Գաղափար կա խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանի երկայնքով դեմիլիտարիզացիայի գոտի սահմանել․ Փաշինյան
14:45 - 22 մայիսի, 2023

Գաղափար կա խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանի երկայնքով դեմիլիտարիզացիայի գոտի սահմանել․ Փաշինյան

«Փաստ է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք եւ օկուպացրել դրա մի մասը, հիմա, երբ խոսում ենք հայելային հետքաշման մասին, ստացվելու է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ստեղծվելու է բուֆերային գոտի, ի՞նչ է տալու դա մեզ, երբ ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ մեր տարածքում»,- նման հարց հնչեցրեց լրագրողը, ինչի ի պատասխան Փաշինյանը ասաց․

«Երբ ասում ենք հայելային հետքաշում, ինչն է հիմնական իմաստը․ ասում ենք վերցնենք սահմանի գիծ, ասենք 1975թ․ Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզները, եւ էդ արձանագրված գծից զորքերը հայելային հետ քաշենք։ Եթե ՀՀ-ի տարածքում բուֆերային գոտի ստեղծվելու է, ուրեմն բուֆերային գոտի ստեղծվելու է նաեւ Ադրբեջանի տարածքում։ Գաղափար կա խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանի երկայնքով դեմիլիտարիզացիայի (ապառազմականացված-խմբ․) գոտի սահմանել, որը, կարծում եմ, առնվազն քննարկելի է առաջարկ է»,- ասաց Փաշինյանը։

Լրագրողը հարցրեց՝ եթե խաղաղության պայմանագրի շուրջ կողմերը համաձայնության գան, ինչպիսի՞ն են լինելու իշխանության գործողությունները երկրի ներսում, ի՞նչ միջոցառումներով է հանրությունը մասնակից լինելու պրոցեսին, արդյոք հանրաքվեն հնարավոր տարբերակ եք դիտարկում։

«Ամենակարեւոր նրբությունը, որ պիտի հաշվի առնել, այն է, որ էն իշխանությունը, որը գնում է էդպիսի որոշման, առաջին հերթին իր վրա վերցնում է քաղաքական պատասխանատվություն։ Իհարկե, կան շատ այլ գործիքներ, գործիքակազմեր, ժողովորդավարական, ավելի ժողովրդավարական, պակաս ժողովրդավարական, բայց ես չեմ ուզենա, որ մենք որեւէ ձեւով ստեղծենք տպավորություն, թե մենք փորձ ենք անում մեր քաղաքական պատասխանատվությունից խուսափել եւ մեր քաղաքական պատասխանատվությունը դնել այլ սուբյեկտների վրա։ Իսկ, ընդհանուր առմամբ, որեւէ քննարկում չեմ բացառում, բայց որոշումներ կայացնելու մասին հիմա չեմ կարող ասել։ Ես պատկերացնում եմ, որ եթե, հույս ունեմ, պրոցեսը կգնա էդ ուղղությամբ, որ մենք ստորագրելու բան կունենանք, որեւէ գործողություն չձեռնարկել, որը կարող է նշանակել քաղաքական պատասխանատվությունից խուսափել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով զորքերի հայելային հետքաշման մասին Փաշինյանը նշեց՝ դա առնվազն չի հակասում ՀՀ պետական շահերին։

«Ընդհանրապես, իդեալի մեջ, երբ մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ոչ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք ա լինի, ոչ էլ․․․ Զորքը պետք ա լինի զորամասում, որը կարող ա լինել Գորիսում, օրինակ, իսկ սահմանին պետք ա լինի սահմանապահը, որովհետեւ երբ սահմանի անվտանգությունը դե յուրե հիմնավորված ա եւ միջազգային մեխանիզմներով ամրագրված ա, էդ իրավիճակում զորքերը գտնվում են իրենց մշտական տեղակայման վայրում, իսկ սահմանին գտնվում են սահմանապահները։ Շատ կարեւոր է, որ մենք տերմինները, գիտեք, շատ դեպքերում օգտագործում ենք, էդ տերմինների վրա կանգ չենք առնում՝ դրանց խորությունը եւ էությունը հասկանալու համար, հընթացս ասում ենք, ֆիքսվում եւ արձանագրվում է։ Օրինակ՝ ասում եք՝ «Փառուխը հայաթափված»․ Ձեր նշած հայաթափումից առաջ Փառուխում քանի՞ մարդ ա ապրել, էս վիճակագրություններն էլ մենք պիտի իմանանք, որպեսզի իրականությունն ամբողջական նկարագրենք»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել