Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմը» սատարելու համար
15:27 - 03 մայիսի, 2022

Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմը» սատարելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն «հակապատմական» է անվանել Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդի հայտարարությունները։ Նախօրեին նախարարը Ռուսաստանից պահանջել էր ներողություն խնդրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ, հավանաբար, «Ադոլֆ Հիտլերը նույնպես հրեական արյուն է ունեցել», գրում է «Կոմերսանտը»։

«Ուշադրություն ենք դարձրել Իսրայելի ԱԳ նախարարի հակապատմական հայտարարություններին, որոնք մեծ մասամբ բացատրում են Կիևի նեոնացիստական ռեժիմը սատարելու Իսրայելի ներկայիս կառավարության քաղաքականությունը»,- ասված է Թվիթերում ՌԴ ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունում։

Գերատեսչությունը պնդում է, որ «պատմությունը, ցավոք, գիտի հրեաների և նացիստների համագործակցության ողբերգական օրինակներ»։ ՌԴ ԱԳՆ կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «շահարկում է իր արմատները» և «թաքնվում ծագման հետևում և ծածկում իսկական նեոնացիստներին»։

«Նախագահի հրեական ծագումը երկրում նեոնացիզմի տարածումից պաշտպանվելու երաշխիք չէ։ Ի դեպ, Ուկրաինան այս առումով միակը չէ։ Լատվիայի նախագահ Է․ Լևիտսը նույնպես հրեական արմատներ ունի։ Եվ նույնպես «հաջողությամբ» քողարկում է «Վաֆեն ՍՍ»-ի վերականգնումը», - նշել է ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի կոչը՝ հարգելու լատվիական Waffen SS լեգիոնի՝ մարտի դաշտում ընկած մասնակիցների հիշատակը։

Նշենք, որ Սերգեյ Լավրովն իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագումը չի նշանակում, որ երկրում նացիստներ չկան։

Դրանից հետո՝ մայիսի 2-ին, ՌԴ դեսպանը կանչվել էր Իսրայելի ԱԳՆ՝ բացատրություններ տալու։ Իսրայելի արտգործնախարարը Լավրովի հայտարարությունն անվանել էր «աններելի», ինչպես նաև «սարսափելի պատմական սխալ»։ ԱՄՆ Պետդեպն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին նույնպես քննադատել էին Լավրովին։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել