Հայաստան

«Նո՞ր հասկացաք՝ ինչ է կատարվում». Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի ԱԺ մեծամասնությանը

«Նո՞ր հասկացաք՝ ինչ է կատարվում». Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի ԱԺ մեծամասնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկվա՝ մայիսի 23-ի հայտարարությանը։ Ռոբերտ Քոչարյանի արձագանքում ասվում է․ «Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությանը Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»:
13:20 - 23 մայիսի, 2023
«Միացյալ Թագավորության դիրքը Ղարաբաղի հակամարտության մասով չի փոխվել. խաղաղություն՝ հնարավորինս շուտ»․ Լեո Դոքերթի

 |factor.am|

«Միացյալ Թագավորության դիրքը Ղարաբաղի հակամարտության մասով չի փոխվել. խաղաղություն՝ հնարավորինս շուտ»․ Լեո Դոքերթի |factor.am|

factor.am: Միացյալ Թագավորության դիրքորոշումը ղարաբաղյան հարցի հետ կապված չի փոխվել. ՄԹ-ն ուզում է տեսնել համապարփակ խաղաղություն՝ հնարավորինս շուտ։ Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։ «Մեկ անգամ ևս ամրապնդում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ ուղղությամբ։ Փորձում ենք համագործակցություն ամրացնել Հայաստանի և ՄԹ-ի միջև, ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսությունը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը, հուսանք, որ դրական ընկալում կունենա», – ասաց Լեո Դոքերթին։ Պետնախարարն ասաց, որ ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները։ «Բայց մենք միշտ հստակ ենք եղել, որ այս շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել։ Մենք կայուն խաղաղություն ենք ուզում և դրան կարող ենք հասնել միայն սեղանի շուրջ։ Մենք կփորձենք ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել», – նշեց Լեո Դոքերթին։
17:27 - 22 մայիսի, 2023
Երևանը և Բաքուն Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված են համաձայնեցրել. Միրզոյան
 |armeniasputnik.am|

Երևանը և Բաքուն Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված են համաձայնեցրել. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված են համաձայնեցրել։ Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Վաշինգտոնում որոշակի որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել։ Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության»,- նշեց ԱԳ նախարարը։ Նրա խոսքով` ամենաբարդ և խնդրահարույց հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շատ հեռու են։ Նախարարը նշեց, որ Հայաստանի համար կարևոր է պետական սահմանի սահմանազատման հարցում որոշակիությունը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
17:21 - 22 մայիսի, 2023
Այլընտրանք Վերին Lարսին. ծովային ճանապարհով Բաթումի-Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման մեկնարկը տրված է
 |armenpress.am|

Այլընտրանք Վերին Lարսին. ծովային ճանապարհով Բաթումի-Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման մեկնարկը տրված է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմանները, մեքենաների հոսքի ավելացումն ու խցանումներն ապահովված են։ Բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին։ Արդյունքում՝ գործարարները զգալի տուժում են թե ժամանակի, թե ֆինանսական առումով։ Պատկան մարմինները տևական ժամանակ քննարկումներ են անցկացնում՝ փորձելով առաջարկել այլընտրանք, այն է՝ ծովային ճանապարհը։ Այդ գործընթացը կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից որպես օպերատոր ճանաչվել էր «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը։ Այն արդեն ապրիլից սկսել է ծովային ճանապարհով բեռնափախադրումը Նովոռոսիյսկ-Բաթումի, Բաթումի- Նովոռոսիյսկ ուղղությամբ։ Բեռնափոխադրումները պետք է իրականացվեն պետության սուբսիդավորմամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը նշեց, որ նշված ուղղություններով արդեն երկու անգամ բեռնափոխախադրում իրականացվել է։ «Այսօրվա դրությամբ մեր նավը կարող է տեղափոխել 350 կոնտեյներ։ Ապրիլի 18-ին մենք առաջին բեռնափոխադրումը բարեհաջող կատարել ենք։ Նախատեսում ենք այնպես անել, որ շաբաթական մեկ կանոնավոր փոխադրում իրականացվի  Նովոռոսիյսկ-Բաթումի և հակառակ ուղղությամբ։ Պահանջարկին զուգահեռ կարող ենք ավելացնել փոխադրումների քանակը 2 կամ 3 անգամ, որքան անհրաժեշտ կլինի։ Հիմա ամենակարևորը շաբաթը մեկ անգամ կանոնավոր, կայուն փոխադրում իրականացնելն է»,-ասաց Դավիթ Իլոյանը։ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ բեռնափոխադրումների այս տարբերակը բավական ձեռնտու կարող է լինել բազմաթիվ գործարարների համար։ Բեռները սահմանված տեղ հասնում են 20-24 ժամվա ընթացքում։ Ճանապարին խնդիրներ չեն լինում, գործարարները կարող են վստահ լինել, որ իրենց գործընկերներին ապրանքը ժամանակին կհասնի։ «Մենք կարողանում ենք բեռնափոխադրումների համար երաշխավորել կայուն ժամկետներ և կայուն գներ, ինչը շատ դեպքերում հնարավոր չէ ցամաքային ճանապարհով բեռը տեղափոխելու պարագայում։ Մեծ հոսքերի ժամանակ Վերին Լարսի թողունակությունը բավարար չէ, անընդհատ ինչ-որ խնդիրներ են առաջանում։ Արտահանողները կամ ներմուծողներն իրենց ապրանքները չեն կարողանում գործընկերներին ժամանակին մատակարարել։ Ծովային ճանապարհի պարագայում նման խնդիրներ չեն լինելու։ Մենք ունեինք այդ մեկ ճանապարհը՝ Վերին Լարսը, այսօր արդեն երկրորդ ճանապարհն ունենք»,-ասաց ընկերության տնօրենը՝ հավելելով, որ եթե բեռնափոխադրումների մի մասը ծովային ճանապարհով իրականացվի, ապա կթեթևանա նաև Վերին Լարսի հոսքը, արդյունքում զբոսաշրջիկներն ավելի հեշտությամբ կտեղաշարժվեն։ Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Դավիթ Իլոյանը նշեց, որ տարվա կտրվածքով իրենք կարող են առաջարկել կայուն գին։ Պետությունն էլ նախատեսում է սուբսիդավորել, որ բեռների տեղափոխումն ավելի մատչելի լինի գործարարների համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:07 - 22 մայիսի, 2023
Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել՝ ինչ տարածքով է ճանաչում․ Փաշինյան

Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել՝ ինչ տարածքով է ճանաչում․ Փաշինյան

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, որ ՀՀ բոլոր ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Ի՞նչ տարածքով են ճանաչել, որովհետեւ բրյուսելյան վերջին հայտարարությունից հետո հայաստանյան որոշ շրջանակներ սկսեցին խոսել, որ եթե մենք ճանաչենք ամբողջականությունը, դրանով հրաժարվում ենք Արցախից։ Արցախը երբեւէ համարվե՞լ է տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- հարցրեց լրագրողներից մեկը։  «Այո, Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել՝ ինչ տարածքով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանն էլ ասել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է ճանաչում, բայց չի ասել՝ ինչ տարածքով։ Եւ ամբողջ պրոցեսը գնացել է սկսած Ալմա Աթիի հռչակագրից էս տրամաբանությամբ, չնայած՝ Ալմա Աթիի հռչակագիրը ենթադրում է, որ ադմինիստրատիվ սահմանները վերածվում են պետական սահմանների, այսինքն՝ ավտոմատ փոխակերպում է տեղի ունենում, ինչը չի նշանակում, որ հետագայում կարող են նաեւ որոշակի դեմարկացիոն գործընթացների արդյունքում որոշակի ճշգրտումներ լինել»,- ասաց Փաշինյանը։   Ըստ վարչապետի՝ տարածքային վեճ լինելու մասով՝ հարցին պետք է մոտենալ դե յուրե եւ դե ֆակտո․ «Վերջերս անդրադարձա մի նրբության։ Երբ ՀՀ-ն ասում է՝ սա ինքնորոշման հարց է, հարց՝ իսկ կներեք, դուք ո՞վ եք, ես Հայաստանի Հանրապետությունն եմ, իսկ ո՞ւմ ինքնորոշման մասին ա խոսքը, Լեռնային Ղարաբաղի, իսկ ինքը ինչի՞ չի․․․ Ինքնորոշում նշանակում է ինքը, չէ՞․․․ Ինքը ո՞ւր է։ Ինքը ստեղ չի։ Այսինքն՝ երբ ինքը չի խոսացողը, ավտոմատ դառնում ա՝ երկու պետություն տարածքի մասին են խոսում, եւ 98 թվի էդ փոխակերպումը [Արցախը բանակցություններից դուրս թողները,-խմբ․] հենց դա է նշանակել։ Ու, իմիջիայլոց, էս նոր բան չի։ 97-98 թվերին բացենք քաղաքագետների մեկնաբանությունները, քաղաքական գործիչների, որոնք ասում են, որ ԼՂ-ն, բանակցություններից դուրս մղվելով, ստացվում է, որ հարցը տեղափոխվում է այլ հարթություն, առնվազն միջազգային հանրությունը սկսելու է կամաց-կամաց ընկալել որպես տարածքային վեճ, ինչն էլ տեղի է ունեցել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։  
16:14 - 22 մայիսի, 2023
Փաշինյանը պատասխանեց հարցին, թե արդյոք ՀՀ Սահմանադրության խախտում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը

Փաշինյանը պատասխանեց հարցին, թե արդյոք ՀՀ Սահմանադրության խախտում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը

Գերագույն խորհրդի որոշմամբ սահմանվել է, որ Արցախի կարգավիճակը հայ ժողովրդի տեւական նպատակներից ու իղձերից մեկն է, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ ՀՀ սահմանադրությունն էլ իր ուժը ստանում է ԳԽ որոշումից եւ Անկախության հռչակագրից։ Փաստորեն, Դուք հիմա Բրյուսելում պայմանավորվել եք Արցաը թողնել Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ եք կարծում, արդյոք սա Ձեր կողմից ՀՀ սահմանադրության խախտում չէ՞, եւ նաեւ Դուք եք բազմիցս ասել, որ Ադրբեջանը Արցախում ցանկանում է էթնիկ զտումներ, ցեղասպանություն իրականացնել, էս դեպքում ո՞նց եք պատկերացնում, որ Արցախը կարող է Ադրբեջանի հետ ինչ-որ երկխոսություններ վարել, արցախցիներն էլ էնտեղ շարունակեն ապրել։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հարց հնչեցրեց լրագողներից մեկը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ադրբեջանը, մեր ընկալմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների եւ ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում, եւ մեր խնդիրն է առաջինը ամեն ինչ անել այդ քաղաքականության իրագործումը թույլ չտալու համար, եթե հնարավոր է այդ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ՝ ոչ միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով, այլեւ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների միջոցով, նաեւ Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսություն ձեւավորելու միջոցով»,- ասաց Փաշինյանը։  Վարչապետը նշեց՝ լրագրողը Սահմանադրության հետ կապված չափազանց կարեւոր հարց է բարձրացնում։ «1989 թվականին ՀՀ ԳԽ-ն եւ ԼՂ Մարզային խորհուրդը որոշում են կայացրել ԼՂ-ի եւ ՀՀ-ի վերամիավորման վերաբերյալ։ 1990թ․-ին ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր՝ հղում անելով նաեւ այդ որոշմանը։ 1991թ․-ին ԼՂ-ն հայտարարել է անկախություն։ Ումի՞ց է հայտարարել էդ անկախությունը։ Տարբերակ 1․ ՀՀ-ից, եթե էս տարբերակն է՝ ԳԽ եւ ՄԽ որոշումները խախտվել են, թե չէ, եթե խախտվել են, ինչու խախտողները պատասխանատվության չեն ենթարկվել։ Եթե Ադրբեջանից, ինչպե՞ս է, Ադրբեջանից անկախություն հռչակելու պարագայում Անկախության հռչակագիրը եւ Մարզխորհրդի որոշումը խախտվել ե՞ն, թե՞ ոչ, որովհետեւ եթե վերամիավորվել ենք ՀՀ-ի հետ, ումի՞ց ենք անկախություն հռչակում։ Սա տեղավորվում է Ձեր հարցի մեջ։ 1995-ին ՀՀ-ն ընդունել է Սահմանադրություն հանրաքվեով, 97 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը», որտեղ ասել է, որ ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք, եւ, ըստ էության, ասել է, որ դա հնարավոր չէ»,- նշեց վարչապետը։  Լրագրողի ճշտող հարցին՝ այդտեղ ԳԽ որոշումը, Հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվել են, թե՞ չէ, Փաշինյանը ասաց․ «Հաջորդը, 1998թ․-ին տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, եւ ՀՀ-ն բանակցային գործընթացից դուրս ա թողել ԼՂ-ին, որից հետո բանակցություններին որպես հիմք ընդունվել է «Ընդհանուր պետություն» տարբերակը, որտեղ արձանագրված է, որ ԼՂ-ն ինչ-որ տիպի միավորվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում (ես բառերը անգիր չեմ հիշում, բայց իմաստների մեջ վստահ եմ հարյուր տոկոսով)․ սրանով Սահմանադրությունը խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել։ Որից հետո քննարկվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման բանակցային փաթեթը, որը հրապարակված է, բոլորդ տեղյակ եք՝ Մեղրիի շրջանը հանձնելու դիմաց ԼՂ-ն ստանալ․ սա Սահմանադրության խախտու՞մ է, թե՞ չէ։ Որից հետո ընդունվել է «Մադրիդյան սկզբունքները», որի առանցքային, անկյունաքարային դրույթներից մեկը, եւ դե ֆակտո, եւ դե յուրե, այն է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ՝ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով․ հարց․ Սահմանադրությունը, Հռչակագիրը, 89 թվականի որոշումը խախտվել ե՞ն, թե՞ ոչ։ Որովհետեւ եթե անցյալում, ըստ նարատիվի մեր, հանրաքվե է տեղի ունեցել, եւ կարգավիճակը ճշգրտվել է, ապագայում ի՞նչ հանրաքվե է տեղի ունենալու, եւ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի մասին համաձայնությունը զրոյացրել է անցյալում տեղի ունեցած հանրաքվեն, որովհետեւ եթե դու ասում ես կարգավիճակը պետք է որոշովի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեն, էդ նշանակում է անցյալում տեղի ունեցած հանրաքվեով կարգավիճակը չի որոշվել․ 89թ․ որոշումը, Հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ չեն խախտվել։ Հաջորդը․ ասում է, որ պոտենցիալ հանրաքվեն չի կարող սահմանափակել (հայկական կողմի դիրքորոշումն է եղել) ԼՂ-ի որեւէ կարգավիճակ։ Սա նշանակում է, որ էդ համաձայնությամբ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի մաս, ընդ որում Ադրբեջանի կազմում առանց որեւէ կարգավիճակի։ Եթե ասում ենք, որ կարգավիճակի որեւէ սահմանափակում չի կարող լինել, ուրեմն չի կարող լինել կարգավիճակի սահմանափակում, որ ԼՂ-ն Գյանջայի շրջանի մաս է։ Հիմա, էդ սկզբունքն ընդունելով, 89թ․ որոշումը, Անկախության հանրաքվեն, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ չեն խախտվել։ Հաջորդը․ երբ ասվել է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում, կողմերն էլ Հայաստանն ու Ադրբեջանն են, եթե ինքնորոշվել է, եթե չենք համարում Ադրբեջանի մաս, ինչի՞ ենք Ադրբեջանի հետ համաձայնեցնում ժամկետներ, դրանով խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել Սահմանադրությունը»։  Լրագրողը արձագանքեց․ «Ձեր նշած էդ ենթադրյալ խախտումներից որեւէ մեկի պարագայում դրանցից որեւէ մեկը միս ու արյուն չի ստացել, դրանք եղել են բանակցային պրոցեսներ, իսկ Դուք պատրաստվում եք Արցախի վրա վերջնական խաչ քաշել։ Ձեր նշած դեպքերում Արցախն ուներ Պաշտպանության բանակ, պետական ինստիտուտներ, որոնք աշխատում էին, եւ Դուք պատրաստվում եք վերջնական Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում եւ հենց էդ վերջնական ակտն էլ լինելու է ՀՀ սահմանադրության խախտումը, Ձեր նշած կետերը ինձ համար ուղղակի բանակցային դրվագներ են եղել, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել, շատ դեպքերում նաեւ Ադրբեջանի անհամաձայնության պայմաններում»։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ինքն էլ է վկայակոչում ԳԽ որոշում եւ Սահմանադրություն․ «Իմ ասածի եւ Ձեր ասածի մեջ բացարձակ տարբերություն չկա։ Կտրականապես համաձայն չեմ Ձեր այս դիտարկման հետ, որ մենք Արցախի կամ ԼՂ-ի վրա խաչ ենք քաշում։ Որ ասում եք եղել են բանակցային բովանդակություն, էդ բովանդակությունը հո չի՞ ցնդել, դա միջազգային ըմբռնում է ձեւովորում բանակցությունների վերաբերյալ, դրանք հո վակուումի մեջ գոյություն չունե՞ն, դրանք կան՝ որպես միջազգային ընկալման մաս։ Ես ասում եմ՝ մենք եկել ենք եւ պատկերի կեսն ենք ներկայացրել, երբ խոսում էինք, եւ հիմա էլ փորձ ենք անում պատկերի կեսը ներկայացնել՝ ասելով ինքնորոշում, հանրաքվե եւ այլն։ Մենք պետք է հստակ գծենք առաջնահերթությունները․ որո՞նք են մեր առաջնահերթությունները, մենք պիտի կողմորոշվենք մեր ռազմավարական մոդելի վերաբերյալ, մեր պետության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, որովհետեւ դա է բխում ՀՀ-ի եւ հայ ժողովրդի շահերից։ Եւ մեր կառավարությունը գնում է էդ քաղաքականության հետեւից, ինչը փաստ չի, որ մեզ մոտ կստացվի, ինչպես եւ փաստ չի, որ էդ ամեն ինչը, որ նախկինում հնչել է, կստացվի։ Է թող լիներ, ո՞վ էր դեմ»,- ասաց Փաշինյանը։ 
15:24 - 22 մայիսի, 2023
Գաղափար կա խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանի երկայնքով դեմիլիտարիզացիայի գոտի սահմանել․ Փաշինյան

Գաղափար կա խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանի երկայնքով դեմիլիտարիզացիայի գոտի սահմանել․ Փաշինյան

«Փաստ է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք եւ օկուպացրել դրա մի մասը, հիմա, երբ խոսում ենք հայելային հետքաշման մասին, ստացվելու է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ստեղծվելու է բուֆերային գոտի, ի՞նչ է տալու դա մեզ, երբ ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ մեր տարածքում»,- նման հարց հնչեցրեց լրագրողը, ինչի ի պատասխան Փաշինյանը ասաց․ «Երբ ասում ենք հայելային հետքաշում, ինչն է հիմնական իմաստը․ ասում ենք վերցնենք սահմանի գիծ, ասենք 1975թ․ Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզները, եւ էդ արձանագրված գծից զորքերը հայելային հետ քաշենք։ Եթե ՀՀ-ի տարածքում բուֆերային գոտի ստեղծվելու է, ուրեմն բուֆերային գոտի ստեղծվելու է նաեւ Ադրբեջանի տարածքում։ Գաղափար կա խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանի երկայնքով դեմիլիտարիզացիայի (ապառազմականացված-խմբ․) գոտի սահմանել, որը, կարծում եմ, առնվազն քննարկելի է առաջարկ է»,- ասաց Փաշինյանը։ Լրագրողը հարցրեց՝ եթե խաղաղության պայմանագրի շուրջ կողմերը համաձայնության գան, ինչպիսի՞ն են լինելու իշխանության գործողությունները երկրի ներսում, ի՞նչ միջոցառումներով է հանրությունը մասնակից լինելու պրոցեսին, արդյոք հանրաքվեն հնարավոր տարբերակ եք դիտարկում։ «Ամենակարեւոր նրբությունը, որ պիտի հաշվի առնել, այն է, որ էն իշխանությունը, որը գնում է էդպիսի որոշման, առաջին հերթին իր վրա վերցնում է քաղաքական պատասխանատվություն։ Իհարկե, կան շատ այլ գործիքներ, գործիքակազմեր, ժողովորդավարական, ավելի ժողովրդավարական, պակաս ժողովրդավարական, բայց ես չեմ ուզենա, որ մենք որեւէ ձեւով ստեղծենք տպավորություն, թե մենք փորձ ենք անում մեր քաղաքական պատասխանատվությունից խուսափել եւ մեր քաղաքական պատասխանատվությունը դնել այլ սուբյեկտների վրա։ Իսկ, ընդհանուր առմամբ, որեւէ քննարկում չեմ բացառում, բայց որոշումներ կայացնելու մասին հիմա չեմ կարող ասել։ Ես պատկերացնում եմ, որ եթե, հույս ունեմ, պրոցեսը կգնա էդ ուղղությամբ, որ մենք ստորագրելու բան կունենանք, որեւէ գործողություն չձեռնարկել, որը կարող է նշանակել քաղաքական պատասխանատվությունից խուսափել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով զորքերի հայելային հետքաշման մասին Փաշինյանը նշեց՝ դա առնվազն չի հակասում ՀՀ պետական շահերին։ «Ընդհանրապես, իդեալի մեջ, երբ մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ոչ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք ա լինի, ոչ էլ․․․ Զորքը պետք ա լինի զորամասում, որը կարող ա լինել Գորիսում, օրինակ, իսկ սահմանին պետք ա լինի սահմանապահը, որովհետեւ երբ սահմանի անվտանգությունը դե յուրե հիմնավորված ա եւ միջազգային մեխանիզմներով ամրագրված ա, էդ իրավիճակում զորքերը գտնվում են իրենց մշտական տեղակայման վայրում, իսկ սահմանին գտնվում են սահմանապահները։ Շատ կարեւոր է, որ մենք տերմինները, գիտեք, շատ դեպքերում օգտագործում ենք, էդ տերմինների վրա կանգ չենք առնում՝ դրանց խորությունը եւ էությունը հասկանալու համար, հընթացս ասում ենք, ֆիքսվում եւ արձանագրվում է։ Օրինակ՝ ասում եք՝ «Փառուխը հայաթափված»․ Ձեր նշած հայաթափումից առաջ Փառուխում քանի՞ մարդ ա ապրել, էս վիճակագրություններն էլ մենք պիտի իմանանք, որպեսզի իրականությունն ամբողջական նկարագրենք»։ 
14:45 - 22 մայիսի, 2023
Չափազանց կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից». ԱՀ ԱԳ նախարար |artsakhpress.am|

Չափազանց կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից». ԱՀ ԱԳ նախարար |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պատասխանել է «Արցախպրես»-ի հարցերին, որոնք վերաբերում են միջազգային դերակատարների միջնորդական բանակցային ռազմավարության արդյունավետությանը, միջազգային հանրության կողմից արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման և դրա միջոցով Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու գործում անելիքներին ու պարտավորություններին: -Պարոն նախարար, տարիներ շարունակ արցախյան փորձագիտական հանրույթի կողմից և երբեմն էլ պաշտոնական որոշակի մակարդակով կարծիք է հայտնվել, որ պետք է փոխվեն բանակցային գործընթացի մեթոդաբանությունն ու փիլիսոփայությունը։ Համաձայն ե՞ք, որ կարգավորման հիմքում պետք է դրվեին ոչ թե հակամարտության և դրա ռազմական զարգացման հետևանքները, իմա՝ տարածքների հարցը, այլ հակամարտության բուն պատճառը՝ Արցախի կարգավիճակը։ Ըստ Ձեզ, ինչքանո՞վ էր ճիշտ և արդարացված միջնորդների բանակցային ռազմավարությունը: - Արցախի կարգավիճակը միշտ էլ եղել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմերի օրակարգի առանցքային կետը։ 1994 թ․ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի կնքումից ի վեր և բանակցային գործընթացի ողջ ընթացքում Արցախի և Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և փոխզիջումային կարգավորման օգտին, որի առանցքում պետք է լիներ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը: Այնինչ Ադրբեջանը, թաքնվելով բանակցային գործընթացի ետևում և ժամանակ ձգձգելով, բացահայտ կերպով պատրաստվում էր հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծմանը: Տարիներ շարունակ միջնորդների կողմից արված այն հայտարարությունները, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, անարդյունավետ դուրս եկան այն պարզ պատճառով, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները և ուժի կիրառման դեպքերը միջնորդ երկրների կողմից չէին արժանանում համարժեք դատապարտման և արձագանքի։ Մինչդեռ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության անդամ և բանակցային կողմ, ստանձնել էր հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ պարտավորություն: Հետևաբար, այսօր Ադրբեջանի կողմից հնչող այն պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, չեն համապատասխանում իրականությանը, ինչն արտացոլված է նաև գործընթացում ներգրավված դերակատարների դիրքորոշումներում։ Միջազգային մակարդակով Արցախի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, լրացուցիչ ջանքեր կգործադրեն Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցային գործընթացի վերակագնման ուղղությամբ, առանց որի անհնար կլինի հասնել հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորմանը։ -Իսկ ինչպե՞ս կբնորոշեիք Արցախի շրջափակումը, ի՞նչ երևույթ է սա։ Ադրբեջանի իշխանությունների կողմից -Արցախի 120 հազար բնակիչների ավելի քան 5 ամիս տևող շրջափակումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակություն, որի նպատակն է ուժի կիրառման, պարտադրանքի և էթնիկ զտման հետևողական քաղաքականության միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցի միջազգային օրակարգից դուրսբերմանը: Ակնհայտ է, որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներով, Արցախում բնականոն կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելով՝ ռազմաքաղաքական շանտաժի և պարտադրանքի քաղաքականությամբ պաշտոնական Բաքուն ձգտում է հասնել իր հիմնական և առաջնային նպատակներից մեկին. ստիպել արցախցուն անորոշությունից և վախից ելնելով լքել սեփական հայրենիքը: -Ինչպե՞ս եք գնահատում արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման և դրա միջոցով Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու գործում միջազգային ջանքերը։ Մասնավորապես, ի՞նչ պետք է անի, ըստ Ձեզ, միջազգային հանրությունն այս դեպքում։-Միջազգային հանրությունն ունի հստակ քաղաքական և իրավական պարտավորություններ և մեխանիզմներ՝ կանխելու մարդու իրավունքների զանգվածային խախտումները, հատկապես դրանց այնպիսի ծայրահեղ դրսևորումները, ինչպիսիք են մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը։ Արցախի շրջափակումն այն կարմիր դրոշակն է, որը պետք է ահազանգի միջազգային հանրությանը հնարավոր զանգվածային հանցագործութունների մասին։ Արցախի ժողովրդի դեմ հնարավոր զանգվածային հանցագործությունները կանխելու պարտավորության շրջանակներում, միջազգային հանրությունը, քաղաքական և դիվանագիտական գործիքներ կիրառելուց բացի, պետք է համապատասխան իրավական գնահատականներ տա Ադրբեջանի հանցավոր գործողություններին։ Բանակցային գործընթացում իրական առաջընթաց ապահովելու ուղղությամբ միջնորդների և այլ դերակատարների կողմից գործադրվող ջանքերը չեն կարող և չպետք է փոխարինեն այն հստակ քայլերին ու գործողություններին, որոնք միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների պարտավոր է ձեռնարկել՝ կանխելու ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները և էթնիկ զտումները աշխարհի ցանկացած կետում, առանց քաղաքական, տնտեսական, աշխարհագրական կամ այլ նկատառումներ հաշվի առնելու։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև այն մարմինն է, որը պետք է ապահովի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։ 2023 թ․ փետրվարի 22-ի ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը որոշում է ընդունել Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց՝ պարտավորեցնելով վերջինիս ապահովել Արցախի ապաշրջափակումը և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը։ Այդ որոշումը տրամաբանական շարունակությունն է մինչ այդ՝ 2021 թ․ դեկտեմբերի 7-ին կայացված միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշման, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, այդ թվում` պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Նույն որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները: Այս առումով մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան գործողությունները՝ ապահովելու այդ որոշումների իրականացումը։ -Կարելի է փաստել, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը և վերջին տարիների բոլոր հանցագործությունները հետևանք են վերջինիս ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը պատշաճ գնահատականի և արձագանքի բացակայության, և եթե հակամարտությունը համապարփակ և կայուն լուծում չստանա, ապա նման հանցագործությունները, ամենայն հավանականությամբ, շարունակվելու են: Այս առումով Դուք տեսնու՞մ եք հեռանկարը, և ի՞նչ լուծում պետք է ստանա հակամարտությունը, ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ ձևաչափերով, որպեսզի այն լինի արդարացի և արդյունավետ: Եվ արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն կարող են բերել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը, և ինչպիսի՞ն է Արցախի Հանրապետության դիրքորոշումը այս հարցում:-Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միասնական է. միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ և արդար խաղաղության ու կայունության հաստատման համար։ Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ և փոխընդունելի լուծման շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության և պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների հիման վրա։ Նախքան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման ուղղությամբ լիարժեք ձևաչափով բանակցությունների համար պայմանների ստեղծումը՝ նպատակահարմար է հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ երկխոսության հաստատումը Ստեփանակերտի և Բաքվի միջև, որը սակայն չպետք է և չի կարող փոխարինել քաղաքական հարցերի շուրջ բանակցություններին։ Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, սահմանազատումը և սահմանագծումը չեն կարող կանխորոշել ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը և Արցախի վերջնական կարգավիճակը։ Միևնույն ժամանակ առանց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ասել է թե՝ կիսատ մոտեցմամբ հնարավոր չէ պատկերացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը: Չնայած առկա դժվարություններին՝ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից։ Եթե այսօր հնարավոր չէ հասնել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային լուծման, ապա պետք է ընդունել այս խնդրի առկայությունը և հետաձգել որոշման ընդունումը մինչև դրա համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ այդ ընթացքում ապահովելով Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնիշխանության արդյունավետ և հուսալի միջազգային երաշխիքներ։  
10:45 - 21 մայիսի, 2023
«Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական»․ Կոռնիձորում տեղի ունեցավ «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» հանրահավաքը

«Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական»․ Կոռնիձորում տեղի ունեցավ «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» հանրահավաքը

Սյունիքի մարզում՝ Կոռնիձորում, տեղի ունեցավ «Կամավորական շարժում» ՀԿ-ի՝ «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» հանրահավաքը։  Շարժման մասնակիցների խոսքով՝ հանրահավաքի նպատակն է՝ ոչ ասել «Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին», «տեր լինելու Արցախին և Հայաստանին մեր որոշումը վերահաստատելու, ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար»։ Հանրահավաքի կազմակերպիչները մասնակիցների անունից հնչեցրին ուղերձ, որում նշված էր․  «Հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները և բեկում մտցնելու վիճակի մեջ։ Հայության դիմադրութան ոգին անկոտրում է։ Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի և գործողության համար։ Արցախի ազատության և ինքորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակաազդեցության՝ ում կողմից էլ, որ այն կատարվի։ Արցախի ինքնիշխանության և արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումը և գործադրումը Հայաստանի և Արցախի իշխանությունների պարտավորությունն է։  Հայաստանի որևէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցակցված հանրաքվեների արդյունքները, ՀՀ Սահմանադրությունը և դրա անքակտելի մաս կազմող Անկախության հռչակագիրը, ի սկզբանե առոչինչ են։ Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդւորժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում։ Իրական և երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղության քանի դեռ գերված են Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը։ Մեր պայքարը շարունակական է։ Հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել և պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության և անվտանգության խնդիրների հրատապ լուծումը այլընտրանք չունի։ Որպես արժանապատիվ և հայրենատեր հայեր՝ մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք և ունենք կամք՝ ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։ Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական»։ Ուղերձն ու հանրահավաքը եզրափակվեցին «կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայ ժողովուրդը» վանկարկումներով։ 
14:30 - 20 մայիսի, 2023
ԱՄՆ պատժամիջոցներ նոր ցանկում կան նաև հայկական և ղրղըզական ընկերություններ
 |azatutyun.am|

ԱՄՆ պատժամիջոցներ նոր ցանկում կան նաև հայկական և ղրղըզական ընկերություններ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել յոթ տասնյակ ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ հայաստանյան Medisar ՍՊԸ-ի նկատմամբ, որոնք ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ աջակցում են Ռուսաստանի բանակին և ռազմական արդյունաբերությանը: Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ 2001 թվականին ստեղծված Medisar ՍՊԸ-ն արդյունաբերական և լաբորատոր քիմիական նյութերի, սննդանյութերի և լաբորատոր սարքավորումների խոշոր ներմուծողներից է Հայաստանում: Պատժամիջոցների ցանկում կան նաև ղրղըզական ընկերություններ, որոնց անունները հրապարակված չեն։ Ռուսական ընկերություններից են ավիացիայի համար ռադիոկապի սարքավորումներ ստեղծող «ПРИМА» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Իժևսկի անօդաչու համակարգեր» գիտաարտադրական միավորումը, «Ստրելա», «Ռոստվերտոլ», «Պրոլետարսկի զավոդ», «Տեխմաշ», «Ուրալ» ընկերությունները և ևս մի քանի տասնյակ հիմնարկներ: ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը որոշումը հրապարակել է մայիսի 19-ին՝ Հիրոշիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկի օրը: «Մեծ յոթնյակը» հայտարարել է, որ կշարունակի Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն քաղաքականությունը:
19:35 - 19 մայիսի, 2023
ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանն աջակցման մասին |hetq.am|

ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանն աջակցման մասին |hetq.am|

hetq.am: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են ընթանում բանակցությունները։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը՝ մեկնաբանելովայսօր՝ մայիսի 19-ին Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք հանդիպումը, ինչպես նաև մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը։ «Մենք ողջունում ենք հաղորդագրությունն այն մասին, որ կողմերը մտադիր են շարունակել քննարկումը։ Կրկնում եմ, մենք համոզված ենք, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունը այդ խնդիրների լուծման բանալին է։ Երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք վարվում են, որտեղ էլ որ լինեն՝ Արլինգթոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում»,- նշել է նա։ Փաթելն ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք այս հարցով «անդրկուլիսյան բանակցություններ» են ընթանում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ «Չխորանալով դիվանագիտական հարաբերությունների մանրամասների մեջ՝ կարող եմ ասել, որ պատճառներից մեկը, որ մենք պահպանում ենք Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները նույնիսկ ահռելի ճնշման ժամանակաշրջանում, դա, իհարկե, մեր երկրների առաջ ծառացած մի շարք հարցերն են, որոնք մենք պետք է ողջ պատասխանատվությամբ, համապատասխան կերպով քննարկենք»,- հայտնել է ամերիկացի դիվանագետը։ Փաթելին նաև հարցրել են, թե արդյոք Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն փորձել է կապ հաստատել ռուսական կողմի հետ։ «Նա նախկինի պես լրջորեն ներգրավված է այդ գործում։ Ես չեմ անդրադառնա դիվանագիտական գծով կոնկրետ զանգերին։ Կրկնում եմ, մենք կառուցողական ենք համարում բանակցությունները, որոնք մայիսի սկզբին ընթացել են Արլինգթոնում»,- եզրափակել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
11:35 - 19 մայիսի, 2023
ՀԱՊԿ-ը վերահաստատում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը. Տասմագամբետով |1lurer.am|

ՀԱՊԿ-ը վերահաստատում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը. Տասմագամբետով |1lurer.am|

1lurer.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահաստատում է Երևանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այս մասին Մինսկում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի՝ նախորդ տարվա նոյեմբերին կայացած նստաշրջանում, վերահաստատում ենք Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների ուսուցման և նրանց ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու միջոցով»,- ասել է Տասմագամբետովը: Երեկ՝ մայիսի 17-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն ապացուցեց իր կենսունակությունը, երբ Ղազախստանը 2022 թվականի հունվարին օգնություն խնդրեց՝ հավելելով, թե կազմակերպությունը պատրաստ էր նույն կերպ օգնել նաև Հայաստանին:
16:32 - 18 մայիսի, 2023