: Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ, գործող համակարգի բանաձևի թերությունը կայանում է նրանում, որ խոցելիության անուղղակի գնահատման հիմքով ենթադրյալ անապահովություն է չափվում և բանաձևի հիմքում եկամուտների հաշվարկը երկրորդական դեր է խաղում: «Ամենակարևոր բանը, որ պետք է փոխենք, բանաձևի փոփոխությունն է նոր համակարգում, այսինքն՝ ոչ միայն ընթացակարգերը, ոչ միայն թիրախի հարցը, այլ հենց բանաձևի տրամաբանությունը: Սա հաշվի առնելով՝ նոր բանաձևի հիմքում ընտրվել է միջոցների ստուգման հիբրիդային մեթոդը: Այս պահին ամենակարևորը բանաձևի տրամաբանության մեջ եկամուտների չափումը դնելն է, որպեսզի մեր անապահովության իրական պատկերը և գնահատված անապահովությունը տեսանելի և հասկանալի լինի, չափելի լինի այն քաղաքականությունը, որ վարում է Կառավարությունը»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ, նոր մեթոդի միջոցով նպաստի իրավունքը որոշվելու է ընտանիքի կողմից տնօրինվող եկամուտների հիման վրա: Որպես նոր համակարգի թիրախ, ըստ Աննա Ժամակոչյանի, վերցվում է մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով նվազագույն պարենային զամբյուղից ցածր ամսական եկամուտներ ունեցող ծայրահեղ աղքատ ընտանիքը: «Այս մոդելով առաջարկվում է թիրախավորել ծայրահեղ աղքատ խմբերին և հասնել այն նպատակին, որ Կառավարությունն իր առջև դրել է, այսինքն՝ ունենալ 0 տոկոս ծայրահեղ աղքատություն»,- ասել է նախարարի տեղակալը: Նրա խոսքով՝ նոր համակարգի ակտիվացման խթանների շնորհիվ նաև անհրաժեշտ ջանքեր կներդրվեն անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների կարողությունների զարգացման միջոցով զբաղվածության ձեռքբերման և կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Ըստ Աննա Ժամակոչյանի, կիրականացվի ինտեգրված դեպքի վարում, այսինքն՝ ընտանիքների հետ համալիր կարիքների հիման վրա կտարվի սոցիալական աշխատանք: Անձանց աշխատանքի խրախուսման առումով վարչապետն ընդգծել է, որ աշխատանքի շուկայում տարբեր ծրագրեր կան և հավելել. «Կարող ենք նախատեսել հետագա խթաններ, որպեսզի գործատուին էլ, աշխատողին էլ շահագրգռություն հաղորդենք: Ի՞նչն է իմ ասածի նրբությունը: Մարդը 20 տարի նպաստի համակարգի մեջ է, և 20 տարի պետությունն ահռելի միջոցներ է ծախսում իր համար, բայց դրանից իր կյանքը չի լավանում: Սա է խնդիրը: Մենք այս ծրագրին պետք է մոտենանք այս 20 տարվա տրամաբանության մեջ, որովհետև կարող է սուբսիդավորման, եկամտային հարկի, այլ ծրագրերով իրեն ուղեկցենք մինչ մեր ասած աշխատանքն արդեն իր մոտ դառնա մենթալիտետ»: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ, հին համակարգից նոր համակարգի անցման գործընթացի, նոր համակարգի գործարկման քայլերի, հիբրիդային մեթոդի առանձնահատկությունների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ քննարկման արդյունքներով կարելի է արձանագրել, որ փաթեթը մշակված է և կարելի է սկսել նոր համակարգի ներդրման աշխատանքները:
19:29 - 25 հունվարի, 2024
Ինչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար

Ինչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական:   ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը ՀՀ-ից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։   ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա:   Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում, Հայաստանում՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:   24.01.2024 թ․ դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու վերաբերյալ ներկայացվել է 41 027 դիմում:
18:47 - 25 հունվարի, 2024
Կապահովվի անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կապահովվի անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարություն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Ըստ այդմ՝ շահառու ընտանիքները ևս 2 ամիս՝ 2024 թ. հունվար և փետրվար ամիսներին, կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300 000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև ս.թ. փետրվարի 10-ը: Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ. փետրվար ամիսը ներառյալ: Մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 000 դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Ըստ հիմնավորման՝ ս.թ. հունվարի 12-ի դրությամբ 26 զինծառայող վերադարձվել են հայրենիք: Որոշմամբ առաջարկվում է դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող, անհայտ կորած համարվող 25 զինծառայողների ընտանիքների աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ. փետրվարը:  
18:17 - 25 հունվարի, 2024
Սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում

Սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Ըստ հիմնավորման՝ 2 տարի առաջ մետաղի ջարդոնի արտահանումը կառավարության որոշմամբ արգելվել է՝ տեղական վերամշակող ընկերությունների համար հումքի դեֆիցիտ չառաջացնելու և արտադրական շղթան խորացնելու նպատակով։ Սակայն կան մետաղների տեսակներ, որոնք Հայաստանում փաստացի չեն վերամշակվում։ Մասնավորապես, չժանգոտվող պողպատը։ Ընկերությունները նշել են, որ դեռ մինչև արգելքը իրենք հավաքել և գնել են ընդհանուր մոտ 4 հազար տոննա չժանգոտվող պողպատի ջարդոն։ Ընկերությունները խնդրել են թույլ տալ իրենց ֆիքսված ժամանակահատվածում արտահանել հավաքված ջարդոնը՝ վճարելով համապատասխան տուրքը։ Ստացված գումարն էլ ուղղել իրենց բիզնեսի ընդլայնմանը։ Այսպիսով՝ առաջարկվում է ընդունել այնպիսի որոշում, որը հնարավորություն կտա բոլոր տնտեսվարող սուբյեկտներին օգտվել բացառության հնարավորությունից։ Միաժամանակ սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում, և այդ ապրանքների արտահանման գործընթացի նկատմամբ պատշաճ հսկողություն»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
17:47 - 25 հունվարի, 2024