Ինֆոքոմ

2021 թ․-ին աճել է ինչպես հանցագործությունների, այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշը․ Արթուր Դավթյան

2021 թ․-ին աճել է ինչպես հանցագործությունների, այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշը․ Արթուր Դավթյան

2021թ. արձանագրվել է ինչպես հանցագործությունների դեպքերի, այնպես էլ հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան։  Վերջինս ԱԺ է եկել՝ ներկայացնելու Դատախազության 2021 թվականի տարեկան հաղորդումը։ Հաշվի առնելով, որ հաղորդումը շատ ծավալուն է եւ հասանելի է նաեւ Դատախազության պաշտոնական կայքում՝ Դավթյանը խոսեց հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներից։ Նա նախ հայտնեց, որ 2021թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 30.245 դեպք, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 3777-ով կամ 14.3%-ով․ «Ամենապարզ կրիմինալոգիական վերլուծությունը վկայում է վերջին տարիներին հանցավորության աճի երկու գլխավոր պատճառների մասին։ Առաջինն այն է, որ քրեականացվել են բազմաթիվ նոր, ոչ մեծ եւ միջին ծանրության արարքներ, իսկ երկրորդը՝ այն, որ բարելավվել են հանցագործությունների պաշտոնական գրանցման, բացահայտման աշխատանքները»,- ասաց Դավթյանը։ Ըստ նրա՝ հանցագործության 30․245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1%-ը կազմում են ոչ մեծ (17.460 դեպք կամ 57.7%) եւ միջին ծանրության (7988 դեպք կամ 26.4%-ը), այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ամբողջի 1.2%-ը, ծանր հանցագործությունները՝ 14.7%-ը։ Արթուր Դավթյանի խոսքով՝ «Համաշխարհային բնակչության գնահատում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը` 22.79 ինդեքսով՝ առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ եվրոպական երկրների մեծ մասից․ «Համեմատության համար նշենք, որ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝ 23-րդ տեղը, Գերմանիան՝ 42-րդ տեղը' 35.79 ինդեքսով, Ռուսաստանը' 51-րդ տեղը»: Անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը՝ Գլխավոր դատախազը նշեց, որ 2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57․7 տոկոս նախորդ տարվա 55․7 տոկոսի դիմաց։ Հաշվետու տարում բացահայտվել է 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի։ Դավթյանը հայտնեց, որ որոշ հանցագործությունների դեպքում, այնուհանդերձ, առկա է մտահոգիչ պատկեր։ Խոսքը վերաբերում է հատկապես մարդու դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ սպանության եւ սպանության փորձին, որոնց ցուցանիշները նախորդ տարվա համեմատ աճել են 20 եւ 17․9 տոկոսներով, ինչպես նաեւ թրաֆիքինգի, բռնաբարությունների, ապօրինի ծառահատումների, ճանապարհային անվտանգության եւ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերին։ Ըստ Գլխավոր դատախազի՝ մտահոգիչ է հատկապես ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի ծավալը։   Միլենա Խաչիկյան
16:50 - 03 մայիսի, 2022
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում մարտերը վերսկսվել են

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում մարտերը վերսկսվել են

Ռուսական զորքերը սկսել են ուկրաինական Մարիուպոլ քաղաքում գտնվող «Ազովստալ» գործարանի գրոհը, հայտնում է Liga.net ուկրաինական առցանց պարբերականը՝ վկայակոչելով «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարի խոսքերը։ «Մարիուպոլի պաշտպանները գիտեն, որ նախագահին զեկուցում են Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին […] Այդ պատճառով էլ նրանից կտրուկ գործողությունների են սպասում, քանի որ իրավիճակը շատ բարդ է», - ասել է Պալամարը։ Ռազմական լրագրող Անդրեյ Ցապլիենկոյի պնդմամբ՝ գրոհից առաջ ռուսական կողմը ժամեր շարունակ ռմբակոծել է «Ազովստալը»․ «Հրդեհ է բռնկվել, ծխի քուլաները երևում են Մարիուպոլի բոլոր թաղամասերից»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «ռուսաստանցի զինծառայողները ԴԺՀ բանակի հետ միասին սկսել են ոչնչացնել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում զինյալների կրակակետերը՝ հրետանու և ավիացիայի կիրառմամբ»։   Նորա Վանյան
16:44 - 03 մայիսի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը

Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմին առնչվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը, մինչեւ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։  Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նման հիմքով միջնորդության հետաձգումը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ  ապրիլի 26-ին ստացել են պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 309-րդ հոդվածի 3-րդ մաս): Հսկող դատախազի կողմից միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:
15:43 - 03 մայիսի, 2022
Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմը» սատարելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմը» սատարելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն «հակապատմական» է անվանել Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդի հայտարարությունները։ Նախօրեին նախարարը Ռուսաստանից պահանջել էր ներողություն խնդրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ, հավանաբար, «Ադոլֆ Հիտլերը նույնպես հրեական արյուն է ունեցել», գրում է «Կոմերսանտը»։ «Ուշադրություն ենք դարձրել Իսրայելի ԱԳ նախարարի հակապատմական հայտարարություններին, որոնք մեծ մասամբ բացատրում են Կիևի նեոնացիստական ռեժիմը սատարելու Իսրայելի ներկայիս կառավարության քաղաքականությունը»,- ասված է Թվիթերում ՌԴ ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունում։ Գերատեսչությունը պնդում է, որ «պատմությունը, ցավոք, գիտի հրեաների և նացիստների համագործակցության ողբերգական օրինակներ»։ ՌԴ ԱԳՆ կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «շահարկում է իր արմատները» և «թաքնվում ծագման հետևում և ծածկում իսկական նեոնացիստներին»։ «Նախագահի հրեական ծագումը երկրում նեոնացիզմի տարածումից պաշտպանվելու երաշխիք չէ։ Ի դեպ, Ուկրաինան այս առումով միակը չէ։ Լատվիայի նախագահ Է․ Լևիտսը նույնպես հրեական արմատներ ունի։ Եվ նույնպես «հաջողությամբ» քողարկում է «Վաֆեն ՍՍ»-ի վերականգնումը», - նշել է ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի կոչը՝ հարգելու լատվիական Waffen SS լեգիոնի՝ մարտի դաշտում ընկած մասնակիցների հիշատակը։ Նշենք, որ Սերգեյ Լավրովն իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագումը չի նշանակում, որ երկրում նացիստներ չկան։ Դրանից հետո՝ մայիսի 2-ին, ՌԴ դեսպանը կանչվել էր Իսրայելի ԱԳՆ՝ բացատրություններ տալու։ Իսրայելի արտգործնախարարը Լավրովի հայտարարությունն անվանել էր «աններելի», ինչպես նաև «սարսափելի պատմական սխալ»։ ԱՄՆ Պետդեպն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին նույնպես քննադատել էին Լավրովին։   Նորա Վանյան  
15:27 - 03 մայիսի, 2022
Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ պատասխան պատժամիջոցներ կսահմանվեն «ոչ բարեկամական գործողություններ» կատարած երկրների և իրավաբանական անձանց դեմ։ Կառավարությունը պետք է 10-օրյա ժամկետում որոշի այն անձանց ցանկը, որոնց վրա կտարածվեն այս պատժամիջոցները, գրում է «Կոմերսանտը»։ Հրամանագրի շրջանակում արգելվել է․ պատժամիջոցների տակ հայտնված օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձնանց հետ գործարքներ իրականացնելն ու նրանց նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելը (այդ թվում՝ արդեն կնքված արտաքին առևտրային պայմանագրերով); Ռուսաստանից հումք և ապրանքներ արտահանել՝ հօգուտ սև ցուցակում հայտնված անձանց։ Փետրվարի վերջից արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Ռուսաստանն այդ ֆոնին մարտին ընդլայնել է «ոչ բարեկամ» երկրների ցանկը։ Դրանում այժմ 48 սուբյեկտ կա։   Նորա Վանյան
14:52 - 03 մայիսի, 2022
Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Այսօր՝ Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում քննարկվեց «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։  Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ասաց՝ ՀՀ կառավարության 2007 թ․-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը  ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ։ «Սակայն դեռևս օրենքով ՀՀ կառավարությանը տրված չէ այդ լիազորությունը։ Նախագծի նպատակն է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել հաստատելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ»։  Նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ընդգծեց՝ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, և ՀՀ-ն աշխարհիկ պետություն է․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ պատկան մարմինները կրոնական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչեն մարդու ազգային պատկանելությունը, որի հետևանքով մարդը կարող է հավակնել ՀՀ քաղաքացի դառնալու։ Եթե չեմ սխալվում, մեր մոտ Սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից, և մենք աշխարհիկ պետություն ենք։ Եթե այդպես է, այդ դեպքում պետք է նաև ընդունենք, որ այլ փաստաթղթեր էլ կան, որոնք տալիս են եկեղեցու կողմից և այդ փաստաթղթերը պետք է հանդիսանան քաղաքացիաիրավական հարաբերությունների համար ապացույց՝ հետագայում ամուսնության կամ ամուսնալուծության պարագայում գույքային պահանջների քննարկման ժամանակ»։  Արա Ֆիդանյանը, արձագանքելով պատգամավորին, ասաց՝ եկեղեցիների կողմից տրված փաստաթղթերը հիմք են անձանց ազգությամբ հայ ճանաչելու և ՀՀ քաղաքացիություն տրամադրելու համար․  «Մնացյալը իրավահարաբերությունների հետ կապված, տվյալ նախագծի շրջանակներում որևէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել»,-ասաց նա։  Արսենյանն էլ ասաց՝ ՀՀ քաղաքացիների՝ քաղաքացի դառնալու համար դավանաբանական պատկանելությունը ամենակարևոր կոմպոնենտը չի։  Արսենյանի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․  «Հաճախ  տարբեր երկրներում բնակվող մեր  հայրենակիցները եզակի հնարավորություն են ունենում ներկայացնել հենց այդ փաստաթուղթը և դա որևէ կապ չունի դավանաբանության հետ»։
10:58 - 03 մայիսի, 2022
Պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքական շահի ընթացքի մեջ են․ Սերգեյ Բագրատյան

Պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքական շահի ընթացքի մեջ են․ Սերգեյ Բագրատյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ընդդիմության արդեն երկու օր տևող ակցիաների պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն է՝ նշաձողն իջեցնելու պահանջի մասին։ Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը սպառել էր ներքաղաքական օրակարգը, չկար մի բան, որով հնարավոր էր հանրությանը գեներացնել,  դրա համար էլ փորձում է «ելույթի այդ մի հատվածով» գեներացնել հանրային դժգոհություն։ «Արտաքին դիվանագիտական ճակատում մեր կարևորագույն հանդիպումներից առաջ անպայման ձեռնարկվում են որոշակի ակցիաներ, ընդդիմության կողմից ճնշում է գործադրվում գործող իշխանության վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության գերկենտրոնացումը արտաքին ճակատում կարող է թուլացրած լինել ներսը, իրենք [ընդդիմադիրները] փորձում են օգտվել հնարավորությունից և իրենց նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չեն դնում»,- 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։ Խոսելով ակցիաների մասին՝ Բագրատյանը նշեց, որ պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ «քաղաքական շահի ընթացքի մեջ են»։ «Ենթադրվում է նաև, որ հնարավոր է, որ որոշակի կենտրոններից ուղերձներ են հղվում ընդդիմությանը, և փորձում են գեներացնել այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները սխալվեն այս դիվանագիտության հարաբերության ընթացքում, իսկ ներքին և արտաքին ճնշման տակ այդ սխալների արդյունքում իրենք կարողանան իշխանափոխություն իրականացնել»,- նշեց պատգամավորը։ Բագրատյանը նաև մտահոգությու հայտնեց, որ ընդդիմության մի թևը Հայաստանի ապագան տեսնում է «առնվազն Ռուսաստանի հետ համընթաց»։ «Այսինքն՝ այստեղ մենք անկախության լուրջ կորուստներ կարող ենք արձանագրել և մեր սուվերենությունը հանձնել որևէ երրորդ պետության։ Ոչ ոք չի հրաժարվում ռազմավարական դաշնակցի հետ համագործակցությունից, բայց ցանկացած համագործակցություն և ցանկացած հարաբերություն պետք է չլինի ի հաշիվ երկրի անկախության և սուվերենության»,- ասաց նա։ Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմությունն ու իշխանությունն ունեն կուլիսային պայմանավորվածություններ, Բագրատյանը նշեց․ «Ցանկացած ակցիա, որը կոնկրետ նշում է Արցախի հարցում իշխանության բացթողումները՝ նշաձողն իջեցնելու հետ կապված և այլն, դու կարող ես դա օգտագործել արտաքին հարթակներում, որ կա ընդդիմություն, որն Արցախի հարցում այլ դիրքորոշում ունի, և այդ դիրքորոշումը կարող է բերել արհավիրքների։ Եվ արտաքին խաղացողները, որոնք շահագրգռված են տարածաշրջային խաղաղությամբ, հաշվի են նստելու այդ իրողության հետ։ Եթե իշխանությունը ճիշտ է խաղարկում այս իրողությունը, կարող է որոշակի դիվիդենտներ շահել և այս դժգոհությունը վերածել արտաքին հաջողության որոշակի սեգմենտներում։ Բայց արդյո՞ք դա կուլիսային պայմանավորվածություն է․ չեմ կարծում, որ հնարավոր է կուլիսներում պայմանավորվել մի հարցի շուրջ, որը, ի  վերջո, իշխանւթյան խնդիր է լուծում։ Բագրատյանի խոսքով՝ սա սոցիալական հենք չունեցող շարժում է․ «Արցախի ղեկավարությունը հստակ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները Արցախի ընտրված իշխանության հետ համատեղ իրականացնում են նույն քաղաքականությունը։ Այսինքն՝ եթե Արցախի իշխանությունը դժգոհություն հայտներ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունից, բնականաբար, ընդդիմությունն ավելի լայն զանգվածներ կարող էր գեներացնել։ Արցախի արտգործնախարարը հստակ հայտարարեց, որ ներքաղաքական օրակարգում Արցախը մի՛ քննարկե։ Դա վերաբերում էր և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը։ ․․․ Ընդդիմությունը, եթե ասում էր՝ Արցախի հարցը լուծելու համար եմ ես իշխանություն ուզում, Արցախի հարցը վերացավ, մնաց «իշխանություն եմ ուզում» հատվածը, իսկ իշխանություն բոլորը ուզում են»։ Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության ընդլայնված նիստին հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: Հիշեցնենք նաև, որ ընդդիմությունը, երկու օր է, բողոքի ակցիաներ է իրականացնում։ Այսօր առավոտվանից ևս ակցիաները շարունակվում են։
10:13 - 03 մայիսի, 2022
Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Արևմտյան պաշտոնյաները մեծապես հույսը կորցրել են, որ Իրանի հետ միջուկային գործարքը կվերականգնվի, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով այս հարցին լավատեղյակ իր աղբյուրները։ Հոդվածը ներկայացնում ենք կճատումներով․ «Թեև նրանք ամբողջությամբ չեն հրաժարվել համաձայնագրից, ըստ որի՝ Իրանը սահմանափակել էր իր միջուկային ծրագիրն՝ իր դեմ գործող տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց, աճում է համոզմունքը, որ դա, գուցե, անհույս հարց է։ Արևմտյան չորս դիվանագետներ համակարծիք են, որ այն գործարքի վերականգնման հույսը, որն Իրանը կնքել է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ 2015 թ-ին, և որից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է 2018 թ-ին, մարում է։ Գործարքը վերածնվելու եզրին էր մարտի սկզբին, երբ Եվրամիությունը, որը համակարգում է բանակցությունները, նախարարներին Վիեննա էր հրավիրել՝ համաձայանգիր կնքելու։ Սակայն բանակցությունները տապալվեցին վերջին պահին Ռուսաստանի կողմից առաջ քաշված պահանջների և այն հարցի պատճառով, թե արդյոք Վաշինգտոնը կարող է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հեռացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների (FTO) իր ցանկից։ ԻՀՊԿ-ն վերահսկում է էլիտար զինված և հետախուզական ուժեր, որոնց Վաշինգտոնը մեղադրում է գլոբալ ահաբեկչական արշավի համար։ Կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հեռացնելու Թեհրանի պահանջին դեմ են ամերիկացի շատ օրենսդիրներ, որոնք այն ահաբեկչական կազմակերպություն են համարում՝ չնայած Իրանի հերքումներին։ Ռուսաստանի պահանջները, կարծես, մեղմացվել են, սակայն ԻՀՊԿ վերաբերյալ պահանջը՝ ոչ, իսկ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրություններն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար դժվարացնում են ընդդիմության դեմ պայքարն այդ կազմակերպությունը ցանկից հեռացնելու համար։ Բայդենի օգնականները հասկացնել են տվել, որ ԻՀՊԿ-ն ցանկից հեռացնելու պլաններ չունեն, սակայն չեն բացառել դա՝ հայտարարելով, որ, եթե Թեհրանն ուզում է, որ ԱՄՆ-ն գործարքի վերականգնման խիստ շրջանակից դուրս այդպիսի քայլ անի, Իրանը նույնպես պետք է ԱՄՆ համար հարցեր լուծի այդ գործարքից դուրս։ «Արդյո՞ք գործարքը մեռած է։ Դեռ չգիտենք, անկեղծ ասած, չենք կարծում, թե Իրանն էլ գիտի», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա։ Կարծես թե, Իրանը դեռ չի ուզում զիջել ԻՀՊԿ-ն ԱՄՆ ցանկից հեռացնելու հարցում։ «Դա մեզ համար կարմիր գիծ է, և մենք չենք զիջելու այդ հարցում», - ասել է Իրանի անվտանգության հարցերով պաշտոնյաներից մեկը։ Մի քանի աղբյուրների պնդմամբ՝ կողմերից ոչ մեկը չի ուզում խոստովանել, որ անուղղակի բանակցությունները, որոնք շարունակվում էին գրեթե մեկ տարի, տապալվել են։ Որովհետև Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանը կհրաժարվի ԻՀՊԿ-ի վերաբերյալ իր պահանջից, իսկ Իրանը համոզված է, որ կարող է վերականգնել գործարքը, երբ ցանկանա։ Արդյունքում՝ իրավիճակը կարող է փոխվել, աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման և նավթի գների աճի վրա, ինչն Իրանին թույլ է տալիս ավելի շատ գումար աշխատել ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ նավթի ապօրինի արտահանումից։ «Չեմ կարծում, թե որևէ մեկն ուզում է ասել՝ վերջ, բավական է։ Արդյո՞ք սա անվերջ շարունակվելու է, և կողմերից ոչ մեկը չի ընդունելու, որ ամեն ինչ վերջացած է․․․ Հավանաբար», - ասում է արևմտյան դիվանագետներից մեկը։ Սա կարող է Իրանին թույլ տալ շարունակել ընդլայնել իր միջուկային ծրագիրը, որն արագացել է այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել է գործարքից։ Չնայած Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Պլան Բ-ի» մասին ԱՄՆ խոսակցություններին՝ եթե գործարքը չվերականգնվի, [իրադարձությունների զարգացման] մի քանի տարբերակ կա։ Եթե բացառենք ԱՄՆ և Իսրայելի կողմից ռազմական գործողություններն՝ Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման նպատակով, ապա գերտերությունների գլխավոր լծակն իրանական նավթի արտահանման սահմափակումն է։ Թեև 2015թ-ի գործարքին նախորդող տարիներին Վաշինգտոնը լռելյայն ուներ Մոսկվայի և Պեկինի աջակցությունն ամերիկյան պատժամիջոցների միջոցով իրանական նավթի արտահանման սահմանափակման հարցում, գերտերությունների շրջանում այդպիսի կոնսենսուս չկա։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, չնայած ԱՄՆ և Եվրոպայի նախազգուշացումներին, ցույց է տալիս, որ Մոսկվայի համաձայնությունը չի կարելի որպես փաստ ընդունել։ Չինաստանն ապօրինի արտահանված իրանական նավթի հիմնական գնորդն է և, ըստ որոշ աղբյուրների, դրա սահմանափակմանը հասնելը դժվար կլինի այն պայմաններում, երբ նավթի մատակարարումները սուղ են, իսկ Թեհրանը Պեկինին զեղչ է տրամադրում։ Ավելի վաղ պատասխանելով ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ իրանական նավթի գնման մասին հարցին՝ Չինաստանի արտգործնախարարությունը հրաժարվել էր մանրամասներ ներկայացնել, սակայն հաստատել էր, որ Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցներին և կոչ է անում Միացյալ Նահանգներին չեղարկել միակողմանի պատժամիջոցները։ Իրանական նավթի արտահանումը, Kpler ընկերության տվյալներով, առաջին եռամսյակում աճել է՝ օրական 668 հազար բարելից հասնելով միջինում օրական մինչև 870 հազար բարելի։ Միացյալ Նահանգներն, ըստ էության, պետք է երկու ուղղությամբ գործի՝ սահմանափակի, մի կողմից, ռուսական նաթվի արտահանումը, մյուս կողմից՝ իրանական նավթինը։ «Դա հեշտ չէ, - ասում է աղբյուրներից մեկը։ - Իրանն այժմ վաճառում է նավթի այն ծավալի մոտավորապես կեսը, որը կարող էր վաճառել, եթե չլինեին ԱՄՆ պատժամիջոցները, սակայն, շնորհիվ գների աճի, նույն եկամուտն է ստանում»։ «[Ինչո՞ւ պետք է Թեհրանը] ցավոտ զիջման գնա, եթե, ըստ էության, ադեն ստանում է այդ նավթային շահույթը», - նշում է նա»։   Նորա Վանյան
21:32 - 02 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Հանրահավաքին հաջորդած երթից հետո մասնակիցները կրկին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ խոսեց հետագա անելիքների մասին․ Սաղաթելյանն ասաց, որ շարունակելու են մնալ հրապարակում։  «Վաղը առավոտվանից՝ 8։15, կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները։ Տարբեր խմբեր կգտնվեն վաղը մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը, մեր մնացած հայրենակիցները, ժամը 8։30-ից սկսած, սպասում ենք այս հրապարակում, այստեղից կձավորենք խմբեր, և ամեն մեկս կգնանք մի ուղղությամբ»,-ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը քաղաքցիներին կոչ արեց միանալ պայքարին․ «Որտեղ մենք շատ էինք, Ոստիկանությունը որևէ կերպ չէր կարողանում խոչընդոտել այն, ինչ ուզում էինք անել, որտեղ մեր ուժերը չէին հերիքում, կարողանում էին ձերբակալել, բերման ենթարկել։ Հետևաբար, շատ կարևոր է ձեր բոլորի ներկայությունը։  Մեր բոլոր քաղաքացիները, առաջարկում եմ, վաղը Երևանում իրենք մեքենան վարել առավելագույնը 15 կմ/ժամ արագությամբ, խաչմերուկների տակ 3-5 վայրկյան սպասել, նոր շարժվել։ Մեխանիկորեն ունենալու ենք այն, ինչ բոլորս ուզում ենք»։ Սաղաթելյանը նշեց, որ վաղվանից պետք է փակեն նաև մարզային ճանապարհները։  «Վաղը առավոտվանից, կոչ եմ անում մարզերում գտնվող հայրենակիցներին, միաժամանակ փակել մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում»։ Իսկ ուսանողներին Սաղաթելյանը կոչ արեց շարունակել դասադուլը․ «Կոչ եմ անում մեր երիտասարդությանը վաղը շարունակել դասադուլը և միանալ պայքարին, ծնողներին կոչ եմ անում երեխաներին չուղարկել դպրոց, հայտարարել դասադուլ, միանալ մեզ, գործարաններին կոչ եմ անում, մի քանի օր դադարեցրե՛ք աշխատանքը և միացե՛ք մեզ»։ Սաղաթելյանը անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի վաղվա հանդիպմանը․ «Վաղը Հայաստանի բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ կողմից հանդիպելու է իր թուրք գործընկերոջ հետ։ Ընդամենը ուզում եմ փոխանցել, որ դուք ժողովրդի կողմից մանդատ չունեք բանակցելու»,- նշեց Սաղաթելյանը։ 
21:11 - 02 մայիսի, 2022
Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը. Հայկ Մամիջանյան

Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը. Հայկ Մամիջանյան

«Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը»,- այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է ղեկավարելու երկիրը ընդդիմության կողմից իշխանափոխությունից հետո։  Դիտարկմանը, որ իսկ եթե ժողովուրդը էլի գործող իշխանությանն ընտրի, պատասխանեց․  «Եթե չեմ սխալվում, պետական դավաճանության համար դատապարտված անձինք իրավունք չունեն առաջադրվելու ԱԺ պատգամավոր»։ Իսկ ի պատասխան հարցին, թե ինչու արտահերթ ընտրություններին ժողովուրդն իրենց չընտրեց, ասաց․ «Եթե ընդդիմությանը, մասնավորապես՝ ՀՀԿ-ին, այս կամ այն ակնկալված ձայնից քիչ են տալիս, նշանակում է՝ մենք մեր թեզերը լավ չենք բացատրել, նշանակում է մենք, պայմանական՝ ես, երբ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ 10 թեզից 8-ը խոսում էի Արցախի և մեր երկրի անվտանգության մասին, 2-ը՝ անօրինությունների և սրանց կոռուպցիայի մասին, գուցե պետք էր անել հակառակը»։ Խոսելով 2018-ի ակցիաների ու այսօրվա ակցիաների տեխնոլոգիաների հետ նմանություն մասին՝ Մամիջանյանը նշեց, որ 2018-ին չկար ազգային գաղափարախոսություն․ «Տարբերությունը 2018-ի և այս պահին համաժողովրդական շարժման հետևյալում է․ իրենք ունեին միայն տեխնոլոգիաներ, չունեին ազգային գաղափարախոսություն, չունեին ազգային նպատակ, մենք ունենք ազգային նպատակ և ազգային գաղափարախոսություն, ունենք արժանապատիվ խաղաղության նպատակ։ Այս պարագայում տեխնոլոգիաները մեզ համար գործիքից էլ ստորադաս կարևորություն ունեն»։ Հայկ Մամիջանյանը խոսեց նաև ընդդիմության հետագա անելիքների մասին․ «Պատերազմից անմիջապես հետո երեք համանախագահ երկրները տարբեր մակարդակներով, իսկ ՌԴ պարագայում՝ նախագահ Պուտինի մակարդակով արվել է հետևյալ հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցին մենք անդրադառնալու ենք ավելի ուշ։  Հիմա մենք ունենք երկու տարբերակ․ կա՛մ էս իշխանություններն էնքան ապիկար են,  որ անմիջապես պատերազմից հետո և մեկուկես տարի հետո Հայաստանը բանակցային դիրքերում ավելի է թուլացել, կա՛մ էդ, այսպես կոչված, միջազգային հանրությունը, որ պահանջում է նշաձողն իջեցնել, գոյություն չունի։ Այսինքն՝ Փաշինյանն ինքն է գնում նշաձողն իջեցնելու։ Հետևաբար, միջազգային հանրությունն ասել է, ր Արցախի կարգավիճակին պիտի լինի անդրադարձ, մինչ այդ համանախագահ երկրները 5 հայտարարություն ունեն, երբ ասում են, որ Արցախյան հակամարտությունը չունի ուժային լուծում և լուծվելու է երեք հիմնարար սկզբունքների վրա։ Գերտերությունների ղեկավարները Փաշինյանը չեն, որ օրվա մեջ 16 բան փոխեն, ու ոչ մեկը, մեծ հաշվով, բանի տեղ չդնի իր ասածները։ Դրանք հստակ   քաղաքական հայտարարություններ են, որոնք վրա կառուցվում է քաղաքականություն։ Այ էս զինանոցը օգտագործելով՝ շատ մեծ դժվարությամբ հնարավոր է վերադարձնել բանակցային գործընթացը էդ ռելսերի վրա, վերադառնալ կարգավիճակի մասին բանակցությունները անշեղորին գործընթացիցի չզատելու փուլին»,- ասաց Մամիջանյանը։ Մամիջանյանը անդրադարձավ նրան, թե ինչու խորհրադարանում չեն ու փողոցում են պայքարում․ «Երբ ու Թուրքիան ու Ադրբեջանը կնքում են Շուշիի հռչակագիր, դրա ստորագրումից հետո լինում է ԱԳՆ հայտարարություն, որից հետո «Հայաստան» դաշինքը մշակում է ԱԺ հայտարարության տեքստ, որը գրեթե երկրորդում է ԱԳՆ հայտարարությունը, երբ մենք ստեղծեցինք փաստաթուղթ, որին որին ԱԺ ՔՊ երեսփոխանների խումբը հրաժարվեց միանալ, ամեն կերպ խոչընդոտեց դրա ընդունումը․․ Հասկանո՞ւմ եք, ընդդիմությունը միջազգային հարաբերություններում պառլամենտական երկրում ունի շատ կարևոր գործառույթ։ Նմանօրինակ հայտարարությունները ընդդիմության կողմից ուժեղացնում են բանակցողին, եթե բանակցողը մի քիչ սեղանին մոտ նստած լիներ, այլ ոչ թե սեղանի տակ կզած լիներ։ Ինքը կասեր՝ գիտե՞ք ինչ ես չեմ կարողանում բանակցել, ես ունակ չեմ, բայց նայեք՝ երկրում պառլամենտական ընդդիմությունն ինչ է անում։ Եվ սա որոշակիորեն խաղալու, խաղարկելու, մի փոքր ավելի ուժի դիրքից բանակցելու հանարովորություն է տալիս հիմնականում բանակցողին»։  
20:21 - 02 մայիսի, 2022
Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է, էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է, էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է։ Էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է՝ Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ։ Այս մասին ընդդիմության կազմակերպած հանրահավաքին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը դիմեց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին․  «Եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, ու դու պատժվելու ես դրա համար։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենք ֆիքսել են ոստիկանների, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։  «Մենք Ոստիկանության հետ հարց չունենք, բայց Ոստիկանության մեջ, ակնհայտ է, կան մարդիկ, էսօր մենք ֆիքսել ենք նաև երկու հոգի, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։ Մեկ անգամ ևս զգուշացնում ենք․ ո՞վ է պատասխանատվություն կրում այդ անձանց լկտի պայվածի համար։ Մենք տեղեկություն ունենք՝ որոշ օլիգարխներ, քանի որ Ոստիկանության ուժերը չեն բավարարում ճնշել մեր հայրենակիցների ցասումը և բողոքը, որոշ օլիգարխներ համազգեստով Ոստիկանության իրենց  ախրաննիկներին ուղարկում են ժողովրդին ճնշելու»,- նշեց Սաղաթելյանը։  ԱԺ փոխխոսնակը կոչով դիմեց նաև միջազգային հանրությանը․  «Դիմում եմ միջազգային հանրությանը․ այս դեպքերին պետք է դեսպանատները, իրավապաշտպան կազմակերպությունները արձագանքեն և գնահատական տան։ Իրենք իրենց լռությամբ նպաստում են, որ կառավարության ղեկին հայտնված խելագարը [Նիկոլ Փաշինյանը] շարունակի իր բռնությունները։ Հետևաբար, պահանջում ենք, որ շատ հստակ գնահատական տան միջազգային մեր գործընկերները ստեղծված իրավիճակին»։ Սաղաթելյանը դիմեց նաև մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին և ՄԻՊ աշխատակազմին․ «Երբ որ ընտրվում էր ՄԻՊ-ը, խորրդարանական երկու խմբակցությունները հայտարարեցին, որ ինքն, ըստ էության, Նիկոլի պաշտպանն է և ոչ թե մարդու իրավունքների։ Էս օրերին ակնհայտ դա ապացուցվում է։ Դեռ շանս և հնարավորություն ունի ՄԻՊ-ը, ասի, որ նման ինստիտուտ կա Հայաստանում»,- ասաց Սաղաթելյանը։ Նշենք, որ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել՝ արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ։  Իսկ վերջում Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին առաջարկեց երթ անցկացնել, կրկին փակել ճանապարհները և վերադառնալ հրապարակ։  
19:01 - 02 մայիսի, 2022
ԿԿՀ-ն պատգամավոր Դավիթ Դանիելյանին բանավոր նկատողություն է հայտարարել

ԿԿՀ-ն պատգամավոր Դավիթ Դանիելյանին բանավոր նկատողություն է հայտարարել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր նկատողություն է հայտարարել 8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին։ Վերջինս մեկ տարուց ավելի չէր ներկայացնում դեռ նախորդ տարի՝ 2021 թվականի հունվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի լիազորությունները ստանձնելու օրվա դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։   Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հայտարարագրի այդ տեսակը ներկայացնելու համար օրենքով նախատեսված է մեկամսյա ժամկետ, եւ Դանիելյանը այն պետք է ներկայացներ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը։ Չնայած նրան, որ դրանից մի քանի ամիս անց Հանձնաժողովը նրա անունը ներառել էր հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակում, ավելի ուշ՝ մեր գրավոր հարցումից հետո, նրան նաեւ գրավոր ծանուցում ուղարկել՝ լրացուցիչ ժամանակ տալով, հայտարարագիրը, մեկ է, չէր ներկայացվել։ 2022 թվականի մարտի 17-ին արդեն պատգամավորը հրավիրվել էր Հանձնաժողով՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով արձանագրություն կազմելու։ Հիշյալ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հայտարարատու անձի կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերը սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար (պատժվում է 200․000 ՀՀ դրամ տուգանքով)։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանձնաժողովին՝ հետաքրքրվելով՝ Դանիելյանը հրավիրված օրը ներկայացե՞լ է արդյոք, եթե այո, ապա ինչպե՞ս է պատճառաբանել իր հայտարարագրի բացակայությունը։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝ հարուցվե՞լ է արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, եւ ի՞նչ որոշում է կայացվել դրա արդյունքում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Դավիթ Դանիելյանը, պատշաճ ծանուցված լինելով, մարտի 17-ին չի ներկայացել եւ դրա  վերաբերյալ որեւէ պարզաբանում չի տվել։ Արդյունքում, նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, եւ նույն օրը հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Գործի քննությունը նշանակվել է ապրիլի 5-ին։ Արձանագրությունը, վարույթ հարուցելու մասին որոշումը, ինչպես նաեւ վարչական իրավախախտման գործի քննության տեղի եւ ժամանակի մասին տեղեկությունը համապատասխան ուղեկցող գրությամբ փոստային առաքմամբ ուղարկվել են Դավիթ Դանիելյանին: Պատշաճ ծանուցված լինելով՝ պատգամավորը ապրիլի 5-ի նիստին եւս չի ներկայացել եւ չի ներկայացրել որեւէ տեսակի միջնորդություն։ Սակայն նիստի նախորդ օրը՝ ապրիլի 4-ին, նա ներկայացրել է համապատասխան հայտարարագիրը, որն արդեն հասանելի է ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրի համապատասխան բաժնում․ «Ուստի ընդունված պրակտիկայի համաձայն եւ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հանձնաժողովը որոշեց Դավիթ Դանիելյանին ազատել վարչական պատասխանատվությունից եւ հայտարարել բանավոր նկատողություն՝ կարճելով գործի վարույթը»,- ասված է մեր հարցման պատասխանում։  Հիշյալ 21-րդ հոդվածը սահմանում է, որ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից եւ բավարարվել բանավոր դիտողությամբ: Գործի վարույթը կարճելու որոշման մեջ Հանձնաժողովը նշել է, որ արարքի նվազ նշանակությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ թեեւ ձեւականորեն արարքը կարող է պարունակել իրավախախտման հատկանիշներ, սակայն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը, պետությանը այնպիսի էական վնաս չի պատճառվել, որի հիմքով սահմանված պատախանատվությունը դիտարկվի համաչափ: Հանձնաժողովը նշել է նաեւ, որ նվազ նշանակությունը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել խախտման բնույթը, դրա որակական կողմը, ինչպես նաեւ խախտում թույլ տված անձի վերաբերմունքը խախտման նկատմամբ․ «Հանձնաժողովն արձանագրում է, որ 169.28-րդ հոդվածը նպատակ է հետապնդում ապահովել պետական պաշտոն զբաղեցնող անձի (ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամի) հանրային հաշվետվողականությունը, հանրային գործունեության նկատմամբ վստահությունը, կոռուպցիոն ռիսկերից զերծ գործունեությունը: Խախտման հիմքով պատասխանատվություն սահմանելու հարցը որոշելու համար Հանձնաժողովը գտել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր գործով գնահատել, թե արդյոք այդ խախտումը հանգեցրել է նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների բուն էության խաթարմանը: Այս առնչությամբ էական է խախտման որակական կողմը»,- նշել է ԿԿՀ-ն՝ եզրահանգելով, որ տվյալ դեպքում Դավիթ Դանիելյանի կողմից մինչև գործի քննության օրը հայտարարագրերը ներկայացնելու արդյունքում այդ նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների էությունը չի խաթարվել։ Հայտարարագրերի ռեեստրում արդեն հասանելի է նաեւ Դավիթ Դանիելյանի կնոջ հայտարարագիրը, որը եւս նախորդ ամիս՝ սահմանված ժամկետը լրանալուց մեկ տարի անց, դեռ բացակայում էր։ Տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն ներկայացվել է Հանձնաժողովի ծանուցումից հետո սահմանված ժամկետում, ուստի այս դեպքում վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել։   Միլենա Խաչիկյան
18:48 - 02 մայիսի, 2022
Ֆիննական Fennovoima ընկերությունը խզել է պայմանագիրը «Ռոսատոմի» հետ, «Ռոսատոմը» հիասթափված է

Ֆիննական Fennovoima ընկերությունը խզել է պայմանագիրը «Ռոսատոմի» հետ, «Ռոսատոմը» հիասթափված է

Ֆիննական Fennovoima ընկերությունն այսօր հայտնել է, որ խզել է պայմանագիրը «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի հետ, որի համաձայն՝ պետք է կառուցվեր «Հանհիկիվի-1» ատոմակայանը։ Ընկերությունը հայտնել է, որ այդ քայլին է դիմել RAOS Project-ի կողմից զգալի ուշացումների և «նախագիծն իրականացնելու նրա անընդունակության» պատճառով։ Ֆիննական ընկերությունը նշել է, որ իրավիճակը վատթացրել է պատերազմն Ուկրաինայում, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին։ «Ռոսատոմը» հայտարարել է, որ հիասթափված է Fennovoima-ի որոշումից։ Նա կարծում է, որ այդ որոշման համար հիմքեր չեն եղել, կորպորացիան խոստացել է նաև «պաշտպանել իր իրավունքներն»՝ օրենսդրության համաձայն, գրում է «Կոմերսանտը»։ «Ռոսատոմն» ու ֆիննական Fennovoima-ն «Հանհիկիվի-1»-ի շինարարության պայմանագիր էին ստորագրել 2013 թ-ի վերջին։ Ռուսական պետական կորպորացիային է պատկանում նախագծի 34%-ը, մյուս 66%-ը ֆինն բաժնետերերինն է։ Նախագծի արժեքը գնահատվում է €7-7,5 մլրդ։ «Ռոսատոմի» հայտարարությունում ասվում է, որ Fennovoima-ի ղեկավարության գործողություններն «անկեղծ հիասթափություն» են առաջացրել։ «Ռոսատոմը» նշում է, որ պայմանագրի խզման մասին որոշումն ընդունվել է «առանց նախագծի բաժնետերերի մակարդակով մանրամասն քննարկումների», որոնցից ամենախոշորը (34%) RAOS Voima-ն է («Ռոսատոմի» դուստր ընկերությունը)։   Նորա Վանյան
16:18 - 02 մայիսի, 2022
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

Բրյուսելում այսօր կկայանա Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Նրանք պետք է միասնական դիրքորոշում մշակեն՝ քննարկելով ընթացիկ իրավիճակը, որն առաջացել է Լեհաստանին և Բուլղարիային ռուսական գազի մատակարարումների դադարեցման առնչությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս երկրները հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես Ռուսաստանն է պահանջում, գրում է Euronews-ը։ Կապույտ վառելիքի մատակարարման դիմաց վճարումների ընթացակարգի փոփոխման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության պահանջները կապված են Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ձգտման հետ։ Նախկին սխեմայով վճարումներն իրականացնելուց Ռուսաստանի հրաժարումը ԵՄ-ն «շանտաժ» է անվանել։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ, գազի վաճառքից ստացված միջոցներն արգելափակելով, արևմտյան երկրները Ռուսաստանից «գողացել են» ավելի քան 300 մլրդ դոլար։ Գազի գների կտրուկ աճը Եվրամիությանը սպառնում է էներգետիկ ճգնաժամով։ Ռուսական գազի մատակարարման դադարեցման հեռանկարը կարող է լրջորեն ազդել Գերմանիայի տնտեսության վրա, որի գազի պահանջարկի 55%-ն ապահովում են մատակարարումները Ռուսաստանից։ ԵՄ մի շարք այլ երկրներ գազի առումով նույնպես մեծապես կախված են Մոսկվայից։   Նորա Վանյան  
15:34 - 02 մայիսի, 2022
ՌԴ Բելգորոդի մարզպետը հերքում է, որ ուկրաինական կողմից հրետակոծություն է եղել

ՌԴ Բելգորոդի մարզպետը հերքում է, որ ուկրաինական կողմից հրետակոծություն է եղել

Ռուսաստանի Բելգորոդի շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը պնդում է, որ գիշերը տեղի ունեցած պայթյունները կապված են ռուսական ռազմական ավիացիայի գործողությունների հետ, հայտնում է «Կոմերսանտը»։ Նա նշել է, որ խաղաղ բնակիչներին «ոչինչ չէր սպառնում»։ «Ուզում եմ փարատել շրջանի բնակիչների մտահոգություններն այն մասին, որ  մեզ մոտ ինչ-որ բան է հասել Ուկրաինայի տարածքից։ Դա այդպես չէ։ Հատուկ ռազմական գործողության շրջանակում մեր ռազմական ավիացիան մարտական խնդիրներ էր կատարում», - գրել է Գլադկովը Տելեգրամում։ Մայիսի լույս 2-ի գիշերը մարզպետը հաղորդել էր, որ Բելգորոդում երկու «ուժեղ պայթյուն» է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել։ Տեղի բնակիչները սոցցանցերում տեսանյութեր էին  հրապարակում, որոնցում երևում էին պայթյուններ երկնքում։ Ռուսաստանի Բելգորոդի շրջանը սահմանակից է Ուկրաինային։   Նորա Վանյան
15:17 - 02 մայիսի, 2022