Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել՝ ինչ տարածքով է ճանաչում․ Փաշինյան
16:14 - 22 մայիսի, 2023

Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել՝ ինչ տարածքով է ճանաչում․ Փաշինյան

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, որ ՀՀ բոլոր ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Ի՞նչ տարածքով են ճանաչել, որովհետեւ բրյուսելյան վերջին հայտարարությունից հետո հայաստանյան որոշ շրջանակներ սկսեցին խոսել, որ եթե մենք ճանաչենք ամբողջականությունը, դրանով հրաժարվում ենք Արցախից։ Արցախը երբեւէ համարվե՞լ է տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- հարցրեց լրագրողներից մեկը։ 

«Այո, Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել՝ ինչ տարածքով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանն էլ ասել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է ճանաչում, բայց չի ասել՝ ինչ տարածքով։ Եւ ամբողջ պրոցեսը գնացել է սկսած Ալմա Աթիի հռչակագրից էս տրամաբանությամբ, չնայած՝ Ալմա Աթիի հռչակագիրը ենթադրում է, որ ադմինիստրատիվ սահմանները վերածվում են պետական սահմանների, այսինքն՝ ավտոմատ փոխակերպում է տեղի ունենում, ինչը չի նշանակում, որ հետագայում կարող են նաեւ որոշակի դեմարկացիոն գործընթացների արդյունքում որոշակի ճշգրտումներ լինել»,- ասաց Փաշինյանը։  

Ըստ վարչապետի՝ տարածքային վեճ լինելու մասով՝ հարցին պետք է մոտենալ դե յուրե եւ դե ֆակտո․

«Վերջերս անդրադարձա մի նրբության։ Երբ ՀՀ-ն ասում է՝ սա ինքնորոշման հարց է, հարց՝ իսկ կներեք, դուք ո՞վ եք, ես Հայաստանի Հանրապետությունն եմ, իսկ ո՞ւմ ինքնորոշման մասին ա խոսքը, Լեռնային Ղարաբաղի, իսկ ինքը ինչի՞ չի․․․ Ինքնորոշում նշանակում է ինքը, չէ՞․․․ Ինքը ո՞ւր է։ Ինքը ստեղ չի։ Այսինքն՝ երբ ինքը չի խոսացողը, ավտոմատ դառնում ա՝ երկու պետություն տարածքի մասին են խոսում, եւ 98 թվի էդ փոխակերպումը [Արցախը բանակցություններից դուրս թողները,-խմբ․] հենց դա է նշանակել։ Ու, իմիջիայլոց, էս նոր բան չի։ 97-98 թվերին բացենք քաղաքագետների մեկնաբանությունները, քաղաքական գործիչների, որոնք ասում են, որ ԼՂ-ն, բանակցություններից դուրս մղվելով, ստացվում է, որ հարցը տեղափոխվում է այլ հարթություն, առնվազն միջազգային հանրությունը սկսելու է կամաց-կամաց ընկալել որպես տարածքային վեճ, ինչն էլ տեղի է ունեցել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել